Հովհաննես
Քրիստոսի աղօթքը։
17 Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ. 2 Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան: 3 Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին: 4 Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ: 5 Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ: 6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր ինձ. քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. եւ քո խօսքը պահեցին: 7 Հիմա իմացան, որ այն ամենը որ ինձ տուիր՝ քեզանից է. 8 Որովհետեւ այն խօսքն՝ որ ինձ տուիր, ես նորանց տուի. եւ նորանք ընդունեցին, եւ ճշմարտութեամբ իմացան, որ քեզանից դուրս եկայ. եւ հաւատացին, թէ դու ուղարկեցիր ինձ: 9 Ես նորանց համար եմ աղաչում. ոչ թէ այս աշխարհքի համար եմ աղաչում. այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են: 10 Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է. եւ ինչ որ քոնն է՝ իմն է. եւ ես փառաւորուած եմ նորանցում: 11 Եւ ես՝ այլ եւս աշխարհքումս չեմ, իսկ նորանք աշխարհքումս են , եւ ես քեզ մօտ եմ գալիս. ով Սուրբ Հայր, պահիր նորանց քո անունովը, որոնց տուիր ինձ, որ մէկ լինեն ինչպէս մենք: 12 Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի, ես էի պահում նորանց քո անունովը. նորանց որ տուիր ինձ, պահեցի. եւ նորանցից ոչ մէկը չ’կորաւ. բայց միայն կորուստի որդին, որ գրուածը կատարուի: 13 Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը: 14 Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ: 15 Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը: 16 Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ: 17 Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է: 18 Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք: 19 Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն: 20 Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, ալ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան ինձ: 21 Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ: 22 Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք: 23 Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր: 24 Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ: 25 Արդար Հայր, աշխարհքը չ’ճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ: 26 Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում: