ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ
Նա «գործերով արդար հայտարարվեց»
ԱՐԵՎԸ դեռ նոր էր տարածում իր առաջին շողերը, երբ Ռախաբը մոտեցավ պատուհանին և հայացքն ուղղեց Երիքովի հարթավայրի կողմը, որտեղ իսրայելացիները բանակ էին դրել։ Նախորդ օրերի պես՝ այդ օրն էլ իսրայելացիների զորքը սկսեց պտտվել քաղաքի շուրջը։ Նրանց ոտքերի տակից փոշու ամպ էր բարձրանում, իսկ փողերի բարձր ձայնը խախտում էր առավոտյան անդորրը։
Երիքովը Ռախաբի հայրենի քաղաքն էր։ Նա լավ գիտեր այդ քաղաքի ամեն մի անկյունը, փողոցները, տները, արհեստանոցները և բերք ու բարիքով լեցուն շուկաները։ Լավ ճանաչում էր նաև իր ժողովրդին՝ քանանացիներին։ Նա տեսնում էր, թե ինչպես են նրանք օրեցօր ավելի մեծ վախով լցվում, երբ քաղաքի փողոցներում և հրապարակներում արձագանքում է իսրայելացիների փողերի ձայնը։ Վերջիններս ամեն օր քաղաքի շուրջը տարօրինակ թվացող պտույտ կատարելուց հետո հնչեցնում էին իրենց փողերը։ Սակայն այդ ձայնը Ռախաբին չէր սարսափեցնում։
Ռախաբը նայում էր իսրայելացիների զորքին, որն այդ օրը՝ յոթերորդ օրը, առավոտ վաղ սկսեց իր պտույտը։ Ռազմիկների մեջ նա նշմարեց քահանաներին, որոնք փչում էին փողերը և տանում սուրբ տապանակը, որը խորհրդանշում էր իրենց Աստծու՝ Եհովայի ներկայությունը։ Ռախաբի տան պատուհանից՝ Երիքովի պարսպի դրսի կողմից, ալ կարմիր պարան էր կախված։ Այդ պարանը հույս էր ներշնչում Ռախաբին, որ նա և իր ընտանիքը կենդանի կմնան, երբ քաղաքը կործանվի։ Արդյոք Ռախաբը դավաճա՞ն էր։ Ոչ Եհովայի աչքում. նրա համար նա մեծ հավատի տեր մարդ էր։ Եկեք այս պատմությանը ծանոթանանք սկզբից և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Ռախաբից։
ՊՈՌՆԻԿ ՌԱԽԱԲԸ
Ռախաբը պոռնիկ էր։ Նախկինում Աստվածաշունչը մեկնաբանողներից ոմանց համար այս փաստը այնքան ցնցող էր, որ նրանք պնդում էին, թե Ռախաբը պարզապես իջևանատեր է եղել։ Սակայն Աստվածաշունչը պարզ ներկայացնում է իրողությունը՝ առանց փաստերը թաքցնելու (Հեսու 2։1; Եբրայեցիներ 11։31; Հակոբոս 2։25)։ Այն, ինչով զբաղվում էր Ռախաբը, քանանացիների համար հավանաբար ընդունելի էր, սակայն մշակույթը միշտ չէ, որ կարողանում է լռեցնել խղճի ձայնը՝ ճիշտն ու սխալը զանազանելու ներքին զգացումը, որ Եհովան բոլորիս է տվել (Հռոմեացիներ 2։14, 15)։ Ռախաբը հավանաբար ամաչում էր իր ապրելակերպից։ Այսօր նման կյանքով ապրողներից շատերի պես՝ հնարավոր է՝ նա էլ իրեն ճահճի մեջ էր զգում և մտածում էր, թե իր ընտանիքի կարիքները հոգալու համար այլընտրանք չունի։
Անկասկած, Ռախաբը երազում էր ավելի լավ կյանքով ապրելու մասին։ Նրա երկիրը լիքն էր բռնությամբ, այլասերվածությամբ, արյունապղծությամբ ու անասնապղծությամբ (Ղևտական 18։3, 6, 21–24)։ Այս ամենի պատճառը կրոնն էր։ Տաճարներում մարդիկ պոռնկությամբ էին զբաղվում և իրենց երեխաներին ողջակեզ էին մատուցում կեղծ աստվածներ Բահաղին ու Մողոքին։
Այս ամենը չէր վրիպում Եհովայի աչքից։ Քանանացիների չար գործերի պատճառով Աստված ասաց. «Այդ երկիրը անմաքուր է, և նրա հանցանքի համար ես պատժելու եմ նրան, ու երկիրը փսխելու է իր բնակիչներին» (Ղևտական 18։25)։ Ինչպե՞ս էր Աստված պատժելու նրանց։ Նա Իսրայել ազգին խոստացել էր. «Քո Աստված Եհովան այս ազգերին աստիճանաբար կքշի քո առջևից» (2 Օրենք 7։22)։ Դարեր առաջ Աստված, «որը չի կարող ստել», քանանացիների երկիրը խոստացել էր Աբրահամի սերնդին (Տիտոս 1։2; Ծննդոց 12։7)։
Եհովան վճռել էր ամբողջությամբ կործանել նաև որոշ ազգերի (2 Օրենք 7։1, 2)։ Լինելով արդար Դատավոր՝ նա կարդում էր նրանց սրտերը և լավ գիտեր, թե որքան ապականված են նրանք (Ծննդոց 18։25; 1 Տարեգրություն 28։9)։ Իսկ ի՞նչ էր զգում Ռախաբը՝ գիտակցելով, որ իր քաղաքը կործանման է դատապարտված։ Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ մտածեց նա, երբ Իսրայելի մասին լուրերը նրա ականջին հասան. այն, որ Իսրայելի Աստվածը իր ժողովրդին ազատել է ստրկությունից և խայտառակ պարտության մատնել աշխարհի ամենահզոր զորքին՝ Եգիպտոսի ռազմիկներին, և որ այժմ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Երիքովի վրա։ Իսկ այդ քաղաքի բնակիչները շարունակում էին իրենց չար գործերը։ Հասկանալի է, թե ինչու է Աստվածաշունչը նրանց մասին գրում, որ «չհնազանդվեցին» (Եբրայեցիներ 11։31)։
Ռախաբը տարբերվում էր իր հայրենակիցներից։ Տարիների ընթացքում նա հավանաբար խորհել էր Իսրայելի և նրանց Աստված Եհովայի մասին իր լսած լուրերի շուրջ։ Եհովան բոլորովին նման չէր քանանացիների աստվածներին։ Նա իր ժողովրդի համար պատերազմում էր, ոչ թե նրանցից մարդկային զոհեր պահանջում, նրանց բարոյական բարձր չափանիշներ էր սովորեցնում, ոչ թե բարոյազուրկ դարձնում։ Նա կանանց բարձր էր գնահատում, ոչ թե համարում էր սեռական հաճույքների առարկա, որոնց կարելի է գնել, վաճառել և այլասերել։ Ուստի, երբ Ռախաբն իմացավ, որ Իսրայելը, Հորդանան գետն անցնելով, եկել ու բանակ է դրել և պատրաստվում է գրավել Երիքովը, թերևս վախեցավ՝ հասկանալով, թե ինչ կարող է դա նշանակել իր ժողովրդի համար։ Արդյոք Եհովան նկատե՞ց Ռախաբի անկեղծ սիրտը և գնահատե՞ց նրան։
Այսօր էլ Ռախաբի նման շատ մարդիկ կան։ Նրանք էլ են քայլում կյանքի այնպիսի ճանապարհով, որը զրկում է նրանց արժանապատվության զգացումից և ուրախությունից։ Նրանք իրենց անարժեք ու անպիտան են զգում։ Ռախաբի օրինակը կարող է մխիթարական լինել և հիշեցնել, որ Աստված անտարբեր չէ։ Որքան էլ որ մեզ անարժեք զգանք, «նա մեզանից յուրաքանչյուրից հեռու չէ» (Գործեր 17։27)։ Նա մեր կողքին է՝ պատրաստ հուսադրելու բոլոր նրանց, ովքեր հավատում են իրեն։ Իսկ Ռախաբը հավատո՞ւմ էր Եհովային։
ՌԱԽԱԲԸ ՊԱՏՍՊԱՐԵՑ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻՆ
Մի օր երկու օտարական թակեցին Ռախաբի դուռը։ Այդ տղամարդիկ հույս ունեին, որ իրենց չեն նկատի, սակայն քաղաքում շատերը զգոն էին և ուշադիր, որպեսզի ոչ ոք չկարողանա լրտեսել Երիքովը։ Հնարավոր է՝ Ռախաբն իսկույն գլխի ընկավ, թե ովքեր են նրանք, ոչ թե այն պատճառով, որ օտարական էին, այլ որ միայն գիշերելու տեղ խնդրեցին։
Այդ մարդիկ իսրայելացի հետախույզներ էին, որոնք իրենց հրամանատարի՝ Հեսուի պատվերով եկել էին Երիքովը լրտեսելու։ Սա քանանացիների առաջին քաղաքն էր, որ Իսրայելը պետք է գրավեր, և նրանց քաղաքների մեջ, ամենայն հավանականությամբ, ամենահզորը։ Հեսուն ուզում էր իմանալ թշնամու ուժեղ և թույլ կողմերը։ Հետախույզներն, ինչ խոսք, մտածված էին ընտրել Ռախաբի տունը։ Պոռնիկի տուն գնալով՝ նրանք թերևս աննկատ մնային։ Հավանաբար նաև հույս ունեին, որ այդ տանը նրանք պատահաբար օգտակար տեղեկություններ կլսեն։
Աստվածաշունչն ասում է, որ Ռախաբը «հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին» (Հակոբոս 2։25)։ Նա ներս թողեց նրանց ու, չնայած կասկածներին, թե ովքեր են և ինչու են եկել, թույլ տվեց, որ մնան իր տանը։ Գուցե նա հույս ուներ ավելին իմանալու նրանց Աստծու՝ Եհովայի մասին։
Որոշ ժամանակ անց դռան թակոց լսվեց։ Թագավորը մարդիկ էր ուղարկել՝ գտնելու լրտեսներին։ Քաղաքում լուրեր էին տարածվել, թե նրանք Ռախաբի տուն են եկել։ Ի՞նչ կաներ Ռախաբը։ Եթե պաշտպաներ այդ երկու օտարականներին, արդյոք վտանգի չէ՞ր ենթարկի իրեն ու իր տան անդամներին։ Թշնամիներին օթևանելու համար մի՞թե Երիքովի ժողովուրդը չէր սպանի նրանց։ Սակայն հիմա Ռախաբը հաստատ գիտեր, թե ովքեր են այդ մարդիկ։ Եվ եթե նա վստահ էր, որ Եհովան իր աստվածներից անհամեմատ ավելի լավն է, մի՞թե առիթից չէր օգտվի նրա կողմը կանգնելու։
Ռախաբը երկար մտածելու ժամանակ չուներ։ Նա, գործի դնելով իր հնարամտությունը, հետախույզներին արդեն թաքցրել էր տանիքում՝ վուշի ցողունների մեջ։ Ուստի թագավորի մարդկանց ասաց. «Այո՛, այդ մարդիկ ինձ մոտ եկան, բայց չիմացա, թե որտեղից են։ Դարպասները փակելու ժամանակ, երբ արդեն մթնում էր, այդ մարդիկ դուրս եկան։ Չիմացա, թե ուր գնացին։ Իսկույն նրանց հետևից ընկեք, որ հասնեք» (Հեսու 2։4, 5)։ Պատկերացրու Ռախաբին՝ կանգնած թագավորի պատվիրակների առաջ։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, թե որքան ուժգին է բաբախում նրա սիրտը։
Թագավորի մարդիկ շտապեցին Հորդանանի ծանծաղուտների ուղղությամբ (Հեսու 2։7)։ Ռախաբը հանգիստ շունչ քաշեց։ Խորամանկությամբ և պարզ հնարամտությամբ նա սխալ ճանապարհով ուղարկեց թագավորի մարդկանց, որոնց պետք չէր ճշմարտությունն ասել, և այդպիսով փրկեց Աստծու ծառաներին։
Ռախաբը շտապ տանիք բարձրացավ և հայտնեց հետախույզներին իր արածի մասին։ Նաև ասաց նրանց, որ իր ժողովուրդը վախի ու սարսափի մեջ է իսրայելացիների պատճառով։ Այս տեղեկությունը հավանաբար ոգևորեց նրանց։ Չար քանանացիները վախի մեջ էին ընկել՝ լսելով Իսրայելի Աստված Եհովայի զորության մասին։ Այնուհետև Ռախաբը մի շատ ավելի կարևոր բան ասաց նրանց. «Ձեր Աստվածը՝ Եհովան է Աստված վերը՝ երկնքում, և վարը՝ երկրի վրա» (Հեսու 2։11)։ Այն, ինչ նա լսել էր Եհովայի մասին, բավական էր հասկանալու, որ Իսրայելի Աստվածը արժանի է վստահության։ Նա հավատում էր Եհովային։
Ռախաբը համոզված էր, որ Եհովան հաղթանակ է շնորհելու Իսրայել ժողովրդին, ուստի աղաչեց հետախույզներին, որ իրեն ու իր ընտանիքի անդամներին չկործանեն։ Նրանք համաձայնվեցին, սակայն պատվիրեցին, որ այս ամենը գաղտնի պահի և իր տան պատուհանից, որը պարսպի մեջ էր, կարմիր պարան կախի, որպեսզի զինվորները իրեն ու տնեցիներին ողջ թողնեն (Հեսու 2։12–14, 18)։
Ռախաբի հավատից մի կարևոր բան ենք սովորում։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «հավատը գալիս է լսածից» (Հռոմեացիներ 10։17)։ Երբ Ռախաբը լսեց, թե ինչ հզոր և արդար Աստված է Եհովան, հավատ դրսևորեց նրա հանդեպ։ Այսօր մենք կարող ենք ավելի շատ բան իմանալ Եհովայի մասին։ Արդյոք կփորձե՞նք Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ ճանաչել ու հավատ ընծայել նրան։
ՔԱՂԱՔԻ ՀԶՈՐ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՓԼՎՈՒՄ ԵՆ
Հետևելով Ռախաբի խորհրդին՝ երկու հետախույզները պարանով իջան պատուհանից ու փախան դեպի հյուսիս՝ լեռների կողմը։ Այնտեղ՝ զառիթափ լանջերում, բազմաթիվ քարանձավներ կային, որտեղ հետախույզները կարող էին թաքնվել, իսկ հետո ապահով վերադառնալ ճամբար և հայտնել իսրայելացիներին Ռախաբից ստացած տեղեկությունը։
Հետագայում, անկասկած, Երիքովի բնակիչները ավելի մեծ վախով լցվեցին, երբ իմացան, որ Եհովան հրաշքով կանգնեցրել էր Հորդանան գետի ջրերը, որպեսզի իսրայելացիները ապահով անցնեին գետի մյուս կողմը (Հեսու 3։14–17)։ Իսկ Ռախաբը ավելի մեծ վստահությամբ ու հավատով լցվեց Եհովայի հանդեպ։
Իսրայելացիները, բանակ դնելով Երիքովի մոտ, սկսեցին օրը մեկ անգամ պտույտ տալ քաղաքի շուրջը, և այդպես վեց օր։ Իսկ յոթերորդ օրը նրանք վաղ առավոտյան սկսեցին պտտվել քաղաքի շուրջը, սակայն մեկ անգամ պտտվելուց հետո կանգ չառան (Հեսու 6։15)։ Ի՞նչ էին պատրաստվում անելու նրանք։
Քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվելուց հետո բանակը ի վերջո կանգ առավ։ Փողերի ձայնը դադարեց։ Քար լռություն տիրեց։ Հավանաբար քաղաքում լարված իրավիճակ էր։ Հեսուից ազդանշան ստանալով՝ իսրայելացիները բարձր ձայնով աղաղակեցին։ Երիքովի պարիսպների վրա կանգնած պահակները թերևս մտածեին, թե դա հարձակում գործելու տարօրինակ ձև է, բայց կարճ ժամանակ հետո պարզ էր դառնալու, թե դա ինչ է։ Հանկարծ պարիսպը սկսեց ցնցվել նրանց ոտքերի տակ և դղրդյունով փուլ եկավ՝ հավասարվելով գետնին։ Երբ փոշին իջավ ավերակների վրա, երևաց պարսպի մի հատված, որը կանգուն էր մնացել. Ռախաբի տունն էր։ Նրա հավատի շնորհիվ փրկվեց իր ողջ ընտանիքը։ Պատկերացրու՝ ինչ էր նա զգում՝ տեսնելով, թե ինչպես Եհովան կործանումից փրկեց նրան ու նրա տան անդամներինa (Հեսու 6։10, 16, 20, 21)։
Իսրայելացիները հասկացան, թե ինչ մեծ հավատ ուներ Ռախաբը։ Երբ նրանք տեսան Ռախաբի տունը, որը պարսպի միակ հատվածն էր, որ կանգուն էր մնացել, հասկացան, որ Եհովան է փրկել այս կնոջը։ Նա և իր տունը վերապրեցին քաղաքի հիմնահատակ կործանումից։ Պատերազմից հետո Ռախաբին թույլ տվեցին բնակվել իսրայելացիների ճամբարի մոտ, իսկ որոշ ժամանակ անց նա միացավ Իսրայել ժողովրդին։ Նա ամուսնացավ Սալմոն անունով մի մարդու հետ և նրանք ունեցան Բոոսին, որը մեծ հավատի տեր մարդ դարձավ։ Բոոսը ամուսնացավ մովաբացի Հռութի հետb (Հռութ 4։13, 22)։ Դավիթ թագավորը, իսկ հետագայում Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը, սերեցին այս ընտանիքից (Հեսու 6։22–25; Մատթեոս 1։5, 6, 16)։
Ռախաբի մասին պատմությունը ցույց է տալիս, որ Եհովան թանկ է գնահատում մեզանից յուրաքանչյուրին։ Նա քննում է բոլորիս սրտերը և անչափ ուրախանում է, երբ այնտեղ հավատ է տեսնում, ինչպես որ տեսավ Ռախաբի սրտում։ Այս խիզախ կինը իր հավատը գործերով փաստեց։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «Ռախաբը գործերով արդար հայտարարվեց» (Հակոբոս 2։25)։ Որքա՜ն իմաստուն կլինի ընդօրինակել նրա հավատը։
a Ուշագրավ է, որ Եհովան հաշվի առավ Ռախաբին տված երկու հետախույզների խոստումը։
b Հռութի և Բոոսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Դիտարանի»՝ 2012թ. հուլիսի 1-ի և հոկտեմբերի 1-ի թողարկումներում «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հոդվածները։