Ահա հիմա է փրկության օրը
«Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը» (Բ Կորնթացիս 6։2)։
1. Աստծո և Հիսուսի հավանությունը ունենալու համար ի՞նչ է անհրաժեշտ։
ԵՀՈՎԱՆ օր է նշանակել մարդկությանը դատելու համար (Գործք 17։31)։ Եթե այն մեր փրկության օրն է լինելու, ապա հարկավոր է Եհովայի ու նրա նշանակած Դատավորի՝ Հիսուս Քրիստոսի հավանությունն ունեցող դիրքը զբաղեցնել (Յովհաննէս 5։22)։ Այսպիսի դիրքում գտնվելու համար պահանջվում է Աստծո Խոսքի և հավատի հետ ներդաշնակ վարք ունենալ, որը կմղի մեզ ուրիշներին էլ օգնելու, որպեսզի դառնան Հիսուսի ճշմարիտ աշակերտները։
2. Ինչո՞ւ է ողջ մարդկությունն օտարացել Աստծուց։
2 Ժառանգած մեղքի պատճառով ողջ մարդկությունն օտարացավ Աստծուց (Հռովմայեցիս 5։12; Եփեսացիս 4։17, 18)։ Հետևաբար, այն մարդիկ, որոնց մենք քարոզում ենք, կարող են ստանալ փրկություն միայն այն դեպքում, եթե հաշտվեն Աստծո հետ։ Այդ մասին Պողոս առաքյալը բացատրեց Կորնթոսում ապրող քրիստոնյաներին։ Եկեք քննարկենք Բ Կորնթացիս 5։10—6։10 խոսքերը և տեսնենք, թե Պողոսն ինչ հայտնեց դատաստանի, Աստծո հետ հաշտվելու և փրկության հետ կապված հարցերի վերաբերյալ։
«Ջանում ենք համոզել մարդկանց»
3. Պողոսն ինչպե՞ս էր ‘ջանում համոզել մարդկանց’, և ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այսօր մենք էլ այդպես վարվենք։
3 Պողոսը դատաստանը կապեց քարոզչական գործունեության հետ, երբ գրեց. «Մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար։ Իսկ արդ՝ գիտենալով Տիրոջ երկիւղի չափը՝ ջանում ենք համոզել մարդկանց» (Բ Կորնթացիս 5։10, 11)։ Պողոս առաքյալը ‘ջանում էր համոզել մարդկանց’՝ քարոզելով բարի լուրը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Քանի որ ապրում ենք իրերի այս չար համակարգի վերջին օրերում, մենք էլ պետք է մեր ձեռքից եկածն անենք մարդկանց համոզելու, որ անհրաժեշտ քայլեր ձեռք առնեն Հիսուսի ողորմած դատաստանին և փրկության աղբյուրի՝ Եհովա Աստծո հավանությանն արժանանալու համար։
4, 5. ա) Ինչո՞ւ մենք չպետք է պարծենանք Եհովայի ծառայության մեջ ունեցած մեր որևիցե առանձնաշնորհումով։ բ) Ի՞նչ են նշանակում Պողոսը ‘պարծենում էր Տիրոջով’ խոսքերը։
4 Թեև Աստված օրհնում է մեր ծառայությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է պարծենանք դրանով։ Կորնթոս քաղաքում որոշ քրիստոնյաներ ներքուստ կամ ուրիշների առջև հպարտանում էին՝ դրանով իսկ ժողովում բաժանումների առիթ տալով (Ա Կորնթացիս 1։10—13; 3։3, 4)։ Այս իրավիճակն էր ակնարկում Պողոս առաքյալը, երբ գրեց. «Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ՝ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, որոնք աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ սրտում եղածով. որովհետեւ, եթէ մենք ցնորուել ենք էլ, Աստծու համար է այն. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այն» (Բ Կորնթացիս 5։12, 13)։ Մեծամիտ անհատներին չէր հետաքրքրում ժողովի միասնությունն ու հոգևոր բարօրությունը։ Նրանք ուզում էին պարծենալ իրենց արտաքին տեսքով՝ փոխանակ հավատակիցներին օգնելու, որ Աստծո հանդեպ բարի սիրտ մշակեին։ Ուստի Պողոսը հանդիմանեց ժողովին, իսկ ավելի ուշ գրեց. «Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենայ» (Բ Կորնթացիս 10։17)։
5 Իսկ ինքը՝ Պողոսը, արդյոք չէ՞ր պարծենում։ Հավանաբար ոմանք այդպես են մտածում՝ ելնելով այն բանից, որ նա այդ խոսքերն ասել է առաքյալ եղած ժամանակ։ Բայց նա «Աստծու համար» էր պարծենում։ Նա պարծենում էր որպես առաքյալ ծառայելու հանձնարարությամբ, որպեսզի կորնթացիները չհեռանային Եհովայից։ Քանի որ կեղծ առաքյալները նրանց սխալ ուղղությամբ էին տանում, Պողոսն այդպես վարվեց նրանց Աստծուն վերադարձնելու նպատակով (Բ Կորնթացիս 11։16—21; 12։11, 12, 19—21; 13։10)։ Սակայն նա չէր փորձում իր արժանիքներով շարունակ զարմացնել բոլորին (Առակաց 21։4)։
Քրիստոսի սերը ստիպո՞ւմ է քեզ
6. Քրիստոսի սերը ինչպե՞ս պիտի ազդի մեզ վրա։
6 Ճշմարիտ առաքյալ լինելով՝ Պողոսը սովորեցնում էր մյուսներին Հիսուսի քավիչ զոհաբերության մասին։ Այն խորը ազդեցություն էր թողել նրա կյանքում, ինչը երևում է հետևյալ խոսքերից. «Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Ինչպիսի՜ սեր ցուցաբերեց Հիսուսը՝ իր կյանքը մեզ համար տալով։ Անկասկած, այդ սերը պետք է հզոր ուժ հանդիսանա մեր կյանքում։ Երախտագիտությունը իր կյանքը մեր օգտի համար զոհաբերած Հիսուսի հանդեպ պիտի մղի մեզ, որ ակտիվ մասնակցություն ունենանք Եհովայի կողմից իր սիրելի որդու միջոցով հայթայթված փրկության բարի լուրը հայտարարելու գործում (Յովհաննէս 3։16; համեմատեք Սաղմոս 96։2)։ Իսկ քեզ «Քրիստոսի սէրը» ստիպո՞ւմ է, որ ակտիվորեն մասնակցես Թագավորությունը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթէոս 28։19, 20)։
7. Ինչպե՞ս հասկանալ «ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի» խոսքերը։
7 Իրենց ապրելակերպով երախտագիտություն ցուցաբերելով ի օգուտ իրենց Հիսուսի արածի հանդեպ՝ օծյալ քրիստոնյաները ‘միայն իրենց համար կենդանի չեն, այլև նրա համար’։ «Այսուհետեւ,— գրում է Պողոսը,— մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէպէտեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում» (Բ Կորնթացիս 5։16)։ Քրիստոնյաները չպետք է դիտեն մարդկանց աշխարհիկ տեսանկյունից, ինչպես օրինակ՝ գերադասելով հրեաներին հեթանոսներից, իսկ հարուստներին՝ աղքատներից։ Օծյալ քրիստոնյաները ‘ոչ ոքի չեն ճանաչում ըստ մարմնի’ այն իմաստով, որ իրենց համար գլխավորը հավատակիցների հետ ունեցած հոգևոր փոխհարաբերությունն է։ ‘Ըստ մարմնի ճանաչում էին Քրիստոսին’ արտահայտությունը չի վերաբերում միայն նրանց, ովքեր տեսան Հիսուսին, երբ նա երկրի վրա էր։ Իսկ եթե նույնիսկ Մեսիային ապավինող մարդկանցից ոմանք ընդունում էին Քրիստոսին միայն որպես մարդ, այժմ պիտի փոխեին իրենց տեսակետը։ Նա իր մարմինը որպես փրկանք տվեց ու հարություն առավ ինչպես կենդանարար ոգի։ Երկնային կյանքի հարություն առնող մյուս քրիստոնյաները թողնելու էին իրենց ֆիզիկական մարմինները՝ առանց երբևէ տեսնելու մարմնավոր Հիսուս Քրիստոսին (Ա Կորնթացիս 15։45, 50; Բ Կորնթացիս 5։1—5)։
8. Ինչպե՞ս կարող է մարդը «Քրիստոսի մէջ» լինել։
