Դավթի երգը:
א [Ալեֆ]
37 Չարագործներին տեսնելով՝ մի՛ նեղվիր,
Մեղսագործներին մի՛ նախանձիր:+
2 Նրանք շուտով խոտի պես կչորանան,+
Նոր բուսնած կանաչ խոտի պես կթառամեն:
ב [Բեթ]
3 Եհովային ապավինիր և բարին գործիր,+
Խաղաղ ապրիր երկրի վրա և հավատարմությամբ վարվիր:+
4 Թող Եհովան քեզ համար մեծագույն ուրախության աղբյուր լինի,
Այդ դեպքում քո սրտի փափագը նա կիրագործի:
ג [Գիմել]
5 Ամեն ինչ Եհովայի ձեռքը հանձնիր,+
Նրան ապավինիր. նա գործի կանցնի ու քեզ կօգնի:+
6 Քո ճիշտ գործերը կշողացնի առավոտյան ծագող լույսի պես,
Քո արդար գործերը՝ կեսօրվա արևի պես:
ד [Դալեթ]
7 Լռությամբ սպասիր Եհովային,+
Համբերությամբ սպասիր, որ նա գործի անցնի:
Մի՛ նեղվիր՝ տեսնելով այն մարդուն,
Ով հաջողությամբ իր դավերն է իրագործում:+
ה [Հե]
8 Ազատվիր բարկությունից, վերջ տուր ցասմանը,+
Մի՛ սրտնեղիր, որ չարիք չգործես,
9 Որովհետև չարագործները կկործանվեն,+
Իսկ Եհովային ապավինողները երկիրը կժառանգեն:+
ו [Վավ]
10 Եվս մի փոքր ժամանակ, և անօրեններն այլևս չեն լինի,+
Կնայես այնտեղ, որտեղ առաջ էին, բայց էլ նրանց չես տեսնի:+
11 Իսկ հեզերը կժառանգեն երկիրը+
Եվ ապրելով լիակատար խաղաղության մեջ՝
Անսահման ուրախություն կվայելեն:+
ז [Զային]
12 Անօրենը արդարի դեմ դավ է նյութում,+
Նրա վրա իր ատամներն է կրճտացնում:
13 Բայց Եհովան կծիծաղի անօրենի վրա,
Չէ՞ որ գիտի՝ նրա կործանման օրը կգա:+
ח [Խեթ]
14 Անօրեններն իրենց սրերն են քաշում,
Իրենց աղեղներն են ճկում,
Որ անօգնականին ու խեղճին տապալեն,
Որ արդար ուղով գնացողներին կոտորեն:
15 Բայց նրանց սուրը իրենց իսկ սիրտը կմխրճվի,+
Եվ նրանց աղեղը կկոտրվի:
ט [Տեթ]
16 Ավելի լավ է արդարի ունեցած քիչը,
Քան շատ անօրենների վայելած առատությունը,+
17 Որովհետև անօրենների բազկի ուժը կկոտրվի,
Իսկ արդարներին Եհովան թիկունք կկանգնի:
י [Յոդ]
18 Եհովան գիտի՝ անարատներն ինչերի միջով են անցնում,
Ու նրանց կտա մնայուն ժառանգություն:+
19 Նեղության օրը նրանք ամոթով չեն մնա,
Սովի օրերին լիովին կկշտանան:
כ [Կաֆ]
20 Իսկ անօրենները կվերանան,+
Եհովայի թշնամիները կանաչ հանդերի խոտի պես կչորանան:
Նրանք ծխի պես կանհետանան:
ל [Լամեդ]
21 Անօրենը պարտք է վերցնում և չի վերադարձնում,
Բայց արդարը առատաձեռնություն է դրսևորում:+
22 Աստծուց օրհնվածները երկիրը կժառանգեն,
Իսկ նրա անեծքին արժանացածները կբնաջնջվեն:+
מ [Մեմ]
23 Երբ Եհովան հավանում է մարդու բռնած ուղին,+
Նա ուղղություն է տալիս նրա քայլերին:+
24 Թեև նա գուցե ընկնի, բայց չի տապալվի,+
Որովհետև Եհովան բռնել է նրա ձեռքից:+
נ [Նուն]
25 Երիտասարդությունիցս մինչև ծերություն
Ես երբևէ չեմ տեսել արդարին լքված,+
Ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս:+
26 Արդար մարդը միշտ պարտք է տալիս գթասրտորեն,+
Դրա համար էլ նրա զավակները Աստծուց կօրհնվեն:
ס [Սամեխ]
27 Հեռու մնա չար բաներից, բարին արա+
Եվ կապրես հավիտյան,
28 Որովհետև արդարություն է սիրում Եհովան,
Նա չի լքի նրանց, ովքեր նվիրված են իրեն:+
ע [Ային]
Նրանք միշտ պաշտպանված կլինեն,+
Իսկ անօրենների սերունդները կբնաջնջվեն:+
29 Արդարները երկիրը կժառանգեն+
Եվ հավիտյան այնտեղ կապրեն:+
פ [Պե]
30 Արդարի բերանից իմաստություն է բխում,
Նրա լեզուն արդարության մասին է խոսում:+
31 Իր Աստծու օրենքն է նրա սրտում,+
Նա հաստատուն քայլերով դրան է հետևում:+
צ [Ցադե]
32 Անօրենը հետևում է արդարին
Եվ առիթ է փնտրում, որ նրան սպանի:
33 Սակայն Եհովան չի թողնի՝ արդարը նրա ձեռքն ընկնի:+
Եվ երբ արդարը դատվի, Աստված նրան մեղավոր չի ճանաչի:+
ק [Կոֆ]
34 Հույսդ Եհովայի վրա դիր, նրա ճանապարհով գնա,
Եվ նա կպատվի քեզ՝ թույլ կտա, որ երկիրը ժառանգես:
Անօրենների կործանումը+ դու քո աչքով կտեսնես:+
ר [Ռեշ]
35 Ես տեսել եմ անգութ, չար մարդու,
Որ հողում տնկված փարթամ ծառի պես իր ճյուղերն էր տարածում:+
36 Բայց հանկարծակի մահը վրա հասավ ու նա չքացավ,+
Փնտրեցի նրան և հետքն անգամ չգտա:+
ש [Շին]
37 Նայիր անարատին,
Ուշադրություն դարձրու ուղղամիտին.+
Այդպիսի մարդու ապագան խաղաղ կլինի:+
38 Բայց բոլոր հանցավորները բնաջինջ կլինեն,
Անօրեններն ապագա չունեն:+
ת [Տավ]
39 Եհովայից է գալու արդարների փրկությունը,+
Նա է նրանց ամրոցը նեղության օրը:+
40 Եհովան օգնության կհասնի և կփրկի նրանց,+
Կազատի անօրեն մարդկանց ձեռքից ու կտա փրկություն,
Չէ՞ որ նրանք իր մոտ են գտել պաշտպանություն:+