Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կոչվում Աստծու Որդի
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում Հիսուսը հաճախ կոչվում է «Աստծու Որդի» (Հովհաննես 1։49)։ «Աստծու Որդի» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված Արարիչն է, կամ՝ բոլոր կենդանի էակների, այդ թվում՝ Հիսուսի կյանքի Աղբյուրը (Սաղմոս 36:9; Հայտնություն 4:11)։ Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Աստված հայր է դարձել այնպես, ինչպես որ մարդ արարածն է, երեխա ունենալով, հայր դառնում։
Աստվածաշնչում հրեշտակները նույնպես կոչվում են «ճշմարիտ Աստծու որդիներ» (Հոբ 1։6)։ Համաձայն Սուրբ Գրքի՝ առաջին մարդը՝ Ադամն էլ էր Աստծու որդին (Ղուկաս 3:38)։ Սակայն Աստվածաշունչը Հիսուսին առանձնացնում է Աստծու մյուս որդիներից, քանի որ նա Աստծու առաջին ստեղծագործությունն է և միակը, ով ստեղծվել է անմիջականորեն նրա կողմից։
Նախքան երկիր գալը Հիսուսը ապրե՞լ է երկնքում
Այո՛։ Նախքան երկրի վրա որպես մարդ ծնվելը Հիսուսը ոգեղեն արարած էր երկնքում։ Նա ինքն է ասել. «Ես իջա երկնքից» (Հովհաննես 6։38; 8։23)։
Նախքան որևէ բան ստեղծելը Աստված արարել էր Հիսուսին։ Աստվածաշունչը Հիսուսի մասին ասում է.
«Նա.... բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն [է]» (Կողոսացիներ 1։15)։
Նա է «Աստծու ստեղծագործության սկիզբը» (Հայտնություն 3։14)։
Աստվածաշնչյան մարգարեության համաձայն՝ Հիսուսն է այն անձնավորությունը, «որի ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից» (Միքիա 5։2; Մատթեոս 2։4–6)։
Նախքան երկիր գալը ի՞նչ էր անում Հիսուսը
Նա երկնքում բարձր դիրք էր զբաղեցնում։ Հիսուսը այդ դիրքն ի մտի ուներ, երբ աղոթեց. «Հա՛յր, փառավորիր ինձ.... այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը» (Հովհաննես 17։5)։
Նա օգնում էր իր Հորը արարելու մնացած բոլոր բաները։ Հիսուսը ուս ուսի աշխատում էր Աստծու հետ որպես «հմուտ վարպետ» (Առակներ 8։30)։ Աստվածաշունչն ասում է, որ «նրա միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա» (Կողոսացիներ 1։16)։
Աստված Հիսուսի միջոցով է արարել գոյություն ունեցող ամեն բան, այդ թվում՝ մյուս բոլոր ոգեղեն արարածներին, ինչպես նաև տիեզերքը (Հայտնություն 5:11)։ Որոշ առումներով Աստծու և Հիսուսի այս համագործակցությունը կարելի է նմանեցնել շինարարի և ճարտարապետի համագործակցությանը։ Ճարտարապետը նախագծում է, իսկ շինարարը կյանքի է կոչում այդ նախագիծը։
Նա ծառայում էր որպես Խոսք։ Հիսուսի մինչմարդկային գոյության մասին խոսելիս Աստվածաշունչը նրան կոչում է «Խոսք» (Հովհաննես 1:1)։ Ակներևաբար դա նշանակում է, որ Աստված իր Որդու միջոցով տեղեկություն և հրահանգներ էր տալիս այլ ոգեղեն արարածներին։
Որպես Աստծու ներկայացուցիչ՝ Հիսուսը նրա խոսքերը, ամենայն հավանականությամբ, փոխանցում էր նաև մարդկանց։ Հավանաբար հենց նրա՝ Խոսքի միջոցով էր Աստված խոսում Ադամի ու Եվայի հետ, երբ Եդեմի պարտեզում հրահանգներ էր տալիս նրանց (Ծննդոց 2:16, 17)։ Հնարավոր է նաև, որ Հիսուսն էր այն հրեշտակը, որը հին իսրայելացիներին առաջնորդեց անապատի միջով, և որի ձայնին նրանք պետք է ամեն ինչում հնազանդվեին (Ելք 23:20–23)։a
a «Խոսքը» միակ հրեշտակը չէ, որի միջոցով Աստված հաղորդակցվել է։ Օրինակ՝ հին իսրայելացիներին նա Օրենքը փոխանցեց ոչ թե իր առաջնեկ Որդու, այլ իր երկնային որդիների միջոցով (Գործեր 7:53; Գաղատացիներ 3:19; Եբրայեցիներ 2:2, 3)։