2 Կորնթացիներ
12 Թեև պարծենալուց օգուտ չունեմ, բայց ստիպված եմ պարծենալ, ուստի հիմա կխոսեմ Տիրոջ տված գերբնական տեսիլքների+ ու հայտնությունների մասին:+ 2 Քրիստոսի աշակերտներից մի մարդու գիտեմ, որը 14 տարի առաջ (մարմնով, թե ոչ, չգիտեմ, Աստված գիտի) տարվեց երրորդ երկինք: 3 Այո՛, գիտեմ այդպիսի մարդու, որը (մարմնով, թե ոչ, չգիտեմ, Աստված գիտի), 4 տարվեց դրախտ և լսեց խոսքեր, որոնք չպետք է բարձրաձայնվեն, և որոնց մասին ոչ ոքի թույլ չի տրվում խոսել: 5 Այդպիսի մարդով ես կպարծենամ, բայց ինքս ինձնով չեմ պարծենա: Թե պարծենամ էլ, ապա միայն իմ տկարություններով: 6 Եթե ուզեմ պարծենալ, անմտություն արած չեմ լինի, որովհետև ճշմարտությունը կասեմ: Բայց չեմ պարծենա, որպեսզի ինձ դատեն միայն իմ գործերի ու խոսքերի հիման վրա, և ոչ ոք իմ մասին չափազանց մեծ կարծիք չկազմի 7 զուտ այն բանի համար, որ ինձ այդպիսի արտառոց հայտնություններ են տրվել:
Որպեսզի խոնարհ մնամ ու չափից մեծ կարծիք չունենամ իմ մասին, ինձ մի ցավ տրվեց՝ ասես մարմնիս մեջ մտած մի փուշ,+ որը, գործելով որպես Սատանայի հրեշտակ, շարունակ տանջում* է ինձ: 8 Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ ազատի ինձ դրանից, 9 բայց նա ասաց. «Քո հանդեպ իմ ցուցաբերած անզուգական բարությունը* քեզ հերիք է, քանի որ մարդու տկար վիճակում է, որ լիարժեքորեն դրսևորվում է իմ զորությունը»:+ Ուստի ես մեծ ուրախությամբ կպարծենամ, որ տկարություններ ունեմ, քանի որ այդ դեպքում Քրիստոսի զորությունը վրանի պես միշտ պատսպարում է ինձ: 10 Ես հաճույք եմ գտնում հանուն Քրիստոսի իմ ունեցած տկարությունների, իմ կրած վիրավորանքների, զրկանքների, հալածանքների և դժվարությունների մեջ, որովհետև երբ տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր:+
11 Ես խոսեցի ինչպես անխոհեմ մեկը, բայց դո՛ւք ինձ ստիպեցիք. ինքներդ պետք է խոսեիք ի պաշտպանություն ինձ, որովհետև, ինչքան էլ ձեր աչքին ոչինչ լինեմ, միևնույն է, ես ոչ մի բանով չեմ զիջում ձեր գերընտիր առաքյալներին:+ 12 Դուք ձեր աչքով եք տեսել իմ առաքյալ լինելու ապացույցը՝ իմ մեծ դիմացկունությունը,+ իմ արած հրաշքները, զարմանալի բաներն ու զորավոր գործերը:+ 13 Ի՞նչ առումով եք դուք մյուս ժողովներից պակաս բարեհաճության արժանացել. միայն նրանով, որ ես ձեզնից ոչինչ չեմ խնդրել:+ Մեծահոգաբար ներեք իմ այդ սխալը:
14 Ահա արդեն երրորդ անգամն է, որ ուզում եմ ձեզ մոտ գալ, ու երբ գամ, ձեզ վրա բեռ չեմ լինի: Ինձ ոչ թե ձեր ունեցվածքն է պետք,+ այլ դուք: Ի վերջո, ոչ թե երեխաները+ պետք է կուտակեն իրենց ծնողների համար, այլ ծնողները՝ երեխաների: 15 Ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ ձեզ համար ծախսել իմ ողջ ունեցածը և անգամ ինքս մինչև վերջ ծախսվել հանուն ձեզ:+ Եվ եթե ես ձեզ այդքան շատ եմ սիրում, մի՞թե պետք է պակաս սիրված լինեմ ձեր կողմից: 16 Ամեն դեպքում, չնայած ես ոչ մի առումով բեռ չեմ դարձել ձեզ համար,+ դուք ասում եք, թե ես խորամանկորեն թակարդն եմ գցել ձեզ: 17 Մի՞թե երբևէ փորձել եմ ձեզնից շահ ստանալ ձեզ մոտ իմ ուղարկած մարդկանցից որևէ մեկի միջոցով: 18 Ես Տիտոսին եմ հորդորել, որ գա, և նրա հետ ուղարկել եմ այն եղբորը: Մի՞թե Տիտոսը երբևէ փորձել է ձեզնից շահ ստանալ:+ Չէ՞ որ մենք նույն մղումներն ենք ունեցել և նույն ձևով ենք վարվել:
19 Գուցե այս ողջ ընթացքում մտածել եք, թե մենք փորձում ենք արդարանալ ձեր առաջ: Բայց այդպես չէ: Որպես Քրիստոսի հետևորդներ՝ Աստծու առաջ ճիշտն ենք ասում, սիրելինե՛ր. ինչ որ անում ենք, ձեզ հոգևորապես ամրացնելու համար ենք անում: 20 Մտավախություն ունեմ, որ երբ գամ, ձեր վարվելակերպը չլինի այնպիսին, ինչպիսին կուզեի, և իմ վերաբերմունքն էլ ձեր հանդեպ չլինի այնպիսին, ինչպիսին դուք կուզեիք: Վախենամ, թե ձեր մեջ լինեն գժտություններ, նախանձ, զայրույթի պոռթկումներ, անհաշտություն, վատաբանություն, բամբասանք, հպարտություն և անկարգություն: 21 Երբ գամ, թերևս Աստծու առաջ ամաչեմ և սուգ անեմ շատերի համար, ովքեր նախկինում մեղք են գործել և չեն զղջում իրենց անմաքրության, անբարոյականության* ու լկտի վարքի* համար: