Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Նաում», «Ամբակում» և «Սոփոնիա» գրքերից
ԱՍՈՐԵՍՏԱՆԸ, որ աշխարհակալ ուժ է, արդեն ամայացրել է Սամարիան՝ Իսրայելի տասցեղ թագավորության մայրաքաղաքը։ Նա երկար ժամանակ է, ինչ սպառնում է Հուդային։ Հուդայի Նաում մարգարեն խոսք ունի ասելու Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերաբերյալ։ Այդ մասին պատմում է Աստվածաշնչի «Նաում» գիրքը, որը գրվել է նախքան մ.թ.ա. 632–ը։
Հաջորդ աշխարհակալ ուժը Բաբելոնյան կայսրությունն է, որի թագավորները երբեմն քաղդեացիներ են եղել։ «Ամբակում» գիրքը հավանաբար ամբողջացվել է մ.թ.ա. 628–ին։ Գրքում կանխագուշակվում է, թե ինչպես է Եհովան այդ աշխարհակալ ուժն օգտագործելու իր դատավճիռն իրագործելու համար։ Այն նաև պատմում է, թե ինչ է ի վերջո պատահելու Բաբելոնին։
Նաումից և Ամբակումից առաջ ապրել է Հուդայի Սոփոնիա մարգարեն։ Նա մարգարեանում է Երուսաղեմի ավերումից (մ.թ.ա. 607) ավելի քան 40 տարի առաջ։ Սոփոնիան ազդարարում է կործանում, ինչպես նաև հույս՝ Հուդայի բնակիչների համար։ Աստվածաշնչի «Սոփոնիա» գիրքը նաև պարունակում է դատաստանական պատգամներ ուրիշ ազգերի դեմ։
«ՎԱ՜Յ ԱՐԻՒՆՀԵՂՈՒԹԵԱՆՑ ՔԱՂԱՔԻՆ»
«Նինուէի [դեմ] պատգամը» Եհովա Աստծու կողմից է, որը «երկայնամիտ է եւ մեծազօր»։ Նինվեն պետք է կործանվի։ Բայց Եհովան «ամրոց է նեղութեան օրումը» նրանց համար, ովքեր ապաստան են փնտրում նրա մոտ (Նաում 1։1, 3, 7)։
Եհովան «ետ է դարձնելու [այսինքն՝ վերականգնելու է] Հակոբի վայելչությունը»։ Սակայն Ասորեստանը ահաբեկում է Աստծու ժողովրդին, ինչպես «առյուծն է պատառում» իր զոհին։ Եհովան ծխի մեջ «այրելու է [Նինվեի] կառքերը», և նրա «կորիւններին պիտի սուրն ուտէ» (Նաում 2։2, 12, 13)։ «Վա՜յ արիւնհեղութեանց քաղաքին»՝ Նինվեին։ «Ամեն նրա լուրը լսողները նրա վրա ծափ են տալու» և ուրախանալու են (Նաում 3։1, 19)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։9 — Ի՞նչ նշանակություն էր ունենալու Հուդայի համար այն, որ Եհովան «վերջ էր տալու [«բնաջինջ էր անելու», ԱԱ]» Նինվեին։ Դա նշանակելու էր, որ Ասորեստանը էլ երբեք չէր հարձակվելու Հուդայի վրա. «նեղութիւնը երկու [«երկրորդ», ԱԱ]» անգամ վեր չի կենալ»։ Խոսելով այնպես, կարծես Նինվեն այլևս գոյություն չունի՝ Նաումը գրում է. «Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. տօնիր, ով Յուդա, քո տօները» (Նաում 1։15)։
2։6 — Ի՞նչ «գետերի դռներ» բացվեցին։ «Դռները» վերաբերում են Նինվեի պարիսպների մեջ Տիգրիս գետի ջրերով արված բացվածքին։ Մ.թ.ա. 632–ին, երբ բաբելոնացիների և մարերի զորքերը եկան Նինվեի վրա, նինվեցիները չէին կարծում, որ իրենց լուրջ վտանգ է սպառնում։ Ապահով զգալով իր բարձր պարիսպների հետևում՝ Նինվեն իրեն համարում էր անխոցելի։ Սակայն հորդառատ անձրևների պատճառով Տիգրիսը դուրս եկավ ափերից։ Համաձայն պատմիչ Դիոդորոսի՝ «քաղաքի մի հատված հեղեղվեց, իսկ պարսպի մի որոշ մաս փլվեց»։ Այդպիսով «գետի դռները» բացվեցին և, ինչպես կանխագուշակվել էր, Նինվեն գրավվեց շատ արագորեն, ինչպես որ չոր հարդն է շատ արագ վառվում (Նաում 1։8–10)։
