Աստծո Խոսքը հռչակենք համարձակությամբ
«Գնա մարգարէացիր իմ Իսրայէլ ժողովրդին» (ԱՄՈՎՍ 7։15)։
1, 2. Ո՞վ էր Ամովսը, և ի՞նչ է Աստվածաշունչն ասում նրա մասին։
ԵՀՈՎԱՅԻ ծառաներից մեկը իր ծառայության ժամանակ ընդհարվեց մի քահանայի հետ։ Այդ քահանան բղավեց. «Վե՛րջ տուր քարոզիդ։ Հեռացի՛ր այստեղից»։ Ի՞նչ արեց այդ ծառան։ Հնազանդվե՞ց քահանայի պահանջին, թե՞ շարունակեց համարձակորեն հռչակել Աստծո խոսքը։ Այս հարցերի պատասխանները անհայտ չեն, քանի որ Աստծո այդ ծառան իր հետ պատահած դեպքերը արձանագրել է իր անունը կրող գրքում։ Դա Աստվածաշնչի «Ամովս» գիրքն է։ Սակայն նախքան քահանայի հետ ընդհարման մանրամասնություններին անցնելը քննենք որոշ տեղեկություններ Ամովսի մասին։
2 Ո՞վ էր Ամովսը։ Ե՞րբ և որտե՞ղ է նա ապրել։ Այս հարցերի պատասխանները գտնում ենք Ամովս 1։1–ում։ Այնտեղ կարդում ենք. «Ամովսի խօսքերը, որ Թեկուէի հովիւներիցն էր.... Յուդայի Ոզիա թագաւորի օրերին եւ Իսրայէլի թագաւոր՝ Յովասեան Յերոբովամի օրերին»։ Ամովսը Հուդայի բնակիչ էր։ Նրա ծննդավայրը Թեկուե քաղաքն էր, որը գտնվում էր Երուսաղեմից 16 կիլոմետր հարավ։ Նա ապրել է մ.թ.ա. իններորդ դարի վերջում։ Այդ ժամանակ Հուդայում թագավորում էր Ոզիան, իսկ Իսրայելի տասցեղ թագավորությունում՝ Հերոբովամ II–ը։ Ամովսը հովիվ էր։ Սակայն, ինչպես գրված է Ամովս 7։14–ում (ՆԱ), նա ուրիշ գործ էլ էր անում. նա հատուկ գործիքով ծակում էր մոլաթզենու պտուղները։ Ըստ էության, Ամովսը սեզոնային աշխատանք էր կատարում։ Մոլաթզենու պտուղները ծակում էին, որպեսզի դրանց հասունացումը արագանար։ Դա ծանր աշխատանք էր։
«Գնա մարգարէացիր»
3. Ամովսի հետ կապված ո՞ր միտքը կարող է մեզ համար քաջալերական լինել, եթե մեզ թվում է, թե անկարող ենք քարոզել։
3 Ամովսն անկեղծորեն ասաց. «Ես մարգարէ չեմ եւ մարգարէի որդի չեմ» (Ամովս 7։14)։ Նրա հայրը մարգարե չէր և, բացի դա, նա մարգարե դառնալու համար հատուկ ուսուցում չէր ստացել։ Բայցևայնպես, Եհովան իր նպատակն իրագործելու համար Հուդայի բոլոր բնակիչներից ընտրեց Ամովսին։ Աստված չընտրեց որևէ հզոր թագավորի, գիտուն քահանայի կամ հարուստ իշխանի։ Այս միտքը կարող է մեզ բավական քաջալերել։ Գուցե մենք էլ բարձր հասարակական դիրք չունենք կամ բավականաչափ կրթություն չենք ստացել։ Պե՞տք է նման հանգամանքները ստիպեն մեզ մտածել, թե անկարող ենք քարոզել Աստծո խոսքը։ Ամենևի՛ն։ Եհովան կարող է ապահովել մեզ ամեն ինչով, որ իր խոսքը քարոզենք նույնիսկ «քարքարոտ» տարածքներում։ Նա հենց այդպես վարվեց Ամովսի դեպքում։ Ուստի բոլոր նրանք, ովքեր փափագում են Աստծո խոսքը համարձակությամբ հռչակել, օգուտներ կքաղեն՝ քննելով այս անվախ մարգարեի օրինակը։
4. Ինչո՞ւ Ամովսի համար հեշտ չէր մարգարեանալ Իսրայելում։
4 Եհովան Ամովսին պատվիրեց. «Գնա մարգարէացիր իմ Իսրայէլ ժողովրդին» (Ամովս 7։15)։ Սա հեշտ հանձնարարություն չէր։ Այդ ժամանակ Իսրայելի տասցեղ թագավորությունում տիրում էր խաղաղություն, ապահովություն, նյութական բարգավաճում։ Շատերն ունեին ինչպես ‘ձմեռային’, այնպես էլ ‘ամառային տներ’, որոնք կառուցված էին ոչ թե սովորական կավե աղյուսից, այլ թանկարժեք «սրբատաշ քարից»։ Ոմանք ունեին փղոսկրյա նրբագեղ դրվագներով զարդարված կահույք։ Նրանք խմում էին ‘ցանկալի այգիների’ խաղողից ստացված գինի (Ամովս 3։15; 5։11)։ Ուստի շատ մարդիկ ինքնագոհ ու անտարբեր էին դարձել։ Այո, Ամովսին նշանակված տարածքը թերևս հիշեցնում է այն տարածքները, որտեղ մեզանից ոմանք քարոզում են այսօր։
5. Որոշ իսրայելացիներ ի՞նչ անարդար բաներ էին անում։
5 Իհարկե, ոչ մի սխալ բան չկար, որ իսրայելացիները ունեցվածքի տեր էին։ Բայց իրողությունն այն էր, որ նրանցից ոմանք այդ ունեցվածքը ձեռք էին բերում անազնիվ ճանապարհով։ Հարուստները ‘զրկում էին աղքատներին’ և ‘ոտնահարում տնանկներին’ (Ամովս 4։1)։ Հզոր վաճառականները, դատավորները և քահանաները միաբանվում էին, որպեսզի հարստահարեին աղքատներին։ Իսկ այժմ տեղափոխվենք անցյալ ու դիտենք, թե այս մարդիկ ինչ էին անում։
Աստծո Օրենքը ոտնահարվում է
6. Ինչպե՞ս էին իսրայելացի վաճառականները հարստահարում մարդկանց։
6 Նախ գնանք շուկա։ Այստեղ խարդախ վաճառականները ‘փոքրացնում են արդուն’ և ‘մեծացնում են սիկղը’, նույնիսկ ‘ցորենի խոտանը’ վաճառում են ցորենի տեղ (Ամովս 8։5, 6)։ Նրանք խաբում են գնորդներին՝ թերակշռելով վաճառվող ապրանքը։ Գները չափազանց բարձր են, ապրանքների որակը՝ ցածր։ Աղքատները, հարստահարվելով վաճառականների կողմից մինչև չքավորության հասնելու աստիճան, ստիպված են իրենց անձերը վաճառել ստրկության։ Վաճառականները նրանց գնում են ‘մի զույգ կոշիկի’ գնով (Ամովս 8։6)։ Պատկերացնո՞ւմ ես։ Այդ ընչաքաղց առևտրականների աչքում իրենց իսրայելացի եղբայրները կոշիկի գնից ավելի գին չունեին։ Ի՜նչ ահավոր ստորացման էին ենթարկվում կարիքավորները, և ինչպե՜ս էր ոտնահարվում Աստծո Օրենքը։ Բայց հետաքրքիր է, որ այդ նույն վաճառականները պահում էին «շաբաթը» (Ամովս 8։5)։ Նրանք կրոնասեր էին, բայց միայն արտաքնապես։
7. Ինչպե՞ս էր իսրայելացի վաճառականներին հաջողվում խախտել Աստծո Օրենքը։
7 Ինչպե՞ս էր վաճառականներին հաջողվում անպատիժ մնալ՝ խախտելով Աստծո Օրենքը, որում գրված էր. «Քո ընկերին սիրես քո անձի պէս» (Ղեւտացոց 19։18)։ Բանն այն է, որ դատավորները՝ այն անձինք, ովքեր պարտավոր էին Օրենքը գործադրել, նրանց հանցակիցներն էին։ Քաղաքի դռների մոտ, որտեղ իրավական հարցեր էին լուծվում, դատավորները ‘կաշառք էին առնում և աղքատներին ծռում’։ Փոխանակ պաշտպանելու աղքատներին՝ նրանք, կաշառք վերցնելով, ‘ծռում էին նրանց դատը’ (ԱԱ) (Ամովս 5։10, 12)։ Այո՛, դատավորները նույնպես արհամարհում էին Աստծո Օրենքը։
8. Ո՞ր վարքի վրա էին աչք փակում ամբարիշտ քահանաները։
