Մատթեոս
13 Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ ու գնաց նստեց ծովի ափին: 2 Մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը, ուստի նա նավակ նստեց, իսկ մարդիկ մնացին ծովափին կանգնած:+ 3 Եվ նա սկսեց առակներով շատ բաներ սովորեցնել նրանց.+ «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու:+ 4 Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք:+ 5 Որոշ սերմեր ընկան ժայռոտ մասերում, որտեղ բավականաչափ հող չկար: Դրանք անմիջապես ծիլ տվեցին, որովհետև հողը խորը չէր:+ 6 Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու չորացան, քանի որ խոր արմատ չէին գցել: 7 Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը աճեցին ու խեղդեցին դրանք:+ 8 Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ և աճեցին ու սկսեցին պտուղ տալ. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ՝ երեսնապատիկ:+ 9 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+
10 Աշակերտները մոտեցան Հիսուսին ու հարցրին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»:+ 11 Նա էլ պատասխանեց. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները,+ իսկ նրանց՝ ոչ: 12 Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 13 Դա է պատճառը, որ նրանց հետ առակներով եմ խոսում: Չէ՞ որ նրանք նայում են, բայց հենց այնպես են նայում, լսում են, բայց հենց այնպես են լսում և իմաստը չեն ըմբռնում:+ 14 Նրանց դեպքում կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «Կլսեք, բայց իմաստը չեք ըմբռնի, կնայեք, բայց չեք տեսնի:+ 15 Այս ժողովրդի սիրտն անզգայացել է: Իրենց ականջներով լսում են, բայց չեն արձագանքում: Փակում են իրենց աչքերն ու ականջները՝ չցանկանալով տեսնել, լսել և սրտով ըմբռնել իմաստն ու հետ դառնալ ինձ մոտ, որ ես բուժեմ նրանց»:+
16 Սակայն երջանիկ եք դուք, քանի որ ձեր աչքերը տեսնում են, և ձեր ականջները լսում են:+ 17 Հավաստիացնում եմ ձեզ. շատ մարգարեներ ու արդար մարդիկ էին ցանկանում տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան,+ և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին:
18 Հիմա լսեք սերմնացանի մասին առակի բացատրությունը:+ 19 Երբ մեկը լսում է Թագավորության մասին խոսքը, սակայն չի հասկանում դրա իմաստը, Չարը+ գալիս է և հափշտակում նրա սրտում ցանվածը. սա ճանապարհի եզրին ցանվածն է:+ 20 Ժայռոտ մասերում ցանվածի նշանակությունն այն է, որ երբ մարդ լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն,+ 21 սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրա մեջ, նա մի որոշ ժամանակ հավատում է, բայց երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, անմիջապես հետ է կանգնում: 22 Փշերի մեջ ցանվածի նշանակությունն այն է, որ մարդ լսում է խոսքը, բայց այս աշխարհի* հոգսերն+ ու հարստության մոլորեցնող հրապույրը խեղդում են այն, և խոսքը անպտուղ է լինում:+ 23 Իսկ լավ հողի մեջ ցանվածի նշանակությունն այն է, որ մարդ լսում է խոսքը, հասկանում է և պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, մեկ ուրիշն էլ՝ երեսնապատիկ»:+
24 Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, ով լավ սերմ ցանեց իր արտում: 25 Մինչ բոլորը քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ* ցանեց ցորենի մեջ ու գնաց: 26 Երբ ցորենը աճեց ու հասկեր տվեց, այդ ժամանակ որոմներն էլ հստակ երևացին: 27 Ուստի տանտիրոջ ծառաները եկան նրա մոտ ու հարցրին. «Տե՛ր, դու լավ սերմ չէի՞ր ցանել արտում: Այդ դեպքում որտեղի՞ց են հայտնվել որոմները»: 28 Նա էլ ասաց. «Թշնամու արածն է»:+ Նրանք հարցրին. «Կուզե՞ս գնանք ու քաղհանենք դրանք»: 29 Տերը ասաց. «Ո՛չ, միգուցե որոմը քաղհանելիս ցորենն էլ արմատախիլ անեք: 30 Թողեք, որ երկուսը միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք այրելու համար, հետո ցորենը հավաքեք և տարեք իմ ամբար»»»:+
