Գուցե շահես քո եղբորը
«Գնա՛ յանդիմանիր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր» (Մատթէոս 18։15)։
1, 2. Հիսուսն ի՞նչ գործնական խորհուրդ տվեց քրիստոնյաների միջև ծագող խնդիրները լուծելու վերաբերյալ։
ՄԻՆՉԵՎ իր ծառայության ավարտը մնում էր մոտավորապես մի տարի, և Հիսուսն իր աշակերտներին կարևոր դասեր ուներ տալու։ Այդ մասին կարող ես կարդալ Մատթէոս 18–րդ գլխում։ Դրանցից մեկը մանուկների պես խոնարհ լինելու կարևորությունն էր։ Որից հետո նա շեշտեց, որ մենք պիտի խուսափենք «այս փոքրիկներից մէկին» գայթակղեցնելուց և փորձենք օգնել մոլորված «փոքրիկներին» վերականգնվել, որպեսզի չկորչեն։ Ապա Հիսուսը քրիստոնյաների միջև ծագող խնդիրները լուծելու վերաբերյալ մի թանկարժեք, գործնական խորհուրդ ավելացրեց։
2 Հավանաբար հիշում ես նրա այս խոսքերը. «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա՛ յանդիմանիր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ’ասես հաւատացեալների ժողովում, իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը» (Մատթէոս 18։15—17)։ Ե՞րբ և ի՞նչ նպատակով է հարկավոր կիրառել այս խորհուրդը։
3. Ընդհանրապես, հավատակիցների սխալների հանդեպ ի՞նչ մոտեցում է հարկավոր ունենալ։
3 Նախորդ հոդվածում խոսվեց այն մասին, որ մեր անկատարության և սխալներ գործելու հակումն ունենալու պատճառով պետք է ներողամտություն մշակենք։ Սա հատկապես տեղին է, երբ հավատակցի ասածը կամ արածը վիրավորանք է պատճառել քեզ (Ա Պետրոս 4։8)։ Հաճախ լավագույն միջոցը վիրավորանքը պարզապես անտեսելն է, այսինքն՝ ներելն ու մոռանալը։ Սա կարելի է համարել քրիստոնյա ժողովի խաղաղությանը նպաստող միջոցներից մեկը (Սաղմոս 133։1, Արևմտ. Աստ.; Առակաց 19։11)։ Այնուհանդերձ, կարող է այնպես պատահել, որ զգաս, թե հարցը պետք է լուծել քեզ վիրավորանք պատճառած եղբոր կամ քրոջ հետ։ Նման դեպքում կարող ես առաջնորդվել Հիսուսի վերոհիշյալ խոսքերով։
4. Սկզբունքորեն ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթէոս 18։15–ում արձանագրված խորհուրդը ուրիշի սխալների հանդեպ։
4 Հիսուսը խորհուրդ տվեց. «Յանդիմանիր նրան, երբ դու եւ նա մենակ էք»։ Սա իմաստուն քայլ է։ Գերմաներեն Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այս խոսքերը ձևակերպված են այսպես՝ ներկայացնել սխալը «չորս աչքերով», այսինքն՝ քո և նրա։ Բարյացակամորեն, երես առ երես քննարկվող հարցը սովորաբար հեշտությամբ է լուծվում։ Այն եղբայրը, որը վիրավորել կամ կոպիտ է վարվել, գուցե ավելի պատրաստակամ լինի սխալն ընդունելու, եթե դուք միայն երկուսով լինեք։ Եթե այդ մասին տեղյակ լինեն նաև ուրիշները, գուցե նա, մարդկային անկատարությունից ելնելով, ժխտի իր սխալ լինելը կամ փորձի արդարացնել իր արարքը։ Իսկ հարցը «չորս աչքերով» քննարկելու դեպքում կարող ես հայտնաբերել, որ այն ոչ թե մեղք կամ կանխամտածված վիրավորանք էր, այլ թյուրիմացություն։ Երբ երկուսդ գիտակցեք, որ պարզապես իրար ճիշտ չեք հասկացել, ի վիճակի կլինեք վճռել այդ աննշան խնդիրը՝ թույլ չտալով, որ այն զարգանա և արդյունքում վնասվեն ձեր փոխհարաբերությունները։ Հետևաբար, Մատթէոս 18։15–ում արձանագրված սկզբունքը կիրառելի է անգամ առօրյա կյանքում հանդիպող փոքր վիրավորանքների դեպքում։
Ի՞նչ էր ուզում նա ասել
5, 6. Ելնելով համատեքստից՝ Մատթեոս 18։15 խոսքը ո՞ր մեղքերին է վերաբերվում, և ինչի՞ց է դա երևում։
5 Իրականում, Հիսուսի տված խորհուրդը վերաբերվում էր ավելի լուրջ հարցերին։ Նա ասաց. «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի»։ Ընդհանուր առմամբ, մեղանչելը որևէ մեղք կամ սխալ գործելն է (Յոբ 2։10; Առակաց 21։4; Յակոբոս 4։17)։ Բայց, ելնելով համատեքստից, տվյալ մեղքը պիտի լուրջ լիներ, այնքան լուրջ, որ կարող էր հասցնել այն բանին, որ մեղավորը համարվեր «ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը»։ Իսկ ինչպե՞ս հասկանալ այս արտահայտությունը։
6 Հիսուսի աշակերտները, որոնք լսում էին այս խոսքերը, գիտեին, որ իրենց հայրենակիցները ոչ–հրեաների հետ շփում չունեին (Յովհաննէս 4։9; 18։28; Գործք 10։28)։ Իսկ մաքսավորներից բացահայտորեն խուսափում էին, քանի որ վերջիններս, ծագումով հրեա լինելով հանդերձ, իրենց ժողովրդի հետ վատ էին վարվում։ Հետևաբար, Մատթէոս 18։15—17 խոսքերում արձանագրվածը հիմնականում վերաբերվում էր լուրջ մեղքերին, և ոչ թե անձնական վիրավորանքներին, որոնք պարզապես կարելի է ներել ու մոռանալ (Մատթէոս 18։21, 22)։a
7, 8. ա) Ո՞ր կարգի մեղքերը պետք է երեցների կողմից քննարկվեին։ բ) Ըստ Մատթէոս 18։15—17 խոսքերի՝ ի՞նչ մեղքեր կարող էին հարթվել երկու քրիստոնյաների միջև։
7 Ըստ Մովսիսական օրենքի՝ որոշ մեղքերի դեպքում ավելին էր պահանջվում, քան միայն ներողություն խնդրելը այն անձից, որի դեմ կատարվել էր մեղքը։ Այնպիսի մեղքերի մասին, ինչպիսիք էին աստվածանարգությունը, հավատուրացությունը, կռապաշտությունը և սեռական հողի վրա կատարված մեղքերը՝ պոռնկությունը, շնությունն ու համասեռամոլությունը, հարկավոր էր հայտնել երեցներին (կամ քահանաներին), որպեսզի նրանք վճիռ կայացնեին։ Այսպես է կարգը նաև քրիստոնեական ժողովում (Ղեւտացոց 5։1; 20։10—13; Թուոց 5։30; 35։12; Բ Օրինաց 17։9; 19։16—19; Առակաց 29։24)։ Սակայն, նկատի առ, որ այնպիսի մեղքեր գործելիս, որոնց մասին Հիսուսն էր խոսում, խնդիրը կարող էր քննարկվել երկու անձանց միջև։ Ահա մի քանի օրինակներ. մեկը, զայրույթից կամ նախանձից դրդված, բամբասել է իր հավատակցին։ Քրիստոնյան իր վրա պարտավորություն է վերցրել ինչ–որ աշխատանք կատարել առանձնահատուկ շինանյութերով և կոնկրետ ժամանակում այն ավարտել։ Մեկ ուրիշ քրիստոնյա համաձայնվել է վերցրած պարտքը վճարել որոշված ժամկետին, կամ էլ պայմանավորվել է որոշակի ժամանակահատվածում գումարն աստիճանաբար վերադարձնել։ Կամ քրիստոնյաներից մեկը խոստացել է, որ եթե գործատերը իրեն սովորեցնի տվյալ արհեստը, ապա ինքը պայմանավորված ժամկետի ընթացքում կամ տվյալ տարածքում չի մրցակցի կամ փորձի դեպի իրեն գրավել նրա պատվիրատուներին (անգամ աշխատանքը փոխելու դեպքում)։b Եթե այս թվարկված դեպքերում եղբայրը չի պահել իր խոսքը և այդպիսի իրավախախտումների համար չի զղջում, ապա հարցն արդեն լուրջ ընթացք կընդունի (Յայտնութիւն 21։8)։ Բայց և այնպես, նման խնդիրները կարող են հարթվել երկու կողմերի միջև։
8 Իսկ ի՞նչ հետևողականությամբ ես հարցը լուծելու։ Հիսուսի խոսքերը հաճախ հասկանում են իրար հաջորդող երեք քայլերի ձևով։ Եկեք քննարկենք դրանցից յուրաքանչյուրը։ Դրանք որպես հաստատուն, դատավարական փուլեր նկատելու փոխարեն՝ փորձիր հասկանալ դրանց էությունը՝ տեսադաշտից երբեք բաց չթողնելով սիրուց մղված քո նպատակը։
Փորձիր շահել քո եղբորը
9. Մատթէոս 18։15–ում արձանագրված սկզբունքը կիրառելով՝ ի՞նչ բան պիտի մտապահենք։
9 Հիսուսը հետևյալ խոսքերով սկսեց իր խորհուրդը. «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա՛ յանդիմանիր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր»։ Պարզ է, որ սա միայն կասկածների վրա հիմնված քայլ չէ։ Քեզ փաստ կամ կոնկրետ տեղեկություն է հարկավոր ունենալ, որով կկարողանաս օգնել եղբորդ տեսնելու, որ նա անարդար է վարվել և հարցերը շտկելու կարիք կա։ Ճիշտ կլիներ արագ գործել՝ թույլ չտալով, որ հարցը բարդանա կամ բուն դնի քո եղբոր սրտում։ Եվ մի՛ մոռացիր, որ դրանով շատ մտահոգվելը կարող է վնասել քեզ։ Քանի որ զրույցը պետք է տեղի ունենա միայն քո և նրա միջև, խուսափիր նախօրոք ուրիշների հետ խոսել այդ մասին նրանց համակրանքը շահելու կամ ինքդ քո աչքում ավելի բարձրանալու համար (Առակաց 12։25; 17։9)։ Իսկ ինչո՞ւ. հանուն քո նպատակի։
10. Ո՞ր մոտեցումը կօգնի շահել մեր եղբորը։
10 Նպատակդ պիտի լինի շահել քո եղբորը, և ոչ թե պատժել, ստորացնել կամ խորտակել նրան։ Եթե նա իրոք չարություն է գործել, ուրեմն Եհովայի հետ ունեցած նրա հարաբերությունները հարցի տակ են դրված։ Իհարկե, դու չես ցանկանում, որ նա զրկվի քո հոգևոր եղբայրը լինելուց։ Հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ կլինի, եթե երես առ երես տեղի ունեցող զրույցի ընթացքում մնաս հանգիստ՝ խուսափելով կոպիտ խոսելուց կամ մեղադրական տոնով արտահայտվելուց։ Այս հանդիպման ընթացքում, որի մղիչ ուժը սերն է, աշխատիր չմոռանալ, որ երկուսդ էլ անկատար, մեղանչող մարդիկ եք (Հռովմայեցիս 3։23, 24)։ Եթե, ի վերջո, նա հասկանա, որ դու չես բամբասել իր մասին և որ անկեղծորեն ցանկանում ես օգնել իրեն, գուցե կարողանաք հարցը հեշտությամբ լուծել։ Այս սիրալիր, պարզ մոտեցումը հատկապես իմաստուն կդառնա, եթե ի հայտ գա, որ դուք երկուսդ էլ ունեք մեղքի ձեր բաժինը կամ իրար ճիշտ չեք հասկացել (Առակաց 25։9, 10; 26։20; Յակոբոս 3։5, 6)։
11. Ի՞նչ կարող ենք անել նույնիսկ այն դեպքում, երբ մեր դեմ մեղանչող անձը չի ընդունում իր սխալը։
11 Եթե օգնում ես նրան հասկանալ, որ անարդարություն է տեղի ունեցել, և դա իրոք լուրջ է, գուցե նա հակված լինի զղջալու։ Սակայն, չի բացառվում նաև, որ զղջալուն արգելք հանդիսանա հպարտությունը (Առակաց 16։18; 17։19)։ Ուստի, անգամ այն դեպքում, եթե նա սկզբում չի ընդունում իր սխալը և չի զղջում, նախքան հաջորդ քայլին անցնելը կարող ես մի փոքր սպասել։ Հիսուսը չասաց. ‘Գնա՛ հանդիմանիր նրան միայն մեկ անգամ’։ Քանի որ տվյալ մեղքն այնպիսին չէ, որն անպայման կողմնակի միջամտություն է պահանջում, ապա մտածիր կրկին անգամ Գաղատացիս 6։1–ում արձանագրվածի ոգով և երես առ երես նրան մոտենալու մասին։ Այս անգամ գուցե հաջողություն ունենաս (համեմատիր Յուդա 22, 23)։ Այնուհանդերձ, ինչպե՞ս վարվել, երբ համոզված ես, որ մեղք է գործվել, իսկ նա չի ընդունում այն։
Օգնության համար դիմիր հասուն մարդկանց
12, 13. ա) Ո՞րն էր Հիսուսի առաջարկած երկրորդ քայլը։ բ) Այդ քայլն անելիս նախապես ի՞նչ բան պիտի հաշվի առնես։
12 Եթե նույնիսկ դու ծանր մեղք գործած լինեիր, կցանկանայի՞ր, որ ուրիշներն արագորեն ետ քաշվեին քեզանից։ Դժվար թե։ Հիսուսը ցույց տվեց, որ առաջին քայլն անելուց հետո չպիտի կանգ առնես և դադարես եղբորդ շահելու փորձերից և ամեն ջանք պիտի ներդնես Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելիս նրան քո և ուրիշների կողքին միշտ տեսնելու համար։ Հիսուսն այսպես ներկայացրեց հաջորդ քայլը. «Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ»։
13 Հիսուսն ասաց վերցնել «մէկին եւ կամ երկուսին»։ Նա չէր ուզում ասել, որ առաջին քայլն անելուց հետո դու ազատորեն կարող ես խնդիրը քննարկել ուրիշների հետ, կապ հաստատել շրջագայող վերակացուի հետ կամ այդ մասին գրել եղբայրներին։ Որքան էլ համոզված լինես, որ անարդարություն է տեղի ունեցել, միևնույն է, պետք է մտածես, որ այն դեռ լիովին հաստատված չէ։ Ինչ խոսք, դու չէիր ցանկանա սխալ տեղեկություն տարածել, իսկ հետո պարզվեր, որ քո կողմից դա զրպարտություն էր (Առակաց 16։28; 18։8)։ Բայց Հիսուսն ասաց վերցնել մեկին կամ երկուսին քեզ հետ. ինչո՞ւ, և ովքե՞ր պիտի լինեին նրանք։
14. Երկրորդ քայլին դիմելիս ո՞ւմ կարող ես վերցնել քեզ հետ։
14 Դու փորձում ես շահել եղբորդ՝ համոզելով, որ անարդարություն է կատարվել և ամեն բան անելով, որպեսզի նա զղջա և վերականգնի խաղաղությունը քո, ինչպես նաև Աստծո հետ։ Այս նպատակին հասնելու համար նախընտրելի կլիներ, եթե «մէկը կամ երկուսը» կատարված զանցանքի վկաները լինեին։ Միգուցե նրանք այդ պահին ներկա են եղել կամ ստույգ տեղեկություններ ունեն գործարքային աշխատանքում կատարվածի (կամ չկատարվածի) մասին։ Եթե նման վկաներ չկան, գուցե խնդրես ներկա գտնվել այն մարդկանց, ովքեր, ծանոթ լինելով տվյալ բնագավառին, ի վիճակի կլինեն հաստատել կատարվածի իսկապես անարդար լինելը։ Բացի դրանից, եթե հետագայում հարկ լինի, նրանք կհաստատեն քննարկվածը, ներկայացված փաստերը և կվկայեն թափված ջանքերի մասին (Թուոց 35։30; Բ Օրինաց 17։6)։ Հետևաբար, նրանք ոչ թե պարզապես չեզոք անձնավորություններ կամ միջնորդ–դատավորներ են, այլ նրանց ներկայության նպատակն է ամեն կերպ շահել քո եղբորը։
15. Տվյալ պարագայում քրիստոնյա երեցների ներկայությունը ինչպե՞ս կարող է օգնել։
15 Պարտադիր չէ, որ քո հրավիրած մարդիկ ժողովի երեցներից լինեն։ Այնուհանդերձ, եթե հասուն քրիստոնյա լինելուց բացի նրանք նաև երեց են, կարող են մեծապես աջակցել ձեզ իրենց հոգևոր հատկություններով։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում» (Եսայիա 32։1, 2)։ Նրանք քույր–եղբայրների հետ զրույցներ անցկացնելու և նրանց հոգևոր վիճակը վերականգնելու գործում մեծ փորձ ունեն։ Իսկ մեղավոր անձը նման «մարդկանց տեսքով պարգևներին» վստահելու լավ հիմքեր ունիc (Եփեսացիս 4։8, 11, 12; ՆԱ)։ Հնարավոր է, որ հարցն այդ կարգի հոգևոր հասուն անհատների ներկայությամբ քննարկելը և նրանց հետ միասին Եհովային աղոթքով դիմելը բոլորովին այլ մթնոլորտ ստեղծի և վճռի անլուծելի թվացող խնդիրը (համեմատիր Յակոբոս 5։14, 15)։
Նրան շահելու վերջնական ջանքերը
16. Ո՞րն է Հիսուսի նշած երրորդ քայլը։
16 Եթե երկրորդ քայլով խնդիրը չի լուծվում, ապա երրորդ քայլը կատարվում է անպայման ժողովի վերակացուների օգնությամբ։ «Իսկ եթէ [մեկին կամ երկուսին] էլ չլսի, կ’ասես հաւատացեալների ժողովում, իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը»։ Ինչի՞ն է սա հանգեցնում։
17, 18. ա) Ո՞ր ընթացակարգն է պարզաբանում «կ’ասես հաւատացեալների ժողովում» արտահայտության իմաստը։ բ) Այսօր ինչպե՞ս է կատարվում այդ քայլը։
17 Ժողովի վերակացուների օգնությանը դիմելը չի նշանակում, որ մեղքին կամ վիրավորանքին վերաբերող հարցը պիտի քննարկվի ժողովի սովորական կամ հատուկ հանդիպման ընթացքում։ Գործի համապատասխան ընթացակարգը որոշելու համար մեզ կրկին օգնության է հասնում Աստծո Խոսքը։ Եկեք տեսնենք, թե հին Իսրայելում ինչ վերաբերմունք պիտի ցույց տրվեր ըմբոստների, շատակերների և գինեմոլների նկատմամբ. «Եթէ մէկ մարդ մի անզգամ եւ անհնազանդ տղայ ունենայ, որ իր հօր եւ իր մօր խօսքին չէ լսում, եւ երբոր նորան խրատում են՝ նորանց մտիկ չէ անում. Այն ժամանակ նորա հայրը եւ մայրը նորան բռնեն եւ նորան դուրս տանեն քաղաքի ծերերի («երեցների», ՆԱ) մօտ եւ նորա բնակած տեղի դուռը. Եւ քաղաքի ծերերին («երեցներին», ՆԱ) ասեն՝ Մեր այս տղան անզգամ եւ անհնազանդ է, մեր ձայնին չէ լսում, լափող եւ լակող է. Այն ժամանակ նորա քաղաքի բոլոր մարդիկը քարերով քարկոծեն նորան» (Բ Օրինաց 21։18—21)։
18 Մարդու գործած մեղքերի մասին լսում և դատում էին ոչ թե ամբողջ ազգը կամ այն ցեղը, որին պատկանում էր մեղավորը, այլ ճանաչված «ծերերը» («երեցները», ՆԱ), որոնք ներկայացնում էին ժողովը (համեմատիր Բ Օրինաց 19։16, 17–ի հետ, որտեղ խոսվում է մի հարցի մասին, որը պիտի քննարկվեր «այն ժամանակի քահանաների եւ դատաւորների» կողմից)։ Նմանապես այսօր, երբ երրորդ քայլը ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջանում, հարցը քննարկում են երեցները՝ ժողովի ներկայացուցիչները, որոնց նպատակը նույնն է՝ հնարավորության դեպքում շահել քրիստոնյա եղբորը։ Իրենց այդ նպատակը նրանք արտահայտում են արդարություն ցուցաբերելով, ոչ թե նախօրոք որոշում կայացնելով կամ կողմնակալ դիրք բռնելով։
19. Հարցը լսելու համար նշանակված երեցները ինչպե՞ս կվարվեն։
19 Այդ երեցները փորձում են կշռել փաստերը և լսել վկայությունները, որպեսզի պարզաբանեն, թե արդյոք իրականում մեղք գործվե՞լ է (կամ շարունակվո՞ւմ է կատարվել)։ Նրանք ցանկանում են ամեն կերպ ժողովը պաշտպանել ապականությունից և այս աշխարհի ոգուց (Ա Կորնթացիս 2։12; 5։7)։ Դրսևորելով իրենց այն հատկությունները, որոնք պետք է ունենան համաձայն Աստվածաշնչի՝ նրանք ջանք կթափեն «յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին» (Տիտոս 1։9)։ Հուսով ենք, որ մեղավորն իրեն չի պահի այն իսրայելացիների պես, որոնց մասին Եհովայի մարգարեն գրեց. «Կանչեցի եւ դուք չ’պատասխանեցիք, խօսեցի եւ դուք չ’լսեցիք. այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք» (Եսայիա 65։12)։
20. Հիսուսի ասածի համաձայն՝ ի՞նչ պիտի արվի, եթե մեղավորը մերժում է լսել և զղջալ։
20 Ցավոք, լինում են դեպքեր, թեպետև ոչ հաճախ, երբ մեղավորը հենց այդպես էլ վարվում է։ Այսպիսի դեպքերում հստակ է Հիսուսի տված առաջնորդությունը. «Թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը»։ Սակայն, Տերը խորհուրդ չտվեց լինել անմարդկային կամ ցավ պատճառել մեղավորին։ Այնուհանդերձ, չզղջացող մեղավորներին ժողովից վտարելու մասին Պողոս առաքյալի տված հրահանգը բավականաչափ հստակ է (Ա Կորնթացիս 5։11—13)։ Հնարավոր է, որ այս քայլով, վերջիվերջո, կարողանանք մեր նպատակին հասնել և շահել մեղավորին։
21. Ի՞նչ հնարավորություն է մնում ժողովից վտարված անձնավորության համար։
21 Մեղավորի հնարավոր վերադարձը երեվում է Հիսուսի պատմած անառակ որդու մասին առակից, որտեղ, որոշ ժամանակ իր հայրական տան ջերմ մթնոլորտից զրկված ապրելով, այդ մեղավորը, ի վերջո, «խելքի եկաւ» (Ղուկաս 15։11—18)։ Պողոսը Տիմոթեոսին գրած իր նամակում ակնարկեց, որ մեղավորներից ոմանք ժամանակի ընթացքում թերևս զղջան ու «զգաստանալով՝ ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով» (Բ Տիմոթէոս 2։24—26)։ Ինչ խոսք, մենք հուսով ենք, որ այն անձնավորությունը, որը չի զղջում, այլ շարունակում է մեղանչել և արդյունքում վտարվում է ժողովից, հետագայում կհասկանա իր կորցրածի գինը, այն է՝ Աստծո հավանությունը, հավատարիմ քրիստոնյաների ջերմ ընկերակցությունն ու նրանց հետ շփումը, և ապա խելքի կգա։
