Ինչպե՞ս աղոթել. արդյո՞ք «Տերունական աղոթքը» կրկնելը լավագույն ձևն է
Աստվածաշնչի պատասխանը
«Տերունական աղոթքից» մենք հասկանում ենք, թե ինչպես և ինչի մասին պետք է աղոթենք։ Հիսուսը այս աղոթքի օրինակը տվեց այն բանից հետո, երբ իր աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել» (Ղուկաս 11։1)։ Սակայն «Տերունական աղոթքը» կամ «Հայր մերը» Աստծուն ընդունելի միակ աղոթքը չէ։a Հիսուսը այս օրինակով ցույց տվեց, թե Աստված ինչպիսի աղոթքներն է լսում։
Այս հոդվածում՝
Ի՞նչի մասին է «Տերունական աղոթքը»
«Տերունական աղոթքը» արձանագրված է Մատթեոս 6։9-13 համարներում, և Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում այն տարբեր կերպ է հնչում։ Ահա երկու օրինակ։
«Նոր աշխարհ թարգմանություն». «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր օրվա հացը և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր Չարից»։
«Արարատ» թարգմանություն. «Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։ Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն»։
Ո՞րն է «Տերունական աղոթքի» իմաստը
Հիսուսի սովորեցրածները ներդաշնակ էին Աստվածաշնչի մյուս հատվածներին, այդ իսկ պատճառով «Տերունական աղոթքը» հասկանալու համար կարող ենք դիմել դրանց օգնությանը։
«Հա՛յր մեր, որ երկնքում ես»
Տեղին է դիմել Աստծուն որպես «մեր Հոր», քանի որ նա է մեր Ստեղծիչն ու կյանք տվողը (Եսայիա 64։8)։
«Թող սրբացվի քո անունը»
Աստծու անունը պետք է պատվել, և այն սուրբ համարել։ Մարդիկ սրբացնում են Աստծու անունը, երբ խոսում են նրա հատկությունների և նպատակների մասին (Սաղմոս 83։18; Եսայիա 6։3)։
«Թող գա քո թագավորությունը»
Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որի թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսը մեզ սովորեցրեց աղոթել, որ այդ Թագավորության իշխանությունը հաստատվի երկրի վրա (Դանիել 2։44; Հայտնություն 11։15)։
«Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»
Երկնքում չկան մահ և չարություն։ Աստված ցանկանում է, որ երկրի վրա մարդիկ նույնպես ապրեն հավիտյան՝ խաղաղ և ապահով պայմաններում (Սաղմոս 37։11, 29)։
«Տուր մեզ այսօր մեր օրվա հացը»
Հիսուսի ժամանակներում հացը հիմնական սննդամթերք էր։ Մենք պետք է հիշենք, որ կենսական բաների համար հարկավոր է ապավինել մեր Ստեղծչին (Գործեր 17։24, 25)։
«Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին»
Այս համատեքստում «պարտքերը» բառը վերաբերում է մեղքերին (Ղուկաս 11։4)։ Բոլորս էլ մեղք ենք գործում և ներվելու կարիք ունենք։ Եվ եթե մենք ուզում ենք արժանանալ Աստծու ներողամտությանը, ապա պետք է մենք էլ մեր հերթին պատրաստակամորեն ներենք մեր դեմ մեղք գործածներին (Մատթեոս 6։14, 15)։
«Մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր Չարից»
Եհովան երբեք մեզ չար բաներով չի փորձում (Հակոբոս 1։13)։ Մեզ փորձում է «Չարը»՝ Բանսարկու Սատանան, որը նաև «Փորձիչ» է կոչվում (1 Հովհաննես 5։19; Մատթեոս 4։1-4)։ Մենք խնդրում ենք Եհովային, որ օգնի մեզ հնազանդ մնալ իրեն, երբ կանգնում ենք սխալ գործելու գայթակղության առաջ։
Արդյո՞ք «Տերունական աղոթքը» կրկնելը աղոթելու միակ ձևն է
Այս աղոթքը Հիսուսը տվեց որպես նմուշ։ Մենք չպետք է այն բառ առ բառ կրկնենք, քանի որ «Տերունական աղոթքը» տալուց անմիջապես առաջ Հիսուսը հետևյալն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7)։ Մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուսը աղոթքի օրինակ տվեց, նա այլ բառեր օգտագործեց (Ղուկաս 11։2-4)։
Աղոթելու լավագույն ձևը սրտաբուխ և անկեղծ խոսքեր ասելն է (Սաղմոս 62։8)։
Ինչպե՞ս պետք է աղոթենք
«Տերունական աղոթքից» սովորում ենք, թե ինչպես աղոթենք, որ Աստված լսի մեզ։ Այն համահունչ է աղոթքի վերաբերյալ աստվածաշնչյան այլ համարներին։
Միայն Աստծուն աղոթիր
Աստվածաշնչյան համար. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։
Նշանակությունը: Մեր աղոթքները պետք է ուղղված լինեն Աստծուն, ոչ թե Հիսուսին, Մարիամին կամ սրբերին։ «Տերունական աղոթքը» սկսվում է «Հայր մեր» արտահայտությամբ, ինչը ցույց է տալիս, որ մենք պետք է աղոթենք միայն Եհովա Աստծուն։
Աղոթիր Աստծու կամքին ներդաշնակ բաների մասին
Աստվածաշնչյան համար. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։
Նշանակությունը: Մենք կարող ենք աղոթել Աստծու կամքին ներդաշնակ ցանկացած բանի մասին։ «Տերունական աղոթքում» «թող կատարվի քո կամքը» արտահայտությունը ներառելով՝ Հիսուսը ցույց տվեց, թե որքան կարևոր է Աստծու կամքը։ Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ կարող ենք ավելին իմանալ երկրի և մարդկանց առնչությամբ Աստծու նպատակների մասին։
Աղոթիր մտահոգություններիդ մասին
Աստվածաշնչյան համար. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)։
Նշանակությունը: Աստված հետաքրքրված է մեր խնդիրներով։ «Տերունական աղոթքում» Հիսուսը ընդգրկեց որոշ անձնական խնդրանքներ։ Մենք նույնպես կարող ենք աղոթել մեր ամենօրյա կարիքների, որոշումներ կայացնելիս առաջնորդություն և դժվարությունների ժամանակ աջակցություն ստանալու, ինչպես նաև մեր մեղքերի ներման մասին։b
a Օրինակ՝ Հիսուսն ու իր աշակերտները ուրիշ աղոթքներ էլ են արել և չեն կառչել տիպար աղոթքում նշված բառերից (Ղուկաս 23։34; Փիլիպպեցիներ 1։9)։
b Այն մարդիկ, ովքեր Աստծու ներողամտության կարիքն ունեն, գուցե իրենց շատ մեղավոր զգան և չկարողանան աղոթել։ Սակայն Եհովան այդպիսի մարդկանց հետևյալ ուղերձն է հղում. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները» (Եսայիա 1։18)։ Նա չի մերժի իր ներողամտությունը հայցող անկեղծ մարդկանց։