‘Մնացեք իմ խոսքի մեջ’
«Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 8։31)։
1. ա) Վերադառնալով երկինք՝ ի՞նչ թողեց Հիսուսը իր ետևից։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ՝ քրիստոնեության հիմնադիրը, գտնվելով երկրի վրա, չգրեց գրքեր, չկառուցեց հուշարձաններ, չկուտակեց հարստություն։ Վերադառնալով երկինք՝ նա իր ետևից թողեց աշակերտներ։ Հիսուսը թողեց նաև մի քանի կարևոր պահանջներ, որոնց պետք է բավարարեին այն մարդիկ, ովքեր կցանկանային լինել իր հետևորդները։ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է այդպիսի պահանջներից երեքը։ Որո՞նք են դրանք։ Ի՞նչ կարող ենք անել այդ պահանջներին բավարարելու համար։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ անձամբ մենք համապատասխանում ենք Հիսուսի աշակերտը լինելու պահանջներին։a
2. Ըստ Հովհաննեսի Ավետարանի՝ ո՞րն է աշակերտ լինելու կարևոր պահանջներից մեկը։
2 Իր մահվանից մոտ վեց ամիս առաջ Հիսուսը գնաց Երուսաղեմ և քարոզեց այնտեղ հավաքված բազմություններին. մարդիկ պատրաստություններ էին տեսնում նշելու Տաղավարահարաց տոնը, որը մեկ շաբաթ էր տևելու։ Քարոզչության արդյունքն այն եղավ, որ արդեն տոնի կեսին «ժողովրդից շատերը հաւատացին նորան»։ Հիսուսը շարունակեց իր քարոզչությունը, և տոնի վերջին օրը կրկին «շատերը հաւատացին նորան» (Յովհաննէս 7։10, 14, 31, 37; 8։30)։ Այդ ժամանակ Հիսուսն իր ուշադրությունը ուղղեց այն մարդկանց վրա, որ հավատացել էին իրեն, և ասաց, թե իր աշակերտները դառնալու համար ո՛ր կարևոր պահանջին պետք է բավարարեին։ Այդ մասին գրել է Հովհաննես առաքյալը. «Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 8։31)։
3. Ի՞նչ հատկություն պետք է ունենա անհատը ‘Հիսուսի խոսքի մեջ կենալու’ համար։
3 Այս խոսքերով Հիսուսը չէր ուզում ասել, թե այդ մարդիկ թերանում էին հավատ ցուցաբերելու մեջ։ Նա ուզում էր ասել, որ նրանք հնարավորություն ունեն դառնալու իր ճշմարիտ աշակերտները, եթե մնային իր խոսքի մեջ ու տոկունություն ցուցաբերեին։ Նրանք ընդունել էին իր խոսքը, բայց հիմա անհրաժեշտ էր, որ շարունակեին մնալ դրանում (Յովհաննէս 4։34; Եբրայեցիս 3։14)։ Այո՛, Հիսուսն այնքան կարևոր հատկություն էր համարում տոկունությունը, որ, ինչպես Հովհաննեսի Ավետարանում է գրված, իր առաքյալների հետ ունեցած նույնիսկ վերջին զրույցի ընթացքում երկու անգամ նրանցից մեկին հորդորեց. «Իմ ետեւիցը եկ» (Յովհաննէս 21։19, 22)։ Վաղ քրիստոնյաներից շատերը հենց այդպես վարվեցին (Բ Յովհաննէս 4)։ Ի՞նչը օգնեց նրանց տոկունություն հանդես բերել։
4. Ի՞նչը հնարավորություն տվեց վաղ քրիստոնյաներին տոկունություն հանդես բերելու։
4 Հովհաննես առաքյալը, որ մոտ 70 տարի էր արդեն, ինչ Հիսուսի հավատարիմ աշակերտներից էր, մի կարևոր հանգամանք նշեց։ Գովելով հավատարիմ քրիստոնյաներին՝ նա ասաց. «Դուք զօրաւոր էք. եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին»։ Հիսուսի այս աշակերտները տոկունություն էին ցուցաբերել՝ մնացել էին Աստծո խոսքի մեջ, քանի որ Աստծո խոսքը «բնակվում» էր նրանցում։ Նրանք ամբողջ սրտով գնահատում էին Աստծո խոսքը (Ա Յովհաննէս 2։14, 24)։ Նմանապես այսօր, ‘մինչև վերջ համբերելու’, կամ այլ խոսքով՝ տոկալու համար մենք պետք է վստահ լինենք, որ Աստծո խոսքը բնակվում է մեզանում (Մատթէոս 24։13)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հիսուսի կողմից բերված մի օրինակ պատասխանում է այս հարցին։
«Խօսքը լսում է»
5. ա) Իր բերած օրինակներից մեկում Հիսուսը ի՞նչ որակի հողերի մասին է խոսում։ բ) Ի՞նչ են նշանակում սերմը և հողը։
5 Հիսուսը բերեց սերմնացանի օրինակը։ Այս մասին գրված է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում (Մատթէոս 13։1–9, 18–23; Մարկոս 4։1–9, 14–20; Ղուկաս 8։4–8, 11–15)։ Այս օրինակում նկարագրվում է, թե ինչպես է միևնույն տեսակի սերմն ընկնում հողամասի տարբեր հատվածներ՝ տարբեր բնահողերի մեջ, և արդյունքներն էլ տարբեր են լինում։ Առաջին դեպքում հողը կոշտ է, երկրորդում՝ հողի օգտակար շերտը բարակ է, իսկ երրորդում հողը ծածկված է փշերով։ Չորրորդ դեպքում հողը, ի տարբերություն մյուս երեքի, «բարի» և «պարարտ» է։ Ինչպես Հիսուսը բացատրեց, սերմը Թագավորության լուրն է, որ գրված է Աստծո Խոսքում, իսկ հողը՝ սրտի տարբեր վիճակ ունեցող մարդիկ։ Չնայած այն բանին, որ տարբեր որակի հողերով ներկայացված մարդկանց միջև կան որոշ ընդհանրություններ՝ այն մարդիկ, ովքեր ներկայացված են բարի հողով, ունեն մի առանձնահատկություն, որով տարբերվում են մյուսներից։
6. ա) Հիսուսի բերած օրինակում ինչո՞վ է չորրորդ որակի հողը տարբերվում մյուս երեքից, և ի՞նչ է դա նշանակում։ բ) Որպեսզի կարողանանք տոկունություն ցուցաբերել, ի՞նչն է կարևոր մեզ համար՝ որպես Քրիստոսի աշակերտների։
6 Ղուկաս 8։12–15-ում ասվում է, որ բոլոր չորս դեպքերում էլ մարդիկ «խօսքը լսում» են։ Բայց նրանք, ովքեր «բարի եւ յոժար» սիրտ ունեն, ավելին են անում, քան պարզապես ‘խոսքը լսելը’։ Նրանք խոսքը «ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս»։ «Բարի եւ պարարտ» հողը փխրուն է և բավական հաստ շերտ ունի. այս հանգամանքը պայմաններ է ստեղծում, որ սերմը ինչպես հարկն է արմատ գցի։ Արդյունքում՝ այն ծլարձակում է և պտուղ է տալիս (Ղուկաս 8։8)։ Նույն ձևով, լավ սիրտ ունեցող անհատը հասկանում, գնահատում և յուրացնում է Աստծո խոսքը (Հռովմայեցիս 10։10; Բ Տիմոթէոս 2։7)։ Աստծո խոսքը նրանց մեջ է մնում։ Հետևաբար, նրանք «համբերութիւնով պտուղ են տալիս»։ Այսպիսով տեսնում ենք, որ Աստծո Խոսքն ամբողջ սրտով գնահատելը խիստ կարևոր է, որպեսզի կարողանանք որպես Քրիստոսի աշակերտներ համբերություն և տոկունություն ցուցաբերել (Ա Տիմոթէոս 4։15)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք մեր սրտում այդպիսի գնահատանք զարգացնել Աստծո Խոսքի հանդեպ։
Սրտի վիճակը և իմաստալից խորհրդածումները
7. Ինչի՞ հետ է զուգակցվում լավ սիրտը։
7 Եկեք տեսնենք, թե Աստվածաշունչը ինչի հետ է բազմիցս զուգակցում «բարի եւ յոժար» սիրտը։ «Արդարի սիրտը մտածում է, թէ ինչ պատասխանէ» (Առակաց 15։28)։ «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր» (Սաղմոս 19։14)։ «Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն» (Սաղմոս 49։3)։
8. ա) Աստվածաշունչ կարդալիս ինչի՞ց պետք է խուսափենք և ի՞նչ պիտի անենք։ բ) Ի՞նչ օգուտներ ենք քաղում Աստծո Խոսքի շուրջ աղոթքով խորհրդածելուց (տե՛ս նաև «‘Հաստատված են ճշմարտությունում’» շրջանակը)։
8 Ինչպես այս մարդիկ, որ գրել են հիշյալ խոսքերը, մենք նույնպես կարիք ունենք խորհրդածելու Աստծո Խոսքի ու նրա գործերի շուրջ և դա պետք է անենք երախտագիտության զգացումով և աղոթքով։ Աստվածաշունչ կամ սուրբգրային գրականություն կարդալիս մենք չպետք է վարվենք շտապող զբոսաշրջիկների պես, որոնք մի տեսարժան վայրից վազում են դեպի մյուսը՝ լուսանկարելով ամեն ինչ, բայց գրեթե ոչ մի տեսարան չվայելելով։ Այդպես վարվելու փոխարեն՝ մենք Աստվածաշունչ ուսումնասիրելիս ցանկանում ենք կանգ առնել ու վայելել տվյալ, այսպես ասած, տեսարանը։b Եթե առանց շտապելու խորհրդածենք մեր կարդացածի շուրջ, Աստծո խոսքը կներգործի մեր սրտերին։ Այն մեր մեջ զգացումներ կարթնացնի, կձևավորի մեր մտածողությունը։ Աստծո խոսքը նաև կմղի մեզ, որ Աստծուն ուղղված մեր աղոթքներում ընդգրկենք նաև մեր ամենանվիրական մտքերը։ Արդյունքում՝ Եհովայի հետ մեր կապն ավելի կամրանա, սերը նրա հանդեպ կմղի մեզ շարունակել հետևել Հիսուսին նույնիսկ ծանր հանգամանքների ներքո (Մատթէոս 10։22)։ Հստակ է, որ Աստծո խոսքերի շուրջ խորհրդածելը շատ կարևոր է, եթե ցանկանում ենք մինչև վերջ պահպանել մեր հավատարմությունը (Ղուկաս 21։19)։
9. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր սիրտը միշտ ընկալունակ կլինի Թագավորության սերմի հանդեպ։
9 Հիսուսի բերած օրինակից նաև երևում է, որ սերմի՝ Աստծո խոսքի, աճին խոչընդոտող հանգամանքներ կան։ Ուստի, որպեսզի շարունակենք մնալ որպես հավատարիմ աշակերտներ, 1) պետք է պարզենք, թե որոնք են այդ խոչընդոտները, որ օրինակում ներկայացվում են վատորակ հողի միջոցով, և 2) պետք է քայլեր ձեռնարկենք դրանք հաղթահարելու կամ էլ դրանցից խուսափելու համար։ Այսպես մենք կկարողանանք հավաստիանալ, որ մեր սիրտը ընկալունակ կլինի Թագավորության սերմի հանդեպ ու միշտ պտուղներ կտա։
«Ճանապարհի մօտ». չափից դուրս զբաղված լինելը
10. Նկարագրեք, թե ինչ որակի է հողը առաջին դեպքում և բացատրեք դրա իմաստը։
10 Առաջին դեպքում սերմն ընկավ «ճանապարհի մօտ»։ Այստեղ սերմը «կոխուեցաւ» (Ղուկաս 8։5)։ Հացահատիկի արտով անցնող ճանապարհի մոտ հողը բավական պնդացած է լինում անցուդարձի պատճառով (Մարկոս 2։23)։ Նման ձևով, ովքեր թույլ են տալիս, որ իրենց ժամանակն ու էներգիան վատնվի աշխարհի դատարկ գործերի վրա, հայտնաբերում են, որ զբաղվածության պատճառով պարզապես ի վիճակի չեն իրենց սրտում երախտագիտություն զարգացնել Աստծո խոսքի հանդեպ։ Նրանք լսում են այդ խոսքը, բայց չեն խորհրդածում լսածի շուրջ, հետևաբար նրանց սիրտը անարձագանք է մնում։ Նախքան նրանք սեր կզարգացնեն Աստծո խոսքի հանդեպ, «սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան եւ փրկուին» (Ղուկաս 8։12)։ Հնարավո՞ր է այնպես անել, որ դա տեղի չունենա։
11. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր սիրտը նման չլինի կոշտ հողի։
11 Մենք շատ հնարավորություններ ունենք պաշտպանելու մեր սիրտը, որ այն ճանապարհի մոտ գտնվող անբերրի հողի պես չդառնա։ Անցորդների ոտքի տակ պնդացած հողը կարող է փափկել և արգավանդ դառնալ, եթե փխրեցվի, իսկ նրա վրայով անցուդարձը դադարեցվի։ Նմանապես, Աստծո Խոսքն ուսումնասիրելուն ժամանակ հատկացնելն ու նրա շուրջ խորհրդածելը կարող է մարդու սիրտը դարձնել լավորակ, պտղաբեր «հող»։ Գլխավորն այն է, որ չափից դուրս զբաղված չլինենք առօրյա հոգսերով (Ղուկաս 12։13–15)։ Դրա փոխարեն՝ պետք է մեր գործերն այնպես դասավորենք, որ ժամանակ ունենանք խորհրդածելու կյանքի առավել կարևոր բաների շուրջ (Փիլիպպեցիս 1։9–11)։
«Ապառաժի վերայ». վախկոտություն
12. Ո՞րն է իսկական պատճառը, որ երկրորդ դեպքում արմատ գցած ծիլը չորանում է։
12 Ի տարբերություն առաջինի՝ երկրորդ դեպքում սերմն ընկնում է հողի մեջ՝ չի մնում նրա վրա։ Սերմն արմատ է գցում և ծլում է։ Բայց երբ արևը բարձրանում է, ծիլը չորանում է նրա տաքությունից։ Սակայն ուշադրություն դարձնենք մի կարևոր մանրամասնության վրա։ Ծիլի չորանալու իրական պատճառը արևի ճառագայթները չէին։ Չէ՞որ լավորակ հողում աճող բույսն էլ է ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը, բայց չի չորանում, այլ ընդհակառակը՝ մեծանում է։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը։ Ինչպես Հիսուսն է բացատրում, ծիլը չորանում է «խոր հող չ’ունենալու» և «հիւթի պակասութեան [«խոնաւութիւն չլինելու», ԷԹ] պատճառովը» (Մատթէոս 13։5, 6; Ղուկաս 8։6)։ «Ապառաժը», որ գտնվում է հողի անմիջապես վերին շերտի տակ, խանգարում է սերմին, որ անհրաժեշտ խորությամբ արմատ գցի, հետևաբար՝ խոնավություն ստանա և ամուր լինի։ Ծիլը չորանում է, քանի որ հողը մակերեսային է։
13. Ովքե՞ր են նման մակերեսային հողի, և ո՞րն է նրանց վարվելակերպի իրական պատճառը։
13 Հիսուսի բերած օրինակի այս հատվածը վերաբերում է այն անհատներին, ովքեր «խօսքը ուրախութիւնով ընդունում են» և «մի առ ժամանակ» խանդավառությամբ հետևում են նրան (Ղուկաս 8։13)։ Սակայն երբ նրանք ‘նեղության կամ հալածանքի’ կիզիչ ճառագայթների տակ են ընկնում, այն աստիճան են վախով համակվում, որ կորցնում են ուրախությունը, ուժաթափ են լինում և այլևս չեն հետևում Քրիստոսին (Մատթէոս 13։21)։ Բայց պատճառն իրականում հալածանքը չէ։ Չէ՞ որ Քրիստոսի միլիոնավոր աշակերտներ են դիմագրավում տարբեր դժվարություններ, բայց նրանք այնուամենայնիվ շարունակում են հավատարիմ մնալ (Բ Կորնթացիս 2։4; 7։5)։ Իրական պատճառը, թե ինչու են ոմանք սկսում վախենալ և հեռանալ ճշմարտությունից, այն է, որ նրանց սրտում կա ապառաժի նման մի բան, որը խանգարում է նրանց բավական խորությամբ մտածել քաջալերական ու հոգևոր թեմաների շուրջ։ Հետևաբար այն երախտագիտությունը, որ նրանք զարգացնում են Եհովայի և նրա խոսքի հանդեպ, խիստ մակերեսային է և թույլ՝ հալածանքի ժամանակ անսասան մնալու համար։ Ինչպե՞ս կարող է անհատը խուսափել նման վիճակից։
14. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի անհատը, որպեսզի իր սիրտը նման չլինի մակերեսային հողի։
14 Անհատը պետք է հավաստիանա, որ իր սրտում չկան ապառաժի նմանվող խոչընդոտներ, ինչպիսիք են խորը «նստած» դառնությունը, եսասիրությունը, որն առաջին հայացքից գուցե դժվար լինի նկատել, ծանր, բայց թաքնված զգացումները։ Եթե նման խոչընդոտներ արդեն գոյություն ունեն, ապա Աստծո խոսքը ի զորու է վերացնել դրանք (Երեմիա 23։29; Եփեսացիս 4։22; Եբրայեցիս 4։12)։ Եթե անհատը աղոթքով խորհրդածի Աստծո Խոսքի շուրջ, նա դրանով կնպաստի, որ «սերմուած խօսքը» իր սրտում ավելի խոր արմատներ գցի (Յակոբոս 1։21)։ Այսպես նա ձեռք կբերի զորություն՝ անհրաժեշտության դեպքում պայքարելու վհատության դեմ, ինչպես նաև կստանա քաջություն՝ փորձությունների ժամանակ պահպանելու իր հավատարմությունը։
«Փշերի մէջ». երկատված սիրտ
15. ա) Հիսուսի նշած երրորդ որակի հողն ինչո՞ւ է արժանի հատուկ ուշադրության։ բ) Ի՞նչ է ի վերջո կատարվում երրորդ որակի հողում և ինչո՞ւ։
15 Մեր ուշադրությունն առանձնապես գրավում է երրորդ որակի՝ փշածածկ հողը, քանի որ նա ինչ–որ առումներով նման է բերրի հողին։ Ինչպես բերրի հողում, փշածածկ հողում նույնպես սերմը արմատ է գցում և ծիլ է տալիս։ Սկզբում ոչ մի տարբերություն չի նկատվում այս երկու հողերում ցանված բույսի աճի մեջ։ Սակայն ժամանակի ընթացքում բույսը հայտնվում է այնպիսի պայմաններում, որտեղ նա վերջիվերջո «խեղդվում» է։ Ի տարբերություն բերրի հողի՝ այս հողը սկսում է ծածկվել փշերով։ Մատաղածիլ բույսի հետ մրցակցության մեջ են մտնում ‘նրա հետ բուսած փշերը’։ Մի որոշ ժամանակ նրանց միջև պայքար է ընթանում սննդի, լույսի և տեղի համար, բայց ի վերջո փշերը հաղթում են բույսին և ‘խեղդում’ նրան (Ղուկաս 8։7)։
16. ա) Ովքե՞ր են նման փշածածկ հողին։ բ) Ըստ երեք Ավետարանների՝ ի՞նչ են նշանակում փշերը (տե՛ս ծանոթագրությունը)։
16 Ովքե՞ր են նման փշածածկ հողին։ Հիսուսը բացատրում է. «Փշերի մէջ ընկնողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում» (Ղուկաս 8։14)։ Ճիշտ ինչպես փշերն ու ցանված սերմն են միաժամանակ աճում, այդպես էլ որոշ անհատներ փորձում են միաժամանակ տեղ հատկացնել և՛ Աստծո խոսքին, և՛ ‘կյանքի զվարճություններին’։ Աստծո խոսքի ճշմարտությունը սերմվում է նրանց սրտում, բայց այն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ նպատակների հետ, քանի որ վերջիններս նույնպես ուշադրություն են պահանջում։ Նրանց սիրտը երկատվում է (Ղուկաս 9։57–62)։ Այս հանգամանքը թույլ չի տալիս նրանց բավական ժամանակ տրամադրելու Աստծո խոսքի շուրջ աղոթքով և իմաստալից կերպով խորհրդածելուն։ Այդպիսի մարդիկ ամբողջությամբ չեն ներծծում Աստծո խոսքը և հետևաբար չեն կարող խոր գնահատանք մշակել իրենց սրտում, ինչը հարկ եղած դեպքում կօգներ նրանց տոկալու դժվարություններին։ Նրանց հոգևոր հետաքրքրությունները սկսում են իրենց տեղը զիջել ոչ հոգևոր նպատակներին, մինչև որ վերջնականապես «խեղդվում են»։c Ինչպիսի՜ տխուր վախճան։ Այսպես է պատահում այն մարդկանց, ովքեր Եհովային ամբողջ սրտով չեն սիրում (Մատթէոս 6։24; 22։37)։
17. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեզ չխեղդեն «փշերը», որ հիշատակված են Հիսուսի բերած օրինակում։
17 Հոգևորը նյութականից գերադասելը մեզ կպահպանի այս աշխարհի բերած ցավերի ու հաճույքների մեջ խեղդվելուց (Մատթէոս 6։31–33; Ղուկաս 21։34–36)։ Երբեք չպետք է անտեսենք Աստվածաշնչի ընթերցանությունը ու ընթերցվածի շուրջ խորհրդածելը։ Եթե հնարավորին չափ պարզեցնենք մեր կենսակերպը, ապա ավելի շատ ժամանակ կգտնենք աղոթքով և իմաստալից կերպով խորհրդածելու համար (Ա Տիմոթէոս 6։6–8)։ Աստծո այն ծառաները, ովքեր այսպես են վարվել, ովքեր, այսպես ասած, փշերն իրենց արմատով հանել են հողից, որպեսզի ավելի շատ սնունդ, լույս և տեղ տան պտուղ բերող բույսին, վայելում են Եհովայի օրհնությունը։ Ահա թե ինչ է ասում 26–ամյա Սանդրան. «Երբ մտածում եմ, թե ինչ օրհնություններ եմ տեսել ճշմարտության մեջ, հասկանում եմ, որ աշխարհը չի կարող այնպիսի բան առաջարկել, որը նույնիսկ հնարավոր լիներ համեմատել ճշմարտության հետ» (Սաղմոս 84։11)։
18. Ինչպե՞ս կարող ենք մնալ Աստծո խոսքի մեջ և տոկալ որպես քրիստոնյաներ։
18 Եվ այսպես, միանգամայն հստակ է, որ քանի դեռ Աստծո խոսքը մնում է մեր մեջ, մենք բոլորս՝ լինենք երիտասարդ թե տարեց, կմնանք Աստծո խոսքի մեջ և որպես Քրիստոսի աշակերտներ կտոկանք դժվարություններին։ Ուստի եկեք այնպես անենք, որ մեր սրտի հողը երբեք չկոշտանա, չլինի մակերեսային, չծածկվի ոչ պիտանի բույսերով, այլ միշտ լինի փխրուն և բավական խորություն ունենա։ Եթե այսպես վարվենք, ապա կկարողանանք Աստծո խոսքը լիովին յուրացնել և ‘համբերությունով պտուղ բերել’ (Ղուկաս 8։15)։
[ծանոթագրություններ]
a Այս հոդվածում կքննարկենք երեք պահանջներից առաջինը։ Մնացած երկուսի մասին կխոսվի հաջորդ հոդվածներում։
b Օրինակ՝ աստվածաշնչյան մի ինչ–որ հատվածի շուրջ աղոթքով խորհրդածելու համար կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Այս հատվածը խոսո՞ւմ է Եհովայի ինչ–որ հատկության մասին։ Ինչպե՞ս է այս հատվածը կապվում Աստվածաշնչի թեմայի հետ։ Ինչպե՞ս կարող եմ այստեղի խորհուրդը կիրառել իմ կյանքում կամ էլ օգտվելով այդ խորհրդից՝ օգնել ուրիշներին»։
c Ինչպես երեք Ավետարաններում է ասվում, Հիսուսի պատմած առակում սերմը խեղդվում է այս աշխարհի բերած ցավերի և հաճույքների պատճառով։ Դրանք են՝ «աշխարհիս հոգսերը», «հարստութեան խաբէութիւնը», «ուրիշ բաների ցանկութիւնները» և ‘կյանքի զվարճությունները’ (Մարկոս 4։19; Մատթէոս 13։22; Ղուկաս 8։14; Երեմիա 4։3, 4)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ մենք կարիք ունենք ‘մնալու Հիսուսի խոսքի մեջ’։
• Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Աստծո խոսքը մնա մեր սրտում։
• Ովքե՞ր են ներկայացված չորս տարբեր հողերով, որոնց մասին խոսեց Հիսուսը։
• Ինչպե՞ս կարող ենք ժամանակ գտնել Աստծո խոսքի շուրջ խորհրդածելու համար։
[շրջանակ 10–րդ էջի վրա]
‘ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ’
ՇԱՏԵՐԸ, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ Քրիստոսի աշակերտ են, իրենց կյանքով ապացուցել են, որ ‘հաստատված են ճշմարտությունում’ (Բ Պետրոս 1։12)։ Ի՞նչն է օգնել նրանց՝ տոկալու։ Ահա թե ինչ են նրանք ասում։
«Ամեն օրվա վերջում ես ընթերցում եմ մի հատված Աստվածաշնչից և աղոթք եմ անում։ Հետո խորհրդածում եմ կարդացածիս շուրջ» (Ջին, մկրտվել է 1939 թ.–ին)։
«Երբ խորհում եմ, որ Եհովան, մեզանից այդքան բարձր լինելով հանդերձ, մեզ խորապես սիրում է, ես ինձ ապահով եմ զգում և նոր ուժեր եմ ստանում՝ պահպանելու հավատարմությունս նրա հանդեպ» (Պատրիցիա, մկրտվել է 1946 թ.–ին)։
«Աստվածաշնչի ուսումնասիրության հետ կապված լավ սովորություններ ունենալը և ‘Աստծո խորունկ բաներով’ կլանված լինելը ինձ հնարավորություն են տալիս շարունակել ծառայել Եհովային» (Ա Կորնթացիս 2։10, Արևմտ. Աստ.; Աննա, մկրտվել է 1939 թ.–ին)։
«Աստվածաշունչ և Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն կարդալիս ես քննում եմ իմ սիրտը և մղումները» (Զելդա, մկրտվել է 1943 թ.–ին)։
«Օրվա իմ լավագույն պահերն այն ժամանակ են լինում, երբ քայլում եմ և աղոթելով զրուցում եմ Եհովայի հետ, թեկուզ հենց միայն այն բանի համար, որ իրեն հայտնեմ, թե ինչ եմ զգում» (Ռալֆ, մկրտվել է 1947 թ.–ին)։
«Ես օրս սկսում եմ օրվա համարը քննելով և Աստվածաշնչից մի հատված կարդալով։ Դա ինձ մի ինչ–որ նոր միտք է տալիս, որի շուրջ կարող եմ օրվա ընթացքում խորհել» (Մարի, մկրտվել է 1935 թ.–ին)։
«Աստվածաշունչը համար առ համար քննելը ինձ մեծ ուժ է հաղորդում» (Դանիել, մկրտվել է 1946 թ.–ին)։
Իսկ դու ե՞րբ ես Աստծո խոսքի շուրջ աղոթքով խորհրդածում (Դանիէլ 6։10բ; Մարկոս 1։35; Գործք 10։9)։
[նկար 13–րդ էջի վրա]
Հոգևորին նախապատվություն տալով՝ մենք կկարողանանք ‘համբերությունով պտուղ բերել’