22. Ինչո՞ւ են մեր եղբորը շահելու ակնկալիքները դեռևս մնում։
22 Հիսուսը հեթանոսներին ու մաքսավորներին չէր համարում անհույս կործանվածներ։ Որպես օրինակ վերցնենք Ղևիին, որն ապաշխարեց, անկեղծորեն «գնաց նրա ետեւից» և նույնիսկ առաքյալ ընտրվեց (Մարկոս 2։15; Ղուկաս 15։1)։ Հետևաբար, եթե մեր օրերում մեղավոր անհատը «հաւատացեալների ժողովին» էլ չլսի և, որպես արդյունք, վտարվի, կարող ենք համբերությամբ սպասել՝ տեսնելու համար, թե արդյոք ժամանակի ընթացքում կզղջա՞ և կուղղի՞ իր ճանապարհները։ Եթե նա այդպես վարվի և նորից ընդունվի որպես ժողովի անդամ, ապա, ճշմարիտ պաշտամունքի երկրպագուների մեջ նրան կրկին տեսնելով, մենք սրտանց կուրախանանք, որ շահեցինք մեր եղբորը։
[ծանոթագրություններ]
a «Մըկքլինտոքի և Սթրոնգի հանրագիտարանում» կարդում ենք. «Նոր Կտակարանում նշված մաքսավորները դավաճաններ ու հավատուրացներ էին համարվում, հեթանոսների հետ իրենց հաճախակի շփումից ապականված մարդիկ, բռնապետների ձեռքում կամավոր գործիքներ։ Նրանց դասում էին մեղավորների շարքին.... Լքված, հարգարժան մարդկանցից մերժված այս անձանց մնում էր բարեկամանալ և ընկերակցել միայն նրանց հետ, ովքեր իրենց նման թշվառ էին»։
b Հիսուսի՝ այստեղ ի նկատի ունեցած մեղքերի շարքին կարելի է ավելացնել նաև գործարքային կամ ֆինանսական այն հարցերը, որոնք խաբեության, խարդախության կամ խորամանկության բաժին ունեն իրենց մեջ։ Այս եզրակացությունը բխում է Մատթէոս 18։15—17–ում արձանագրված առաջնորդությունը տալուց հետո Հիսուսի բերած օրինակից, որտեղ ինչ–որ մեկի ծառաները (ծառայողները) գումար են պարտք վերցրել, բայց չեն կարողացել այն վճարել։
c Աստվածաշունչն ուսումնասիրող մի գիտնական բացատրում է. «Երբեմն այնպես է պատահում, որ մեղավորն ավելի տրամադրված է լինում երկու կամ երեք մարդկանց բերանից խոսքը լսելու (հատկապես, երբ նրանք հարգարժան մարդիկ են), քան մեկի, մանավանդ, երբ այդ մեկի հետ ինքը տարակարծիք է»։
Հիշո՞ւմ եք
◻ Մատթէոս 18։15—17–ում արձանագրված խորհուրդը նախ և առաջ ո՞ր մեղքերին է վերաբերում։
◻ Առաջին քայլը կատարելու անհրաժեշտության դեպքում ի՞նչ է հարկավոր հիշել։
◻ Եթե հարկ է լինում երկրորդ քայլը ձեռք առնել, ովքե՞ր կարող են մեզ օգնել։
◻ Ովքե՞ր են միջամտում երրորդ քայլին դիմելու դեպքում, և ինչո՞ւ են մեր եղբորը շահելու ակնկալիքները դեռևս մնում։
[նկար 16–րդ էջի վրա]
Հրեաները խուսափում էին մաքսավորներից։ Մատթեոսը ետ կանգնեց իր սխալ ընթացքից և հետևեց Հիսուսին։
[նկար 18–րդ էջի վրա]
Հաճախ կարող ենք պրոբլեմը լուծել երես առ երես։