Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Հայտնություն» գրքից (մաս 1)
ՊԱՏՄՈՍ կղզում բանտարկված տարեց Հովհաննես առաքյալին 16 տեսիլք է տրվում։ Այդ տեսիլքները նրան հայտնում են, թե ինչ են իրականացնելու Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը Տիրոջ օրվա ընթացքում, որն ընդգրկում է 1914 թ.–ին Աստծու Թագավորության հաստատումից մինչև Քրիստոսի Հազարամյա Իշխանության ավարտն ընկած ժամանակահատվածը։ Այդ ցնցող տեսիլքները Հովհաննեսը գրել է «Հայտնություն» գրքում, հավանաբար, 96 թ.–ին։
Այժմ քննարկենք ուշագրավ մտքեր Հայտնություն 1–12 գլուխներից։ Այս գլուխներում նկարագրված են առաջին յոթ տեսիլքները։ Դրանք հետաքրքրական են, քանի որ կապված են մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ և ցույց են տալիս, թե ինչ է անելու Եհովան մոտ ապագայում։ Ովքեր կարդում են այս տեսիլքները և հավատ են ընծայում դրանց, մեծապես մխիթարվում և քաջալերվում են (Եբր. 4։12)։
«ԳԱՌԸ» ԲԱՑՈՒՄ է ՅՈԹ ԿՆԻՔՆԵՐԻՑ ՎԵՑԸ
Հովհաննեսը նախ տեսնում է փառավորված Հիսուս Քրիստոսին։ Առաքյալը մի շարք պատգամներ է ստանում, որոնք պետք է «գրի առնի մի գրքում և այն ուղարկի յոթ ժողովներին» (Հայտն. 1։10, 11)։ Այնուհետև նա մի գահ է տեսնում երկնքում։ Գահի վրա Նստողի աջ ձեռքում կա յոթ կնիքներով կնքված մի գիրք։ Նա, ով «արժանի է բացելու այս գիրքը», «Հուդայի ցեղից եղող Առյուծն է», կամ, այլ անվանումով՝ «գառը, որը յոթ եղջյուր և յոթ աչք ունի» (Հայտն. 4։2; 5։1, 2, 5, 6)։
Երրորդ տեսիլքը ցույց է տալիս, թե ինչ է պատահում, երբ «Գառը» հերթով բացում է առաջին վեց կնիքները։ Վեցերորդ կնիքը բացելուն պես մեծ երկրաշարժ է տեղի ունենում, և գալիս է ցասման մեծ օրը (Հայտն. 6։1, 12, 17)։ Հաջորդ տեսիլքում «չորս հրեշտակներ ամուր պահում են երկրի չորս քամիներն» այնքան ժամանակ, մինչև որ ավարտվում է 144 000–ի կնքումը։ Նաև չկնքված մարդկանց «մի մեծ բազմություն» է «կանգնած գահի առջև և Գառան առջև» (Հայտն. 7։1, 9)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։4; 3։1; 4։5; 5։6 — Ի՞նչ է նշանակում «յոթ ոգիներ» արտահայտությունը։ Յոթ թիվը խորհրդանշում է լրիվություն, ամբողջություն՝ Աստծու տեսանկյունից։ Հետևաբար, «յոթ ժողովներին» ուղղված պատգամը, լայն իմաստով, վերաբերում է Աստծու բոլոր ծառաներին, որոնք միասին ծառայում են ամբողջ աշխարհի ավելի քան 100 000 ժողովներում (Հայտն. 1։11, 20)։ Քանի որ Եհովան սուրբ ոգին տալիս է՝ ելնելով այն բանից, թե ինչ պետք է իրագործվի, «յոթ ոգիներ» արտահայտությունը մատնանշում է, որ ոգին, լիակատար կերպով գործելով, հասկացողություն և օրհնություններ է տալիս նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում մարգարեություններին։ «Հայտնություն» գրքում հաճախ է հանդիպում յոթ թիվը։ Այդ թիվն այստեղ ավարտվածություն է խորհրդանշում։ Եվ իսկապես, գրքում խոսվում է «Աստծու սրբազան գաղտնիքը» «ավարտին հասցնելու» մասին (Հայտն. 10։7)։
1։8, 17 — Ո՞ւմ են վերաբերում «Ալֆա և Օմեգա» ու «Առաջինը և Վերջինը» տիտղոսները։ «Ալֆա և Օմեգա» տիտղոսը վերաբերում է Եհովային՝ ընդգծելով այն, որ նրանից առաջ ամենակարող Աստված չի եղել և նրանից հետո էլ չի լինելու։ Նա է «սկիզբը և վերջը» (Հայտն. 21։6; 22։13)։ Հայտնություն 22։13–ում «առաջինը և վերջինը» վերաբերում է Եհովային, քանի որ նրանից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել և հետո էլ չի ունենա։ Սակայն այս գրքի առաջին գլխի համատեքստը ցույց է տալիս, որ «Առաջինը և Վերջինը» տիտղոսը վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ Նա առաջին մարդն է, ով հարություն է առել որպես ոգեղեն էակ ու անմահություն ստացել, նաև վերջինն է, ում անձամբ Եհովան է հարություն տվել այդպիսի կյանքի (Կող. 1։18)։
2։7 — Ի՞նչ է «Աստծու դրախտը»։ Քանի որ այս խոսքերն ուղղված են օծյալ քրիստոնյաներին, կարող ենք ասել, որ այս դրախտը վերաբերում է դրախտային երկնային ոլորտին՝ հենց Աստծու ներկայությանը։ Հավատարիմ օծյալները «կուտեն կյանքի ծառից», այսինքն՝ կպարգևատրվեն անմահությամբ (1 Կորնթ. 15։53)։
3։7 — Ե՞րբ Հիսուսը ստացավ «Դավթի բանալին», և ինչպե՞ս է նա օգտագործում այն։ Մ.թ. 29 թ.–ին մկրտվելով՝ Հիսուսը նշանակվեց ապագա Թագավոր՝ Դավթի շառավղից։ Բայց նա Դավթի բանալին չստացավ մինչև 33 թվականը։ Այդ տարի նա բարձրացավ երկինք ու նստեց Աստծու աջ կողմում։ Երկնքում Դավթի Թագավորության բոլոր իրավունքները Հիսուսին փոխանցվեցին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ նա այդ բանալիով Թագավորության հետ կապված հնարավորություններ է բացում և առանձնաշնորհումներ է տալիս։ 1919 թ.–ին Քրիստոսը «Դաւիթի տան բանալին» դրեց հավատարիմ և իմաստուն ծառայի ուսին՝ նրան նշանակելով «իր ողջ ունեցվածքի վրա» (Ես. 22։22; Մատթ. 24։45, 47)։
3։12 — Ո՞րն է Հիսուսի «նոր անունը»։ Այդ անունը կապ ունի Հիսուսի նոր դիրքի և առանձնաշնորհումների հետ (Փիլիպ. 2։9–11)։ Չնայած ոչ ոք չի հասկանում այդ անվան իմաստն այնքան լավ, ինչքան որ Հիսուսը, նա այն գրում է իր հավատարիմ եղբայրների վրա երկնքում՝ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելով նրանց հետ (Հայտն. 19։12)։ Նրանց նույնիսկ հնարավորություն է տրվում մասնակցելու Քրիստոսի որոշ պատվավոր պարտականությունների կատարմանը։
Դասեր մեզ համար
1։3. «Նշանակված ժամանակը մոտ է», որ Աստված դատաստան տեսնի Սատանայի աշխարհի հետ։ Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ասում «Հայտնություն» գիրքը, և գործել համապատասխանաբար։
3։17, 18. Հոգևորապես հարուստ լինելու համար մենք պետք է Հիսուսից գնենք «կրակով զտված ոսկի»։ Սա նշանակում է ձգտել հարուստ լինելու բարի գործերով (1 Տիմոթ. 6։17–19)։ Մենք նաև պետք է հագնենք «սպիտակ վերնահագուստներ», որոնցով, որպես Քրիստոսի հետևորդներ՝ կտարբերվենք ուրիշներից։ Նաև անհրաժեշտ է օգտագործել «աչքի սպեղանի»։ Այդպիսի սպեղանի կարող են լինել «Դիտարան» պարբերագրում տրված խորհուրդները, որոնց շնորհիվ սուր հոգևոր տեսողություն կունենանք (Հայտն. 19։8)։
