ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21
«Հայտնություն» գիրքը և քո ապագան
«Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (ՀԱՅՏՆ. 22։20)։
ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ի՞նչ կարևոր որոշման առաջ են կանգնած բոլոր մարդիկ։
ԱՅՍՕՐ մարդիկ մի շատ կարևոր որոշում պետք է կայացնեն. կա՛մ թիկունք կանգնել Եհովա Աստծուն՝ որպես տիեզերքի օրինական Ղեկավարի, կա՛մ բռնել նրա ոխերիմ թշնամու՝ Սատանայի կողմը։ Այս հարցում չեզոք դիրք չկա։ Մարդիկ կապրեն հավիտյան, թե ոչ, կախված է իրենց կայացրած որոշումից (Մատթ. 25։31–33, 46)։ «Մեծ նեղության» ընթացքում յուրաքանչյուր մարդ կա՛մ փրկության նշան կստանա, կա՛մ կործանման (Հայտն. 7։14; 14։9–11; Եզեկ. 9։4, 6)։
2. ա) Ի՞նչ հորդոր է մեզ տրվում Եբրայեցիներ 10։35–39 համարներում։ բ) «Հայտնություն» գիրքը ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
2 Կարդա Եբրայեցիներ 10։35–39։ Եթե վճռել ես թիկունք կանգնել Եհովայի իշխանությանը, ապա իմաստուն որոշում ես կայացրել։ Անկասկած, ցանկանում ես օգնել մյուսներին, որ նրանք էլ ճիշտ ընտրություն անեն։ Դրա համար կարող ես օգտագործել «Հայտնություն» գրքում գրված տեղեկությունները։ Այնտեղ ասվում է, թե ինչ է լինելու նրանց, ովքեր հակառակվում են Եհովային, և թե ինչ օրհնություններ են սպասում այն մարդկանց, ովքեր հավատարմորեն աջակցում են նրա իշխանությանը։ Մենք պետք է լավ ուսումնասիրենք այս կենսական ճշմարտությունները, որպեսզի ամրացնենք Եհովային ծառայելու մեր վճռականությունը և օգնենք մարդկանց, որ ճիշտ որոշում կայացնեն ու վարվեն դրա համաձայն։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. ի՞նչ է սպասում նրանց, ովքեր թիկունք են կանգնում Աստծու իշխանությանը, և ի՞նչ է լինելու նրանց, ովքեր որոշում են «Հայտնություն» գրքում նկարագրված ալ կարմիր գազանի կողմը բռնել։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ
4. Հովհաննես առաքյալը ո՞ր խմբին տեսավ Հիսուսի հետ երկնքում։
4 Հովհաննես առաքյալը տեսիլքում երկու խումբ մարդկանց է տեսնում, ովքեր թիկունք են կանգնում Եհովայի իշխանությանը և հավիտենական կյանք ստանում։ Առաջին խումբը բաղկացած է 144 000 հոգուց (Հայտն. 7։4)։ Նրանք վերցվել են երկրից, որպեսզի երկնքում Հիսուսի հետ կազմեն մի կառավարություն, կամ՝ թագավորություն։ Նրա հետ միասին նրանք իշխում են երկրի վրա (Հայտն. 5։9, 10; 14։3, 4)։ Հովհաննեսի տեսիլքում նրանք կանգնած են երկնային Սիոն լեռան վրա (Հայտն. 14։1)։
5. Ի՞նչ է շուտով լինելու 144 000-ի այն անդամներին, ովքեր երկրի վրա են։
5 Առաքյալների օրերից սկսած՝ հազարավոր մարդիկ են ընտրվել լինելու 144 000-ի մի մասը (Ղուկ. 12։32; Հռոմ. 8։17)։ Սակայն Հովհաննեսին ասվում է, որ վերջին օրերում նրանցից միայն մի փոքր խումբ է կենդանի լինելու երկրի վրա։ Այդ քիչ թվով մարդիկ, այսինքն՝ «սերնդից մնացածները» նախքան մեծ նեղության սկիզբը ստանալու են Եհովայի հավանության վերջնական «կնիքը» (Հայտն. 7։2, 3; 12։17)։ Այնուհետև՝ մեծ նեղության ընթացքում, նրանք երկինք են վերցվելու, որպեսզի միանան 144 000-ի այն անդամներին, ովքեր արդեն ստացել են իրենց երկնային վարձատրությունը։ Այդպիսով նրանք սկսելու են Հիսուսի հետ իշխել Աստծու Թագավորությունում (Մատթ. 24։31; Հայտն. 5։9, 10)։
6–7. ա) Ուրիշ ի՞նչ խումբ է տեսնում Հովհաննեսը, և ի՞նչ ենք իմանում այդ խմբի մասին։ բ) Հայտնություն 7-րդ գլուխը ինչո՞ւ պետք է հետաքրքրի թե՛ օծյալ քրիստոնյաներին, թե՛ «մեծ բազմությանը»։
6 Այնուհետև Հովհաննեսը տեսնում է «մարդկանց մի մեծ բազմություն»։ Ի տարբերություն 144 000-ի՝ այս խմբի անդամներին հաշվել հնարավոր չէ (Հայտն. 7։9, 10)։ Նրանց մասին Հովհաննեսն ասում է. «Նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից և իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով» (Հայտն. 7։14)։ Մեծ նեղությունից վերապրելուց հետո այս «մեծ բազմությունը» կապրի երկրի վրա և հիանալի օրհնություններ կվայելի (Սաղ. 37։9–11, 27–29; Առակ. 2։21, 22; Հայտն. 7։16, 17)։
7 Անկախ նրանից՝ հույս ունենք ապրելու երկնքում, թե երկրի վրա՝ մենք պետք է տեսնենք մեզ այն իրադարձությունների կատարման մեջ, որոնք նկարագրված են Հայտնություն 7-րդ գլխում։ Աստծու ծառաների այս երկու խմբին էլ հիանալի ժամանակներ են սպասում։ Հետ նայելով՝ մենք անչափ ուրախ կլինենք, որ թիկունք ենք կանգնել Եհովայի իշխանությանը։ Իսկ ուրիշ ի՞նչ ենք իմանում «Հայտնություն» գրքից մեծ նեղության մասին (Մատթ. 24։21)։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ
8. Ինչպե՞ս է սկսվելու մեծ նեղությունը, և ինչպե՞ս է մարդկանց մեծամասնությունը արձագանքելու դրան։
8 Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, շուտով աշխարհի քաղաքական տարրերը կհարձակվեն Մեծ Բաբելոնի, այսինքն՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության վրա (Հայտն. 17։16, 17)։ Սրանով կսկսվի մեծ նեղությունը։ Արդյո՞ք այս իրադարձությունը կմղի շատերին միանալու Աստծու ժողովրդին։ Ո՛չ։ Հայտնություն 6-րդ գլխից իմանում ենք, որ այդ օրհասական պահին Աստծուն չծառայող մարդիկ ապաստան կփնտրեն քաղաքական և առևտրային համակարգերի ներքո, որոնք համեմատվում են լեռների հետ։ Եվ քանի որ նրանք թիկունք չեն կանգնի Աստծու Թագավորությանը, Եհովան նրանց կհամարի իր հակառակորդները (Ղուկ. 11։23; Հայտն. 6։15–17)։
9. Մեծ նեղության ընթացքում Եհովայի ժողովուրդը ինչպե՞ս է տարբերվելու, և ի՞նչ է լինելու դրա արդյունքում։
9 Մեծ նեղության ընթացքում Եհովայի հավատարիմ ծառաները տարբերվելու են մյուսներից, քանի որ այդ ծանր ժամանակներում նրանք շարունակելու են երկրի վրա լինել միակ խումբը, որը ծառայելու է Եհովա Աստծուն և հրաժարվելու է աջակցել «գազանին» (Հայտն. 13։14–17)։ Նրանց դիրքորոշումը բորբոքելու է Եհովայի թշնամիների բարկությունը։ Արդյունքում ազգերի կոալիցիան ողջ երկրով մեկ հարձակվելու է Աստծու ժողովրդի վրա։ Աստվածաշունչը այս կատաղի հարձակումը անվանում է Մագոգի Գոգի հարձակում (Եզեկ. 38։14–16)։
10. Ի՞նչ է անելու Եհովան, երբ հարձակվեն իր ժողովրդի վրա (Հայտնություն 19։19–21)։
10 Այդ հարձակման ժամանակ ի՞նչ է անելու Եհովան։ Նա ասում է. «Այդ օրը քթիցս մուխ դուրս կգա» (Եզեկ. 38։18, 21–23)։ Հայտնություն 19-րդ գլխում կարդում ենք, թե ինչ է լինելու հետո։ Եհովան ուղարկելու է իր Որդուն, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին և բնաջնջի նրանց թշնամիներին։ Հիսուսին միանալու են «երկնքի զորքերը»՝ հավատարիմ հրեշտակները 144 000-ի հետ (Հայտն. 17։14; 19։11–15)։ Իսկ ինչպե՞ս է ավարտվելու այս պատերազմը։ Բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք հակառակվում են Եհովային, իսպառ ոչնչացվելու են (կարդա Հայտնություն 19։19–21)։
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ՝ ՀԱՐՍԱՆԻՔ
11. Ո՞րն է «Հայտնություն» գրքում նշված ամենակարևոր իրադարձությունը։
11 Միայն պատկերացրու, թե ինչ են զգալու հավատարիմ մարդիկ Աստծու թշնամիների կործանումից հետո։ Նրանք ուրախությունից ցնծալու են։ Ինչպես գիտենք, Մեծ Բաբելոնի ոչնչացումից հետո երկնքում անասելի ուրախություն է լինելու, սակայն հետագայում ևս մի բան է տեղի ունենալու, որը ավելի մեծ ցնծության պատճառ է դառնալու (Հայտն. 19։1–3)։ Դա «Գառան հարսանիքն» է՝ «Հայտնություն» գրքի ամենակարևոր իրադարձությունը (Հայտն. 19։6–9)։
12. Ինչպես երևում է Հայտնություն 21։1, 2 համարներից, ե՞րբ է տեղի ունենալու Գառան հարսանիքը։
12 Ե՞րբ է տեղի ունենալու «Գառան հարսանիքը»։ Թեև Արմագեդոն պատերազմից անմիջապես առաջ 144 000-ի բոլոր անդամները արդեն երկնքում են լինելու, սակայն հարսանիքը այդ ժամանակ տեղի չի ունենալու (կարդա Հայտնություն 21։1, 2)։ Այն տեղի կունենա Արմագեդոն պատերազմից հետո, երբ երկիրը մաքրված կլինի Աստծու բոլոր թշնամիներից (Սաղ. 45։3, 4, 13–17)։
13. Ի՞նչ է իրականացվելու Գառան հարսանիքով։
13 Իսկ ի՞նչ է իրականացվելու Գառան հարսանիքով։ Ինչպես ամուսնությունն է միավորում տղամարդուն և կնոջը, այնպես էլ այս փոխաբերական հարսանիքն է միավորելու Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին, և նրա «հարսին»՝ 144 000-ին։ Այդ կարևոր իրադարձությամբ սկիզբ է դրվելու նրանց Հազարամյա Իշխանությանը երկրի վրա (Հայտն. 20։6)։
ՓԱՌԱՀԵՂ ՔԱՂԱՔԸ ԵՎ ՔՈ ԱՊԱԳԱՆ
14–15. Հայտնություն 21-րդ գլխում ինչի՞ հետ է համեմատվում 144 000-ը (տես ամսագրի շապիկի նկարը)։
14 Այնուհետև Հայտնություն 21-րդ գլխում 144 000-ը համեմատվում է մի շատ գեղեցիկ քաղաքի հետ, որը կոչվում է «Նոր Երուսաղեմ» (Հայտն. 21։2, 9)։ Այն ունի 12 հիմնաքար, որոնց վրա գրված են «Գառան տասներկու առաքյալների տասներկու անունները»։ Ինչո՞ւ է սա գրավում Հովհաննեսի ուշադրությունը։ Քանի որ այդ քարերից մեկի վրա նա տեսնում է իր անունը։ Ի՜նչ մեծ պատիվ (Հայտն. 21։10–14; Եփես. 2։20)։
15 Այս խորհրդանշական քաղաքը նման չէ որևէ այլ քաղաքի։ Դրա գլխավոր փողոցը մաքուր ոսկուց է։ Այն ունի 12 դարպաս, որոնցից յուրաքանչյուրը մեկ մարգարիտ է։ Քաղաքի երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար են, իսկ պարիսպներն ու հիմքերը զարդարված են թանկարժեք քարերով (Հայտն. 21։15–21)։ Բայց Հովհաննեսը նկատում է, որ ինչ-որ բան պակաս է։ Նա գրում է. «Ես այնտեղ տաճար չտեսա, քանի որ նրա տաճարը Ամենակարող Եհովա Աստվածն էր, նաև Գառը։ Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում նրան, և նրա ճրագը Գառն էր» (Հայտն. 21։22, 23)։ Նրանք, ովքեր կկազմեն Նոր Երուսաղեմը, Եհովայի հետ երես առ երես կհաղորդակցվեն, ուստի տաճարի կարիք այլևս չի լինի (Հայտն. 22։3, 4)։ Բացի այդ՝ Աստծուն սուրբ ծառայություն մատուցելիս նրանց կառաջնորդի Հիսուսը, ով արդեն քահանայապետ է երկնքում (Եբր. 7։27)։ Ահա թե ինչու է ասվում, որ այդ քաղաքի տաճարը Եհովան ու Հիսուսն են։
16. Ի՞նչ է սպասում մարդկությանը Աստծու Թագավորության Հազարամյա Իշխանության ընթացքում։
16 Պատկերացրու, թե որքան են ոգեշնչվում օծյալ քրիստոնյաները, երբ մտածում են այս քաղաքի մասին։ Սակայն այն հետաքրքրում է նաև նրանց, ովքեր հույս ունեն ապրելու երկրի վրա։ Աստծու Թագավորության Հազարամյա Իշխանության ընթացքում Նոր Երուսաղեմը անհամար օրհնություններ կբերի երկրի վրա բնակվողներին։ Հովհաննեսը տեսնում է, որ այս օրհնությունները հորդում են ինչպես «կյանքի ջրի մի գետ»։ Իսկ այդ գետի երկու կողմերում «կյանքի ծառեր են», որոնց տերևները «ազգերին բուժելու համար են» (Հայտն. 22։1, 2)։ Այդ ժամանակ ողջ մարդկությունը հնարավորություն կունենա օգտվելու այդ բարիքներից։ Բոլոր հնազանդ մարդիկ աստիճանաբար կհասնեն կատարելության։ Այլևս չեն լինի հիվանդություններ, ցավ և տխրության արցունքներ (Հայտն. 21։3–5)։
17. Ըստ Հայտնություն 20։11–13 համարների՝ ովքե՞ր են օգտվելու Հիսուսի Հազարամյա Իշխանության բերած օրհնություններից։
17 Ովքե՞ր են վայելելու այս հիանալի օրհնությունները։ Նախևառաջ՝ Արմագեդոնից վերապրած մեծ բազմությունը և այն երեխաները, որոնք, ըստ ամենայնի, կծնվեն նոր աշխարհում։ Բացի այդ՝ Հայտնություն 20-րդ գլխում ասվում է, որ մահացածների հարություն է լինելու (կարդա Հայտնություն 20։11–13)։ Երկրի վրա հարություն կառնեն Աստծու հավատարիմ ծառաները՝ «արդարները», ինչպես նաև «անարդարները»՝ նրանք, ովքեր բավարար հնարավորություն չեն ունեցել սովորելու Եհովայի մասին (Գործ. 24։15; Հովհ. 5։28, 29)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հազարամյակի ընթացքում բոլորն են հարություն առնելու։ Ո՛չ։ Նրանք, ովքեր նախքան մահանալը միտումնավոր մերժել են Եհովային ծառայելու հնարավորությունը, հարություն չեն առնի։ Նրանց տրվել է այդ հնարավորությունը, բայց նրանք փաստել են, որ արժանի չեն ապրելու դրախտային երկրի վրա (Մատթ. 25։46; 2 Թեսաղ. 1։9; Հայտն. 17։8; 20։15)։
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
18. Ինչպիսի՞ն կլինեն մարդիկ Հազարամյակի վերջում։
18 Հազարամյակի վերջում երկրի վրա ապրող բոլոր մարդիկ կատարյալ կլինեն։ Ադամից ժառանգած մեղքը այլևս ազդեցություն չի ունենա նրանց վրա (Հռոմ. 5։12)։ Ադամական մեղքի անեծքը ամբողջությամբ վերացած կլինի։ Այդպիսով ողջ մարդկությունը «կկենդանանա», այսինքն՝ հազար տարվա վերջում կհասնի կատարելության (Հայտն. 20։5)։
19. Ինչո՞ւ են մարդիկ Հազարամյակի վերջում փորձության ենթարկվելու։
19 Ինչպես գիտենք, Հիսուսը թույլ չտվեց, որ Սատանան կոտրի իր անարատությունը։ Նա հավատարիմ մնաց փորձությունների ներքո։ Բայց արդյո՞ք բոլոր կատարյալ մարդիկ հավատարիմ կմնան, երբ Սատանային թույլ տրվի փորձել նրանց։ Յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի փաստելու իր անարատությունը, երբ Հազարամյակի վերջում Սատանան ազատ արձակվի (Հայտն. 20։7)։ Բոլոր նրանք, ովքեր այս վերջին փորձության ժամանակ հավատարիմ կմնան, հավիտենական կյանք կստանան և վերջապես իսկական ազատություն կվայելեն (Հռոմ. 8։21)։ Իսկ նրանք, ովքեր կըմբոստանան, Սատանայի և նրա դևերի հետ վերջնականապես կոչնչացվեն (Հայտն. 20։8–10)։
20. «Հայտնություն» գրքի տպավորիչ մարգարեությունները ի՞նչ զգացումներ են արթնացնում քո մեջ։
20 Ի՞նչ զգացումներ ունես «Հայտնություն» գրքի այս հակիրճ քննարկումից հետո։ Մի՞թե չես ոգևորվում՝ տեսնելով քեզ այդ ազդեցիկ մարգարեությունների կատարման մեջ։ Մի՞թե չես մղվում հրավիրելու մարդկանց, որ մեզ հետ միասին մաքուր երկրպագություն մատուցեն Աստծուն (Հայտն. 22։17)։ Ապագայում սպասվող այդ տպավորիչ իրադարձություններից ոգեշնչված՝ մենք էլ ենք ուզում Հովհաննես առաքյալի պես ասել. «Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (Հայտն. 22։20)։
ԵՐԳ 27 Աստծու որդիների հայտնվելը
a Սա «Հայտնություն» գրքի վերաբերյալ հոդվածաշարի վերջին հոդվածն է։ Հոդվածից կիմանանք, որ Աստծուն հավատարիմ մարդկանց հրաշալի ապագա է սպասում, իսկ նրա իշխանությանը հակառակվողներին՝ ստորացուցիչ վախճան։