Մատթեոս
2 Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ+ քաղաքում Հերովդես* թագավորի իշխանության օրոք:+ Որոշ ժամանակ անց Արևելքից աստղագուշակներ* եկան Երուսաղեմ 2 ու ասացին. «Որտե՞ղ է ծնված երեխան՝ հրեաների թագավորը:+ Մենք նրա աստղը տեսանք, երբ դեռ Արևելքում էինք, և հիմա եկել ենք խոնարհվելու նրա առաջ»: 3 Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խիստ անհանգստացավ: Իրարանցման մեջ ընկավ նաև ողջ Երուսաղեմը: 4 Հերովդեսը հավաքեց բոլոր ավագ քահանաներին ու Օրենքի ուսուցիչներին* և հարցուփորձ արեց նրանց, թե որտեղ պետք է ծնվեր Քրիստոսը:* 5 Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում,+ քանի որ մարգարեն գրել է. 6 «Ո՛վ Հուդայի երկրի Բեթլեհեմ, Հուդայի իշխանները բոլորովին էլ չպետք է քեզ աննշան համարեն, որովհետև քեզանից է դուրս գալու այն իշխանը, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին»»:+
7 Այդ ժամանակ Հերովդեսը գաղտնի իր մոտ կանչեց աստղագուշակներին և նրանցից ճշտեց, թե կոնկրետ երբ էր երևացել աստղը: 8 Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացեք, ստույգ իմացեք երեխայի տեղը ու երբ գտնեք նրան, տեղեկացրեք ինձ, որ ես էլ գնամ ու խոնարհվեմ նրա առաջ»: 9 Թագավորի հրահանգները ստանալուց հետո նրանք ճանապարհ ընկան: Աստղը, որ տեսել էին Արևելքում,+ գնում էր նրանց առջևից, մինչև որ կանգ առավ այն տան վերևում, որտեղ երեխան էր: 10 Դա տեսնելով՝ նրանք շատ ուրախացան: 11 Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ: Նրանք ծնկի գալով խոնարհվեցին երեխայի առաջ, ապա բացեցին տուփերը և տվեցին իրենց բերած նվերները՝ ոսկի, կնդրուկ ու զմուռս:* 12 Նրանք իրենց երկիր վերադարձան մեկ ուրիշ ճանապարհով, քանի որ երազում Աստծուց հրահանգ ստացան,+ որ հետ չգնան Հերովդեսի մոտ:
13 Նրանց հեռանալուց հետո Եհովայի* հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին+ ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս և մնա այնտեղ: Չվերադառնաս, մինչև չասեմ քեզ, քանի որ Հերովդեսը մտադիր է գտնել ու սպանել երեխային»: 14 Ուստի Հովսեփը գիշերով վեր կացավ և Մարիամի ու երեխայի հետ ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս: 15 Նրանք այնտեղ մնացին մինչև Հերովդեսի մահը: Այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով Եհովայի ասածը. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»:+
16 Երբ Հերովդեսը հասկացավ, որ աստղագուշակները հիմարացրել են իրեն, ցասումով լցվեց: Նա մարդիկ ուղարկեց և Բեթլեհեմում ու դրա շրջակայքում կոտորել տվեց երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին (այդ տարիքը նա որոշել էր աստղագուշակների ասածների հիման վրա):+ 17 Այդպիսով կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. 18 «Ձայն լսվեց Ռամայում, լացի ու մեծ ողբի ձայն. Ռաքելն+ էր լաց լինում իր երեխաների համար և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք այլևս չկային»:+
19 Հերովդեսի մահից հետո Եհովայի հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին,+ որը Եգիպտոսում էր, 20 ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը և գնա Իսրայել, քանի որ երեխային սպանել ցանկացողները մահացել են»: 21 Հովսեփն էլ վերցրեց Մարիամին ու երեխային և վերադարձավ Իսրայել: 22 Բայց լսելով, որ Հրեաստանում Հերովդեսից հետո նրա որդի Արքեղայոսն է թագավորում՝ վախեցավ այնտեղ գնալ: Ավելին՝ նա երազում Աստծուց նախազգուշացում ստացավ,+ ուստի գնաց Գալիլեա:+ 23 Նա բնակվեց Նազարեթ+ կոչվող քաղաքում, և այդպիսով կատարվեց մարգարեների միջոցով ասվածը. «Նա նազարեթցի* կկոչվի»:+