8 Շարունակելով խոսքն ուղղել օծյալ քրիստոնյաներին՝ Պողոս առաքյալն ավելացնում է. «Եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ» (Բ Կորնթացիս 5։17)։ «Քրիստոսի մեջ» լինել նշանակում է միության մեջ լինել նրա հետ (Յովհաննէս 17։21)։ Այս փոխհարաբերությունն առաջացավ այն ժամանակ, երբ Եհովան անհատին մոտեցրեց դեպի իր որդի Հիսուս Քրիստոսը և ծնեց նրան սուրբ հոգով։ Լինելով Աստծո սուրբ հոգուց ծնված որդի՝ նա դառնում է «նոր արարած»՝ Հիսուսի հետ երկնային Թագավորության մեջ բաժին ունենալու հեռանկարով (Յովհաննէս 3։3—8; 6։44; Գաղատացիս 4։6, 7)։ Նման օծյալ քրիստոնյաները ծառայելու մեծ առանձնաշնորհում են ստացել։
«Հաշտուէք Աստծու հետ»
9. Աստված ի՞նչ արեց իր հետ հաշտվելը հնարավոր դարձնելու համար։
9 Ինչպե՞ս է Եհովան իր հավանությունը ցույց տալիս «նոր արարածի» հանդեպ։ Պողոսը հայտնում է. «Ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը։ Քանզի Աստուած էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշուի չառաւ նրանց մեղքերը ու տուեց մեզ հաշտութեան խօսքը» (Բ Կորնթացիս 5։18, 19)։ Ադամի մեղանչելու ժամանակից սկսած՝ մարդկությունը հեռացավ Աստծուց։ Բայց Եհովան սիրով նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, այն է՝ Հիսուսի զոհագործության միջոցով հաշտության ճանապարհ բացեց մարդկության համար (Հռովմայեցիս 5։6—12)։
10. Եհովան ո՞ւմ է հանձնել հաշտության պաշտոնը, և վերջիններս ի՞նչ են արել այդ հանձնարարությունը կատարելու համար։
10 Քանի որ Եհովան հաշտության պաշտոնը հանձնել էր օծյալներին, Պողոսը կարող էր գրել. «Պատգամաւորներ («դեսպաններ», ՆԱ) ենք Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստուած մեզնով կոչ ուղղէր ձեզ. աղաչում ենք յանուն Քրիստոսի, որ հաշտուէք Աստծու հետ» (Բ Կորնթացիս 5։20)։ Անցյալում դեսպանները ուղարկվում էին գլխավորապես պատերազմական իրավիճակներում պատերազմը կանխելու նպատակով (Ղուկաս 14։31, 32)։ Քանի որ մեղավոր աշխարհն օտարացավ Աստծուց, նա ուղարկեց իր օծյալ դեսպաններին և հաշտության իր պայմանների մասին տեղեկացրեց։ Օծյալ քրիստոնյաները՝ որպես Քրիստոսին փոխարինողներ, աղաչում են. «Հաշտուէք Աստծու հետ»։ Այս խնդրանքը գթառատ Աստծո հետ խաղաղություն որոնելու ցանկություն է և այն փրկությունն ընդունելու, որը նա հնարավոր է դարձնում Քրիստոսի միջոցով։
11. Փրկանքին հավատ ընծայելով՝ նախ և առաջ ովքե՞ր են Աստծո առջև արդար դիրք ձեռք բերելու։
11 Բոլոր այն մարդիկ, ովքեր հավատ են ցուցաբերում փրկանքի հանդեպ, կարող են հաշտվել Աստծո հետ (Յովհաննէս 3։36)։ «Նրան [Հիսուսին], ով մեղքը չէր ճանաչել,— գրում է Պողոսը,— Աստուած մեզ համար մեղաւոր արեց, որպէսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5։21)։ Կատարյալ մարդ Հիսուսը զոհաբերեց իրեն Ադամի բոլոր մեղավոր ժառանգների համար, որի շնորհիվ նրանք ազատվում են ժառանգած մեղքից և Հիսուսի միջոցով դառնում «Աստծու արդարները»։ Նախ՝ այս արդարությանը կամ Աստծո առաջ արդար դիրքին հասնում են Հիսուսի 144 000 ժառանգակիցները։ Իսկ հազարամյա Թագավորության ընթացքում, որպես կատարյալ մարդիկ, արդար դիրքի են հասնելու հավիտենականության Հոր՝ Հիսուս Քրիստոսի երկրային զավակները։ Հիսուսը նրանց կատարելության է հասցնելու՝ արդար մի դիրքի, որպեսզի նրանք ապացուցեն Աստծո հանդեպ իրենց հավատարմությունը և ստանան հավիտենական կյանքի պարգևը (Եսայիա 9։6; Յայտնութիւն 14։1; 20։4—6, 11—15)։
«Ընդունելի ժամանակը»
12. Եհովայի դեսպաններն ու պատվիրակներն ի՞նչ կարևոր ծառայություն են կատարում։
12 Փրկությանն արժանանալու համար մենք պետք է գործենք Պողոսի խոսքերի համաձայն. «Ուստի, Աստծուն գործակից լինելով՝ աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինէք. որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրում օգնեցի քեզ»։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը» (Բ Կորնթացիս 6։1, 2)։ Եհովայի օծյալ դեսպանները և իր պատվիրակները՝ «այլ ոչխարները», Աստծո շնորհը իզուր չեն ընդունում (Յովհաննէս 10։16)։ «Այս ընդունելի ժամանակում» իրենց ուղղամիտ վարքով ու եռանդուն ծառայությամբ նրանք փնտրում են Աստծո հաճությունը և մարդկությանը տեղեկացնում այն մասին, որ «հիմա է փրկութեան օրը»։
13. Ո՞րն է Եսայիա 49։8–ի խոսքերի նշանակությունը և այն սկզբնական ի՞նչ կատարում ունեցավ։
13 Պողոսը մեջբերում է անում Եսայիա 49։8–ի խոսքերը, որտեղ ասվում է. «Տէրն այսպէս է ասում. ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները»։ Այս մարգարեությունն առաջին անգամ իր կատարումն ունեցավ, երբ իսրայել ազգն ազատագրվեց Բաբելոնի գերությունից և ավել ուշ վերադարձավ իր ամայացած հայրենիքը (Եսայիա 49։3, 9)։
14. Եսայիա 49։8–ի խոսքերն ինչպիսի՞ կատարում ունեցան Հիսուսի համար։
14 Եսայիայի մարգարեության հետագա կատարումը Եհովան իրականացրեց իր «ծառայ» Հիսուսի վրա՝ նրան ‘ազգերի լույս շինելով, որ [Աստծո] փրկությունը լինի մինչև երկրի ծայրը’ (Եսայիա 49։6, 8; համեմատեք Եսայիա 42։1—4, 6, 7; Մատթէոս 12։18—21)։ «Ընդունելի ժամանակը», անկասկած, վերաբերվում էր Հիսուսի երկրի վրա եղած ժամանակահատվածին։ Նա աղոթքով դիմեց Աստծուն և պատասխան ստացավ։ Այդ ժամանակահատվածը Հիսուսի համար «փրկութեան օր» դարձավ, քանի որ նա պահպանեց իր կատարյալ ուղղամտությունը և, այդպես վարվելով, «բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ» (Եբրայեցիս 5։7, 9; Յովհաննէս 12։27, 28)։
15. Ո՞ր ժամանակից սկսած հոգևոր իսրայելացիները պիտի ապացուցեին, որ արժանի են Աստծո ողորմածությանը և ինչո՞ւ։
15 Պողոսը Եսայիա 49։8–ի խոսքերն ուղղում է օծյալ քրիստոնյաներին՝ թախանձելով նրանց, որ ‘Աստծո շնորհը իզուր չընդունեն’, այլ փնտրեն նրա բարյացակամությունն «ընդունելի ժամանակում» և նրա հայթայթած «փրկութեան օրը»։ Ապա ավելացնում է. ««Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը» (Բ Կորնթացիս 6։2)։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեից սկսած՝ հոգևոր իսրայելացիները ջանք էին թափում արժանանալու Աստծո շնորհին՝ ողորմածությանը, որովհետև «ընդունելի ժամանակը» «փրկութեան օր» կարող էր լինել իրենց համար։
Մեզ ներկայացնենք իբրև Աստծո պաշտոնյաներ
16. Ինչպիսի՞ պայմանների ներքո Պողոսն իր անձը ներկայացրեց որպես Աստծո ծառա։
16 Կորնթոսի ժողովի հետ համագործակցող որոշ անհատներ չէին ապացուցում, որ արժանի են Աստծո ողորմածությանը։ Նրանք զրպարտում էին Պողոսին՝ փորձելով զրկել նրան առաքյալի պաշտոնից, թեև վերջինս ‘ոչ մի գայթակղություն թույլ չէր տալիս’։ Պողոսն իրոք իր անձը ներկայացրեց որպես Աստծո ծառա՝ «ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ, հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մեջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մեջ» (Բ Կորնթացիս 6։3—5)։ Ավելի ուշ Պողոսը հիմնավորեց իր խոսքը. եթե իր հակառակորդները ծառաներ էին, ապա ինքը՝ «առաւել եւս», քանի որ ավելի շատ էր տանջվել բանտերում, ծեծվել, վտանգների էր հանդիպել ու զրկանքներ կրել (Բ Կորնթացիս 11։23—27, ԱԹ)։
17. ա) Ո՞ր հատկությունները ցուցաբերելով կարող ենք ապացուցել, որ Աստծո ծառաներն ենք։ բ) Որո՞նք են ‘արդարության զենքերը’։
17 Պողոսի և նրա հավատակիցների նման մենք էլ կարող ենք ներկայանալ որպես Աստծո ծառաներ։ Բայց ինչպե՞ս. «սրբութեամբ» կամ պարկեշտությամբ և Աստվածաշնչի ճշգրիտ գիտության հետ ներդաշնակ վարվելով։ Կարող ենք ներկայացնել մեզ՝ «համբերութեամբ» դիմանալով մեր հանդեպ ցուցաբերած սխալ վերաբերմունքին կամ զսպելով զայրույթը և «քաղցրութեամբ» գործելով ի օգուտ հավատակիցների։ Բացի այդ, կարող ենք ներկայացնել մեզ որպես Աստծո ծառաներ՝ հետևելով նրա սուրբ հոգու առաջնորդությանը, դրսևորելով «անկեղծ սէր»՝ խոսելով ճշմարտությունը և ծառայության մեջ ապավինելով նրա զորությանը։ Հետաքրքրական է, որ Պողոսն իր առաքելությունը նաև պաշտպանում էր «արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանելու համար»։ Հնում՝ պատերազմի ժամանակ, աջ ձեռքում պահում էին սուրը, իսկ ձախ ձեռքում՝ վահանը։ Հոգևոր պատերազմ մղելով կեղծ ուսուցիչների դեմ՝ Պողոսը չէր օգտագործում մեղավոր մարմնի զենքերը՝ խորամանկություն, խաբեություն, նենգություն (Բ Կորնթացիս 6։6, 7; 11։12—14; Առակաց 3։32)։ Նա արդարության ‘զենքեր’ կամ միջոցներ էր օգտագործում ճշմարիտ պաշտամունքն առաջ տանելու համար։ Եկեք մենք էլ այդպես վարվենք։
18. Եթե Աստծո ծառաներն ենք, ապա ինչպե՞ս պետք է վարվենք։
18 Եթե մենք Աստծո ծառաներն ենք, ուրեմն պետք է համբերենք, ինչպես որ Պողոսն ու իր քրիստոնյա եղբայրներն արեցին։ Հարգված լինենք, թե անարգված՝ թող որ քրիստոնեավայել վարվենք։ Մեր հասցեին արված բացասական հայտարարությունները թող չկասեցնեն քարոզչական մեր աշխատանքը, ոչ էլ հպարտանանք, երբ մեր մասին դրական են խոսում։ Մենք պատմելու ենք ճշմարտության մասին և մեր կատարած աստվածահաճո գործերի համար կարող ենք հավանության արժանանալ։ Իսկ երբ հայտնվենք թշնամիների ծանր հարձակումների տակ, ապավինենք Եհովային և հոժարությամբ ընդունենք խրատը (Բ Կորնթացիս 6։8, 9)։
19. Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես ‘շատերին հարստացնողներ’ լինել։
19 Ավարտելով հաշտության ծառայության հետ կապված քննարկումը՝ Պողոսն իր և իր եղբայրների մասին արտահայտվեց ‘իբրև թե տրտմածների, բայց և շարունակ ուրախների, իբրև թե տնանկների, բայց և շատերին հարստացնողների, իբրև թե ոչինչ չունեցողների, բայց ամեն բան ունեցողների’ (Բ Կորնթացիս 6։10)։ Թեև այդ ծառաները իրենց կրած հալածանքների պատճառով տրտմելու շատ առիթներ ունեին, սակայն նրանք ներքուստ ուրախ էին։ Նրանք նյութապես աղքատ էին, բայց հոգևորապես ‘շատերին հարստացնողներ’ էին։ Փաստորեն, նրանք «ամէն բան ունեցողներ» էին, քանի որ իրենց հավատը տվեց հոգևոր հարստություն, նույնիսկ Աստծո երկնային որդիներ դառնալու հեռանկարը։ Եվ նրանք, որպես քրիստոնյա ծառաներ, հարստություն և ուրախություն էին գտել (Գործք 20։35)։ Նրանց պես մենք էլ կարող ենք ‘շատերին հարստացնողներ’ լինել՝ հաշտության ծառայության մեջ մեր բաժինը բերելով հենց այսօր՝ փրկության այս օրվա մեջ։
Ապավինեք Եհովայի կողմից եկած փրկությանը
20. ա) Ո՞րն էր Պողոսի սրտանց ցանկությունը, և ինչո՞ւ հապաղելու ժամանակ չկար։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ հիմա ապրում ենք փրկության օրվա մեջ։
20 Երբ մ.թ. 55–ին Պողոսը գրեց կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակը, հրեական իրերի դրության ավարտին մնացել էր ընդամենը 15 տարի։ Պողոս առաքյալը սրտանց ցանկանում էր, որ Քրիստոսի միջոցով հրեաներն ու հեթանոսները հաշտվեին Աստծո հետ։ Դա փրկության օր էր, ու հապաղելու ժամանակը չէր։ Սկսած 1914–ից՝ մենք զուգահեռ իրավիճակում ենք գտնվում՝ իրերի դրության ավարտին։ Թագավորության լուրը քարոզելու համաշխարհային գործն այժմ իր ընթացքի մեջ է՝ զգուշացնելով, որ հիմա է փրկության օրը։
21. ա) Աստվածաշնչի ո՞ր խոսքն է ընտրվել 1999 թվականի համար։ բ) Փրկության այս օրը ի՞նչ է անհրաժեշտ անել։
21 Բոլոր ազգերի մարդիկ կարիք ունեն լսելու Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո փրկության միջոցառման մասին։ Հիմա հապաղելու ժամանակ չկա։ Պողոսը գրեց. «Ահա հիմա է փրկութեան օրը»։ Բ Կորնթացիս 6։2–ը լինելու է Եհովայի վկաների համար 1999 թվականի տարվա խոսքը։ Որքա՜ն համապատասխան են այս խոսքերը մեր օրերի համար, քանի որ մեզ ավելի վատ վիճակներ են սպասվում, քան Երուսաղեմի ու նրա տաճարի կործանումն էր։ Անմիջապես մեր առջևում է իրերի այս ողջ համակարգի ավարտը, որն առնչություն է ունենալու երկրի վրա ապրող ամեն մի մարդու հետ։ Ոչ թէ վաղը, այլ հիմա է գործի անցնելու ժամանակը։ Եթե հավատում ենք, որ փրկությունը Եհովայի ձեռքում է, եթե սիրում ենք նրան և գնահատում հավիտենական կյանքը, ապա Աստծո շնորհը իզուր չենք ընդունի։ Ողջ սրտով ցանկանալով պատիվ բերել Եհովային՝ խոսքով և գործով ապացուցած կլինենք, թե իսկապես ի՞նչ են մեզ համար նշանակում այս խոսքերը. «Ահա հիմա է փրկութեան օրը»։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ինչո՞ւ հաշտությունն Աստծո հետ էական կարևորություն ունի։
◻ Ովքե՞ր են հաշտության ծառայությունը կատարող դեսպաններն ու պատվիրակները։
◻ Ինչպե՞ս կարող ենք ներկայացնել մեզ որպես Աստծո ծառաներ։
◻ Եհովայի վկաների 1999 թ. տարվա խոսքն ի՞նչ է նշանակում ձեզ համար։
[նկարներ 17–րդ էջի վրա]
Պողոսի նման դուք էլ եռանդորեն քարոզո՞ւմ եք և օգնում ուրիշներին հաշտվելու Աստծո հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ֆրանսիա
Կոտ դ’Իվուար
[նկար 18–րդ էջի վրա]
Փրկության այս օրը դուք գտնվո՞ւմ եք այն մարդկանց մեջ, ովքեր հաշտվում են Աստծո հետ։