Արդյոք պե՞տք է աղոթենք Հիսուսին
ՄԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ վերջերս հարցում անցկացրեց ավելի քան 800 երիտասարդների շրջանում, որոնք պատկանում էին տարբեր կրոնական ուղղությունների։ Նա հարցրեց նրանց, թե արդյոք Հիսո՞ւսն է աղոթքներ լսողը։ Ավելի քան 60 տոկոսը պատասխանեց, որ համոզված է, որ Հիսուսն է լսում աղոթքները։ Սակայն երիտասարդներից մեկը հարցաթերթիկում ջնջեց «Հիսուս» անունը և փոխարենը գրեց՝ «Աստված»։
Իսկ դուք ինչ եք կարծում. ո՞ւմ պետք է ուղղենք մեր աղոթքները՝ Հիսուսի՞ն, թե՞ Աստծունa։ Պատասխանը գտնելու համար տեսնենք, թե աղոթելու հետ կապված ինչ սովորեցրեց Հիսուսն իր աշակերտներին։
ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ, ՈՐ Ո՞ՒՄ ԱՂՈԹԵՆՔ
Հիսուսը սովորեցրեց և ցույց տվեց, թե ում պետք է աղոթենք։
ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ։ Հիսուսի աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Երբ որ աղոթք անեք, ասացեք. «Հա՛յր»» (Ղուկաս 11։1, 2)։ Բացի այդ, իր հայտնի Լեռան քարոզի ժամանակ, Հիսուսը հորդորեց աղոթել։ Նա ասաց. «Աղոթիր քո Հորը»։ Հիսուսը իր ունկնդիրներին նաև վստահեցրեց. «Ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6։6, 8)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը նա իր աշակերտներին ասաց. «Եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ» (Հովհաննես 16։23)։ Փաստորեն, Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել այն անձնավորությանը, որը և՛ իր Հայրն է, և՛ մեր Հայրը, այսինքն՝ Եհովա Աստծուն (Հովհաննես 20։17)։
ԻՆՉ ՕՐԻՆԱԿ ԹՈՂԵՑ։ Վարվելով իր սովորեցրածին ներդաշնակ՝ Հիսուսն աղոթեց. «Բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր» (Ղուկաս 10։21)։ Մեկ ուրիշ անգամ Հիսուսն իր աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր» (Հովհաննես 11։41)։ Իսկ մահանալիս նա աղոթեց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին» (Ղուկաս 23։46)։ Այո՛, Հիսուսն աղոթում էր իր երկնային Հորը՝ «երկնքի և երկրի Տիրոջը»։ Եվ այս հարցում նա օրինակ եղավ բոլորիս համար (Մատթեոս 11։25; 26։41, 42; 1 Հովհաննես 2։6)։ Հիսուսի՝ առաջին դարի աշակերտները հասկացա՞ն իրենց ուսուցչի սովորեցրածը և վարվեցի՞ն դրան ներդաշնակ։
Ո՞ՒՄ ԷԻՆ ԱՂՈԹՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
Հիսուսի՝ երկինք վերադառնալուց հետո անցել էր մի քանի շաբաթ. նրա աշակերտները մեծ ճնշումների էին ենթարկվում հակառակորդների կողմից (Գործեր 4։18)։ Անկասկած, նրանք աղոթքով օգնություն էին խնդրում։ Բայց ո՞ւմ էին դիմում։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանք միասնաբար իրենց ձայնը բարձրացրին առ Աստված»։ Աշակերտները խնդրում էին Աստծուն իր «սուրբ ծառա Հիսուսի անունով», որ օգնի իրենց (Գործեր 4։24, 30)։ Այսպիսով՝ նրանք վարվում էին Հիսուսի սովորեցրածի համաձայն. աղոթում էին Աստծուն, ոչ թե Հիսուսին։
Տարիներ անց Պողոս առաքյալը նշեց, թե ինչպես էին աղոթում ինքը և իր համագործակիցները։ Նա իր քրիստոնյա հավատակիցներին գրեց. «Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար» (Կողոսացիներ 1։3)։ Պողոսը նաև գրեց իր հավատակիցներին. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն ինչի համար միշտ շնորհակալություն հայտնեք մեր Աստծուն և Հորը» (Եփեսացիներ 5։20)։ Այս խոսքերից երևում է, որ Պողոսը ուրիշներին քաջալերում էր «ամեն ինչի համար» աղոթել «Աստծուն և Հորը», իհարկե, Հիսուսի անունով (Կողոսացիներ 3։17)։
Մենք կարող ենք մեր սերը ցույց տալ Հիսուսի հանդեպ, եթե հետևենք աղոթքի հետ կապված նրա տված խորհրդին, ինչպես որ վարվում էին առաջին դարի քրիստոնյաները (Հովհաննես 14։15)։ Մենք աղոթում ենք միմիայն մեր երկնային Հորը, հետևաբար, սաղմոսերգուի հետևյալ խոսքերը շատ հոգեհարազատ են մեզ. «Ես սիրով եմ լցված, որովհետև Եհովան լսում է իմ ձայնը.... և իմ կյանքի բոլոր օրերում ես նրան պիտի կանչեմ» (Սաղմոս 116։1, 2)b։
a Համաձայն Աստվածաշնչի՝ Հիսուսը հավասար չէ Աստծուն։ Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 4-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Որպեսզի մեր աղոթքները ընդունելի լինեն Աստծուն, մենք պետք է ամեն ջանք թափենք, որ ապրենք Աստծու սահմանած չափանիշներով։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը։