«Ուժովացէք եւ քաջ եղէք»
«Քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 16։33)։
1. Ի՞նչ քաջալերանք ստացան իսրայելացիները Քանանի երկիր մտնելուց առաջ։
ԵՐԲ իսրայելացիները գտնվում էին Հորդանան գետի ափին և պատրաստվում էին Ավետյաց երկիր անցնել, Մովսեսը նրանց ասաց. «Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք, որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում»։ Հետո Մովսեսը կանչեց Հեսուին, որը պետք է իսրայելացիներին առաջնորդեր դեպի Քանան, և քաջ լինելու վերաբերյալ այդ խոսքերը կրկնեց նաև անձամբ նրա համար (Բ Օրինաց 31։6, 7)։ Ավելի ուշ Եհովան ինքը քաջալերեց Հեսուին։ Նա ասաց. «Զօրացիր եւ քաջ եղիր.... Միայն թէ զօրացիր եւ շատ քաջ եղիր» (Յեսու 1։6, 7, 9)։ Այդ խոսքերը ճիշտ ժամանակին ասվեցին. իսրայելացիները պետք է քաջ լինեին, որպեսզի կարողանային հաղթել Հորդանանից այն կողմ գտնվող հզոր թշնամիներին։
2. Ի՞նչ իրավիճակում ենք մենք այսօր գտնվում և ինչի՞ կարիք ունենք։
2 Մեր օրերում ճշմարիտ քրիստոնյաներին նույնպես մի անցում է սպասում. անցում դեպի խոստացյալ նոր աշխարհ, և այդ իսկ պատճառով նրանք նույնպես քաջության կարիք ունեն, ինչպես Հեսուն (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 7։14)։ Սակայն մեր հանգամանքները տարբերվում են Հեսուի հանգամանքներից։ Հեսուն կռվում էր սրով և նիզակով, բայց մեր պայքարը հոգևոր է, ուստի երբևէ բառացի զենք չենք օգտագործում (Եսայիա 2։2–4; Եփեսացիս 6։11–17)։ Հեսուն դեռ Ավետյաց երկիր մտնելուց հետո էլ պետք է բազմաթիվ կատաղի մարտեր մղեր, իսկ մենք նման «մարտեր» մղում ենք ներկայումս՝ նոր աշխարհ մտնելուց առաջ։ Եկեք քննարկենք մի քանի իրավիճակներ, որտեղ հարկավոր է քաջություն դրսևորել։
Ինչո՞ւ ենք ստիպված պայքարել
3. Ի՞նչ է Աստվածաշունչը բացահայտում մեր գլխավոր թշնամու վերաբերյալ։
3 Հովհաննես առաքյալը գրեց. «Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։ Այս խոսքերը ցույց են տալիս, թե որն է հիմնական պատճառը, որ քրիստոնյաները ստիպված են պայքարել հանուն իրենց հավատի ամրության։ Քրիստոնյան, պահելով իր անարատությունը, նպաստում է Բանսարկու Սատանայի պարտությանը։ Ուստի Սատանան գործում է ինչպես ‘գոռոզ [«մռնչող», Արևմտ. Աստ.] առյուծ’՝ փորձելով հավատարիմ քրիստոնյաներին վախեցնել ու, այսպես ասած, կուլ տալ (Ա Պետրոս 5։8)։ Նա պատերազմում է օծյալ քրիստոնյաների և նրանց ուղեկիցների դեմ (Յայտնութիւն 12։17)։ Այդ պատերազմում նա օգտագործում է մարդկանց, ովքեր գիտակցաբար թե անգիտակցաբար ծառայում են նրա շահերին։ Քաջություն է հարկավոր Սատանայի և նրա բոլոր գործակալների դեմ անսասան մնալու համար։
4. Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը, և ի՞նչ հատկություն են դրսևորել ճշմարիտ քրիստոնյաները։
4 Քանի որ Հիսուսը գիտեր, որ Սատանան և իր գործակալները ջանք չեն խնայի խոչընդոտելու բարի լուրի տարածմանը, նա իր հետևորդներին նախազգուշացրեց. «Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք» (Մատթէոս 24։9)։ Այս խոսքերը իրականություն դարձան ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում։ Այո՛, Եհովայի ժամանակակից Վկաներից ոմանք կրում են նույնպիսի դաժան փորձություններ, ինչպիսիք որ եղել են հին ժամանակներում։ Բայցևայնպես, ճշմարիտ քրիստոնյաները նման հանգամանքներում շարունակում են քաջություն հանդես բերել։ Նրանք գիտեն, որ «մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ», ուստի չեն ցանկանում ծուղակի մեջ ընկնել (Առակաց 29։25)։
5, 6. ա) Ո՞ր իրավիճակներում է մեզնից քաջություն պահանջվում։ բ) Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները արձագանքում, երբ նրանց քաջությունը փորձի է ենթարկվում։
5 Բացի հալածանքից, մեզ բաժին են ընկնում այլ դժվարություններ, որոնք հաղթահարելու համար դարձյալ քաջություն է հարկավոր։ Օրինակ՝ որոշ եղբայրներ ու քույրեր դժվարանում են բարի լուրի մասին խոսել անծանոթ մարդկանց հետ։ Որոշ դպրոցականների քաջությունը ստուգվում է այն ժամանակ, երբ նրանցից պահանջվում է երգել ազգային հիմնը, հավատարմության երդում տալ պետությանը կամ էլ պատիվ տալ դրոշին։ Քանի որ նման երդումը փաստորեն կրոնական գործողություն է նշանակում, քրիստոնյա երեխաները համարձակորեն որոշում են գործել այնպես, ինչպես հաճելի է Աստծուն։ Դա մեր սրտերը ուրախությամբ է լցնում։
6 Քաջությունը անհրաժեշտ է նաև այն ժամանակ, երբ հակառակորդների ազդեցությամբ լրատվական միջոցները Աստծո ծառաներին բացասական լույսի տակ են ներկայացնում, կամ էլ երբ նրանք փորձում են օրենքի միջոցով սահմանափակումներ դնել ճշմարիտ երկրպագության վրա (Սաղմոս 94։20, Արևմտ. Աստ., տե՛ս ծան.)։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը, երբ թերթերը, ռադիոն կամ հեռուստատեսությունը Եհովայի վկաների մասին աղավաղված տեղեկություններ կամ ակնհայտ ստեր են հաղորդում։ Արդյոք պե՞տք է զարմանանք։ Ո՛չ։ Մենք ակնկալում ենք նման բաներ (Սաղմոս 109։2)։ Եվ չենք էլ զարմանում, երբ ոմանք հավատում են նման ստերի ու աղավաղումների. Աստվածաշունչն ասում է, որ «պարզամիտը հաւատում է ամեն խօսքի» (Առակաց 14։15)։ Սակայն հավատարիմ քրիստոնյաները չեն հավատում իրենց եղբայրների վերաբերյալ նման տեղեկություններին և թույլ չեն տալիս, որ դրանց պատճառով իրենք բացակայեն քրիստոնեական հանդիպումներից, ավելի քիչ չափով մասնակցեն քարոզչական ծառայությանը կամ՝ թուլանա իրենց հավատը։ Ընդհակառակը՝ նրանք «ամեն բանի մէջ [իրենց] անձերը ընծայում [‘ներկայացնում’, ԷԹ] [են] ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ.... փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ [ըստ հակառակորդների]՝ բայց [իրականում] ճշմարիտներ» (Բ Կորնթացիս 6։4, 8)։
7. Ինչպիսի՞ հարցեր պետք է ինքներս մեզ տանք։
7 Պողոսը Տիմոթեոսին գրեց. «Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան.... Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ [մասին] վկայութիւնը» (Բ Տիմոթէոս 1։7, 8; Մարկոս 8։38)։ Կարդալով այս խոսքերը՝ կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ամաչո՞ւմ եմ իմ կրոնական համոզմունքների համար, թե՞ քաջ եմ։ Գիտե՞ն իմ աշխատանքի վայրում (կամ դպրոցում), որ ես Եհովայի վկա եմ, թե՞ աշխատում եմ լռել այդ մասին։ Ամաչո՞ւմ եմ այն բանից, որ տարբերվում եմ ուրիշներից, թե՞ հպարտանում եմ, որ Եհովայի հետ փոխհարաբերություններ ունենալով՝ տարբերվում եմ մյուսներից»։ Եթե ինչ–որ մեկը վախ է զգում՝ կապված բարի լուրի քարոզչության կամ էլ ուրիշների համակրանքը չվայելող համոզմունքներ ունենալու հետ, լավ կլինի, որ հիշի Եհովայի՝ Հեսուին տված խորհուրդը՝ «զօրացիր եւ քաջ եղիր»։ Երբեք չպետք է մոռանանք, որ ոչ թե մեր աշխատակիցների կամ դպրոցական ընկերների, այլ Եհովայի և Հիսուս Քրիստոսի կարծիքն է կարևոր (Գաղատացիս 1։10)։
Ինչպես ավելի քաջ դառնալ
8, 9. ա) Ինչպե՞ս վաղ քրիստոնյաների քաջությունը փորձի ենթարկվեց։ բ) Ինչպե՞ս Պետրոսն ու Հովհաննեսը արձագանքեցին սպառնալիքներին, և ի՞նչ օգնություն ստացան նրանք և իրենց եղբայրները։
8 Ինչպե՞ս կարող ենք ավելի քաջ դառնալ, որպեսզի կարողանանք այս դժվար ժամանակներում պահպանել մեր անարատությունը։ Տեսնենք, թե ինչպես էին առաջին դարի քրիստոնյաները իրենց մեջ քաջություն մշակում։ Երբ Երուսաղեմի քահանայապետներն ու ծերերը պատվիրեցին Պետրոսին ու Հովհաննեսին դադարեցնել Հիսուսի անունով քարոզելը, վերջիններս նրանց չհնազանդվեցին։ Պետրոսին ու Հովհաննեսին սպառնացին և հետո արձակեցին։ Այնուհետև նրանք միացան եղբայրներին, և նրանք միասին աղոթք արեցին Եհովային՝ ասելով. «Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել» (Գործք 4։13–29)։ Ի պատասխան՝ Եհովան նրանց զորացրեց սուրբ ոգով, և, ինչպես հետո հրեա առաջնորդները խոստովանեցին, նրանք ‘Երուսաղեմը լցրեցին իրենց ուսմունքով’ (Գործք 5։28)։
9 Եկեք վերլուծենք այդ դեպքը։ Աշակերտները չվախեցան հրեա առաջնորդների սպառնալիքներից ու չմտածեցին, թե պետք է դադարեցնեն քարոզչությունը։ Հակառակը՝ նրանք աղոթեցին Աստծուն՝ քաջություն ստանալու համար, որ շարունակեին քարոզել։ Հետո նրանք գործեցին իրենց աղոթքի համաձայն, և Եհովան իր ոգով զորացրեց նրանց։ Նրանց դեպքը ցույց է տալիս, որ այն, ինչ Պողոսը գրեց տարիներ անց (թեև նա ուրիշ բանի մասին էր խոսում), կիրառելի է հալածվող քրիստոնյաների համար։ Նա գրել է. «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց» (Փիլիպպեցիս 4։13, Արևմտ. Աստ.)։
10. Ինչպե՞ս է Երեմիայի օրինակն օգնում նրանց, ովքեր բնականից ամաչկոտ են։
10 Ենթադրենք անհատը բնականից ամաչկոտ է։ Կարո՞ղ է նա, չնայած հակառակությանը, շարունակել քաջաբար ծառայել Եհովային։ Անտարակո՛ւյս։ Հիշենք, թե ինչպես Երեմիան արձագանքեց, երբ Եհովան նրան մարգարե նշանակեց։ Պատանին ասաց. «Ես մանուկ եմ»։ Նա կարծում էր, թե չի կարող կատարել այդ հանձնարարությունը։ Բայց Եհովան նրան քաջալերեց հետևյալ խոսքերով. «Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր։ Մի վախիր նորանց երեսիցը որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ» (Երեմիա 1։6–10)։ Երեմիան ապավինեց Եհովային և նրա զորությամբ հաղթահարեց իր անվճռականությունը և մի առանձին քաջությամբ վկայություն տվեց Իսրայելում։
11. Ի՞նչն է այսօր քրիստոնյաներին օգնում նմանվել Երեմիային։
11 Օծյալ քրիստոնյաներն էլ Երեմիայի պես հանձնարարություն են ստացել։ Նրանք «այլ ոչխարների» «մեծ բազմության» (Արևմտ. Աստ.) օգնությամբ շարունակում են հռչակել Եհովայի նպատակները՝ չնայած այն բանին, որ մարդիկ հետաքրքրություն չեն ցույց տալիս, ծաղրում են կամ էլ հալածում (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։ Նրանց շատ է ոգևորում այն խոսքը, որ Եհովան ասաց Երեմիային՝ «Մի վախիր»։ Նրանք երբեք չեն մոռանում, որ իրենք Աստծուց են հանձնարարություն ստացել և նրա պատգամն են քարոզում (Բ Կորնթացիս 2։17)։
Քաջության օրինակներ՝ արժանի ընդօրինակման
12. Քաջության ի՞նչ գերազանց օրինակ է թողել Հիսուսը, և ինչպե՞ս նա քաջալերեց իր հետևորդներին։
12 Քաջություն ձեռք բերելու մեջ մեզ համար մեծ օգնություն կլինի խորհրդածելը այնպիսի մարդկանց օրինակների շուրջ, ովքեր Երեմիայի պես համարձակորեն են գործել (Սաղմոս 77։12)։ Օրինակ՝ երբ քննում ենք Հիսուսի ծառայությունը, տպավորվում ենք այն համարձակությամբ, որ նա ցուցաբերեց, երբ փորձության ենթարկվեց Սատանայի կողմից և երբ դիմակայում էր հրեա առաջնորդների խիստ հակառակությանը (Ղուկաս 4։1–13; 20։19–47)։ Եհովայի զորությամբ Հիսուսն անսասան մնաց, և երբ քիչ ժամանակ էր մնացել իր մահվանը, աշակերտներին ասաց. «Աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Յովհաննէս 16։33; 17։16)։ Հիսուսի օրինակին հետևելու դեպքում աշակերտները նույնպես հաղթելու էին (Ա Յովհաննէս 2։6; Յայտնութիւն 2։7, 11, 17, 26)։ Բայց նրանք ‘քաջանալու’ կարիք ունեին։
13. Ինչպե՞ս Պողոսը քաջալերեց փիլիպպեցիներին։
13 Հիսուսի մահվանից տարիներ անց Պողոսն ու Շիղան Փիլիպպեում բանտարկվեցին։ Ավելի ուշ Փիլիպպեի ժողովի անդամներին Պողոսը քաջալերեց շարունակել ‘հաստատ լինել մեկ հոգով, և մեկ շունչով պատերազմել ավետարանի հավատքի համար և ոչ մի բանով չզարհուրել հակառակորդներից’։ Այս ամենի մեջ նրանց զորացնելու համար նա գրեց. «Դա [այսինքն՝ այն, որ քրիստոնյաները հալածվում են] նորանց [հալածողների] համար նշան է կորուստի, եւ ձեզ համար՝ փրկութեան։ Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ» (Փիլիպպեցիս 1։27–29)։
14. Պողոսի ցուցաբերած համարձակությունը ի՞նչ ազդեցություն ունեցավ հռոմեացի եղբայրների վրա։
14 Փիլիպպեի ժողովին նամակ գրելիս Պողոսը դարձյալ բանտում էր, այս անգամ՝ Հռոմի։ Բայց չնայած դրան՝ նա շարունակում էր համարձակորեն քարոզել։ Ի՞նչ արդյունքով։ Նա գրեց. «Իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ. Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու» (Փիլիպպեցիս 1։13, 14)։
15. Որտեղի՞ց կարող ենք տեղեկանալ հավատի գերազանց օրինակների մասին, որոնք կլցնեն մեզ քաջ լինելու վճռականությամբ։
15 Պողոսի օրինակը քաջալերում է մեզ։ Մեզ քաջալերում է նաև հրաշալի օրինակը ժամանակակից քրիստոնյաների, որոնք հալածանքների են ենթարկվում բռնապետական և կրոնապետական երկրներում։ Նրանցից շատերի կենսագրությունը տպագրված է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում, ինչպես նաև Եհովայի վկաների տարեգրքերում։ Այդ պատմությունները կարդալիս մենք պետք է հիշենք, որ նրանք մեզ պես սովորական մարդիկ են եղել, բայց երբ ծանր կացության մեջ են հայտնվել, Եհովան նրանց մի անսովոր զորությամբ է օժտել, ու այդպիսով կարողացել են դիմանալ։ Կարող ենք վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում նա նույն ձևով կվարվի նաև մեզ հետ։
Մեր քաջությամբ ուրախացնում ենք Եհովային և պատիվ բերում նրան
16, 17. Ինչպե՞ս կարող ենք քաջություն դրսևորել։
16 Այն անհատը, որ հաստատակամորեն պաշտպանում է ճշմարտությունն ու արդարությունը, նա քաջ է։ Իսկ այն անհատը, որ այդպես է վարվում ներքուստ վախ զգալով հանդերձ, ավելի քաջ է։ Այո՛, ցանկացած քրիստոնյա կարող է քաջություն ցուցաբերել, եթե իսկապես ցանկանում է կատարել Եհովայի կամքը, եթե վճռել է հավատարիմ մնալ, եթե միշտ ապավինում է Աստծուն և եթե միշտ հիշում է, որ իր պես բազմաթիվ անհատների է Եհովան անցյալում զորացրել։ Երբ գիտակցում ենք, որ մեր քաջությամբ ուրախացնում և պատիվ ենք բերում Եհովային, ապա է՛լ ավելի մեծ վճռականությամբ ենք լցվում չթուլանալու։ Քանի որ շատ ենք սիրում նրան, պատրաստ ենք տոկալու ամեն մի ծաղրուծանակի և ավելի վատ իրավիճակների (Ա Յովհաննէս 2։5; 4։18)։
17 Երբեք չպետք է մոռանանք, որ հավատի պատճառով ‘չարչարվելը’ չի նշանակում, թե ինչ–որ սխալ բան ենք արել (Ա Պետրոս 3։17)։ Մենք տառապում ենք Եհովայի գերիշխանությունը ջատագովելու, բարի գործեր անելու և աշխարհից չլինելու պատճառով։ Պետրոս առաքյալը այս առումով ասաց. «Եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից»։ Նա նաև ասաց. «Անոնք որ Աստուծոյ կամքին համեմատ կը չարչարուին, բարիք գործելով իրենց հոգիները թող անոր յանձնեն, իբրեւ հաւատարիմ՝ Ստեղծողին» (Ա Պետրոս 2։20; 4։19 Արևմտ. Աստ.)։ Այո՛, մեր հավատը հաճելի է մեր սիրելի Աստծուն և պատիվ է բերում նրան։ Ի՛նչ զորավոր պատճառ՝ քաջ լինելու։
Իշխանությունների առջև
18, 19. Եթե դատարանում մեզ քաջ պահենք, ապա, փաստորեն, ի՞նչ հաղորդած կլինենք դատավորներին։
