ԳԼՈՒԽ 14
Պահպանենք ժողովի խաղաղությունն ու մաքրությունը
Ի ԿԱՏԱՐՈՒՄ աստվածաշնչյան մարգարեությունների՝ ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են Աստծու տուն, որպեսզի մաքուր երկրպագություն մատուցեն նրան (Միք. 4։1, 2)։ Որքա՜ն ուրախ ենք նրանց ընդունել «Աստծու ժողով» (Գործ. 20։28)։ Նրանք բարձր են գնահատում այն, որ հնարավորություն ունեն մեզ հետ ծառայելու Եհովային և վայելելու հոգևոր դրախտը։ Հոգևոր առումով մաքուր ու խաղաղ այս միջավայրը հնարավոր է դարձել Եհովայի սուրբ ոգու և Աստծու Խոսքում տեղ գտած իմաստուն խորհուրդները կիրառելու շնորհիվ (Սաղ. 119։105; Զաք. 4։6)։
2 Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ հագնում ենք «նոր անձնավորությունը» (Կող. 3։10)։ Մենք մի կողմ ենք դնում դատարկ վիճաբանություններն ու տարաձայնությունները։ Ընդունելով տարբեր հարցերի վերաբերյալ Եհովայի տեսակետը՝ մենք պայքարում ենք աշխարհի պառակտիչ ազդեցության դեմ և միասնականորեն ծառայում որպես համաշխարհային եղբայրություն (Գործ. 10։34, 35)։
3 Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ դժվարություններ են առաջանում, որոնք կարող են խաթարել ժողովի խաղաղությունն ու միասնությունը։ Ինչո՞ւ։ Հիմնականում պատճառը Աստվածաշնչի խորհուրդներին չհետևելն է։ Մենք դեռ պայքարում ենք մեր անկատար հակումների դեմ և զերծ չենք մեղքից (1 Հովհ. 1։10)։ Գուցե քարոզիչներից որևէ մեկը սխալ քայլ կատարի, ինչը կարող է վտանգել ժողովի հոգևոր կամ բարոյական մաքրությունը։ Անմտածված արարքներ գործելու կամ մեր լեզուն չկառավարելու պատճառով գուցե վիրավորենք ինչ-որ մեկին կամ ինքներս գայթակղվենք ուրիշի ասածից կամ արածից (Հռոմ. 3։23)։ Երբ նման խնդիրներ են առաջանում, ի՞նչ կարող ենք անել դրանք հարթելու համար։
4 Եհովան հաշվի է առել այս ամենը։ Նրա Խոսքում խորհուրդներ են տրվում, թե ինչպես վարվել, երբ խնդիրներ ու տարաձայնություններ են առաջանում։ Սիրառատ հոգևոր հովիվները պատրաստ են անհատական աջակցություն ցույց տալու։ Կիրառելով նրանց տված սուրբգրային խորհուրդները՝ մենք կարող ենք կրկին լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ, ինչպես նաև Եհովայի հավանությանն արժանանալ։ Իսկ եթե մեզ խրատում կամ հանդիմանում են մեր գործած սխալ արարքի համար, կարող ենք համոզված լինել, որ այդ հանդիմանությունը մեր երկնային Հոր սիրո արտահայտումն է մեր հանդեպ (Առակ. 3։11, 12; Եբր. 12։6)։
ՀԱՐԹԵԼ ՓՈՔՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5 Երբեմն հնարավոր է, որ քարոզիչների միջև առաջանան տարաձայնություններ և փոքր խնդիրներ։ Այդ խնդիրները պետք է արագորեն լուծել եղբայրական սիրո ոգով (Եփես. 4։26; Փիլիպ. 2։2–4; Կող. 3։12–14)։ Հավատակիցների հետ ունեցած խնդիրները կարելի է հարթել՝ կիրառելով Պետրոս առաքյալի հետևյալ խորհուրդը. «Ամենից շատ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետ. 4։8)։ Աստվածաշունչն ասում է. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակ. 3։2)։ Կիրառելով Ոսկե կանոնը, այսինքն՝ այն, ինչ ուզում ենք, որ մարդիկ մեզ անեն, նույնը մենք անենք նրանց, կարող ենք հարթել փոքր տարաձայնությունները՝ ներելով և մոռանալով վիրավորանքները (Մատթ. 6։14, 15; 7։12)։
6 Եթե զգում ես, որ հավատակիցներիցդ որևէ մեկը վիրավորվել է քո ասածից կամ արարքից, ապա պետք է անհապաղ նախաձեռնություն վերցնես և խաղաղություն հաստատես։ Հիշիր, դրանից կախված է նաև Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունը։ Հիսուսը խորհուրդ տվեց իր աշակերտներին. «Եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթ. 5։23, 24)։ Գուցե թյուրիմացություն է եղել։ Եթե այդպես է, ապա ձգտիր բաց հաղորդակցություն պահել։ Ժողովում բոլորի միջև լավ հաղորդակցությունը օգնում է կանխելու տարաձայնությունները և լուծելու խնդիրները, որոնք առաջ են գալիս մարդկային անկատարության հետևանքով։
ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
7 Ժամանակ առ ժամանակ երեցները գուցե հարկ համարեն խորհուրդ տալ որևէ մեկին՝ փորձելով ուղղել նրա մտածելակերպը։ Սակայն խորհուրդ տալը միշտ չէ, որ հեշտ է։ Գաղատիայի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Եղբայրնե՛ր, նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի նախքան դա գիտակցելը, դուք, որ հոգևոր որակներ ունեք, փորձեք այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով» (Գաղ. 6։1)։
8 Սիրով հոգ տանելով հոտի մասին՝ երեցները պաշտպանում են ժողովը բազում հոգևոր վտանգներից և թույլ չեն տալիս, որ ժողովում լուրջ խնդիրներ զարգանան։ Նրանք ձգտում են, որ իրենց կատարած ծառայությունը համապատասխանի Եսայիայի միջոցով Եհովայի տված խոստմանը. «Նրանցից յուրաքանչյուրը քամու դեմ եղող պատսպարանի պես կլինի և փոթորկի դեմ եղող թաքստոցի պես, անջուր երկրում վտակների պես կլինի և չորացած երկրում՝ մեծ ապառաժի ստվերի պես» (Ես. 32։2)։
ՆՇԱՆ ԴՆԵԼ ԱՆԿԱՐԳՆԵՐԻ ՎՐԱ
9 Պողոսը նախազգուշացնում է որոշ անհատների մասին, որոնք վատ ազդեցություն էին թողնում ժողովի վրա։ Նա ասում է. «Եղբայրնե՛ր, պատվիրում ենք ձեզ.... հեռու մնալ ամեն եղբորից, որը անկարգությամբ է վարվում և ոչ թե այն ամենի համաձայն, ինչ ընդունեցիք մեզանից»։ Նա պարզաբանում է իր խոսքերն՝ ասելով. «Եթե որևէ մեկը չի հնազանդվում այս նամակում գրված մեր խոսքին, նշան դրեք նրա վրա ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ, որ ամաչի։ Սակայն թշնամի մի՛ համարեք նրան, այլ շարունակեք հորդորել իբրև եղբոր» (2 Թեսաղ. 3։6, 14, 15)։
10 Լինում են դեպքեր, երբ որևէ մեկը, որը չի գործել այնպիսի լուրջ մեղք, որի համար կարող էր զրկվել ընկերակցությունից, բացահայտ արհամարհանք է ցույց տալիս Աստծու չափանիշների հանդեպ, որոնցով պետք է առաջնորդվեն քրիստոնյաները։ Դա կարող է լինել այն դեպքում, երբ անհատը չափազանց ծույլ է, քննադատող կամ ֆիզիկական առումով անմաքուր։ Հնարավոր է՝ նա «խառնվում է իրեն չվերաբերող գործերին» (2 Թեսաղ. 3։11)։ Կարող է լինել մեկը, որը մտադիր է խարդախ միջոցներով նյութական շահ ստանալ ուրիշներից, կամ էլ տարվում է անվայել զվարճություններով։ Անկարգ վարքը կարող է բացասաբար անդրադառնալ ժողովի վրա. այն կարող է տարածվել մյուս քրիստոնյաների մեջ։
11 Երեցները նախևառաջ փորձում են օգնել անկարգ անհատին՝ Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ տալով։ Սակայն եթե վերջինս շարունակում է արհամարհել աստվածաշնչյան հստակ սկզբունքները, չնայած մի քանի անգամ իրեն տրված հորդորներին, երեցները կարող են որոշել, որ ժողովին ուղղված նախազգուշական ելույթ ներկայացվի։ Նրանք խորաթափանցություն կդրսևորեն որոշելու համար, թե արդյոք իրավիճակն այնքան լուրջ է և անհանգստացնող, որ անհրաժեշտ է նախազգուշական ելույթ ներկայացնել։ Ելույթ ներկայացնող եղբայրը համապատասխան խորհուրդներ կնշի անկարգ վարքի վերաբերյալ, սակայն չի նշի անկարգ անհատի անունը։ Նրանք, ովքեր տեղյակ են նկարագրված իրավիճակին, կհասկանան, թե ում մասին է խոսքը, և կսահմանափակեն իրենց ընկերական շփումը այդ անհատի հետ, թեև կշարունակեն հոգևոր շփում ունենալ՝ նրան «հորդորելով իբրև եղբոր»։
12 Հավատարիմ քրիստոնյաների բռնած ամուր դիրքը կմղի անկարգ անհատին ամաչելու ու փոխվելու։ Երբ ակնհայտ է դառնում, որ անհատը այլևս նման վարք չի դրսևորում, կարիք չկա նրան դիտելու որպես նշանի տակ եղած անհատի։
ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ՈՐՈՇ ԼՈՒՐՋ ՍԽԱԼՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
13 Վիրավորանքներին ուշադրություն չդարձնելը և դրանք ներելը չի նշանակում, որ մենք անտեսում ենք սխալ արարքները կամ հավանություն ենք տալիս դրանց։ Բոլոր մեղքերը չէ, որ կարելի է վերագրել ժառանգած անկատարությանը, ոչ էլ տեղին է անտեսել լուրջ սխալները, որոնք պարզապես թեթև վիրավորանք չեն (Ղևտ. 19։17; Սաղ. 141։5)։ Մովսիսական օրենքում նշվում էր, որ կան ավելի լուրջ մեղքեր, և նույնը ճշմարիտ է քրիստոնյաների պարագայում (1 Հովհ. 5։16, 17)։
14 Հիսուսն ընդգծեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել լուրջ խնդիրները լուծելու համար։ Ուշադրություն դարձրու, թե ինչ քայլեր նա նշեց. «Եթե քո եղբայրը մեղք գործի, [1] գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը։ Իսկ եթե չլսի, [2] վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով ամեն բան հաստատվի։ Եթե նրանց էլ չլսի, [3] ասա ժողովին։ Իսկ եթե ժողովին էլ չլսի, թող քեզ համար լինի ինչպես այլազգի և հարկահավաք» (Մատթ. 18։15–17)։
15 Հաջորդ համարներում արձանագրված օրինակը (Մատթեոս 18։23–35) ցույց է տալիս, որ Մատթեոս 18։15–17-ում նշված մեղքերից մեկը ակներևաբար վերաբերում է ֆինանսական կամ սեփականության հետ կապված հարցերին, օրինակ՝ ինչ-որ բանի համար չվճարելու կամ խարդախության։ Հնարավոր է խնդիրը կապված է զրպարտության հետ, որի արդյունքում արատավորվել է անհատի հեղինակությունը։
16 Եթե հիմնավոր փաստեր ունես, որ ժողովում քարոզիչներից որևէ մեկը նման լուրջ մեղք է գործել քո դեմ, մի՛ շտապիր դիմել երեցներին՝ խնդրելով նրանց միջամտել քո անունից։ Ինչպես խորհուրդ տվեց Հիսուսը, նախևառաջ խոսիր նրա հետ, ում դեմ գանգատ ունես։ Փորձիր լուծել ձեր միջև եղած խնդիրը՝ առանց որևէ մեկի միջամտության։ Հիշիր, որ Հիսուսը չասաց «միայն մեկ անգամ գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը»։ Հետևաբար, եթե անհատը չի ընդունում իր սխալը և ներողություն չի խնդրում, թերևս լավ կլինի որոշ ժամանակ անց կրկին մոտենալ նրան։ Եթե հարցը այս կերպով լուծվի, ապա մեղք գործած անհատը, անկասկած, շնորհակալ կլինի, որ դու ուրիշներին չես պատմել իր սխալի մասին կամ չես արատավորել իր բարի անունը ժողովում։ Այդպես դու «կշահես քո եղբորը»։
17 Եթե քեզ վիրավորող անհատը ընդունում է իր սխալը, ներողություն խնդրում և ամեն ինչ անում խնդիրը հարթելու համար, հետագա քայլեր ձեռնարկելու կարիք չկա։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ լուրջ սխալները կարող են հարթվել երկու կողմերի միջև։
18 Եթե ցույց տալով եղբորդ սխալը՝ չես կարողանում շահել նրան, «երբ դու և նա մենակ եք», ապա ինչպես ասաց Հիսուսը, «վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին» ու կրկին խոսիր նրա հետ։ Քեզ հետ եկող անձինք նույնպես պետք է նպատակ ունենան շահել քո եղբորը։ Նախընտրելի է, որ նրանք լինեն կատարված սխալի ականատեսները, սակայն եթե չկան նման մարդիկ, կարող ես հրավիրել մեկ կամ երկու հոգու, որոնք կմասնակցեն ձեր զրույցին որպես վկաներ։ Հնարավոր է՝ նրանք փորձ ունեն նման հարցերում և կարող են որոշել, թե արդյոք այն, ինչ տեղի է ունեցել, իրոք սխալ է։ Երեցները, որ ընտրվում են որպես վկաներ, այդ ժամանակ չեն ներկայացնում ամբողջ ժողովը, քանի որ երեցների խորհուրդը նրանց չի նշանակել քննելու այդ հարցը։
19 Եթե շարունակական ջանքեր գործադրելուց հետո խնդիրը չի լուծվում (երբ նրա հետ մենակ ես խոսել, այնուհետև գնացել ես նրա մոտ մեկ կամ երկու վկաների հետ), և դու չես կարող անտեսել դա, ապա այդ խնդրի մասին պետք է տեղեկացնել ժողովի երեցներին։ Հիշիր, որ նրանց նպատակն է պահպանել ժողովի խաղաղությունն ու մաքրությունը։ Երեցների հետ զրուցելուց հետո դու այդ խնդիրը հանձնում ես նրանց և ապավինում Եհովային։ Երբեք թույլ մի՛ տուր, որ որևէ մեկի վարքը գայթակղեցնի քեզ կամ խլի Եհովայի ծառայության մեջ ունեցած ուրախությունդ (Սաղ. 119։165)։
20 Երեցները կքննեն այդ հարցը։ Եթե պարզվի, որ այդ անհատը լուրջ մեղք է գործել քո դեմ և չի ցանկանում զղջալ ու փոխհատուցել վնասը, գուցե անհրաժեշտ լինի, որ երեցների կոմիտեն ընկերակցությունից զրկի չզղջացող մեղավորին։ Այդպիսով նրանք կպաշտպանեն հոտը և կպահպանեն ժողովի մաքրությունը (Մատթ. 18։17)։
ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ԼՈՒՐՋ ՄԵՂՔԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
21 Այնպիսի լուրջ մեղքերի դեպքում, ինչպիսիք են շնությունը, պոռնկությունը, համասեռամոլությունը, հավատուրացությունը, կռապաշտությունը, բավական չէ, որ վիրավորված անհատը պարզապես ների իրեն վիրավորողին (1 Կորնթ. 6։9, 10; Գաղ. 5։19–21)։ Քանի որ սպառնալիքի տակ է ժողովի հոգևոր և բարոյական մաքրությունը, ապա դրանց մասին պետք է հայտնել երեցներին, որոնք համապատասխան քայլեր կձեռնարկեն (1 Կորնթ. 5։6; Հակ. 5։14, 15)։ Ոմանք գուցե մոտենան երեցներին ու խոստովանեն, որ մեղք են գործել, կամ հայտնեն նրանց այն, ինչ գիտեն ուրիշների գործած մեղքերի մասին (Ղևտ. 5։1; Հակ. 5։16)։ Անկախ այն բանից, թե ինչպես են երեցները իմացել ժողովի մկրտված քարոզիչներից որևէ մեկի լուրջ մեղքի մասին, սկզբում երկու երեց հետաքննություն կկատարեն։ Եթե հաստատվի, որ իրենց լսածը համապատասխանում է ճշմարտությանը և փաստեր կան, որ լուրջ մեղք է գործվել, երեցների խորհուրդը այդ հարցը լուծելու համար կնշանակի իրավական կոմիտե։ Այն բաղկացած է լինում առնվազն երեք երեցներից։