8 Իսկ ի՞նչ էին անում Իսրայելի քահանաները։ Այս հարցին պատասխանելու համար տեղափոխվենք մեկ այլ վայր։ Տե՛ս, թե ինչ մեղքեր են նրանք գործում «իրանց աստուածների տանը»։ Ամովսի միջոցով Աստված ասաց. «Մարդն ու իր հայրը միեւնոյն աղջկան մօտ են գնում, որպէս զի պղծեն իմ սուրբ անունը» (Ամովս 2։7, 8)։ Միայն պատկերացրու։ Իսրայելացի հայրը ու նրա որդին սեռական անբարոյություն էին գործում նույն տաճարային պոռնկի հետ, իսկ ամբարիշտ քահանաները աչք էին փակում նման անառակության վրա (Ղեւտացոց 19։29; Բ Օրինաց 5։18; 23։17, ՆԱ)։
9, 10. Աստծո Օրենքի ո՞ր խախտումների համար էին իսրայելացիները մեղավոր, և ի՞նչ զուգահեռ կարող ենք անցկացնել այն օրերի և մեր օրերի միջև։
9 Անդրադառնալով մեկ այլ մեղավոր ընթացքի՝ Եհովան ասաց. «Գրաւ դրուած հանդերձների վերայ են պառկում, ամեն մի [զոհա]սեղանի կշտին. եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը» (Ամովս 2։8)։ Այո, քահանաները, և ժողովուրդն ընդհանրապես, նաև խախտում էին Ելից 22։26, 27–ում գրված օրենքը, որտեղ ասվում է, որ իբրև գրավ վերցված հագուստը պետք է վերադարձնել մինչև մութն ընկնելը։ Այս պատվերին հետևելու փոխարեն՝ նրանք այդ հագուստը փռում էին իրենց տակը ու մեկնվում դրա վրա, երբ գինի էին խմում իրենց աստվածների պատվին կազմակերպված խնջույքներում։ Նրանք ‘զրկում’ էին աղքատներին՝ նրանցից գումարներ կորզելով, որպեսզի գինի գնեին ու խմեին կեղծ կրոնական տոների ժամանակ։ Որքա՜ն էին նրանք հեռացել մաքուր երկրպագությունից։
10 Իսրայելացիները անամոթաբար ոտնահարում էին Օրենքի երկու մեծագույն պատվիրանները՝ սիրել Եհովային ու սիրել մերձավորին։ Ուստի Աստված Ամովսին ուղարկեց՝ նրանց դատապարտելու անհավատարմության համար։ Այսօր աշխարհի ազգերը, այդ թվում քրիստոնեություն դավանող ազգերը հին Իսրայելի պես վատթար վիճակում են։ Մեր օրերում նույնպես որոշ մարդիկ բարգավաճում են, այնինչ շատ–շատերը նյութական և զգացական վնասներ են կրում մեծ բիզնեսի, քաղաքականության ու կեղծ կրոնի անազնիվ առաջնորդների անբարո գործերի պատճառով։ Սակայն Եհովան անհանգստացած է տառապյալ ու իրեն փնտրող մարդկանցով։ Ուստի նա իր ժամանակակից ծառաներին հանձնարարել է մի գործ, որ տրվել էր նաև Ամովսին՝ համարձակորեն քարոզել իր խոսքը։
11. Ի՞նչ կարող ենք սովորել Ամովսի օրինակից։
11 Քանի որ մեր կատարած գործի ու Ամովսի կատարած գործի միջև նմանություններ կան, մենք մեծ օգուտներ կստանանք, եթե քննենք նրա օրինակը։ Ամովսը մեզ ցույց է տալիս, թե՝ 1) ինչ պետք է քարոզենք, 2) ինչպես պետք է քարոզենք, և 3) ինչու հակառակորդները չեն կարող կանգնեցնել մեր քարոզչական գործը։ Եկեք մեկ առ մեկ քննարկենք այս կետերը։
Ինչպես կարող ենք ընդօրինակել Ամովսին
12, 13. Ինչպե՞ս էր Եհովան արտահայտել իր տհաճությունը իսրայելացիների նկատմամբ, և ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։
12 Լինելով Եհովայի վկաներ՝ մենք մեր քրիստոնեական ծառայությունը կենտրոնացնում ենք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի վրա (Մատթէոս 28։19, 20; Մարկոս 13։10)։ Սակայն նաև քարոզում ենք Աստծո նախազգուշացումների մասին, ճիշտ ինչպես Ամովսն էր հայտարարում, որ Եհովան դատաստան է բերելու ամբարիշտների վրա։ Օրինակ՝ Ամովս 4։6–11 համարներից տեսնում ենք, որ Եհովան բազմիցս և հստակորեն իր տհաճությունն էր արտահայտել Իսրայելի նկատմամբ։ Նա տվել էր նրանց «հացի կարօտութիւն», ‘արգելել էր նրանցից անձրևը’, զարկել էր «խորշակով եւ դալուկով» և նրանց մեջ «ժանտախտ» էր գցել։ Այս ամենը մղե՞լ էր իսրայելացիներին զղջալու։ «Դուք ետ չ’դարձաք ինձ մօտ»,— ասաց Աստված։ Իսրայելացիները կրկին ու կրկին մերժում էին Եհովային։
13 Եհովան պատժեց անզեղջ իսրայելացիներին։ Սակայն նրանք նախևառաջ նախազգուշացում ստացան մարգարեի կողմից։ Աստված ասաց. «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ամովս 3։7)։ Աստված Նոյին հայտնել էր, որ Ջրհեղեղ էր լինելու, և նրան պատվիրել էր, որ այդ մասին զգուշացնի մարդկանց։ Նման ձևով, Եհովան Ամովսին պատվիրեց վերջնական նախազգուշացում տալ։ Ցավոք, Իսրայելը արհամարհեց Աստծուց եկող լուրը և համապատասխան քայլեր չձեռնարկեց։
14. Ի՞նչ նմանություններ կան Ամովսի օրերի ու մեր օրերի միջև։
14 Անկասկած, համամիտ կլինես, որ Ամովսի օրերն ու մեր օրերը որոշ առումներով բավական նման են իրար։ Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, որ վախճանի ժամանակներում բազմաթիվ աղետներ են պատահելու։ Բայց նա նաև համաշխարհային քարոզչական գործունեություն կանխագուշակեց (Մատթէոս 24։3–14)։ Ինչպես որ Ամովսի օրերում էր, այնպես էլ մեր օրերում մարդկանց մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում ո՛չ ժամանակների նշաններին, ո՛չ էլ Թագավորության լուրին։ Նման անհատների համար հետևանքը կլինի նույնը, ինչ որ անզեղջ իսրայելացիների համար եղավ։ Եհովան վերջիններիս զգուշացրեց. «Պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու» (Ամովս 4։12)։ Նրանք Աստծուն դիմավորեցին, այսինքն՝ նրա դատաստանը եկավ. Ասորեստանը նվաճեց իրենց երկիրը։ Ինչ վերաբերում է մեր օրերին, այս անաստված աշխարհը ‘Աստծուն կդիմավորի’ Արմագեդոնին (Յայտնութիւն 16։14, 16)։ Բայց քանի դեռ Եհովան շարունակում է համբերել, մենք հնարավորին չափ շատ մարդկանց կոչ ենք անում. «Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք» (Ամովս 5։6)։
Ամովսի պես դիմագրավենք հակառակությանը
15–17. ա) Ո՞վ էր Ամասիան, և ինչպե՞ս նա վերաբերվեց Ամովսի ազդարարություններին։ բ) Ի՞նչ մեղադրանքներ ներկայացրեց Ամասիան Ամովսի դեմ։
15 Մենք կարող ենք ընդօրինակել Ամովսին ոչ միայն այն բանում, թե ինչ ենք քարոզում, այլև նրանում, թե ինչպես ենք քարոզում։ Այս հարցը շոշափվում է Ամովս 7–րդ գլխում, որտեղ հայտնվում է քննարկման սկզբում հիշատակված քահանան։ Այդ մարդը «Բեթէլի քահանայ Ամասիան» էր (Ամովս 7։10)։ Բեթել քաղաքը Իսրայելի հավատուրաց կրոնի կենտրոնն էր։ Այդ կրոնն ընդգրկում էր հորթի երկրպագությունը։ Ուստի Ամասիան պետական կրոնի քահանա էր։ Ինչպե՞ս նա վերաբերվեց Ամովսի համարձակ ազդարարություններին։
16 Ամասիան ասաց Ամովսին. «Ով տեսանող, գնա փախիր քեզ համար Յուդայի երկիրը, եւ այնտեղ հաց կեր եւ այնտեղ մարգարէացիր։ Եւ Բեթէլումն այլ եւս չ’շարունակես մարգարէանալը, որ նա թագաւորի սրբարանն է, եւ թագաւորութեան տունն է նա» (Ամովս 7։12, 13)։ Ամասիան, ըստ էության, հետևյալն էր ասում. «Գնա՛ քո երկիրը։ Մենք մեր կրոնն ունենք»։ Բացի դա, նա փորձեց կառավարության միջոցով արգելել Ամովսի գործունեությունը՝ Հերոբովամ II–ին ասելով. «Քեզ դէմ դաւաճանութիւն է անում Ամովսը Իսրայէլի տան մէջ» (Ամովս 7։10)։ Այո՛, Ամասիան Ամովսին մեղադրում էր պետական դավաճանության մեջ։ Նա թագավորին ասաց. «Ամովսն այսպէս է ասում. Յերոբովամը սրով պիտի մեռնէ, եւ Իսրայէլը պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից» (Ամովս 7։11)։
17 Այդ խոսքերով Ամասիան երեք մոլորեցուցիչ պնդումներ առաջ քաշեց։ Նա ասաց. «Ամովսն այսպէս է ասում»։ Բայց Ամովսը երբևէ չէր ասել, թե ինքն է մարգարեության հեղինակը։ Նա միշտ ազդարարել էր. «Այսպէս է ասում Տէրը» (Ամովս 1։3)։ Ամովսը մեղադրվեց նաև այն բանում, թե իբր ասել է. «Յերոբովամը սրով պիտի մեռնէ»։ Սակայն, ինչպես արձանագրված է Ամովս 7։9–ում, Ամովսը մարգարեացել էր հետևյալը. «[Ես՝ Եհովաս,] վեր պիտի կենամ Յերոբովամի տան վերայ սրով» (Ամովս 7։9)։ Աստված նման աղետ էր կանխագուշակել Հերոբովամի «տան»՝ նրա հետնորդների դեմ։ Այնուհետև Ամասիան պնդեց, թե Ամովսն ասել է. «Իսրայէլը պիտի անպատճառ գերի տարուի»։ Բայց Ամովսը միայն դա չէր ասել. նա նաև մարգարեացել էր, որ ցանկացած իսրայելացի օրհնվելու էր, եթե դառնար դեպի Աստված։ Միանգամայն հստակ է, որ Ամասիան դիմեց կես–ճշմարտությունների, որպեսզի կարողանար հասնել պետության կողմից Ամովսի քարոզչական գործունեության արգելմանը։
18. Ի՞նչ նմանություններ կան Ամասիայի գործելակերպի ու ներկայիս հոգևորականների գործելակերպի միջև։
18 Նկատեցի՞ր, թե ինչ նմանություններ կան Ամասիայի գործելակերպի ու Եհովայի ժողովրդի ժամանակակից հակառակորդների գործելակերպի միջև։ Ճիշտ ինչպես Ամասիան փորձեց լռեցնել Ամովսին, այնպես էլ ներկայումս որոշ քահանաներ, պրելատներ ու պատրիարքներ փորձում են խոչընդոտել Եհովայի ծառաների գործին։ Ամասիան անհիմն կերպով Ամովսին մեղադրեց պետական դավաճանության մեջ։ Նման կերպով, այսօր որոշ հոգևորականներ առանց որևէ հիմքի Եհովայի վկաներին մեղադրում են՝ ասելով, թե իբր նրանք սպառնում են պետության անվտանգությանը։ Եվ ճիշտ ինչպես Ամասիան դիմեց թագավորին՝ նրանից օգնություն խնդրելով Ամովսի դեմ պայքարելու համար, այնպես էլ հոգևորականներն են հաճախ դիմում իրենց քաղաքական դաշնակիցներին՝ նրանցից աջակցություն խնդրելով Եհովայի վկաներին հալածելու գործում։
Հակառակորդները չեն կարող կանգնեցնել մեր քարոզչական գործը
19, 20. Ինչպե՞ս Ամովսը արձագանքեց Ամասիայի հակառակությանը։
19 Ինչպե՞ս Ամովսը արձագանքեց Ամասիայի հակառակությանը։ Ամովսը քահանային ուղղված իր խոսքն այսպես սկսեց. «Դու ասում ես՝ Իսրայէլի մասին մի մարգարէանար»։ Ոչ մի կասկած չկա, որ Աստծո անվախ մարգարեի հետագա խոսքերը Ամասիան ամենևին էլ չցանկացավ լսել (Ամովս 7։16, 17)։ Բայց Ամովսը չվախեցավ։ Ի՜նչ գերազանց օրինակ մեզ համար։ Այո, մենք կհնազանդվենք Աստծուն ու կհռչակենք նրա խոսքը նույնիսկ այն երկրներում, որտեղ ժամանակակից ամասիաները դաժան հալածանք են բորբոքում Աստծո ծառաների դեմ։ Ամովսի պես՝ կշարունակենք ազդարարել. «Այսպէս է ասում Տէրը»։ Հակառակորդները երբեք չեն կարողանա կանգնեցնել մեր քարոզչական գործը, քանի որ «Տիրոջ»՝ Եհովայի ձեռքը մեզ հետ է (Գործք 11։19–21)։
20 Ամասիան պետք է որ իմացած լիներ, որ իր սպառնալիքներն իզուր էին։ Ամովսն արդեն բացատրել էր, թե ինչու երկրի վրա ապրող ոչ մի մարդ չէր կարող նրան ետ պահել խոսելուց. հենց սա էլ մեր քննարկման երրորդ կետն է։ Ինչպես տեսնում ենք Ամովս 3։3–8 համարներում, մարգարեն հարցերով ու պատկերավոր խոսքով ցույց տվեց, որ հետևանքը միշտ պատճառ է ունենում։ Հետո նա հայտնեց իր բուն ասելիքը. «Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ»։ Ուրիշ խոսքով՝ Ամովսն իր ունկնդիրներին ասաց. «Ճիշտ ինչպես որ դուք չեք կարող չվախենալ՝ լսելով առյուծի մռնչոցը, այնպես էլ ես չեմ կարող չքարոզել Աստծո խոսքը՝ լսելով Եհովայի՝ քարոզելու պատվերը»։ Աստվածավախությունը, այսինքն՝ խոր ակնածանքը Եհովայի հանդեպ, մղեց Ամովսին համարձակորեն քարոզելու։
21. Ինչպե՞ս ենք արձագանքում Աստծո՝ քարոզելու պատվերին։
21 Մենք էլ ենք «լսում», որ Եհովան քարոզելու պատվեր է տալիս։ Ինչպիսի՞ն է մեր արձագանքը։ Ամովսի, ինչպես նաև Հիսուսի առաջին հետևորդների պես՝ մենք Եհովայի օգնությամբ նրա խոսքը հռչակում ենք համարձակորեն (Գործք 4։23–31)։ Ո՛չ հակառակորդների հրահրած հալածանքը, ո՛չ էլ մարդկանց անտարբերությունը մեր բերած լուրի հանդեպ չեն ստիպի մեզ լռել։ Ամովսի պես՝ ամբողջ աշխարհի Եհովայի վկաները մեծ եռանդով շարունակում են համարձակորեն հռչակել բարի լուրը։ Մենք պատասխանատվություն ունենք նախազգուշացնելու մարդկանց Եհովայի վերահաս դատաստանի մասին։ Իսկ ի՞նչ դատաստան է լինելու դա։ Այս հարցի պատասխանը կգտնենք հաջորդ հոդվածում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպիսի՞ հանգամանքներում էր Ամովսը կատարում Աստծուց ստացած հանձնարարությունը։
• Ամովսի պես ի՞նչ պետք է քարոզենք։
• Ինչպիսի՞ տրամադրվածությամբ պետք է կատարենք մեր քարոզչական գործը։
• Ինչո՞ւ են հակառակորդներն անկարող կանգնեցնել մեր գործունեությունը։
[նկար 10–րդ էջի վրա]
Աստված իր նպատակն իրագործելու համար ընտրեց Ամովսին, որն ընդամենը մոլաթզենու պտուղներ ծակող էր
[նկարներ 13–րդ էջի վրա]
Ամովսի նման՝ համարձակությա՞մբ ես հռչակում Եհովայի խոսքը