3։4 — Ի՞նչ իմաստով էր Նինվեն նման պոռնիկի։ Նինվեն խաբեց ազգերին՝ խոստանալով աջակցել նրանց, բայց իրականում նրանց վրա դրեց իր ծանր լուծը։ Օրինակ՝ Ասորեստանը Հուդայի Աքազ թագավորին որոշ չափով օգնեց, որ նա դիմադրի Ասորիքի և Իսրայելի միացյալ ուժերին։ Սակայն, վերջիվերջո, «[Աքազի] վերայ եկաւ Ասորեստանի.... թագաւորը, եւ նորան նեղեց» (Բ Մնացորդաց 28։20)։
Դասեր մեզ համար
1։2–6. Այն, որ Եհովան վրեժ է առնում իր թշնամիներից, որոնք հրաժարվում են բացարձակ նվիրվածություն ցուցաբերել իր հանդեպ, ցույց է տալիս, որ նա առավել ևս իր երկրպագուներից է ակնկալում բացարձակ նվիրվածություն (Ելից 20։5, ՆԱ)։
1։10. Նինվեի վիթխարի պարիսպները, որոնց վրա հարյուրավոր աշտարակներ կային, խոչընդոտ չհանդիսացան, որ քաղաքի դեմ Եհովայի ասած խոսքը կատարվի։ Եհովայի ժողովրդի ներկայիս թշնամիները չեն կարողանա խուսափել Աստծու դատաստանից (Առակաց 2։22; Դանիէլ 2։44)։
«ԱՐԴԱՐԸ.... ՊԻՏԻ ԱՊՐԷ»
«Ամբակում» գրքի առաջին երկու գլուխները երկխոսություն են մարգարեի և Եհովա Աստծու միջև։ Հուդայում տեղի ունեցող բաներից հուսահատված՝ Ամբակումը Աստծուն հարցնում է. «Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս»։ Եհովան նրան պատասխանում է. «Ես յարուցանում եմ Քաղդէացիներին, այն դառն ու արագընթաց ազգը»։ Մարգարեն զարմանում է, որ Աստված «նենգավորների» միջոցով պատժելու է Հուդային (Ամբակում 1։3, 6, 13)։ Ամբակումին հավաստիացում է տրվում, որ արդարը կապրի, իսկ թշնամին չի խուսափի պատժից։ Ավելին, մարգարեն արձանագրում է հինգ «վայեր» ընդդեմ քաղդեացիների (Ամբակում 2։4)։
Ամբակումն աղոթում է՝ խնդրելով Աստծուն ողորմած լինել։ Նա «Շիկիօնօթի վերայ», այսինքն՝ ողբերգով, պատմում է Եհովայի մեծ զորության դրսևորումները անցյալում՝ Կարմիր ծովի մոտ, անապատում ու Երիքովում։ Մարգարեն նաև կանխագուշակում է, որ Եհովան Արմագեդոնին «դուրս է գալու» իր կործանարար բարկությամբ։ Նա իր աղոթքը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Տէր Եհովան իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները եղնիկներինի նման է անում. եւ ինձ իմ բարձր տեղերի վերայ է ման ածում» (Ամբակում 3։1, 19)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։5, 6 — Ինչո՞ւ հրեաներին անհավատալի էր թվում, որ քաղդեացիները կգան Երուսաղեմի վրա։ Այն ժամանակ, երբ Ամբակումը սկսեց մարգարեանալ, Հուդան Եգիպտոսի ազդեցության տակ էր (Դ Թագաւորաց 23։29, 30, 34)։ Թեև բաբելոնացիները գնալով ավելի էին հզորանում, նրանք դեռ չէին հաղթել Նեքավով փարավոնին (Երեմիա 46։2)։ Բացի այդ, Եհովայի տաճարը Երուսաղեմում էր, և Դավթի դինաստիան առանց ընդհատվելու իշխում էր այնտեղից։ Ուստի հրեաների համար անհավանական էր, որ Եհովան թույլ տար քաղդեացիներին կործանել Երուսաղեմը։ Որքան էլ որ Ամբակումի խոսքերը անհավատալի հնչեին հրեաների համար, բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանման մասին տեսիլքը «անպատճառ» իրականանալու էր. դա տեղի ունեցավ մ.թ.ա. 607–ին (Ամբակում 2։3)։
2։5 — Ո՞վ է «ամբարհաւաճ մարդը», և ինչո՞ւ նա «հաստատ չի մնա»։ Բաբելոնացիները, որոնք իրենց ռազմական հզորությունը օգտագործում էին երկրներ նվաճելու համար, ամբողջությամբ վերցված՝ ներկայացնում էին «ամբարհավաճ մարդուն»։ Նա արբել էր հաղթանակներից, ինչպես գինուց։ Նրան չէր հաջողվելու «իր մոտ ժողովել բոլոր ազգերը», որովհետև Եհովան մարերի ու պարսիկների միջոցով տապալելու էր նրան։ Այդ «մարդը» մեր օրերում ներկայացված է քաղաքական ուժերի ամբողջությամբ։ Նա նույնպես արբել է ինքնավստահությունից և ինքն իրեն կարևոր համարելուց։ Նա ընդլայնվելու անհագուրդ ախորժակ ունի։ Բայց «չի մնա հաստատ»՝ չի հասնի իր նպատակին, այն է՝ «իր մոտ ժողովել բոլոր ազգերը»։ Միայն Աստծու Թագավորությունը կմիավորի բոլոր մարդկանց (Մատթեոս 6։9, 10)։
Դասեր մեզ համար
1։1–4; 1։12–2։1. Ամբակումը անկեղծ հարցեր տվեց, և Եհովան պատասխանեց նրան։ Ճշմարիտ Աստվածը լսում է իր հավատարիմ ծառաների աղոթքները։
2։1. Ամբակումի պես՝ մենք պետք է հոգևորապես զգոն և ակտիվ մնանք։ Նաև պետք է պատրաստ լինենք շտկելու մեր մտածելակերպը ըստ այն «յանդիմանութեան», կամ՝ խորհրդի, որ մեզ տալիս են։
2։3; 3։16. Մինչ հավատով սպասում ենք Եհովայի օրվան, եկեք չթուլացնենք մեր հրատապության զգացումը։
2։4. Որպեսզի վերապրենք Եհովայի գալիք դատաստանի օրից, պետք է շարունակենք տոկալ և հավատարիմ մնալ (Եբրայեցիներ 10։36–38)։
2։6, 7, 9, 12, 15, 19. Անշուշտ, «վայ» կգա նրա վրա, ով ագահորեն և անազնիվ ճանապարհով տենչում է «վաստակի», սիրում է բռնություն, զբաղվում է անբարոյությամբ և կռապաշտությամբ։ Մենք պետք է զգույշ լինենք, որ ձեռք չբերենք այդպիսի հատկություններ և չզբաղվենք նման գործերով։
2։11. Եթե մենք չխոսենք այս աշխարհի ամբարշտության մասին, ապա «քարը պիտի պատիցն աղաղակէ»։ Շատ կարևոր է շարունակել քաջաբար քարոզել Թագավորության պատգամը։
3։6. Ոչինչ, այդ թվում նաև մարդկային կազմակերպությունները, որոնք գուցե թվան այնպես մշտական, ինչպես որ սարերն ու բլուրները չեն կարող խոչընդոտել Եհովային իրականացնելու իր դատաստանը։
3։13. Մենք կարող ենք համոզված լինել, որ Արմագեդոնի ժամանակ կործանումը ընտրողական է լինելու։ Եհովան փրկելու է իր հավատարիմ ծառաներին։
3։17–19. Նույնիսկ եթե դժվարություններ ունենանք Արմագեդոնից առաջ և Արմագեդոնի ընթացքում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ «զորություն» կտա, եթե շարունակենք ուրախությամբ ծառայել իրեն։
ՄՈՏ Է ԵՀՈՎԱՅԻ ՕՐԸ
Բահաղի պաշտամունքը ծաղկում է Հուդայում։ Եհովան իր մարգարե Սոփոնիայի միջոցով ասում է. «Պիտի մեկնեմ իմ ձեռքը Յուդայի վերայ, եւ Երուսաղէմի բոլոր բնակչաց վերայ»։ Սոփոնիան նախազգուշացնում է. «Մօտ է [Եհովայի] օրը» (Սոփոնիա 1։4, 7, 14)։ Միայն Աստծու պահանջներին համապատասխանող մարդիկ այդ օրը «ծածկուած» կմնան (Սոփոնիա 2։3)։
«Վա՜յ.... հարստահարող քաղաքին»՝ Երուսաղեմին։ «Ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել.... որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը»։ Աստված, սակայն, խոստանում է. «Ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կ’դարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին» (Սոփոնիա 3։1, 8, 20)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։13, 14 — Ո՞ւմ «ձայնը պիտի հնչէ» ամայացած Նինվեում։ Քանի որ Նինվեն դառնալու էր վայրի կենդանիների և թռչունների բնակատեղի, ձայնը, որ հնչելու էր, վերաբերում է թռչունների դայլայլին և, հավանաբար, լքված տների պատուհանների միջով անցնող քամու ձայնին։
3։9 — Ի՞նչ են «մաքուր շրթունքները», և ինչպե՞ս են դրանցով խոսում։ «Մաքուր շրթունքները», այսինքն՝ մաքուր լեզուն, Աստծու մասին ճշմարտությունն է, որ գրված է նրա Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այդ շրթունքները ներառում են Աստվածաշնչի բոլոր ուսմունքները։ Մենք խոսում ենք այդ լեզվով՝ հավատալով ճշմարտությանը, այն ճիշտ ուսուցանելով և Աստծու կամքի համաձայն ապրելով։
Դասեր մեզ համար
1։8. Սոփոնիայի օրերում ապրող որոշ մարդիկ ակներևաբար ուզում էին հաճելի լինել հարևան ազգերին՝ «օտար զգեստ» հագնելով։ Ի՜նչ անմտություն կլինի, եթե Եհովայի երկրպագուն փորձի նման կերպերով համապատասխանել աշխարհի չափանիշներին։
1։12; 3։5 ԱԱ, 16. Եհովան անընդհատ մարգարեներ էր ուղարկում իր ժողովրդի մոտ, որպեսզի զգուշացներ իր «իրավունքի», այսինքն՝ դատական որոշումների մասին։ Նա չէր դադարում դա անելուց, անգամ երբ շատ հրեաներ, ինչպես գինու տակառի հատակին պնդացած մրուր, շարունակում էին ապրել իրենց հաստատված առօրյայով և անտարբեր էին մարգարեների հաղորդած պատգամի նկատմամբ։ Եհովայի մեծ օրը մոտենում է, ուստի չպետք է թույլ տանք, որ մարդկանց անտարբերությունը «թուլացնի մեր ձեռքերը»։ Փոխարենը՝ պետք է անխոնջ կերպով հռչակենք Աստծու Թագավորությունը։
2։3. Միայն Եհովան կարող է փրկել մեզ իր բարկության օրը։ Որպեսզի շարունակենք ունենալ նրա բարեհաճությունը, պետք է «խնդրենք», այսինքն՝ փնտրենք Եհովային՝ մանրակրկիտ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, աղոթքով նրանից առաջնորդություն խնդրելով, ինչպես նաև նրա հետ ավելի մտերմանալով։ Մենք պետք է «որոնենք արդարություն»՝ ապրելով բարոյապես մաքուր կյանքով։ Նաև պետք է «որոնենք խոնարհություն»՝ մեր մեջ զարգացնելով մեղմություն և հնազանդություն։
2։4–15; 3։1–5. Երբ Եհովայի դատաստանի օրը գա, քրիստոնեական աշխարհը և բոլոր ազգերը, որ ճնշել են Աստծու ժողովրդին, նույն վախճանը կունենան, ինչ որ ունեցան հին Երուսաղեմն ու շրջակա ազգերը (Հայտնություն 16։14, 16; 18։4–8)։ Մենք պետք է անվախորեն հռչակենք Աստծու դատաստանները։
3։8, 9. Մենք սպասում ենք Եհովայի օրվան, ուստի պատրաստվում ենք վերապրելու այդ օրից՝ սովորելով խոսել «մաքուր շրթունքներով» և «կանչելով Աստծու անունը», ինչը կարող ենք անել՝ մեր անձը նվիրելով նրան։ Նաև ծառայում ենք Եհովային «մէկ ուսով» (ԱԱ, ծնթ.), այսինքն՝ միշտ համագործակցելով նրա ժողովրդի հետ, և Աստծուն որպես ընծա «գովաբանության զոհ» ենք մատուցում (Եբրայեցիներ 13։15)։
«Շտապում է»
Սաղմոսերգուն ասաց. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ» (Սաղմոս 37։10)։ Երբ խորհում ենք, թե ինչ էր կանխագուշակված Նինվեի մասին «Նաում» գրքում և Բաբելոնի ու հավատուրաց Հուդայի մասին «Ամբակում» գրքում, մեր մեջ ոչ մի կասկած չի մնում, որ սաղմոսերգուի խոսքերն անպայման կկատարվեն։ Իսկ որքա՞ն դեռ պետք է սպասենք։
«Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։ «Սոփոնիա» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք ծածկված մնալ այդ օրը, և ինչ պետք է անենք այժմ, որ պատրաստված դիմավորենք այն։ Այո՛, «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ» (Եբրայեցիներ 4։12)։
[նկար 8–րդ էջի վրա]
Նինվեի վիթխարի պարիսպները չխոչընդոտեցին Նաումի մարգարեության կատարմանը
[թույլտվությամբ]
Randy Olson/National Geographic Image Collection