Մարկոս
6 Հիսուսը հեռացավ այնտեղից ու գնաց իր հայրենի վայրերը:+ Նրա աշակերտները գնացին նրա հետ: 2 Շաբաթ օրը նա սկսեց ուսուցանել ժողովարանում: Նրան լսողներից շատերը զարմացած ասում էին. «Այս մարդը որտեղի՞ց գիտի այս ամենը:+ Ո՞վ է նա, որ նրան այսպիսի իմաստություն և զորավոր գործեր անելու կարողություն է տրվել:+ 3 Սա այն ատաղձագործը չէ՞՝+ Մարիամի որդին՝+ Հակոբոսի,+ Հովսեփի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը:+ Նրա քույրերն էլ մեզ հետ նույն քաղաքում են ապրում»: Այսպես մտածելով՝ չէին ընդունում նրան: 4 Հիսուսն էլ ասաց. «Մարգարեն ամենուրեք պատվի է արժանանում, միայն թե ոչ իր հայրենի վայրերում, իր հարազատների մեջ և իր իսկ տանը»:+ 5 Ուստի նա շատ հրաշքներ չարեց այնտեղ. ընդամենը մի քանի հիվանդների բուժեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով: 6 Այդ մարդկանց անհավատությունն ուղղակի ապշեցնում էր նրան: Այնուհետև Հիսուսը գնաց շրջակա գյուղերը, որ ուսուցանի այնտեղ:+
7 Նա իր մոտ կանչեց 12 առաքյալներին և երկու-երկու ուղարկեց՝+ չար* ոգիներին հանելու իշխանություն տալով նրանց:+ 8 Նաև պատվիրեց, որ ճանապարհի համար, բացի ցուպից, ուրիշ ոչինչ չվերցնեն՝ ո՛չ հաց, ո՛չ պայուսակ, ո՛չ փող՝* իրենց գոտիների մեջ,+ 9 ո՛չ էլ փոխնորդ հագուստ ունենան իրենց հետ,* պարզապես հագնեն իրենց սանդալներն ու գնան: 10 Այնուհետև ասաց նրանց. «Որտեղ էլ ինչ-որ մեկի տուն մտնեք, մնացեք այնտեղ, քանի դեռ չեք հեռացել այդ տարածքից:+ 11 Եթե մի տեղ ձեզ չընդունեն ու չլսեն, այդտեղից հեռանալիս թափ տվեք հողը ձեր ոտքերից՝ ցույց տալով, որ զգուշացրել եք նրանց»:*+ 12 Առաքյալները գնացին ու սկսեցին քարոզել մարդկանց՝ ասելով, որ պետք է զղջան:+ 13 Նրանք շատ դևեր էին հանում,+ յուղով օծում բազմաթիվ հիվանդների և բուժում:
14 Այդ ամենի մասին լուրը հասավ Հերովդես* թագավորին, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել: Մարդիկ ասում էին. «Նա հարություն առած Հովհաննես Մկրտիչն է: Դրա համար էլ կարողանում է անել այդ հրաշքները»:+ 15 Ոմանք էլ ասում էին. «Նա Եղիան է»: Ուրիշներն էլ ասում էին. «Հնում ապրած մարգարեների պես մի մարգարե է»:+ 16 Երբ Հերովդեսը լսեց նրա մասին, ասաց. «Հովհաննեսը, որին գլխատել էի, հարություն է առել»: 17 Բանն այն է, որ Հերովդեսը, ցանկանալով հաճեցնել իր եղբայր Փիլիպոսի կնոջը՝ Հերովդիային, որի հետ ինքը ամուսնացել էր, Հովհաննեսին շղթայել ու բանտ էր գցել,+ 18 քանի որ վերջինս ասում էր. «Օրենքին դեմ է, որ եղբորդ կինը քո կինը լինի»:+ 19 Հերովդիան ոխ էր պահել Հովհաննեսի դեմ և ուզում էր նրան սպանել, բայց չէր կարողանում, 20 որովհետև Հերովդեսը պաշտպանում էր նրան. նա պատկառանք ուներ Հովհաննեսի հանդեպ, քանի որ գիտեր, որ նա արդար ու Աստծուն նվիրված* մարդ է:+ Հերովդեսը հաճույքով էր լսում նրան, թեև նրա խոսքերից տարակուսանքի մեջ էր ընկնում՝ չիմանալով ինչ անել:
21 Բայց ահա հարմար առիթ ստեղծվեց Հերովդիայի համար. Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի+ առթիվ ընթրիք կազմակերպեց իր բարձրաստիճան պաշտոնյաների, զորապետների ու Գալիլեայի անվանի մարդկանց համար:+ 22 Եվ Հերովդիայի աղջիկը եկավ ու սկսեց պարել: Հերովդեսն ու նրա հյուրերը հիացած էին: Ուստի թագավորն ասաց աղջկան. «Խնդրիր, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»: 23 Ապա երդվելով ավելացրեց. «Ինչ էլ որ խնդրես, կտամ քեզ, նույնիսկ իմ թագավորության կեսը»: 24 Աղջիկը դուրս եկավ ու հարցրեց մորը. «Ի՞նչ խնդրեմ»: Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»: 25 Եվ նա անմիջապես հետ դարձավ թագավորի մոտ և ասաց, թե որն է իր խնդրանքը. «Ուզում եմ՝ հենց հիմա սկուտեղի վրա ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»:+ 26 Թագավորին դա բոլորովին դուր չեկավ, բայց քանի որ երդումներ էր տվել հյուրերի առաջ, չուզեց մերժել նրան: 27 Եվ այսպես՝ թագավորը անմիջապես ուղարկեց թիկնապահներից մեկին՝ հրամայելով բերել Հովհաննեսի գլուխը: Նա էլ գնաց, բանտում գլխատեց նրան 28 և գլուխը սկուտեղի վրա բերեց ու տվեց աղջկան, աղջիկն էլ իր մորը տվեց: 29 Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին այդ մասին, եկան, մարմինը տարան ու գերեզման դրեցին:
30 Հիսուսի առաքյալները, վերադառնալով նրա մոտ, պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ սովորեցրել էին:+ 31 Ապա Հիսուսն ասաց նրանց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք, և մի փոքր հանգիստ առեք»:+ Բանն այն է, որ եկող-գնացողներն այնքան շատ էին, որ նրանք անգամ հաց ուտելու ժամանակ չունեին: 32 Ուստի նավակով մի մեկուսի վայր գնացին, որ մենակ մնան:+ 33 Սակայն մարդիկ տեսան, որ նրանք գնում են, և լուրը հասավ շատերին, այնպես որ բոլոր քաղաքներից մարդիկ վազելով գնացին ու նրանցից առաջ հասան այնտեղ: 34 Նավակից դուրս գալով՝ Հիսուսը տեսավ մարդկանց մի մեծ բազմություն, և խղճահարությունից նրա սիրտը ճմլվեց,+ որովհետև ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեին:+ Եվ նա սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց:+
35 Կեսօրից բավականին ժամանակ անց աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Այս տեղը ամայի է, և արդեն ուշ ժամ է:+ 36 Թող մարդիկ գնան մոտակա բնակավայրերն ու գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»:+ 37 Նա ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Նրանք պատասխանեցին. «Ուզում ես ասես՝ գնանք 200 դինարի* հա՞ց գնենք այս բոլոր մարդկանց կերակրելու համար»:+ 38 Հիսուսն ասաց. «Գնացեք տեսեք՝ քանի հաց ունեք»: Աշակերտները ճշտեցին և ասացին. «Հինգ հաց ու երկու ձուկ»:+ 39 Հիսուսը մարդկանց պատվիրեց խումբ-խումբ նստել խոտերի վրա:+ 40 Նրանք էլ 100 և 50-հոգանոց խմբերով նստեցին: 41 Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ Հիսուսը դեպի երկինք նայեց ու աղոթեց:*+ Ապա հացերը մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, որ տան ժողովրդին: Նա երկու ձկներն էլ բաժանեց ու տվեց մարդկանց: 42 Բոլորը կերան ու կշտացան: 43 Հետո 12 լիքը զամբյուղ հացի ավելացած կտորներ հավաքեցին՝ չհաշված ձկները:+ 44 Հաց ուտողները 5 000 տղամարդիկ էին:
45 Դրանից անմիջապես հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նավ նստեն ու գնան մյուս ափ՝ Բեթսայիդայի կողմերը, մինչև որ ինքը ժողովրդին ճանապարհի:+ 46 Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո նա սարը բարձրացավ, որ աղոթի:+ 47 Երբ մթնեց, նավակն արդեն ծովի մեջտեղում էր, իսկ Հիսուսը մենակ սարի վրա էր:+ 48 Տեսնելով, որ հանդիպակաց քամու պատճառով նրանք դժվարությամբ են թիավարում, լույսը դեռ չբացված՝* նա, ծովի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ, և թվում էր, թե ուզում է անցնել նրանց կողքով: 49 Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, իրենց մտքում ասացին՝ «Այս ի՜նչ տեսիլք է», ու գոռացին, 50 քանի որ բոլորն էլ տեսել էին Հիսուսին ու խուճապի մատնվել: Բայց նա անմիջապես ասաց նրանց. «Մի՛ վախեցեք: Այդ ե՛ս եմ»:+ 51 Ապա մտավ նավակ՝ նրանց մոտ, ու քամին դադարեց: Այդ ամենից աշակերտներն ապշել էին. 52 նրանք դեռ եզրակացություն չէին արել հացերի դեպքից, և նրանց մտքում դեռևս ամեն բան պարզ չէր:
53 Հասնելով մյուս ափ՝ խարիսխ գցեցին Գեննեսարեթի մոտ:+ 54 Հենց որ նավակից դուրս եկան, մարդիկ, Հիսուսին ճանաչելով, 55 վազեցին, որ տեղեկացնեն այդ տարածքի մյուս բնակիչներին: Եվ Հիսուսի մոտ սկսեցին պատգարակներով հիվանդների բերել: 56 Ուր էլ որ նա գնում էր՝ գյուղեր թե քաղաքներ, մարդիկ հիվանդներին բերում էին շուկայատեղեր, և նրանք աղերսում էին, որ պարզապես դիպչեն նրա վերնահագուստի եզրին:+ Եվ բոլոր դիպչողները ապաքինվում էին: