Աստվածաշնչի գիրք համար 56. Տիտոս
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Մակեդոնիա (?)
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 61–64 թթ.
1. ա) Ի՞նչ առաջադրանք վստահվեց Տիտոսին։ բ) Ինչպիսի՞ միջավայրում կազմավորվեց Կրետեի ժողովը, և ի՞նչ պետք է անեին Կրետեի քրիստոնյաները։
«ԵՍ՝ ՊՈՂՈՍՍ, Աստծու ծառան և Հիսուս Քրիստոսի առաքյալս.... գրում եմ Տիտոսին՝ մեր ընդհանուր հավատի մեջ իմ հարազատ զավակին» (Տիտոս 1։1, 4)։ Այսպես է սկսվում Պողոսի նամակը՝ ուղղված իր համագործակից Տիտոսին, որի հետ նա երկար ծառայել է։ Պողոսը Տիտոսին թողել էր Կրետե կղզում՝ ժողովներին կազմակերպչական հարցերում օգնելու։ Տիտոսը հսկայական առաջադրանք ուներ կատարելու։ Այս կղզում, որը համարվում էր «աստվածների և մարդկանց հոր» բնակավայրը, ծնունդ էր առել հետևյալ ասացվածքը՝ «կրետացու հետ կրետացու պես վարվել», որը նշանակում է «խորամանկությամբ խաբել խորամանկին»a։ Բնակիչների անազնվությունը ասացվածք էր դարձել, և Պողոսը նույնիսկ մեջբերեց նրանց մարգարեներից մեկի խոսքերը, որն ասել էր. «Կրետացիները միշտ սուտ են խոսում, վտանգավոր գազաններ են ու պորտաբույծ որկրամոլներ» (1։12)։ Պողոսի օրերի կրետացիներին նկարագրել են նաև հետևյալ կերպ. «Ժողովրդի բնավորությունը անկայուն էր, նրանք չափազանց կեղծավոր էին, կռվարար, ագահ, անբարո, ստախոս և հարբեցող։ Իսկ հրեաները, որոնք բնակություն էին հաստատել նրանց մեջ, անբարոյության հարցում բնիկներից առաջ էին անցել»b։ Ահա այսպիսի անբարենպաստ միջավայրում էր, որ կազմավորվեցին Կրետեի ժողովները։ Ուստի այդ քրիստոնյաների համար հատկապես կարևոր էր «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ», ինչպես որ խորհուրդ տվեց Պողոսը (2։12)։
2, 3. ա) Ի՞նչ է հայտնի Տիտոսի ու Պողոսի համագործակցության մասին։ բ) Հավանաբար որտեղի՞ց էր Պողոսը գրում Տիտոսին և ի՞նչ նպատակով։
2 «Տիտոս» գիրքը շատ քիչ տեղեկություն է հայտնում Պողոսի և Տիտոսի համագործակցության մասին։ Սակայն Տիտոսի մասին Պողոսի մյուս նամակներից կարող ենք բավականին տեղեկություններ ստանալ։ Տիտոսը, որը հույն էր, հաճախ ուղեկցում էր Պողոսին և առնվազն մեկ անգամ նրա հետ միասին գնաց Երուսաղեմ (Գաղ. 2։1–5)։ Առաքյալը նրա մասին խոսում է որպես «ընկերոջ և համագործակցի»։ Տիտոսին էր, որ Պողոսը Եփեսոսից ուղարկեց Կորնթոս իր առաջին նամակը կորնթացիներին գրելուց հետո։ Կորնթոսում Տիտոսը մասնակցեց Երուսաղեմի եղբայրների համար նվիրաբերություններ հավաքելու գործին և ավելի ուշ Պողոսի խորհրդով վերադարձավ այդ գործն ավարտին հասցնելու համար։ Երբ Մակեդոնիայում Պողոսին հանդիպելուց հետո Տիտոսը կրկին վերադարձավ Կորնթոս, իր հետ տարավ կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ նամակը (2 Կորնթ. 8։16–24; 2։13; 7։5–7)։
3 Հռոմում առաջին բանտարկությունից ազատվելուց հետո Պողոսը կրկին սկսեց համագործակցել Տիմոթեոսի և Տիտոսի հետ։ Ակներևաբար, իր ծառայության վերջին տարիներին նա քարոզում էր Կրետեում, Հունաստանում և Մակեդոնիայում։ Իր նամակի վերջում Պողոսն ասում է, որ պատրաստվում է Նիկոպոլիս գնալ (քաղաք Հունաստանի հյուսիս-արևմուտքում)։ Հավանաբար, այնտեղ առաքյալին ձերբակալեցին, ուղարկեցին Հռոմ, որտեղ նրան բանտարկություն ու մահապատիժ էր սպասում։ Կրետե այցելելու ընթացքում էր, որ Պողոսը Տիտոսին թողեց այնտեղ, որպեսզի «թերությունները շտկի և ամեն քաղաքում երեցներ նշանակի, ինչպես որ պատվիրեց»։ Հավանաբար, Պողոսը Տիտոսին ուղղած իր նամակը գրել է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նրան թողեց Կրետեում, ըստ ամենայնի, Մակեդոնիայում (Տիտոս 1։5; 3։12; 1 Տիմոթ. 1։3; 2 Տիմոթ. 4։13, 20)։ Ըստ երևույթին, Պողոսն այս նամակը գրել է այն նույն նպատակով, ինչ որ գրել է «1 Տիմոթեոս» նամակը, այն է՝ քաջալերել իր համագործակցին և հաստատել, որ նա իր լիազորությամբ է կատարում պարտականությունները։
4. Ե՞րբ է ակներևաբար գրվել Տիտոսին ուղղված նամակը, և որքանո՞վ է փաստված այդ նամակի վավերականությունը։
4 Ամենայն հավանականությամբ, Պողոսը նամակը գրել է Հռոմում իր առաջին և երկրորդ բանտարկությունների միջև ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մ.թ. մոտ 61–64թթ.-ին։ Տիտոսին ուղղված նամակի, ինչպես որ Տիմոթեոսին ուղղված նամակների վավերականությունը համոզիչ կերպով է փաստված, նամակներ, որոնք միևնույն ժամանակահատվածում են գրվել։ Այս երեք գրքերը հաճախ կոչվում են Պողոսի «հովվական նամակներ»։ Գրելաոճը նույնն է։ Տիտոսի նամակից մեջբերումներ են անում Իրենեոսը և Օրիգենեսը։ Նրա կանոնականության մասին վկայում են հնում ապրած բազմաթիվ հեղինակավոր մարդիկ։ Նամակը տեղ է գտել Սինայական և Ալեքսանդրյան ձեռագրերում։ Ջոն Ռայլենդսի գրադարանում կա մի պատառիկ ձեռագիր (P32), որը մ.թ. երրորդ դարի ձեռագիր մատյանի մի թերթ է և պարունակում է Տիտոս 1։11–15 և 2։3–8 համարներըc։ Ոչ մի կասկած չկա, որ գիրքը ներշնչված Սուրբ Գրքի վավերական մասերից է։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5. ա) Ի՞նչ պահանջներ է նշում Պողոսը վերակացուների համար, և ինչո՞ւ է դա կարևոր։ բ) Ինչո՞ւ Տիտոսը պետք է խստությամբ հանդիմանի, և ի՞նչ է ասվում պիղծ մարդկանց մասին։
5 Վերակացուները պետք է հորդորեն առողջ ուսմունքով (1։1–16)։ Ջերմ ողջույնից հետո Պողոսը վերակացուների համար մի շարք պահանջներ է նշում։ Շեշտվում է այն միտքը, որ վերակացուն պետք է լինի «զերծ մեղադրանքից», նաև լինի առաքինություն սիրող, արդար, նվիրված, մարդ, որ «սովորեցնելու արվեստում ամուր բռնած լինի հավատարիմ խոսքը, որպեսզի կարողանա թե՛ հորդորել առողջ ուսմունքով և թե՛ հանդիմանել դրան հակառակվողներին»։ Սա շատ կարևոր է, քանի որ կան մարդիկ, ովքեր «մարդկանց միտքը մոլորեցնողներ» են և ընտանիքներ են քանդում իրենց անազնիվ շահի համար։ Ուստի Տիտոսը պետք է «շարունակի խստությամբ հանդիմանել նրանց, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին»։ Պիղծ մարդիկ հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան (1։6–10, 13, 14)։
6. Ի՞նչ խորհուրդ է տրվում քրիստոնեական վարքի վերաբերյալ։
6 Ապրել ողջամտությամբ, արդարությամբ և Աստծու հանդեպ նվիրվածությամբ (2։1–3։15)։ Տարեց տղամարդիկ և կանայք պետք է լինեն լուրջ ու ակնածանքով լի վարմունք ունենան։ Երիտասարդ կանայք պետք է սիրեն իրենց ամուսիններին և երեխաներին ու ենթարկվեն իրենց ամուսիններին, որ «ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն»։ Երիտասարդ տղամարդիկ պետք է բարի գործերի օրինակ լինեն և կերտիչ բաների մասին խոսեն։ Ծառաները պետք է ենթարկվեն իրենց տերերին և «լիակատար հավատարմություն դրսևորեն»։ Աստծու անզուգական բարությունը, որ փրկություն է բերում, հայտնի դարձավ՝ սովորեցնելով ապրել ողջամտությամբ, արդարությամբ և Աստծու հանդեպ նվիրվածությամբ, որպեսզի նրանք, ում Աստված մաքրեց Քրիստոս Հիսուսի միջոցով, լինեն «իր համար սեփական ժողովուրդ՝ բարի գործերի նախանձախնդիր» (2։5, 10, 14)։
7. Հնազանդության, փրկության և բարի գործերի առնչությամբ ի՞նչ է Պողոսը շեշտում։
7 Պողոսը շեշտում է, որ կարևոր է հնազանդվել ու հպատակվել կառավարություններին և «ամենայն մեղմությամբ վերաբերվել բոլոր մարդկանց»։ Պողոսը և իր ծառայակիցները մի ժամանակ ուրիշների պես վատն էին։ Նրանք սուրբ ոգով փրկվեցին ու հավիտենական կյանքի հույս ժառանգեցին ոչ թե իրենց կատարած արդար գործերի, այլ Աստծու բարության, սիրո և ողորմության շնորհիվ։ Հետևաբար, ովքեր հավատում են Աստծուն, պետք է «իրենց ուշադրությունը կենտրոնացնեն բարի գործեր անելու վրա»։ Նրանք պետք է խուսափեն հիմար վիճաբանություններից և Օրենքի շուրջ վեճերից, իսկ աղանդավորություն տարածող մարդուն պետք է մերժեն մեկ կամ երկու անգամ զգուշացնելուց հետո։ Պողոսը խնդրում է Տիտոսին գալ իր մոտ՝ Նիկոպոլիս, և միսիոներական ծառայության հետ կապված այլ հրահանգներ տալուց հետո կրկին ընդգծում է բարի գործեր անելու կարևորությունը՝ ծառայության մեջ անպտուղ չլինելու համար (3։2, 7, 8)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
8. «Տիտոս» նամակում արձանագրված Պողոսի խորհուրդներից ո՞րն է «բարի և օգտակար» մեզ համար այսօր և ինչո՞ւ։
8 Կրետացի քրիստոնյաները ապրում էին ստությամբ, ապականությամբ և ագահությամբ լի միջավայրում։ Արդյո՞ք նրանք պետք է հետևեին մեծամասնությանը։ Թե՞ պետք է վճռական քայլեր ձեռնարկեին՝ այդ աշխարհից առանձնանալու և ծառայելու որպես Եհովա Աստծու սուրբ ժողովուրդ։ Տիտոսի միջոցով կրետացիներին հայտնելով, որ նրանք պետք է «իրենց ուշադրությունը կենտրոնացնեն բարի գործեր անելու վրա»՝ Պողոսն ասաց. «Այս ամենը բարի է և օգտակար մարդկանց համար»։ Այսօր նույնպես ստության և անազնվության մեջ մխրճված աշխարհում «բարի և օգտակար» է, որ ճշմարիտ քրիստոնյաները «սովորեն միշտ բարի գործեր անել» և պտղաբեր լինել ծառայության մեջ (3։8, 14)։ Պողոսի խոսքերը, որը դատապարտեց անբարոյությունն ու չարությունը, որոնք սպառնում էին Կրետեի ժողովներին, զգուշացում են մեզ համար այսօր, երբ «Աստծու անզուգական բարությունը.... սովորեցնում է մեզ մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ»։ Քրիստոնյաները նաև պետք է «պատրաստ լինեն ամեն բարի գործի», իշխանություններին հնազանդվեն և մաքուր խիղճ պահպանեն (2։11, 12; 3։1)։
9. Ինչպե՞ս է շեշտվում ճիշտ բաներ սովորեցնելու կարևորությունը, հատկապես եթե անհատը կրում է վերակացու լինելու պատասխանատվությունը։
9 Տիտոս 1։5–9-ը լրացնում է 1 Տիմոթեոս 3։2–7-ին՝ ցույց տալով, թե սուրբ ոգին ինչ պահանջներ ունի վերակացուների համար։ Շեշտվում է այն, որ վերակացուն պետք է «ամուր բռնած լինի հավատարիմ խոսքը» և ուսուցիչ լինի ժողովում։ Իսկ դա անհրաժեշտ է այն բանի համար, որ բոլորը հասնեն հասունության։ Ճիշտ ուսուցանելու անհրաժեշտությունը մի քանի անգամ ընդգծվում է Տիտոսին ուղղված նամակում։ Պողոսը Տիտոսին հորդորում է «շարունակել խոսել այն բաների մասին, որոնք համապատասխան են առողջ ուսմունքին»։ Տարեց կանայք պետք է «բարին սովորեցնող» լինեն, իսկ ծառաները «ամեն ինչում զարդարեն իրենց Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 1։9; 2։1, 3, 10)։ Ընդգծելով այն միտքը, որ Տիտոսը՝ որպես վերակացու, պետք է հաստատուն և անվախ լինի ուսուցանելու հարցում՝ Պողոսն ասաց. «Շարունակիր խոսել այս բաների մասին, հորդորիր և հանդիմանիր հրահանգներ տալու ողջ հեղինակությամբ»։ Իսկ անհնազանդների առնչությամբ նա գրեց. «Շարունակիր խստությամբ հանդիմանել նրանց, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ»։ Ուստի Տիտոսին ուղղված Պողոսի նամակը հատկապես «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար» (Տիտոս 2։15; 1։13; 2 Տիմոթ. 3։16)։
10. Ի՞նչ է հորդորում մեզ «Տիտոս» նամակը, և ո՞ր սքանչելի հույսն է այն խթանում։
10 «Տիտոս» նամակը մեր մեջ գնահատանք է առաջացնում Աստծու անզուգական բարության հանդեպ և քաջալերում մերժել այս աշխարհի ամբարշտությունը, «մինչ սպասում ենք սքանչելի հույսի իրականացմանն ու մեր մեծ Աստծու և մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի փառահեղ հայտնությանը»։ Այդպես վարվելով՝ նրանք, ովքեր արդար են հայտարարվել Հիսուս Քրիստոսի միջոցով, Աստծու Թագավորությունում կարող են «ժառանգներ դառնալ՝ հավիտենական կյանքի հույսի համաձայն» (Տիտոս 2։13; 3։7)։
[ծանոթագրություններ]
a «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարան», 1981, հատ. II, էջ 564 (անգլ.); «The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge», 1958, հատ. III, էջ 306 (անգլ.)։
b «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարան», 1981, հատ. X, էջ 442 (անգլ.)։
c «The Text of the New Testament», 1987, Կուրտ և Բարբարա Ալանդ, թարգմանվել է Ի. Ֆ. Ռոդսի կողմից, էջ 98։