ՀԱՎԵԼՎԱԾ
Ի՞նչ են շեոլը և հադեսը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ բնագիր տեքստում եբրայերեն «շեոլ» և դրա հունարեն համարժեք «հադես» բառերը օգտագործվում են ավելի քան 70 անգամ։ Այս երկու բառերն էլ վերաբերում են մահվանը։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում դրանք ներկայացված են «գերեզման», «դժոխք» կամ «անդունդ» բառերով։ Սակայն շատ լեզուներում չկան համապատասխան բառեր, որոնք ճշգրտորեն կփոխանցեին եբրայերեն և հունարեն այդ բառերի իմաստը։ Ի՞նչ են նշանակում «շեոլ» և «հադես» բառերը և ի՞նչ իմաստով են օգտագործվում Աստվածաշնչում։
Ժողովող 9։10-ում ասվում է. «Գերեզմանում [շեոլ], ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ շեոլը առանձին մի գերեզման է, որտեղ թաղվել է մեր մահացած հարազատը։ Ո՛չ։ Երբ Աստվածաշնչում խոսվում է թաղման համար նախատեսված առանձին վայրի, կամ՝ գերեզմանի մասին, օգտագործվում են եբրայերեն և հունարեն այլ բառեր (Ծննդոց 23։7–9; Մատթեոս 28։1)։ Աստվածաշնչում «շեոլ» բառը չի վերաբերում նաև գերեզմանոցի, որտեղ մի քանի հոգի են թաղված, ինչպիսին, օրինակ, ընտանեկան գերեզմանոցն է և ընդհանուր մեծ գերեզմանոցը (Ծննդոց 49։30, 31)։
Այդ դեպքում ինչպիսի՞ վայր է շեոլը։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ շեոլն ու հադեսը անհամեմատ ավելի մեծ են, քան գերեզմանոցները, որտեղ շատ մարդիկ են թաղված։ Օրինակ՝ Եսայիա 5։14-ում ասվում է, որ «գերեզմանը [շեոլ] լայնացրել է իր հոգին և լայն ու անսահման բացել իր երախը»։ Թեև շեոլը, այսպես ասած, արդեն կուլ է տվել անթիվ-անհամար մարդկանց, այնուհանդերձ այն անհագ է (Առակներ 30։15, 16)։ Ի տարբերություն թաղման համար նախատեսված ցանկացած վայրի, որտեղ միայն սահմանափակ թվով մարդիկ կարող են թաղվել՝ շեոլը «չի կշտանում» (Առակներ 27։20)։ Այն երբեք չի լցվում, քանի որ սահման չունի։ Ուստի շեոլը, կամ՝ հադեսը, ոչ թե բառացի, այլ խորհրդանշական մի վայր է՝ մարդկանց համընդհանուր գերեզման, որտեղ մարդկության մեծամասնությունը քնած է մահվան քնով։
Հարության մասին աստվածաշնչյան ուսմունքը օգնում է մեզ ավելի խորությամբ հասկանալու «շեոլ» և «հադես» բառերի նշանակությունը։ Ըստ Աստվածաշնչի՝ շեոլում գտնվող մարդիկ հարություն են առնելուa (Հոբ 14։13; Գործեր 2։31; Հայտնություն 20։13)։ Աստծու Խոսքը նաև ցույց է տալիս, որ շեոլում, կամ՝ հադեսում են գտնվում ոչ միայն այն անհատները, որոնք ծառայել են Եհովային, այլև բազմաթիվ ուրիշ մարդիկ, որոնք չեն ծառայել նրան (Ծննդոց 37։35; Սաղմոս 55։15)։ Ուստի, ինչպես հայտնում է Աստվածաշունչը, «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։
a Մյուս մահացածները, ովքեր հարություն չեն առնելու, գտնվում են ոչ թե շեոլում, կամ՝ հադեսում, այլ «գեհենում» (Մատթեոս 5։30; 10։28; 23։33)։ Շեոլի և հադեսի նման՝ գեհենը նույնպես բառացի վայր չէ։