ԴԱՍ 40
Ինչպե՞ս կարող ենք մաքուր լինել Եհովայի աչքին
Պատկերացրու՝ հոգատար մայրը իր փոքր տղային նախապատրաստում է դպրոց գնալուն։ Նա հետևում է, որ երեխան լողացած լինի, իսկ նրա հագուստը՝ կոկիկ ու մաքուր։ Այդ ամենը նպաստում է երեխայի առողջությանը, նաև ցույց է տալիս, որ ծնողները հոգ են տանում նրա մասին։ Նմանապես մեր Հայրը՝ Եհովան, ուզում է, որ մենք մաքուր լինենք թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական առումով։ Մաքրությունը մեր իսկ օգտի համար է, բացի այդ՝ մաքուր լինելով՝ պատիվ ենք բերում մեր Աստծուն։
1. Ինչպե՞ս կարող ենք մաքուր լինել ֆիզիկապես
Եհովան ասել է. «Սուրբ եղեք» (1 Պետրոս 1։16)։ Դա նշանակում է, որ մենք պետք է մաքուր լինենք և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես։ Ֆիզիկապես մաքուր լինելու համար մենք պետք է կանոնավորաբար լողանանք և մաքուր ու կոկիկ վիճակում պահենք մեր հագուստը, տունն ու մեքենան։ Լավ կլինի նաև, որ մասնակցենք Թագավորության սրահի մաքրության գործերին։ Հետևելով ֆիզիկական մաքրությանը՝ մենք պատիվ ենք բերում Եհովային (2 Կորնթացիներ 6։3, 4)։
2. Մաքուր լինելու համար ո՞ր սովորություններից պետք է հեռու մնանք
Աստվածաշունչը հորդորում է, որ «մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ Հետևաբար մենք խուսափում ենք ցանկացած բանից, ինչը կարող է վնասել մեր մարմինն ու միտքը։ Մեր մտքերը պետք է հաճելի լինեն Եհովային, այդ պատճառով մենք ամեն ինչ անում ենք, որ հեռու վանենք անպատշաճ մտքերը (Սաղմոս 104։34)։ Մենք նաև ձգտում ենք մեր խոսքը մաքուր պահել (կարդա Կողոսացիներ 3։8)։
Էլ ինչե՞րը կարող են մեզ ֆիզիկական կամ բարոյական առումով անմաքուր դարձնել։ Որոշ նյութեր կարող են աղտոտել մեր մարմինը։ Դրա համար մենք ծխախոտ և մարիխուանա չենք ծխում, կոկաինի տերևներ, ինչպես նաև ոչ բժշկական նպատակներով թմրանյութեր չենք օգտագործում ու հեռու ենք մնում նմանատիպ բաներից։ Այսպես վարվելով՝ մենք առողջ ենք մնում և ցույց ենք տալիս, որ գնահատում ենք կյանքի պարգևը։ Մենք նաև ձգտում ենք բարոյապես մաքուր լինել՝ պայքարելով ձեռնաշարժության և պոռնկագրություն դիտելու անմաքուր սովորությունների դեմ (Սաղմոս 119։37; Եփեսացիներ 5։5)։ Հնարավոր է՝ դժվար լինի ձերբազատվել այս սովորություններից, բայց Եհովան պատրաստ է օգնել մեզ (կարդա Եսայիա 41։13)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ֆիզիկական մաքրությունն ինչպես է փառք բերում Եհովային, և իմացիր, թե ինչպես կարելի է հաղթահարել անմաքուր սովորությունները։
3. Ֆիզիկական մաքրությունը փառք է բերում Եհովային
Մենք կարող ենք հասկանալ մաքրության վերաբերյալ Եհովայի տեսակետը՝ ուսումնասիրելով Իսրայել ազգին տված նրա պատվերները։ Կարդացեք Ելք 19։10 և 30։17–19, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս են այս համարները բացահայտում ֆիզիկական մաքրության վերաբերյալ Եհովայի տեսակետը։
Ո՞ր սովորությունները կօգնեն քեզ ֆիզիկապես մաքուր մնալ։
Ֆիզիկապես մաքուր լինելը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Սակայն մենք կարող ենք պահպանել մեր մաքրությունը՝ անկախ մեր բնակավայրից և ֆինանսական վիճակից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Մեր իրերը կոկիկ և մաքուր պահելը ինչպե՞ս է պատիվ բերում Եհովային քարոզչական ծառայության ժամանակ։
4. Հաղթահարիր վատ սովորություններդ
Եթե ծխում ես կամ ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցներ ես օգտագործում, թերևս գիտես, թե որքան դժվար է այդ սովորություններից ազատվելը։ Ի՞նչը կարող է օգնել քեզ։ Մտածիր, թե այդ վատ սովորությունը ինչպես է ազդում քեզ վրա։ Կարդացեք Մատթեոս 22։37–39 և քննարկեք, թե ծխախոտ և թմրանյութեր օգտագործելն ինչպես կարող է ազդել՝
Եհովայի հետ ունեցած քո մտերմության վրա
ընտանիքիդ անդամների և շրջապատիդ մարդկանց վրա
Ծրագիր կազմիր, թե ինչպես պայքարել վատ սովորության դեմ։a Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Փիլիպպեցիներ 4։13 և քննարկեք հետևյալ հարցը։
Ինչպե՞ս կարող են կանոնավոր աղոթելը, Աստվածաշունչ ուսումնասիրելը և ժողովներին հաճախելը օգնել անհատին, որ հաղթահարի վատ սովորությունները։
5. Պայքարիր անմաքուր մտքերի և արարքների դեմ
Կարդացեք Կողոսացիներ 3։5 և քննարկեք այս հարցերը։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ պոռնկագրություն դիտելը, սեքստինգով և ձեռնաշարժությամբ զբաղվելը Աստծու համար անմաքուր արարքներ են։
Քո կարծիքով՝ արդարացի՞ է, որ Եհովան պահանջում է մեզնից բարոյապես մաքուր լինել։ Ինչո՞ւ։
Տես, թե ինչպես կարող ես պայքարել անմաքուր մտքերի դեմ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Հիսուսը օրինակով ցույց տվեց, որ բարոյապես մաքուր մնալու համար պետք է վճռական քայլեր ձեռնարկենք։ Կարդացեք Մատթեոս 5։29, 30 և քննարկեք հետևյալ հարցը։
Թեև Հիսուսը նկատի չուներ, թե պետք է վնասենք ինքներս մեզ, սակայն նա ընդգծեց այն փաստը, որ պետք է քայլեր ձեռնարկենք։ Անհատը ի՞նչ վճռական քայլ պետք է ձեռնարկի, որ հեռու մնա անմաքուր մտքերից։b
Եթե պայքարում ես անմաքուր մտքերի դեմ, իմացիր, որ Եհովան գնահատում է քո ջանքերը։ Կարդացեք Սաղմոս 103։13, 14 և քննարկեք հետևյալ հարցը։
Անմաքուր սովորության դեմ պայքարելիս այս աստվածաշնչյան համարը ինչպե՞ս կարող է քեզ օգնել, որ շարունակես պայքարդ։
Մի՛ հանձնվիր
Երբեմն գուցե մտածես. «Պայքարելն անիմաստ է. միևնույն է, սովորություններս նորից գլուխ են բարձրացնում»։ Երբ վազորդը սայթաքում է ու ընկնում, դա դեռ չի նշանակում, որ նա պարտվել է մրցավազքում կամ պետք է նորից վազի մրցուղու սկզբից։ Նույն կերպ էլ, երբ սովորություններդ գլուխ են բարձրացնում, դա դեռ չի նշանակում, որ քո պայքարում պարտվել ես կամ պետք է զրոյից սկսես։ Երբեմն սայթաքելը նորմալ է։ Դա պայքարի մի մասն է։ Մի՛ հանձնվիր։ Եհովայի օգնությամբ կկարողանաս հաղթահարել քո վատ սովորությունը։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես կախվածություն ունեմ։ Չեմ կարողանում կանգ առնել»։
Աստվածաշնչյան ո՞ր համարի միջոցով կարող ես վատ սովորություն ունեցող անհատին ցույց տալ, որ Եհովայի օգնությամբ կարող է հաղթահարել կախվածությունը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Երբ մեր մարմինը, միտքը և վարքը մաքուր են, դա հաճելի է Եհովային։
Վերհիշենք
Ինչո՞ւ է մաքուր լինելն այդքան կարևոր։
Ինչպե՞ս կարող ես ֆիզիկապես մաքուր լինել։
Ի՞նչ կարող ես անել, որ մաքուր վարք ու մաքուր մտքեր ունենաս։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ո՞ր պարզ քայլերը կօգնեն, որ նույնիսկ սահմանափակ միջոցների դեպքում կարողանաս ֆիզիկապես մաքուր լինել։
Տես, թե որ գործնական քայլերը կօգնեն թողնել ծխելը։
«Ինչպես թողնել ծխելը» («Արթնացե՛ք», 2010 թ. հուլիս-սեպտեմբեր)
Քննիր, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել պոռնկագրություն դիտելը։
«Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք» («Դիտարան», 2013 թ. օգոստոսի 1)
Տես, թե մի մարդ ինչպես հաղթահարեց պոռնկագրություն դիտելու կախվածությունը։
«Չնայած բազում սայթաքումներին՝ կարողացա հաղթահարել թուլությունս» («Դիտարան» № 4, 2016)
a «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Ինչպես թողնել ծխելը» հոդվածում գործնական խորհուրդներ կան, թե ինչպես կարելի է ազատվել կախվածությունից։
b Ձեռնաշարժությունից ձերբազատվելու մասին խորհուրդներ կարող ես գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի առաջին հատորի 25-րդ գլխում, որի վերնագիրն է «Ինչպե՞ս հաղթահարեմ ձեռնաշարժության սովորությունը»։