ԳԼՈՒԽ 6
Ծառայող օգնականները արժեքավոր ծառայություն են կատարում
ՓԻԼԻՊՊԵԻ ժողովին Պողոս առաքյալը գրեց. «Ես՝ Պողոսս, և Տիմոթեոսը՝ Քրիստոս Հիսուսի ծառաներս, գրում ենք Փիլիպպեում գտնվող բոլոր սրբերին, որ միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ, ինչպես նաև վերակացուներին ու ծառայող օգնականներին» (Փիլիպ. 1։1)։ Ուշադրություն դարձրու, որ Պողոսը հիշատակում է նաև ծառայող օգնականներին։ Այս տղամարդիկ կարևոր դեր էին խաղում երեցներին օգնելու հարցում։ Նույն բանն է տեղի ունենում նաև մեր օրերում։ Ծառայող օգնականները մի շարք ծառայություններ են կատարում, որով օգնում են վերակացուներին և նպաստում ժողովի կարգուկանոնին։
2 Ճանաչո՞ւմ ես քո ժողովի ծառայող օգնականներին։ Գիտե՞ս, թե ինչ ծառայություններ են նրանք կատարում քո և ամբողջ ժողովի համար։ Այս եղբայրների ջանքերն, ինչ խոսք, Եհովան մեծապես գնահատում է։ Պողոսը գրում է. «Այն տղամարդիկ, ովքեր լավ են ծառայում, բարի համբավ են ձեռք բերում և կարող են մեծ ազատությամբ խոսել Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին» (1 Տիմոթ. 3։13)։
ԾԱՌԱՅՈՂ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3 Ակնկալվում է, որ ծառայող օգնականները ողջամիտ լինեն, պատասխանատվության զգացում ունենան և փաստեն, որ կարող են իրենց պարտականությունները կատարել ինչպես հարկն է։ Սա պարզ է դառնում, երբ քննում ենք այն, ինչ Պողոսն ասաց ծառայող օգնականների վերաբերյալ Տիմոթեոսին ուղղած իր նամակում. «Նմանապես, ծառայող օգնականները պետք է լինեն լուրջ, չլինեն երկերեսանի, չափից շատ գինի խմող, շահամոլ, այլ մաքուր խղճով հավատի սրբազան գաղտնիքը պահեն։ Նրանք թող նաև փորձվեն և եթե զերծ լինեն մեղադրանքից, ապա թող ծառայեն։ Ծառայող օգնականները թող լինեն մեկ կնոջ ամուսին, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և իրենց տան անդամներին» (1 Տիմոթ. 3։8–10, 12)։ Ծառայող օգնականների համար սահմանված բարձր չափանիշներին հետևելը պաշտպանում է ժողովին հատուկ պատասխանատվություններ ունեցող եղբայրների դեմ մեղադրանքներից։
4 Թե՛ երիտասարդ և թե՛ տարեց ծառայող օգնականները ամեն ամիս ակտիվորեն մասնակցում են ծառայությանը։ Ընդօրինակելով Հիսուսին՝ նրանք մեծ եռանդ են դրսևորում ծառայության մեջ ու այդպիսով արտացոլում Եհովայի հետաքրքրվածությունը ողջ մարդկության փրկության հանդեպ (Ես. 9։7)։
5 Ծառայող օգնականները պետք է օրինակելի լինեն հագուստի ու հարդարանքի հարցում։ Նրանց խոսքը, վարքը և ուրիշների հանդեպ վերաբերմունքը նույնպես պետք է անմեղադրելի լինեն։ Լինելով ողջամիտ՝ նրանք շահում են մյուսների հարգանքը։ Բացի այդ, նրանք լուրջ են վերաբերվում Եհովայի հետ իրենց փոխհարաբերություններին, ինչպես նաև ժողովում ունեցած առանձնաշնորհումներին (Տիտոս 2։2, 6–8)։
6 Այս տղամարդիկ «փորձվել» են։ Նախքան նշանակում ստանալը նրանք փաստել են, որ իսկապես նվիրված ծառաներ են։ Նրանք ցույց են տվել, որ Թագավորության շահերը իրենց կյանքում դնում են առաջին տեղում և ծառայության մեջ ձգտում են ունենալ ցանկացած առանձնաշնորհում, որ կարող է ընձեռվել իրենց։ Այս տղամարդիկ իսկապես լավ օրինակ են իրենց հավատակիցների համար (1 Տիմոթ. 3։10)։
ԻՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ
7 Ծառայող օգնականները իրենց եղբայրների և քույրերի համար մի շարք գործնական ծառայություններ են կատարում՝ այդպիսով հնարավորություն տալով երեցներին ավելի շատ ժամանակ տրամադրելու ուսուցանելու և հովվելու իրենց պարտականություններին։ Հանձնարարություններ կամ այլ նշանակումներ տալիս երեցների խորհուրդը հաշվի է առնում ծառայող օգնականների կարողությունները և ժողովի կարիքները։
Ծառայող օգնականները իրենց եղբայրների և քույրերի համար մի շարք գործնական ծառայություններ են կատարում՝ այդպիսով հնարավորություն տալով երեցներին ավելի շատ ժամանակ տրամադրելու ուսուցանելու և հովվելու իրենց պարտականություններին
8 Նկատի առնենք, թե ինչ ծառայություններ են կատարում նրանք։ Ծառայող օգնականներից մեկը կարող է հոգ տանել ժողովի գրականության մասին, որպեսզի մենք ստանանք ինչպես անձնական, այնպես էլ ծառայության ժամանակ առաջարկելու գրականությունը։ Մյուսներին հանձնարարվում է ստուգել ժողովի ֆինանսական հաշիվները կամ տարածքների մասին գրառումներ կատարել։ Ուրիշներին էլ հանձնարարվում է փոխանցել խոսափողները, կարգավորել ձայնային սարքավորումները, ծառայել որպես սպասարկու կամ այլ ձևերով աջակցել երեցներին։ Թագավորության սրահը լավ վիճակում պահելու և մաքրություն պահպանելու համար մեծ ջանքեր են պահանջվում, ուստի ծառայող օգնականներին հաճախ խնդրում են աջակցել այդ գործին։
9 Որոշ ժողովներում թերևս հնարավոր է այս հանձնարարությունները տալ տարբեր ծառայող օգնականների։ Սակայն այն ժողովներում, որտեղ չկան բավականաչափ ծառայող օգնականներ, մեկ ծառայող օգնականը կարող է ունենալ մի քանի պատասխանատվություն։ Որոշ դեպքերում որևէ գործ անելու համար գուցե գործնական լինի նշանակել մեկից ավելի ծառայող օգնականներ։ Եթե բավականաչափ ծառայող օգնականներ չկան, երեցների խորհուրդը կարող է հոգ տանել, որ աշխատանքի մի մասը կատարեն օրինակելի մկրտված եղբայրները։ Այդպիսով նրանք ձեռք կբերեն փորձ, որը օգտակար կլինի հետագայում, երբ համապատասխանեն ծառայող օգնական նշանակվելու պահանջներին։ Ինչ խոսք, քույրերը չեն նշանակվում ծառայող օգնական, սակայն եթե չկան եղբայրներ, օրինակելի մի քրոջ կարելի է խնդրել կատարել որոշ գործեր։ Օրինակելի անհատը նա է, ում վարքագիծը և երկրպագությունը ընդօրինակման արժանի է։ Նման անհատը ուրիշների համար լավ օրինակ է ժողովներ հաճախելու, ծառայելու, զվարճության ձևեր ընտրելու, հագուկապի և հարդարանքի հարցում, ինչպես նաև ընտանեկան կյանքում։
10 Եթե ժողովում բավականաչափ երեցներ չկան, ապա փորձառու ծառայող օգնականները կարող են քարոզիչների հետ քննարկել մկրտության վերաբերյալ այն հարցերը, որ վերաբերում են աստվածաշնչյան ուսմունքներին։ Հարցերը գտնվում են այս գրքի հավելվածում, մաս 1-ին՝ «Քրիստոնեական համոզմունքներ»։ Քանի որ մաս 2-րդը՝ «Քրիստոնեավայել ապրելակերպ», ներառում է խիստ անձնական հարցեր, այս բաժինը պետք է երեցը անցկացնի։
11 Ժամանակ առ ժամանակ, եթե հիմնավոր պատճառ կա, երեցների խորհուրդը գուցե տեղին համարի մի ծառայող օգնականի պատասխանատվությունը տալ մեկ ուրիշ ծառայող օգնականի։ Սակայն լավ կլինի, որ եղբայրները որոշ ժամանակ կատարեն միևնույն պարտականությունները, որպեսզի փորձ և համապատասխան հմտություններ ձեռք բերեն։
12 Կախված տեղի հանգամանքներից՝ գուցե այլ պարտականություններ հանձնարարվեն այն ծառայող օգնականներին, որոնց առաջադիմությունը «հայտնի է բոլորին» (1 Տիմոթ. 4։15)։ Եթե բավականաչափ երեցներ չկան, խմբի վերակացուի օգնական կարող է նշանակվել որևէ ծառայող օգնական, իսկ որոշ դեպքերում նա կարող է նշանակվել նաև որպես խմբի ծառայող՝ իր պարտականությունը կատարելով երեցների անմիջական վերահսկողությամբ։ Ծառայող օգնականները կարող են նշանակվել ներկայացնելու «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման որոշ մասեր, այդ թվում, եթե կարիք կա, անցկացնելու Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն մասը, ինչպես նաև ներկայացնելու հանրային ելույթներ։ Հատուկ կարիք առաջանալու դեպքում ծառայող օգնականներին կարելի է տալ նաև այլ հանձնարարություններ, եթե նրանք համապատասխանում են դրանք կատարելու պահանջներին (1 Պետ. 4։10)։ Երեցներին օգնելու հարցում ծառայող օգնականները պետք է պատրաստակամ լինեն։
13 Թեև նրանց ծառայությունը տարբերվում է երեցների կատարած ծառայությունից, սակայն այն նույնպես սրբազան ծառայության մաս է կազմում, որը կարևոր է ժողովի անխափան գործունեության համար։ Եթե ծառայող օգնականները լավ են կատարում իրենց պարտականությունները և համապատասխանում են որպես հովիվ և ուսուցիչ ծառայելու պահանջներին, ժամանակի ընթացքում կարող են երաշխավորվել որպես երեց։
14 Եթե նոր մկրտված կամ պատանի եղբայր ես, ձգտո՞ւմ ես դառնալ ծառայող օգնական (1 Տիմոթ. 3։1)։ Ամեն տարի շատ մարդիկ են ընդունում ճշմարտությունը, ուստի ժողովի պատասխանատվությունները ստանձնելու համար հոգևոր հասուն և փորձառու տղամարդկանց կարիք կա։ Այս նպատակին կարող ես հասնել, եթե քո եղբայրներին ու քույրերին օգնելու ցանկություն զարգացնես։ Կերպերից մեկը Հիսուսի հիանալի օրինակի շուրջ խորհրդածելն է (Մատթ. 20։28; Հովհ. 4։6, 7; 13։4, 5)։ Քո ցանկությունն ավելի կմեծանա, երբ ուրախություն ստանաս, ինչը բխում է ուրիշներին օգնելուց (Գործ. 20։35)։ Հետևաբար, գործնական օգնություն ցույց տուր ժողովում ծառայող անհատներին, պատրաստակամորեն աջակցիր Թագավորության սրահի հետ կապված աշխատանքներին, պատրաստ եղիր անհրաժեշտության դեպքում որևէ մեկի փոխարեն ուսումնական առաջադրանք կատարելու «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ժամանակ։ Ձգտել առանձնաշնորհումների նշանակում է նաև հոգևոր հատկություններ զարգացնել՝ կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անելով (Սաղ. 1։1, 2; Գաղ. 5։22, 23)։ Ավելին, այն եղբայրը, ով ձգտում է առանձնաշնորհումների, որևէ հանձնարարություն ստանալիս ցույց է տալիս, որ հուսալի է ու հավատարիմ (1 Կորնթ. 4։2)։
15 Ծառայող օգնականները սուրբ ոգով նշանակվում են ժողովի բարօրության համար։ Ժողովում բոլորը ցույց են տալիս, որ գնահատում են նրանց կատարած ծանր աշխատանքը՝ համագործակցելով նրանց հետ։ Այդպիսով ժողովը գնահատանք ցույց կտա Եհովայի ստեղծած կառույցի հանդեպ (Գաղ. 6։10)։