Աստվածաշնչի գիրք համար 29. Հովել
Գրողը՝ Հովել
Գրվելու վայրը՝ Հուդա
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 820թ. (?)
1. Ի՞նչ դրամատիկ դեպքեր են գրված Հովելի մարգարեության մեջ։
ԽՈՒՄԲ խմբի հետևից արշավող միջատների հսկայական հորդան ամայացնում է երկիրը։ Կրակը՝ նրանց առաջից, և բոցը՝ հետևից, ավարտին են հասցնում ամայացումը։ Ամենուր սով է։ Արեգակը խավարի է վերածվում, լուսինը՝ արյան, քանի որ Եհովայի մեծ ու ահեղ օրը մոտ է։ Նա հրաման է տալիս մանգաղը գցել և ազգերը հնձել կործանման համար։ Սակայն լինելու են ոմանք, որ «կփրկվեն» (Հովել 2։32)։ Հովելի մարգարեության այս դրամատիկ դեպքերը ոչ միայն հետաքրքրական են մեզ համար, այլև օգտակար։
2. Ի՞նչ է հայտնի Հովելի և այն մասին, թե որտեղ է նա գրել իր մարգարեական գիրքը։
2 Գիրքը ներկայացված է որպես «Եհովայի խոսքը, որ եղավ Փաթուելի որդի Հովելին»։ Հովելի մասին Աստվածաշունչը սրանից բացի ուրիշ ոչինչ այլևս չի ասում։ «Հովել» գիրքն ուշադրություն է դարձնում ոչ թե գրողին, այլ մարգարեական լուրին։ «Հովել» (եբրայերեն՝ Յոհել) անունը նշանակում է «Եհովան Աստված է»։ Դատելով այն բանից, որ մարգարեն լավ ծանոթ է Երուսաղեմին, տաճարին ու տաճարում մատուցվող ծառայության մանրամասնություններին, նա թերևս գիրքը գրի է առել կա՛մ Երուսաղեմում, կա՛մ Հուդայի մեկ այլ քաղաքում (Հովել 1։1, 9, 13, 14; 2։1, 15, 16, 32)։
3. Ինչո՞ւ է ենթադրվում, որ Հովելի մարգարեությունը գրի է առնվել մ.թ.ա. մոտ 820-ին։
3 «Հովել» գրքի գրության ժամանակը հնարավոր չէ ստույգ որոշել։ Գիտնականները տարբեր թվականներ են նշում՝ տատանվելով մ.թ.ա. 800-ից առաջ ընկած ժամանակահատվածի և մ.թ.ա. մոտ 400թ. միջև։ Քանի որ գրքում նկարագրվում է Եհովայի դատաստանը ազգերի դեմ Հովսափատի հովտում, կարելի է ենթադրել, որ Հովելն իր մարգարեությունը գրել է այն բանից հետո, երբ Եհովան հաղթանակ տվեց Հուդայի Հովսափատ թագավորին, այսինքն՝ այն բանից հետո, երբ Հովսափատը թագավոր դարձավ մ.թ.ա. 936-ին (Հովել 3։2, 12; 2 Տար. 20։22–26)։ Ամոսի մարգարեությունում հանդիպում ենք այնպիսի մտքեր, որոնք հավանաբար մեջբերված են Հովելի մարգարեությունից։ Եթե այդպես է, ուրեմն Հովելն իր մարգարեությունը գրել է Ամոսից առաջ, իսկ վերջինս սկսել է մարգարեանալ մ.թ.ա. 829 և 804 թվականների միջև ընկած ժամանակահատվածում (Հովել 3։16; Ամոս 1։2)։ Գրության վաղ թվականի մասին (այսինքն՝ որ գրվել է մ.թ.ա. 400թ.-ից շատ առաջ) խոսում է նաև այն փաստը, որ Եբրայերեն Գրությունների կանոնում գիրքը «Օսեե» և «Ամոս» գրքերի միջև է, գրքեր, որոնք գրվել են նախքան բաբելոնական գերությունը։ Այսպիսով՝ Հովելի մարգարեությունը գրվել է մ.թ.ա. մոտ 820-ին։
4. Ի՞նչն է փաստում «Հովել» գրքի վավերականությունը։
4 «Հովել» գրքի վավերականությունը հաստատվում է այն փաստով, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում մեջբերումներ են արվել այդ գրքից, ինչպես նաև հղումներ են արվել դրան։ Պենտեկոստեի օրը Պետրոսը հիշատակեց «Հովել մարգարեին» և օգտագործեց նրա մարգարեություններից մեկը։ Պողոսը նույնպես մեջբերեց այդ մարգարեությունից և ցույց տվեց ինչպես հրեաների, այնպես էլ այլազգիների վրա դրա կատարումը (Հովել 2։28–32; Գործ. 2։16–21; Հռոմ. 10։13)։ Հարևան ժողովուրդների դեմ Հովելի բոլոր մարգարեությունները կատարվել են. Տյուրոս մեծ քաղաքը պաշարվեց Նաբուգոդոնոսորի կողմից, իսկ ավելի ուշ Ալեքսանդր Մակեդոնացին ավերեց քաղաքի այն մասը, որ կառուցված էր կղզու վրա։ Փղշտացիների երկիրը նույնպես կործանվեց։ Եդոմը անապատ դարձավ (Հովել 3։4, 19)։ Հրեաները երբեք կասկածի չեն ենթարկել «Հովել» գրքի կանոնականությունը և գիրքն ընդգրկել են այսպես կոչված փոքր մարգարեների բաժնում, որտեղ այն երկրորդն է։
5. Ի՞նչն է Հովելի մարգարեությունը արտահայտիչ դարձնում։
5 Հովելը գրում է վառ ու արտահայտիչ ոճով։ Միտքն ընդգծելու նպատակով նա կրկնում է իր ասելիքը և տպավորիչ համեմատություններ անում։ Նրա գրքում մորեխները կոչվում են ազգ, ժողովուրդ, զորք։ Նրանց ատամները առյուծի ատամների պես են, տեսքը՝ ձիերի է նման, իսկ ձայնը պատերազմի համար շարված կառքերի արձակած աղմուկի է նման։ Մի աշխատությունում մեջբերվում են մորեխների դեմ պայքարելու միջոցներն ուսումնասիրող մասնագետի խոսքերը. «Մորեխների արշավանքի դրամատիկ մանրամասնությունների այսպիսի ճշգրիտ նկարագրություն, որ արել է Հովելը, երբեք չի եղել»a։ Լսենք, թե ինչ է մարգարեանում Հովելը Եհովայի ահազդու օրվա մասին։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Ի՞նչ սարսափելի տեսիլք է սկզբում տեսնում Հովելը։
6 Միջատների ներխուժումը ավերում է երկիրը, Եհովայի օրը մոտ է (1։1–2։11)։ Աղետի ի՜նչ սարսափելի տեսիլք է տեսնում Հովելը։ Երկիրը ավերում են թրթուրը, մորեխը, մորեխի թրթուրն ու խավարասերը։ Որթատունկերն ու թզենիները մերկացվել են, և սով է տիրում երկրում։ Աստծու տանը չկա հացի ընծա և ըմպելիքի ընծա։ Հովելը նախազգուշացնում է քահանաներին ու Աստծու ծառաներին, որ զղջան։ «Ավա՜ղ, այդ օրը գալիս է,— բացականչում է նա,— Եհովայի օրը մոտ է, և Ամենակարողի կողմից այն ավերման պես է գալու» (1։15)։ Կենդանիները շփոթահար թափառում են։ Բոցը լափել է արոտավայրերն ու ծառերը, և կրակը կլանել է անապատը։
7. Ինչպե՞ս է նկարագրվում Եհովայի ներխուժող զորքը։
7 Տագնապի ազդանշան տվեք։ «Եղջյո՛ւր փչեք Սիոնում, ո՛վ մարդիկ, և մարտական կո՛չ արձակեք իմ սուրբ լեռան վրա» (2։1)։ Եհովայի օրը մոտ է, մթության ու թանձր խավարի օր է այն։ Տե՛ս։ Մի ժողովուրդ կա՝ անթիվ ու հզոր։ Նա Եդեմի պարտեզի նման երկիրը անմարդաբնակ անապատ է դարձնում։ Ոչինչ չի կարող փրկվել։ Ձիերի նման և լեռների գագաթներին կառքերի արձակած աղմուկի պես աղմուկ հանելով է նա վազում։ Պատերազմելու համար շարված ժողովրդի նման՝ նա քաղաք է խուժում, պարսպի վրա է վազում, տների վրա է բարձրանում և պատուհաններից ներս է մտնում։ Տագնապահար է լինում երկիրը, իսկ երկինքը ցնցվում է։ Եհովան այս մեծ զորքի հրամանատարն է։ «Եհովայի օրը մեծ և ահազդու է, ո՞վ կարող է դիմանալ նրան» (2։11)։
8. ա) Միայն ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել միջատների ներխուժումը։ բ) Ի՞նչ փոխհատուցում է Եհովան խոստանում։
8 Հորդոր վերադառնալ Եհովայի մոտ, ոգին կթափվի (2։12–32)։ Սակայն ներխուժումը կարելի է կանգնեցնել։ Եհովան խորհուրդ է տալիս. «Վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով.... Պատռեք ձեր սրտերը և ոչ թե հանդերձները, վերադարձեք ձեր Աստված Եհովայի մոտ» (2։12, 13)։ Եղջյուրի ձայնը հավաքում է ժողովրդին հանդիսավոր հավաքույթի։ Եթե նրանք վերադառնան, «Եհովան նախանձախնդիր կլինի իր երկրի հանդեպ և կկարեկցի իր ժողովրդին» (2։18)։ Եհովան կօրհնի ու կների իր ժողովրդին, իսկ ներխուժողին կվռնդի։ Այլևս պետք չէ վախենալ, եկել է ուրախանալու և ցնծալու ժամանակը, քանի որ Եհովան պտուղ, հացահատիկ, նոր գինի ու յուղ կտա։ Եհովան կհատուցի նրանց տարիներ շարունակ աճեցրած այն բերքի դիմաց, որը կերավ մորեխների իր մեծ զորքը։ Նա խոստանում է. «Դուք կուտեք, կուտեք ու կկշտանաք և կգովաբանեք ձեր Աստված Եհովայի անունը, որն այդպիսի սքանչելի գործեր արեց ձեզ համար» (2։26)։ Նրանք կիմանան, որ իրենց Աստվածը Եհովան է և ուրիշը չկա, նա Իսրայելի մեջ է։
9. Ի՞նչ հուզիչ մարգարեություն է գրի առնում Հովելը։
9 «Դրանից հետո այսպես պիտի լինի. ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա,— ասում է Եհովան,— և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան։ Ձեր ծերերը երազներ կտեսնեն, իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ։ Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ ծառաների ու աղախինների վրա»։ Նախքան Եհովայի օրվա գալը արևի և լուսնի վրա ահազդու նախանշաններ կլինեն։ Սակայն ոմանք կփրկվեն։ «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (2։28–32)։
10. Ի՞նչ է տեղի ունենալու Հովսափատի հարթավայրում։
10 Ազգերը դատվում են «Հովսափատի հարթավայրում» (3։1–21)։ Եհովան Հուդայի ու Երուսաղեմի գերիներին հետ կբերի։ Ազգերը կհավաքվեն։ Տյուրոսը, Սիդոնը և փղշտացիների երկիրը թանկ կվճարեն Եհովայի ժողովրդին անարգելու և ստրկացնելու համար։ Լսեք, թե ինչպես է Եհովան մարտահրավեր նետում ազգերին. «Պատերա՛զմ հայտարարեք։ Արթնացրե՛ք զորավոր մարդկանց։ Թող նրանք մոտենան։ Թող դուրս գան բոլոր ռազմիկները» (3։9)։ Թող նրանք իրենց խոփերից սրեր կոփեն և գան Հովսափատի հարթավայր (նշանակում է «Եհովան Դատավոր է»)։ Եհովան հրաման է տալիս. «Մանգաղը գործի դրեք, քանի որ հունձը արդեն հասել է.... Տակառները հորդում են, քանի որ նրանց չարությունը շատացել է։ Ամբոխնե՛ր, ամբոխնե՛ր կան դատավճռի հարթավայրում, որովհետև մոտ է Եհովայի օրը» (3։13, 14)։ Արևն ու լուսինը խավարում են։ Եհովան Սիոնից մռնչում է առյուծի պես՝ ցնցելով երկինքն ու երկիրը, բայց իր ժողովրդի համար նա ապաստան և ամրոց է։ Նրանք կիմանան, որ նա իրենց Աստված Եհովան է։
11. Հովելն ինչպե՞ս է նկարագրում այն օրհնությունները, որ Եհովան կթափի իր ժողովրդի վրա։
11 Ի՜նչ առատություն կլինի «այդ օրը» (3։18)։ Լեռներից գինի կկաթի, բլուրներից կաթ կհոսի, և գետերից առատ ջուր կբխի։ Եհովայի տնից թարմացնող աղբյուր կհոսի։ Եգիպտոսն ու Եդոմը, ովքեր անմեղ արյուն են թափել Հուդայում, անմարդաբնակ կդառնան, բայց Հուդան ու Երուսաղեմը բնակեցված կլինեն դարեդար, «և Եհովան Սիոնում կբնակվի» (3։21)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
12. Հովելի ո՞ր մարգարեական խոսքերի նշանակությունը Պետրոսն ընդգծեց Պենտեկոստեի ժամանակ։
12 Որոշ մեկնաբաններ Հովելին ներկայացնում են մռայլ գույներով՝ որպես բոթաբեր մարգարեի։ Սակայն Աստծու ժողովրդի աչքում նա ավետաբեր է՝ ազատության ցնծալի լուր հռչակող։ Պողոս առաքյալն այս միտքն ընդգծել է Հռոմեացիներ 10։13-ում՝ գրելով. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Հովելի մարգարեության ապշեցուցիչ կատարումը տեղի ունեցավ մ.թ. 33թ. Պենտեկոստեի օրը։ Պետրոսը, Աստծուց ներշնչված, բացատրեց, որ Քրիստոսի աշակերտների վրա Աստծու սուրբ ոգու թափվելը Հովելի մարգարեության կատարումն է (Գործ. 2։1–21; Հովել 2։28, 29, 32)։ Պետրոսը հատկապես ընդգծեց Հովելի հետևյալ խոսքերի մարգարեական նշանակությունը. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Գործ. 2։21, 39, 40)։
13. ա) Ի՞նչ ապշեցուցիչ նմանություն է նկատվում «Հովել» ու «Հայտնություն» գրքերի միջև։ բ) Ի՞նչ զուգահեռներ կան Հովելի մարգարեության և ուրիշ գրքերի մարգարեությունների միջև։
13 Ապշեցուցիչ նմանություն է նկատվում մորեխների արշավանքի, որ նկարագրված է «Հովել» գրքում, և այն պատուհասի միջև, որի մասին խոսվում է Հայտնություն 9-րդ գլխում։ Այստեղ նույնպես արևը խավարում է։ Մորեխները պատերազմի պատրաստ ձիերի կերպարանք ունեն, նրանց արձակած ձայնը կառքերի ձայնի նման է, իսկ նրանց ատամները՝ առյուծի ատամների (Հովել 2։4, 5, 10; 1։6; Հայտն. 9։2, 7–9)։ Հովել 2։31-ի մարգարեությունը, որում ասվում է, որ արևը կխավարի, կրկնվում է Եսայիա 13։9, 10, Հայտնություն 6։12–17, ինչպես նաև Մատթեոս 24։29, 30 համարներում, որոնցում Հիսուսը ցույց է տալիս, որ այդ մարգարեությունը կկատարվի, երբ մարդու Որդին կգա զորությամբ ու մեծ փառքով։ Մաղաքիա 4։5-ում գրված խոսքերը, ըստ երևույթին, մեջբերվել են Հովել 2։11-ից, որում ասվում է. «Եհովայի օրը մեծ և ահազդու է»։ «Մթության ու.... թանձր խավարի օրվա» մասին զուգահեռ նկարագրություններ կարելի է գտնել նաև Հովել 2։2 և Սոփոնիա 1։14, 15 համարներում։
14. «Հովել» գրքի ո՞ր հատվածներն են գովաբանում Եհովայի գերիշխանությունն ու սիրառատ բարությունը։
14 «Հայտնություն» գրքում կանխագուշակվում է Աստծու բարկության «մեծ օրվա» մասին (Հայտն. 6։17)։ Հովելը նույնպես մարգարեանում է այդ օրվա մասին՝ ցույց տալով, որ երբ «Եհովայի օրը» գա ազգերի վրա, «կփրկվեն» նրանք, ովքեր Եհովային կկանչեն, որ պաշտպանվեն ու ազատվեն։ «Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար»։ Կվերականգնվեն այն պայմանները, որ եղել են Եդեմում։ «Այդ օրը լեռներից քաղցր գինի կկաթի, բլուրներից կաթ կհոսի, և Հուդայի բոլոր գետերից ջուր կբխի։ Եհովայի տնից աղբյուր կհոսի»։ Վերականգնման մասին այս հրաշալի խոստումները ներկայացնելիս Հովելը նաև գովաբանում է Եհովա Աստծու գերիշխանությունը և հիշեցնում նրա մեծ ողորմությունը՝ անկեղծ սրտով անհատներին հորդորելով. «Վերադարձեք ձեր Աստված Եհովայի մոտ, քանի որ նա գթառատ ու ողորմած է, չի շտապում բարկանալ և լի է սիրառատ բարությամբ»։ Այս ներշնչյալ կոչին ականջ դնող յուրաքանչյուր անհատ հավիտենական բարիքներ կստանա (Հովել 2։1, 32; 3։16, 18; 2։13)։
[ծանոթագրություն]
a «The Interpreter’s Bible», 1956, հատ. VI, էջ 733։