18 Երբ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ իրենք հալածվելու են, նա նաև հետևյալն ասաց. «[Մարդիկ] ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու [‘տալու’, ԱՆԹ] համար» (Մատթէոս 10։17, 18)։ Մենք քաջության կարիք ունենք, երբ կեղծ մեղադրանքների պատճառով կանգնում ենք դատավորի կամ իշխանության ներկայացուցչի առջև։ Սակայն երբ համարձակորեն նման իրավիճակներն օգտագործում ենք այդ անհատներին վկայություն տալու համար, ապա դժվար կացությունը վերափոխում ենք մի շատ կարևոր բան անելու հնարավորության։ Փաստորեն, մենք դատավորներին փոխանցում ենք Եհովայի այն խոսքերը, որ գրված են 2–րդ սաղմոսում. «Հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։ Վախով ծառայեցէք Տիրոջը» (Սաղմոս 2։10, 11)։ Հաճախ, երբ դատարանում կեղծ մեղադրանքներ են հնչում Եհովայի վկաների հասցեին, դատավորները պաշտպանում են դավանանքի ազատության իրավունքը, որի համար մենք երախտապարտ ենք։ Բայց որոշ դատավորներ թույլ են տալիս, որ ընդդիմախոսները ազդեցություն բանեցնեն իրենց վրա։ Այդպիսի դատավորներին Գրությունները ասում են՝ «խրատուեցէք»։
19 Դատավորները պետք է գիտակցեն, որ Եհովա Աստծո սահմանած օրենքն է բարձրագույնը։ Նրանք պետք է հիշեն, որ բոլոր մարդիկ, այդ թվում՝ դատավորները, հաշվետու են Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին (Հռովմայեցիս 14։10)։ Ինչ վերաբերում է մեզ, ապա անկախ այն բանից՝ դատավորները մեզ կարդարացնեն, թե ոչ, մենք բոլոր հիմքերն ունենք քաջ լինելու, քանզի Եհովան է մեր աջակիցը։ Աստվածաշունչն ասում է. «Երանի այն ամենին որ նորան են յուսացած» (Սաղմոս 2։12)։
20. Ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել, երբ հալածվում ենք և երբ մեր մասին կեղծ լուրեր են տարածում։
20 Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային» (Մատթէոս 5։11, 12)։ Իհարկե, հալածանքն ինքնին հաճելի չէ, բայց ուրախալի է, որ նման հանգամանքներում, այդ թվում՝ երբ լրատվական միջոցները ստահոդ տեղեկություններ են տարածում, մենք անսասան ենք մնում։ Դա նշանակում է, որ մենք ուրախացնում ենք Եհովային, և նա մեզ կպարգևատրի։ Եթե քաջ ենք, ուրեմն մեր հավատը իսկական է, և Աստված հավանում է մեզ։ Այո՛, մեր քաջությունը խոսում է այն մասին, որ լիովին ապավինում ենք Եհովային։ Իսկ Եհովային ապավինելը շատ կարևոր է քրիստոնյայի համար։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։
Ի՞նչ սովորեցիք
• Ո՞ր իրավիճակներում այսօր պետք է քաջություն հանդես բերենք։
• Ինչպե՞ս կարող ենք ավելի քաջ դառնալ։
• Ովքե՞ր են քաջության օրինակներ։
• Ինչո՞ւ ենք ուզում քաջ լինել։
[նկարներ 9–րդ էջի վրա]
Սիմոն Առնոլդը (այժմ՝ Լիբստեր) (Գերմանիա), Վիդաս Մադոնան (Մալավի) և Լիդիա ու Ալեքսեյ Կուրդասները (Ուկրաինա) քաջություն ցույց տվեցին և դիմակայեցին չարին
[նկարներ 10–րդ էջի վրա]
Մենք չենք ամաչում բարի լուրի համար
[նկար 11–րդ էջի վրա]
Բանտում քաջություն դրսևորելով՝ Պողոսը շատ բանով նպաստեց բարի լուրի տարածմանը
[նկար 12–րդ էջի վրա]
Եթե դատավորներին համարձակորեն բացատրենք Գրությունների վրա հիմնված մեր դիրքորոշումը, ապա նրանց կարևոր լուր հաղորդած կլինենք