«Արդարները արևի նման պայծառ կշողան»
«Այդ ժամանակ արդարները արևի նման պայծառ կշողան իրենց Հոր թագավորության մեջ» (ՄԱՏԹ. 13։43)։
1. Առակների միջոցով Հիսուսը Թագավորության պատգամի ի՞նչ տարբեր երեսակներ էր բացատրում։
ՆԱ «ԱՌԱԿՆԵՐՈՎ խոսեց ժողովրդի հետ։ Եվ առանց առակի չէր խոսում նրանց հետ» (Մատթ. 13։34)։ Այո՛, Հիսուս Քրիստոսը զանազան առակներ էր պատմում Թագավորության տարբեր երեսակները բացատրելու համար։ Պատմելով Թագավորության ճշմարտության սերմը ցանելու մասին առակներ՝ Հիսուսը շեշտեց, որ պատգամը ընդունելու համար մեծ դեր ունի անհատի սրտի վիճակը, ինչպես նաև նշեց, որ Եհովան է անհատին հոգևոր առումով աճեցնողը (Մարկ. 4։3–9, 26–29)։ Առակների միջոցով Հիսուսը նաև ընդգծեց երկրի վրա Թագավորության պատգամի ապշեցուցիչ աճը, ինչը միշտ չէ, որ սկզբում է նկատվում (Մատթ. 13։31–33)։ Նա շեշտեց այն միտքը, որ բարի լուրին արձագանքողներից ոչ բոլորն են հարմար Թագավորության հպատակ լինելու (Մատթ. 13։47–50)a։
2. Ցորենի և որոմների առակում ո՞ւմ է ներկայացնում լավ սերմը։
2 Ցորենի և որոմների առակը բացատրելիս Հիսուսը նշեց, որ պետք է հավաքվեն մարդիկ, ովքեր իր հետ կիշխեն Թագավորության մեջ։ Այդ առակն արձանագրված է Մատթեոս 13–րդ գլխում։ Թեև մեկ ուրիշ առակում Հիսուսը նշեց, որ ցանված սերմը «թագավորության խոսքն» է, սակայն այս առակում նա բացատրում է, որ լավ սերմը այլ բան է ներկայացնում՝ «թագավորության որդիներին» (Մատթ. 13։19, 38)։ Վերջիններս Թագավորության հպատակներ չեն, նրանք «որդիներ» են, կամ՝ Թագավորության ժառանգներ (Հռոմ. 8։14–17; կարդա՛ Գաղատացիներ 4։6, 7)։
Ցորենի և որոմների առակը
3. Բացատրիր, թե ինչ խնդրի առաջ կանգնեց արտի տերը և ինչպես լուծեց այդ խնդիրը։
3 Մատթեոս 13։24–30 համարներում նկարագրված է այս առակը. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, որը լավ սերմ ցանեց իր արտում։ Մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ ու գնաց։ Երբ ցորենը ծլեց և պտուղ տվեց, այդ ժամանակ երևացին նաև որոմները։ Եվ տանտիրոջ ծառաները եկան նրա մոտ ու հարցրեցին. «Տե՛ր, մի՞թե դու լավ սերմ չցանեցիր քո արտում, այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեցին որոմները»։ Նա էլ ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ բանը»։ Նրանք հարցրին. «Ուզո՞ւմ ես գնանք ու հավաքենք դրանք»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, որ չլինի թե որոմները հավաքելիս ցորենն էլ արմատախիլ անեք նրանց հետ։ Թողեք՝ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. նախ որոմները հավաքեք և խուրձ–խուրձ կապեք այրելու համար, իսկ հետո գնացեք և ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ»»։
4. ա) Ո՞ւմ է ներկայացնում առակի մարդը։ բ) Ե՞րբ և ինչպե՞ս Հիսուսը սկսեց ցանել սերմը։
4 Ո՞ւմ է ներկայացնում այն մարդը, որն իր արտում լավ սերմ ցանեց։ Ավելի ուշ առակի նշանակությունը բացատրելիս Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Լավ սերմ ցանողը մարդու Որդին է» (Մատթ. 13։37)։ Հիսուսը՝ «մարդու Որդին», իր երկրային ծառայության ժամանակ երեք ու կես տարիների ընթացքում պատրաստեց արտը սերմը ցանելու համար (Մատթ. 8։20; 25։31; 26։64)։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեից սկսած՝ նա ցանել է լավ սերմը՝ «թագավորության որդիներին»։ Սա ակներևաբար տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հիսուսը՝ Եհովայի ներկայացուցիչը, սկսեց սուրբ ոգին թափել իր աշակերտների վրա՝ օծելով նրանց որպես Աստծու որդիներb (Գործ. 2։33)։ Լավ սերմը աճեց ու դարձավ ցորեն։ Փաստորեն, ցանքի նպատակը օծյալներին ամբողջությամբ հավաքելն էր, որոնք Հիսուսի հետ իշխելու էին իր Թագավորության մեջ։
5. Ո՞վ է թշնամին, և ովքե՞ր են որոմները։
5 Իսկ ո՞վ է թշնամին, և ովքե՞ր են որոմները։ Հիսուսն ասաց, որ թշնամին «Բանսարկուն է», իսկ որոմները «Չարի որդիներն են» (Մատթ. 13։25, 38, 39)։ Որոմը մոլախոտ է։ Այս թունավոր բույսը սկզբնական շրջանում, քանի դեռ չի մեծացել, շատ նման է ցորենին։ Սա տեղին նկարագրում է այն քրիստոնյաներին, որոնք պնդում են, թե Թագավորության որդիներ են, սակայն պտուղ չեն բերում։ Այս կեղծավոր քրիստոնյաները, ովքեր իրենց համարում են Քրիստոսի հետևորդ, իրականում Բանսարկու Սատանայի «սերնդի» մաս են կազմում (Ծննդ. 3։15)։
6. Ե՞րբ ի հայտ եկան որոմները, և ինչպե՞ս քրիստոնյաները «քնի» մեջ ընկան։
6 Ե՞րբ հայտնվեցին որոմանման քրիստոնյաները։ «Մինչ մարդիկ քնած էին»,— ասաց Հիսուսը (Մատթ. 13։25)։ Իսկ թե երբ էին նրանք քնել, իմանում ենք եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակից. «Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո գիշատիչ գայլեր կմտնեն ձեր մեջ և հոտի հետ քնքշությամբ չեն վարվի, և հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործ. 20։29, 30)։ Պողոսը հորդորում էր երեցներին հոգևորապես արթուն մնալ։ Առաքյալները չէին թողնում, որ կեղծ ուսմունքներ ներթափանցեն ժողով, նրանք ասես պատնեշ լինեին հավատուրացության դեմ, սակայն նրանց մահից հետո շատ քրիստոնյաներ հոգևոր քնի մեջ ընկան (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 2։3, 6–8)։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ առավ մեծ հավատուրացությունը։
7. Արդյոք ցորե՞նը դարձավ որոմ։ Բացատրի՛ր։
7 Հիսուսը ոչ թե ասաց, որ ցորենը կդառնա որոմ, այլ որ ցորենի արտում որոմներ կցանվեն։ Փաստորեն, իսկական քրիստոնյաները չէին հեռանալու ճշմարտությունից։ Ընդհակառակը՝ առակից տեսնում ենք, որ Սատանան ամեն ջանք թափելու էր, որպեսզի ապականեր քրիստոնեական ժողովը. այդ պատճառով ժողով ներխուժեցին չար որոմանման մարդիկ։ Տարեց Հովհաննես առաքյալի օրերում արդեն կային կեղծ ուսուցիչներ, որոնք սուտ ուսմունքներ էին տարածում (2 Պետ. 2։1–3; 1 Հովհ. 2։18)։
«Թողեք՝ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը»
8, 9. ա) Ինչո՞ւ էր Հիսուսի ունկնդիրների համար տրամաբանական Տիրոջ հրահանգները։ բ) Ինչպե՞ս ցորենը և որոմները միասին աճեցին։
8 Շատ չանցած՝ տանտիրոջ ծառաները գալիս են տիրոջ մոտ ու հարցնում որոմների մասին. «Ուզո՞ւմ ես գնանք ու հավաքենք դրանք» (Մատթ. 13։27, 28)։ Գուցե տանտիրոջ պատասխանը զարմացնում է նրանց, սակայն նա պատվիրում է ոչ մի բան չանել, այլ թողնել, որ ցորենը և որոմները միասին աճեն մինչև հնձի ժամանակը։ Հիսուսի աշակերտներին այս խոսքերը տարօրինակ չթվացին։ Նրանք գիտեին, թե որքան դժվար է զանազանել ցորենը որոմիցc։ Ուստի հասկանալի է, թե ինչու Տերը պատվիրեց նրանց սպասել։
9 Դարերի ընթացքում քրիստոնյա աշխարհում ծլարձակեցին որոմները նախ Հռոմի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում, իսկ հետագայում նաև բողոքականության մեջ։ Սակայն նույն ժամանակահատվածում արտում շարունակում էր ցորենի ցանքը։ Ինչպես նշված էր առակում, տանտերը համբերատարությամբ սպասեց մինչև հունձը։
Երկար սպասված հունձը
10, 11. ա) Ե՞րբ եկավ հնձի ժամանակը։ բ) Ինչպե՞ս խորհրդանշական ցորենը սկսեց լցվել Եհովայի «ամբարի» մեջ։
10 Հիսուսն ասաց. «Հունձը իրերի համակարգի վախճանն է, իսկ հնձվորները հրեշտակներն են» (Մատթ. 13։39)։ Այս չար համակարգի վերջին օրերի ընթացքում Թագավորության որդիները պետք է առանձնանային որոմանման մարդկանցից։ Այս առնչությամբ Պետրոս առաքյալը գրել է. «Եկել է նշանակված ժամանակը, որ դատաստանը սկսվի Աստծու տնից։ Եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր չեն հնազանդվում Աստծու բարի լուրին» (1 Պետ. 4։17)։
11 Մի քանի տարի անց այն բանից հետո, երբ սկսվեց «իրերի համակարգի վախճանը», եկավ դատաստանի ժամը. նրանք, ովքեր պնդում էին, թե անկեղծ քրիստոնյաներ են, անկախ այն բանից՝ «թագավորության որդիներն» էին, թե «Չարի որդիները», քննության ենթարկվեցին։ Երբ սկսվեց հունձը, «նախ» Մեծ Բաբելոնը ընկավ, իսկ «հետո» Թագավորության որդիները համախմբվեցին մեկտեղ (Մատթ. 13։30)։ Իսկ խորհրդանշական ցորենը ինչպե՞ս սկսեց լցվել Եհովայի «ամբարի» մեջ։ Հնձած ցորենը՝ օծյալ քրիստոնյաները, կա՛մ ստացան իրենց երկնային վարձատրությունը, կա՛մ «բերվեցին» քրիստոնեական ժողով, որտեղ ունեին Աստծու հավանությունն ու պաշտպանությունը և մաքուր երկրպագություն էին մատուցում նրան։
12. Որքա՞ն էր տևելու հունձը։
12 Իսկ որքա՞ն էր տևելու հունձը, կամ՝ դատաստանը։ Առակում օգտագործված «հնձի ժամանակ» արտահայտությունը ցույց է տալիս, որ այն պետք է շարունակվեր մի որոշ ժամանակ (Հայտն. 14։15, 16)։ Օծյալների դատաստանը տևելու է վերջին օրերի ամբողջ ընթացքում։ Դա կտևի այնքան, մինչև նրանք կստանան իրենց վերջնական կնիքը (Հայտն. 7։1–4)։
13. Ինչպե՞ս են որոմները «գայթակղություն պատճառում և անօրենություն գործում»։
