Աստծուն հաճելի զոհեր
«Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ մատուցելու համար է սահմանուած» (Եբրայեցիս 8։3)։
1. Ինչո՞ւ են մարդիկ Աստծուն դիմելու կարիք զգում։
«ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ անելը նույնքան հատուկ է մարդուն, որքանև աղոթելը. առաջինով դրսևորվում է այն, թե նա ինչ է զգում իր հանդեպ, երկրորդով՝ թե ինչ է զգում առ Աստված»,— գրում է աստվածաշնչագետ–պատմաբան Ալֆրեդ Էդերսհայմը։ Այն ժամանակից ի վեր, ինչ մեղքը ոտք է դրել աշխարհ, մարդուն պատել է մեղքի զգացումը, և նա հայտնվել է օտարացման ու անօգնականության շեմին։ Մարդիկ ձգտում են ազատվել այս զգացումներից։ Եվ միանգամայն հասկանալի է, որ հայտնվելով նման հուսահատ իրավիճակում՝ կարիք են զգում օգնության համար դիմել Աստծուն (Հռովմայեցիս 5։12)։
2. Համաձայն Աստվածաշնչի տեղեկագրության՝ որո՞նք են Աստծուն մատուցված առաջին զոհաբերությունները։
2 Աստծուն զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ Աստվածաշնչի առաջին արձանագրությունը կապված է Կայենի ու Աբելի հետ։ «Եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։ Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը» (Ծննդոց 4։3, 4)։ Հաջորդ արձանագրությունը Նոյի մասին է, որում տեղեկացվում է, որ այն բանից հետո, երբ Աստված նրան փրկեց իր օրերի ամբարտավան մարդկանց ոչնչացման համար բերած աշխարհակործան Ջրհեղեղից, Նոյը «սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց» Եհովային (Ծննդոց 8։20)։ Մի քանի անգամ Աստծո հավատարիմ ծառա ու նրա բարեկամ Աբրահամը, ի պատասխան Աստծո տված խոստումների ու իր ստացած օրհնությունների, «Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց» (Ծննդոց 12։8; 13։3, 4, 18)։ Ավելի ուշ Աբրահամը կանգնեց իր հավատը փորձության ենթարկող շատ մեծ առաջադրանքի դիմաց. Եհովան նրան ասաց, որ իր որդի Իսահակին պետք է ողջակեզ մատուցի իրեն (Ծննդոց 22։1–14)։ Ինչպես դեռ կտեսնենք, այս համառոտ արձանագրությունները մեզ ապահովում են զոհաբերության հարցի վերաբերյալ բավականին խոր բացատրություններով։
3. Ի՞նչ դեր ունեն զոհաբերությունները երկրպագության մեջ։
3 Աստվածաշնչի այս և ուրիշ հաղորդագրություններից երևում է, որ զոհաբերություններ մատուցելը երկրպագության մեջ կարևոր դեր է ունեցել նախքան այդ մասին Եհովայի կողմից որոշակի օրենք տալը։ Այս իրողության հետ ներդաշնակ՝ մի աշխատության մեջ «զոհաբերությունը» սահմանվում է որպես «կրոնական արարողություն, որում զոհաբերության առարկան մատուցվում է աստվածությանը՝ այդ սրբության հետ լավ փոխհարաբերություններ հաստատելու, պահպանելու կամ վերականգնելու նպատակով»։ Սակայն այս կապակցությամբ մի քանի կարևոր հարցեր են առաջ գալիս, որոնք արժանի են մեր ուշադրությանը, այն է՝ ինչո՞ւ է զոհաբերությունն անհրաժեշտ երկրպագության մեջ, ինչպիսի՞ զոհաբերություններն են հաճելի Աստծուն, և այսօր մեզ համար ի՞նչ նշանակություն ունեն հնում կատարված զոհաբերությունները։
Ինչո՞ւմն է կայանում զոհաբերության անհրաժեշտությունը
4. Ադամի ու Եվայի գործած մեղքը ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ իրենց համար։
4 Ադամը գիտակցաբար մեղանչեց։ Բարին ու չարը գիտենալու ծառի պտղից ուտելով՝ նա կանխամտածված հակառակվեց Աստծուն։ Այդ արարքի համար պատիժը մահն էր, ինչպես ասել էր Աստված. «Նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։17)։ Ադամն ու Եվան աստիճանաբար հնձեցին իրենց գործած մեղքի վարձը, այսինքն՝ մահացան (Ծննդոց 3։19; 5։3–5)։
5. Ինչո՞ւ է Եհովան նախաձեռնություն վերցրել հօգուտ Ադամի սերնդի և ի՞նչ է արել նրանց համար։
5 Իսկ Ադամի սերո՞ւնդը։ Ադամից մեղքն ու անկատարությունը ժառանգելու պատճառով այդ սերունդը մարդկային առաջին զույգի կրած միևնույն օտարացմանը, անօգնականությանն ու մահվանն են արժանացել (Հռովմայեցիս 5։14)։ Սակայն, Եհովան ոչ միայն արդարության ու զորության Աստված է, այլ, որ ամենակարևորն է՝ սիրո (Ա Յովհաննէս 4։8, 16)։ Ուստի, նա նախաձեռնություն է վերցրել այդ վնասը վերացնելու։ «Մեղքի վարձի»՝ «մահվան» մասին նշելուց հետո Աստվածաշունչն ավելացնում է նաև, որ «Աստծո շնորհը՝ յաւիտենական կեանքն [է]՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռովմայեցիս 6։23)։
6. Ո՞րն է Եհովայի կամքը Ադամի մեղքի պատճառով հասցված վնասի վերաբերյալ։
6 Մարդկանց այդ շնորհով ապահովելու համար Եհովա Աստված ժամանակի ընթացքում հոգ տարավ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Ադամի ծանր արարքի պատճառով առաջացած կորուստը։ Եբրայերեն «կափար» բառի սկզբնական իմաստը հավանաբար եղել է «ծածկել» կամ թերևս «մարել», և այն թարգմանվում է նաև «հատուցում»՝ «քավություն» բառերով։a Այլ կերպ ասած՝ Եհովան հարմար միջոց հայթայթեց Ադամից ժառանգած մեր մեղքերը ծածկելու և այդ մեղքի հետևանքները սրբելու համար, որպեսզի նրանք, ովքեր արժանի են շնորհին, ազատվեն մեղքի ու մահվան դատապարտությունից (Հռովմայեցիս 8։21)։
7. ա) Սատանայի դեմ Աստծո կայացրած դատավճռի միջոցով ի՞նչ հույս էր տրվել։ բ) Մարդկությանը մեղքից ու մահից ազատագրելու համար ի՞նչ գին պետք է վճարվեր։
7 Մեղքի և մահվան գերությունից ազատագրվելու հույսի մասին հիշատակվել է առաջին մարդկային զույգի մեղանչելուց անմիջապես հետո։ Օձով ներկայացված Սատանայի դեմ դատավճիռ կայացնելիս Եհովան ասել էր. «Թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Այդ մարգարեական հայտարարությամբ հույսի մի շող էր առկայծել բոլոր նրանց համար, ովքեր հետագայում հավատ կընծայեին այդ խոստմանը։ Սակայն այդ ազատագրման համար հարկավոր էր վճարել։ Խոստացյալ Սերունդը չպետք է ընդամենը գար ու ոչնչացներ Սատանային. նախ՝ Սերունդը պետք է խայթվեր գարշապարից, այսինքն՝ մահանար, սակայն ոչ ընդմիշտ։
8. ա) Ինչպե՞ս Կայենը հիասթափության պատճառ դարձավ։ բ) Ինչո՞ւ Աբելի զոհաբերությունն ընդունվեց Աստծո կողմից։
8 Ադամն ու Եվան, անկասկած, շատ են մտածել այն մասին, թե ով է խոստացյալ Սերունդը։ Իր առաջնեկ Կայենին ունենալուց հետո Եվան ասաց. «Մարդ ստացայ Եհովայով» (Ծննդոց 4։1)։ Արդյո՞ք նա կարծում էր, որ թերևս իր որդին է լինելու այդ Սերունդը։ Այդպես էր, թե՝ ոչ, փաստն այն է, որ Կայենն ու նրա բերած զոհաբերությունը իսկական հիասթափության պատճառ դարձան։ Ի տարբերություն Կայենին, նրա եղբայր Աբելը հավատ էր ընծայում Աստծո խոստման հանդեպ և դա մղեց նրան իր հոտի առաջնեկներից զոհ մատուցել Եհովային։ «Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ պատարագ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է»,— կարդում ենք Աստվածաշնչում (Եբրայեցիս 11։4)։
9. ա) Ինչի՞ հանդեպ էր Աբելը հավատ ընծայել, և ինչպե՞ս էր նա իր հավատն արտահայտել։ բ) Ի՞նչ էր իրենից ներկայացնում Աբելի բերած զոհաբերությունը։
9 Աբելի հավատը չէր կայանում զուտ նրանում, որ Աստված գոյություն ունի. Կայենը նույնպես հավատում էր դրան։ Աբելը հավատացել էր Աստծո խոստումին, որ Սերունդ է գալու, որը փրկություն է բերելու հավատարիմ մարդկանց։ Նա չգիտեր, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենալու, սակայն խոստումից պարզ էր դարձել, որ ինչ–որ մեկը խայթոց է ստանալու իր գարշապարին։ Այո՛, ամենայն հավանականությամբ, նա եզրակացրել էր, որ արյուն պետք է թափվի, այսինքն՝ եկել էր հենց զոհաբերության գաղափարին։ Կյանքի Աղբյուրին մատուցելով այնպիսի զոհ, որը կյանք ու արյուն էր պարունակում՝ Աբելը փաստորեն ցույց տվեց, որ անհամբեր սպասում է Եհովայի խոստումի կատարմանը։ Հավատի այդ արտահայտումն էր, որ Աբելի զոհաբերությունը հաճելի դարձրեց Եհովային, և ինչ–որ ձևով ցույց տվեց զոհաբերության բուն էությունը՝ այն միջոցը, որով մեղավոր մարդկությունը կարող է մոտենալ Աստծուն և ստանալ նրա հաճությունը (Ծննդոց 4։4; Եբրայեցիս 11։1, 6)։
10. Այն՝ որ Եհովան Աբրահամին պատվիրել էր զոհ մատուցել Իսահակին, ինչպե՞ս էր պարզեցնում զոհաբերության նշանակությունը։
10 Զոհաբերության իմաստը լիարժեք պարզ դարձավ այն վառ օրինակով, որը տվեց Եհովան՝ Աբրահամին պատվիրելով ողջակեզ մատուցել իր որդի Իսահակին։ Թեև այդ զոհաբերությունը իրականում չմատուցվեց, բայց այն որպես նախօրինակ ծառայեց այն բանի, ինչ Եհովան ինքը մտադիր էր անելու հետագայում, որպեսզի իրականացներ իր կամքը մարդկության վերաբերյալ՝ տալով մինչև օրս եղած մեծագույն զոհը՝ իր միածին Որդուն (Յովհաննէս 3։16)։ Մովսիսական օրենքի զոհաբերությունների և պատարագների միջոցով Եհովան մարգարեական օրինակով սովորեցրել էր իր ժողովրդին, թե ի՛նչ պետք է անեն մեղքերի թողություն ստանալու և փրկության իրենց հույսը հաստատուն դարձնելու համար։ Ի՞նչ կարող ենք սովորել այս ամենից։
Եհովայի կողմից ընդունելի զոհաբերություններ
11. Ի՞նչ երկու տեսակի զոհաբերություններ էին մատուցվում Իսրայելի քահանայապետի կողմից և ի՞նչ նպատակով։
11 «Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ [«նուէրներ», ՆԿ–ի ՆԱԹ] մատուցելու համար է սահմանուած»,— գրում է Պողոս առաքյալը (Եբրայեցիս 8։3)։ Ուշադրություն դարձնենք, որ Պողոսը հին Իսրայելի քահանայապետի մատուցած զոհաբերությունները բաժանում է երկու կատեգորիայի, այն է՝ «պատարագների» կամ «նվերների» և «զոհերի» կամ ‘մեղքերի համար զոհերի’ (Եբրայեցիս 5։1)։ Մարդիկ սովորաբար նվերներ են տալիս իրենց սերը կամ գնահատանքը ցույց տալու, ինչպես նաև բարեկամական կապեր հաստատելու կամ մեկի բարեհաճությունը շահելու համար և այլն (Ծննդոց 32։20; Առակաց 18։16)։ Նմանապես, Օրենքում նկարագրված զոհաբերություններից շատերը կարելի է համարել «նվերներ» Աստծուն՝ մատուցված նրա բարեհաճությունը շահելու նպատակով։b Օրենքը խախտելու համար հարկավոր էր հատուցել, իսկ այդ փոխհատուցումների համար «մեղքի զոհաբերություններ» էին արվում։ Հնգամատյանը՝ հատկապես «Ելից», «Ղեւտացոց» և «Թուոց» գրքերը, բավականին շատ տեղեկություններ են պարունակում տարբեր տեսակի զոհաբերությունների ու պատարագների մասին։ Իհարկե, դժվար է յուրացնել ու հիշել բոլոր մանրամասնությունները, սակայն տարբեր տեսակի զոհաբերությունների վերաբերյալ որոշ հիմնական կետեր իրոք արժանի են մեր ուշադրությանը։
