Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. ձկնորսություն
«Գալիլեայի ծովի եզերքով քայլելիս նա [Հիսուսը] տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս է կոչվում, և Անդրեասին՝ նրա եղբորը։ Նրանք ձկնորսական ցանցը ծովն էին նետում, քանի որ ձկնորսներ էին։ Նա ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»» (ՄԱՏԹԵՈՍ 4։18, 19)։
ՁՈՒԿ, ձկնորս, ձկնորսություն։ Այս բառերը բազմիցս հանդիպում են Ավետարաններում։ Հիսուսը մի քանի առակ է պատմել ձկնորսության մասին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ շատ անգամ մարդկանց ուսուցանում էր Գալիլեայի ծովի ափին կամ ափամերձ տարածքներում (Մատթեոս 4։13; 13։1, 2; Մարկոս 3։7, 8)։ Այս գեղեցիկ ծովն իրականում քաղցրահամ լիճ էր, որն ուներ մոտ 21 կիլոմետր երկարություն և 12 կիլոմետր լայնություն։ Ըստ ամենայնի, Հիսուսի առաքյալներից յոթը՝ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպոսը, Թովմասը և Նաթանայելը, ձկնորսներ էին (Հովհաննես 21։2, 3)։
Ծանոթանանք, թե ինչպիսին էր ձկնորսի կյանքը Հիսուսի օրերում։ Դա կօգնի, որ ավելի լավ պատկերացնենք առաքյալների աշխատանքը և հասկանանք Հիսուսի առակների ու բերած օրինակների իմաստը։ Նախ տեսնենք, թե ինչպես էին ձուկ որսում Գալիլեայի ծովում։
«Մեծ ալեկոծություն բարձրացավ ծովի վրա»
Գալիլեայի ծովը գտնվում է երկրակեղևի իջվածքում՝ ծովի մակարդակից 210 մետր ցածր։ Նրա ջրերը ողողում են շրջակա ապառաժոտ լեռների լանջերը, իսկ հյուսիսային կողմում վեր է խոյանում հսկա Հերմոն լեռը։ Ձմռան սառը քամիները երբեմն խաթարում են ծովի անդորրը։ Իսկ ամռան տաք օդը քողի պես շղարշում է նրան։ Նույնիսկ տարվա այս եղանակին կատաղի քամիները, անսպասելիորեն լեռներից ցած սուրալով, իրենց ցասումն են թափում նավաստիների վրա։ Հիսուսն ու իր աշակերտները հենց այսպիսի փոթորկի մեջ ընկան (Մատթեոս 8։23–27)։
Ձկնորսները ծով էին դուրս գալիս փայտե նավերով, որոնց երկարությունը մոտ 8,5 մետր էր, իսկ նավահեծանի (նավի մեջտեղի հատվածը) լայնությունը՝ 2,5 մետր։ Շատ նավեր կայմ ունեին, որին առագաստներ էին ամրացված, իսկ նավախելի կողմում նավախուց կար (Մարկոս 4։35–41)։ Նավը դանդաղ, բայց համառորեն առաջ էր շարժվում, մի կողմից՝ ենթարկվելով քամու ուժին, մյուս կողմից՝ քաշելով ձկնորսական ցանցի ծանրությունը։
Նավը ղեկավարվում էր երկու կողմերում ամրացված թիերով։ Անձնակազմը բաղկացած էր լինում վեց կամ ավելի շատ ձկնորսներից (Մարկոս 1։20)։ Ծով դուրս գալիս նրանք վերցնում էին որոշ իրեր՝ 1) քաթանե առագաստ, 2) պարան, 3) թիեր, 4) քարե խարիսխ, 5) տաք հագուստներ, 6) ուտելիքի պաշար (Մարկոս 8։14), 7) զամբյուղներ, 8) բարձ (Մարկոս 4։38) և 9) ցանց։ Նաև վերցնում էին լրացուցիչ 10) լողափամփուշտներ, 11) սուզագնդիկներ, 12) գործիքներ և 13) ջահեր։
«Մեծ քանակությամբ ձուկ բռնեցին»
Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր, Գալիլեայի ծովում ամենահաջող որսը լինում է գետաբերանների մոտ, քանի որ գետերն ու առուները իրենց հետ բուսականություն են բերում ու լցնում ծովը, ինչը գրավում է ձկներին։ Հիսուսի օրերում ձկնորսները հաճախ գիշերն էին որսի դուրս գալիս։ Մի անգամ Հիսուսի աշակերտները ամբողջ գիշեր փորձեցին ձուկ որսալ, բայց ապարդյուն։ Հաջորդ օրը, սակայն, Հիսուսին լսելով, նորից ցանցերը ծովը գցեցին և այնքան շատ ձուկ բռնեցին, որ քիչ էր մնում՝ նավերը սուզվեին (Ղուկաս 5։6, 7)։
Երբեմն ձկնորսները ծովի խորքն էին գնում։ Այնտեղ, որտեղ ձկների մեծ վտառներ էին լինում, երկու նավով էին որս անում։ Ցանցի մի ծայրը բռնում էին մի նավում, մյուսը՝ երկրորդ նավում։ Նավերը թիավարում էին հակառակ ուղղություններով, ապա անցնելով մի որոշ տարածություն՝ մոտենում իրար։ Այդպես նրանք շրջան էին անում՝ թակարդի մեջ գցելով ձկներին։ Հետո ձգում էին ցանցի անկյուններում ամրացված պարանը և որսը բարձրացնում նավի վրա։ Այդ ցանցերը ավելի քան 30 մետր երկարություն ունեին և մոտ 2,5 մետր լայնություն՝ բավականին մեծ՝ ձկների մի ողջ վտառ բռնելու համար։ Ցանցի մի եզրին ամրացված էին լողափամփուշտներ, որոնց շնորհիվ այն մնում էր ջրի երեսին, իսկ մյուս եզրին՝ ծանրություն, որպեսզի ընկղմվի ջրի մեջ։ Ձկնորսներն ավարը նավի վրա դատարկելով՝ ցանցը նորից ծովն էին նետում, և այդպես ժամեր շարունակ։
Ծանծաղ տեղերում ձկնորսները այլ կերպ էին ձուկ որսում։ Ուռկանի մի ծայրը ամրացվում էր նավին, իսկ մյուս ծայրը պահում էին ափին կանգնած մարդիկ։ Նավը շարժվում էր դեպի ծովը և, շրջան գործելով, մոտենում ափին։ Ափի վրա մարդիկ քաշում էին ուռկանը և դատարկելով՝ տեսակավորում որսը։ Լավ ձուկը դնում էին ամանների մեջ։ Մի մասը տեղում վաճառում էին, մյուս մասն էլ աղով չորացնում կամ թթու դնում։ Պահում էին կավե կճուճների՝ ամֆորաների մեջ, և արտահանում Երուսաղեմ կամ ուրիշ երկրներ։ Թեփուկ և լողակ չունեցող ձկները, ինչպիսին, օրինակ, օձաձուկն է, անմաքուր էին համարվում և դեն էին նետվում (Ղևտական 11։9–12)։ Հիսուսը ձկնորսության այս ձևի մասին էր խոսում, երբ «երկնքի թագավորությունը» նմանեցրեց ծովը նետված ուռկանի, իսկ տարբեր տեսակի ձկները՝ լավ ու վատ մարդկանց (Մատթեոս 13։47–50)։
Ձկնորսը մենակ որս անելիս օգտագործում էր փոքր ուռկան կամ կարթ, որի բրոնզե կեռիկին խայծ էր ամրացնում։ Ուռկանով ձուկ բռնելու համար նա պետք է այն թևին գցած մտներ ջուրը և հնարավորինս հեռու և բարձր նետեր։ Գմբեթաձև ուռկանը տարածվում էր ջրի վրա և սուզվում։ Հետո ձկնորսը, պարանից ձգելով, փակում էր ուռկանի բերանը և քաշում այն։ Եթե հաջողվեր, կարող էր մի քանի ձուկ բռնել։
Ձկնորսները խնամքով էին օգտագործում ցանցերը, քանի որ դրանք թանկ էին և նորոգելու համար մեծ ջանքեր էին պահանջվում։ Ձկնորսը երկար ժամանակ էր տրամադրում այն նորոգելու, լվանալու և չորացնելու համար։ Նա անում էր դա յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (Ղուկաս 5։2)։ Հակոբոսն ու իր եղբայր Հովհաննեսը նավակի մեջ իրենց ցանցերն էին նորոգում, երբ Հիսուսը առաջարկեց իր հետևից գնալ (Մարկոս 1։19)։
Առաջին դարում տարածված էր տիլյապի տեսակի ձուկը։ Այն գալիլեացիների սննդակարգի հիմնական մասն էր։ Հավանաբար Հիսուսն էլ է կերել այս համեղ ձկից։ Նա թերևս աղով չորացրած տիլյապիով էր, որ հազարավոր մարդկանց հրաշքով կերակրեց (Մատթեոս 14։16, 17; Ղուկաս 24։41–43)։ Այս ձկները իրենց ձագերին բերանում են պահում։ Սակայն, երբ ձագեր չկան, նրանք բերանի մեջ քար են պահում կամ մետաղադրամ, որը գտնում են ջրի հատակից (Մատթեոս 17։27)։
Այդ օրերի լավ ձկնորսները համբերատար էին, աշխատասեր և պատրաստ էին կրելու տարբեր դժվարություններ՝ առատ արդյունքներ ստանալու համար։ Նրանք, ովքեր ընդունել են աշակերտներ պատրաստելու Հիսուսի հրավերը և ուզում են լինել արդյունավետ «մարդկանց որսորդներ», պետք է այս հատկությունները մշակեն (Մատթեոս 28։19, 20)։
[նկար 19-րդ էջի վրա]
(Տե՛ս հրատարակությունը)