13 Ովքե՞ր են հավաքվում «Թագավորության միջից», և ինչպե՞ս են նրանք «գայթակղություն պատճառում ու անօրենություն գործում» (Մատթ. 13։41)։ Քրիստոնեական աշխարհի որոմանման հոգևորականները դարեր շարունակ միլիոնավոր մարդկանց են մոլորության մեջ գցել։ Նրանք դա արել են «այն բաների միջոցով, որոնք գայթակղություն են պատճառում»՝ Աստծուն անարգող ուսմունքների, օրինակ՝ դժոխքում հավիտյան տանջվելու, առեղծվածային Երրորդության և այլ ուսմունքների միջոցով։ Շատ կրոնական առաջնորդներ վատ օրինակ են թողել իրենց հոտի անդամներին՝ աշխարհի հետ ընկերություն անելով, որոշ դեպքերում անգամ նողկալի անբարո վարք դրսևորելով (Հակ. 4։4)։ Դեռ ավելին, ժամանակի ընթացքում նրանք սկսել են ավելի շատ հանդուրժել անառակ վարքը (կարդա՛ Հուդա 4)։ Չնայած այս ամենին՝ այդ կրոնավորները շարունակում են ցույց տալ, թե իրենք աստվածավախ են և բարեպաշտ։ Որքա՜ն ուրախ են Թագավորության որդիները, որ առանձնացել են որոմանման մարդկանցից և ազատվել են կեղծ ուսմունքներից։
14. Ի՞նչ իմաստով են որոմները լացում և իրենց ատամները կրճտացնում։
14 Ի՞նչ իմաստով են որոմները լացում և իրենց ատամները կրճտացնում (Մատթ. 13։42)։ «Չարի որդիները» տանջվում են, քանի որ «թագավորության որդիները» մերկացնում են նրանց և բացահայտում են իրենց թունավոր ուսմունքները։ Նրանք լացում են, քանի որ իրենց եկեղեցիների անդամների աջակցությունը գնալով նվազում է, և իրենք կորցնում են իրենց իշխանությունը նրանց վրա (կարդա՛ Եսայիա 65։13, 14)։
15. Ի՞նչ իմաստով են որոմանման քրիստոնյաները կրակով այրվում։
15 Իսկ ի՞նչ իմաստով են որոմները «հավաքվում և կրակով այրվում» (Մատթ. 13։40)։ Այն իմաստով, որ նրանց վերջնական կործանում է սպասում։ Կրակոտ հնոցի մեջ նետվելը ցույց է տալիս, որ նրանք մեկընդմիշտ կործանման են դատապարտվելու (Հայտն. 20։14; 21։8)։ Որոմանման քրիստոնյաները, որոնք իրականում խաբեբաներ են, «մեծ նեղության» ժամանակ կկործանվեն (Մատթ. 24։21)։
Նրանք արևի նման պայծառ կշողան
16, 17. Ի՞նչ մարգարեացավ Մաղաքիան Աստծու տաճարի վերաբերյալ, և ինչպե՞ս այդ մարգարեությունը կատարվեց։
16 Իսկ ե՞րբ ցորենանման քրիստոնյաները սկսեցին «արևի նման պայծառ շողալ» (Մատթ. 13։43)։ Աստծու տաճարը հոգևոր առումով մաքրելու առնչությամբ Մաղաքիան մարգարեացել էր. «Յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։ Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։ Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. եւ նորանք կ’լինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար» (Մաղ. 3։1–3)։
17 Այս մարգարեությունը, ակներևաբար, կատարվեց 1918 թ.–ին, երբ Եհովան «ուխտի հրեշտակի»՝ Հիսուս Քրիստոսի հետ ստուգեց և մաքրեց հոգևոր տաճարը։ Մաղաքիան գրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ ստուգումը ավարտվում է. «Դուք ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղ. 3։18)։ Ճշմարիտ քրիստոնյաների աշխույժ գործունեությունը մատնանշում է հնձի սկիզբը։
