«Շատ պտուղ բերէք»
«Որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 15։8)։
1. ա) Աշակերտ լինելու ո՞ր պահանջի մասին հիշեցրեց Հիսուսն իր առաքյալներին։ բ) Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
ՀԻՍՈՒՍՆ իր մահվան նախորդ օրը՝ երեկոյան, բավական ժամանակ տրամադրեց մտերմիկ զրույց ունենալու իր առաքյալների հետ և նրանց քաջալերելու։ Հավանաբար, կեսգիշերն արդեն անց էր, բայց նա, իր մտերիմ ընկերների հանդեպ սիրուց մղված, դեռ շարունակում էր խոսել։ Խոսակցության ընթացքում Հիսուսը նրանց հիշեցրեց ևս մեկ պահանջ, որը նրանք պետք է կատարեին, որպեսզի լինեին իր աշակերտները։ Նա ասաց. «Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք» (Յովհաննէս 15։8)։ Կատարո՞ւմ ենք արդյոք աշակերտ լինելու այս պահանջը։ Ի՞նչ է նշանակում ‘շատ պտուղ բերել’։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար եկեք վերադառնանք այդ երեկո տեղի ունեցած խոսակցությանը։
2. Պտուղ բերելու վերաբերյալ ի՞նչ օրինակ է պատմում Հիսուսն իր մահվան նախորդ օրը։
2 Պտուղ բերելու հորդորը Հիսուսը տվեց այն ժամանակ, երբ մի օրինակ էր պատմում աշակերտներին։ Նա ասաց. «Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։ Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։ Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։ Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։ Ես որթն եմ՝ դուք ճիւղերը.... Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք։ Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. կացէք իմ սէրի մէջ։ Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք» (Յովհաննէս 15։1–10)։
3. Ի՞նչ պետք է անեն Քրիստոսի հետևորդները, որպեսզի պտուղ բերեն։
3 Այս օրինակում մշակը Եհովան է, «որթը»՝ խաղողի տունկը, Հիսուսն է, իսկ աշակերտները, որոնց հետ Հիսուսը խոսում էր, ճյուղերն են։ Քանի դեռ առաքյալները ձգտում էին ‘մնալ Հիսուսի մեջ’, այսինքն՝ նրա հետ միասնության մեջ, նրանք պտուղ էին բերելու։ Հիսուսը բացատրեց, թե առաքյալներն ինչպես կարող էին պահպանել այդքան անհրաժեշտ միասնությունը. «Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք»։ Հետագայում Հովհաննես առաքյալը նման միտք արտահայտեց հավատակիցներին գրած իր նամակում։ Նա ասաց. «Նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում»a (Ա Յովհաննէս 2։24; 3։24)։ Ուստի, պահելով Քրիստոսի պատվիրանները, նրա հետևորդները ‘մնում են նրանում’, այսինքն՝ նրա հետ միասնության մեջ, և այս միասնությունն իր հերթին հնարավորություն է տալիս նրանց պտուղ բերելու։ Իսկ ի՞նչ պտուղ պետք է բերենք։
Աճելու հնարավորություններ
4. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Եհովան «կտրում» է ամեն մի ճյուղ, որը պտուղ չի բերում։
4 Որթի օրինակում Եհովան «կտրում» է այն ճյուղը, որը պտուղ չի բերում։ Ի՞նչ է դա մեզ ասում։ Դա մեզ ասում է ոչ միայն այն մասին, որ բոլոր աշակերտներից պահանջվում է պտուղ բերել, այլ նաև՝ որ բոլորն ընդունակ են դա անելու՝ անկախ իրենց հանգամանքներից ու հնարավորություններից։ Անշուշտ, Եհովան հակառակ կգնար իր սիրուն, եթե ‘կտրեր’, այսպես ասած՝ որակազրկեր Քրիստոսի աշակերտին չկատարելու համար մի հանձնարարություն, որը նրա ուժերից վեր էր (Սաղմոս 103։14; Կողոսացիս 3։23; Ա Յովհաննէս 5։3)։
5. ա) Հիսուսի օրինակից ինչպե՞ս է երևում, որ կարող ենք ավելի շատ պտուղ բերել։ բ) Պտղի ի՞նչ երկու տեսակ պետք է քննարկենք։
5 Որթի օրինակը նաև ցույց է տալիս, որ մենք, ըստ մեր հանգամանքների, պետք է հնարավորություններ փնտրենք ընդլայնելու մեր՝ որպես աշակերտների, գործունեությունը։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Հիսուսն արտահայտվում. «Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի» (Յովհաննէս 15։2)։ Իսկ օրինակի վերջում նա հորդորում է իր հետևորդներին «շատ պտուղ» բերել (8–րդ համար)։ Ի՞նչ է սա նշանակում։ Մենք Հիսուսի աշակերտներ ենք և երբեք չպետք է ինքնագոհ լինենք (Յայտնութիւն 3։14, 15, 19)։ Փոխարենը՝ պետք է հնարավորություններ փնտրենք ավելի շատ պտուղներ բերելու։ Իսկ որո՞նք են այդ պտուղները։ Դրանք են՝ 1) ‘Հոգու պտուղը’ և 2) Թագավորության պտուղը (Գաղատացիս 5։22, 23; Մատթէոս 24։14)։
Քրիստոնեական հատկությունների պտուղը
6. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ընդգծել սիրո նշանակությունը։
6 ‘Հոգու պտղի’ թվարկման մեջ առաջինը սերն է հիշատակվում։ Աստծո սուրբ ոգին քրիստոնյաների մեջ առաջացնում է սեր, քանի որ նրանք հնազանդվում են Հիսուսի այն պատվերին, որ նա տվեց պտղաբեր որթի օրինակը բերելուց քիչ առաջ։ Նա իր առաքյալներին ասել էր. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք» (Յովհաննէս 13։34)։ Այո՛, իր երկրային կյանքի վերջին գիշերը առաքյալների հետ ունեցած զրույցի ամբողջ ընթացքում նա բազմիցս հիշեցրեց, որ հարկավոր է սեր ցուցաբերել (Յովհաննէս 14։15, 21, 23, 24; 15։12, 13, 17)։
7. Ինչպե՞ս է Պետրոս առաքյալը ցույց տվել, որ պտուղ բերելը կապված է քրիստոնեական հատկություններ դրսևորելու հետ։
7 Պետրոսը, որ այդ գիշեր նույնպես այնտեղ էր, հասկացավ, որ Քրիստոսի իսկական աշակերտները պետք է ցուցաբերեն այն սերն ու մյուս հատկությունները, որ իրենց առաջնորդն էր դրսևորել։ Տարիներ անց Պետրոսը քաջալերեց քրիստոնյաներին զարգացնել իրենց մեջ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ինքնատիրապետումը, եղբայրասիրությունը և սերը։ Նա ասաց, որ այդ հատկությունները ձեռք բերելով՝ նրանք «դատարկ [«պարապ», Արևմտ. Աստ.] եւ անպտուղ» չեն լինի (Բ Պետրոս 1։5–8)։ Ինչպիսին էլ որ լինեն մեր հանգամանքները, մենք կարող ենք դրսևորել սուրբ ոգու պտուղը։ Ուստի եկեք ջանք թափենք ավելի ու ավելի մեծ չափով ցուցաբերելու սեր, բարություն, հեզություն և քրիստոնեական այլ հատկություններ, քանզի «այնպիսիների [«այսպիսի բաներու, Արևմտ. Աստ.] դէմ օրէնք [այսինքն՝ սահմանափակում] չ’կայ» (Գաղատացիս 5։23)։ Այո՛, եկեք «աւելի պտղաբեր» լինենք։
Թագավորության պտուղ բերենք
8. ա) Ինչպե՞ս են իրար հետ կապված Թագավորության պտուղը և սուրբ ոգու պտուղը։ բ) Ո՞ր հարցին պետք է ուշադրություն դարձնենք։
8 Գունագեղ և հյութալի պտուղները զարդարում են բույսը։ Սակայն պտուղները բույսի համար ավելի մեծ արժեք ունեն, քան պարզապես նրան զարդարելն է։ Պտուղները սերմեր են առաջ բերում և դրանով կենսական դեր են խաղում բույսի բազմացման համար։ Նման ձևով, սուրբ ոգու պտուղը ավելին է անում, քան պարզապես քրիստոնյա անձնավորությանը զարդարելն է։ Այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերն ու հավատը, մղում են մեզ տարածել Թագավորության՝ սերմի նմանվող պատգամը, որ գտնվում է Աստծո Խոսքում։ Ուշադրություն դարձրեք, թե Պողոս առաքյալն ինչպես է շեշտում այդ կարևոր կապը։ Նա ասում է. «Մենք էլ հաւատում ենք [սուրբ ոգու պտուղ ենք դրսևորում]՝ եւ սորա համար էլ խօսում ենք» (Բ Կորնթացիս 4։13)։ Պողոսը շարունակում է բացատրել, որ այս ձևով մենք ‘Աստծուն օրհնության պատարագ ենք մատուցում, այսինքն՝ շրթունքների պտուղ’։ Հենց սա է այն երկրորդ պտուղը, որ պետք է ցուցաբերենք (Եբրայեցիս 13։15)։ Որպես Աստծո Թագավորության քարոզիչներ՝ ունե՞նք հնարավորություն ավելի պտղաբեր լինելու։
9. Արդյո՞ք պտուղ բերել նշանակում է աշակերտ պատրաստել։ Բացատրեք։
9 Այս հարցին ճիշտ պատասխան տալու համար մենք կարիք ունենք նախևառաջ հասկանալու, թե ինչից է բաղկացած Թագավորության պտուղը։ Ճի՞շտ կլիներ արդյոք մտածել, թե Թագավորության պտուղ բերել նշանակում է աշակերտներ պատրաստել (Մատթէոս 28։19)։ Արդյո՞ք պտուղը, որ պետք է բերենք, գլխավորապես վերաբերում է այն անհատներին, որոնց օգնում ենք մկրտվելու և դառնալու Եհովայի երկրպագու։ Ո՛չ։ Եթե այդպես լիներ, ուրեմն այն բոլոր հավատարիմ Վկաները, ովքեր Թագավորության պատգամը տարիներով հռչակել են ոչ այնքան «բերրի» տարածքներում, բավական անմխիթար վիճակում պետք է գտնվեին։ Իսկապես, եթե Թագավորության պտուղ բերելը միայն նոր աշակերտ պատրաստելն է, ուրեմն այդ ջանասեր եղբայրներն ու քույրերը ընդամենը նման են եղել Հիսուսի պատմած օրինակի անպտուղ ճյուղերին։ Անշուշտ, Թագավորության պտուղ բերելը դա չէ նշանակում։ Այդ դեպքում, հիմնականում ո՞րն է Թագավորության պտուղը մեր ծառայության մեջ։
Պտուղ ենք բերում՝ Թագավորության սերմը տարածելով
10. Ինչպե՞ս է Հիսուսի՝ սերմնացանի և տարբեր որակի հողերի մասին պատմած օրինակը ցույց տալիս, թե ինչ է Թագավորության պտուղը և ինչ չէ։
10 Սերմնացանի և տարբեր որակի հողերի մասին Հիսուսի պատմած օրինակը պատասխան է տալիս այդ հարցին. պատասխան, որը սրտապնդում է նրանց, ովքեր վկայում են ոչ այնքան «արգավանդ» տարածքներում։ Հիսուսն ասաց, որ սերմը Թագավորության պատգամն է, որ բխում է Աստծո Խոսքից, և հողը պատկերում է մարդու փոխաբերական սիրտը։ Մի քանի սերմ «ընկավ այն բարի եւ պարարտ երկրի վերայ. եւ բուսաւ.... պտուղ տուաւ» (Ղուկաս 8։8)։ Ի՞նչ պտուղ։ Երբ ցորենի ծիլը մեծանում է և ի վերջո պտուղ բերում, այդ պտուղը ոչ թե փոքրիկ ծիլեր են լինում, այլ նոր սերմեր։ Նմանապես, քրիստոնյան անպայման չէ, որ որպես պտուղ պատրաստի նոր աշակերտներ։ Նա պտուղ է բերում Թագավորության սերմի տեսքով։
11. Ինչպե՞ս կարելի է սահմանել «Թագավորության պտուղ» արտահայտությունը։
11 Հետևաբար պտուղ բերելն այս դեպքում ո՛չ նոր աշակերտներ պատրաստելն է, ո՛չ էլ գեղեցիկ քրիստոնեական հատկություններ ձեռք բերելը։ Քանի որ ցանվող սերմը Թագավորության խոսքն է, ապա պտուղը պետք է լինի այդ սերմի բազմացումը։ Այս դեպքում պտուղ բերել նշանակում է խոսել Թագավորության մասին (Մատթէոս 24։14)։ Իսկ հնարավո՞ր է բերել Թագավորության այդ պտուղը՝ քարոզել Թագավորության բարի լուրը՝ անկախ այն բանից, թե ինչպիսին են մեր հանգամանքները։ Այո՛, հնարավոր է։ Այդ նույն օրինակի միջոցով Հիսուսը բացատրում է, թե ինչպես։
Անենք հնարավոր ամեն ինչ հանուն Աստծո փառքի
12. Արդյո՞ք բոլոր քրիստոնյաները հնարավորություն ունեն Թագավորության պտուղ բերելու։ Բացատրեք։
12 «Բարի երկրումը սերմածը նա է,— ասում է Հիսուսը,— որ.... պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն» (Մատթէոս 13։23)։ Հացահատիկի բերքատվությունը, նայած հանգամանքներին, կարող է տարբեր լինել։ Նման ձևով, բարի լուրի քարոզչության գործում մեր հնարավորությունների սահմանները կարող են տարբեր լինել՝ նայած թե ինչպիսին են մեր հանգամանքները, և Հիսուսը ցույց տվեց, որ ըմբռնումով է մոտենում այդ հարցին։ Ոմանց հնարավորություններն են ավելի մեծ, մյուսներն առողջական տեսակետից են ավելի բարվոք վիճակում կամ էլ ավելի առույգ են։ Այնպես որ, այն ինչ մենք ընդունակ ենք անելու, կարող է մյուսների համեմատությամբ ավելի կամ պակաս լինել, բայց քանի դեռ անում ենք հնարավոր ամեն բան, Եհովան գոհ է մեզանից (Գաղատացիս 6։4)։ Նույնիսկ եթե տարիքի կամ հիվանդության պատճառով այլևս չենք կարող առաջվա պես մասնակցել քարոզչությանը, մեր կարեկից Հայրը՝ Եհովան, անկասկած մեզ կնայի որպես անհատների, ովքեր ‘շատ պտուղ են բերում’։ Ինչո՞ւ։ Նա այդպես կվարվի, քանի որ մենք նրան տալիս ենք ‘այն ամենը, ինչ որ ունենք’՝ մեր բոլորանվեր ծառայությունըb (Մարկոս 12։43, 44; Ղուկաս 10։27)։
13. ա) Գլխավորապես ինչո՞ւ ենք ‘գնում’ և Թագավորության պտուղ բերում։ բ) Ի՞նչը կօգնի մեզ շարունակել պտուղ բերել պակաս «արգավանդ» տարածքներում (տե՛ս շրջանակը, էջ 21)։
13 Անկախ այն բանից, թե ինչ հնարավորություններ ունենք Թագավորության պտուղ բերելու հարցում՝ մենք մղում կունենանք ‘գնալու և պտուղ բերելու’, եթե միշտ հիշենք, թե ինչու ենք դա անում (Յովհաննէս 15։16)։ Հիսուսը նշեց, թե որն է պտուղ բերելու գլխավոր պատճառը։ Նա ասաց. «Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք» (Յովհաննէս 15։8)։ Այո՛, մեր քարոզչական գործունեությամբ մենք Եհովայի անունը սրբացնում ենք ամբողջ մարդկության առաջ (Սաղմոս 109։30)։ Օնոր անունով մի Վկա, որն արդեն մոտ 75 տարեկան է ու հավատարմորեն ծառայում է Եհովային, ասում է. «Մեծ պատիվ է ներկայացնել Բարձրյալին նույնիսկ այնտեղ, որտեղ այնքան էլ դրականորեն չեն արձագանքում մեր լուրին»։ Երբ Կլաուդիոյին, որը եռանդորեն սկսել է քարոզել 1974 թ.–ից, հարցրեցին, թե ինչու է շարունակում քարոզել, չնայած այն բանին, որ քչերն են դրական արձագանք տալիս, նա մեջբերեց Յովհաննէս 4։34–ը։ Այդ համարում Հիսուսն ասում է. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ [«իր լրումին հասցնեմ», ԱՆԹ]»։ Կլաուդիոն ավելացնում է. «Հիսուսի պես՝ ես ցանկանում եմ ոչ միայն սկսել, այլ նաև իր լրումին հասցնել Թագավորության քարոզչի իմ գործը» (Յովհաննէս 17։4, Արևմտ. Աստ.)։ Աշխարհում ամենուրեք Եհովայի վկաները նույն տեսակետն ունեն այս հարցում (տե՛ս «Ինչպես ‘համբերությունով պտուղ տալ’» շրջանակը, էջ 21)։
Քարոզել և ուսուցանել
14. ա) Ի՞նչ երկու նպատակներ էին հետապնդում Հովհաննես Մկրտիչը և Հիսուսը։ բ) Ինչպե՞ս կնկարագրեիք ներկայիս քրիստոնեական գործունեությունը։
14 Թագավորության առաջին քարոզիչը, որի մասին հիշատակված է Ավետարաններում, Հովհաննես Մկրտիչն է (Մատթէոս 3։1, 2; Ղուկաս 3։18)։ Նրա գլխավոր նպատակը ‘վկայելն’ էր, և նա դա արեց՝ լցված մեծ հավատով և հույսով, որ ‘ամենքը կհավատան’ (Յովհաննէս 1։6, 7)։ Եվ իրոք, ոմանք, ում Հովհաննեսը քարոզել էր, դարձան Քրիստոսի աշակերտներ (Յովհաննէս 1։35–37)։ Հետևաբար Հովհաննեսը և՛ քարոզիչ էր, և՛ աշակերտ պատրաստող։ Հիսուսը նույնպես քարոզում և ուսուցանում էր (Մատթէոս 4։23; 11։1)։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց ոչ միայն քարոզել Թագավորությունը, այլ նաև օգնել այն մարդկանց, ովքեր, ընդունելով այդ պատգամը, ցանկանում են դառնալ իր աշակերտները (Մատթէոս 28։19, 20)։ Այսպիսով՝ այն աշխատանքը, որ մենք այսօր անում ենք, իր մեջ բովանդակում է թե՛ քարոզչության և թե՛ ուսուցանման գործը։
15. Ի՞նչ նմանություն կա այն բանում, թե ինչպես են մարդիկ արձագանքել բարի լուրին առաջին դարում և մեր օրերում։
15 Առաջին դարում ոմանք, լսելով, թե ինչպես է Պողոսը քարոզում և սովորեցնում, «հաւատացին [նրա] ըսածներուն, ոմանք չհաւատացին» (Գործք 28։24, Արևմտ. Աստ.)։ Մեր օրերում մարդկանց արձագանքը հիմնականում չի փոխվել։ Ցավոք, Թագավորության սերմերի մեծ մասը անբերրի հողի մեջ է ընկնում։ Բայցևայնպես, սերմերից մի քանիսը դեռևս շարունակում են տեղ գտնել արգավանդ հողում. նրանք արմատ են գցում, ծլարձակում են, ճիշտ ինչպես Հիսուսն էր կանխագուշակել։ Ներկայումս ամբողջ աշխարհում շաբաթական միջին հաշվով ավելի քան 5 000 մարդ է դառնում Հիսուսի ճշմարիտ աշակերտ։ Այս նոր աշակերտները ‘հավատում’ են ‘ասվածին’, այն դեպքում երբ մարդկանց մեծ մասը չի հավատում։ Ի՞նչը նրանց սիրտը ընկալունակ դարձրեց Թագավորության պատգամի հանդեպ։ Այս հարցում հաճախ վճռորոշ դեր է խաղացել այն, որ Եհովայի վկաները անհատապես հետաքրքրվել են նրանցով, այսպես ասած՝ ջրել են նոր ցանված սերմերը (Ա Կորնթացիս 3։6)։ Քննարկենք բազմաթիվ օրինակներից ընդամենը երկուսը։
Անհատապես հետաքրքրվելը շատ կարևոր է
16, 17. Ինչո՞ւ է կարևոր անհատական հետաքրքրություն հանդես բերել այն մարդկանց նկատմամբ, ում հանդիպում ենք ծառայության ընթացքում։
16 Բելգիացի երիտասարդ Եհովայի վկա Կարոլինը այցելեց մի տարեց կնոջ, որը չէր հետաքրքրվում Թագավորության լուրով։ Տեսնելով, որ նրա ձեռքը փաթաթված է բինտով՝ Կարոլինն ու իր ընկերուհին օգնություն առաջարկեցին, բայց կինը մերժեց։ Երկու օր հետո նրանք վերադարձան ու կնոջը հարցրեցին, թե ինչպես է իրեն զգում։ «Այս անգամ կինն արդեն ուրիշ ձևով արձագանքեց,— պատմում է Կարոլինը։— Նա զարմացել էր՝ տեսնելով, որ նա՝ որպես անձնավորություն, իսկապես հետաքրքրում է մեզ։ Կինը ներս հրավիրեց, և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք»։
17 Սանդի անունով մի Եհովայի վկա (ԱՄՆ) նույնպես անհատական հետաքրքրություն է հանդես բերում այն մարդկանց հանդեպ, ում քարոզում է։ Նա տեղական թերթում աչքի է անցկացնում երեխաների ծննդյան վերաբերյալ հայտարարությունները, հետո այցելում է նորածնի ծնողներին և առաջարկում է «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։c Քանի որ երեխայի մայրը սովորաբար տանն է լինում և հաճույքով է այցելուներին ցույց տալիս իր մանկիկին, հաճախ հնարավոր է լինում շարունակել խոսակցությունը։ «Ծնողների հետ ես խոսում եմ այն մասին, թե որքան կարևոր է ընթերցանության միջոցով կապվածություն ստեղծել ծնողի և երեխայի միջև,— բացատրում է Սանդին։— Ավելի ուշ խոսում եմ այն մասին, թե մեր օրերում ինչ դժվարություններ կան երեխաներին մեծացնելու գործում»։ Շնորհիվ նման մի այցելության՝ վերջերս մի մայր և նրա վեց երեխաները սկսեցին ծառայել Եհովային։ Մենք էլ կարող ենք այսպիսի ուրախություն ապրել մեր ծառայության մեջ, եթե նախաձեռնություն հանդես բերենք և անհատապես հետաքրքրվենք մարդկանցով։
18. ա) Ինչո՞ւ մեր ուժերից վեր չէ ‘շատ պտուղ բերելու’ պահանջը կատարելը։ բ) Աշակերտության վերաբերյալ ո՞ր երեք պահանջներին եք վճռել բավարարել։
18 Որքա՜ն ենք քաջալերվում՝ իմանալով, որ հնարավոր է կատարել ‘շատ պտուղ բերելու’ պահանջը։ Լինենք երիտասարդ թե տարեց, ունենանք լավ առողջություն թե վատ, քարոզենք «բերրի» թե «անբերրի» տարածքներում՝ մենք բոլորս էլ կարող ենք շատ պտուղ բերել։ Ինչպե՞ս։ Ձգտելով սուրբ ոգու պտուղը լիարժեքորեն դրսևորել և, ըստ մեր հնարավորությունների, տարածելով Աստծո Թագավորության պատգամը։ Միևնույն ժամանակ մենք ձգտում ենք ‘Հիսուսի խոսքի մեջ մնալ’ և ‘իրար վրա սեր ունենալ’։ Այո՛, աշակերտության վերաբերյալ՝ Հովհաննեսի Ավետարանում գրված այս երեք կարևոր պահանջներին համապատասխանելով՝ մենք փաստում ենք, որ ‘ճշմարտապես Հիսուսի աշակերտներն ենք’ (Յովհաննէս 8։31; 13։35)։
[Ծանոթագրություններ]
a Թեև որթի ճյուղերը Հիսուսի առաքյալներն են և այն քրիստոնյաները, ովքեր ժառանգելու են Աստծո երկնային Թագավորությունը, այս օրինակում կան ճշմարտություններ, որոնք կարող են այսօր իսկ օգտակար լինել Քրիստոսի բոլոր հետևորդների համար (Յովհաննէս 3։16; 10։16)։
b Ովքեր տարիքի կամ հիվանդության պատճառով գամված են անկողնուն, կարող են վկայություն տալ նամակի և, եթե թույլատրված է, նաև հեռախոսի միջոցով։ Բացի այդ, կարելի քարոզել այն անձանց, ովքեր տեսակցության են գալիս։
c Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
Կրկնության հարցեր
• Ո՞րն է այն պտուղը, որ պետք է ավելի առատորեն բերենք։
• Ինչո՞ւ է հնարավոր հասնել ‘շատ պտուղ բերելու’ նպատակին։
• Աշակերտության վերաբերյալ՝ Հովհաննեսի Ավետարանում ի՞նչ երեք կարևոր պահանջների մասին է գրված, որոնք մենք քննարկեցինք։
[շրջանակ/նկար 21–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵՍ ‘ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՎ ՊՏՈՒՂ ՏԱԼ’
Ի՞նչն է օգնում ձեզ՝ շարունակելու հավատարմորեն քարոզել Թագավորության պատգամը ոչ այնքան «բերրի» տարածքներում։ Ահա թե ոմանք ինչպես են պատասխանել այս հարցին։
«Գիտենալով, որ Հիսուսը մեր թիկունքին է կանգնած՝ մենք լցվում ենք լավատեսությամբ և վճռականությամբ՝ անկախ մարդկանց արձագանքից» (Հարրի, 72 տարեկան, մկրտվել է 1946 թ.–ին)։
«Բ Կորնթացիս 2։17 (ՆԱ) համարը միշտ քաջալերում է ինձ։ Այնտեղ ասվում է, որ մենք ծառայում ենք Աստծո առջև ու Քրիստոսի ընկերակցությամբ։ Ծառայության ժամանակ ես վայելում եմ իմ այդ երկու լավագույն ընկերների ընկերակցությունը» (Կլաուդիո, 43 տարեկան, մկրտվել է 1974 թ.–ին)։
«Անկեղծորեն ասած, ինձ համար քարոզելը հեշտ գործ չէ։ Բայց զգում եմ Սաղմոս 18։29–ի ճշմարտացի լինելը։ Այնտեղ ասվում է. «Իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից» (Ջերարդ, 79 տարեկան, մկրտվել է 1955 թ.–ին)։
«Եթե ծառայության ժամանակ կարողանում եմ կարդալ թեկուզ մեկ սուրբգրային համար, ինձ բավարարված եմ զգում, քանի որ դրանով ինչ–որ մեկը հնարավորություն է ստանում Աստվածաշնչի միջոցով քննելու իր սիրտը» (Էլինոր, 26 տարեկան, մկրտվել է 1989 թ.–ին)։
«Ես ամեն ժամանակ տարբեր մատուցումներ եմ կիրառում։ Դրանք այնքան շատ են, որ մինչև կյանքիս վերջն էլ չեմ կարողանա բոլորն օգտագործել» (Փոլ, 79 տարեկան, մկրտվել է 1940 թ.–ին)։
«Երբ մարդիկ բացասական վերաբերմունք են արտահայտում, ես չեմ նեղանում նրանցից։ Փորձում եմ ընկերական մոտեցում հանդես բերել՝ զրուցելով և նրանց տեսակետը լսելով» (Դանիել, 75 տարեկան, մկրտվել է 1946 թ.–ին)։
«Ես հանդիպեցի նորերս մկրտված անձնավորությունների։ Նրանք ասացին, որ իմ կատարած քարոզչական ծառայությամբ ես բաժին եմ ունեցել այն բանում, որ իրենք դարձել են Վկաներ։ Պարզվում է, որ իմ տված վկայությունից հետո Եհովայի վկաներից մեկն ավելի ուշ նրանց հետ Աստվածաշունչ է ուսումնասիրել և օգնել հոգևորապես առաջադիմելու։ Ես մեծ ուրախություն եմ ապրում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը բոլորիս ուժերով է իրագործվում» (Ջոան, 66 տարեկան, մկրտվել է 1954 թ.–ին)։
Իսկ քեզ ի՞նչն է օգնում ‘համբերությունով պտուղ տալու’ (Ղուկաս 8։15)։
[նկարներ 20–րդ էջի վրա]
Սուրբ ոգու պտուղը ցուցաբերելով և Թագավորության լուրը հռչակելով՝ մենք շատ պտուղ ենք բերում
[նկար 23–րդ էջի վրա]
Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ իր աշակերտներին ասաց. «Շատ պտուղ բերեք»