Փառք բեր Աստծուն ամեն օր
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ Դավիթը խնդրեց Եհովային. «Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում» (Սաղ. 143։8)։ Իսկ դու վարվո՞ւմ ես Դավթի պես։ Երբ առավոտյան արթնանում ես ու շնորհակալություն հայտնում Եհովային նոր օրվա համար, խնդրո՞ւմ ես, որ առաջնորդի քեզ և օգնի ճիշտ որոշումներ կայացնելու։ Հավանաբար հենց այդպես էլ անում ես։
Որպես Եհովային նվիրված ծառաներ՝ մենք ձգտում ենք «ամեն բան Աստծու փառքի համար անել»՝ «ուտենք թե խմենք և ուրիշ ինչ էլ որ անենք» (1 Կորնթ. 10։31)։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ մեր ապրելակերպով կարող ենք կա՛մ փառք բերել Եհովային, կա՛մ էլ անարգանք։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ Սատանան «օր ու գիշեր» մեղադրում է Քրիստոսի օծյալ եղբայրներին, ինչպես նաև Աստծու բոլոր երկրային ծառաներին (Հայտն. 12։10)։ Ուստի մենք վճռել ենք պատասխան տալ Սատանայի կեղծ մեղադրանքներին ու դրանով ուրախացնել Եհովայի սիրտը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ «Օր ու գիշեր» Եհովային սրբազան ծառայություն մատուցելով (Հայտն. 7։15; Առակ. 27։11)։
Եկեք քննարկենք, թե որ երկու միջոցներով կարող ենք ամեն օր փառք բերել Աստծուն։ Առաջին միջոցը ճիշտ առաջնահերթություններ դնելն է, երկրորդը՝ ուրիշների մասին հոգ տանելը։
Ապրենք մեր նվիրման համաձայն
Նվիրվելով Եհովային՝ փաստեցինք, որ սրտանց ուզում ենք ծառայել նրան։ Նաև խոստացանք, որ «օրէ ցօր», այսինքն՝ հավիտյան, կքայլենք նրա ճանապարհներով (Սաղ. 61։5, 8)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ապրում ենք մեր նվիրման համաձայն։ Ինչպե՞ս կարող ենք ամեն օր փաստել Եհովայի հանդեպ մեր սերը։
Եհովան ակնկալում է, որ մենք կատարենք նրա պահանջները, որոնք նա հստակորեն շարադրել է իր Խոսքում (Բ Օրին. 10։12, 13)։ Դրանցից մի քանիսը տրված են «Քրիստոնեական պարտականություններ» շրջանակում (էջ 22)։ Այդ պարտականությունները կատարելն անչափ կարևոր է, քանի որ դա Աստծու պատվերն է։ Հաճախ անհրաժեշտ է լինում մի քանի պարտականություններ միաժամանակ կատարել։ Ինչպե՞ս որոշել՝ դրանցից որին է պետք առաջնահերթություն տալ։
Անկասկած, մեր կյանքում ամենաառաջնայինը սրբազան ծառայությունն է՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը, աղոթքը, քրիստոնեական հանդիպումները և քարոզչության գործը (Մատթ. 6։33; Հովհ. 4։34; 1 Պետ. 2։9)։ Բայց մեզանից չի ակնկալվում առավոտից երեկո զբաղվել միայն հոգևոր գործունեությամբ։ Չէ՞ որ մենք ունենք նաև այլ պարտականություններ՝ աշխատանք, ուսում, տնային բազմաթիվ գործեր։ Սակայն ձգտում ենք այնպես պլանավորել այդ գործերը, որ դրանք չխանգարեն մեր սրբազան ծառայությանը, օրինակ, ժողովի հանդիպումներին։ Նաև չենք ծրագրում արձակուրդ գնալ շրջանային վերակացուի այցելության կամ համաժողովի օրերին։ Այդպիսով ցույց ենք տալիս մեր գնահատանքը հոգևորի հանդեպ։ Երբեմն որոշ պարտականություններ կարելի է համատեղել։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ ընտանիքով կարելի է մասնակցել Սրահի մաքրությանը, ինչը շփվելու հնարավորություն կտա։ Կարելի է նաև ընդմիջմանը վկայություն տալ աշխատակիցներին կամ համադասարանցիներին։ Այո՛, ինչ էլ որ անենք՝ աշխատանք փնտրենք, մասնագիտություն ընտրենք կամ որոշենք՝ ում հետ ընկերություն անել, եկեք միշտ հիշենք, որ առաջնահերթությունը պետք է տանք մեր երկրպագությանը (Ժող. 12։13)։
Հոգ տարեք ուրիշների մասին
Եհովան ուզում է, որ մենք հոգատար լինենք ուրիշների հանդեպ և բարի գործեր անենք նրանց համար, այնինչ Սատանան եսասիրություն է խրախուսում։ Նրա աշխարհում ապրող մարդիկ «անձնասեր» են, «հաճոյասեր», տրվում են մարմնական գործերին (2 Տիմոթ. 3։1–5; Գաղ. 6։8)։ Նրանք չեն մտածում, թե իրենց արարքներն ինչպես կանդրադառնան ուրիշների վրա։ Մարդիկ համատարած դրսևորում են «մարմնի գործեր» (Գաղ. 5։19–21)։
Ի տարբերություն նրանց՝ Եհովայի սուրբ ոգով առաջնորդվողները ցուցաբերում են սեր, բարություն, բարեգործություն (Գաղ. 5։22)։ Աստծու Խոսքը խրախուսում է ուրիշների շահերը ավելի բարձր դասել սեփական շահերից։ Այդ է պատճառը, որ մենք անկեղծ հետաքրքրություն ենք ցույց տալիս մարդկանց հանդեպ, սակայն միևնույն ժամանակ չենք խառնվում նրանց գործերին (1 Կորնթ. 10։24, 33; Փիլիպ. 2։3, 4; 1 Պետ. 4։15)։ Թեև առաջին հերթին ձգտում ենք հոգ տանել հավատակիցների մասին, սակայն չենք անտեսում նաև ուրիշ մարդկանց (Գաղ. 6։10)։ Առիթ փնտրո՞ւմ ես բարություն դրսևորելու համար (Տե՛ս «Հոգատարության կարիք ունեն» շրջանակը, էջ 23)։
Հոգատարություն պետք է դրսևորենք ոչ միայն հատուկ առիթների դեպքում, այլև միշտ (Գաղ. 6։2; Եփես. 5։2; 1 Թեսաղ. 4։9, 10)։ Փորձիր ամեն օր տեղեկանալ հավատակիցներիդ հանգամանքներին, և եթե նրանք կարիք ունեն, օգնիր նրանց՝ նույնիսկ քեզ նեղություն տալով։ Մենք կարող ենք առատաձեռն լինել, օրինակ, տրամադրելով մեր ժամանակը և նյութական միջոցները, փոխանցելով մեր փորձն ու իմաստությունը։ Եհովան վստահեցնում է, որ եթե առատաձեռն լինենք ուրիշների հանդեպ, ապա նա կվարձատրի մեզ (Առակ. 11։25; Ղուկ. 6։38)։
Սրբազան ծառայություն՝ «օր ու գիշեր»
Հնարավո՞ր է արդյոք սրբազան ծառայություն մատուցել Եհովային «օր ու գիշեր»։ Այո՛, եթե հետևողականորեն ու եռանդով կատարենք մեր քրիստոնեական պարտականությունները (Գործ. 20։31)։ Մենք զբաղված կլինենք սրբազան ծառայությամբ, եթե ամեն օր ընթերցենք Աստծու Խոսքն ու խորհենք դրա շուրջ, անդադար աղոթենք, ձգտենք ներկա լինել ժողովի հանդիպումներին և ամեն առիթ օգտագործենք վկայություն տալու համար (Սաղ. 1։2; Ղուկ. 2։37; Գործ. 4։20; 1 Թեսաղ. 3։10; 5։17)։
Մասնակցո՞ւմ ես սրբազան ծառայությանը։ Եթե այո՛, ուրեմն ցանկանում ես հաճեցնել Եհովային և պատասխան տալ Սատանայի կեղծ մեղադրանքներին։ Այդ ցանկությունը կարտահայտվի կյանքիդ բոլոր բնագավառներում։ Ինչ էլ որ անես, ինչ իրավիճակում էլ հայտնվես, ձգտիր փառք բերել Եհովային։ Թող քո խոսքերից, վարվելակերպից ու որոշումներից ակնհայտ լինի, որ առաջնորդվում ես Եհովայի սկզբունքներով։ Եթե լիովին վստահում ենք մեր երկնային Հորը և մեր ուժերի ներածին չափով մասնակցում ենք ծառայությանը, ապա ցույց ենք տալիս, որ շնորհակալ ենք նրա հոգատարության և աջակցության համար։ Իսկ երբ սխալներ ենք գործում, սրտանց ընդունում ենք նրա տված խորհուրդն ու խրատը (Սաղ. 32։5; 119։97; Առակ. 3։25, 26; Կող. 3։17; Եբր. 6։11, 12)։
Եկեք շարունակենք ամեն օր փառք բերել Աստծուն։ Այդպես վարվելով՝ թարմություն կգտնենք, և Եհովան առհավետ հոգ կտանի մեր մասին (Մատթ. 11։29; Հայտն. 7։16, 17)։
[Շրջանակ/Նկարներ 22–րդ էջի վրա]
Քրիստոնեական պարտականություններ
• Կանոնավորաբար աղոթիր (Հռոմ. 12։12)։
• Կարդա, ուսումնասիրիր Աստվածաշունչը և կիրառիր ընթերցածդ (Սաղ. 1։2; 1 Տիմոթ. 4։15)։
• Երկրպագիր Եհովային ժողովում (Սաղ. 35։18; Եբր. 10։24, 25)։
• Հոգ տար ընտանիքիդ ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ կարիքների մասին (1 Տիմոթ. 5։8)։
• Քարոզիր Թագավորության բարի լուրը և մասնակցիր աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 24։14; 28։19, 20)։
• Ժամանցի այնպիսի ձևեր ընտրիր, որոնք կնպաստեն ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ առողջությանը (Մարկ. 6։31; 2 Կորնթ. 7։1; 1 Տիմոթ. 4։8, 16)։
• Կատարիր ժողովում ունեցած քո պարտականությունները (Գործ. 20։28; 1 Տիմոթ. 3։1)։
• Մաքուր պահիր տունդ և Թագավորության սրահը (1 Կորնթ. 10։32)։
[Շրջանակ/Նկար 23–րդ էջի վրա]
Հոգատարության կարիք ունեն
• Տարեց եղբայրներն ու քույրերը (Ղեւտ. 19։32)։
• Հիվանդները և ընկճվածները (Առակ. 14։21)։
• Կարիքի մեջ եղող մեր հավատակիցները (Հռոմ. 12։13)։
• Ընտանիքի անդամները (1 Տիմոթ. 5։4, 8)։
• Այն հավատակիցներն, ովքեր կորցրել են կողակցին (1 Տիմոթ. 5։9)։
• Ջանասեր երեցները (1 Թեսաղ. 5։12, 13; 1 Տիմոթ. 5։17)։