Հարթիր տարաձայնությունները սիրո ոգով
«Իրար միջև խաղաղություն պահպանեք» (ՄԱՐԿ. 9։50)։
ԵՐԳ 39, 77
1, 2. Ի՞նչ կոնֆլիկտների մասին է գրված «Ծննդոց» գրքում, և ինչո՞ւ պետք է դրանք հետաքրքրեն մեզ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ գրվել է մարդկանց մասին, ովքեր կոնֆլիկտներ են ունեցել միմյանց հետ։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքում կարդում ենք, որ Կայենը սպանում է Աբելին (Ծննդ. 4։3–8), իսկ Ղամեքը՝ մի երիտասարդի՝ իրեն հարվածելու համար (Ծննդ. 4։23)։ Աբրահամի և Ղովտի հովիվների միջև վեճ է ծագում (Ծննդ. 13։5–7), Հագարը արհամարհում է Սառային, ինչի պատճառով վերջինս վրդովված է խոսում Աբրահամի հետ (Ծննդ. 16։3–6), և Իսմայելը դուրս է գալիս բոլորի դեմ, բոլորն էլ նրա դեմ (Ծննդ. 16։12)։
2 Ինչո՞ւ է Աստվածաշնչում խոսվում այսպիսի կոնֆլիկտների մասին։ Որպեսզի անկատար մարդիկս հասկանանք, թե ինչու է անհրաժեշտ խաղաղություն պահպանել և թե ինչպես դա անել։ Մենք օգուտներ ենք քաղում՝ կարդալով Աստվածաշնչից պատմություններ իրական մարդկանց մասին, որոնք տարաձայնություններ են ունեցել։ Տեսնում ենք, թե ինչ արդյունքներ են բերել նրանց թափած ջանքերը, և երբ մենք կանգնենք նման հարցի առաջ, կիմանանք ինչպես լուծել դրանք։ Այս ամենը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ անել և ինչից խուսափել նման իրավիճակում (Հռոմ. 15։4)։
3. Ինչի՞ մասին կխոսվի այս հոդվածում։
3 Այս հոդվածում կքննարկվի, թե Եհովայի ծառաները ինչու պետք է հարթեն տարաձայնությունները և ինչպես կարող են ճիշտ ձևով դա անել։ Նաև կքննարկվեն աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն հարթել խնդիրները և լավ փոխհարաբերություններ պահպանել մերձավորի և Եհովա Աստծու հետ։
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐԹԵԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Ինչպիսի՞ մտածելակերպ է տարածվել ամբողջ աշխարհում և ի՞նչ հետևանքներ է ունեցել։
4 Մարդկանց միջև ծագող խնդիրների ու տարաձայնությունների գլխավոր պատճառը Սատանան է։ Եդեմի պարտեզում նա ասաց, որ յուրաքանչյուր մարդ կարող է և պետք է ինքը որոշի՝ ինչն է լավ, և ինչը՝ վատ, և որ այդպես նա անկախ կլինի Աստծուց (Ծննդ. 3։1–5)։ Այսօր հստակ տեսնում ենք Աստծուց անկախ լինելու հետևանքները։ Աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, որոնք առաջնորդվում են անկախության ոգով՝ դրսևորելով հպարտություն, եսասիրություն և մրցակցություն։ Եթե որևէ մեկը ընկնում է այդ ոգու ազդեցության տակ, ըստ էության թիկունք է կանգնում Սատանայի այն պնդմանը, թե իմաստուն է անձնական շահեր հետապնդելը, անկախ նրանից, թե դա ինչպես կանդրադառնա ուրիշների վրա։ Այսպիսի եսասիրական մտածելակերպը վիճաբանություններ է առաջ բերում։ Լավ կլինի՝ հիշենք, որ «բարկությանն անձնատուր եղած մարդը կռիվ է հարուցում, և նա, ով հակված է զայրանալու, շատ հանցանքներ ունի» (Առակ. 29։22)։
5. Տարաձայնությունները հարթելու վերաբերյալ ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը։
5 Հիսուսը մարդկանց սովորեցնում էր խաղաղության ձգտել, նույնիսկ եթե դա դեմ էր իրենց շահերին։ Լեռան քարոզում նա հրաշալի խորհուրդ տվեց, թե ինչպես կարելի է հարթել տարաձայնությունները և խուսափել կոնֆլիկտներից։ Օրինակ՝ նա իր աշակերտներին հորդորեց լինել մեղմ ու խաղաղարար, ձերբազատվել զայրույթից, խնդիրները արագ հարթել և սիրել թշնամիներին (Մատթ. 5։5, 9, 22, 25, 44)։
6, 7. ա) Ինչո՞ւ է կարևոր արագ հարթել տարաձայնությունները։ բ) Ո՞ր հարցերի շուրջ է անհրաժեշտ մտածել։
6 Աստծուն մատուցվող մեր ծառայությունը՝ աղոթքները, ժողովի հանդիպումներին հաճախելը, քարոզչական ծառայությանը մասնակցելը և երկրպագությանն առնչվող ամեն բան անիմաստ է, եթե չենք ձգտում խաղաղություն ունենալ ուրիշների հետ (Մարկ. 11։25)։ Չենք կարող լինել Աստծու ընկերը, եթե չենք ուզում ներել ուրիշների թերացումները (կարդա Ղուկաս 11։4; Եփեսացիներ 4։32)։
7 Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է լրջորեն և անկեղծորեն մտածի ուրիշներին ներելու և նրանց հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու մասին։ Կարող ես հարցնել ինքդ քեզ. «Մեծահոգաբար ներո՞ւմ եմ հավատակիցներիս։ Հաճույքո՞վ եմ շփվում նրանց հետ»։ Եհովան ակնկալում է, որ իր ծառաները լինեն ներողամիտ։ Եթե քո խիղճը հուշում է քեզ, որ այս հարցում բարելավում անելու կարիք կա, աղոթքով Եհովայից օգնություն խնդրիր, որ կարողանաս անել դա։ Մեր երկնային Հայրը կլսի և կպատասխանի քո խոնարհ աղոթքին (1 Հովհ. 5։14, 15)։
ԵՐԲ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆՏԵՍԵԼ
8, 9. Ի՞նչ պետք է անենք, եթե մեզ վիրավորում են։
8 Քանի որ բոլոր մարդիկ անկատար են, վաղ թե ուշ խոսքով կամ արարքով ինչ-որ մեկը քեզ կվիրավորի։ Սա անխուսափելի է (Ժող. 7։20; Մատթ. 18։7)։ Բայց ինչպե՞ս կարձագանքես։ Տեսնենք, թե ինչ պատահեց մի անգամ։ Ընկերական հավաքույթներից մեկի ժամանակ մի քույր երկու եղբոր բարևեց, սակայն նրա բարևելու ձևը վիրավորեց եղբայրներից մեկին։ Հետո, երբ եղբայրները առանձին էին, վիրավորված եղբայրը սկսեց քննադատել քրոջ ասածը։ Սակայն մյուս եղբայրը հիշեցրեց նրան, որ այդ քույրը 40 տարի է՝ հավատարմորեն ծառայում է Եհովային, չնայած որ շատ դժվարությունների միջով է անցել։ Նա վստահեցրեց, որ քույրը չի ուզել որևէ մեկին նեղացնել։ Մտածելով դրա շուրջ՝ վիրավորված եղբայրն ասաց. «Դու ճիշտ ես»։ Արդյունքում՝ տեղի ունեցածը խնդրի չվերածվեց։
9 Ի՞նչ է ցույց տալիս այս օրինակը։ Երբ որևէ մեկը վիրավորում է քեզ, հիշիր, որ քեզնից է կախված, թե դա ինչ ընթացք կունենա։ Սիրող անհատը անտեսում է փոքր վիրավորանքները (կարդա Առակներ 10։12; 1 Պետրոս 4։8)։ «Հանցանքին ուշադրություն չդարձնելը» Եհովան «գեղեցկություն» է համարում (Առակ. 19։11; Ժող. 7։9)։ Ուստի երբ քո հանդեպ աննրբանկատ կամ անհարգալից են վարվում, նախ հարցրու քեզ. «Կարո՞ղ եմ անտեսել։ Իրականում կարիք կա՞ պարզաբանումներ անելու»։
10. ա) Ինչպե՞ս մի քույր արձագանքեց քննադատությանը։ բ) Աստվածաշնչից ո՞ր միտքը օգնեց նրան պահպանել իր խաղաղությունը։
10 Գուցե դժվար լինի մեր դեմ ուղղված քննադատությունը սրտին մոտիկ չընդունել։ Տեսնենք՝ ինչ եղավ մի ռահվիրայի հետ, որին կանվանենք Լյուսի։ Նա իմացավ, որ իր մասին խոսում են, թե ծառայությունը լավ չի անում և ժամանակը ճիշտ չի օգտագործում։ Սրտնեղած՝ Լյուսին խորհուրդ հարցրեց հասուն եղբայրներից։ Նա պատմում է. «Աստվածաշնչից տված նրանց խորհուրդը օգնեց, որ ճիշտ վերաբերմունք ունենամ մարդկանց իմ մասին ունեցած տեսակետի հանդեպ, և որ ամենակարևորը ինձ համար լինի Եհովայի տեսակետը»։ Լյուսիին քաջալերեցին Մատթեոս 6։1–4-րդ համարների խոսքերը (կարդա)։ Այս համարները նրան հիշեցրին, որ իր նպատակը պետք է լինի Եհովային ուրախացնելը։ Նա ասում է. «Նույնիսկ երբ ուրիշները իմ մասին վատ բաներ են խոսում, ես չեմ տխրում, որովհետև գիտեմ, որ իմ լավագույնն եմ անում Եհովայի հավանությանն արժանանալու համար»։ Այս դեպքից հետո Լյուսին որոշեց ուշադրություն չդարձնել բացասական խոսքերին։
ԵՐԲ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ
11, 12. ա) Ինչպե՞ս պետք է վարվի քրիստոնյան, եթե գիտի, որ իր եղբայրը «իր դեմ ինչ-որ բան ունի»։ բ) Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից (տես հոդվածի սկզբի նկարը)։
11 «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակ. 3։2)։ Ենթադրենք՝ իմանում ես, որ քո ասածից կամ արածից եղբայրներից մեկը վիրավորվել է։ Ի՞նչ անել այդ ժամանակ։ Հիսուսն ասաց. «Եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթ. 5։23, 24)։ Համաձայն Հիսուսի խորհրդի՝ խոսիր եղբորդ հետ։ Մի՛ մոռացիր, թե ինչը պետք է լինի քո նպատակը. ոչ թե ցույց տալ, որ եղբայրդ մեղքի իր բաժինն ունի, այլ ընդունել քո սխալը և խաղաղություն հաստատել։ Մեր հավատակիցների հետ խաղաղություն ունենալը ամենակարևոր բանն է։
12 Աբրահամի և նրա եղբորորդու՝ Ղովտի հետ պատահածը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է տարաձայնությունը խաղաղությամբ լուծել։ Նրանք երկուսն էլ շատ կենդանիներ ունեին, ու նրանց հովիվների միջև վիճաբանություն ծագեց՝ հավանաբար արոտավայրերի համար։ Լարվածությունը վերացնելու համար Աբրահամը Ղովտին առաջարկեց առանձնանալ և նրան տվեց բնակության վայր ընտրելու հնարավորությունը (Ծննդ. 13։1, 2, 5–9)։ Ինչպիսի՜ լավ օրինակ։ Աբրահամը խաղաղություն փնտրեց, ոչ թե իր շահը։ Արդյոք նա կորուստ ունեցա՞վ իր առատաձեռնության պատճառով։ Բոլորովի՛ն։ Այդ դեպքից անմիջապես հետո Եհովան նրան մեծ օրհնություններ խոստացավ (Ծննդ. 13։14–17)։ Աստված երբեք թույլ չի տա, որ իր ծառաները իր սկզբունքներով առաջնորդվելու և տարաձայնությունները սիրո ոգով լուծելու պատճառով անդառնալի կորուստ ունենան։[1]
13. Ինչպե՞ս մի վերակացու արձագանքեց կոպիտ խոսքերին, և ի՞նչ ենք սովորում այս օրինակից։
13 Քննենք մեր օրերում տեղի ունեցած մի դեպք։ Համաժողովի բաժիններից մեկի նոր վերակացուն զանգահարեց մի եղբոր՝ հարցնելու, թե վերջինս կարող է որպես կամավոր օգնել։ Սակայն եղբայրը կոպիտ պատասխանեց և հեռախոսն անջատեց։ Նա վիրավորված էր նախորդ վերակացուից։ Նոր վերակացուն չնեղսրտեց նրա պատասխանից, բայց ոչ էլ անտեսեց դա։ Մի ժամ հետո նորից զանգեց և առաջարկեց հանդիպել ու խոսել։ Մեկ շաբաթ անց նրանք հանդիպեցին Թագավորության սրահում։ Աղոթելուց հետո մոտ մեկ ժամ զրուցեցին, որի ընթացքում եղբայրը պատմեց իր հետ տեղի ունեցածը։ Կարեկցանքով լսելուց հետո վերակացուն նրա ուշադրությունը հրավիրեց Աստվածաշնչից մի քանի մտքերի վրա, և նրանք լավ տրամադրությամբ բաժանվեցին իրարից։ Արդյունքում՝ եղբայրը որպես կամավոր ծառայեց համաժողովում։ Նա շնորհակալ է վերակացուին, որ իր հետ մեղմությամբ ու բարությամբ վարվեց։
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԵՐԵՑՆԵՐԻՆ
14, 15. ա) Ե՞րբ պետք է կիրառենք Մատթեոս 18։15–17-ի խորհուրդը։ բ) Ի՞նչ երեք քայլեր նշեց Հիսուսը, և ո՞րը պետք է լինի մեր նպատակը այդ քայլերն անելիս։
14 Քրիստոնյաները իրենց միջև ծագած տարաձայնությունների մեծ մասը կարող են և պետք է լուծեն առանձին։ Սակայն Հիսուսը նշեց, որ որոշ դեպքերում գուցե ժողովի միջամտության կարիքը լինի (կարդա Մատթեոս 18։15–17)։ Իսկ ի՞նչ անել, եթե վիրավորող կողմը չուզենա լսել եղբորը, վկաներին և նույնիսկ ժողովին։ Նա պետք է համարվի «ինչպես այլազգի և հարկահավաք», այսօրվա խոսքով՝ ընկերակցությունից զրկվի։ Այս քայլի լրջությունը հուշում է, որ Հիսուսի նշած «մեղքը» չի վերաբերում պարզապես փոքր տարաձայնություններին։ Խոսքը այն մեղքերի մասին է, որոնք 1) կարելի է լուծել տվյալ անհատի հետ առանց երեցների միջամտության, բայց միևնույն ժամանակ 2) բավականին լուրջ են, և չլուծվելու դեպքում անհատը կարող է զրկվել ընկերակցությունից։ Այդ մեղքերից են, օրինակ, խարդախությունն ու զրպարտությունը։ Հիսուսի հիշատակած երեք քայլերը կիրառելի են միայն այս դեպքերում։ Իսկ ինչ վերաբերում է շնությանը, համասեռամոլությանը, հավատուրացությանը, կռապաշտությանը և նման այլ լուրջ մեղքերին, դրանք անպատճառ պետք է քննության առնեն ժողովի երեցները։
15 Հիսուսի տված խորհրդի նպատակն է օգնել եղբորը սիրո ոգով (Մատթեոս 18։12–14)։ Նախ պետք է քայլեր ձեռնարկվեն խնդիրը լուծելու առանց որևէ կողմնակի միջամտության։ Գուցե հարկ լինի վիրավորողի հետ մեկից ավելի անգամներ խոսելու։ Սակայն եթե նա չի լսում, խոսիր նրա հետ դեպքին ականատես վկաների կամ այնպիսի մեկի ներկայությամբ, ով կարող է նրան օգնել հասկանալու՝ սխալ արել է, թե ոչ։ Եթե քեզ հաջողվի նրանց օգնությամբ հարթել խնդիրը, «կշահես եղբորդ»։ Խնդիրը պետք է ներկայացվի երեցներին միայն այն դեպքում, երբ շարունակ փորձեր անելուց հետո չի ստացվում օգնել սխալ գործողին։
16. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսի խորհրդին հետևելը գործնական է և սիրո դրսևորում։
16 Հազվադեպ է անհրաժեշտ լինում, որ եղբայրները դիմեն Մատթեոս 18։15–17-ում գրված բոլոր երեք քայլերին։ Դա ուրախալի է, քանի որ նշանակում է, որ խնդիրները արագ են լուծվում, և հարկ չի լինում մեղք գործողին զրկել ընկերակցությունից։ Հաճախ մեղք գործողը գիտակցում է իր սխալը և ուղղում է այն։ Տուժող կողմն էլ գուցե տեսնի, որ այլևս հիմք չկա նրան մեղադրելու, և որոշի ներել։ Որն էլ լինի պարագան, Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ տարաձայնությունները հարթելու համար ժամանակից շուտ չպետք է դիմել ժողովի միջամտությանը։ Երեցները պետք է միջամտեն միայն այն ժամանակ, երբ արդեն արվել են առաջին երկու քայլերը, և կան կատարվածի վերաբերյալ հիմնավոր փաստեր։
17. Ի՞նչ օրհնություններ կունենանք, եթե «խաղաղություն փնտրենք» ուրիշների հետ։
17 Քանի դեռ ապրում ենք այս համակարգում, անկատար ենք, ուստիև մեղքեր ենք գործում։ Հակոբոս առաքյալը տեղին ասաց. «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը» (Հակ. 3։2)։ Տարաձայնությունները հարթելու համար պետք է ջանքեր թափենք, որպեսզի «խաղաղություն փնտրենք և հետամուտ լինենք դրան» (Սաղ. 34։14)։ Խաղաղարար լինելով՝ լավ փոխհարաբերություններ կունենանք մեր հավատակիցների հետ և կնպաստենք ժողովի միասնությանը (Սաղ. 133։1–3)։ Եվ որ ամենակարևորն է, լավ փոխհարաբերություններ կունենանք «խաղաղություն տվող» Աստծու՝ Եհովայի հետ (Հռոմ. 15։33)։ Այս օրհնությունները կվայելենք, եթե տարաձայնությունները հարթենք սիրո ոգով։
^ [1] (պարբերություն 12) Աստվածաշնչում կան այլ դեպքեր ևս, երբ մարդիկ խաղաղությամբ են լուծել մյուսների հետ ունեցած խնդիրները։ Օրինակ՝ Հակոբը Եսավի հետ (Ծննդ. 27։41–45; 33։1–11), Հովսեփն իր եղբայրների հետ (Ծննդ. 45։1–15), Գեդեոնը Եփրեմի ցեղի մարդկանց հետ (Դատ. 8։1–3)։ Հավանաբար ինքդ էլ կհիշես նմանատիպ դեպքեր Աստվածաշնչից։