«Ոգին քննում է.... Աստծու խորունկ բաները»
«Ոգին քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ բաները» (1 ԿՈՐՆԹ. 2։10)։
1. 1 Կորնթացիներ 2։10–ում սուրբ ոգու ո՞ր դերի մասին է խոսում Պողոսը, և ի՞նչ հարցեր են ծագում այս առնչությամբ։
ՈՐՔԱ՜Ն երախտապարտ ենք Եհովային իր սուրբ ոգու համար։ Աստվածաշունչն ասում է, որ այն օգնական է, պարգև, վկայություն տվող և բարեխոս (Հովհ. 14։16; Գործ. 2։38; Հռոմ. 8։16, 26, 27)։ Պողոս առաքյալն ընդգծեց սուրբ ոգու մեկ այլ կարևոր դերը՝ ասելով. «Ոգին քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ բաները» (1 Կորնթ. 2։10)։ Եհովան օգտագործում է իր սուրբ ոգին, որ բացահայտի հոգևոր խորունկ ճշմարտությունները։ Իսկապես, առանց նրա օգնության՝ ինչպե՞ս կհասկանայինք Եհովայի նպատակները (կարդա՛ 1 Կորնթացիներ 2։9–12)։ Իսկ ինչպե՞ս է ոգին քննում «Աստծու խորունկ բաները»։ Ո՞ւմ միջոցով Եհովան բացահայտեց դրանք մ.թ. առաջին դարում։ Ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով է ոգին քննում այս խորունկ բաները մեր օրերում։
2. Ո՞ր երկու ձևով սուրբ ոգին պետք է գործեր։
2 Հիսուսը երկու ձև նշեց, որոնցով սուրբ ոգին պետք է գործեր։ Իր մահից կարճ ժամանակ առաջ նա ասաց առաքյալներին. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն բոլոր բաները, որ ասացի ձեզ» (Հովհ. 14։26)։ Փաստորեն, սուրբ ոգին պետք է սովորեցներ քրիստոնյաներին, այսինքն՝ օգներ նրանց հասկանալու այն բաները, որոնք նախկինում չէին հասկացել։ Ոգին նաև պետք է հիշեցներ նրանց այն, ինչ սովորել էին նախկինում՝ այդպիսով օգնելով, որ ճշգրտորեն կիրառեն իրենց իմացածը։
Առաջին դարում
3. Հիսուսի ո՞ր խոսքերն են մատնանշում, որ «Աստծու խորունկ բաները» աստիճանաբար էին բացահայտվելու։
3 Հիսուսը բազմաթիվ նոր ճշմարտություններ սովորեցրեց իր աշակերտներին։ Սակայն նրանք դեռ շատ բան ունեին սովորելու։ Նա ասաց. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց դուք հիմա ի վիճակի չեք դրանք տանելու։ Բայց երբ նա գա, այսինքն՝ ճշմարտության ոգին, կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ» (Հովհ. 16։12, 13)։ Այդպիսով Հիսուսն ուզում էր ասել, որ սուրբ ոգու օգնությամբ հոգևոր խորունկ բաները աստիճանաբար էին բացահայտվելու։
4. 33թ. Պենտեկոստեին սուրբ ոգին ի՞նչ սովորեցրեց Պետրոսին և ի՞նչ հիշեցրեց։
4 33թ. Պենտեկոստեին «ճշմարտության ոգին» թափվեց Երուսաղեմում հավաքված մոտ 120 քրիստոնյաների վրա, և դա փաստող տեսանելի ապացույցներ կային։ Բացի այդ, մարդիկ լսեցին բաներ, որոնք համոզեցին նրանց, որ սուրբ ոգին թափվել է (Գործ. 1։4, 5, 15; 2։1–4)։ Աշակերտները սկսեցին տարբեր լեզուներով խոսել «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործ. 2։5–11)։ Ժամանակը եկել էր, որ մի նոր բան բացահայտվեր։ Հովել մարգարեն մարգարեացել էր այս մասին (Յովէլ 2։28–32)։ Ականատեսները, որոնք այդ մարգարեության կատարման վկաները դարձան, չէին ակնկալում, որ դա այդ կերպով պիտի իրականանար։ Ուստի Պետրոս առաքյալը հարկ համարեց բացատրելու կատարվածը (կարդա՛ Գործեր 2։14–18)։ Սուրբ ոգին սովորեցրեց՝ օգնեց Պետրոսին հասկանալու, որ աշակերտների հետ պատահածը մարգարեության կատարումն էր։ Ոգին նաև հիշեցրեց առաքյալին այն, ինչ նա սովորել էր, քանի որ վերջինս մեջբերեց ոչ միայն Հովելի մարգարեությունը, այլև Դավթի երկու սաղմոսները (Սաղ. 16։8–11; 110։1; Գործ. 2։25–28, 34, 35)։ Այն, ինչ տեսան ու լսեցին հավաքվածները, իսկապես Աստծու խորունկ բաներն էին։
5, 6. ա) 33թ. Պենտեկոստեից հետո նոր ուխտի հետ կապված ո՞ր հարցերին պետք է պատասխան տրվեր։ բ) Ո՞ւմ միջոցով այս հարցերը քննարկման դրվեցին։ Ինչպե՞ս էին կայացվում որոշումներն առաջին դարում։
5 Առաջին դարի քրիստոնյաների համար դեռ շատ բաներ պետք է պարզաբանվեին։ Օրինակ՝ մի շարք հարցեր կային նոր ուխտի հետ կապված, որը ուժի մեջ մտավ Պենտեկոստեի օրը։ Նոր ուխտը միայն հրեաների և պրոզելիտների՞ համար էր։ Ոչ հրեաները կարո՞ղ էին մտնել նոր ուխտի մեջ և օծվել սուրբ ոգով (Գործ. 10։45)։ Այլազգի տղամարդիկ պե՞տք է թլփատվեին և պահեին Մովսիսական օրենքը (Գործ. 15։1, 5)։ Սրանք շատ կարևոր հարցեր էին։ Այս խորունկ բաները քննելու համար Եհովայի ոգու կարիքը կար։ Սակայն ո՞ւմ միջոցով էր այն գործելու։
6 Պատասխանատու եղբայրների միջոցով էր, որ այս հարցերից յուրաքանչյուրը դրվեց քննարկման։ Պետրոսը, Պողոսը և Բառնաբասը ներկա էին կառավարիչ մարմնի այդ հանդիպմանը և պատմեցին, թե ինչպես է Եհովան իր ուշադրությունը դարձրել ուրիշ ազգերի մարդկանց, որոնք անթլփատ էին (Գործ. 15։7–12)։ Եբրայերեն Գրությունների լույսի ներքո քննելով այս ապացույցը և առաջնորդվելով սուրբ ոգով՝ կառավարիչ մարմինը որոշում կայացրեց։ Այնուհետև իր որոշման մասին նամակներով հայտնեց ժողովներին (կարդա՛ Գործեր 15։25–30; 16։4, 5; Եփես. 3։5, 6)։
7. Ինչպե՞ս պարզաբանվեցին խորունկ ճշմարտությունները։
7 Շատ ուրիշ հարցեր պարզաբանվեցին Հովհաննեսի, Պետրոսի, Հակոբոսի և Պողոսի նամակների միջոցով, որոնք ներշնչված էին սուրբ ոգով։ Սակայն Հունարեն Գրությունների ավարտից որոշ ժամանակ անց մարգարեանալու պարգևներ ու հրաշքով լուսաբանվող գիտելիքներ այլևս չտրվեցին (1 Կորնթ. 13։8)։ Արդյոք սուրբ ոգին շարունակելո՞ւ էր սովորեցնել քրիստոնյաներին և հիշեցնել իրենց սովորածը։ Օգնելո՞ւ էր նրանց քննելու Աստծու խորունկ բաները։ Մարգարեությունն ասում է՝ այո՛։
Վերջին օրերում
8, 9. Ովքե՞ր էին վերջին օրերում «փայլելու» հոգևոր իմաստությամբ և ի՞նչ իմաստով։
8 Վերջին օրերի մասին խոսելով՝ հրեշտակը կանխագուշակեց. «Իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսի պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից.... Եւ գիտութիւնը պիտի շատանայ» (Դան. 12։3, 4)։ Ովքե՞ր էին լինելու իմաստունները և ովքե՞ր էին փայլելու։ Հիսուսը բացեց այս գաղտնիքը ցորենի և որոմների առակի միջոցով։ Խոսելով «իրերի համակարգի վախճանի» մասին՝ նա նշեց. «Այդ ժամանակ արդարները արևի նման պայծառ կշողան իրենց Հոր թագավորության մեջ» (Մատթ. 13։39, 43)։ Հիսուսը բացատրեց, որ «արդարները» «թագավորության որդիներն» են՝ օծյալ քրիստոնյաները (Մատթ. 13։38)։
9 Բոլո՞ր օծյալ քրիստոնյաներն էին «փայլելու»։ Ինչ–որ իմաստով՝ այո՛, քանի որ նրանք բոլորն էլ պիտի քարոզեին, աշակերտներ պատրաստեին և ժողովների ժամանակ կերտեին միմյանց՝ այդպիսով օրինակ ծառայելով մյուս քրիստոնյաներին (Զաք. 8։23)։ Այս ամենից բացի, վերջին օրերում պետք է խորունկ բաներ բացահայտվեին։ Դանիելի մարգարեությունը «կնքուած» էր մնալու մինչև այդ ժամանակը (Դան. 12։9)։ Ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով էր ոգին քննելու այս խորունկ բաները։
10. ա) Ո՞ւմ միջոցով է ոգին բացահայտում խորունկ ճշմարտությունները վերջին օրերի ընթացքում։ բ) Բացատրի՛ր, թե ինչպես լուսաբանվեց ճշմարտությունը Եհովայի հոգևոր մեծ տաճարի մասին։
10 Մեր օրերում, երբ գալիս է հոգևոր հարցերը լուսաբանելու ժամանակը, սուրբ ոգին օգնում է գլխավոր վարչությունում ծառայող «հավատարիմ և իմաստուն ծառայի» ներկայացուցիչներին քննելու խորունկ ճշմարտությունները, որոնք նախկինում հասկանալի չէին (Մատթ. 24։45; 1 Կորնթ. 2։13)։ Կառավարիչ մարմինը քննում է, թե արդյոք որոշ բացատրությունների ճշգրտման կարիք կա (Գործ. 15։6)։ Այնուհետև որոշում է կայացնում։ Հարկ եղած դեպքում, նա տպագրում է ճշգրտված բացատրությունները, որպեսզի բոլորը օգուտներ քաղեն (Մատթ. 10։27)։ Իսկ եթե ժամանակի ընթացքում հետագա պարզաբանումների անհրաժեշտություն է լինում, դրանք նույնպես ազնվորեն բացատրվում են (տե՛ս «Ինչպես ոգին բացահայտեց հոգևոր տաճարի նշանակությունը» շրջանակը)։
Օգուտներ ենք քաղում այսօր
11. Ինչպե՞ս կարող են բոլոր քրիստոնյաները այսօր օգուտներ քաղել այն բանից, որ սուրբ ոգին բացահայտում է Աստծու խորունկ բաները։
11 Բոլոր հավատարիմ քրիստոնյաները օգուտներ են քաղում այն բանից, որ սուրբ ոգին բացահայտում է Աստծու խորունկ բաները։ Առաջին դարի քրիստոնյաների նման՝ մենք այսօր ուսումնասիրում և հետագայում հիշում ու կիրառում ենք այն տեղեկությունները, որոնք սուրբ ոգին օգնել է մեզ հասկանալու (Ղուկ. 12։11, 12)։ Պարտադիր չէ, որ մենք բարձրագույն կրթություն ունենանք, որպեսզի հասկանանք տպագրված խորունկ ճշմարտությունները (Գործ. 4։13)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ Աստծու խորունկ բաները։ Քննենք մի քանի առաջարկ։
12. Ե՞րբ պիտի աղոթենք սուրբ ոգու առաջնորդության համար։
12 Աղոթիր սուրբ ոգին ստանալու համար։ Նախքան Աստվածաշնչի վրա հիմնված որևէ նյութ ուսումնասիրելը մենք առաջին հերթին պետք է աղոթենք, որ սուրբ ոգին առաջնորդի մեզ։ Այդպես պետք է անենք նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ ենք կամ կարճ ժամանակ պիտի տրամադրենք ուսումնասիրությանը։ Այսպիսի խոնարհ խնդրանքները վստահաբար կջերմացնեն մեր երկնային Հոր սիրտը։ Եվ ինչպես Հիսուսը մատնանշեց, Եհովան առատորեն կտա իր սուրբ ոգին, եթե անկեղծորեն խնդրենք այն (Ղուկ. 11։13)։
13, 14. Ժողովներին պատրաստվելն ի՞նչ դեր է խաղում Աստծու խորունկ բաները հասկանալու մեջ։
13 Պատրաստվիր հանդիպումներին։ Մենք ծառա դասակարգի միջոցով «կերակուրը ճիշտ ժամանակին» ենք ստանում։ «Ծառան» կատարում է իր հանձնարարությունը՝ Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր տրամադրելով և ուսումնասիրության ու հանդիպումների ծրագրեր կազմելով։ Ծառա դասակարգը հիմնավոր պատճառներ ունի այդ նյութերը «ողջ եղբայրությանը» տրամադրելու համար (1 Պետ. 2։17; Կող. 4։16; Հուդա 3)։ Մենք կհամագործակցենք սուրբ ոգու հետ, երբ մեր լավագույնն անենք, որ հետևենք տրվող հրահանգներին (Հայտն. 2։29)։
14 Երբ պատրաստվում ենք ժողովի հանդիպումներին, լավ կլինի՝ կարդանք մեջբերված սուրբգրային համարները և փորձենք տեսնել, թե ինչպես են դրանք առնչվում քննարկվող նյութին։ Այս սովորության շնորհիվ աստիճանաբար կխորացնենք Աստվածաշնչի մեր հասկացողությունը (Գործ. 17։11, 12)։ Երբ բաց ենք անում այդ համարները, դրանք դաջվում են մեր մտքում։ Իսկ հետագայում՝ հարկ եղած դեպքում, սուրբ ոգին հիշեցնում է մեզ դրանք։ Դեռ ավելին, երբ այդ համարները կարդում ենք Աստվածաշնչում, կարողանում ենք տեսողական հիշողությամբ մտապահել և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ գտնել, թե որ էջի վրա են գտնվում։
15. Ինչո՞ւ պետք է ձգտենք կարդալ ընթացիկ բոլոր հրատարակությունները։ Ինչպե՞ս կարող ես դա անել։
15 Կարդա ընթացիկ հրատարակությունները։ Որոշ տպագրված նյութեր չեն քննարկվում ժողովի հանդիպումների ժամանակ, սակայն դրանք նույնպես մեր օգտին են ծառայում։ Չմոռանանք նաև, որ նույնիսկ տարածելու համար նախատեսված պարբերագրերը պատրաստվել են՝ մեզ ի մտի ունենալով։ Եթե որևէ հրատարակություն դեռ չենք կարդացել կամ մասամբ ենք կարդացել, ապա կարող ենք մեզ հետ վերցնել, որպեսզի ինչ–որ մեկին կամ ինչ–որ բանի սպասելիս կարդանք դրանք։ Ոմանք էլ, որպեսզի հասցնեն բոլոր նյութերին ծանոթանալ, սովորություն ունեն մեր հրատարակությունների ձայնագրությունները լսել քայլելիս կամ մեքենայում։ Այս բոլոր նյութերը, որոնք լավ հետազոտված են և մատչելի են միջին մակարդակի ընթերցողին, երախտագիտությամբ են լցնում մեզ հոգևոր բաների հանդեպ (Ամբ. 2։2)։
16. Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ գրի ենք առնում մեզ հետաքրքրող հարցերը և հետազոտում ենք դրանք։
16 Խորհրդածիր։ Աստվածաշունչ կամ դրա վրա հիմնված որևէ հրատարակություն ընթերցելիս ժամանակ հատկացրու խորհրդածելուն։ Ընթերցանության ընթացքում հնարավոր է՝ հարցեր առաջանան։ Լավ կլինի, որ գրի առնես դրանք և հետո փնտրտուքներ անես։ Հաճախ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն իմանալու համար սկսում ենք ավելի խոր ուսումնասիրություն կատարել։ Իսկ երբ իմանում ենք դրանց պատասխանները, ասես լցնում ենք մեր հոգևոր գանձարանը, որտեղից կարող ենք օգտվել անհրաժեշտության դեպքում (Մատթ. 13։52)։
17. Ի՞նչ ես ուսումնասիրում անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։
17 Ժամանակ հատկացրու ընտանեկան երկրպագությանը։ Կառավարիչ մարմինը խրախուսել է բոլորիս, որ ամեն շաբաթ մի երեկո հատկացնենք անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության համար։ Ժողովի հանդիպումների ծրագրում արված փոփոխությունը մեզ հնարավորություն է տալիս կիրառելու այս խորհուրդը։ Իսկ դուք ի՞նչ եք ուսումնասիրում ընտանեկան երկրպագության երեկոյի ընթացքում։ Օրինակ՝ ոմանք կարդում են Աստվածաշունչը, փնտրտուքներ են անում իրենց հետաքրքրող համարների վերաբերյալ և հենց Գրքում կարճ նշումներ անում։ Շատ ընտանիքներ ժամանակ են հատկացնում, որ մտածեն, թե ինչպես կարող են քննարկվող նյութը կիրառել իրենց ընտանիքում։ Ընտանիքի գլուխներից ոմանք այնպիսի նյութեր են ընտրում, որոնք, իրենց կարծիքով, համապատասխանում են ընտանիքի կարիքներին կամ վերաբերում են այն հարցերին, որոնք բոլոր անդամները քննարկելու ցանկություն են հայտնել։ Անկասկած, ժամանակի ընթացքում գուցե նախընտրես որևէ այլ նյութ քննարկելa։
18. Ինչո՞ւ չպետք է խուսափենք Աստծու Խոսքի խորունկ ճշմարտություններն ուսումնասիրելուց։
18 Հիսուսն ասաց, որ ոգին օգնելու էր իր հետևորդներին։ Ուստի մենք չպետք է խուսափենք Աստծու Խոսքի խորունկ ճշմարտություններն ուսումնասիրելուց։ Այսպիսի թանկ ճշմարտությունները «Աստուծոյ գիտութիան» մասն են կազմում, և մեզ հորդոր է տրվում քննել դրանք (կարդա՛ Առակաց 2։1–5)։ Այդ ճշմարտությունները շատ բան են բացահայտում այն ամենի վերաբերյալ, «որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»։ Երբ ջանքեր ենք ներդնում ավելին իմանալու Եհովայի Խոսքի մասին, սուրբ ոգին օգնում է «քննելու բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ բաները» (1 Կորնթ. 2։9, 10)։
[Ծանոթագրություն]
a Տե՛ս նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2008թ. հոկտեմբերի համարը, էջ 8։
Ինչպե՞ս կբացատրես
• Ի՞նչ երկու ձևերով է սուրբ ոգին օգնում մեզ քննելու «Աստծու խորունկ բաները»։
• Ո՞ւմ միջոցով սուրբ ոգին առաջին դարում բացահայտեց խորունկ ճշմարտությունները։
• Ինչպե՞ս է մեր օրերում սուրբ ոգին բացահայտում ճշմարտությունները։
• Ի՞նչ կարող ես անել, որ սուրբ ոգին օգնի քեզ քննելու Աստծու խորունկ բաները։
[Շրջանակ 22–րդ էջի վրա]
Ինչպես ոգին բացահայտեց հոգևոր տաճարի նշանակությունը
Առաջին դարում բացահայտված «Աստծու խորունկ բաների» մեջ էր մտնում այն, որ խորանը, իսկ հետագայում տաճարները նախապատկերում էին ավելի մեծ հոգևոր մի բան։ Պողոսը այն կոչեց «ճշմարիտ խորան, որը Եհովան կանգնեցրեց, և ոչ թե մարդը» (Եբր. 8։2)։ Դա հոգևոր մեծ տաճար էր՝ միջոց, որի շնորհիվ հնարավոր է մոտենալ Աստծուն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության և քահանայության շնորհիվ։
Այս «ճշմարիտ խորանը» ի հայտ եկավ մ.թ. 29–ին, երբ Հիսուսը մկրտվեց և Եհովան ընդունեց նրան որպես մեկի, որը կատարյալ զոհ էր դառնալու (Եբր. 10։5–10)։ Իր մահից ու հարությունից հետո Հիսուսը մտավ հոգևոր տաճարի Սրբությունների Սրբություն և ներկայացրեց իր զոհի արժեքը «Աստծու երեսի առաջ» (Եբր. 9։11, 12, 24)։
Մեկ այլ տեղ Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաների մասին գրեց, որ նրանք «աճում են՝ որպես մի սուրբ տաճար Եհովայի համար» (Եփես. 2։20–22)։ Արդյոք այս տաճարը նույնն «ճշմարիտ խորա՞նն» էր, որի մասին առաքյալը ավելի ուշ խոսեց եբրայեցիներին ուղղված իր նամակում։ Տասնամյակներ շարունակ Եհովայի ծառաները կարծում էին, թե դա այդպես է։ Թվում էր՝ օծյալ քրիստոնյաները երկրի վրա պատրաստվում էին, որ Եհովայի երկնային տաճարում «քարեր» դառնան (1 Պետ. 2։5)։
Սակայն մոտավորապես 1971թ.–ին ծառա դասակարգի անդամները հասկացան, որ այն տաճարը, որի մասին խոսեց Պողոսը «Եփեսացիներ» նամակում, չէր կարող լինել Եհովայի հոգևոր մեծ տաճարը։ Եթե «ճշմարիտ խորանը» կազմված լիներ հարություն առած օծյալ քրիստոնյաներից, այն նախ ի հայտ կգար նրանց հարություն առնելուց հետո՝ «Տիրոջ ներկայության» ժամանակ (1 Թեսաղ. 4։15–17)։ Սակայն խորանի մասին խոսելիս Պողոսը գրել էր. «Այս խորանը օրինակ է այն նշանակված ժամանակի համար, որը հիմա արդեն եկել է» (Եբր. 9։9)։
Այս և ուրիշ համարների համեմատությունից պարզ դարձավ, որ հոգևոր տաճարը կառուցման ընթացքի մեջ չէ և օծյալ քրիստոնյաները չեն կարող լինել «քարեր», որոնք երկրի վրա պատրաստվում են՝ դառնալու տաճարի մի մասը։ Իրականում, օծյալ քրիստոնյաները ծառայում են գավիթում և հոգևոր տաճարի Սրբությունում՝ ամեն օր Աստծուն «գովաբանության զոհ մատուցելով» (Եբր. 13։15)։
[Նկար 23–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ «Աստծու խորունկ բաները»