Եհովան կիրագործի իր դատաստանը ամբարիշտների նկատմամբ
«Պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու» (ԱՄՈՎՍ 4։12)։
1, 2. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված վերջ կդնի ամբարշտությանը։
ԵՀՈՎԱՆ երբևէ վերջ կդնի՞ չարությանն ու տառապանքին։ 21–րդ դարի սկզբին այս հարցը շատ ավելի ժամանակահարմար է դարձել, քան երբևէ։ Այնպիսի տպավորություն է, որ ուր էլ նայես, ամենուրեք անմարդկայնություն կտեսնես։ Որքա՜ն ենք փափագում այնպիսի աշխարհ, որը զերծ կլինի բռնությունից, ահաբեկչությունից և կաշառակերությունից։
2 Սակայն ուրախալի է, որ Եհովա Աստված վերջ է դնելու ամբարշտությանը։ Մենք կարող ենք լիովին վստահ լինել դրանում։ Նման վստահության հիմք են ծառայում նրա հատկությունները։ Եհովան արդար Աստված է։ Նրա Խոսքում՝ Սաղմոս 33։5–ում, գրված է. «Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում»։ Մեկ այլ սաղմոսում կարդում ենք. «Ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է [Եհովայի] անձը» (Սաղմոս 11։5)։ Ամեն տարակուսանքից վեր է, որ Եհովան՝ «արդարութիւն եւ իրաւունք» սիրող ամենազոր Աստված, հավիտյան չի հանդուրժի իրեն ատելի բաները։
3. Ամովսի մարգարեության հետագա քննարկման մեջ ո՞ր մտքերը կշեշտվեն։
3 Կա մեկ այլ պատճառ վստահ լինելու, որ Եհովան վերջ կդնի ամբարշտությանը։ Դա անցյալում Աստծո կատարած գործերն են։ Աստվածաշնչյան «Ամովս» գիրքը պարունակում է տպավորիչ օրինակներ, որոնք փաստում են, որ Եհովայի վերաբերմունքն ամբարիշտների նկատմամբ անփոփոխ է։ Շարունակելով քննարկել Ամովսի մարգարեությունը՝ մենք կտեսնենք, որ այս գրքում Եհովայի դատաստանի վերաբերյալ շեշտվում է երեք միտք։ Առաջին՝ Աստծո դատաստանը միշտ իրագործվում է նրանց նկատմամբ, ովքեր դրան արժանի են։ Երկրորդ՝ այդ դատաստանն անխուսափելի է։ Եվ երրորդ՝ այն ընտրողական է, քանի որ Եհովան չարագործներին պատժում է, իսկ զղջամիտ ու սրտի ճիշտ վիճակ ունեցող մարդկանց ողորմում է (Հռովմայեցիս 9։17–26)։
Աստծո դատաստանը իրագործվում է նրանց նկատմամբ, ովքեր դրան արժանի են
4. Եհովան Ամովսին ո՞ւր ուղարկեց և ի՞նչ նպատակով։
4 Ամովսի օրերում Իսրայել ազգն արդեն բաժանված էր երկու թագավորության։ Դրանցից մեկը Հուդայի հարավային երկցեղ թագավորությունն էր, մյուսը՝ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը։ Եհովան Ամովսին հանձնարարեց ծառայել որպես մարգարե՝ նրան իր ծննդավայրից՝ Հուդայից, ուղարկելով Իսրայել։ Այնտեղ Ամովսի միջոցով Աստված հռչակելու էր իր դատաստանները։
5. Ամովսը նախևառաջ ո՞ր ազգերի դեմ մարգարեացավ, և ո՞րն է պատճառներից մեկը, որ այդ ազգերն արժանի էին Աստծո դատաստանին։
5 Ամովսն առաջին հերթին Եհովայի դատաստանն ազդարարեց ոչ թե Իսրայելի կամակոր հյուսիսային թագավորությանը, այլ հարևան վեց ազգերին։ Այդ ազգերն էին՝ ասորիները, փղշտացիները, տյուրոսցիները, եդովմացիները, ամմոնացիները և մովաբացիները։ Բայց նրանք իսկապե՞ս արժանի էին Աստծո դատաստանին։ Անկասկած։ Պատճառներից մեկը հենց այն էր, որ նրանք Եհովայի ժողովրդի ոխերիմ թշնամիներն էին։
6. Ինչո՞ւ էր Աստված մտադիր չարիք բերել Ասորիքի, փղշտացիների երկրի և Տյուրոսի վրա։
6 Եհովան ասորիներին դատապարտեց կործանման, որովհետև նրանք «կամնասայլերով կալի պէս կասեցին Գաղաադին» (Ամովս 1։3)։ Գաղաադը Հորդանան գետից արևելք գտնվող իսրայելական տարածք էր։ Ասորիները այդ տարածքի մի մասը գրավել էին ու այնտեղ Աստծո ժողովրդին չարչարում էին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել փղշտացիների ու տյուրոսցիների մասին։ Առաջինները մեղավոր էին նրանում, որ իսրայելացիներին գերի էին վերցրել ու վաճառել եդովմացիներին, իսկ որոշ իսրայելացիներ էլ հայտնվել էին տյուրոսցի ստրկավաճառների ձեռքում (Ամովս 1։6, 9)։ Միայն պատկերացրու. Աստծո ժողովրդին ստրկությա՛ն են վաճառում։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան մտադիր էր չարիք բերել Ասորիքի, փղշտացիների երկրի և Տյուրոսի վրա։
7. Իսրայելի հետ ի՞նչ ընդհանրություններ ունեին Եդովմը, Ամմոնը և Մովաբը, սակայն ինչպե՞ս էին նրանք վարվում իսրայելացիների հետ։
7 Եդովմացիները, ամմոնացիները և մովաբացիները որոշ ընդհանրություններ ունեին ինչպես միմյանց, այնպես էլ իսրայելացիների հետ։ Բոլոր երեքն էլ իսրայելացիների հետ ազգակցական կապեր ունեին։ Եդովմացիները սերում էին Եսավից, որը Աբրահամի թոռ Հակոբի երկվորյակ եղբայրն էր։ Հետևաբար նրանք որոշ իմաստով իսրայելացիների եղբայրներն էին։ Իսկ ամմոնացիներն ու մովաբացիները Աբրահամի եղբորորդի Ղովտի սերունդներն էին։ Բայց Եդովմը, Ամմոնը և Մովաբը եղբայրաբա՞ր վարվեցին իրենց ազգական Իսրայելի հետ։ Բոլորովի՛ն։ Եդովմացիները անողորմաբար սուր բարձրացրին ‘իրենց եղբոր’ վրա, իսկ ամմոնացիները սադիստորեն վարվեցին իսրայելացի գերիների հետ (Ամովս 1։11, 13)։ Թեև Ամովսը ուղղակիորեն չի հիշատակում Աստծո ժողովրդի նկատմամբ Մովաբի վատ վերաբերմունքի մասին, հայտնի է, որ մովաբացիները վաղուց ի վեր թշնամություն էին անում իսրայելացիների հետ։ Իրար հետ ազգակցական կապ ունեցող այս ազգերի պատիժը շատ խիստ էր լինելու։ Եհովան ահեղ դատաստան էր բերելու նրանց վրա։
Աստծո դատաստանն անխուսափելի է
8. Ինչո՞ւ Իսրայելի հարևան վեց ազգերը չէին կարող խուսափել Աստծո դատաստանից։
8 Ոչ մի կասկած չկա, որ Ամովսի մարգարեության մեջ հիշված այս վեց ազգերը արժանի էին Աստծո դատաստանին։ Նրանք չէին կարող խուսափել դրանից։ Ամովսի մարգարեության 1–ին գլխի 3–րդ համարից մինչև 2–րդ գլխի 1–ին համարն ընկած հատվածում Եհովան վեց անգամ ասում է. «Ետ չեմ դարձնելու»։ Իր խոսքի համաձայն՝ նա ետ չդարձրեց իր ձեռքը այդ ազգերի վրա դատաստան բերելուց։ Պատմական աղբյուրները փաստում են, որ այդ ազգերից յուրաքանչյուրն ավելի ուշ մեծամեծ աղետներ տեսավ, իսկ առնվազն չորսը՝ փղշտացիները, մովաբացիները, ամմոնացիները և եդովմացիները, վերջիվերջո դադարեցին գոյություն ունենալուց։
9. Հուդայի բնակիչներն ինչի՞ էին արժանի և ինչո՞ւ։
9 Ամովսն այնուհետև մարգարեանում է յոթերորդ երկրի՝ իր հայրենի Հուդայի մասին։ Իսրայելի հյուսիսային թագավորությունում ապրող մարդիկ հավանաբար զարմացել էին՝ լսելով, որ Ամովսը դատաստան է ազդարարում նաև Հուդայի թագավորության դեմ։ Ինչո՞ւ էին Հուդայի բնակիչներն արժանի դատաստանի։ «Որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը»,— գրված է Ամովս 2։4–ում։ Եհովան մատների արանքով չնայեց այն բանին, որ իր Օրենքը համառորեն ոտնահարվում էր։ Համաձայն Ամովս 2։5–ի՝ Աստված կանխագուշակեց. «Ես կրակ պիտի գցեմ Յուդայի մէջ, եւ պիտի լափէ Երուսաղէմի պալատները» (Ամովս 2։5)։
10. Ինչո՞ւ Հուդան չէր կարող խուսափել աղետից։
10 Անհավատարիմ Հուդան չէր կարող խուսափել գալիք աղետից։ Եհովան յոթերորդ անգամ ասաց. «Ետ չեմ դարձնելու» (Ամովս 2։4)։ Հուդան ստացավ կանխագուշակված պատիժը. բաբելոնացիները մ.թ.ա. 607–ին ամայացրին երկիրը։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ ամբարիշտները ոչ մի կերպ չեն կարող խուսափել Աստծո դատաստանից։
11–13. Ամովսը գլխավորապես ո՞ր ազգի դեմ մարգարեացավ, և հարստահարության ինչպիսի՞ ձևեր կային այդ երկրում։
11 Ամովս մարգարեն հենց նոր է հռչակել Եհովայի դատաստանները յոթ ազգերի դեմ։ Եթե ինչ–որ մեկը կարծում էր, թե նա դրանով ավարտեց իր գործը, սխալվում էր։ Ամովսը դեռ շատ բան ուներ հայտարարելու։ Նրա հիմնական հանձնարարությունն էր՝ կործանարար դատաստան ազդարարել Իսրայելի հյուսիսային թագավորության դեմ։ Այո, Իսրայելն արժանի էր Աստծո դատաստանին, որովհետև բարոյական ու հոգևոր տեսակետից ապականվել էր։
12 Ամովսն իր մարգարեությամբ մերկացնում է Իսրայելի թագավորությունում սովորական դարձած հարստահարումը։ Ամովս 2։6, 7–ում կարդում ենք. «Այսպէս է ասում Տէրը. Իսրայէլի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու, որովհետեւ նորանք արդարը ծախեցին փողով, եւ տնանկը՝ մի զոյգ կօշիկի. որոնք փափաքում են երկրի հողին աղքատների գլխին, որոնք չքաւորների ճանապարհը ծռում են»։
13 Ամբարիշտներն արդար մարդկանց վաճառում էին «փողով», ինչը հավանաբար նշանակում է, որ դատավորները կաշառք էին ստանում և դատապարտում անմեղին։ Վարկատուները «մի զոյգ կօշիկի» գնով աղքատներին ծախում էին ստրկության թերևս չնչին պարտքի պատճառով։ Անսիրտ մարդիկ «փափաքում» էին աղքատներին հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի այդ թշվառները ի վերջո իրենց գլխին ցանեին ‘երկրի հողը’՝ ի նշան վշտի, տառապանքի ու նվաստացման։ Կաշառակերությունն այնպես էր տարածվել, որ հեզ անհատները արդարադատության ոչ մի հույս չէին կարող ունենալ։
14. Ովքե՞ր էին վատ վերաբերմունքի արժանանում Իսրայելի տասցեղ թագավորությունում։
14 Ուշադրություն դարձրու, թե ովքեր էին վատ վերաբերմունքի արժանանում։ Դրանք արդար, աղքատ, խեղճ ու հեզ մարդիկ էին։ Եհովայի ու իսրայելացիների միջև կնքված Օրենքի ուխտը պահանջում էր նրանցից, որ կարեկցանք դրսևորեին անապահով ու կարիքավոր մարդկանց հանդեպ։ Բայց Իսրայելի տասցեղ թագավորությունում կացությունն այնքան էր վատ, որ այդ մարդիկ դժվար թե ավելի վատ վիճակի մեջ ընկնեին։
«Պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու»
15, 16. ա) Ինչո՞ւ էր իսրայելացիներին տրվել «պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու» նախազգուշացումը։ բ) Ինչպե՞ս է Ամովս 9։1, 2–ը փաստում, որ ամբարիշտները չեն կարող խուսափել Աստծո դատաստանից։ գ) Ի՞նչ պատահեց Իսրայելի տասցեղ թագավորությանը մ.թ.ա. 740–ին։
15 Քանի որ անբարոյությունն ու այլ մեղքեր խիստ տարածված էին Իսրայելում, Ամովս մարգարեն բոլոր հիմքերն ուներ ապստամբ ազգին զգուշացնելու. «Պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու» (Ամովս 4։12)։ Անհավատարիմ Իսրայելը չէր կարող խուսափել Աստծո վերահաս դատաստանից. Եհովան արդեն ութերորդ անգամ էր հայտարարում. «Ետ չեմ դարձնելու» (Ամովս 2։6)։ Այն ամբարիշտների վերաբերյալ, ովքեր գուցե փորձեին թաքնվել, Աստված ասաց. «Նորանցից մի փախստական պիտի չ’փախչէ, եւ նորանցից մէկ պրծնող պիտի չ’պրծնէ։ Եթէ նորանք ծակեն՝ դժոխքն անցնեն, այնտեղից էլ իմ ձեռքը նորանց պիտի առնէ. եթէ երկինքն էլ ելնեն, այնտեղից էլ պիտի իջեցնեմ նորանց» (Ամովս 9։1, 2)։
16 Եթե ամբարիշտները նույնիսկ ‘ծակեին դժոխքն անցնեին’, այսինքն՝ եթե նրանք, այլաբանորեն ասած, փորձեին իջնել երկրի խորքերը, միևնույն է, չէին կարողանա խուսափել Եհովայի դատաստանից։ Եվ ոչ էլ դա կարող էին անել, եթե «երկինքն էլ ելնե[ի]ն», այսինքն՝ փորձեին թաքնվել բարձր լեռներում։ Եհովայի տված նախազգուշացումը միանգամայն պարզ էր. չկա այնպիսի տեղ, որտեղ հնարավոր լինի թաքնվել նրանից։ Աստծո արդարադատությունը պահանջում էր, որ Իսրայելի հյուսիսային թագավորությունը պատասխան տար իր չար գործերի համար։ Այդպես էլ եղավ։ Մ.թ.ա. 740–ին՝ 60 տարի անց այն բանից հետո, երբ Ամովսը թղթին հանձնեց իր մարգարեությունը, Իսրայելի թագավորությունը նվաճվեց Ասորեստանի կողմից։
Աստծո դատաստանն ընտրողական է
17, 18. Ամովս 9–րդ գլուխն ի՞նչ է բացահայտում Աստծո ողորմության մասին։
17 Ամովսի մարգարեությունն օգնեց մեզ տեսնել, որ Աստծո դատաստանը միշտ իրագործվում է նրանց նկատմամբ, ովքեր դրան արժանի են։ Այդ դատաստանը նաև անխուսափելի է։ Բայց «Ամովս» գիրքը նաև շեշտում է, որ Եհովան ընտրողաբար է իր դատաստանն իրագործում։ Աստված կարո՛ղ է գտնել ամբարշտին ու դատապարտել նրան, որտեղ էլ որ նա թաքնված լինի։ Եհովան կարող է գտնել նաև զղջացող և ուղղամիտ անհատներին, նրանց, ում կցանկանա արժանացնել իր ողորմությանը։ Այս մասին գեղեցիկ նկարագրություն է տրվում «Ամովս» գրքի վերջին գլխում։
18 Համաձայն Ամովս 9–րդ գլխի 8–րդ համարի՝ Եհովան ասաց. «Բոլորովին պիտի չ’փչացնեմ Յակոբի տունը»։ Ինչպես նշված է 13–15-րդ համարներում, Եհովան խոստացավ ‘գերությունից դարձնել’ (ԱԱ) իր ժողովրդին։ Նրանք արժանանալու էին Աստծո ողորմությանը, ապահովության մեջ էին ապրելու և բարգավաճելու էին։ «Հերկողը կ’հասնէ հնձողին»,— խոստացավ Եհովան։ Պատկերացրո՛ւ միայն. բերքն այնքան առատ էր լինելու, որ մարդիկ այն չէին հասցնելու ամբողջությամբ հավաքել, երբ արդեն գալու էր հաջորդ վարուցանքի ժամանակը։
19. Իսրայելի և Հուդայի մնացորդի հետ կապված ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։
19 Կարելի է ասել, որ Եհովայի դատաստանն ընդդեմ Հուդայում և Իսրայելում ապրող ամբարիշտների ընտրողական էր, քանի որ Աստված զղջամիտ և սրտի ճիշտ վիճակ ունեցող անձանց ողորմություն ցույց տվեց։ Ի կատարումն Ամովս 9–րդ գլխում վերականգնման մասին արձանագրված մարգարեության՝ մ.թ.ա. 537–ին Իսրայելի և Հուդայի զղջամիտ մնացորդը վերադարձավ բաբելոնյան գերությունից։ Նրանք իրենց սիրելի հայրենիքում վերականգնեցին ճշմարիտ երկրպագությունը։ Ապրելով անվտանգ պայմաններում՝ նրանք նաև իրենց տները վերակառուցեցին, պարտեզներ ու խաղողի այգիներ տնկեցին։
Եհովան կիրագործի՛ իր դատաստանը
20. Ինչո՞ւմ պետք է մեզ վստահեցնի Ամովսի կողմից ազդարարված դատաստանների մասին մեր քննարկումը։
20 Ամովսի կողմից ազդարարված աստվածային դատաստանների մասին մեր քննարկումը պետք է մեզ վստահություն ներշնչի, որ Եհովան վերջ կդնի մեր օրերում տիրող ամբարշտությանը։ Ինչո՞ւ կարող ենք հավատալ դրան։ Առաջին՝ այն, թե ինչպես է Աստված վարվել ամբարիշտների հետ անցյալում, մատնանշում է, թե նա ինչպես կվարվի նման մարդկանց հետ մեր օրերում։ Երկրորդ՝ այն, որ Աստված իրագործեց իր դատաստանն ընդդեմ Իսրայելի հավատուրաց թագավորության, ոչ մի կասկած չի թողնում, որ նա կկործանի քրիստոնեական աշխարհը, որը «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության ամենից մեղադրելի մասն է (Յայտնութիւն 18։2)։
21. Ինչո՞ւ է քրիստոնեական աշխարհն արժանի Աստծո դատաստանին։
21 Անտարակույս, քրիստոնեական աշխարհն արժանի է Աստծո դատաստանին։ Նրա կրոնական ու բարոյական ողբալի վիճակը ինքնին վկայում է իր դեմ։ Ուստի Եհովայի դատաստանը քրիստոնեական աշխարհի, ինչպես նաև Սատանայի աշխարհի մնացած մասի դեմ տեղին է։ Այն նաև անխուսափելի է, քանի որ երբ գա դատաստանն իրագործելու ժամանակը, կիրականանան Ամովս 9–րդ գլխի 1–ին համարի խոսքերը. «Նորանցից մի փախստական պիտի չ’փախչէ, եւ նորանցից մէկ պրծնող պիտի չ’պրծնէ»։ Այո, նշանակություն չունի, թե որտեղ կթաքնվեն ամբարիշտները. Եհովան, միևնույն է, կգտնի նրանց։
22. Աստծո դատաստանի վերաբերյալ ո՞ր մտքերն են պարզաբանվում Բ Թեսաղոնիկեցիս 1։6–8-ում։
22 Աստծո դատաստանը միշտ իրագործվում է նրանց նկատմամբ, ովքեր դրան արժանի են։ Այն նաև անխուսափելի է և ընտրողական։ Սա կարելի է տեսնել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել. եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։ Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–8)։ «Իրաւունք է Աստուծոյ առաջին», այսինքն՝ Աստծո կողմից արդարության դրսևորում է «հատուցանել»՝ արժանի դատաստանի ենթարկել նրանց, ովքեր ‘նեղում’ են իր օծյալներին։ Այդ դատաստանն անխուսափելի է լինելու. ամբարիշտները ողջ չեն մնա, երբ ‘Տեր Հիսուսը երկնքից հայտնվի իր զորության հրեշտակներով կրակի բոցով’։ Աստծո դատաստանը նաև ընտրողական է լինելու, քանզի Հիսուսը վրեժ կառնի «նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում.... աւետարանին»։ Ի լրումն այս ամենի՝ Աստծո դատաստանը մխիթարություն է բերելու բոլոր այն աստվածասեր մարդկանց, որ նեղություններ են կրում։
Ուղղամիտները հույս ունեն
23. Ի՞նչ հույս և մխիթարություն կարող ենք ստանալ Ամովսի մարգարեությունից։
23 Ամովսի մարգարեությունը սրտի ճիշտ վիճակ ունեցողների համար հույսի և մխիթարության չքնաղ լուր է պարունակում։ Ինչպես կանխագուշակված էր «Ամովս» գրքում, Եհովան ամբողջովին չոչնչացրեց իր վաղեմի ժողովրդին։ Նա վերջիվերջո Իսրայելի և Հուդայի գերյալներին վերադարձրեց հայրենիք և նրանց առատորեն օրհնեց անվտանգությամբ ու բարգավաճությամբ։ Ի՞նչ իմաստ ունի այս ամենը մեզ համար այսօր։ Անցյալի այդ դեպքերը հավաստիացնում են, որ Եհովան իր դատաստանն իրագործելու ժամանակ կգտնի ամբարիշտներին, որտեղ էլ որ թաքնված լինեն, կգտնի նաև նրանց, ում նա արժանի կհամարի ստանալու իր ողորմությունը՝ անկախ այն բանից, թե երկրագնդի որ ծայրում կապրեն։
24. Ի՞նչ կերպերով են Եհովայի ժամանակակից ծառաները օրհնվել։
24 Մենք՝ Եհովայի հավատարիմ ծառաներս, սպասում ենք այն ժամանակներին, երբ նա իր դատաստանը կիրագործի ամբարիշտների նկատմամբ։ Իսկ ինչպիսի՞ն է մեր կացությունը ներկայումս։ Եհովան անսահման հոգևոր օրհնություններ է տալիս մեզ։ Մենք ունենք երկրպագության մի ձև, որը զերծ է քրիստոնեական աշխարհի կեղծ ուսմունքների առաջ բերած ստերից ու աղավաղումներից։ Եհովայի կողմից մեկ այլ օրհնություն է առատ հոգևոր կերակուրը։ Հիշենք, սակայն, որ այս լիառատ օրհնությունները իրենց հետ նաև մեծ պատասխանատվություն են բերում։ Աստված մեզնից ակնկալում է, որ մարդկանց նախազգուշացնենք գալիք դատաստանի մասին։ Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել գտնելու համար բոլոր նրանց, ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ (Գործք 13։48, ՆԱ)։ Այո՛, մենք փափագում ենք օգնել հնարավորին չափ շատ մարդկանց, որպեսզի նրանք էլ մեզ պես հոգևոր օրհնություններ վայելեն։ Մենք ցանկանում ենք, որ նրանք վերապրեն այն մոտեցող դատաստանը, որ Աստված կբերի ամբարիշտների վրա։ Իհարկե, հիշյալ օրհնությունները վայելելու համար պետք է սրտի ճիշտ վիճակ ունենանք։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, այս հանգամանքը նույնպես շոշափվում է Ամովսի մարգարեության մեջ։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս է Ամովսի մարգարեությունը ցույց տալիս, որ Եհովայի դատաստանները միշտ իրագործվում են նրանց նկատմամբ, ովքեր դրանց արժանի են։
• Ի՞նչ ապացույցներ է Ամովսը բերում ցույց տալու համար, որ Աստծո դատաստանն անխուսափելի է։
• Ինչպե՞ս է «Ամովս» գիրքը ցույց տալիս, որ Աստծո դատաստանն ընտրողական է։
[նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Իսրայելի թագավորությունը չխուսափեց Աստծո դատաստանից
[նկար 18–րդ էջի վրա]
Մ.թ.ա. 537–ին Իսրայելի և Հուդայի մնացորդը վերադարձավ բաբելոնյան գերությունից