Հավաստիացիր, թե ինչն է ավելի կարևոր
«Հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր» (ՓԻԼԻՊ. 1։10)։
1, 2. Վերջին օրերի մասին ո՞ր մարգարեությունը, հավանաբար, շատ հետաքրքրեց Հիսուսի աշակերտներին և ինչո՞ւ։
ՊԵՏՐՈՍԸ, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը վերջապես մենակ մնացին իրենց Տիրոջ հետ։ Տաճարի կործանման մասին Հիսուսի ասած խոսքերը հանգիստ չէին տալիս նրանց (Մարկ. 13։1–4)։ Այդ պատճառով էլ հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։1–3)։ Հիսուսը նրանց պատմեց ոչ միայն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենալու Երուսաղեմի տաճարի կործանումից առաջ, այլ նաև այն բաների մասին, որոնք լինելու էին Սատանայի աշխարհի վերջին օրերում։ Բայց մի բան պետք է որ շատ հետաքրքրած լիներ աշակերտներին։ Մի շարք մտահոգիչ իրադարձությունների կողքին Հիսուսը նշեց մի դրական բան, որը նույնպես վերջին օրերի նշանի մաս էր լինելու։ Նա ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։7–14)։
2 Աշակերտները Հիսուսի հետ արդեն քարոզել էին Թագավորության մասին բարի լուրը (Ղուկ. 8։1; 9։1, 2)։ Հավանաբար, նրանք հիշեցին Հիսուսի խոսքերը. «Բերքը, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10։2)։ Բայց ինչպե՞ս էին նրանք քարոզելու «ամբողջ երկրով մեկ» և «բոլոր ազգերին վկայություն» տալու։ Ովքե՞ր էին լինելու այդ աշխատողները։ Եթե նրանք կարողանային տեսնել ապագան, ապա, անկասկած, կապշեին, թե ինչպես են կատարվում Հիսուսի այն խոսքերը, որ գրված են Մատթեոս 24։14-ում։
3. Ինչպե՞ս են այսօր կատարվում Ղուկաս 21։34 խոսքերը, և ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
3 Մենք ապրում ենք Հիսուսի ասած մարգարեության կատարման ժամանակներում։ Միլիոնավոր մարդիկ միասնական ուժերով քարոզում են Թագավորության բարի լուրը (Ես. 60։22)։ Սակայն Հիսուսը նաև ասաց, որ վերջին օրերում ոմանք դժվարանալու էին քարոզչությանը առաջնային տեղ տալ. նրանք զբաղված էին լինելու ուրիշ գործերով և «ծանրացած» էին լինելու (կարդա՛ Ղուկաս 21։34)։ Այսօր մենք տեսնում ենք այս խոսքերի կատարումը։ Աստծու ծառաներից ոմանք տարվում են ուրիշ բաներով։ Դա երևում է աշխատանքի, կրթության և նյութականի հետ կապված նրանց կայացրած որոշումներից, ինչպես նաև այն բանից, որ չափից շատ ժամանակ են հատկացնում սպորտին ու ժամանցին։ Ոմանք էլ ուժասպառ են լինում կյանքի ճնշումներից ու անհանգստություններից։ Իսկ դո՞ւ։ Ի՞նչ են ասում քո որոշումները այն մասին, թե ինչն է կարևոր քեզ համար։
4. ա) Ի՞նչ աղոթեց Պողոսը փիլիպպեցի քրիստոնյաների համար և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս և հաջորդ հոդվածում և ի՞նչ նպատակով։
4 Առաջին դարի քրիստոնյաները պետք է ջանքեր գործադրեին, որպեսզի հոգևորը առաջին տեղում դնեն։ Հենց այս պատճառով Պողոս առաքյալն աղոթեց, որ փիլիպպեցի քրիստոնյաները «հավաստիանան, թե ինչն է ավելի կարևոր» (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։9–11)։ Պողոսի նման՝ վաղ քրիստոնյաների մեծ մասը «Աստծու խոսքը մեծ քաջությամբ ու անվախորեն էր քարոզում» (Փիլիպ. 1։12–14)։ Այսօր էլ ճշմարիտ քրիստոնյաների մեծ մասը քաջությամբ քարոզում է Աստծու Խոսքը։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես է Եհովան իր կազմակերպության միջոցով կատարում Մատթեոս 24։14-ում գրված մարգարեությունը։ Նաև կիմանանք, թե ինչի վրա է կենտրոնանում Եհովայի կազմակերպությունը և թե դա իմանալը ինչի կարող է մղել մեզ ու մեր ընտանիքի անդամներին։ Խորհրդածելով այն մասին, թե ինչ է անում Եհովայի կազմակերպությունը՝ կկենտրոնանանք անչափ կարևոր քարոզչական գործի վրա։ Իսկ հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչը կարող է օգնել մեզ տոկալու և Եհովայի կազմակերպությանը համընթաց քայլելու։
ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՍԸ
5, 6. ա) Ինչո՞ւ է Եհովան տեսիլքներ տվել իր կազմակերպության երկնային մասի վերաբերյալ։ բ) Ի՞նչ տեսավ Եզեկիելը տեսիլքում։
5 Շատ բաներ կան, որ Եհովան նախընտրել է չընդգրկել իր գրավոր Խոսքում։ Օրինակ՝ նա մանրամասներ չի հայտնել մարդու ուղեղի կամ տիեզերքի մասին, թեև նման տեղեկությունը շատ հետաքրքիր կլիներ։ Բայց Եհովան այնպիսի բաներ է հայտնել, որոնք մեզ անհրաժեշտ են նրա նպատակները հասկանալու և դրանց համաձայն ապրելու համար (2 Տիմոթ. 3։16, 17)։ Աստվածաշունչը մեզ որոշ տեղեկություններ է հայտնում Եհովայի կազմակերպության անտեսանելի մասի վերաբերյալ, և, ինչ խոսք, դա մեզ համար անչափ հետաքրքիր է։ Մենք սրտի թրթիռով ենք ընթերցում Եհովայի կազմակերպության երկնային մասի վերաբերյալ այն նկարագրությունները, որ տալիս են Եսայիան, Եզեկիելը, Դանիելը և Հովհաննեսը (Ես. 6։1–4; Եզեկ. 1։4–14, 22–24; Դան. 7։9–14; Հայտն. 4։1–11)։ Եհովան կարծես բացել է երկնքի վարագույրները և թույլ է տվել մեզ տեսնելու, թե ինչ կա այնտեղ։ Իսկ ինչո՞ւ է նա այդպես արել։
6 Աստված ուզում է՝ երբեք չմոռանանք, որ մենք իր կազմակերպության մի մասնիկն ենք։ Թեև մենք չենք տեսնում, բայց Եհովայի կազմակերպության անտեսանելի մասը մեծ ծավալի աշխատանք է անում նրա կամքը կատարելու համար։ Օրինակ՝ Եզեկիելի տեսիլքում այն ներկայացված է մի վիթխարի երկնային կառքով, որը կարող է ընթանալ շատ մեծ արագությամբ և մի ակնթարթում փոխել ուղղությունը (Եզեկ. 1։15–21)։ Անիվների ամեն մի պտույտով կառքը կարող է հսկայական տարածություն անցնել։ Տեսիլքում Եզեկիելը նշմարեց նաև կառքը Վարողին։ Մարգարեն գրում է. «Հետո տեսա ոսկու և արծաթի ձուլվածքի փայլի պես մի բան՝ կրակի պես, որը նրա ներսում և շուրջբոլորն էր.... Դա Եհովայի փառքի նմանությունն ունեցող մի բան էր» (Եզեկ. 1։25–28)։ Եզեկիելը, ամենայն հավանականությամբ, մեծ ակնածանքով լցվեց՝ տեսնելով այդ տեսիլքը։ Նա տեսավ, որ Եհովան լիովին վերահսկում է իր կազմակերպությունը և իր սուրբ ոգով առաջնորդում է այն։ Եհովայի՝ միշտ շարժման մեջ գտնվող կազմակերպության երկնային մասի ի՜նչ հիասքանչ նկարագրություն։
7. Դանիելի տեսիլքն ինչպե՞ս է մեզ լցնում վստահությամբ Եհովայի և Հիսուսի հանդեպ։
7 Դանիելը նույնպես տեսավ այնպիսի բաներ, որոնք մեզ վստահությամբ են լցնում Եհովայի ու Հիսուսի հանդեպ։ Նա տեսավ Եհովային՝ «Հինավուրցին»՝ կրակե անիվներ ունեցող գահի վրա նստած (Դան. 7։9)։ Եհովան ուզում էր, որ Դանիելը տեսնի, որ իր կազմակերպությունը շարժման մեջ է, այսինքն՝ իրագործում է Իր նպատակը։ Դանիելը նաև տեսավ «մարդու որդու նման մեկին»՝ Հիսուսին, որին իշխանություն տրվեց Եհովայի կազմակերպության երկրային մասի վրա։ Նրա իշխանությունը անթերի է և չի տևելու ընդամենը մի քանի տարի։ Այն «հավիտենական իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի» (Դան. 7։13, 14)։ Այս տեսիլքը մեզ վստահությամբ է լցնում Եհովայի հանդեպ և այն ամենի հանդեպ, ինչ նա անում է։ Աստված «իշխանություն, պատիվ ու թագավորություն» տվեց իր փորձված Որդուն՝ Հիսուսին։ Այո՛, Եհովան վստահում է իր Որդուն։ Ուստի մենք էլ պետք է վստահենք Հիսուսին ու հետևենք նրա առաջնորդությանը։
8. Տեսիլքները ի՞նչ ազդեցություն թողեցին Եզեկիելի ու Եսայիայի վրա և ի՞նչ ազդեցություն կարող են թողնել մեզ վրա։
8 Եհովայի կազմակերպության երկնային մասի վերաբերյալ այս տեսիլքներն ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա։ Անկասկած, Եզեկիելի պես՝ մենք խորապես տպավորվում ենք այն ամենով, ինչ անում է Աստված (Եզեկ. 1։28)։ Նրա կազմակերպության մասին խորհրդածելը կարող է մղել մեզ գործերի, ինչպես որ մղեց Եսայիային։ Երբ հնարավորություն ստեղծվեց ուրիշներին պատմելու այն մասին, թե ինչ է Աստված անում, նա առանց վարանելու խոսեց (կարդա՛ Եսայիա 6։5, 8)։ Եսայիան վստահ էր, որ Եհովայի օգնությամբ կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Աստծու կազմակերպության անտեսանելի մասի վերաբերյալ տեսիլքը, անշուշտ, մեզ էլ է լցնում ակնածանքով և մղում գործերի։ Եթե խորհրդածենք Եհովայի կազմակերպության մասին, ապա կքաջալերվենք և ամբողջովին կկենտրոնանանք Աստծու կամքը կատարելու վրա։
ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՍԸ
9, 10. Ինչո՞ւ Եհովայի կազմակերպության երկրային մասի կարիք կա։
9 Իր Որդու միջոցով Եհովան երկրի վրա ստեղծեց մի կազմակերպություն, որը ներդաշնակ էր գործելու իր կազմակերպության երկնային մասին։ Այն իրագործելու էր Մատթեոս 24։14-ում գրված մարգարեությունը։ Սակայն ինչո՞ւ այդ գործը անելու համար երկրային կազմակերպության կարիք կա։ Քննենք երեք պատճառ։
10 Առաջին՝ Հիսուսն ասաց, որ քարոզչական գործն անելու համար իր աշակերտները հասնելու էին «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Երկրորդ՝ անհրաժեշտ էր լինելու հոգևոր սնունդ մատակարարել աշակերտ պատրաստելու գործն անողներին և հոգալ նրանց կարիքները (Հովհ. 21։15–17)։ Երրորդ՝ բարի լուրը քարոզողները Եհովային երկրպագելու համար պետք է կարողանային միասին հավաքվել ու սովորել, թե ինչպես անեն այդ գործը (Եբր. 10։24, 25)։ Այս նպատակները իրենք իրենց չէին իրագործվի։ Քրիստոսի հետևորդները կկարողանային հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե այդ գործը լավ կազմակերպված լիներ։
11. Ինչպե՞ս կարող ենք թիկունք կանգնել Եհովայի կազմակերպությանը։
11 Ինչպե՞ս կարող ենք թիկունք կանգնել Եհովայի կազմակերպությանը։ Կարևոր կերպերից մեկը քարոզչական գործում առաջնորդություն վերցնող եղբայրներին վստահելն է։ Եհովան ու Հիսուսը վստահում են նրանց, ուստի մենք էլ պետք է վստահենք։ Աշխարհում կան շատ գործեր ու հարցեր, որոնցով այս եղբայրները կարող էին զբաղվել։ Բայց նրանք այդպես չեն անում։ Եկեք տեսնենք, թե ինչն է միշտ եղել Եհովայի կազմակերպության երկրային մասի ուշադրության կենտրոնում։
ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ՝ «ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ» ՎՐԱ
12, 13. Ինչպե՞ս են երեցները կատարում իրենց ծառայությունը, և ինչո՞ւ է դա քեզ ոգևորում։
12 Ամբողջ աշխարհում փորձառու երեցներ են նշանակվել, որպեսզի վերահսկեն ու խթանեն քարոզչական գործն այն երկրում, որտեղ իրենք ծառայում են։ Աստվածաշունչը նրանց համար «ճրագ է իրենց ոտքերի համար և լույս՝ ճանապարհի համար» Ուստի որոշումներ կայացնելիս այդ եղբայրները առաջնորդություն են փնտրում Աստվածաշնչում, ինչպես նաև ջերմեռանդորեն աղոթում են Եհովային (Սաղ. 119։105; Մատթ. 7։7, 8)։
13 Առաջին դարի երեցների պես՝ այսօր քարոզչական գործը ղեկավարող երեցները նվիրված են «Աստծու խոսքն ուսուցանելուն» (Գործ. 6։4)։ Նրանք շատ են ուրախանում՝ տեսնելով քարոզչական գործի աճը իրենց երկրում և ամբողջ աշխարհում (Գործ. 21։19, 20)։ Այդ եղբայրները, անընդհատ կանոններ սահմանելու փոխարեն, կենտրոնանում են քարոզչական գործը Աստվածաշնչի և սուրբ ոգու առաջնորդությամբ առաջ տանելու վրա (կարդա՛ Գործեր 15։28)։ Վարվելով այդպես՝ նրանք լավ օրինակ են թողնում ժողովներին (Եփես. 4։11, 12)։
14, 15. ա) Ի՞նչ գործեր են արվում բարի լուրի քարոզչության համար։ բ) Ի՞նչ ես զգում՝ գիտակցելով, որ առանձնաշնորհում ունես թիկունք կանգնելու Թագավորության քարոզչության գործին։
14 Շատերս չենք տեսնում, թե ինչ աշխատանքներ են կատարվում բարի լուրի առաջխաղացման համար։ Բազմաթիվ եղբայրներ ամեն օր աշխատում են, որ նյութեր պատրաստեն մեր հրատարակությունների, ժողովի հանդիպումների և համաժողովների համար։ Մի քանի հազար կամավորներ ջանասիրաբար թարգմանում են այդ հոգևոր կերակուրը մոտ 600 լեզվով, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իր մայրենի լեզվով սովորի «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործ. 2։7–11)։ Երիտասարդ շատ եղբայրներ ու քույրեր աշխատում են տպարաններում և կազմատներում։ Տըպագրված գրականությունը առաքվում է ժողովներ, անկախ այն բանից, թե դրանք աշխարհի որ անկյունում են գտնվում։
15 Ուրիշ շատ գործեր էլ են արվում, որպեսզի կենտրոնացած լինենք բարի լուրի քարոզչության վրա։ Օրինակ՝ հազարավոր հավատակիցներ աջակցում են Թագավորության սրահների և համաժողովների սրահների շինարարությանը, օգնում են աղետից տուժածներին և անհապաղ բուժօգնության կարիք ունեցողներին, մասնակցում են համաժողովների կազմակերպմանը, ուսուցանում են աստվածապետական դպրոցներում։ Ինչպես տեսնում ենք, շատ գործեր են արվում, թեև գուցե մենք դրանք չենք տեսնում։ Ինչի՞ համար է այս ամենը։ Նպատակն է նպաստել բարի լուրի քարոզչությանը, քարոզիչների հոգևոր բարօրությանը և ճշմարիտ երկրպագության առաջընթացին։ Անկասկած, Եհովայի կազմակերպության երկրային մասը կենտրոնացած է եղել և շարունակում է կենտրոնացած մնալ ավելի կարևոր բաների վրա։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
16. Ի՞նչ կարող ես ուսումնասիրել ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության ժամանակ։
16 Պարբերաբար ժամանակ հատկացնո՞ւմ ենք, որպեսզի խորհրդածենք Եհովայի կազմակերպության կատարած գործերի շուրջ։ Որոշ հավատակիցներ իրենց ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության ժամանակ փնտրտուքներ են անում այս թեմայով և խորհրդածում են դրա շուրջ։ Օրինակ՝ անչափ հետաքրքիր կլինի ուսումնասիրել Եսայիայի, Եզեկիելի, Դանիելի և Հովհաննեսի տեսիլքները։ «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, ինչպես նաև այլ հրատարակություններ կամ թվային տեսասկավառակներ, որոնք առկա են քո կամ քեզ հասկանալի լեզվով, նույնպես շատ հետաքրքիր բաներ կարող են սովորեցնել Աստծու կազմակերպության մասին։
17, 18. ա) Ի՞նչ օգուտ քաղեցիր այս հոդվածի ուսումնասիրությունից։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
17 Մեզ համար օգտակար է խորհրդածել այն մասին, թե Եհովան ինչեր է իրագործում իր հրաշալի կազմակերպության միջոցով։ Ընդօրինակելով Աստծու կազմակերպությանը՝ եկեք ամեն ինչ անենք, որ կենտրոնացած մնանք ավելի կարևոր բաների վրա։ Այդպես կնմանվենք Պողոս առաքյալին, որն ասաց. «Քանի որ մեր հանդեպ ցույց տրված ողորմության համաձայն՝ այս ծառայությունն ունենք, չենք հանձնվում» (2 Կորնթ. 4։1)։ Նա իր համագործակիցներին նաև հորդորեց. «Ուրեմն չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղ. 6։9)։
18 Կարիք ունե՞նք անձամբ մենք կամ մեր ընտանիքը որոշ փոփոխություններ անելու, որպեսզի հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր մեզ համար։ Կարո՞ղ ենք պարզեցնել մեր կյանքը, որպեսզի հնարավորություն ունենանք ավելի շատ ժամանակ տրամադրելու անչափ կարևոր քարոզչական ծառայությանը։ Հաջորդ հոդվածում կխոսենք հինգ բաների մասին, որոնք կարող են օգնել մեզ համաքայլ ընթանալու Եհովայի կազմակերպությանը։