ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5
«Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է»
«Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է» (1 ԿՈՐՆԹ. 11։3)։
ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ո՞ր գործոնները կարող են ազդել գլխավորության վերաբերյալ տղամարդու տեսակետի վրա։
Ի՞ՆՉ տեսակետ ունես գլխավորության վերաբերյալ։ Ոմանք թույլ են տալիս, որ ավանդույթները, մշակույթը կամ իրենց ընտանիքում ընդունված սովորությունները ազդեն կանանց ու երեխաների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքի վրա։ Յանիտա անունով մի քույր, ով ապրում է Եվրոպայում, ասում է. «Իմ բնակավայրում խորապես արմատավորված է այն տեսակետը, թե կանայք ստորադաս են տղամարդկանցից և ծառաներից ոչնչով չեն տարբերվում»։ Իսկ Լուկաս անունով մի եղբայր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Որոշ հայրեր իրենց որդիներին սովորեցնում են, որ կանանց պետք է միայն նայել, ոչ թե լսել։ Նրանց կարծիքը կարևոր չէ»։ Սակայն նման մտածելակերպը չի արտացոլում Եհովայի տեսակետը գլխավորության վերաբերյալ (համեմատիր Մարկոս 7։13)։ Այդ դեպքում տղամարդն ինչպե՞ս կարող է սովորել ընտանիքի լավ գլուխ լինել։
2. Ի՞նչ պետք է իմանա ընտանիքի գլուխը և ինչո՞ւ։
2 Ընտանիքի լավ գլուխ լինելու համար տղամարդը նախ պետք է իմանա, թե ինչ է Աստված ակնկալում իրենից։ Նա նաև պետք է հասկանա, թե ինչու է Եհովան հաստատել գլխավորությունը, և թե այն գործի դնելու հարցում ինքն ինչպես կարող է ընդօրինակել Եհովային և Հիսուսին։ Ինչո՞ւ է կարևոր, որ տղամարդը իմանա այս ամենը։ Քանի որ Եհովան ընտանիքի գլուխներին որոշակի իշխանություն է տվել և ակնկալում է, որ նրանք ճիշտ օգտագործեն այն (Ղուկ. 12։48բ)։
Ի՞ՆՉ Է ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Ի՞նչ ենք սովորում գլխավորության մասին 1 Կորնթացիներ 11։3-ից։
3 Կարդա 1 Կորնթացիներ 11։3։ Այս համարը նկարագրում է, թե ինչպես է Եհովան կազմակերպել իր մեծ ընտանիքը։ Տեսնում ենք, որ գլխավորության սկզբունքը ներառում է երկու կարևոր բան՝ ունենալ իշխանություն և հաշվետու լինել։ Եհովան է ամեն ինչի «գլուխը», կամ՝ գերագույն իշխանություն ունեցողը, և նրա բոլոր զավակները՝ թե՛ հրեշտակները, թե՛ մարդիկ հաշվետու են իրեն (Հռոմ. 14։10; Եփես. 3։14, 15)։ Եհովան Հիսուսին իշխանություն է տվել ժողովի վրա, և Հիսուսը հաշվետու է նրան, թե ինչպես է գործադրում այդ իշխանությունը (1 Կորնթ. 15։27)։ Աստված իշխանություն է տվել նաև ամուսնուն։ Եվ վերջինս հաշվետու է ինչպես Եհովային, այնպես էլ Հիսուսին այն հարցում, թե ինչպես է վերաբերվում իր կնոջն ու երեխաներին (1 Պետ. 3։7)։
4. Ի՞նչ իշխանություն ունեն Եհովան ու Հիսուսը։
4 Լինելով իր մեծ ընտանիքի Գլուխը՝ Եհովան իշխանություն ունի օրենքներ սահմանելու իր զավակների համար, ինչպես նաև պահանջելու, որ նրանք հնազանդվեն դրանց (Ես. 33։22)։ Հիսուսը՝ որպես քրիստոնեական ժողովի գլուխ, նույնպես իրավունք ունի օրենքներ սահմանելու և պահանջելու, որ ժողովը պահի դրանք (Գաղ. 6։2; Կող. 1։18–20)։
5. Ի՞նչ իշխանություն ունի ընտանիքի գլուխը, և որո՞նք են դրա սահմանները։
5 Ինչպես Եհովան ու Հիսուսը, այնպես էլ ընտանիքի գլուխը իշխանություն ունի կանոններ սահմանելու (Հռոմ. 7։2; Եփես. 6։4)։ Սակայն նրա իշխանությունը սահմանափակ է։ Նրա դրած կանոնները պետք է հիմնված լինեն սուրբգրային սկզբունքների վրա (Առակ. 3։5, 6)։ Բացի այդ՝ ընտանիքի գլուխը իրավունք չունի կանոններ սահմանելու նրանց համար, ովքեր իր ընտանիքի անդամները չեն (Հռոմ. 14։4)։ Երբ երեխաները մեծանում ու հեռանում են տնից, այլևս նրա իշխանության տակ չեն լինում, թեև շարունակում են հարգել նրան (Մատթ. 19։5)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Ինչո՞ւ է Եհովան հաստատել գլխավորության սկզբունքը։
6 Եհովան սիրուց մղված է հաստատել գլխավորության սկզբունքը։ Այն Աստծու պարգևն է։ Դրա շնորհիվ Եհովայի ընտանիքում խաղաղություն և կարգուկանոն է տիրում (1 Կորնթ. 14։33, 40)։ Առանց գլխավորության սկզբունքի՝ Եհովայի ընտանիքը կազմակերպված և երջանիկ չէր լինի։ Ոչ ոք չէր իմանա, թե ով պետք է վերջնական որոշում կայացնի, և ով պետք է հետևի, որ այն իրագործվի։
7. Եփեսացիներ 5։25, 28 համարների համաձայն՝ Եհովան ուզում է, որ տղամարդիկ ինչպե՞ս վերաբերվեն կանանց։
7 Եթե գլխավորությունը պարգև է Աստծուց, ինչո՞ւ են շատ ընտանիքներում ամուսինները ճնշում կանանց և չարաշահում իրենց իշխանությունը։ Պատճառն այն է, որ նրանք անտեսում են ընտանիքի վերաբերյալ Եհովայի տված չափանիշները և հետևում են տեղի սովորություններին ու ավանդույթներին։ Կանանց հանդեպ վատ վերաբերմունքի պատճառ կարող են լինել նաև տղամարդկանց եսասիրական ձգտումները։ Օրինակ՝ ամուսինը գուցե ինքնահարգանքը բարձրացնելու և ուրիշների աչքում «իսկական տղամարդ» երևալու համար չարաշահի կնոջ վրա ունեցած իր իշխանությունը։ Նա գուցե մտածի, որ թեև չի կարող կնոջը ստիպել սիրել իրեն, բայց կարող է վախի մեջ պահել և դրա միջոցով ղեկավարել նրան։b Նման մտածելակերպն ու վարքը միանգամայն հակասում են Եհովայի կամքին և զրկում կնոջը այն պատվից ու հարգանքից, որին նա արժանի է (կարդա Եփեսացիներ 5։25, 28)։
ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻ ԼԱՎ ԳԼՈՒԽ
8. Ի՞նչ կարող է անել տղամարդը ընտանիքի լավ գլուխ լինելու համար։
8 Գլխավորությունը ճիշտ գործադրելու հարցում տղամարդը շատ բան կարող է սովորել Եհովայից և Հիսուսից։ Քննենք նրանց հատկություններից երկուսը և տեսնենք, թե ընտանիքի գլուխը ինչպե՞ս կարող է դրսևորել դրանք իր կնոջ և երեխաների նկատմամբ։
9. Ինչպե՞ս է Եհովան խոնարհություն դրսևորում։
9 Խոնարհություն։ Եհովան ամենաիմաստուն Անձնավորությունն է, բայց լսում է իր ծառաների կարծիքը (Ծննդ. 18։23, 24, 32)։ Նա թույլ է տալիս, որ իր իշխանության տակ եղողները առաջարկներ անեն (1 Թագ. 22։19–22)։ Եհովան կատարյալ է, բայց առայժմ մեզնից կատարելություն չի պահանջում։ Ընդհակառակը, նա օգնում է իրեն ծառայող անկատար մարդկանց, որ հաջողության հասնեն (Սաղ. 113։6, 7)։ Աստվածաշունչը նրան նույնիսկ «օգնական» է կոչում (Սաղ. 27։9; Եբր. 13։6)։ Մի առիթով Դավիթ թագավորն ասաց, որ միմիայն Եհովայի խոնարհության շնորհիվ է կարողացել կատարել իրեն հանձնարարված մեծամեծ գործերը (2 Սամ. 22։36)։
10. Ինչպե՞ս է Հիսուսը խոնարհություն դրսևորել։
10 Քննենք Հիսուսի օրինակը։ Թեև նա Տեր էր և Ուսուցիչ, բայց լվաց իր աշակերտների ոտքերը։ Եհովան այդ մասին գրել է տվել Աստվածաշնչում, որպեսզի բոլորս, այդ թվում՝ ընտանիքի գլուխները, հետևենք Հիսուսի օրինակին։ Հիսուսն ինքն ասաց. «Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք» (Հովհ. 13։12–17)։ Թեև նա մեծ իշխանություն ուներ, բայց չէր ակնկալում, որ մարդիկ ծառայեին իրեն։ Փոխարենը՝ ինքն էր ծառայում նրանց (Մատթ. 20։28)։
11. Խոնարհության հարցում ի՞նչ կարող է սովորել ընտանիքի գլուխը Եհովայից ու Հիսուսից։
11 Ի՞նչ ենք սովորում։ Ընտանիքի գլուխը կարող է խոնարհություն դրսևորել տարբեր կերպերով։ Օրինակ՝ նա կատարելություն չի ակնկալի իր կնոջից ու երեխաներից։ Նա կլսի և հաշվի կառնի ընտանիքի անդամների կարծիքը, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն իր հետ։ Մարլին, ով ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Ես ու ամուսինս երբեմն տարբեր կարծիքներ ենք ունենում։ Սակայն երբ նախքան որոշում կայացնելը նա հարցնում է իմ կարծիքը և հաշվի է առնում այն, ես ինձ հարգված ու գնահատված եմ զգում»։ Խոնարհ ամուսինը նաև պատրաստակամորեն կատարում է տնային գործեր, նույնիսկ եթե դրանք իրենց մշակույթում միայն կանայք են անում։ Ինչ խոսք, դա կարող է դժվար լինել։ Ինչո՞ւ։ Ռեյչլ անունով մի քույր ասում է. «Իմ ծննդավայրում, եթե ամուսինը օգնում է կնոջը լվանալ ափսեները կամ մաքրել տունը, հարազատներն ու շրջապատի մարդիկ մտածում են, թե նա «իսկական տղամարդ» չէ և չի կարողանում ղեկավարել իր ընտանիքը»։ Եթե ձեր մշակույթում նույնպես տարածված է նման տեսակետ, հիշիր, որ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը, թեև դա ծառայի գործ էր համարվում։ Ընտանիքի լավ գլուխը ոչ թե անհանգստանում է, թե ուրիշներն ինչ կմտածեն իր մասին, այլ թե ինչ կզգան իր կինն ու երեխաները։ Բացի խոնարհությունից՝ ուրիշ ի՞նչ հատկություն պետք է ունենա ընտանիքի լավ գլուխը։
12. Սերը ի՞նչ անելու է մղում Եհովային ու Հիսուսին։
12 Սեր։ Եհովայի բոլոր գործերի հիմքում ընկած է սերը (1 Հովհ. 4։7, 8)։ Սիրուց մղված՝ նա իր Խոսքի և կազմակերպության միջոցով հոգում է մեր հոգևոր կարիքները։ Նա հոգում է նաև մեր էմոցիոնալ կարիքները՝ հավաստիացնելով իր սիրո մեջ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր նյութական կարիքների մասին։ Եհովան «առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք» (1 Տիմոթ. 6։17)։ Երբ սխալ ենք անում, նա ուղղում է մեզ, բայց շարունակում է սիրել։ Սիրուց մղված՝ Եհովան փրկագնել է մեզ։ Հիսուսն էլ այնքան է սիրում մեզ, որ իր կյանքը պատրաստակամորեն տվել է մեր մեղքերի ներման համար (Հովհ. 3։16; 15։13)։ Ոչինչ չի կարող խանգարել Եհովային ու Հիսուսին, որ սիրեն նրանց, ովքեր հավատարիմ են իրենց (Հովհ. 13։1; Հռոմ. 8։35, 38, 39)։
13. Ինչո՞ւ է կարևոր, որ տղամարդը սեր դրսևորի իր ընտանիքի հանդեպ (տես նաև «Ինչպե՞ս կարող ես վաստակել կնոջդ հարգանքը. խորհուրդներ նոր ամուսնացած տղամարդկանց համար» շրջանակը)։
13 Ի՞նչ ենք սովորում։ Ընտանիքի գլուխը ամեն ինչ պետք է անի սիրուց մղված։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Հովհաննես առաքյալը պատասխանում է. «Ով չի սիրում իր եղբորը [կամ ընտանիքին], որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհ. 4։11, 20)։ Այն տղամարդը, ով սիրում է իր կնոջն ու երեխաներին և ցանկանում է ընդօրինակել Եհովային ու Հիսուսին, կհոգա ընտանիքի հոգևոր, էմոցիոնալ և նյութական կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Նա նաև կկրթի ու կխրատի իր երեխաներին։ Բացի այդ՝ կսովորի այնպիսի որոշումներ կայացնել, որոնք փառք կբերեն Եհովային և օգուտներ՝ ընտանիքին։ Այժմ եկեք մեկ առ մեկ քննենք այս մտքերը և տեսնենք, թե ընտանիքի գլուխը ինչպես կարող է ընդօրինակել Եհովային ու Հիսուսին այս հարցերում։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼՈՒԽԸ
14. Ինչպե՞ս կարող է տղամարդը հոգալ իր ընտանիքի հոգևոր կարիքները։
14 Հոգում է ընտանիքի հոգևոր կարիքները։ Ընդօրինակելով իր Հորը՝ Հիսուսը հոգ էր տանում իր հետևորդների հոգևոր կարիքների մասին (Մատթ. 5։3, 6; Մարկ. 6։34)։ Ընտանիքի գլուխը նույնպես պետք է հոգա իր ընտանիքի հոգևոր կարիքների մասին, և դրանց պետք է առաջնային կարևորություն տա (2 Օրենք 6։6–9)։ Նա դա կարող է անել, եթե ընտանիքի հետ միասին կարդա և ուսումնասիրի Աստծու Խոսքը, հաճախի ժողովի հանդիպումներին, քարոզի բարի լուրը, մտերմանա Եհովայի հետ ու պահպանի այդ մտերմությունը։
15. Ինչպե՞ս կարող է տղամարդը հոգալ իր ընտանիքի էմոցիոնալ կարիքները։
15 Հոգում է ընտանիքի էմոցիոնալ կարիքները։ Եհովան չէր վարանում ուրիշների ներկայությամբ արտահայտել իր սերը Հիսուսի հանդեպ (Մատթ. 3։17)։ Հիսուսը նույնպես ցույց էր տալիս, որ սիրում է իր հետևորդներին, և դա անում էր թե՛ գործով, թե՛ խոսքով։ Նրանք էլ իրենց հերթին էին ասում, որ սիրում են Հիսուսին (Հովհ. 15։9, 12, 13; 21։16)։ Նմանապես տղամարդը կարող է գործերով ցույց տալ, որ սիրում է իր կնոջն ու երեխաներին, օրինակ, եթե իր ընտանիքի հետ միասին ուսումնասիրի Աստծու Խոսքը։ Նա նաև պետք է խոսքերով ցույց տա իր սերն ու գնահատանքը նրանց հանդեպ և, երբ տեղին է, գովի ուրիշների ներկայությամբ (Առակ. 31։28, 29)։
16. Ուրիշ ի՞նչ պետք անի ընտանիքի գլուխը և ինչպե՞ս կարող է հավասարակշռված լինել այդ հարցում։
16 Հոգում է ընտանիքի նյութական կարիքները։ Եհովան ապահովում էր իսրայելացիներին անհրաժեշտ բաներով, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք պատժված էին իրենց անհնազանդության պատճառով (2 Օրենք 2։7; 29։5)։ Նմանապես այսօր նա հոգ է տանում մեր նյութական կարիքների մասին (Մատթ. 6։31–33; 7։11)։ Հիսուսն էլ էր կերակրում իր հետևորդներին (Մատթ. 14։17–20)։ Նա նաև հոգ էր տանում նրանց առողջության մասին (Մատթ. 4։24)։ Եհովայի հավանությունն ունենալու համար տղամարդը պետք է բավարարի ընտանիքի նյութական կարիքները։ Սակայն այս հարցում պետք է հավասարակշռված լինի։ Նա չպետք է այնքան ժամանակ տրամադրի աշխատանքին, որ անտեսի ընտանիքի հոգևոր և էմոցիոնալ կարիքները։
17. Եհովան ու Հիսուսը ինչպե՞ս են կրթում ու խրատում մեզ։
17 Կրթում և խորհուրդներ է տալիս։ Եհովան կրթում ու խրատում է մեզ մեր իսկ բարօրության համար (Եբր. 12։7–9)։ Ընդօրինակելով նրան՝ Հիսուսը կրթում է իր հետևորդներին և դա անում է սիրառատ կերպով (Հովհ. 15։14, 15)։ Խորհուրդ տալիս նա հաստատակամ է, բայց մեղմ (Մատթ. 20։24–28)։ Նա հասկանում է, որ մենք անկատար ենք և հակված ենք սխալներ անելու (Մատթ. 26։41)։
18. Ինչի՞ մասին պետք է միշտ հիշի ընտանիքի գլուխը։
18 Ընտանիքի գլուխը, ով ընդօրինակում է Եհովային ու Հիսուսին, հիշում է, որ իր ընտանիքի անդամները անկատար են։ Նա «դառնապես չի բարկանում նրանց վրա» (Կող. 3։19)։ Փոխարենը՝ կիրառում է Գաղատացիներ 6։1-ում գրված սկզբունքը և ջանում է ուղղել նրանց «մեղմության ոգով»՝ հիշելով, որ ինքն էլ է անկատար։ Հիսուսի նման նա նույնպես հասկանում է, որ կրթելու լավագույն ձևը օրինակ լինելն է (1 Պետ. 2։21)։
19–20. Որոշումներ կայացնելիս ընտանիքի գլուխը ինչպե՞ս կարող է ընդօրինակել Եհովային ու Հիսուսին։
19 Որոշումներ կայացնելիս եսասիրություն չի դրսևորում։ Եհովան այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք նպաստում են ուրիշների բարօրությանը։ Օրինակ՝ նա որոշեց արարել կյանքը ոչ թե եսասիրական մղումներից ելնելով, այլ քանի որ ցանկացավ՝ ուրիշներն էլ վայելեն այն։ Ոչ ոք չէր կարող ստիպել Եհովային, որ իր Որդուն փրկանք տար մեր մեղքերի ներման համար։ Նա արեց այդ զոհողությունը հանուն մեզ։ Հիսուսն էլ այնպիսի որոշումներ կայացրեց, որոնք օգուտներ բերեցին ուրիշներին (Հռոմ. 15։3)։ Օրինակ՝ նա զոհեց իր հանգիստը, որպեսզի սովորեցնի մի մեծ բազմության (Մարկ. 6։31–34)։
20 Ընտանիքի լավ գլուխը գիտի, որ ամենադժվար բաներից մեկը ընտանիքի համար իմաստուն որոշումներ կայացնելն է, ուստի ամենայն լրջությամբ է վերաբերվում դրան։ Նա որոշումներ չի կայացնում էմոցիաների ազդեցության տակ կամ ըստ իր քմահաճույքի։ Նա թույլ է տալիս, որ Եհովան կրթի իրեն (Առակ. 2։6, 7)։c Այդպես վարվելով՝ ընտանիքի գլուխը ցույց է տալիս, որ մտածում է ոչ թե իր մասին, այլ մյուսների (Փիլիպ. 2։4)։
21. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
21 Ընտանիքի գլուխներին դժվար պատասխանատվություն է վստահված։ Նրանք հաշվետու են Եհովային, թե ինչպես կկատարեն այն։ Եթե ամուսինը ընդօրինակի Եհովային և Հիսուսին, նրան կհաջողվի լինել ընտանիքի լավ գլուխ։ Եվ եթե նրա կինն էլ ընտանիքում ունեցած իր դերը կատարի, նրանց ամուսնությունը երջանիկ կլինի։ Իսկ ինչպե՞ս պետք է կանայք վերաբերվեն գլխավորությանը, և ի՞նչ դժվարությունների են նրանք բախվում։ Այս հարցերը կքննենք հաջորդ հոդվածում։
ԵՐԳ 16 Որդուն թագադրեց. փա՛ռք Յահին
a Ամուսնանալով՝ տղամարդը իր ընտանիքն է կազմում և դառնում ընտանիքի գլուխ։ Այս հոդվածաշարի առաջին հոդվածից կիմանանք, թե ինչ է գլխավորությունը, և ինչու է Եհովան նման կարգ սահմանել։ Նաև կիմանանք, թե ամուսնացած տղամարդը ինչ կարող է սովորել Եհովայից և Հիսուսից։ Երկրորդ հոդվածում կտեսնենք, թե կողակիցները ինչ կարող են սովորել Հիսուսից և աստվածաշնչյան այլ օրինակներից։ Իսկ վերջին՝ երրորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես է գլխավորության սկզբունքը գործում ժողովում։
b Երբեմն ֆիլմերում, ներկայացումներում և ծիծաղաշարժ պատմություններում կնոջը վատ վերաբերվելը և նույնիսկ նրան ֆիզիկական բռնության ենթարկելը ներկայացվում է որպես նորմալ երևույթ։ Ուստի մարդիկ գուցե մտածեն, որ սխալ չէ, երբ տղամարդը իշխանություն է բանեցնում իր կնոջ վրա։
c Ճիշտ որոշումներ կայացնելու վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տես «Դիտարանի» 2011 թ. ապրիլի 15-ի համարում տպագրված «Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» հոդվածը (էջ 13–17)։