18. Ի՞նչ էր մարգարեացել Դանիելը մեր օրերի վերաբերյալ։
18 Դանիել մարգարեն նույնպես մեր օրերի վերաբերյալ կանխագուշակել էր. «Իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսի պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից» (Դան. 12։3)։ Իսկ ովքե՞ր են լույսի պես փայլողները։ Անշուշտ, ցորենանման օծյալ քրիստոնյաներն են, որոնց մասին Հիսուսը խոսեց ցորենի և որոմների առակում։ Հավաքի շնորհիվ մեծ բազմության գառնանման անդամները հստակ տեսնում են, թե ովքեր են որոմները՝ կեղծ քրիստոնյաները, և միանում են հոգևոր Իսրայելի մնացորդին։ Նրանք հույս ունեն, որ կլինեն Հիսուսի Թագավորության հպատակները, և իրենց լույսը նույնպես փայլեցնում են այս խավար աշխարհում (Զաք. 8։23; Մատթ. 5։14–16; Փիլիպ. 2։15)։
19, 20. Ինչի՞ն են անհամբերությամբ սպասում «թագավորության որդիները»։ Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
19 Այսօր «թագավորության որդիները» անհամբերությամբ սպասում են իրենց փառահեղ երկնային վարձատրությանը (Հռոմ. 8։18, 19; 1 Կորնթ. 15։53; Փիլիպ. 1։21–24)։ Սակայն նախքան այդ օրը կգա, նրանք պետք է հավատարիմ մնան, շարունակեն արևի նման պայծառ շողալ՝ տարբերվելով «Չարի որդիներից» (Մատթ. 13։38; Հայտն. 2։10)։ Որքա՜ն ուրախ ենք, որ առանձնաշնորհում ունենք տեսնելու, թե ինչպես է մեր օրերում տեղի ունենում որոմների այս խորհրդանշական «հավաքը»։
20 Իսկ ի՞նչ կապ գոյություն ունի Թագավորության որդիների և գնալով մեծացող մեծ բազմության անդամների միջև, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա որպես Թագավորության հպատակներ։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցին։
[Ծանոթագրություններ]
a Առակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 2008 թ. հուլիսի 15–ի համարը, էջ 12–21։
b Այս առակում ցանքը չի խորհրդանշում քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, որի արդյունքում նորերը դառնում են օծյալ քրիստոնյաներ։ Արտում ցանված լավ սերմի վերաբերյալ Հիսուսն ասաց. «Լավ սերմը թագավորության որդիներն են [ոչ թե «կդառնան»]»։ Ցանել նշանակում է օծել Թագավորության որդիներին։
c Հողագործությամբ զբաղվողները գիտեն, որ այս մոլախոտի արմատները այնքան ամուր են միահյուսվում ցորենի արմատներին, որ նախքան հունձը դրանք պոկելը մեծ վնաս կհասցնի ցորենին (տե՛ս «Գրությունների ըմբռնում», հատոր 1, էջ 1178, անգլ.)։
Հիշո՞ւմ ես
Ցորենի և որոմների մասին Հիսուսի առակում ի՞նչ է խորհրդանշում
• լավ սերմը,
• մարդը, որը ցանեց սերմը,
• սերմի ցանքը,
• թշնամին,
• որոմները,
• հնձի ժամանակը,
• ամբարը,
• լացը և ատամների կրճտոցը,
• կրակի հնոցը։
[Նկարներ 20–րդ էջի վրա]
Մ.թ. 33 . Պենտեկոստեին սկսվեց լավ սերմի ցանքը
[Նկար 23–րդ էջի վրա]
Խորհրդանշական ցորենը սկսել է լցվել Եհովայի «ամբարը»
[Թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.