22 Հոտը պաշտպանելու նպատակով երեցները հոգատարություն են դրսևորում ժողովի հանդեպ։ Նրանք նաև Աստծու Խոսքի հիման վրա հանդիմանում են մեղք գործած ցանկացած անհատի՝ օգնելով նրան վերականգնելու Եհովայի հետ իր փոխհարաբերությունները (Հուդա 21–23)։ Սա ներդաշնակ է Պողոսի խորհրդին, որը նա տվեց Տիմոթեոսին. «Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև, որը դատելու է ողջերին և մեռածներին.... ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ.... հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով» (2 Տիմոթ. 4։1, 2)։ Այդպես վարվելը կարող է շատ ժամանակ և ջանքեր պահանջել, սակայն դա երեցների ծառայության մի մասն է։ Ժողովը գնահատում է երեցների ծանր աշխատանքը և նրանց «կրկնակի պատվի արժանացնում» (1 Տիմոթ. 5։17)։
23 Ցանկացած իրավիճակում, երբ փաստվում է, որ մեղք է գործվել, երեցները առաջին հերթին ձգտում են օգնել անհատին վերականգնելու Եհովայի հետ իր փոխհարաբերությունները։ Եթե նա անկեղծորեն զղջում է և թույլ տալիս, որ երեցները օգնեն իրեն, ապա նրանց տված հանդիմանությունը՝ առանձին կամ նրանց առաջ, ովքեր վկայություն են տվել իրավական գործի լսման ժամանակ, խրատ կլինի այդ անհատի համար, իսկ իրավիճակին տեղյակ անհատների մեջ առողջ վախ կսերմանի (2 Սամ. 12։13; 1 Տիմոթ. 5։20)։ Իրավական կոմիտեի կողմից տրված հանդիմանության բոլոր դեպքերում անհատի վրա սահմանափակումներ են դրվում։ Այդպիսով սխալ գործողին օգնում են «ուղղելու իր ոտքերի ճանապարհները» (Եբր. 12։13)։ Ժամանակի ընթացքում, երբ անհատի մեջ հոգևոր փոփոխություններն ակնհայտ են դառնում, նրա վրա դրված սահմանափակումները հանվում են։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
24 Եթե իրավական կոմիտեն գալիս է այն եզրակացության, որ անհատը զղջում է, սակայն ժողովում կամ իր բնակավայրում խնդիրն արդեն հայտնի է դարձել, կամ երեցները որոշում են, որ ժողովին հարկավոր է զգուշացում տալ զղջացող անհատի վերաբերյալ, ապա «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ժամանակ պարզ հայտարարություն է արվում։ Այն պետք է հնչի այսպես. «[Անուն-ազգանունը] ստացել է հանդիմանություն»։
ԵԹԵ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎՈՒՄ ԱՆՀԱՏԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼ
25 Որոշ դեպքերում մեղք գործած անհատի սիրտը գուցե կարծրանա իր մեղավոր ընթացքի պատճառով, և նա չընդունի երեցների օգնությունը։ Գուցե ակնհայտ չէ, որ անհատը գործի լսման ժամանակ «զղջմանը համապատասխան գործեր» է կատարում (Գործ. 26։20)։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել։ Անհրաժեշտ է չզղջացող մեղավորին զրկել Եհովայի մաքուր ժողովրդի հետ ընկերակցելուց։ Սա արվում է, որպեսզի մեղք գործած անհատը վատ ազդեցություն չթողնի ժողովի վրա, ինչի շնորհիվ այն մաքուր կմնա թե՛ հոգևոր և թե՛ բարոյական առումներով, ինչպես նաև կպահպանվի ժողովի բարի համբավը (2 Օրենք 21։20, 21; 22։23, 24)։ Երբ Պողոսը տեղեկացավ Կորնթոսի ժողովում ծառայողներից մեկի ամոթալի վարքի մասին, նա հորդորեց երեցներին «այդ մարդուն հանձնել Սատանային.... որպեսզի ժողովի ոգին փրկվի» (1 Կորնթ. 5։5, 11–13)։ Պողոսը նաև տեղեկացրեց որոշ անհատների ընկերակցությունից զրկվելու մասին, ովքեր ըմբոստացել էին ճշմարտության դեմ (1 Տիմոթ. 1։20)։
26 Երբ իրավական կոմիտեն որոշում է ընկերակցությունից զրկել չզղջացող մեղավորին, ապա պետք է հայտնի նրան այդ որոշման մասին՝ հստակ նշելով, թե սուրբգրային ինչ հիմք(եր) կա դրա համար։ Մեղք գործած անհատին այդ որոշման մասին տեղեկացնելուց հետո իրավական կոմիտեն կհայտնի նրան, որ եթե վերջինս կարծում է, որ իրավական կոմիտեի որոշման մեջ լուրջ սխալ կա, և ցանկանում է բողոքարկել, ապա դա պետք է անի նամակով՝ հստակ նշելով բողոքարկման պատճառները։ Նա կարող է բողոքարկել յոթ օրվա ընթացքում՝ սկսած այն ժամանակից, երբ տեղեկանում է կոմիտեի որոշման մասին։ Եթե բողոք է ներկայացվում, երեցների խորհուրդը կապ կհաստատի շրջանային վերակացուի հետ, և վերջինս երեցներ կնշանակի ծառայելու վերաքննիչ կոմիտեում, որ դարձյալ լսեն գործը։ Նրանք ամեն ջանք կթափեն, որ բողոքարկման լսումը կայանա նամակը ստանալուց անմիջապես հետո՝ ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում։ Բողոքարկման դեպքում ընկերակցությունից զրկելու վերաբերյալ հայտարարությունը կհետաձգվի։ Այդ ընթացքում մեղադրվող անհատին հնարավորություն չի տրվի ժողովի հանդիպումներին մեկնաբանություններ տալ, աղոթել կամ այլ առանձնաշնորհումներ ունենալ։
27 Բողոքարկելու հնարավորությունը բարության դրսևորում է մեղք գործած անհատի հանդեպ. այդ ժամանակ կրկին լսում են նրան մտահոգող հարցերը։ Եթե նա միտումնավոր չի ներկայանում բողոքարկման լսմանը, չնայած որ երեցները ողջամիտ ջանքեր են թափում կապ հաստատելու նրա հետ, ապա հայտարարություն կարվի, որ այդ անհատը զրկվել է ընկերակցությունից։
28 Եթե մեղք գործած անհատը չի ցանկանում բողոքարկել, իրավական կոմիտեն պետք է նրան բացատրի զղջալու անհրաժեշտությունը, նաև նշի, թե ինչ քայլեր է անհրաժեշտ անել վերականգնվելու համար։ Այդպես երեցները բարություն կդրսևորեն նրա հանդեպ՝ հուսալով, որ մեղք գործած անհատը կփոխի իր ճանապարհը և ժամանակի ընթացքում կվերադառնա Եհովայի կազմակերպություն (2 Կորնթ. 2։6, 7)։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
29 Երբ անհրաժեշտ է լինում ընկերակցությունից զրկել չզղջացող անհատին, այդ մասին կարճ հայտարարություն է արվում։ Այն պետք է հնչի այսպես. «[Անուն-ազգանունը] այլևս Եհովայի վկա չէ»։ Սա ազդանշան կլինի ժողովի հավատարիմ քարոզիչների համար, որ նրանք դադարեն այդ անհատի հետ ընկերակցելուց (1 Կորնթ. 5։11)։
ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
30 «Ընկերակցությունից հրաժարվել» արտահայտությունը վերաբերում է նրան, ով համարվում է մկրտված Վկա և գիտակցաբար հրաժարվում է քրիստոնյա լինելուց՝ նշելով, որ այլևս չի ցանկանում լինել Եհովայի վկա։ Անհատը կարող է ուրանալ քրիստոնեական ժողովը իր գործերով, օրինակ՝ դառնալով ինչ-որ աշխարհիկ կազմակերպության անդամ, որը Աստվածաշնչի սկզբունքներին հակասող նպատակներ ունի, և հետևաբար դատապարտվում է Եհովա Աստծու կողմից (Ես. 2։4; Հայտն. 19։17–21)։
31 Իր օրերում ապրող քրիստոնեական հավատն ուրացող անհատների մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Նրանք մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային» (1 Հովհ. 2։19)։
32 Երբ անհատը հրաժարվում է ընկերակցությունից, Եհովան նրան չի դիտում այնպես, ինչպես ոչ ակտիվ քրիստոնյային, որը դադարել է ծառայությանը մասնակցելուց։ Անհատը գուցե ոչ ակտիվ է դարձել, քանի որ կանոնավորաբար չի ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Հնարավոր է անձնական խնդիրների ու հալածանքի պատճառով կորցրել է Եհովային ծառայելու իր եռանդը։ Երեցները, ինչպես նաև մյուս քարոզիչները կշարունակեն հոգևոր աջակցություն ցույց տալ ոչ ակտիվ քրիստոնյային (Հռոմ. 15։1; 1 Թեսաղ. 5։14; Եբր. 12։12)։
33 Սակայն եթե անհատը հրաժարվում է ընկերակցությունից, այդ մասին կարճ հայտարարություն է արվում։ Այն պետք է հնչի այսպես. «[Անուն-ազգանունը] այլևս Եհովայի վկա չէ»։ Այդպիսի անձնավորությանը վերաբերվում են այնպես, ինչպես ընկերակցությունից զրկված անհատին։
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
34 Ընկերակցությունից զրկված անհատը կամ ընկերակցությունից հրաժարված անհատը կարող է վերականգնվել, եթե հստակ ապացույցներ կան, որ նա զղջում է, և ողջամիտ ժամանակահատվածում ցույց է տվել, որ թողել է իր մեղավոր ընթացքը։ Նա ցույց է տալիս, որ ձգտում է լավ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Երեցները ուշադիր են, որ բավականաչափ ժամանակ անցած լինի՝ շատ ամիսներ, մեկ տարի և նույնիսկ ավելի երկար՝ կախված հանգամանքներից, մինչև որ այդ անհատը ցույց տա, որ անկեղծորեն զղջում է։ Երբ երեցների խորհուրդը նամակ ստանա վերականգնման խնդրանքով, վերականգնման կոմիտեն կզրուցի այդ անհատի հետ։ Կոմիտեն կքննի, թե արդյոք նա «զղջմանը համապատասխան գործեր է կատարում», և կորոշի վերականգնել նրան հենց այդ ժամանակ, թե ոչ (Գործ. 26։20)։
35 Եթե անհատը, որը ցանկանում է վերականգնվել, ուրիշ ժողովում է ընկերակցությունից զրկվել, ապա տեղի վերականգնման կոմիտեն կհանդիպի նրա հետ և կքննի դիմումը։ Եթե տեղի վերականգնման կոմիտեն կարծում է, որ նա պետք է վերականգնվի, իր երաշխավորությունը կուղարկի այն ժողովի երեցների խորհրդին, որտեղ ի սկզբանե քննվել է գործը։ Այս հարցում ընդգրկված կոմիտեները կհամագործակցեն իրար հետ՝ վստահ լինելու համար, որ բոլոր փաստերը հավաքված են արդար որոշում կայացնելու համար։ Սակայն վերականգնվելու վերաբերյալ որոշումը կայացնում է այն ժողովի վերականգնման կոմիտեն, որտեղ ի սկզբանե քննվել է գործը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
36 Երբ վերականգնման կոմիտեն համոզվում է, որ ընկերակցությունից զրկված կամ հրաժարված անհատը անկեղծորեն է զղջում և պետք է վերականգնվի, այդ մասին հայտարարություն է արվում այն ժողովում, որտեղ ի սկզբանե քննվել է այդ գործը։ Եթե նա այժմ ուրիշ ժողովում է ծառայում, ապա այնտեղ նույնպես հայտարարություն կարվի։ Այն պետք է հնչի այսպես. «[Անուն-ազգանունը] վերականգնվել է և համարվում է Եհովայի վկա»։
ԵՐԲ ՄԵՂՔ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԿՐՏՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ
37 Եթե անչափահաս մկրտված երեխան մեղք է գործում, պետք է այդ մասին հայտնել երեցներին։ Երբ երեցները քննում են երեխայի գործած լուրջ մեղքը, նախընտրելի է, որ նրա մկրտված ծնողները ներկա գտնվեն և համագործակցեն իրավական կոմիտեի հետ՝ չփորձելով զերծ պահել իրենց երեխային անհրաժեշտ պատժամիջոցից։ Ինչպես չափահաս մեղք գործողին, այնպես էլ մեղք գործած անչափահաս երեխային իրավական կոմիտեն հանդիմանում է և ջանում է օգնել նրան վերականգնելու իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Սակայն եթե նա չի զղջում, ապա զրկվում է ընկերակցությունից։
ԵՐԲ ՄԵՂՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՉՄԿՐՏՎԱԾ ՔԱՐՈԶԻՉԸ
38 Ի՞նչ պետք է անել, եթե չմկրտված քարոզիչներն են լուրջ մեղք գործում։ Քանի որ նրանք մկրտված Վկաներ չեն, չեն կարող զրկվել ընկերակցությունից։ Սակայն հնարավոր է, որ նրանք լիովին չեն հասկացել Աստվածաշնչի չափանիշները, և բարի խորհուրդը կարող է օգնել նրանց ուղղելու իրենց ոտքերի ճանապարհները (Եբր. 12։13)։
39 Եթե չմկրտված քարոզիչը, որը մեղք է գործել, չի զղջում այն բանից հետո, երբ երկու երեց հանդիպում են նրա հետ և փորձում օգնություն ցույց տալ, այդ դեպքում անհրաժեշտ է հայտնել այդ մասին ժողովին։ Դրա վերաբերյալ կարճ հայտարարություն է արվում։ Այն պետք է հնչի այսպես. «[Անուն-ազգանունը] այլևս չի համարվում չմկրտված քարոզիչ»։ Նման պարագայում ժողովը մեղք գործած անհատին կվերաբերվի որպես աշխարհիկ մարդու։ Չնայած նա ընկերակցությունից չի զրկվում, այնուհանդերձ քրիստոնյաները զգուշություն կցուցաբերեն նրա հետ շփման հարցում (1 Կորնթ. 15։33)։ Քարոզչական ծառայության հաշվետվություն նրանից չպետք է ընդունել։
40 Ժամանակի ընթացքում չմկրտված անհատը, որին զրկել են քարոզիչ լինելու առանձնաշնորհումից, գուցե ցանկանա նորից դառնալ քարոզիչ։ Այդ դեպքում երկու երեց կհանդիպեն նրա հետ պարզելու համար, թե նա իրոք հոգևորապես առաջադիմել է։ Եթե նա համապատասխանում է պահանջներին, հետևյալ կարճ հայտարարությունը կարվի. «[Անուն-ազգանունը] կրկին համարվում է չմկրտված քարոզիչ»։
ԵՀՈՎԱՆ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ
41 Այսօր նրանք, ովքեր ընկերակցում են ժողովի հետ, անկասկած, կարող են մեծ ուրախություն ստանալ այն հոգևոր ժառանգությունից, որ Եհովան տվել է իր ժողովրդին։ Մենք հոգևոր բերրի արոտավայրեր ունենք և վայելում ենք ճշմարտության թարմացուցիչ ջրերի առատությունը։ Մենք նաև զգացել ենք, որ Եհովան իր աստվածապետական կառույցի միջոցով, որը ղեկավարում է Քրիստոսը, պաշտպանում է մեզ և հոգ է տանում մեր մասին (Սաղ. 23; Ես. 32։1, 2)։ Այս անհանգիստ վերջին օրերում հոգևոր դրախտում լինելը մեզ ապահովության զգացում է տալիս։
Ժողովում խաղաղություն և մաքրություն պահպանելով՝ մենք թույլ ենք տալիս, որ Թագավորության ճշմարտության լույսը շարունակի շողալ
42 Ժողովում խաղաղություն և մաքրություն պահպանելով՝ մենք թույլ ենք տալիս, որ Թագավորության ճշմարտության լույսը շարունակի շողալ (Մատթ. 5։16; Հակ. 3։18)։ Եհովայի օրհնությամբ մենք կտեսնենք, որ շատ-շատերն են սկսում ճանաչել Աստծուն և մեզ հետ ծառայել՝ կատարելով նրա կամքը։