7։13, 14. Քսանչորս երեցները ներկայացնում են 144 000–ին՝ երկնքում փառավորված, որտեղ նրանք ծառայում են որպես թագավորներ և քահանաներ։ Նրանց նախապատկերը հին Իսրայելի քահանաներն էին, որոնց Դավիթ թագավորը բաժանել էր 24 դասակարգերի։ Երեցներից մեկը Հովհաննեսին հայտնում է, թե ովքեր են կազմում մեծ բազմությունը։ Հետևաբար, օծյալ քրիստոնյաների հարությունը պետք է որ սկսված լինի մինչև 1935 թվականը։ Որտեղի՞ց գիտենք։ 1935–ին էր, որ երկրի վրա գտնվող օծյալներին պարզ դարձավ մեծ բազմության ինքնությունը (Ղուկ. 22։28–30; Հայտն. 4։4; 7։9)։
ՅՈԹԵՐՈՐԴ ԿՆԻՔԸ ԲԱՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀՆՉՈՒՄ են ՅՈԹ ՓՈՂԵՐ
Գառը բացում է յոթերորդ կնիքը։ Յոթ հրեշտակների տալիս են յոթ փողեր։ Նրանցից վեցը փչում են իրենց փողերը՝ դատաստանական պատգամ ազդարարելով մարդկության «երրորդ մասի»՝ քրիստոնեական աշխարհի դեմ (Հայտն. 8։1, 2, 7–12; 9։15, 18)։ Սա է Հովհաննեսը տեսնում հինգերորդ տեսիլքում։ Հաջորդ տեսիլքի գործող անձերից է նաև հենց ինքը՝ Հովհաննեսը։ Նա ուտում է փոքր գիրքը և չափում է տաճարի սրբարանը։ Երբ յոթերորդ հրեշտակը փչում է փողը, բարձր ձայներ են լսվում, որոնք ազդարարում են. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջ և նրա Քրիստոսի թագավորությունը դարձավ» (Հայտն. 10։10; 11։1, 15)։
Յոթերորդ տեսիլքը լույս է սփռում Հայտնություն 11։15, 17 համարների վրա։ Երկնքում մեծ նշան է երևում։ Մի կին որդի է ծնում՝ արու զավակ։ Բանսարկուին երկնքից վայր են գցում։ Զայրացած լինելով կնոջ վրա՝ Սատանան գնում է «պատերազմ մղելու [կնոջ] սերնդից մնացածների» դեմ (Հայտն. 12։1, 5, 9, 17)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
8։1–5 — Ինչո՞ւ երկնքում լռություն եղավ, և այնուհետև ի՞նչ գցվեց երկրի վրա։ Երկնքում խորհրդանշական լռություն տիրեց, որպեսզի «սրբերի աղոթքները» լսելի դառնան։ Սա տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում։ Օծյալ քրիստոնյաները չհամբարձվեցին երկինք հեթանոսների ժամանակների ավարտին, ինչպես նրանցից շատերն էին ակնկալում։ Պատերազմի ընթացքում նրանք շատ դժվարություններ ունեցան, ուստի եռանդորեն աղոթում էին առաջնորդություն ստանալու համար։ Ի պատասխան այդ աղոթքների՝ հրեշտակը երկրի վրա խորհրդանշական կրակ գցեց, և օծյալ քրիստոնյաները սկսեցին այրվել հոգևոր գործունեություն ծավալելու ցանկությամբ։ Թեև նրանք փոքրաթիվ էին, սակայն համաշխարհային քարոզչական գործունեություն ձեռնարկեցին, որը Աստծու Թագավորությունը դարձրեց մի թեժ հարց. այդպիսով նրանք կրակ գցեցին քրիստոնեական աշխարհի մեջ։ Հնչեցին սուրբգրային որոտանման զգուշացումներ, և Աստծու Խոսքի ճշմարտությունները փայլատակեցին. կեղծ կրոնի հիմքերը ցնցվեցին, ինչպես որ շենքերն են ցնցվում երկրաշարժի ժամանակ։
8։6–12; 9։1, 13; 11։15 — Ե՞րբ յոթ հրեշտակները պատրաստվեցին փչելու իրենց փողերը, ու ե՞րբ և ինչպե՞ս հնչեցին այդ փողերը։ Յոթ փողերը փչելուն պատրաստվելը նշանակում է, օրինակ, առաջնորդություն տալ Հովհաննես դասակարգի՝ երկրի վրա գտնվող անդամներին, որոնք հոգևորապես կենդանացել էին։ Այդ առաջնորդությունը տրվեց 1919–1922 թթ.-ին։ Օծյալներն այդ ժամանակ սկսեցին զբաղվել քարոզչական գործի վերակազմակերպմամբ, ինչպես նաև տպագրատներ կառուցելով (Հայտն. 12։13, 14)։ Փողերի ձայնը խորհրդանշում է այն, որ Աստծու ժողովուրդը հրեշտակների հետ անվախորեն ազդարարում է Եհովայի դատաստանական պատգամները Սատանայի աշխարհի դեմ։ Ուշագրավ է, որ փողերը հնչեցին՝ սկսած 1922 թ.–ին Սիդար Փոյնթում (Օհայո նահանգ) տեղի ունեցած համաժողովից և կշարունակեն հնչել մինչև մեծ նեղություն։
8։13; 9։12; 11։14 — Ի՞նչ առումով են վերջին երեք փողերի ձայները «վայեր»։ Առաջին չորս փողերի ձայները ազդարարություններ են, որոնք բացահայտում են քրիստոնեական աշխարհի հոգևորապես մահացած վիճակը։ Մինչդեռ վերջին երեք փողերի ձայնը վայեր են այն իմաստով, որ կապ ունեն առանձնահատուկ իրադարձությունների հետ։ Հինգերորդ փողի ձայնը վերաբերում է ինչպես այն բանին, որ 1919 թ.–ին Աստծու ժողովուրդը դուրս եկավ անգործունեության «անդունդից», այնպես էլ նրանց եռանդուն քարոզչությանը, ինչը քրիստոնեական աշխարհի համար տանջալի պատուհաս դարձավ (Հայտն. 9։1)։ Վեցերորդ փողի ձայնը առնչվում է հեծելազորի կողմից ամբողջ պատմության մեջ երբևէ կատարված ամենամեծ հարձակմանը և 1922 թ.–ին սկսված համաշխարհային քարոզարշավին։ Վերջին փողի ձայնը կապ ունի Մեսիական Թագավորության ծննդի հետ։
Դասեր մեզ համար
9։10, 19. «Հավատարիմ և իմաստուն ծառայի» հրատարակությունները, որոնք լիովին հիմնված են Աստվածաշնչի վրա, խայթող պատգամ են պարունակում (Մատթ. 24։45)։ Այդ պատգամը համապատասխանում է մորեխների պոչերին, որոնք խայթում են կարիճների նման, ինչպես նաև՝ հեծելազորի ձիերին, որոնց «պոչերը օձերի նման են»։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև այդ հրատարակությունները նախազգուշացնում են Եհովայի «վրեժխնդրության օրվա» մասին (Ես. 61։2)։ Ուրեմն, թող որ համարձակությամբ և նախանձախնդրությամբ տարածենք դրանք։
9։20, 21. Բազմաթիվ հեզ մարդիկ, ովքեր ապրում են այսպես կոչված ոչ քրիստոնեական երկրներում, դրականորեն են արձագանքում մեր հռչակած լուրին։ Այդուհանդերձ, մենք չենք ակնկալում, որ քրիստոնեական աշխարհի մարդիկ՝ «մնացած մարդիկ», զանգվածաբար ընդունեն ճշմարտությունը։ Բոլոր դեպքերում, մենք շարունակում ենք քարոզել։
12։15, 16. «Երկիրը»՝ Սատանայի համակարգի տարրերը, կամ՝ տարբեր երկրների իշխանությունները, պաշտպանում են կրոնի ազատության գաղափարը։ Սկսած 1940–ականներից՝ այդ իշխանությունները «կուլ են տալիս [հալածանքի] գետը, որ վիշապը թափում է իր բերանից»։ Այո՛, ցանկության դեպքում Եհովան կարող է այնպես անել, որ պետական իշխանությունները կատարեն իր կամքը։ Ուստի միանգամայն տեղին են Առակաց 21։1–ում գրված խոսքերը. «Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կ’դարձնէ»։ Այս ճշմարտությունը, անշուշտ, զորացնում է մեր հավատը։