Փնտրիր Եհովային՝ սրտերը Քննողին
«Ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք» (ԱՄՈՎՍ 5։4)։
1, 2. Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովան «սրտին է նայում»։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ Սամուել մարգարեին ասաց. «Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։ Ինչպե՞ս է Եհովան ‘սրտին նայում’։
2 Գրություններում «սիրտ» բառը հաճախ խորհրդանշում է մարդու ներքին էությունը՝ նրա ցանկությունները, մտքերը, հույզերը և հակումները։ Ուստի երբ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «սրտին է նայում», նշանակում է, որ նա մարդու արտաքինից ավելին է տեսնում և ուշադրություն է դարձնում այն բանին, թե ինչպիսին է մարդը ներքուստ։
Աստված քննում է Իսրայելին
3, 4. Համաձայն Ամովս 6։4–6-ի՝ ի՞նչ վիճակներ էին տիրում Իսրայելի տասցեղ թագավորությունում։
3 Սրտերը Քննողն ի՞նչ տեսավ, երբ նայեց Իսրայելի տասցեղ թագավորությանը Ամովսի օրերում։ Ամովս 6։4–6-ում խոսվում է այն մարդկանց մասին, որոնք «պառկում [էին] փղոսկրեայ անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ»։ Նրանք «ուտում [էին] հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից՝ որթերը», «նուագարաններ [էին] հնարում» և «բաժակներովը գինի [էին] խմում»։
4 Առաջին հայացքից՝ այս ամենի մեջ կարծես ոչ մի վատ բան չկա։ Իրենց հարմարավետ, ճոխ տներում այդ մարդիկ վայելում էին ամենալավ կերակրատեսակներն ու գինին և լավագույն երաժշտական գործիքների կատարմամբ երաժշտություն լսում։ Նրանք նաև «փղոսկրեայ անկողիններ» ունեին։ Սամարիայում՝ Իսրայելի թագավորության մայրաքաղաքում, հնագետները հայտնաբերել են նրբագեղ քանդակներով փղոսկրյա առարկաներ (Գ Թագաւորաց 10։22)։ Ամենայն հավանականությամբ, դրանցից շատերով անցյալում զարդարում էին կահույքն ու պատերը։
5. Աստծուն ի՞նչը դուր չէր գալիս Ամովսի օրերում ապրող իսրայելացիների մեջ։
5 Արդյո՞ք Աստծուն դուր չէր գալիս, որ իսրայելացիները հարմարավետ կյանքով էին ապրում, համեղ կերակրատեսակներ ճաշակում, բարձրորակ գինի խմում և գեղեցիկ երաժշտություն լսում։ Իհարկե ո՛չ։ Չէ՞ որ հենց նա է այս ամենը առատորեն տալիս մարդկանց՝ վայելելու համար (Ա Տիմոթէոս 6։17)։ Եհովային դուր չէին գալիս նրանց սխալ ցանկությունները, նրանց ամբարիշտ սիրտը, անհարգալից վերաբերմունքն իր նկատմամբ, ինչպես նաև սիրո պակասը իրենց իսրայելացի եղբայրների հանդեպ։
6. Ինչպիսի՞ն էր Իսրայելի հոգևոր վիճակը Ամովսի օրերում։
6 Նրանք, ովքեր «մեկնվում [էին] իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները», «նուագարաններ հնարում», անակնկալի էին գալու։ Այդ մարդկանց մասին ասվում է. «Վա՜յ նորանց որ չար օրը հեռի են համարում»։ Նրանք պետք է մեծ վիշտ զգային Իսրայելում տիրող պայմանների համար, այնինչ բոլորովին չէին «ցաւում Յովսէփի բեկման [այսինքն՝ աղետալի վիճակի] վերայ» (Ամովս 6։3–6)։ Իսրայելը տնտեսապես բարգավաճում էր, բայց Աստված ավելին էր տեսնում և գիտեր, որ Հովսեփը՝ Իսրայելը, հոգևորապես աղետալի վիճակում էր։ Մինչդեռ մարդկանց դա չէր մտահոգում, և նրանք շարունակում էին իրենց սովորական կյանքով ապրել։ Այսօր էլ շատերը նույնպիսի վերաբերմունք են դրսևորում։ Նրանք գուցե ընդունեն, որ մարդկությունը դժվար ժամանակներում է ապրում, բայց քանի դեռ անձամբ իրենք զրկանքներ չեն կրել, նրանց չի մտահոգում ուրիշների վիճակը, և նրանք հոգևորի հանդեպ հետաքրքրություն չեն ցույց տալիս։
Իսրայելը՝ քայքայվող ազգ
7. Ի՞նչ էր պատահելու, եթե Իսրայելը ուշադրություն չդարձներ Աստծո նախազգուշացումներին։
7 Չնայած Իսրայելը արտաքուստ բարգավաճում էր, սակայն «Ամովս» գրքում այն նկարագրվում է որպես քայքայվող ազգ։ Քանի որ իսրայելացիները ուշադրություն չէին դարձնում Աստծո նախազգուշացումներին և չէին ուղղում իրենց մտածելակերպը, Եհովան նրանց մատնելու էր թշնամիների ձեռքը։ Ասորեստանցիները հանելու էին նրանց իրենց ճոխ, փղոսկրյա անկողիններից և գերության էին տանելու։ Իսրայելացիները հրաժեշտ էին տալու հարմարավետ կյանքին։
8. Ինչպե՞ս Իսրայելը հայտնվեց հոգևոր վատ վիճակում։
8 Ինչպե՞ս պատահեց, որ Իսրայելն այսպիսի վիճակի մեջ ընկավ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մ.թ.ա. 997–ին Սողոմոն թագավորին հաջորդեց նրա որդին՝ Ռոբովամը, և Իսրայելի տասը ցեղերը առանձնացան Հուդայի և Բենիամինի ցեղերից։ Իսրայելի տասցեղ թագավորության առաջին թագավորը դարձավ Հերոբովամ I–ը՝ ‘Նաբատի որդին’ (Գ Թագաւորաց 11։26)։ Հերոբովամը իր թագավորության տարածքում ապրող իսրայելացիներին համոզեց, որ չափազանց դժվար է գնալ Երուսաղեմ՝ Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Սակայն իրականում նրան ժողովրդի բարօրությունը չէր մտահոգում։ Նա իր անձնական շահերի մասին էր մտածում (Գ Թագաւորաց 12։26)։ Հերոբովամը մտավախություն ուներ, որ եթե իսրայելացիները կանոնավորաբար գնային Երուսաղեմի տաճար՝ Եհովայի փառաբանության համար կատարվող տարեկան տոները նշելու, ի վերջո նրանց սրտերը կկապվեին Հուդայի թագավորությանը։ Փորձելով կանխել դա՝ Հերոբովամը երկու ոսկե հորթ կանգնեցրեց, մեկը՝ Դանում, մյուսը՝ Բեթելում։ Այսպիսով՝ հորթի երկրպագությունը պետական կրոն դարձավ Իսրայելի թագավորությունում (Բ Մնացորդաց 11։13–15)։
9, 10. ա) Ի՞նչ կրոնական տոներ հաստատեց Հերոբովամ I թագավորը։ բ) Ինչպե՞ս էր Աստված վերաբերվում Հերոբովամ II–ի օրոք Իսրայելում նշվող տոներին։
9 Հերոբովամը փորձեց նոր կրոնին պատկառելիության տեսք տալ։ Նա տոներ հաստատեց, որոնք նման էին Երուսաղեմում նշվող տոներին։ Գ Թագաւորաց 12։32–ում կարդում ենք. «Յերոբովամը տօն կատարեց ութերորդ ամսի տասնեւհինգին Յուդայումն եղող տօնի պէս, եւ վեր ելաւ սեղանը այսպէս արաւ Բեթէլումը, որ զոհէ իր շինած որթերին»։
10 Անշուշտ, Եհովան հավանություն չտվեց այս կեղծ կրոնական տոներին։ Նա Ամովսի միջոցով դա հստակ ցույց տվեց այդ դեպքերից ավելի քան մեկ դար հետո՝ Հերոբովամ II–ի օրոք, որը Իսրայելի տասցեղ թագավորության թագավոր դարձավ մոտավորապես մ.թ.ա. 844–ին (Ամովս 1։1)։ Համաձայն Ամովս 5։21–24 համարների՝ Աստված ասաց. «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը։ Թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ։ Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չ’լսեմ տաւիղներիդ եղանակը։ Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս»։
Նմանություններ մեր օրերում
11, 12. Ի՞նչ նմանություններ կան հին Իսրայելում եղած երկրպագության և քրիստոնեական աշխարհի մատուցած երկրպագության միջև։
11 Հստակ է, որ Եհովան քննեց այն անհատների սրտերը, ովքեր մասնակցում էին Իսրայելում նշվող տոներին, և մերժեց նրանց տոներն ու զոհերը։ Նույնն է նաև այսօր. Աստված մերժում է քրիստոնեական աշխարհի հեթանոսական տոները, ինչպես օրինակ՝ Սուրբ Ծնունդը և զատկի տոնը։ Եհովային երկրպագողների համար ոչ մի ընդհանրություն չի կարող լինել արդարության և անօրենության միջև, ոչ մի կապ չի կարող լինել լույսի և խավարի միջև (Բ Կորնթացիս 6։14–16)։
12 Ուրիշ նմանություններ էլ կարելի է տեսնել իսրայելացիների մատուցած հորթի երկրպագության և քրիստոնեական աշխարհի մատուցած երկրպագության միջև։ Թեպետ իրենց քրիստոնյա համարող որոշ մարդիկ ընդունում են Աստծո Խոսքի ճշմարտությունը, քրիստոնեական աշխարհը Աստծուն չի երկրպագում անկեղծ սիրուց մղված։ Եթե այդպես լիներ, այն կջանար Եհովային երկրպագել «հոգով եւ ճշմարտութիւնով», քանի որ հենց այդպիսի երկրպագությունն է հաճելի Աստծուն (Յովհաննէս 4։24)։ Բացի այդ, քրիստոնեական աշխարհը թույլ չի տալիս, որ «իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս»։ Այն շարունակ մեղմացնում է բարոյականության վերաբերյալ Աստծո պահանջները։ Քրիստոնեական աշխարհը հանդուրժում է պոռնկությունը և ուրիշ ծանր մեղքեր ու այն աստիճանի է հասել, որ նույնիսկ օրհնում է միասեռական ամուսնությունները։
«Սիրեցէք բարին»
13. Ինչո՞ւ պետք է ենթարկվենք Ամովս 5։15–ում գրված խոսքերին։
13 Եհովան բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրեն երկրպագել ընդունելի ձևով, ասում է. «Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին» (Ամովս 5։15)։ Սերն ու ատելությունը սրտից բխող ուժեղ զգացմունքներ են։ Քանի որ մարդու սիրտը խորամանկ է, մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի պաշտպանենք մեր սիրտը (Առակաց 4։23; Երեմիա 17։9)։ Եթե թույլ տանք, որ մեր սրտի սխալ ցանկությունները զարգանան, շուտով գուցե նկատենք, որ սիրում ենք այն, ինչ չար է, և ատում ենք այն, ինչ բարի է։ Եվ եթե այդ ցանկությունները բավարարենք ու մեղք գործենք, միևնույն է, եթե նույնիսկ ողջ եռանդով ծառայենք, Աստծո հաճությունը չենք շահի։ Ուստի եկեք աղոթենք Եհովային, որ նա օգնի մեզ ‘ատել չարությունը և սիրել բարին’։
14, 15. ա) Ովքե՞ր էին Իսրայելում բարիք գործում, սակայն ինչպե՞ս էին մյուս իսրայելացիները վերաբերվում նրանցից ոմանց։ բ) Ինչպե՞ս կարող ենք քաջալերել նրանց, ովքեր լիաժամ ծառայություն են կատարում այսօր։
14 Ինչ խոսք, ոչ բոլոր իսրայելացիներն էին անում այն, ինչը չար էր Եհովայի աչքին։ Օրինակ՝ Ովսեեն և Ամովսը ‘սիրում էին բարին’ ու հավատարմորեն ծառայում էին Աստծուն որպես մարգարեներ։ Ոմանք էլ ‘ուխտավորի ուխտ էին անում’ և ուխտի բոլոր օրերում հրաժարվում էին խաղողից պատրաստված ցանկացած բանից, հատկապես գինուց (Թուոց 6։1–4)։ Ինչպե՞ս էին մյուս իսրայելացիները վերաբերվում բարիք գործող այդ անհատների անձնազոհ ընթացքին։ Այս հարցի պատասխանը, որը պարզապես ցնցող է, բացահայտում է ազգի հոգևորապես ապականված վիճակը։ Ամովս 2։12–ում կարդում ենք. «Դուք ուխտաւորներին գինի խմեցրիք, եւ մարգարէներին պատուիրեցիք՝ ասելով. Մի մարգարէանաք»։
15 Ուխտավորների և մարգարեների հավատարմության օրինակը տեսնելով՝ այդ իսրայելացիները պետք է ամաչեին ու ձգտեին փոխել իրենց կյանքը։ Սակայն նրանք փորձում էին այդ անձնվեր ծառաներին Աստծուն փառաբանելուց ետ պահել, ինչը սիրո դրսևորում չէր։ Եկե՛ք երբեք չխրախուսենք մեր քրիստոնյա հավատակիցներին, ովքեր ծառայում են որպես ռահվիրաներ, միսիոներներ, շրջագայող վերակացուներ կամ Բեթելի ընտանիքի անդամներ, որ դադարեցնեն լիաժամ ծառայությունը այսպես կոչված նորմալ կյանքի վերադառնալու համար։ Ընդհակառակը՝ եկե՛ք հորդորենք նրանց, որ շարունակեն իրենց բարի գործը։
16. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Մովսեսի օրերում ապրած իսրայելացիները հոգևոր ավելի լավ վիճակում են եղել, քան Ամովսի օրերում ապրած իսրայելացիները։
16 Թեև Ամովսի օրերում շատ իսրայելացիներ նյութապես ապահովված էին, սակայն նրանք ‘Աստծով հարուստ’ չէին (Ղուկաս 12։13–21)։ Նրանց նախահայրերը քառասուն տարի շարունակ անապատում միայն մանանա էին կերել։ Նրանք գեր ցուլեր չէին կերել, ոչ էլ ծուլորեն մեկնվել էին փղոսկրյա անկողինների վրա։ Սակայն Մովսեսն իրավացիորեն ասել էր նրանց. «Քո Եհովայ Աստուածը օրհնեց քեզ քո ձեռքի ամեն գործքերի մէջ.... ահա քառասուն տարի է քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, եւ մի բանի պակասութիւն չ’քաշեցիր» (Բ Օրինաց 2։7)։ Եվ իրոք, անապատում իսրայելացիները միշտ ունեին այն, ինչի կարիքը իսկապես զգում էին։ Իսկ ամենակարևորն այն էր, որ նրանք միշտ իրենց վրա զգում էին Աստծո սերը, պաշտպանությունը և օրհնությունը։
17. Ի՞նչ նպատակով Եհովան իսրայելացիներին բերեց Ավետյաց երկիր։
17 Եհովան Ամովսի ժամանակակիցներին հիշեցրեց, որ նա նրանց նախահայրերին բերել էր Ավետյաց երկիր և օգնել էր նրանց այդ երկիրը մաքրել բոլոր թշնամիներից (Ամովս 2։9, 10)։ Իսկ ինչո՞ւ էր Աստված իսրայելացիներին դուրս բերել Եգիպտոսից և առաջնորդել իր խոստացած երկիրը։ Արդյո՞ք այն նպատակով, որ նրանք անհոգ ապրեին ճոխության մեջ և մոռանային իրենց Արարչին։ Ո՛չ։ Աստված դա արել էր, որպեսզի իսրայելացիները կարողանային երկրպագել իրեն՝ որպես ազատ և հոգևորապես մաքուր ժողովուրդ։ Սակայն Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչները չատեցին այն, ինչը չար էր, և չսիրեցին այն, ինչը բարի էր։ Փոխարենը՝ նրանք փառաբանում էին կուռքերին և ոչ թե Եհովա Աստծուն։ Ինչպիսի՜ անամոթություն։
Եհովան պատասխանատվության է կանչում
18. Ի՞նչ նպատակով է Եհովան մեզ հոգևոր ազատություն շնորհել։
18 Աստված մտադիր չէր հանդուրժել իսրայելացիների անամոթ վարքը։ Նա իր տեսակետը հստակ ցույց տվեց՝ ասելով. «Ձեզ պիտի պատժեմ ձեր ամեն անօրէնութիւնների համար» (Ամովս 3։2)։ Այս խոսքերը պետք է մղեն մեզ մտածել մեր ազատագրման մասին, ազատագրում ներկա չար համակարգի՝ ժամանակակից Եգիպտոսի գերությունից։ Եհովան չի ազատել մեզ հոգևորապես, որ մենք եսասիրական նպատակներ հետապնդենք։ Ընդհակառակը՝ նա մեզ ազատագրել է, որպեսզի մենք՝ որպես ազատ ժողովուրդ, սրտանց փառաբանենք իրեն և մաքուր երկրպագություն մատուցենք։ Բոլորս էլ հաշիվ ենք տալու Աստծուն այն բանի համար, թե ինչպես ենք օգտագործում նրա տված ազատությունը (Հռովմայեցիս 14։12)։
19. Համաձայն Ամովս 4։4, 5 համարների՝ իսրայելացիների մեծ մասը ի՞նչը սկսեց սիրել։
19 Ցավոք, Իսրայելի թագավորության բնակիչների մեծամասնությունը ուշադրություն չդարձրեց Ամովսի հայտարարած ազդու պատգամին։ Ամովս 4։4, 5 համարներում արձանագրված խոսքերով մարգարեն բացահայտեց իսրայելացիների հոգևորապես հիվանդ սրտի վիճակը. «Եկէք Բեթէլ եւ յանցանք գործեցէք, Գաղգաղայումը շատացրէք յանցանք գործելը. ....որովհետեւ այսպէս էք սիրել, ով Իսրայէլի որդիք»։ Իսրայելացիներն իրենց սրտում ճիշտ ցանկություններ չէին զարգացրել։ Նրանք չէին պաշտպանել իրենց սիրտը։ Հետևանքն այն էր եղել, որ նրանց մեծ մասը սկսել էր սիրել այն, ինչը չար էր, և ատել այն, ինչը բարի էր։ Հորթ պաշտող այդ համառ մարդիկ չփոխվեցին։ Եհովան նրանցից հաշիվ էր պահանջելու, և նրանք մեռնելու էին՝ մեղքերի մեջ թաղված։
20. Ինչպե՞ս անհատը կարող է ընթանալ այն ուղով, որի մասին գրված է Ամովս 5։4–ում։
20 Հավանաբար այդ ժամանակներում հեշտ չէր Իսրայելում հավատարիմ մնալ Եհովային։ Ինչ խոսք, դժվար է հոսանքի դեմ գնալ, և մեր օրերի քրիստոնյաները՝ լինեն նրանք երիտասարդ թե տարեց, կարող են հաստատել դա։ Սակայն Աստծո հանդեպ սերը և նրան հաճեցնելու ցանկությունը մղեցին որոշ իսրայելացիների ճշմարիտ երկրպագություն մատուցել։ Ամովս 5։4–ում կարդում ենք Եհովայի ջերմ հրավերը՝ ուղղված այդ անհատներին. «Ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք»։ Այսօր նույնպես Եհովան ողորմություն է ցույց տալիս այն մարդկանց, ովքեր զղջում են և փնտրում են իրեն՝ ընդունելով իր Խոսքի ճշմարտությունը և ապա կատարելով իր կամքը։ Ճիշտ է, այդ ուղով ընթանալը հեշտ չէ, սակայն դա հավիտենական կյանքի է առաջնորդում (Յովհաննէս 17։3)։
Բարգավաճում՝ չնայած հոգևոր սովին
21. Ինչպիսի՞ սովի մեջ են գտնվում նրանք, ովքեր չեն պաշտպանում ճշմարիտ երկրպագությունը։
21 Ի՞նչ էր սպասում նրանց, ովքեր չէին պաշտպանում ճշմարիտ երկրպագությունը. սովի ամենավատ տեսակը՝ հոգևոր սով։ «Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու» (Ամովս 8։11)։ Քրիստոնեական աշխարհը այսպիսի հոգևոր սովի ճիրաններում է գտնվում։ Սակայն քրիստոնեական աշխարհի մեջ գտնվող անկեղծ սիրտ ունեցող անհատները կարող են տեսնել Աստծո ժողովրդի հոգևոր բարգավաճումը և միանալ այդ ժողովրդին։ Քրիստոնեական աշխարհում տիրող հոգևոր վիճակի և ճշմարիտ քրիստոնյաների մեջ տիրող հոգևոր վիճակի միջև եղած տարբերությունը ցայտուն կերպով երևում է Եհովայի խոսքերից. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք» (Եսայիա 65։13)։
22. Ուրախանալու ի՞նչ պատճառ ունենք։
22 Մենք՝ Եհովայի վկաներս, արդյոք բա՞րձր ենք գնահատում մեր ստացած հոգևոր բարիքներն ու օրհնությունները։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը և քրիստոնեական հրատարակությունները, ներկա լինելով մեր հանդիպումներին ու համաժողովներին՝ սրտի լավ վիճակ ենք ձեռք բերում, ինչը մեծ ցնծություն է պատճառում մեզ։ Մենք անչափ ուրախ ենք, որ ճշգրիտ հասկացողություն ունենք Աստծո ներշնչյալ Խոսքից, այդ թվում նաև Ամովսի մարգարեությունից։
23. Ի՞նչն է ուրախություն պատճառում նրանց, ովքեր փառաբանում են Եհովային։
23 Ամովսի մարգարեությունը հույս է տալիս բոլոր նրանց, ովքեր սիրում են Աստծուն և ցանկանում են փառք տալ նրան։ Անկախ նրանից, թե այս չար աշխարհում տնտեսական ինչպիսի վիճակում կգտնվենք կամ ինչ փորձությունների կդիմագրավենք՝ մենք՝ Աստծուն սիրողներս, աստվածատուր օրհնություններ և ամենալավ հոգևոր կերակուրն ենք վայելում (Առակաց 10։22; Մատթէոս 24։45–47)։ Ուստի ողջ փառքը պետք է տանք Եհովային, որն ամեն բան առատապես տալիս է մեր օգտի համար։ Ուրեմն՝ եկեք վճռական լինենք ամբողջ սրտով փառաբանելու Աստծուն հավիտյան։ Մենք այս չքնաղ առանձնաշնորհումը կունենանք, եթե փնտրենք Եհովային՝ սրտերը Քննողին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ վիճակներ էին տիրում Իսրայելում Ամովսի օրերում։
• Ի՞նչ նմանություններ կան Իսրայելի տասցեղ թագավորությունում տիրող վիճակների և մեր օրերի միջև։
• Ի՞նչ սով էր կանխագուշակվել մեր օրերի համար, սակայն այդ սովը ո՞ւմ վրա չի անդրադառնում։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Շատ իսրայելացիներ թեև ճոխության մեջ էին ապրում, սակայն հոգևոր տեսակետից սնանկ վիճակում էին
[նկար 23–րդ էջի վրա]
Հորդորիր լիաժամ ծառայողներին, որ շարունակեն իրենց բարի գործը
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Եհովայի ժողովուրդը հոգևոր սովի մեջ չէ