12. Աստվածաշնչի ո՞ր գրքերում կարելի է Օրենքի տակ մատուցվող զոհաբերությունների մասին ընդհանուր տեղեկություն գտնել։
12 Կարելի է նկատել, որ «Ղեւտացոց» գրքի 1–ից 7–րդ գլուխներում նշվում է զոհաբերությունների հինգ հիմնական տեսակների՝ ողջակեզի, հացի ընծայի, խաղաղության զոհի, մեղքի պատարագի և հանցանքի պատարագի մասին, որոնք թեև առանձին են ներկայացված, սակայն մի քանիսը մատուցվում էին համատեղ։ Նշված պատարագների մասին այդ գլուխներում խոսվում է երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում տարբեր նկատառումներով։ Առաջինը Ղեւտացոց 1։2–ից մինչև 6։7 համարներում է, որտեղ թվարկվում է, թե ինչ պետք մատուցվի զոհասեղանի վրա, և երկրորդը՝ Ղեւտացոց 6։8–ից մինչև 7։36–ում, որտեղ ցույց է տրվում, թե ի՛նչը պետք է մնա քահանային և ի՛նչը՝ պատարագը բերողին։ Ապա՝ Թուոց 28 և 29 գլուխներում գտնում ենք մանրամասն ցուցակ, որտեղ թվարկվում են ամենօրյա, շաբաթական, ամսական, ինչպես նաև տարեկան տոների ժամանակ բերվող զոհաբերությունները։
13. Ինչպե՞ս կնկարագրեիք Աստծուն հոժարակամորեն ընծայված պատարագները։
13 Աստծո հաճությունը շահելու նպատակով կամ նրան որպես ընծա մատուցվող պատարագներից էին ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերը, որոնք հոժարակամորեն էին մատուցվում։ Արդի գիտնականներից ոմանք այն կարծիքին են, որ «ողջակեզ» բառի եբրայերեն նշանակությունն է՝ «բարձրացման պատարագ» կամ «բարձրացնող պատարագ»։ Նման կարծիքը լիովին համապատասխան է, քանի որ ողջակեզի համար մորթված կենդանին այրվում էր զոհասեղանի վրա, և դրա անուշաբույր հոտը ձգվում էր դեպի երկինք՝ Աստծո մոտ։ Ողջակեզի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ կենդանու արյունը զոհասեղանի շուրջը ցանելուց հետո կենդանին ամբողջությամբ պատարագ էր մատուցվում Աստծուն։ Քահանան այրում էր կենդանու «ամենը սեղանի վերայ՝ իբրեւ ողջակէզ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար» (Ղեւտացոց 1։3, 4, 9; Ծննդոց 8։21)։
14. Ինչպե՞ս էր մատուցվում հացի ընծան։
14 Հացի ընծան նկարագրված է Ղեւտացոց 2–րդ գլխում։ Դա հոժարակամորեն մատուցվող ընծա էր՝ բարձրորակ ալյուրից և սովորաբար յուղի ու կնդրուկի հետ շաղախված։ «Քահանան նորանից իր բուռը լիքն նորա բարակ ալիւրիցը եւ իւղիցը առնէ բոլոր կնդրուկի հետ մէկտեղ, եւ քահանան նորա յիշատակի համար սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար»,— ասում է Աստվածաշունչը (Ղեւտացոց 2։2)։ Կնդրուկը սուրբ խնկի բաղկացուցիչ մասերից մեկն էր, որն այրվում էր խորանի և տաճարի անուշահոտության զոհասեղանի վրա (Ելից 30։34–36)։ Դավիթ թագավորը հավանաբար դա նկատի ուներ՝ ասելով. «Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ [հացի] պատարագի պէս» (Սաղմոս 141։2)։
15. Ի՞նչ նպատակով էր մատուցվում խաղաղության զոհը։
15 Մեկ այլ կամավոր պատարագ էր իրենից ներկայացնում խաղաղության զոհը, որը նկարագրված է Ղեւտացոց 3–րդ գլխում։ Եբրայերենում «խաղաղություն» բառն իր մեջ ավելին է ընդգրկում, քան ընդամենը պատերազմներից կամ նեղություններից ազատ լինելը։ «Աստվածաշնչում այն և՛ դրան է մատնանշում, և՛ Աստծո հետ խաղաղություն ունենալու վիճակին՝ նրա հետ խաղաղ փոխհարաբերությանը, բարեկեցությանը, ուրախությանն ու երջանկությանը»,— նշվում է մի գրքում («Studies in the Mosaic Institutions»)։ Այսպիսով՝ խաղաղության զոհը մատուցվում էր ոչ թե Աստծո հետ խաղաղություն հաստատելու ու կարծես դրանով նրան հաճեցնելու նպատակով, այլ՝ շնորհակալություն հայտնելու նրա հետ խաղաղ փոխհարաբերության շնորհիվ շրջապատում տիրող օրհնյալ պայմանների համար, որ վայելում էին նրա բարեհաճությանն արժանացածները։ Զոհի արյունը և ճարպը Եհովային մատուցելուց հետո քահանաներն ու զոհ մատուցողը օգտվում էին զոհաբերությունից (Ղեւտացոց 3։17; 7։16–21; 19։5–8)։ Սա մի գեղեցիկ ու խորհրդանշական միջոց էր, որով զոհ մատուցողը, քահանաները և Եհովա Աստված մասնակցում էին «ճաշկերույթին», ինչով ընդգծվում էր նրանց միջև տիրող խաղաղ փոխհարաբերությունը։
16. ա) Ի՞նչ նպատակով էին մատուցվում մեղքի և հանցանքի պատարագները։ բ) Ինչո՞վ էին դրանք տարբերվում ողջակեզից։
16 Մեղքի թողության, կամ՝ Օրենքի խախտման համար ներում հայցելու նպատակով մատուցվող զոհերի մեջ էին մտնում մեղքի պատարագը և հանցանքի պատարագը։ Թեև այս զոհերը նույնպես մատուցում էին զոհասեղանի վրա այրելով, սակայն ի տարբերություն ողջակեզի՝ այս դեպքում կենդանին ամբողջությամբ չէր մատուցվում Աստծուն, այլ միայն ճարպն ու մարմնի որոշակի մասերը։ Մնացած մասը ժողովից դուրս էր տարվում կամ էլ որոշ դեպքերում այն վերցնում էին քահանաները։ Այս տարբերությունը մեծ նշանակություն ուներ։ Ողջակեզը մատուցվում էր Աստծուն որպես ընծա, որպեսզի նա թույլ տար մոտենալ իրեն։ Այն մատուցվում էր միայն Աստծուն և ամբողջությամբ։ Հետաքրքրական է, որ ողջակեզին սովորաբար նախորդում էին մեղքի կամ հանցանքի պատարագները՝ ցույց տալով, որ մեղանչած մարդու ընծան Աստծուն ընդունելի լինելու համար այդ մարդը նախևառաջ պետք է մեղքերի թողություն ստանար (Ղեւտացոց 8։14, 18; 9։2, 3; 16։3, 5)։
17, 18. Ո՞ր դեպքերում էին մատուցվում մեղքի և հանցանքի պատարագները։
17 Մեղքի պատարագն ընդունելի էր համարվում միայն մարմնի թուլության պատճառով գործած մեղքի, ինչպես նաև Օրենքի ոչ կանխամտածված խախտման դեպքում։ «Եթէ մէկ անձ սխալմամբ մեղանչէ, եւ Եհովայի բոլոր այն պատուէրների դէմ, որ պիտի չ’անուին», այն ժամանակ մեղանչողը ըստ համայնքում ունեցած իր դիրքի պետք է մեղքի պատարագ մատուցեր Եհովային (Ղեւտացոց 4։2, 3, 22, 27)։ Իսկ նրանք, ովքեր մեղանչելուց հետո չէին ապաշխարում, կորստի էին մատնվում, նրանց ոչ մի զոհը չէր ընդունվում (Ելից 21։12–15; Ղեւտացոց 17։10; 20։2, 6, 10; Թուոց 15։30; Եբրայեցիս 2։2)։
18 Մեղքի պատարագի իմաստն ու նպատակը պարզ է դառնում Ղեւտացոց գրքի 5–րդ և 6–րդ գլուխներում։ Մարդ կարող էր մեղք գործած լինել սխալմամբ։ Սակայն նրա արարքը մեղք է եղել իր դրացու կամ էլ Եհովայի դեմ, և այդ սխալի համար պետք էր հատուցել կամ էլ այն պետք էր շտկել։ Այս գլուխներում մեղքի մի քանի տեսակներ են հիշատակվում. որոշ մեղքեր անձնական բնույթ էին կրում (5։2–6), կային նաև՝ մեղքեր «Եհովայի սուրբ բաների» դեմ (5։14–16), մի մասն էլ, թեև ոչ լիովին անգիտակցաբար, բայց սխալ ցանկությունների և մարմնի տկարության հետևանքով գործված մեղքերն էին (6։1–3)։ Այդ մեղքերը խոստովանելուց հետո Օրենքը խախտողը պարտավոր էր հարկ եղած դեպքում փոխհատուցել իր արարքի դիմաց, ապա հանցանքի պատարագ մատուցել Եհովային (Ղեւտացոց 6։4–7)։
Լավագույն զոհի սպասելիքներով
19. Օրենքն ու զոհաբերություններն ունենալով հանդերձ՝ ինչո՞ւ իսրայելացիները չկարողացան ստանալ Եհովայի հաճությունը։
19 Մովսիսական օրենքը՝ իր բազում զոհաբերությունների ու պատարագների հետ միասին, տրվել էր իսրայելացիներին՝ նրանց համար հնարավորություն ստեղծելով Աստծուն մոտենալ, նրա բարեհաճությունն ու օրհնությունը փնտրել ու պահպանել, մինչև կգար խոստացյալ Սերունդը։ Ազգությամբ հրեա Պողոս առաքյալը այդ մասին հետևյալը գրեց. «Օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք» (Գաղատացիս 3։24)։ Ցավոք, իսրայել ազգը ամբողջությամբ չարձագանքեց այդ դաստիարակությանը, այլ չարաշահեց իր ունեցած մեծ առանձնաշնորհումը։ Ժամանակի ընթացքում նրանց զոհաբերություններն արդեն գարշելի էին Եհովային։ «Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում»,— ասել էր նա (Եսայիա 1։11)։
20. Ի՞նչ է տեղի ունեցել մ.թ. 70–ին Օրենքի և նրա զոհաբերությունների հետ։
20 Մ.թ. 70–ին հրեական համակարգը՝ իր տաճարի ու քահանայության հետ միասին կործանվեց։ Դրանից հետո Օրենքով պայմանավորված զոհաբերություններն այլևս անկարելի էին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ զոհաբերությունները՝ որպես Օրենքի անբաժան մի մաս, ամբողջովին կորցրել են իրենց նշանակությունը Աստծո ներկայիս երկրպագուների համար։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a «Դիտարան» ընկերության կողմից հրատարակված «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (անգլ.) հետևյալ բացատրությունն է տրվում. «Ըստ Աստվածաշնչի գործածության՝ «քավությունը» հիմնականում «ծածկելու» կամ «փոխանակելու» իմաստն է կրում, և որևէ բան փոխանակելու կամ այն ծածկելու համար տրվող իրը պետք է դրա պատճենը կամ ընդօրինակը լինի.... Ադամի կորցրածի համարժեքը տալու համար մեղքի զոհաբերություն էր հարկավոր՝ մարդկային կատարյալ կյանքի ճիշտ և ճիշտ համարժեքը»։
b «Պատարագ» թարգմանված եբրայերեն բառը՝ «կորբան»–ն է։ Անսկզբունքային դպիրներին ու փարիսեցիներին Հիսուսի դատապարտելու մասին արձանագրելիս Մարկոսը բացատրել է, որ «կորբանը» դա «Աստծուն տալու ընծան» է (Մարկոս 7։11)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչն է հնում Եհովային հավատարիմ մարդկանց մղել զոհաբերություններ անելու։
• Ինչի՞ համար էին անհրաժեշտ զոհաբերությունները։
• Հիմնականում ի՞նչ զոհաբերություններ էին մատուցվում Օրենքի տակ և ի՞նչ նպատակով։
• Ըստ Պողոսի խոսքերի՝ ո՞րն էր Օրենքի և նրա զոհաբերությունների նպատակը։
[նկար 14–րդ էջի վրա]
Աբելի զոհը հաճելի եղավ Եհովային, որովհետև այն ցույց էր տալիս նրա հավատը Եհովայի խոստման հանդեպ։
[նկար 15–րդ էջի վրա]
Հասկանո՞ւմ եք այս ամենի նշանակությունը։