31 Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ ցանեց իր արտում:+ 32 Թեև այն ամենափոքրն է բոլոր սերմերի մեջ, բայց աճելով ծառ է դառնում և բանջարանոցային բույսերի մեջ ամենամեծն է լինում, ու երկնքի թռչունները գալիս բույն են դնում դրա ճյուղերի մեջ»:
33 Նա ևս մեկ առակ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է թթխմորի, որը մի կին խառնում է երեք գրիվ* ալյուրի հետ, և այդպես ամբողջ զանգվածը խմորվում է»:+
34 Այս ամենի մասին Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր առակներով: Առանց առակի չէր խոսում նրանց հետ:+ 35 Եվ այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով ասվածը. «Ես առակներով կխոսեմ և սկզբից ի վեր* գաղտնի պահված բաները կհռչակեմ»:+
36 Ժողովրդին ճանապարհելուց հետո Հիսուսը մի տուն մտավ: Աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Բացատրիր մեզ արտում ցանված որոմների առակը»: 37 Նա էլ ասաց. «Լավ սերմ ցանողը մարդու Որդին է, 38 արտը աշխարհն է:+ Լավ սերմը Թագավորության որդիներն են, իսկ որոմները Չարի որդիներն են:+ 39 Թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է, հունձը՝ աշխարհի* վախճանի ժամանակները, իսկ հնձվորները հրեշտակներն են: 40 Ինչպես որոմն են հավաքում ու այրում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանի ժամանակներում.+ 41 մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք իր թագավորությունից կհավաքեն բոլոր նրանց, ովքեր* մարդկանց մեղքի են դրդում, և ովքեր անօրենություն են գործում, 42 ու նրանց կգցեն բոցավառ հնոցը:+ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները: 43 Իսկ արդարները արևի պես կշողան+ իրենց Հոր թագավորության մեջ: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի:
44 Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում: Նա այնքան է ուրախանում, որ գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը:+
45 Երկնքի թագավորությունը նաև նման է թանկարժեք մարգարտի, ինչպիսիք փնտրում է ճամփորդող վաճառականը: 46 Գտնելով այդպիսի մարգարիտ՝ նա գնում, իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն:+
47 Նաև երկնքի թագավորությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձկներ են հավաքվում: 48 Երբ ուռկանը լցվում է, մարդիկ այն ափ են քաշում, նստում ու լավ ձկները+ լցնում են տարաների մեջ, իսկ անպետքները+ դեն են գցում: 49 Այդպես էլ կլինի այս աշխարհի վախճանի ժամանակներում. հրեշտակները դուրս կգան, արդարների միջից կառանձնացնեն անօրեններին 50 ու կգցեն բոցավառ հնոցը: Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները:
51 Հասկացա՞ք այս ամենի իմաստը»: Աշակերտներն էլ պատասխանեցին. «Այո՛»: 52 Ապա Հիսուսն ասաց նրանց. «Ուրեմն իմացեք, որ մարդկանց ուսուցանող ամեն ոք, ով սովորում է երկնքի թագավորության մասին, նմանվում է մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից»:
53 Այս առակները պատմելուց հետո Հիսուսը հեռացավ այդտեղից: 54 Եվ գալով իր հայրենի վայրերը՝+ սկսեց ժողովարանում ուսուցանել մարդկանց: Նրանք զարմացած ասում էին. «Որտեղի՞ց այս մարդուն այդ իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը:+ 55 Չէ՞ որ սա ատաղձագործի որդին է,+ մոր անունն էլ Մարիամ է: Նրա եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան չե՞ն:+ 56 Քույրերն էլ մեզ հետ նույն քաղաքում են ապրում: Այդ դեպքում որտեղի՞ց նրան այդ բոլոր ունակությունները»:+ 57 Այսպես մտածելով՝ չէին ընդունում նրան:+ Հիսուսն էլ ասաց. «Մարգարեն ամենուրեք պատվի է արժանանում՝ բացի իր հայրենի վայրերից և իր իսկ տնից»:+ 58 Եվ նրանց անհավատությունը տեսնելով՝ այնտեղ շատ հրաշքներ չարեց: