Աստվածաշնչի տեսակետը
Ինչպե՞ս պետք է աղոթել Աստծուն
ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻՆ դիմելը և մեր խորունկ մտքերը նրան ասելը, ինչ խոսք, անգնահատելի առանձնաշնորհում է։ Այդուհանդերձ, շատերը չգիտեն, թե ինչպես է հարկավոր աղոթել, իսկ ուրիշներն էլ ուզում են բարելավել իրենց աղոթքները։ Հիսուս Քրիստոսի վաղ աշակերտները նույնպես ակներևաբար ցանկացել են բարելավել իրենց աղոթքները։ Մի առիթով նրանցից մեկն ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել» (Ղուկաս 11։1)։ Ի պատասխան՝ Հիսուսը ասաց տիպար աղոթքը, որը հաճախ կոչում են «Տերունական աղոթք», կամ՝ «Հայր մեր»։ Այս գեղեցիկ, սակայն պարզ աղոթքը օգնում է մեզ ոչ միայն դիմելու Աստծուն նրան ընդունելի ձևով, այլև հասկանալու Աստվածաշնչի գլխավոր թեման։
Հիսուսի տիպար աղոթքը
Հիսուսն ասաց. «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր օրվա հացը և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր Չարից»» (Մատթեոս 6։9–13)։
Ուշադրություն դարձրու, որ Հիսուսն ասաց. «Ուստի այսպես աղոթեք»։ Ինչո՞ւ։ Հիսուսը չէր ուզում, որ իր հետևորդները նույն խոսքերը անընդհատ կրկնեն։ Նա դեմ էր այդպես աղոթելուն (Մատթեոս 6։7)։ Իրականում նրա աղոթքը ցույց է տալիս, թե ինչ առաջնահերթություններ պետք է դնել, ինչն է կարևոր ոչ թե մեզ, այլ Աստծու համար։ Սակայն այդ առաջնահերթությունները հասկանալու համար պետք է ըմբռնենք Հիսուսի խոսքերի նշանակությունը։ Քննենք աղոթքի մտքերը առանձին-առանձին։
Տիպար աղոթքի նշանակությունը
«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»։ Հիսուսը Աստծուն դիմում էր որպես «Հոր», քանի որ նա սիրող և հոգատար հոր պես է։ Աստված նաև անուն ունի՝ Եհովա, որը չպետք է շփոթել նրա տիտղոսների հետ, ինչպես օրինակ՝ Ամենակարող, Աստված, Տերa (Սաղմոս 83։18)։ Իսկ ինչո՞ւ պետք է Աստծու անունը, որը շատ բան է ասում նրա մասին, սրբացվի։ Քանի որ այդ անունը արատավորվել է, կամ՝ անարգվել։
Ոմանք Աստծուն են մեղադրում իրենց դժբախտությունների համար, սակայն հնարավոր է՝ խնդրի արմատը մարդն ինքն է կամ էլ սխալ ժամին սխալ վայրում գտնվելը (Առակներ 19։3; Ժողովող 9։11)։ Ուրիշները բնական աղետների համար են մեղադրում Աստծուն։ Սակայն Աստվածաշունչը նշում է, որ «Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Շատ կրոնականներ էլ սովորեցնում են, որ Աստված պատժում է չարերին՝ հավիտյան տանջելով նրանց կրակե դժոխքում, ուսմունք, որը ոտնահարում է Աստծու սերը (Երեմիա 19։5; 1 Հովհաննես 4։8)։ Մինչդեռ Հռոմեացիներ 6։23-ում գրված է, որ «մեղքի տված վարձը մահն է», ոչ թե հավիտենական տանջանքըb։
«Թող գա քո թագավորությունը»։ Աստծու Թագավորությունը կառավարություն է, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Նա շուտով ղեկավարելու է ողջ երկիրը։ «Նրան տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն»,— նշվում է Դանիել 7։14-ում։ Աստծու Թագավորությունը կգա, երբ միջամտի մարդկության գործերին՝ փշրելով բոլոր ըմբոստ կառավարություններին և բացարձակ իշխանություն ստանձնելով ողջ երկրի վրա (Դանիել 2։44)։
«Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Աստծու Թագավորության ներքո մարդկությունը հնազանդվելու է Աստծու կամքին։ Արդյունքում խաղաղություն կտիրի ողջ երկրում, և բոլորը կերկրպագեն Աստծուն՝ ճշմարտությանը ներդաշնակ։ Պառակտիչ քաղաքական խմբավորումները և կեղծ կրոնը այլևս չեն լինի։ Փոխաբերական լեզվով ասած՝ «Աստծու խորանը» կլինի «մարդկանց հետ»,— գրված է Հայտնություն 21։3, 4-ում,— «և նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։
«Տուր մեզ այսօր մեր օրվա հացը»։ Նախապատվությունը տալով Աստծու անվանը և Թագավորությանը՝ Հիսուսը այնուհետև կենտրոնանում է մեր կարիքների վրա։ Նրա խոսքերը ցույց են տալիս, որ մենք չպետք է ձգտենք «մեր օրվա» համար անհրաժեշտ բաներից ավելին ունենալ։ Հակառակը՝ պետք է հետևենք Առակներ 30։8-ի խորհրդին. «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն։ Թույլ տուր, որ ինձ անհրաժեշտ ուտելիքն ուտեմ»։
«Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին»։ «Պարտքեր» բառը այստեղ նշանակում է «մեղքեր»c։ Մենք բոլորս Աստծուն հնազանդություն ենք պարտք։ Ուստի երբ չենք հնազանդվում նրան, կամ՝ մեղք ենք գործում նրա դեմ, մեր գլխին պարտքեր ենք կուտակում։ Սակայն Եհովան պատրաստ է ներելու մեզ այդ պարտքերը, եթե մենք մեծահոգաբար ներում ենք նրանց, ովքեր մեղք են գործում մեր դեմ (Մատթեոս 18։21–35)։
«Մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր Չարից»։ «Չարը» Սատանան է, որը կոչվում է նաև «Փորձիչ» (Մատթեոս 4։3)։ Քանի որ մեր անկատար մարմինը տկար է, մենք Աստծու օգնության կարիքն ունենք Սատանայի ու նրա դևերի դեմ պայքարելու համար (Մարկոս 14։38)։
Թող որ Հիսուսի տիպար աղոթքը օգնի քեզ բարելավելու աղոթքներդ՝ դնելով ճիշտ առաջնահերթություններ։ Իսկ ինչպե՞ս է այս աղոթքը օգնում մեզ նաև հասկանալու Աստվածաշնչի գլխավոր թեման։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ այդ թեման Աստծու սուրբ անունը սրբացնելն է, երկրի վրայից չարությունը վերացնելը և Աստծու Թագավորության միջոցով երկրի վրա խաղաղ իշխանություն հաստատելը։ Հոգևոր ի՜նչ անգին գանձեր կան Հիսուսի տիպար աղոթքում։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի եբրայերեն և հունարեն բնագիր տեքստերում Աստծու անունը գրվել է մոտ 7 000 անգամ։ Ցավոք, ժամանակակից շատ թարգմանություններում Աստծու սուրբ անվան փոխարեն գրվել են նրա տիտղոսները։
b Մահացածները որևէ այլ ձևով կենդանի չեն, նրանք «քնած» են, կամ՝ «ոչ մի բան չեն գիտակցում», մինչև որ ապագայում հարություն առնեն (Հովհաննես 5։28, 29; 11։11–13; Ժողովող 9։5)։
c Տե՛ս Ղուկաս 11։4-ը (ծնթ.), որում այս երկու բառերը հոմանշաբար են օգտագործվում։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Ուստի այսպես աղոթեք» (Մատթեոս 6։9)։
● Ընդհանուր առմամբ ինչի՞ն պետք է նախապատվություն տանք աղոթելիս (Մատթեոս 6։9, 10)։
● Որո՞նք են «մեր պարտքերը», և ինչո՞ւ պետք է ներենք նրանց, ովքեր մեղք են գործում մեր դեմ (Մատթեոս 6։12)։
[նկար 13-րդ էջի վրա]
Տիպար աղոթքը կօգնի քեզ աղոթելիս նախապատվությունը տալու այն բաներին, որոնք կարևոր են Աստծու, ոչ թե քեզ համար