Աստվածաշնչի բառարան
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ու Փ Ք Օ
Ա
Աբ:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում նրանց կրոնական օրացույցի 5-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 11-րդ ամիսը: Համապատասխանում էր մարտի կեսերից ապրիլի կեսերն ընկած ժամանակահատվածին: Աստվածաշնչում այս ամիսը չի հիշատակվում իր անվանումով, պարզապես հիշատակվում է որպես «հինգերորդ ամիս» (Թվ 33:38; Եզր 7:9): Տես հավելված Բ15:
Աբադոն:
Եբրայերեն՝ ավադոն, որը նշանակում է «կործանում» և կարող է վերաբերել նաև կործանման վայրին: Եբրայերեն բնագրային տեքստում ավադոն բառը հանդիպում է ընդամենը հինգ անգամ և չորս դեպքում կիրառվում է «գերեզման» ու «մահ» նշանակող բառերին զուգահեռ (Սղ 88:11; Հոբ 26:6; 28:22; Առ 15:11): Այս բոլոր դեպքերում այդ բառը ակներևաբար վերաբերում է մարդու մահվանը հաջորդող կործանարար, քայքայիչ պրոցեսներին: Իսկ Հայտնություն 9:11-ում «Աբադոն» բառը գործածված է որպես անուն, որը տրվում է «անդունդի հրեշտակին»:
Աբիբ:
Սկզբում այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 1-ին ամիսը և աշխարհիկ օրացույցի 7-րդ ամիսը: «Աբիբ» նշանակում է «կանաչ հասկեր»: Այն համապատասխանում էր մարտի կեսերից ապրիլի կեսերն ընկած ժամանակահատվածին: Բաբելոնից հրեաների վերադառնալուց հետո այն կոչվել է նիսան: 2Օր 16:1; տես հավելված Բ15:
Ադար:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում նրանց կրոնական օրացույցի 12-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 6-րդ ամիսը: Համապատասխանում էր փետրվարի կեսերից մարտի կեսերն ընկած ժամանակահատվածին: Եսթ 3:7; տես հավելված Բ15:
Ազազել:
Ազատ մարդ, ազատված:
Հռոմեական իշխանության ժամանակ «ազատ մարդ» էր համարվում նա, ով, ծնված լինելով ազատության մեջ, ուներ լիարժեք քաղաքացիական իրավունքներ: Իսկ «ազատվածը» նա էր, ով ստրուկ էր եղել, բայց հետո ազատություն էր ստացել: Եթե ստրուկին պաշտոնապես էր ազատություն շնորհվում, նա ստանում էր Հռոմի քաղաքացիություն, բայց իրավունք չուներ զբաղեցնելու պետական պաշտոններ: Իսկ ոչ պաշտոնապես ազատվելու դեպքում ազատվածը չէր կարող ունենալ լիարժեք քաղաքացիական իրավունքներ: 1Կթ 7:22:
Ալաբաստր:
Այսպես է կոչվում Եգիպտոսի Ալաբաստրոն քաղաքի մոտակայքում հանքահանվող քարի տեսակը: Այն չպետք է շփոթել ներկայիս ալաբաստրի հետ, որը գիպսի սպիտակավուն մանրահատիկ տարատեսակ է: Ալաբաստրից պատրաստվում էին օծանելիքի փոքր սրվակներ: Այդ սրվակները սովորաբար ունենում էին երկարավուն նեղ վզիկ, որը հերմետիկ փակվում էր, որպեսզի թանկարժեք օծանելիքը չծորար: 1Տգ 29:2; Մկ 14:3:
Ալամոթ:
Երաժշտական տերմին, որը նշանակում է «օրիորդներ», «երիտասարդ կանայք»: Հավանաբար վերաբերել է կանացի սոպրանոյին՝ ամենաբարձր երգչաձայնին: Ըստ ամենայնի, այս տերմինը գործածելով՝ նկատի են ունեցել, որ տվյալ երաժշտական հատվածը կամ նվագակցությունը պետք է կատարվի բարձր ձայնասահմանում (1Տգ 15:20; Սղ 46, խորագիր):
Ալրացող:
Բույսերի մի շարք սնկային հիվանդությունների անվանումը: Ենթադրվում է, որ Աստվածաշնչում նշված ալրացողը սև կամ ցողունային ժանգն է, որի հարուցիչը Puccinia graminis սունկն է (1Թգ 8:37):
Ալֆա և Օմեգա:
Աղանդ:
Որևէ ուսմունքի կամ առաջնորդի հարող մարդկանց խումբ, որոնք իրենց ուրույն համոզմունքներն ունեն: Այս բառը կիրառվել է հուդայականությունից ճյուղավորված երկու ազդեցիկ կրոնական խմբավորումների վերաբերյալ՝ փարիսեցիների և սադուկեցիների: Քրիստոնյա չհանդիսացողները քրիստոնեությունը նույնպես կոչում էին «աղանդ» կամ «նազարեթցիների աղանդ»՝ թերևս այն համարելով հուդայականությունից ճյուղավորված ուղղություն: Ժամանակի ընթացքում աղանդներ ձևավորվեցին նաև քրիստոնեական ժողովում, ինչպես, օրինակ, «Հայտնություն» գրքում հիշատակված «Նիկողայոսի աղանդը»: Գրծ 5:17; 15:5; 24:5; 28:22; Հտն 2:6; 2Պտ 2:1:
Աղացքար:
Երկու կլոր քար, որ դրվում էին իրար վրա ու գործածվում էին հացահատիկը աղալու և ալյուր ստանալու համար: Ստորին քարի կենտրոնում ամրացված էր ձող, որը ծառայում էր որպես առանցքաձող վերին քարի համար: Աստվածաշնչյան ժամանակներում կանայք տներում մեծ մասամբ օգտագործում էին ձեռնաղաց (երկանք): Քանի որ ձեռնաղացի միջոցով ապահովվում էր ընտանիքի օրվա հացը, Մովսիսական օրենքն արգելում էր դրա կամ դրա վերին աղացքարի գրավ վերցնելը (2Օր 24:6): Նմանատիպ կառուցվածք ունեցող մեծ աղացքարերը պտտեցնում էին կենդանիները (Մկ 9:42):
Ամեն:
«Թող այդպես լինի» կամ «անշուշտ»: Այս բառը ծագել է եբրայերեն աման բառարմատից, որը նշանակում է «լինել հավատարիմ, վստահարժան»: «Ամեն» բառով արտահայտում էին համաձայնություն երդմանը, աղոթքին կամ ասված որևէ բանին: «Հայտնություն» գրքում այն գործածված է որպես Հիսուսին վերագրվող տիտղոս: 2Օր 27:26; 1Տգ 16:36; Հտն 3:14:
Անապատ (տափաստան):
Այսպես թարգմանված եբրայերեն միդբար բառը ընդհանուր առմամբ վերաբերում է խիստ սակավ բնակեցված, անմշակ տարածքներին (Եր 2:2): Բայց երբեմն խոսքն այնպիսի տարածքների մասին է, որոնք ընդգրկում են արոտավայրեր (Սղ 65:12; Եր 23:10; Ելք 3:1), ջրամբարներ (2Տգ 26:10), տներ և անգամ քաղաքներ (1Թգ 2:34; Հս 15:61, 62; Ես 42:11): Թեև ավելի հաճախ այս բառը վերաբերում է տափաստանային տարածքներին, որոնք համեմատաբար խոտածածկ են և մացառապատ, սակայն կարող է վերաբերել նաև անջուր տարածքներին, որոնք իրավամբ կարելի է անապատ անվանել:
Անբարոյականություն:
Բնագրային պոռնեյա բառը վերաբերում է Աստծու կողմից արգելված սեռական գործողություններին: Ներառում է ամուսնական դավաճանությունը, մարմնավաճառությունը, չամուսնացած մարդկանց միջև սեռական հարաբերությունները, համասեռամոլությունը և անասնապղծությունը: Այն փոխաբերաբար կիրառվում է «Հայտնություն» գրքում «Մեծ Բաբելոն» կոչվող կրոնական մարմնավաճառի առնչությամբ՝ նկարագրելով նրա ունեցած սերտ կապերը այս աշխարհի կառավարիչների հետ հանուն իշխանության և հարստության: Հտն 14:8; 17:2; 18:3; Մթ 5:32; Գրծ 15:29; Գղ 5:19; տես ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ:
Անդունդ:
Անզուգական բարություն:
Հունարեն բառի առանցքային իմաստը վերաբերում է նրան, ինչը հաճելի է ու գրավիչ: Այն հաճախ վերաբերում է շնորհված բարիքին կամ բարությամբ տալուն: Երբ խոսքը Աստծու անզուգական բարության մասին է, այդ բառը նկարագրում է նրա կողմից առատաձեռնությամբ տրված նվեր, որի դիմաց նա ոչ մի փոխհատուցում չի ակնկալում: Այսպիսով՝ անզուգական բարությունը մարդկանց հանդեպ Աստծու առատաձեռնության, մեծ սիրո և բարության դրսևորումն է: Այդ բարությունը դրսևորվում է առանց դիմացինի կողմից դրան արժանանալու կամ այն վաստակելու և բացառապես տվողի մեծահոգության արդյունքն է (2Կթ 6:1; Եփ 1:7): Հունարեն բառը թարգմանվում է նաև «բարեհաճություն», «սրտագին նվեր» (Ղկ 1:30; 1Կթ 16:3):
Անթանի:
Այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 7-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 1-ին ամիսը: Համապատասխանում էր սեպտեմբերի կեսերից հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածին: Բաբելոնյան գերությունից հրեաների վերադառնալուց հետո այն կոչվեց թիշրի: 1Թգ 8:2; տես հավելված Բ15:
Անթթխմոր հացերի տոն:
Իսրայելացիների երեք գլխավոր տոներից առաջինը: Այն սկսվում էր նիսանի 15-ին՝ Պասեքի հաջորդ օրը, և տևում էր յոթ օր: Տոնի ժամանակ կարելի էր ուտել միայն անթթխմոր հաց, ինչը մարդկանց հիշեցնում էր Եգիպտոսից իրենց դուրս գալը: Ելք 23:15; Մկ 14:1:
Անիծել:
Սպառնալ կամ «մաղթել», որ չարիք գա ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա: Հաճախ անեծքը ներկայացվում էր որպես հրապարակային նախազգուշացում կամ չարիքի կանխատեսում: Երբ անեծքն ասվում էր Աստծու կամ նրա լիազորած որևէ մեկի կողմից, այն մարգարեական նշանակություն էր ստանում և անպայման իրականանում էր: Ծն 12:3; Թվ 22:12; Գղ 3:10:
Անկյունաքար:
Քար, որը տեղադրվում էր շենքի անկյունային մասում՝ երկու պատերի միացման հատվածում, և կարևոր դեր էր կատարում դրանք համակցելու գործում: Ամենակարևոր անկյունաքարը հիմքի անկյունաքարն էր: Հասարակական շենքերի և քաղաքի պարիսպների համար ընտրվող այդպիսի անկյունաքարը պետք է հատկապես ամուր լիներ: Այս բառը կիրառվում է փոխաբերական իմաստով, երբ խոսվում է երկրի արարման մասին (Հոբ 38:6): Գործածվում է նաև Հիսուսի առնչությամբ. քրիստոնեական ժողովը նմանեցվում է հոգևոր տան, իսկ Հիսուսը կոչվում է «հիմքի անկյունաքարը» (Եփ 2:20): Հիսուսը նաև օծյալ քրիստոնյաների ժողովի՝ հոգևոր տաճարի «գլխավոր անկյունաքարն» է, այսինքն՝ ամենավերին քարը (Մթ 21:42; Գրծ 4:11):
Անմաքուր:
Կարող է վերաբերել ֆիզիկապես կեղտոտ լինելուն կամ բարոյական օրենքները խախտելուն: Սակայն Աստվածաշնչում այս բառը հաճախ վերաբերում է այն ամենին, ինչը անընդունելի է կամ մաքուր չէ՝ ըստ Մովսիսական օրենքի (Ղև 5:2; 13:45; Մթ 10:1; Գրծ 10:14; Եփ 5:5): Տես ՄԱՔՈՒՐ, ՄԱՔՐԵԼ:
Աշխարհ:
Այսպես թարգմանված հունարեն կոսմոս բառը կարող է վերաբերել՝ 1) առհասարակ ողջ մարդկությանը (անկախ նրանց բարոյական վիճակից ու ապրելակերպից), 2) Եհովայի ծառաներից բացի մյուս բոլոր մարդկանց: Իսկ հունարեն այոն բառը, որը հիմնականում նշանակում է «ժամանակաշրջան», վերաբերում է որոշակի համակարգի, դրվածքի կամ առանձնահատկությունների, որոնցով բնորոշվում է տվյալ ժամանակաշրջանը (Մթ 24:3; Մկ 4:19): Երբ այոն բառը այս իմաստով է օգտագործվում, թարգմանվում է նաև «հիմա», «ապագայում», «դարեր», «ժամանակաշրջան», «այս ժամանակներ» (Մթ 12:32; 1Կթ 2:7; 1Կթ 10:11; Եբ 9:26): Աստվածաշնչում գործածված «այս աշխարհ» արտահայտությունը կարող է վերաբերել աշխարհի դրվածքին, մարդկանց ապրելակերպին (2Տմ 4:10; Հռ 12:2): Երբ Աստված Իսրայելի ժողովրդի հետ կապեց Օրենքի ուխտը, սկսվեց մի դարաշրջան (կամ համակարգ), որը կարելի է անվանել իսրայելացիների (հրեական) դարաշրջան: Իսկ Հիսուսի կյանքը փրկագին տալով՝ Աստված հիմք դրեց մի նոր դարաշրջանի (կամ համակարգի), որը հիմնականում առնչվում է օծյալ քրիստոնյաների ժողովին: Հենց այս ժամանակաշրջանում սկսեցին ի հայտ գալ այն իրողությունները, որոնք նախապատկերված էին Օրենքի ուխտի մեջ (Եբ 8:7-13): Երբ այոն բառը գործածված է հոգնակի թվով, վերաբերում է տարբեր ժամանակաշրջանների, անցյալի կամ ապագայի զանազան համակարգերի (1Կթ 2:7; 10:11): Որոշ համատեքստերում այս բառի հոգնակի ձևը նաև կարող է վերաբերել ընդհանուր առմամբ այն ամենին, ինչ ստեղծել է Աստված՝ ներառյալ արևը, լուսինը, աստղերը և երկիրը (Եբ 11:3):
Աշխարհի վախճանի ժամանակներ:
Մի ժամանակահատված, որը համընկնում է Քրիստոսի ներկայության ժամանակահատվածին, և որի ավարտին վրա կհասնի Սատանայի իշխանության տակ եղող աշխարհի, կամ՝ համակարգի վերջը: Հիսուսի առաջնորդությամբ հրեշտակները «արդարների միջից կառանձնացնեն անօրեններին» և կկործանեն նրանց (Մթ 13:40-42, 49): Հիսուսի աշակերտներին հետաքրքրում էր, թե երբ էին գալու «աշխարհի վախճանի ժամանակները» (Մթ 24:3): Նախքան երկինք վերադառնալը Հիսուսն իր հետևորդներին խոստացավ, որ նրանց հետ կլինի մինչև այդ ժամանակները (Մթ 28:20):
Ապաստանի քաղաքներ:
Ղևտացիներին պատկանող քաղաքներ, որտեղ արյան վրիժառուից կարող էր պաշտպանվել ոչ դիտավորյալ սպանություն գործած անհատը: Խոստացված երկրի ողջ տարածքում կային վեց այդպիսի քաղաքներ, որոնք Եհովայի առաջնորդությամբ ընտրել էին Մովսեսն ու Հեսուն: Ապաստանի քաղաք հասնելուն պես փախչող անհատը քաղաքի դարպասի մոտ իր գործը ներկայացնում էր երեցներին, և նրան ներս էին թողնում: Ապաստան հայցողը պետք է իր անմեղությունը փաստելու համար դատարանի առաջ կանգներ այն քաղաքում, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը: Սա արվում էր, որպեսզի պաշտպանության այս միջոցից չկարողանային օգտվել դիտավորյալ սպանություն գործած մարդիկ: Եթե ապացուցվում էր, որ մարդը պատահաբար է սպանություն գործել, նրան հետ էին բերում ապաստանի քաղաք, որի սահմաններից նա չպետք է դուրս գար: Նա այնտեղ պետք է ապրեր իր կյանքի մնացած մասը մինչև քահանայապետի մահը: Թվ 35:6, 11-15, 22-29; Հս 20:2-8:
Առաջին պտուղներ:
Բերքահավաքի սեզոնի ամենավաղ պտուղները, որևէ բանի առաջին արդյունքը: Ըստ Եհովայի պատվերի՝ իսրայելացիները պետք է իրեն մատուցեին իրենց առաջին պտուղը՝ լիներ հողի տված բերքը, թե մարդու կամ կենդանու առաջնեկը: Անթթխմոր հացերի տոնի և Պենտեկոստեի ժամանակ իսրայելացիները Եհովային մատուցում էին իրենց առաջին պտուղները ողջ ազգի անունից: «Առաջին պտուղներ» արտահայտությունը կիրառվում է նաև փոխաբերական իմաստով Քրիստոսի և նրա օծյալ հետևորդների առնչությամբ: 1Կթ 15:23, ծնթ.; Թվ 15:21; Առ 3:9; Հտն 14:4:
Առաջնեկ:
Առավոտյան աստղ:
Տես ԼՈՒՍԱՍՏՂ:
Առաքյալ:
Ասելգեյա:
Տես ԼԿՏԻ ՎԱՐՔ:
Ասիա:
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում այս անվանումը վերաբերում է հռոմեական մի պրովինցիայի, որն ընդգրկում էր ներկայիս Թուրքիայի արևմտյան մասը, ինչպես նաև որոշ ափամերձ կղզիներ, օրինակ՝ Սամոսը և Պատմոսը: Այս պրովինցիայի մայրաքաղաքը Եփեսոսն էր: Գրծ 20:16; Հտն 1:4; տես հավելված Բ13:
Ասորիք, ասորիներ:
Տես ԱՐԱՄ, ԱՐԱՄԵԱՑԻՆԵՐ:
Աստարտե:
Պատերազմի և պտղաբերության քանանական աստվածուհի՝ Բահաղի կինը (1Սմ 7:3):
Աստծու առաջ դրվող հացեր:
Տասներկու օղակաձև հացեր, որ երկու շարքով վեց-վեց դրվում էին խորանի, իսկ հետագայում տաճարի Սրբություն բաժանմունքում գտնվող սեղանի վրա: Դրանք կոչվում էին նաև «սուրբ հացեր»: Ամեն Շաբաթ օր դրանք փոխարինվում էին թարմ հացերով: Փոխարինված հին հացերը սովորաբար միայն քահանաներն էին ուտում: 2Տգ 2:4; Մթ 12:4; Ելք 25:30; Ղև 24:5-9; Եբ 9:2; տես հավելված Բ5:
Աստծու թագավորություն:
Աստծու հանդեպ նվիրվածություն:
Աստղագուշակ:
Աստվածավախություն:
Աստծու հանդեպ խոր հարգանք, առողջ վախ, որն օգնում է խուսափել նրան տհաճեցնելուց: Այդ վախի հիմքում Աստծու հանդեպ սերն ու հավատն է: Աստվածավախ անհատը ցանկանում է պաշտել Աստծուն և հնազանդվել նրա օրենքներին (2Կթ 7:1):
Ավագ քահանա:
Եբրայերեն Գրվածքներում համարժեք է «քահանայապետ» բառին: Իսկ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «ավագ քահանաներ» արտահայտությունը, ըստ ամենայնի, վերաբերում էր քահանայական դասի գլխավորներին, որոնց թվում էին, հավանաբար, նախկին քահանայապետները և 24 քահանայական խմբերի գլուխները: 2Տգ 26:20; Եզր 7:5; Մթ 2:4; Մկ 8:31:
Արամ, արամեացիներ:
Սեմի որդի Արամի սերունդները, որոնք հիմնականում ապրել են մի տարածքում, որը ձգվում է Լիբանանի լեռներից մինչև Միջագետք, հյուսիսում ձգվում է մինչև Տավրոսի լեռնաշղթան, իսկ հարավում՝ մինչև Դամասկոս և դրանից էլ այն կողմ: Այս տարածքը եբրայերենով կոչվել է Արամ, իսկ հետագայում՝ Սիրիա, բնակիչներն էլ՝ սիրիացիներ: Հայերն այն կոչել են Ասորիք (մինչև 7-րդ դարը), իսկ բնակիչներին՝ ասորիներ: Ծն 25:20; 2Օր 26:5; Օս 12:12:
Արամերեն:
Սեմական ընտանիքին պատկանող լեզու, որը մերձ ցեղակցություն ունի եբրայերենի հետ: Այս երկու լեզուների այբուբենը նույնն է: Սկզբում միայն արամեացիներն էին խոսում արամերեն, բայց հետագայում այն դարձավ Ասորեստանյան և Բաբելոնյան կայսրությունների առևտրի և հաղորդակցության միջազգային լեզուն: Այդ լեզուն նաև Պարսկական կայսրության պետական լեզուն էր (Եզր 4:7): «Եզրաս», «Երեմիա» և «Դանիել» գրքերի որոշ հատվածներ գրվել են արամերենով (Եզր 4:8-6:18; 7:12-26; Եր 10:11; Դն 2:4բ-7:28):
Արդարություն:
Արդու:
Սորուն նյութերի չափման միավոր: Այդպես էր կոչվում նաև այն տարան, որով չափում էին, օրինակ, հացահատիկը: Արդուն համապատասխանում էր մարին (հեղուկ նյութերի չափման միավոր), ուստի այն նույնպես 22 լ էր (20 քվարտա): Ելք 16:36; Եզկ 45:10; տես հավելված Բ14:
Արեոպագոս:
Հին Աթենքում գտնվող բլուր, որն ընկած էր Ակրոպոլիսից հյուսիս-արևմուտք: Այսպես էր կոչվում նաև այն խորհուրդը (դատարանը), որն այդ վայրում նիստեր էր գումարում: Ստոյիկյան և էպիկուրյան փիլիսոփաները Պողոսին տարան Արեոպագոս, որ բացատրի իր համոզմունքները (Գրծ 17:19):
Արմագեդոն:
Ծագում է եբրայերեն Հար Մեղիդդոն բառից, որը նշանակում է «Մեգիդոյի լեռ»: Այս բառը կապ ունի «այն պատերազմի [հետ], որը տեղի է ունենալու Ամենակարող Աստծու մեծ օրը», և որի ժամանակ «ողջ երկրի թագավորները» հավաքվելու են ու պատերազմելու են Եհովայի դեմ (Հտն 16:14, 16; 19:11-21): Տես ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ:
Աքայա:
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում գործածված այս անվանումը վերաբերում է Հունաստանի հարավում գտնվող հռոմեական պրովինցիային, որի մայրաքաղաքը Կորնթոսն էր: Աքայիան ընդգրկում էր ողջ Պելոպոնես թերակղզին և մայրցամաքային Հունաստանի կենտրոնական մասը: Գրծ 18:12; տես հավելված Բ13:
Բ
Բահաղ:
Քանանական աստված, որը համարվում էր երկնքի տիրակալը և անձրևներ ու պտղաբերություն շնորհողը: Բահաղ էին կոչում նաև տեղի տարատեսակ ստորադաս աստվածություններին: Եբրայերեն այդ բառը նշանակում է «տեր»: 1Թգ 18:21; Հռ 11:4:
Բանսարկու:
Բարեսիրություն:
«Բարեսեր», «բարի» թարգմանված հիմնական բառերն են՝ տով (եբրայերեն) և ագաթոս (հունարեն): Բնագրային բառերը արտահայտում են բարուն ձգտելու և բարձր բարոյականության իմաստ: Լինել բարեսեր նշանակում է կառչած լինել այն ամենին, ինչ բարի է Աստծու աչքին, և խուսափել ամեն տեսակ վատ բանից: Բարեսիրությունը նաև ներառում է հանուն ուրիշների բարօրության՝ լավ գործեր անելը: 2Տգ 6:41; Ժղ 7:14; Գղ 5:22; Եփ 5:9:
Բարի լուր:
Բարին ու չարը որոշելու ծառ:
Բեհեղզեբուղ:
Բորոտություն, բորոտ:
Մաշկային լուրջ հիվանդություն: Աստվածաշնչում նկարագրվող բորոտությունը չի սահմանափակվում ներկայումս հայտնի բոր հիվանդությամբ, քանի որ այն կարող էր ախտահարել ոչ միայն մարդկանց, այլև հագուստն ու տները: Բորոտը բորոտությամբ հիվանդ մարդն է: Ղև 14:54, 55; Ղկ 5:12:
Բրուտ:
Բուլ:
Այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 8-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 2-րդ ամիսը: Այս անվանումը ծագել է մի արմատից, որը նշանակում է «բերք տալ»: Այն համապատասխանում էր հոկտեմբերի կեսերից նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածին: 1Թգ 6:38; տես հավելված Բ15:
Գ
Գաղաադ:
Նեղ իմաստով վերաբերում է Հորդանան գետից արևելք ընկած բերրի տարածքին, որը ձգվում էր Հաբոկի գետահովտից դեպի հյուսիս և հարավ: Այս անվանումը երբեմն կիրառվում է նաև լայն իմաստով և վերաբերում է Հորդանանից դեպի արևելք գտնվող իսրայելական ողջ տարածքին, որտեղ ապրում էին Ռուբենի, Գադի ցեղերը և Մանասեի ցեղի կեսը: Թվ 32:1; Հս 12:2; 2Թգ 10:33; տես հավելված Բ4:
Գավիթ (բակ):
Խորանը շրջապատող ցանկապատված բաց տարածքը, իսկ հետագայում՝ տաճարի գլխավոր շենքի շուրջը գտնվող պարսպապատ բացօթյա բակերը: Խորանի բակում և տաճարի ներսի գավիթում էր տեղադրված ողջակեզի զոհասեղանը (տես հավելված Բ5, Բ8, Բ11): Աստվածաշնչում նաև խոսվում է տների և պալատների բակերի մասին: Ելք 8:13; 27:9; 1Թգ 7:12; Եսթ 4:11; Մթ 26:3:
Գեհեն:
Հունարենում այսպես էր կոչվում Հիննոմի հովիտը, որն ընկած էր հին Երուսաղեմ քաղաքից դեպի հարավ և հարավ-արևմուտք (Եր 7:31): Մարգարեական համատեքստում դրա մասին խոսվում է որպես մի վայրի, որտեղ դիակներ էին գցելու (Եր 7:32; 19:6): Չկա ոչ մի փաստ, որ կենդանիներին կամ մարդկանց գցել են գեհենը՝ նրանց ողջ-ողջ այրելու կամ տանջելու համար: Ուստի այդ վայրը չի կարող խորհրդանշել անտեսանելի մի տեղ, որտեղ մարդկանց հոգիները հավիտյան տանջվում են բառացի կրակների մեջ: Հիսուսն ու իր աշակերտները «գեհեն» բառը օգտագործել են որպես «երկրորդ մահվան», այսինքն՝ հավիտենական պատժի, առհավետ ոչնչացման խորհրդանիշ (Հտն 20:14; Մթ 5:22; 10:28):
Գերեզման:
Կարող է վերաբերել առանձին անհատների գերեզմաններին, իսկ այն տեղերում, որտեղ ծանոթագրության մեջ նշված են եբրայերեն շեոլ կամ հունարեն հադես բառերը, խոսքը մահացածների համընդհանուր փոխաբերական վայրի մասին է կամ առհասարակ մահացած վիճակի, երբ մարդու ողջ գործունեությունն ու գիտակցությունը դադարում են (Ծն 47:30; Ժղ 9:10; Գրծ 2:31):
Գերություն, գերեվարում:
Նվաճողների կողմից մարդկանց բռնի գաղթեցումը իրենց հայրենի երկրից: Բնագրում օգտագործված եբրայերեն բառը նշանակում է «մեկնում»: Իսրայելացիների պատմության մեջ եղել է երկու մեծամասշտաբ գերեվարում. հյուսիսային տասցեղ թագավորության բնակիչները գերեվարվել են ասորեստանցիների կողմից, իսկ ավելի ուշ բաբելոնացիները գերի են տարել հարավային երկցեղ թագավորության բնակչությանը: Իսրայելացիները գերությունից վերադարձել են պարսից թագավոր Կյուրոսի իշխանության օրոք: 2Թգ 17:6; 24:16; Եզր 6:21:
Գթասրտության նվերներ:
Կարիքավոր մարդուն օգնելու համար տրվող նվերներ: Դրանք ուղղակիորեն չեն հիշատակվում Եբրայերեն Գրվածքներում, սակայն Օրենքում հստակ ասվում էր, որ իսրայելացիները պարտավոր էին օգնել աղքատներին: Մթ 6:2, ծնթ.:
Գիթթիթ:
Երաժշտական տերմին, որի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ: Այն թերևս ծագել է եբրայերեն գաթ բառից: Քանի որ «գաթ» նշանակում է «գինու հնձան», կարծիք կա, որ «գիթթիթ» տերմինը վերաբերում է խաղողահավաքի և գինու պատրաստման հետ կապված երգերի երաժշտությանը: Սղ 81, խորագիր:
Գինու տիկ:
Կենդանիների (օրինակ՝ այծի կամ ոչխարի) ամբողջական մորթից պատրաստված տարա՝ մեջը գինի լցնելու համար: Գինին լցնում էին նոր տիկերի մեջ: Պատճառն այն է, որ խմորման ընթացքում գինին արտազատում է ածխաթթու գազ, ինչի հետևանքով տիկերում ճնշում է առաջանում: Նոր տիկերը լայնանում են, իսկ հները, որոնք առաձգական չեն, ճնշումից պատռվում են (Հս 9:4; Մթ 9:17):
Գլանաձև ձեռագիր:
Մագաղաթի կամ պապիրուսի երկար շերտ, որի մի կողմում գրում էին: Այն սովորաբար գլանաձև փաթաթում էին փայտի վրա: Աստվածաշունչը գրել ու արտագրել են այդպիսի գալարների վրա, քանի որ դա էր գրքերի տարածված ձևը Աստվածաշունչը գրվելու ժամանակաշրջանում: Եր 36:4, 18, 23; Ղկ 4:17-20; 2Տմ 4:13:
Գլխավոր Առաջնորդ:
Գլխափաթթոց:
Կտոր, որը փաթաթում էին գլխին: Քահանայապետը կրում էր բարձրորակ վուշից գլխափաթթոց, որի վրա՝ առաջամասում, կապույտ կապիչով ամրացվում էր ոսկե թիթեղ: Թագավորները իրենց թագի տակից գլխափաթթոց էին կրում: Հոբն այս բառը գործածեց փոխաբերաբար՝ իր արդարադատությունը համեմատելով գլխափաթթոցի հետ: Ելք 28:36, 37; Հոբ 29:14; Եզկ 21:26:
Գրավ:
Ինչ-որ մեկի անձնական սեփականությունը հանդիսացող իր, որը պարտք վերցնողը տալիս է պարտք տվողին որպես պարտքը վերադարձնելու երաշխիք: Մովսիսական օրենքը պարունակում էր գրավադրման գործընթացը կանոնակարգող դրույթներ, որոնք պաշտպանում էին աղքատների և հասարակության անպաշտպան անդամների շահերը: Ելք 22:26; Եզկ 18:7:
Գրիվ:
Սորուն նյութերի չափման միավոր: Այն 7,33 լ է (6,66 քվարտա), ինչը որոշվել է մարի հաշվարկված չափի հիման վրա (2Թգ 7:1): Տես հավելված Բ14:
Գրկաչափ:
Երկարության չափման միավոր, որով չափում էին ջրի խորությունը: Մեկ գրկաչափը 1,8 մ էր (6 ոտնաչափ): Գրծ 27:28; տես հավելված Բ14:
Գուշակ, բախտագուշակ:
Մարդ, որը, իր ասելով, կարողանում է կանխատեսել ապագան: Աստվածաշնչում հիշատակված այդպիսի մարդկանց շարքում են մոգությամբ զբաղվող քրմերը, աստղագուշակները և այլք (Ղև 19:31; 2Օր 18:11; Գրծ 16:16):
Դ
Դագոն:
Դանգ:
Կշռաչափ, որը 0,57 գ է (0,01835 տրոյան ունցիա) և համապատասխանում է 1/20 սիկղի (Ղև 27:25; տես հավելված Բ14):
Դավթի Որդի:
Դավթի քաղաք:
Այսպես կոչվեց Հեբուս քաղաքը այն բանից հետո, երբ Դավիթը նվաճեց այն և այնտեղ կառուցեց իր պալատը: Նաև կոչվում է Սիոն: Գտնվում է Երուսաղեմի հարավարևելյան մասում և դրա ամենահին հատվածն է: 2Սմ 5:7; 1Տգ 11:4, 5:
Դատաստանի օր:
Կոնկրետ օր կամ ժամանակաշրջան, երբ Աստված պատասխանատվության է կանչում մարդկանց որոշակի խմբերի, ազգերի կամ առհասարակ մարդկությանը: Այն կարող է լինել մի ժամանակ, երբ իրագործվում է մահվան արժանացածների մահապատիժը, կամ էլ այնպիսի ժամանակ, երբ ոմանց հնարավորություն է ընձեռվում փրկվելու և հավիտենական կյանք ստանալու: Հիսուս Քրիստոսն ու նրա առաքյալները խոսել են գալիք «Դատաստանի օրվա» մասին, որն անդրադառնալու է ոչ միայն ողջերի վրա, այլև մահացածների (Մթ 12:36):
Դատավորական աթոռ:
Սովորաբար բացօթյա բարձրադիր հարթակ, որի վրա բարձրանում էին աստիճաններով: Պաշտոնյաները, այնտեղ նստած, դիմում էին ժողովրդին և ազդարարում իրենց վճիռները (Հվ 19:13): «Աստծու դատավորական աթոռ» և «Քրիստոսի դատավորական աթոռ» արտահայտությունները վերաբերում են մարդկանց դատելու Եհովայի սահմանած կարգին (Հռ 14:10, ծնթ.; 2Կթ 5:10):
Դատավորներ:
Իսրայելում թագավորների իշխանության ժամանակաշրջանից առաջ Եհովայի կողմից նշանակվող մարդիկ, որոնց նա ընտրում էր իր ժողովրդին փրկելու համար (Դտ 2:16):
Դարիկ:
Պարսկական ոսկեդրամ, որը կշռում էր 8,4 գ (0,27 տրոյան ունցիա) (1Տգ 29:7; տես հավելված Բ14):
Դեկապոլիս:
Հունական քաղաքների մի խումբ, որը սկզբում կազմված էր տասը քաղաքներից (անվանումը ծագել է հունարեն դեկա (տասը) և պոլիս (քաղաք) բառերից): Դեկապոլիս էր կոչվում նաև Գալիլեայի ծովից և Հորդանան գետից արևելք ընկած շրջանը, որտեղ գտնվում էին այդ քաղաքներից շատերը: Դրանք առևտրի և հելլենիստական մշակույթի կենտրոններ էին: Հիսուսը անցել է այդ շրջանով, բայց հայտնի չէ, թե արդյոք նա այցելել է այդ քաղաքներից որևէ մեկը (Մթ 4:25; Մկ 5:20): Տես հավելված Ա7 և Բ10:
Դինար:
Հռոմեական արծաթադրամ, որը կշռում էր մոտ 3,85 գ (0,124 տրոյան ունցիա): Դրա մի կողմում պատկերված էր կայսրը: Մեկ դինարը աշխատավորի մեկ օրվա աշխատավարձն էր և հռոմեացիների սահմանած «գլխահարկը», որը հրեաները վճարում էին հենց այդ մետաղադրամով (Մթ 22:17; Ղկ 20:24): Տես հավելված Բ14:
Դպիր (գրագիր), Օրենքի ուսուցիչ:
Դպիրները հմուտ գրագիրներ էին, որոնք արտագրում էին Աստվածաշնչի Եբրայերեն Գրվածքները և այլ արձանագրություններ, ինչպես նաև հոգ էին տանում դրանց պահպանման մասին (Եզր 7:6, ծնթ.): Հիսուսի օրերում նրանք ավելի շատ հայտնի էին որպես Օրենքի գիտակներ և այն ուսուցանող մարդիկ (Մկ 12:38, 39; 14:1):
Դրախմա:
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում այս բառը վերաբերում է հունական արծաթադրամին, որի կշիռն այդ ժամանակ 3,4 գ էր (0,109 տրոյան ունցիա): Եբրայերեն Գրվածքներում հիշատակվում է պարսկական իշխանության ժամանակաշրջանում գործածվող ոսկե դրախման, որը հավասար էր դարիկին: Նեմ 7:70; Մթ 17:24, ծնթ.; տես հավելված Բ14:
Դրախտ:
Գեղեցիկ պարտեզ կամ այգի: Առաջին այդպիսի վայրը Եդեմն էր, որը Եհովան ստեղծել էր առաջին մարդկային զույգի համար: Հիսուսի խոսքերը՝ ուղղված իր կողքին մահապատժի ենթարկված հանցագործին, ցույց են տալիս, որ երկիրը դրախտի է վերածվելու: Ըստ ամենայնի, 2 Կորնթացիներ 12:4-ում խոսվում է ապագա դրախտի մասին, իսկ Հայտնություն 2:7-ում «դրախտ» բառը կիրառված է այլաբանական իմաստով և վերաբերում է երկնային կյանքին: Երգ 4:13; Ղկ 23:43:
Դևեր:
Անտեսանելի չար ոգեղեն արարածներ, որոնք գերմարդկային ուժ ունեն: Ծննդոց 6:2-ում նրանք կոչվում են «Աստծու որդիներ», իսկ Հուդա 6-ում՝ «հրեշտակներ», ինչը ցույց է տալիս, որ նրանք չար չեն ստեղծվել: Այս հրեշտակները ինքնակամ դարձան Աստծու թշնամիները, երբ Նոյի օրերում անհնազանդ եղան Աստծու հանդեպ և միացան Սատանայի ապստամբությանը: 2Օր 32:17; Ղկ 8:30; Գրծ 16:16; Հկ 2:19:
Ե
Եբրայերեն:
Եբրայեցիների լեզուն: Հիսուսի օրերում եբրայերենը ներառում էր արամերեն բազմաթիվ արտահայտություններ: Այդ լեզվով էին խոսում Քրիստոսն ու իր աշակերտները (Գրծ 26:14):
Եբրայեցի:
Եդոմ:
Եսավի՝ Իսահակի որդու մեկ ուրիշ անունը: Եսավի (Եդոմի) սերունդները տիրացան Սեիրի տարածքին, որը լեռնային շրջան էր՝ ընկած Մեռյալ ծովի և Աքաբայի ծոցի միջև: Այդ տարածքը հայտնի դարձավ որպես Եդոմ: Ծն 25:30; 36:8; տես հավելված Բ3 և Բ4:
Եթովպիա:
Եգիպտոսից հարավ ընկած հնագույն պետություն: Այն ընդգրկում էր ներկայիս Եգիպտոսի ծայր հարավի տարածքը և ներկայիս Սուդանը: Այս անվանումը երբեմն կիրառվում է որպես եբրայերեն «Քուշ» անվանման համարժեք (Եսթ 1:1):
Եհովա:
Աստծու անվան եբրայերեն քառագրի հայերեն ընդունված ձևը, որն ավելի քան 7 000 անգամ հանդիպում է այս թարգմանության մեջ: Տես հավելված Ա4 և Ա5:
Եղեգ:
Բառ, որով նկարագրվում են սովորաբար խոնավ տեղերում աճող մի շարք բույսեր: Շատ հատվածներում խոսքը եղեգնաբույսի՝ շամբի մասին է (Arundo donax): Հոբ 8:11; Ես 42:3; Մթ 27:29; Հտն 11:1; տես ՉԱՓՄԱՆ ԵՂԵԳ:
Եղնգնաքար (օնիքս):
Կիսաթանկարժեք քար, ագաթի կարծր տարատեսակ, քաղկեդոնի ժապավենազոլավոր տեսակ: Եղնգնաքարին բնորոշ են սպիտակի հետ հերթագայվող որևիցե գույնի շերտեր՝ սև, շագանակագույն, կարմիր, մոխրագույն կամ կանաչ: Այդ քարից էր ամրացված քահանայապետի հատուկ հագուստի ուսային կտորների վրա (Ելք 28:9, 12; 1Տգ 29:2; Հոբ 28:16):
Եղջյուր, եղջերափող:
Եղջյուրը կենդանու պոզն է, որն օգտագործում էին որպես ըմպանակ, յուղի անոթ, թանաքաման, կոսմետիկ նյութերի տարա, ինչպես նաև որպես երաժշտական կամ ազդանշանային գործիք (եղջերափող) (1Սմ 16:1, 13; 1Թգ 1:39; Եզկ 9:2): Եղջյուրը հաճախ կիրառվում է փոխաբերական իմաստով որպես ուժի, նվաճման և հաղթանակի խորհրդանիշ (2Օր 33:17; Մք 4:13; Զք 1:19):
Երախտագիտության զոհ:
Սա խաղաղության զոհ էր, որի նպատակն էր շնորհակալություն հայտնել Աստծուն նրա տված բարիքների ու նրա հավատարիմ սիրո համար: Որպես զոհ բերված կենդանու միսը, թթխմորով պատրաստված հացն ու անթթխմոր հացը ուտում էին: Կենդանու միսը պետք է ուտեին նույն օրը: 2Տգ 29:31:
Երդման համաձայն մատուցվող ընծա:
Երդում:
Ինչ-որ բանի ճիշտ լինելը հաստատելու համար ասվող արտահայտություն, նաև հանդիսավոր խոստում, որով անհատը պարտավորվում է անել կամ չանել որևէ բան: Հաճախ այդպիսի խոստում տրվում էր գերակա ինչ-որ մեկին, մասնավորապես Աստծուն: Աստծուն երդում տալով՝ անհատը խոստանում էր ինչ-որ բան անել, ինչ-որ ընծա բերել, որոշակի ծառայություն կատարել կամ հեռու մնալ որոշ բաներից, որ ինքնին սխալ չէին ու դեմ չէին Օրենքին: Եհովան ինքն էլ երդում տվեց Աբրահամի հետ կապած իր ուխտը ամրապնդելու համար: Ծն 21:23; Թվ 6:2; Ժղ 5:4; Մթ 5:33; Եբ 6:16, 17:
Երերացնելու ընծա:
Ընծա, որի մատուցման ժամանակ մարդը բռնած պահում էր ընծան, իսկ քահանան, ըստ ամենայնի, իր ձեռքերը դնում էր նրա ձեռքերի տակ և տարուբերում էր, կամ էլ քահանան իր ձեռքում բռնած էր տարուբերում ընծան: Այս գործողությունը խորհրդանշում էր զոհը Եհովային մատուցելը (Ղև 7:30):
Երեց:
Հասուն տղամարդ, ով իշխանություն ունի և հեղինակավոր դիրք է զբաղեցնում հասարակության կամ ժողովրդի մեջ: Այդպիսի տղամարդիկ կոչվել են նաև «ավագներ» (Ծն 50:7): «Հայտնություն» գրքում «երեց» բառը գործածվում է երկնային էակների առնչությամբ: Երեց (հունարեն՝ պրեսբիտերոս) են կոչվում նաև ժողովի առաջնորդող եղբայրները: Ելք 4:29; Առ 31:23; 1Տմ 5:17; Հտն 4:4:
Երկնքի Աստված:
Այս արտահայտությունը ընդգծում է Եհովայի գերադաս դիրքը, նրա մեծափառությունը և ցույց է տալիս, որ նա ճշմարիտ Աստվածն է ու վեր է բոլոր կարծեցյալ աստվածներից: Այն ավելի շատ վերաբերում է Աստծու գերիշխանությանը, քան այն փաստին, որ երկինքը նրան է պատկանում, կամ որ նա բնակվում է երկնքում: Հվն 1:9:
Երկնքի թագուհի:
Երեմիայի օրերում հավատուրաց իսրայելացիների կողմից պաշտվող աստվածուհու տիտղոս: Ոմանք ենթադրում են, որ այս տիտղոսը վերաբերում է բաբելոնյան Իշտար (Աստարտե) աստվածուհուն: Ավելի վաղ պաշտվող շումերական համարժեք աստվածության անունը Ինաննա էր, որը նշանակում է «երկնքի թագուհի»: Բացի երկնքի աստվածուհի լինելուց՝ նա նաև համարվում էր պտղաբերության աստվածուհի: Եգիպտական մի արձանագրության մեջ Աստարտեն կոչվում է Երկնքի տիրուհի: Եր 44:19:
Եփրատ:
Ամենաերկար ու կարևորագույն գետը Ասիայի հարավ-արևմուտքում և Միջագետքի երկու գլխավոր գետերից մեկը: Այն առաջին անգամ հիշատակվում է Ծն 2:14-ում՝ Եդեմի չորս գետերի շարքում: Բնագրում հաճախ կոչվում է պարզապես Գետ (Ծն 31:21): Այդ գետը Իսրայելին տրված տարածքի հյուսիսային սահմանն էր: Ծն 15:18; Հտն 16:12; տես հավելված Բ2:
Եփրեմ:
Եփուդ:
Գոգնոցանման հագուստ, որ կրում էին քահանաները: Իսկ քահանայապետը կրում էր հատուկ եփուդ, որի վրա ամրացվում էր 12 թանկարժեք քարերով զարդարված կրծքապանակը: Ելք 28:4, 6; տես հավելված Բ5:
Զ
Զիվ:
Սկզբում այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 2-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 8-րդ ամիսը: Համապատասխանում էր ապրիլի կեսերից մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածին: Հրեական Թալմուդում և բաբելոնյան գերությունից հետո գրված այլ աշխատություններում այդ ամիսը կոչվում է իյյար: 1Թգ 6:37; տես հավելված Բ15:
Զղջում:
Զմուռս:
Անուշաբույր խեժ, որը ստանում էին Commiphora ցեղին պատկանող տարբեր փշոտ թփերից կամ փոքր ծառերից: Զմուռսը օծման սուրբ յուղի բաղադրիչներից մեկն էր: Դրանով բուրավետում էին հագուստները, անկողինը և այլն: Այն ավելացնում էին մերսման համար գործածվող յուղերի և մարմնի կոսմետիկ հեղուկների մեջ: Զմուռսը նաև օգտագործվում էր դիակը թաղման նախապատրաստելու համար: Ելք 30:23; Առ 7:17; Հվ 19:39:
Զոհաբերություն:
Աստծուն զոհ կամ ընծա բերելը՝ նրան շնորհակալություն հայտնելու, հանցանքն ընդունելու և նրա հետ լավ հարաբերությունները վերականգնելու համար: Սկսած Աբելից՝ մարդիկ ինքնակամ զանազան զոհեր են մատուցել Աստծուն, ներառյալ՝ կենդանիներ: Իսկ հետո Մովսիսական օրենքով զոհաբերությունները դարձան պարտադիր պահանջ: Երբ Հիսուսը իր կյանքը տվեց որպես կատարյալ զոհ, այդուհետ կենդանիների զոհաբերության կարիք այլևս չկար: Սակայն քրիստոնյաները շարունակում են հոգևոր բնույթ կրող փոխաբերական զոհեր մատուցել Աստծուն: Ծն 4:4; Եբ 13:15, 16; 1Հվ 4:10:
Զոհասեղան:
Պաշտամունքի նպատակով զոհեր կամ խունկ մատուցելու համար նախատեսված կառույց կամ հարթակ՝ պատրաստված հողից, քարերից, մեկ ամբողջական քարից կամ էլ փայտից, որը պատում էին մետաղով: Խորանի կամ տաճարի առաջին բաժանմունքում կար խնկարկության համար նախատեսված «ոսկե սեղան» (ոսկե զոհասեղան): Այն պատրաստված էր փայտից և պատված էր ոսկով: Իսկ դրսում՝ գավիթում, կար ավելի մեծ զոհասեղան՝ «պղնձե զոհասեղան», որը նախատեսված էր ողջակեզ մատուցելու համար: Ելք 27:1; 39:38, 39; Ծն 8:20; 1Թգ 6:20; 2Տգ 4:1; Ղկ 1:11; տես հավելված Բ5 և Բ8:
Զոհասեղանի եղջյուրներ:
Զոհասեղանի չորս անկյուններում դուրս ցցված եղջյուրանման ելուստներ (Ղև 8:15; 1Թգ 2:28): Տես հավելված Բ5 և Բ8:
Զոպա:
Նուրբ ճյուղերով և տերևներով բույս, որով մաքրագործման արարողության ժամանակ արյուն կամ ջուր էին ցողում: Հնարավոր է՝ դա խնկածաղիկն էր (Origanum maru, Origanum syriacum): Հովհաննես 19:29-ում նշված զոպան կարող էր լինել խնկածաղկի փունջ՝ ամրացված մի ճյուղի, կամ կարող էր լինել դուռա կոչվող բույսը՝ սովորական սորգոյի (Sorghum vulgare) տեսակ՝ բավականին երկար ցողունով, որով հնարավոր էր թթված գինու մեջ թաթախված սպունգը Հիսուսի բերանին մոտեցնել: Ելք 12:22; Սղ 51:7:
Զևս:
Բազմաստված հույների գերագույն աստվածությունը: Լյուստրայի ժողովուրդը Բառնաբասին Զևսի տեղ ընդունեց: Այդ քաղաքի մոտակայքում հայտնաբերված հին արձանագրությունների մեջ կան այսպիսի հիշատակումներ՝ «Զևսի քրմեր», «արև-աստված Զևս»: Նավը, որով Պողոսը մեկնեց Մալթա կղզուց, իր նավաքթին կրում էր Զևսի որդիների՝ երկվորյակներ Կաստորի և Պոլլուքսի քանդակները: Գրծ 14:12; 28:11:
Է
Էպիկուրյաններ:
Հույն փիլիսոփա Էպիկուրի (մ.թ.ա. 341-270) հետևորդները: Նրանց փիլիսոփայության առանցքային գաղափարախոսությունն այն էր, որ հաճույքները մարդու կյանքի ամենակարևոր նպատակն են: Գրծ 17:18:
Ը
Ըմպելիքի ընծա:
Թ
Թամուզ:
1) Աստվածություն, որի համար Երուսաղեմում հավատուրաց եբրայեցի կանայք ողբ էին անում: Ենթադրվում է, որ Թամուզն ի սկզբանե եղել է թագավոր, որին աստվածացրել են նրա մահից հետո: Շումերական արձանագրության մեջ Թամուզը կոչվում է Դումուզի և նույնացվում է պտղաբերության աստվածուհի Ինաննայի (բաբելոնյան Իշտարի) սիրեցյալի հետ (Եզկ 8:14): 2) Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 4-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 10-րդ ամիսը: Համապատասխանում էր հունիսի կեսերից հուլիսի կեսերն ընկած ժամանակահատվածին: Տես հավելված Բ15:
Թարսիսյան նավեր:
Սկզբում այս արտահայտությունը վերաբերում էր այն նավերին, որոնք ուղևորություններ էին կատարում դեպի հին Թարսիս (ներկայիս Իսպանիա): Ըստ երևույթին, այն հետագայում սկսեց կիրառվել երկար ճանապարհորդությունների համար նախատեսված մեծ նավերի առնչությամբ: Սողոմոնն ու Հովսափատը այդ նավերն օգտագործում էին առևտրական նպատակներով (1Թգ 9:26; 10:22; 22:48):
Թերափներ:
Ընտանեկան աստվածներ կամ կուռքեր, որոնց միջոցով երբեմն գուշակություն էին անում (Եզկ 21:21): Որոշ թերափներ մարդու կերպարանք ունեին ու մարդու չափերի էին, իսկ մյուսները շատ ավելի փոքր էին (Ծն 31:34; 1Սմ 19:13, 16): Միջագետքում հնագիտական գտածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թերափների պատկանելությամբ որոշվում էր, թե ով իրավասություն ուներ ստանալու ընտանեկան ժառանգությունը (հավանաբար, սրանով է բացատրվում այն, թե ինչու Ռաքելը վերցրեց իր հոր թերափները): Նման սովորություն Իսրայելում թերևս չի եղել, թեև դատավորների ու թագավորների օրերում թերափները գործածվել են որպես կուռք և հավատարիմ Հովսիա թագավորի կողմից ոչնչացված բաների թվում էին (Դտ 17:5; 2Թգ 23:24; Օս 3:4):
Թթխմոր:
Զանգված, որ դնում են խմորի կամ հեղուկի մեջ՝ խմորում առաջ բերելու համար: Այն հիմնականում վերցնում էին հունցված ու թթվեցված խմորից և պահում էին հետագայում օգտագործելու համար: Թթխմորը Աստվածաշնչում հաճախ գործածվում է որպես մեղքի և ապականության խորհրդանիշ: Նաև օգտագործվում է նկարագրելու համար աննկատ, բայց մեծ աճը (Ելք 12:20; Մթ 13:33; Գղ 5:9):
Թիզ:
Երկարության չափման միավոր, որ մոտավորապես հավասար է լայն բացված ձեռքի բութ և ճկույթ մատների ծայրերի միջև եղած հեռավորությանը: Հիմք ընդունելով այն, որ մեկ կանգունը 44,5 սմ էր (17,5 դյույմ), մեկ թիզը պետք է որ 22,2 սմ (8,75 դյույմ) լիներ: Ելք 28:16; 1Սմ 17:4; տես հավելված Բ14:
Թիշրի:
Տես ԱՆԹԱՆԻ և հավելված Բ15:
Թլփատություն:
Թումբ:
Ժ
Ժամապահ:
Նա, ով պահպանություն է անում (հաճախ գիշերը), որպեսզի մարդկանց կամ ունեցվածքը պաշտպանի հնարավոր վնասից, և ով վտանգի դեպքում կարող է ահազանգ հնչեցնել: Սովորաբար ժամապահները կանգնում էին քաղաքի պարիսպների և աշտարակների վրա, ուստի կարող էին հեռվից տեսնել քաղաքին մոտեցողներին: Մարգարեները փոխաբերական իմաստով ժամապահ էին ծառայում Իսրայելի ժողովրդի համար՝ նախազգուշացնելով վերահաս կործանման մասին: 2Թգ 9:20; Եզկ 3:17:
Ժողով:
Որոշակի նպատակի կամ գործունեության համար հավաքված մարդկանց խումբ: Եբրայերեն Գրվածքներում այս բառը սովորաբար վերաբերում է Իսրայելի ժողովրդին: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում այսպես են կոչվում քրիստոնյաների առանձին խմբերը, իսկ ավելի հաճախ՝ քրիստոնյաների համընդհանուր խումբը: 1Թգ 8:22; Գրծ 9:31; Հռ 16:5:
Ժողովարան:
Նշանակում է «հավաքույթ», «ժողով»: Սակայն աստվածաշնչյան համարներից շատերում այս բառը վերաբերում է այն շինությանը կամ վայրին, որտեղ հրեաները հավաքվում էին Աստծու խոսքը կարդալու, ուսուցանվելու, քարոզելու և աղոթելու համար: Հիսուսի օրերում Իսրայելի քիչ թե շատ մեծ քաղաքները ունեին մեկ ժողովարան, իսկ խոշոր քաղաքները՝ մեկից ավելի: Ղկ 4:16; Գրծ 13:14, 15:
Ի
Իդիթուն:
Սա 39-րդ, 62-րդ և 77-րդ սաղմոսների խորագրում հանդիպող տերմին է, որի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ: Այս խորագրերը, ըստ երևույթին, սաղմոսների կատարման վերաբերյալ ցուցումներ են, որոնք մատնանշում էին, թե ինչ ոճով կամ երաժշտական գործիքով պետք է կատարվեր տվյալ սաղմոսը: Ղևտացիների մեջ Իդիթուն անունով երաժիշտ կար, ուստի ենթադրվում է, որ կատարման այս ոճը կամ երաժշտական գործիքը կապ ունի նրա կամ նրա որդիների հետ:
Իլլիրիկ:
Հունաստանից հյուսիս-արևմուտք ընկած հռոմեական պրովինցիա: Պողոսն իր շրջագայական ծառայության ժամանակ հասել է Իլլիրիկ, բայց հայտնի չէ՝ նա քարոզել է այնտեղ, թե ոչ (Հռ 15:19): Տես հավելված Բ13:
Իլուլ:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում նրանց կրոնական օրացույցի 6-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 12-րդ ամիսը: Համապատասխանում էր օգոստոսի կեսերից սեպտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածին: Նեմ 6:15; տես հավելված Բ15:
Իսրայել:
Աստված այս անունը տվեց Հակոբին: Հետագայում այն դարձավ Հակոբի բոլոր սերունդների հավաքական անվանումը: Հակոբի 12 որդիների սերունդներին հաճախ կոչում էին Իսրայելի որդիներ, Իսրայելի տուն, Իսրայելի ժողովուրդ, իսրայելացիներ: Այն բանից հետո, երբ հյուսիսային թագավորությունը առանձնացավ հարավային թագավորությունից, «Իսրայել» անվանումը սկսեց կիրառվել նաև հյուսիսային տասցեղ թագավորության առնչությամբ: Հետագայում այդ անվանումը կիրառվեց օծյալ քրիստոնյաների առնչությամբ. նրանք կոչվեցին Աստծու Իսրայել: Գղ 6:16; Ծն 32:28; 2Սմ 7:23; Հռ 9:6:
Լ
Լիբանանի լեռնաշղթա:
Լիբանանի լեռնային համակարգի երկու լեռնաշղթաներից մեկը: Լիբանանի լեռնաշղթան արևմուտքում է, իսկ Անդրլիբանանի լեռնաշղթան՝ արևելքում: Երկու լեռնաշղթաների միջև ընկած է երկարավուն բերրի հովիտ: Լիբանանի լեռնաշղթան վեր է խոյանում Միջերկրական ծովի գրեթե հենց եզերքից, և ամենաբարձր գագաթն ունի մոտ 3 000 մ (10 000 ֆուտ) բարձրություն: Հնում Լիբանանի լանջերը ծածկված էին վեհաշուք մայրիներով, որոնք բարձր էին գնահատվում շրջակա ազգերի կողմից: 2Օր 1:7; Սղ 29:6; 92:12; տես հավելված Բ7:
Լկտի վարք:
Թարգմանվել է հունարեն ասելգեյա բառից և վերաբերում է Աստծու օրենքները ոտնահարող լուրջ արարքներին, որոնցում դրսևորվում է լկտի և հանդուգն տրամադրվածություն, իշխանության, օրենքների և չափանիշների հանդեպ անհարգալից և նույնիսկ արհամարհական վերաբերմունք: Այս արտահայտությունը չի վերաբերում ոչ այնքան լուրջ բնույթ կրող սխալ վարքին: Գղ 5:19; 2Պտ 2:7:
Լոգ:
Հեղուկ նյութերի չափման ամենափոքր միավորը, որը հիշատակվում է Աստվածաշնչում: Ըստ հրեական Թալմուդի՝ այն 1/12 հիմեն է, ուստի հիմնվելով այդ փաստի վրա՝ կարելի է եզրակացնել, որ մեկ լոգը 0,31 լ է (0,66 պինտա) (Ղև 14:10): Տես հավելված Բ14:
Լուծ:
Ուսերին դրվող ձող, որի ծայրերից բեռներ էին կախում, կամ երկու լծկան կենդանիների (հիմնականում խոշոր եղջերավորների) պարանոցին դրվող փայտե ձող, շրջանակ, որով կենդանիները իրենց հետևից քաշում էին գյուղատնտեսական գործիքները կամ սայլը: Քանի որ հաճախ ստրուկներին էին բանեցնում ծանր բեռներ տեղափոխելու համար, «լուծ» բառը փոխաբերաբար օգտագործվում է որպես ստրկության, ենթակայության տակ լինելու, կեղեքումների ու տառապանքի խորհրդանիշ: Իսկ լուծը հանելը կամ կոտրելը խորհրդանշում էր ազատագրում ստրկությունից, կապանքներից, կեղեքումից ու շահագործումից: Ղև 26:13; Մթ 11:29, 30:
Լումա (ղեպտոն):
Քրիստոնեական Հունարեն Գրվածքների արձանագրման ժամանակաշրջանում այն ամենափոքր հրեական մետաղադրամն էր և պատրաստվում էր պղնձից կամ բրոնզից: Մկ 12:42, ծնթ.; Ղկ 21:2, ծնթ.; տես հավելված Բ14:
Լուսաստղ:
Լևիաթան:
Կենդանի, որ սովորաբար հիշատակվում է ջրին առնչվող համատեքստում, ուստի կարելի է եզրակացնել, որ այն ջրային կենդանու ինչ-որ տեսակ է: Հոբ 3:8-ում և 41:1-ում խոսքը թերևս կոկորդիլոսի կամ մեկ այլ խոշոր և մեծ ուժի տեր ջրային կենդանու մասին է: Սղ 104:26-ում, հնարավոր է, խոսքը կետի ինչ-որ տեսակի մասին է: Մնացած տեղերում «լևիաթան» բառը փոխաբերական իմաստով է գործածված և կապ չունի որևէ կենդանու հետ (Սղ 74:14; Ես 27:1):
Խ
Խաղաղության զոհ:
Զոհ, որը մատուցվում էր Եհովային՝ նրա հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու համար: Դրանից բաժին էին ունենում զոհ բերողը, նրա ընտանիքը, զոհը մատուցող քահանան և այլ պարտականություններ կատարող քահանաները: Եհովային, այսպես ասած, տրվում էր այրվող ճարպի հաճելի բուրմունքը, նաև արյունը, որը խորհրդանշում էր կյանքը: Քահանաները և երկրպագություն մատուցողները Եհովայի հետ կարծես սեղան էին նստում, ինչն էլ խաղաղ փոխհարաբերությունների խորհրդանիշ էր: Ղև 7:29, 32; 2Օր 27:7:
Խթան:
Մետաղյա սուր ծայրով երկար գավազան, որով կենդանիներին առաջ էին մղում (Դտ 3:31): Խթանի հետ են համեմատվում իմաստուն մարդու խոսքերը, որ ունկնդրին մղում են հետևելու խելամիտ խորհրդին (Ժղ 12:11): Աստվածաշնչում կիրառված «խթանին քացի տալ» արտահայտությունը հիմնված է գյուղական առօրյայում հանդիպող այն իրողության վրա, որ համառ ցուլը դիմադրում է խթանին՝ քացի տալով դրան, և արդյունքում վնասում է ինքն իրեն (Գրծ 26:14):
Խոմեր:
Սորուն նյութերի չափման միավոր, որը համապատասխանում է մեկ քոռին: Մեկ խոմերը 220 լ է (200 քվարտա), ինչը որոշվել է մարի հաշվարկված չափի հիման վրա: Ղև 27:16; տես հավելված Բ14:
Խոյակ:
Սյան գլուխ, որը զարդարանք էր հանդիսանում: Սողոմոնի տաճարի առջև կանգնեցված երկու սյուները՝ Հաքինը և Բոոսը, զարդարված էին հսկայական խոյակներով (1Թգ 7:16): Տես հավելված Բ8:
Խորագիր:
Որոշ սաղմոսների կարճ նախաբան, որն ընդհանուր տեղեկություն է տալիս այն մասին, թե ով է գրել տվյալ սաղմոսը, և ինչ հանգամանքներ են հիմք հանդիսացել այն գրելու համար: Այն նաև ցուցումներ է պարունակում երաժիշտների համար կամ նշում է սաղմոսի նպատակը: Տես հետևյալ սաղմոսների խորագրերը՝ 3, 4, 5, 6, 7, 30, 38, 60, 92, 102:
Խորան:
Պաշտամունքի համար նախատեսված շարժական վրան, որ իսրայելացիներն օգտագործում էին Եգիպտոսից դուրս գալուց հետո: Այնտեղ էր գտնվում Եհովայի ուխտի տապանակը, որը խորհրդանշում էր նրա ներկայությունը: Խորանը զոհաբերության ու պաշտամունքի վայր էր: Այն երբեմն կոչվում էր նաև հանդիպման վրան: Դրա կմախքը կազմված էր փայտե շրջանակներից, իսկ վրան գցված էին ասեղնագործ քերովբեներով զարդարված վուշե ծածկոցներ: Խորանը երկու բաժանմունք ուներ: Առաջինը կոչվում էր Սրբություն, երկրորդը՝ Սրբությունների Սրբություն: Հս 18:1; Ելք 25:9; տես հավելված Բ5:
Խունկ:
Բուրավետ խեժերի և բալասանների խառնուրդ, որը, դանդաղ այրվելով, անուշ բույր է արձակում: Խորանում և տաճարում օգտագործվում էր չորս բաղադրիչներից բաղկացած հատուկ խունկ: Այն այրում էին առավոտյան և երեկոյան Սրբություն բաժանմունքում՝ խնկարկության սեղանի վրա, իսկ Քավության օրը՝ Սրբությունների Սրբություն բաժանմունքում: Խունկը խորհրդանշում էր Աստծուն ընդունելի աղոթքները, որ մատուցում էին նրա հավատարիմ ծառաները: Քրիստոնյաներից չի պահանջվում խունկ ծխեցնել: Ելք 30:34, 35; Ղև 16:13; Հտն 5:8:
Ծ
Ծառայող օգնական:
Այս արտահայտությունը թարգմանված է հունարեն դիակոնոս բառից, որը հաճախ թարգմանվում է նաև «սպասավոր», «ծառա»: Ծառայող օգնականը աջակցում է ժողովի երեցների խորհրդին: Ծառայող օգնական լինելու համար անհատը պետք է համապատասխանի այդ ծառայության համար սահմանված աստվածաշնչյան չափանիշներին (1Տմ 3:8-10, 12):
Ծոմ, ծոմապահություն:
Որոշ ժամանակով ամեն տեսակ ուտելիքից հրաժարվելը: Իսրայելացիները ծոմ էին պահում Քավության օրը, նաև երբ նեղության մեջ էին լինում կամ երբ Աստծու առաջնորդության կարիքն էին ունենում: Հրեաներն իրենց համար սահմանել էին չորս տարեկան ծոմապահություն ի հիշատակ իրենց պատմության ողբերգական իրադարձությունների: Ծոմապահությունը պահանջ չէ քրիստոնյաների համար: Եզր 8:21; Ես 58:6; Ղկ 18:12:
Կ
Կաբոս:
Սորուն նյութերի չափման միավոր, որը 1,22 լ է (1,11 քվարտա): Որոշվել է մարի հաշվարկված չափի հիման վրա: 2Թգ 6:25, ծնթ.; տես հավելված Բ14:
Կալսել, կալատեղ:
Կալսելը հացահատիկը ցողունից ու թեփից զատելու պրոցեսն է, իսկ կալատեղը՝ այդ պրոցեսն իրականացնելու վայրը: Կալսում էին կա՛մ ձեռքով՝ մահակի օգնությամբ, կա՛մ էլ, երբ հացահատիկի քանակը մեծ էր, հատուկ գործիքներով՝ կամնով (սահնակաձև կալսող գործիք) կամ կամնասայլով (ջառջառ), որոնք իրենց հետևից քաշում էին կենդանիները: Գործիքը անցկացնում էին կալատեղում փռած հացահատիկի վրայով: Կալատեղը սովորաբար բարձր տեղակայված հարթ շրջանաձև տարածք էր, որտեղ քամի էր խաղում: Ղև 26:5; Ես 41:15; Մթ 3:12:
Կայսր:
Նույնն է՝ կեսար: Հռոմեական միապետներին տրվող տիտղոս: Այն ծագել է Գայոս Հուլիոս Կեսարի անունից: Աստվածաշնչում Օգոստոս, Տիբերիոս և Կլավդիոս կայսրերը հիշատակված են անուններով, իսկ Ներոնի անունը չի նշվում. նա հիշատակվում է միայն այդ տիտղոսով: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «կայսր» բառով ներկայացված է նաև պետական իշխանությունը կամ պետությունը (Մկ 12:17; Գրծ 25:12):
Կանգուն:
Երկարության չափման միավոր, որը մոտավորապես հավասար է արմունկից մինչև միջնամատի ծայրը ընկած հեռավորությանը: Իսրայելացիների գործածած կանգունը մոտ 44,5 սմ էր (17,5 դյույմ) (Ծն 6:15; Ղկ 12:25, ծնթ.): Երբեմն նրանք գործածում էին նաև երկար կանգուն (մեկ ափի չափ ավելի երկար), որը մոտ 51,8 սմ էր (20,4 դյույմ) (2Տգ 3:3, ծնթ.): Տես հավելված Բ14:
Կասիա:
Դարչնենիների ցեղի ծառատեսակից (Cinnamomum cassia) ստացվող բուսանյութ, որն օգտագործվում էր որպես օծանելիք և օծման սուրբ յուղի բաղադրիչ (Ելք 30:24; Սղ 45:8; Եզկ 27:19):
Կյանքի ծառ:
Կնդրուկ:
Boswellia ցեղին պատկանող ծառերի ու թփերի որոշ տեսակներից ստացվող չորացված բուսահյութ (խեժ): Այրվելիս այն անուշ բույր է արձակում: Կնդրուկը խորանում և տաճարում գործածվող սուրբ խնկի բաղադրիչներից էր: Այն նաև մատուցվում էր հացի ընծաների հետ և դրվում էր Սրբություն բաժանմունքում Եհովայի առաջ դրվող հացերի յուրաքանչյուր շարքի վրա: Ելք 30:34-36; Ղև 2:1; 24:7; Մթ 2:11:
Կնիք:
Հարմարանք, որով դրոշմ էր դրվում հիմնականում կավի կամ մոմի վրա՝ սեփականության իրավունքը հաստատելու, ինչ-որ բան վավերացնելու կամ համաձայնություն կնքելու համար: Հնում կնիքները պատրաստվում էին կարծր նյութերից՝ քարից, փղոսկրից կամ փայտից, որոնց վրա հայելային (հակառակ) պատկերով փորագրվում էին տառեր կամ նախշեր: «Կնիք» բառը կիրառվել է նաև փոխաբերական իմաստով՝ ցույց տալով վավերականություն, սեփականություն կամ գաղտնիություն: Ելք 28:11; Նեմ 9:38; Հտն 5:1; 9:4:
Կնքամատանի:
Կոճղ:
Կործանման դատապարտված:
Այսպես թարգմանված եբրայերեն արտահայտությունը, երբ կիրառված է մարդկանց առնչությամբ, նշանակում է, որ նրանց պետք է սպանեին: Իսկ երբ խոսքը կենդանիների, իրերի կամ անշարժ գույքի (օրինակ՝ արտերի և անգամ քաղաքների) մասին է, նշանակում է, որ դրանք կա՛մ պետք է ոչնչացվեին, կա՛մ պետք է առգրավվեին և սրբագործվեին սուրբ նպատակներով օգտագործվելու համար (սրբարանում կամ քահանաների կողմից)՝ կախված նրանից, թե Եհովան ինչ կորոշեր կոնկրետ իրավիճակում: Ղև 27:28, ծնթ.; 1Սմ 15:8:
Կրակե լիճ:
«Այրվող ծծմբով» փոխաբերական վայր, որը նաև կոչվում է «երկրորդ մահ»: Այնտեղ են գցվելու չզղջացող մեղսագործները, Սատանան և նույնիսկ մահն ու գերեզմանը (հադեսը): Այն, որ կրակե լիճը գցվողների թվում կա ոգեղեն արարած, նաև մահը և հադեսը, որոնց վրա կրակը որևէ կերպ չի կարող ազդել, ցույց է տալիս, որ այդ լիճը հավիտենական տանջանքի բառացի վայր չէ, այլ հավիտենական կործանման խորհրդանիշ է: Հտն 19:20; 20:14, 15; 21:8:
Կրծքապանակ:
Թանկարժեք քարերով զարդարված գրպանատիպ հարմարանք, որը Իսրայելի քահանայապետը կրում էր իր սրտի մոտ ամեն անգամ, երբ մտնում էր սրբարան: Այն կոչվում էր դատավճռի կրծքապանակ, քանի որ դրա մեջ էին դրվում ուրիմն ու թումիմը, որոնց միջոցով հայտնի էին դառնում Եհովայի դատավճիռները (Ելք 28:15-30): Տես հավելված Բ5:
Հ
Հակաքրիստոս:
Բնագրում օգտագործված հունարեն բառը ունի երկու իմաստ. կարող է վերաբերել Քրիստոսին հակառակ լինողին կամ կեղծ Քրիստոսին՝ իրեն Քրիստոսի տեղը դնողին: Բոլոր այն մարդիկ, կազմակերպություններն ու խմբավորումները, որոնք խաբեությամբ պնդում են, թե Քրիստոսի ներկայացուցիչներն են, կամ իրենց են վերագրում Մեսիայի դերը, կամ որոնք հակառակվում են Քրիստոսին ու նրա աշակերտներին, կարող են արդարացիորեն կոչվել հակաքրիստոսներ (1Հվ 2:22):
Հակոբ:
Իսահակի և Ռեբեկայի որդին: Ավելի ուշ Աստված նրան տվեց «Իսրայել» անունը, և նա դարձավ Իսրայելի ժողովրդի (նաև կոչվել են իսրայելացիներ, հետագայում՝ հրեաներ) նախահայրը: Նա 12 որդի ուներ, որոնք իրենց սերունդների հետ միասին կազմեցին Իսրայելի 12 ցեղերը: «Հակոբ» անունը շարունակեց օգտագործվել Իսրայելի ժողովրդի առնչությամբ: Ծն 32:28; Մթ 22:32:
Հաճար:
Ցորենի ցածրակարգ տեսակ (Triticum spelta), որի հատիկները դժվարությամբ են առանձնանում թեփից (Ելք 9:32):
Հանդիպման վրան:
Հանցանքի զոհ:
Զոհ, որ անհատը բերում էր իր մեղքերի համար: Հանցանքի զոհը փոքր-ինչ տարբերվում էր մեղքի այլ զոհերից նրանով, որ այն բերվում էր, երբ մարդը մեղք էր գործում Աստծու կամ դրացու դեմ՝ ոտնահարելով Օրենքի ուխտով սահմանված նրանց իրավունքները: Այդ զոհը բերելով՝ զղջացող մեղավորը ընդունում էր իր մեղքը, խնդրում էր վերականգնել մեղքի պատճառով իր կորցրած իրավունքները և ազատել իրեն պատժից: Ղև 7:37; 19:22; Ես 53:10:
Հաշտության կափարիչ:
Ուխտի տապանակի կափարիչը, որի առաջ քահանայապետը ցողում էր Քավության օրը մատուցվող մեղքի զոհերի արյունը: Եբրայերեն տերմինը ծագում է մի բայարմատից, որը նշանակում է «ծածկել [մեղքը]» կամ թերևս «ջնջել [մեղքը]»: Այդ կափարիչը ամբողջությամբ պատրաստված էր ոսկուց, և դրա երկու ծայրերին քերովբեներ էին տեղադրված, ամեն մեկը՝ մի ծայրին: Երբեմն այն պարզապես հիշատակվում է «կափարիչ» բառով: Ելք 25:17-22; 1Տգ 28:11; Եբ 9:5; տես հավելված Բ5:
Հաշտություն:
Տես ՔԱՎՈՒԹՅՈՒՆ:
Հավատարիմ սեր:
Այս արտահայտությունը թարգմանված է մեծ մասամբ եբրայերեն խեսեդ բառից: Այդ բառը նկարագրում է այնպիսի սեր, որի հիմքում անձնավորության հանդեպ պատասխանատվության զգացումն է, ողջ սրտով հավատարիմ լինելը և խոր կապվածությունը: Այս բառը հաճախ կիրառվում է մարդկանց հանդեպ Աստծու սերը նկարագրելու համար, բայց կարող է վերաբերել նաև մարդկանց միջև սիրուն (Ելք 34:6; Հռթ 3:10):
Հավատուրացություն:
Բնագրում օգտագործված հունարեն ապոստասիա բառը ունի հրաժարվելու, թողնելու, ըմբոստանալու իմաստ և ծագել է մի բայից, որը բառացի նշանակում է «հետ կանգնել»: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «հավատուրացություն» բառը հիմնականում կիրառվում է ճշմարիտ պաշտամունքից հետ կանգնողների առնչությամբ: Առ 11:9; Գրծ 21:21; 2Թղ 2:3:
Հարճ:
Հարություն:
Մահացածի կենդանանալը: Բնագրում գործածված հունարեն անաստասիս բառի բառացի իմաստը վեր կենալը, ոտքի կանգնելն է: Աստվածաշնչում հիշատակվում է հարության ինը դեպք, այդ թվում՝ Հիսուսինը, որին անձամբ Եհովա Աստված է հարություն տվել: Թեև հարության մյուս դեպքերը կատարվել են Եղիայի, Եղիսեի, Հիսուսի, Պետրոսի և Պողոսի կողմից, այդ հրաշքները ակնհայտորեն վերագրվում են Աստծու զորությանը: «Թե՛ արդարների և թե՛ անարդարների» հարությունը, որը լինելու է երկրի վրա, Աստծու նպատակի կարևոր մասն է (Գրծ 24:15): Աստվածաշնչում հիշատակվում է նաև երկնային հարության մասին, որը կոչվում է «վաղ» կամ «առաջին» հարություն և վերաբերում է Հիսուսի՝ սուրբ ոգով օծված եղբայրներին: Փպ 3:11; Հտն 20:5, 6; Հվ 5:28, 29; 11:25:
Հեղեղատ:
Կոչվում է նաև վադի, ուեդ: Եբրայերեն բառը վերաբերում է այնպիսի գետահովտի կամ հեղեղի բացած հունի, որը սովորաբար ցամաքած է լինում՝ բացառությամբ անձրևային սեզոնին: Այդ բառը կարող է նաև վերաբերել հենց ջրահոսքին: Որոշ դեպքերում ջրահոսքերը սնվում էին աղբյուրներից, ուստի ողջ տարին չէին ցամաքում: Մեծ մասամբ այս բառը թարգմանվել է «գետահովիտ»: Ծն 26:19; Թվ 34:5; 1Թգ 18:5; Հոբ 6:15:
Հերմես:
Հունական աստվածություն, Զևսի որդին: Համարվում էր, որ Հերմեսը աստվածների սուրհանդակն է և պերճախոսության աստվածը, դրա համար էլ Լյուստրայի ժողովուրդը Պողոսին Հերմեսի տեղ ընդունեց (Գրծ 14:12):
Հերովդես:
Այս անունն էին կրում այն դինաստիայի կառավարիչները, որոնք Հռոմի կողմից նշանակվել էին կառավարելու Հրեաստանը: Հերովդես Մեծը հայտնի էր նրանով, որ վերակառուցել էր Երուսաղեմի տաճարը և Հիսուսին սպանելու միտումով հրամայել էր կոտորել երեխաներին (Մթ 2:16; Ղկ 1:5): Նրա որդիները՝ Հերովդես Արքեղայոսը և Հերովդես Անտիպասը, նշանակվել էին ղեկավարելու իրենց հոր իշխանության տակ եղող տարածքի տարբեր հատվածներ (Մթ 2:22): Անտիպասը, որը չորրորդապետ էր, և որին ժողովուրդը կոչում էր «թագավոր», իշխել է Քրիստոսի երեքուկես տարի տևած ծառայության ընթացքում և շարունակել է իշխել մինչև Գործեր 12-րդ գլխում նկարագրվող ժամանակաշրջանը (Մկ 6:14-17; Ղկ 3:1, 19, 20; 13:31, 32; 23:6-15; Գրծ 4:27; 13:1): Այնուհետև գահ է բարձրացել Հերովդես Ագրիպաս I-ը՝ Հերովդես Մեծի թոռը, որը կարճ ժամանակ իշխելուց հետո մահապատժի է ենթարկվել Աստծու հրեշտակի կողմից (Գրծ 12:1-6, 18-23): Հետո սկսել է իշխել նրա որդին՝ Հերովդես Ագրիպաս II-ը, որը ղեկավարել է մինչև հռոմեացիների դեմ հրեաների ապստամբությունը (Գրծ 23:35; 25:13, 22-27; 26:1, 2, 19-32):
Հերովդեսականներ:
Ազգայնական կուսակցության անդամներ, որոնք սատարում էին հռոմեացիների տիրապետության տակ իշխող Հերովդեսյան դինաստիայի քաղաքական շահերը: Սադուկեցիներից ոմանք հավանաբար հարում էին այդ կուսակցությանը: Հերովդեսականները, միանալով փարիսեցիներին, դուրս էին եկել Հիսուսի դեմ (Մկ 3:6):
Հիգգայոն:
Նվագավարությանն առնչվող տեխնիկական տերմին: Գործածված է Սաղմոս 9:16-ում: Այս բառը կարող է մատնանշել երկու բան՝ քնարով կատարվող ցածր տոնայնության միջնանվագ կամ խորհրդածության համար արվող դադար:
Հիմեն:
Հեղուկ նյութերի չափման միավոր: Այդպես էր կոչվում նաև մեկ հիմեն տարողության չափանոթը: Հիմենը 3,67 լ էր (7,75 պինտա): Այս հաշվարկը հիմնված է Հովսեպոսի այն վկայության վրա, որ հիմենը երկու քուզա է: Ելք 29:40; տես հավելված Բ14:
Հիշատակի դամբան:
Թաղման վայր, որտեղ դնում էին հանգուցյալի աճյունը: Այսպես թարգմանված հունարեն մնեմեյոն բառը ծագում է մի բայից, որը նշանակում է «հիշեցնել»: Ուստի այս արտահայտությունը փոխանցում է այն միտքը, որ մահացածի հիշատակը մոռացված չէ: Հվ 5:28, 29, ծնթ.:
Հնձան:
Սովորաբար երկու բաժանմունքից (ավազանից) բաղկացած կառույց, որը բնական կրաքարից էր: Այդ կառույցի մի բաժանմունքը մյուսից բարձր էր տեղակայված, և դրանք իրար էին միացված հեղուկատար փոքր ուղով: Երբ վերին բաժանմունքում ճզմում էին խաղողը, խաղողահյութը ծորում ու լցվում էր ցածրադիր բաժանմունքի մեջ: «Հնձան» բառը նաև փոխաբերական իմաստով է կիրառվում՝ նկարագրելով Աստծու դատաստանը: Ես 5:2; Հտն 19:15:
Հնձի տոն (Շաբաթների տոն):
Տես ՊԵՆՏԵԿՈՍՏԵ:
Հնոց:
Հոբելյան:
Այսպես էր կոչվում ամեն 50-րդ տարին՝ սկսած այն ժամանակից, երբ իսրայելացիները մտան Խոստացված երկիր: Այդ տարի հողը պետք է անմշակ թողնվեր, և եբրայեցի ստրուկները պետք է ազատ արձակվեին: Վաճառված ժառանգական հողերը պետք է վերադարձվեին իրենց տերերին: Կարելի է ասել, որ հոբելյանական ողջ տարին տոնախմբության տարի էր, ինչպես նաև ազատության, քանի որ այդ ժամանակ ողջ ազգը վերադառնում էր այն կարգավիճակին, որն Աստված ի սկզբանե հաստատել էր (Ղև 25:10):
Հոգի:
Սովորաբար այսպես են թարգմանվում եբրայերեն նեֆեշ և հունարեն փսիխե բառերը: Աստվածաշնչում այս բառերի գործածության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ դրանք հիմնականում վերաբերում են՝ 1) մարդկանց, 2) կենդանիներին, 3) մարդու կամ կենդանու կյանքին (Ծն 1:20, ծնթ.; 2:7, ծնթ.; Թվ 31:28, ծնթ.; 1Պտ 3:20): Թեև կրոնական շատ համատեքստերում «հոգի» բառը այլ կերպ է գործածվում, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երբ խոսքը երկրային արարածների մասին է, թե՛ նեֆեշ, թե՛ փսիխե բառերը վերաբերում են նրան, ինչը նյութական է, շոշափելի, տեսանելի և մահկանացու: Այս թարգմանության մեջ բնագրային բառերը շատ հաճախ թարգմանվել են յուրաքանչյուր համատեքստում իրենց ունեցած նշանակությանը համապատասխան, օրինակ՝ «կյանք», «արարած», «մարդ», «ողջ էություն» կամ պարզապես որևէ անձնական դերանունով (օրինակ՝ «իմ հոգին» թարգմանվել է «ես»): Շատ դեպքերում ծանոթագրություններում որպես թարգմանության այլ տարբերակ նշվում է «հոգի» բառը: Երբ հիմնական տեքստում կամ ծանոթագրության մեջ օգտագործվում է «հոգի» բառը, այն պետք է հասկանալ վերոնշյալ բացատրությանը համապատասխան: Երբ խոսքը ինչ-որ բան ողջ հոգով անելու մասին է, նշանակում է, որ դա արվում է ամբողջ էությամբ և ողջ սրտով (2Օր 6:5; Մթ 22:37): Որոշ համատեքստերում բնագրային այս բառերը կարող են վերաբերել կենդանի արարածի ցանկությանը կամ ախորժակին, ինչպես նաև մահացած մարդուն կամ դիակին (Թվ 6:6, ծնթ.; Առ 23:2; Ես 56:11; Անգ 2:13, ծնթ.):
Հրեաներ:
Իսրայելի տասցեղ թագավորության անկումից հետո այսպես էին կոչվում Հուդայի ցեղին պատկանող մարդիկ (2Թգ 16:6): Հետագայում այսպես սկսեցին կոչվել բաբելոնյան գերությունից վերադարձած իսրայելացիները՝ անկախ նրանից, թե որ ցեղից էին (Եզր 4:12): Ժամանակի ընթացքում «հրեաներ» անվանումը սկսեց կիրառվել ամբողջ աշխարհում՝ իսրայելացիներին այլազգիներից տարբերակելու համար (Եսթ 3:6): Պողոս առաքյալը այս բառը կիրառեց փոխաբերական իմաստով, երբ փաստարկներ էր բերում այն մասին, որ քրիստոնեական ժողովում անհատի ազգությունը ոչ մի դեր չի խաղում (Հռ 2:28, 29; Գղ 3:28):
Հրեշտակապետ:
Հունարեն արխանգելոս բառն է, որը նշանակում է «հրեշտակների գլխավոր»: «Արխ» նախածանցը նշանակում է «պետ» կամ «գլխավոր»: Այս նշանակությունը, ինչպես նաև այն փաստը, որ «հրեշտակապետ» բառը Աստվածաշնչում գործածվում է միայն եզակի թվով, ցույց է տալիս, որ կա միայն մեկ հրեշտակապետ: Աստվածաշունչը հայտնում է, որ այդ հրեշտակապետի անունը Միքայել է (Դն 12:1; Հդ 9; Հտն 12:7):
Հրեշտակներ:
Եբրայերեն մալախ և հունարեն անգելոս բառերը բառացի նշանակում են «պատգամաբեր», բայց երբ խոսքը ոգեղեն պատգամաբերների մասին է, թարգմանվում են «հրեշտակ» (Ծն 32:29; Ղկ 1:26; Հտն 22:8, 9): Հրեշտակները հզոր ոգեղեն էակներ են, որոնց Աստված արարել է մարդկանց ստեղծելուց դեռ շատ առաջ: Աստվածաշնչում նրանք նաև հիշատակվում են որպես «տասնյակ հազարավոր սրբեր», «Աստծու որդիներ» և «առավոտյան աստղեր» (2Օր 33:2, ծնթ.; Հոբ 1:6; 38:7): Հրեշտակները ստեղծված չեն իրենց տեսակը վերարտադրելու ունակությամբ. նրանք մեկ առ մեկ ստեղծված են Աստծու կողմից: Հրեշտակների թիվը գերազանցում է հարյուր միլիոնը (Դն 7:10): Աստվածաշնչից իմանում ենք, որ նրանք առանձին անհատականություններ են և ունեն անձնանուններ: Նրանք խոնարհաբար հրաժարվում են որևէ մեկի կողմից պաշտամունք ընդունելուց և մեծ մասամբ նույնիսկ չեն հայտնում իրենց անունը (Ծն 32:29; Ղկ 1:26; Հտն 22:8, 9): Հրեշտակները տարբեր դիրքեր ունեն և նշանակված են կատարելու տարբեր դերեր, օրինակ՝ ծառայում են Եհովայի գահի առաջ, նրա պատգամներն են փոխանցում, օգնում են նրա երկրային ծառաներին, իրագործում են նրա դատաստանները և աջակցում են քարոզչական գործին (2Թգ 19:35; Սղ 34:7; Ղկ 1:30, 31; Հտն 5:11; 14:6): Ապագայում նրանք կաջակցեն Հիսուսին Արմագեդոն պատերազմում (Հտն 19:14, 15):
Հուդա:
Հակոբի չորրորդ որդին՝ ծնված նրա կին Լիայից: Մահից առաջ Հակոբը մարգարեացավ, որ Հուդայի տոհմից առաջ էր գալու հզոր մի ղեկավար, որի իշխանությունը հարատև էր լինելու: Հիսուսը որպես մարդ ծնվեց Հուդայի տոհմում: «Հուդա» անունով կոչվեց նաև Իսրայելի ցեղերից մեկը, և հետագայում՝ Իսրայելի հարավում ձևավորված թագավորությունը: Հուդայի թագավորության կազմում էին Հուդայի և Բենիամինի ցեղերը, ինչպես նաև քահանաները և ղևտացիները: Հուդայի տարածքն ընդգրկում էր երկրի հարավային մասը, որտեղ գտնվում էին Երուսաղեմ քաղաքը և տաճարը: Ծն 29:35; 49:10; 1Թգ 4:20; Եբ 7:14:
Հույներ:
Ձ
Ձեռքերը դնել վրան:
Ձեռքերը դնում էին մարդու վրա, որ նա նշանակվեր հատուկ գործ անելու, օրհնվեր, բուժվեր կամ ստանար սուրբ ոգու պարգևը: Երբեմն ձեռքերը դնում էին կենդանիների վրա նախքան դրանք զոհաբերելը: Ելք 29:15; Թվ 27:18; Գրծ 19:6; 1Տմ 5:22:
Ղ
Ղևի, ղևտացի:
Հակոբի երրորդ որդին՝ ծնված նրա կին Լիայից: Ղևիի անունով կոչվեց նաև նրանից սերած ցեղը: Ղևիի երեք որդիները դարձան ղևտացիների երեք հիմնական տոհմերի հիմնադիրները: Մեծ մասամբ «ղևտացիներ» բառի կիրառումը չի ներառում Ահարոնի քահանայական տոհմը, սակայն երբեմն այդ բառը կիրառվում է Ղևիի ողջ ցեղի առնչությամբ: Խոստացված երկրում ղևտացիները չստացան առանձին ժառանգական տարածք, բայց այդ ցեղին հատկացվեց 48 քաղաք մյուս ցեղերի տարածքներում: 2Օր 10:8; 1Տգ 6:1; Եբ 7:11:
Ճ
Ճանապարհ:
Երբ այս բառը Աստվածաշնչում կիրառվում է փոխաբերական իմաստով, վերաբերում է ինչ-որ գործելակերպի կամ վարքի, որը Եհովան կա՛մ հավանում է, կա՛մ դատապարտում: Հիսուս Քրիստոսի հետևորդների մասին ասում էին, որ նրանք հետևում են «Ճանապարհին», այսինքն՝ հետևում էին Հիսուս Քրիստոսի օրինակին և կյանքի այնպիսի ուղի էին ընտրել, որը կենտրոնացած էր նրա հանդեպ հավատի վրա (Գրծ 19:9):
Ճշմարիտ Աստված:
Այսպես է թարգմանվել «աստված» բառի եբրայերեն համարժեքը՝ կիրառված որոշյալ հոդով: Շատ դեպքերում եբրայերենում որոշյալ հոդը կիրառվել է Եհովային որպես միակ ճշմարիտ Աստված բնորոշելու և նրան կեղծ աստվածներից տարանջատելու համար: Հետևաբար, այդպիսի համատեքստերում կիրառված «ճշմարիտ Աստված» արտահայտությունը ճշգրտորեն փոխանցում է եբրայերեն արտահայտության ամբողջական իմաստը: Ծն 5:22, 24; 46:3; 2Օր 4:39:
Մ
Մագաղաթ:
Ոչխարի, այծի, հորթի կաշվից պատրաստված գրելանյութ: Մագաղաթը պապիրուսից դիմացկուն էր և գործածվում էր Աստվածաշնչի գրքերը գրելու համար: Մագաղաթները, որ Պողոսը Տիմոթեոսին խնդրեց բերել, հավանաբար հատվածներ էին Եբրայերեն Գրվածքներից (2Տմ 4:13): Մեռյալ ծովի ձեռագրերից մի քանիսը մագաղաթե գալարափաթեթներ էին:
Մագիստրատներ:
Հռոմեական գաղութներում պետական իշխանության ներկայացուցիչներ: Նրանց պարտականությունների մեջ էր մտնում կարգուկանոն պահպանելը, ֆինանսների վերահսկողությունը, օրինախախտներին դատելը և պատժի իրագործման հրաման տալը: Գրծ 16:20:
Մախալաթ:
Սաղմոս 53-ի և 88-ի խորագրում հանդիպող տերմին, որը, ըստ ամենայնի, կապված էր երաժշտության հետ: Հնարավոր է՝ այն ծագումնաբանական կապ ունի եբրայերեն մի բայարմատի հետ, որը նշանակում է «թուլանալ», «հիվանդանալ»: Ուստի այդ տերմինը թերևս ցույց էր տալիս, որ սաղմոսները պետք է կատարվեին մռայլ ու տխուր տոնայնությամբ, ինչը ներդաշնակ կլիներ դրանց մռայլ բովանդակությանը:
Մակեդոնիա:
Հունաստանի հյուսիսում գտնվող տարածաշրջան, որը վերելք ապրեց Ալեքսանդր Մեծի իշխանության օրոք: Այն անկախություն էր վայելում մինչև հռոմեացիների կողմից նվաճվելը: Այն ժամանակ, երբ Պողոս առաքյալը իր առաջին շրջագայությունն էր կատարում Եվրոպայում, Մակեդոնիան Հռոմի պրովինցիաներից մեկն էր: Պողոսը երեք անգամ այցելել է Մակեդոնիա (Գրծ 16:9): Տես հավելված Բ13:
Մանանա:
Անապատում իսրայելացիների հիմնական սնունդը 40 տարվա դեգերումների ժամանակ: Այն հրաշքով տալիս էր Եհովան: Ամեն առավոտ, բացառությամբ Շաբաթ օրերի, ցողի գոլորշիանալուց հետո գետնին երևում էր մանանան: Երբ իսրայելացիները առաջին անգամ տեսան այն, հարցրին՝ «Ի՞նչ է սա», եբրայերեն՝ մա՞ն հու (Ելք 16:13-15, 35): Այլ համատեքստերում մանանան անվանվում է «երկնքի ցորեն» (Սղ 78:24), «երկնային հաց» (Սղ 105:40), «զորեղ էակների հաց» (Սղ 78:25): Հիսուսը խոսել է մանանայի մասին փոխաբերական իմաստով (Հվ 6:49, 50):
Մանուշակագույն:
Այս գույնը հաճախ է հիշատակվում Աստվածաշնչում, սակայն հստակ տարբերակում չի արվում մանուշակագույնի զանազան երանգների մեջ, որոնք ստանում էին տարբեր գունանյութերից կամ գունավորման տարբեր մեթոդներով: Գունային գամման լայն էր՝ կարմրամանուշակագույնից մինչև բաց մանուշակագույն: Քանի որ այս գույնը ստանալը շատ ծախսատար էր, այն հաճախ ասոցացվում էր հարստության, պատվի և արքայական փառքի հետ: Ելք 25:4; Թվ 4:13; Եզկ 27:7, 16; Դն 5:7, 29; Մկ 15:17, 20; Ղկ 16:19; Հտն 17:4:
Մասքիլ:
Եբրայերեն տերմին, որի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ (Սղ 32, խորագիր): Այն հանդիպում է 13 սաղմոսների խորագրում ու թերևս նշանակում է «խոհական բանաստեղծություն»: Ոմանք կարծում են, որ այդ բառի հետ իմաստային կապ ունի դրան ձևով նման մեկ այլ բառ, որը թարգմանվում է «խոհեմությամբ ծառայել» (2Տգ 30:22):
Մար:
Հեղուկ նյութերի չափման միավոր, որը մոտ 22 լ է (5,81 գալոն): Այս տվյալը ստացել են՝ ուսումնասիրելով սափորների գտածո բեկորներ, որոնց վրա գրված էր այս բառը: Աստվածաշնչում հիշատակված սորուն և հեղուկ նյութերի չափման միավորների մեծ մասը որոշվում է մարի այս հաշվարկված չափի հիման վրա (1Թգ 7:38; Եզկ 45:14): Տես հավելված Բ14:
Մարգարե:
Մարգարեություն:
Աստծու ներշնչմամբ տրված պատգամ, Աստծու կամքի մասին հայտնություն կամ դրա հռչակումը: Մարգարեություն կարող է համարվել նաև Աստծու ներշնչմամբ տրված բարոյախրատական ուսուցումը, նրա պատվերի կամ դատաստանի մասին հայտնելը կամ էլ գալիք ինչ-որ բանի մասին ազդարարելը: Եզկ 37:9, 10; Դն 9:24; Մթ 13:14; 2Պտ 1:20, 21:
Մարդու Որդի:
Այս արտահայտությունը Ավետարաններում հանդիպում է մոտ 80 անգամ: Այն վերաբերում է Հիսուս Քրիստոսին և նշանակում է, որ նա ոչ թե պարզապես մարդկային մարմին հագած ոգեղեն արարած էր, այլ ծնվելով մարդուց՝ դարձել էր մարդ: «Մարդու Որդի» արտահայտությունը նաև ցույց է տալիս, որ Հիսուսը իրագործելու էր Դանիել 7:13, 14-ում արձանագրված մարգարեությունը: Եբրայերեն Գրվածքներում այս արտահայտությունը կիրառված է Եզեկիելի ու Դանիելի առնչությամբ՝ ընդգծելով, որ նրանք ընդամենը մահկանացու խոսնակներ էին՝ ի հակադրություն իրենց հաղորդած պատգամների Հեղինակի՝ Աստծու: Եզկ 3:17; Դն 8:17; Մթ 19:28; 20:28:
Մարեր, Մարաստան:
Հաբեթի որդի Մադայից սերած ժողովուրդ: Նրանք բնակություն հաստատեցին Իրանական բարձրավանդակում և ձևավորեցին Մարաստան պետությունը: Մարերը միավորվեցին բաբելոնացիների հետ և միասին պարտության մատնեցին Ասորեստանին: Այդ ժամանակ Պարսկաստանը Մարաստանի տիրապետության տակ գտնվող պրովինցիա էր, բայց Կյուրոսը ապստամբություն բարձրացրեց և Պարսկաստանը միավորելով Մարաստանի հետ՝ ստեղծեց Մարա-Պարսկական կայսրությունը: Մ.թ.ա. 539 թ.-ին այս տերությունը պարտության մատնեց Նոր Բաբելոնյան կայսրությանը: Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին Երուսաղեմ եկած մարդկանց թվում կային նաև մարեր: Դն 5:28, 31; Գրծ 2:9; տես հավելված Բ9:
Մարմնավաճառ:
Այսպես է թարգմանվել հունարեն պոռնե բառը: Այն ծագել է մի բառարմատից, որը նշանակում է «վաճառել»: Այս բառը սովորաբար կիրառվում է կնոջ առնչությամբ, թեև Աստվածաշնչում հիշատակվում է նաև տղամարդ մարմնավաճառների մասին: Մովսիսական օրենքը դատապարտում էր մարմնավաճառությունը, և մարմնավաճառի ստացած վարձը չէր կարող նվիրաբերվել սրբարանին, քանի որ դա ընդունելի չէր Եհովայի համար: Մինչդեռ հեթանոսական տաճարների համար տաճարային մարմնավաճառները եկամտի աղբյուր էին հանդիսանում (2Օր 23:17, 18; 1Թգ 14:24): Աստվածաշնչում այս բառը նաև օգտագործվում է փոխաբերական իմաստով՝ նկարագրելով այն մարդկանց, ազգերին կամ կազմակերպություններին, որոնք պնդում են, թե ծառայում են Աստծուն, սակայն ներգրավված են կռապաշտության որևէ ձևի մեջ: Օրինակ՝ Հայտնություն գրքում «Մեծ Բաբելոն» կոչվող կրոնական միավորումը նմանեցվում է մարմնավաճառի, քանի որ իշխանություն և հարստություն ձեռք բերելու նպատակով սերտ կապերի մեջ է մտել այս աշխարհի կառավարիչների հետ: Հտն 17:1-5; 18:3; 1Տգ 5:25, ծնթ.:
Մարոդաք:
Բաբելոն քաղաքի գերագույն աստվածությունը: Այն բանից հետո, երբ Բաբելոնի թագավոր և օրենսդիր Համմուրաբին Բաբելոնը դարձրեց Բաբելոնիայի մայրաքաղաքը, Մարոդաքը (Մարդուկը) ավելի մեծ հռչակ ձեռք բերեց և աստիճանաբար դուրս մղեց մինչ այդ պաշտվող մի շարք աստվածների՝ դառնալով բաբելոնյան դիցարանի գերագույն աստվածը: Հետագայում «Մարոդաք» (Մարդուկ) անունը փոխարինվեց «Բելու» (տեր) տիտղոսով, և ժամանակի ընթացքում Մարոդաքին սկսեցին Բել անվանել (Եր 50:2):
Մարջան:
Նույնն է՝ կորալ: Կարծր, քարանման նյութ, որը գոյանում է մանր ծովային կենդանիների կմախքներից: Լինում են տարբեր գույների, օրինակ՝ կարմիր, սպիտակ և սև: Մարջաններով հարուստ է հատկապես Կարմիր ծովը: Աստվածաշնչյան ժամանակներում կարմիր մարջանը շատ թանկ էր գնահատվում, ու դրանից պատրաստվում էին ուլունքներ և այլ զարդեր (Առ 8:11):
Մաքուր, մաքրել:
Մեծ նեղություն:
«Նեղություն» թարգմանված հունարեն բառն ունի ճնշող հանգամանքների պատճառով առաջացած մտատանջության, տառապանքի իմաստ: Հիսուսը խոսեց աննախադեպ «մեծ նեղության» մասին, որը գալու էր Երուսաղեմի, իսկ ավելի ուշ՝ ողջ մարդկության վրա, երբ ինքը ապագայում գար «մեծ փառքով» (Մթ 24:21, 29-31): Պողոսն այդ գալիք աղետը որակեց որպես Աստծու կողմից արդար հատուցում «նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին»: Հայտնություն 19-րդ գլխում նկարագրվում է, որ Հիսուսը երկնային զորքերին առաջնորդում է «գազանի, երկրի թագավորների ու նրանց զորքերի» դեմ պատերազմի (2Թղ 1:6-8; Հտն 19:11-21): Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդ նեղությունից հետո վերապրելու է «մի մեծ բազմություն» (Հտն 7:9, 14): Տես ԱՐՄԱԳԵԴՈՆ:
Մեղքի զոհ:
Մեղքոմ:
Մեսիա:
Միջնորդ:
Միքթամ:
Մկրտություն, մկրտել:
Մղեղ (թեփ):
Մղոն:
Հեռավորության չափման միավոր, որ Աստվածաշնչում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Մատթեոս 5:41 համարի բնագրում: Հավանաբար, խոսքը հռոմեական մղոնի մասին է, որը 1 479,5 մ է (4 854 ֆուտ): Տես հավելված Բ14:
Մնաս:
«Եզեկիել» գրքում կոչվում է նաև մանե: Կշռի և դրամի միավոր: Եբրայերեն Գրվածքներում հիշատակված մնասը 570 գ էր (18,35 տրոյան ունցիա): Այս հաշվարկը հիմնված է հնագիտական այն փաստի վրա, որ մեկ մնասը 50 սիկղ էր, և որ մեկ սիկղը 11,4 գ էր: Ինչպես որ կար երկու տեսակի կանգուն, այդպես էլ, հնարավոր է, եղել է երկու տեսակի մնաս՝ սովորական և թագավորական: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում հիշատակված մնասը 100 դրախմա էր և կշռում էր 340 գ (10,9 տրոյան ունցիա): Վաթսուն մնասը մեկ տաղանդ էր: Եզր 2:69; Ղկ 19:13; տես հավելված Բ14:
Մողոք:
Մովսեսի օրենք:
Մութ-լաբբեն:
Սաղմոս 9-ի խորագրում հանդիպող տերմին: Ընդունված կարծիքն այն է, որ այդ արտահայտության նշանակությունն է՝ «որդու մահվան մասին»: Ոմանք ենթադրում են, որ «մութ-լաբբեն»-ը նշված սաղմոսի երգեցողության ժամանակ կատարվող հայտնի երաժշտական ստեղծագործության անվանումն է կամ գուցե բացման խոսքերը:
Ն
Նազարեթցի:
Այսպես էին կոչում Հիսուսին, քանի որ նա մեծացել էր Նազարեթ քաղաքում: Հավանաբար, այս բառը կապ ունի Եսայիա 11:1-ում «ընձյուղ» թարգմանված եբրայերեն բառի հետ: Հետագայում նազարեթցի անվանեցին նաև Հիսուսի հետևորդներին: Մթ 2:23; Գրծ 24:5:
Նաթանայիմներ:
Տաճարի այն սպասավորները, կամ՝ ծառայողները, որոնք իսրայելացի չէին: Եբրայերեն բառը բառացի նշանակում է «տրվածներ», ինչը ցույց է տալիս, որ նրանք տրված էին տաճարում ծառայելու համար (1Տգ 9:2; Եզր 8:17): Հավանաբար, նաթանայիմներից շատերը գաբաոնացիների սերունդներից էին, որոնք Հեսուի կարգադրությամբ «պետք է փայտ հավաքեին և ջուր հանեին ժողովրդի ու Եհովայի զոհասեղանի համար» (Հս 9:23, 27):
Նարդոսի յուղ:
Թանկարժեք, անուշահոտ յուղ, որն ունի բաց կարմրավուն գույն և ստացվում է Nardostachys jatamansi բույսից: Քանի որ նարդոսի յուղը թանկարժեք էր, հաճախ այն խառնում էին էժանագին յուղերի հետ ու երբեմն նույնիսկ կեղծում էին: Թե՛ Մարկոսը և թե՛ Հովհաննեսը նշում են մի ուշագրավ նրբություն. յուղը, որ լցրին Հիսուսի գլխին ու ոտքերին, նարդոսի «մաքուր յուղ» էր (Մկ 14:3; Հվ 12:3):
Նեհիլոթ:
Սաղմոս 5-ի խորագրում հանդիպող երաժշտական տերմին, որի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ: Ոմանք այն կապում են եբրայերեն մի բառարմատի հետ, որը ազգակից է խալիլ (ֆլեյտա) բառին, և կարծում են, որ խոսքը փողային երաժշտական գործիքի մասին է: Սակայն այն կարող է նաև վերաբերել մեղեդու:
Ներկայություն:
Քրիստոնեական Հունարեն Գրվածքների որոշ համատեքստերում այս բառը վերաբերում է Հիսուս Քրիստոսի՝ որպես Մեսիական Թագավորի անտեսանելի ներկայությանը: Այդ ժամանակահատվածը սկսվել է նրա գահակալումից և ընդգրկում է այս աշխարհի վերջին օրերի ժամանակահատվածը: «Քրիստոսի ներկայություն» արտահայտությունը չի վերաբերում գալուն և արագ հեռանալուն, այլ մատնանշում է ժամանակահատված, որը նշանավորվում է որոշակի իրադարձություններով (Մթ 24:3):
Ներքինի:
Այս բառը բառացի նշանակում է «ամորձատված տղամարդ»: Այդպիսի տղամարդիկ հաճախ նշանակվում էին ծառայելու արքունիքում որպես թագուհու և հարճերի սպասավոր ու խնամատար (Եսթ 2:15): «Ներքինի» բառը վերաբերում է նաև արքունիքում որոշակի պարտականություններ կատարող պաշտոնյայի, որը, սակայն, բառի բուն իմաստով ներքինի չէր (Գրծ 8:27): Կիրառվում է նաև փոխաբերական իմաստով, երբ խոսվում է նրանց մասին, ովքեր «ներքինի» են մնում, որ «ավելին անեն երկնքի թագավորության համար» (Մթ 19:12, ծնթ.): Սա նշանակում է, որ անհատը ինքնատիրապետում է դրսևորում և ամուրի մնում, որպեսզի ավելի շատ ծառայի Աստծուն:
Նեֆիլիմ:
Նախաջրհեղեղյան ժամանակներում մարդկային մարմին հագած հրեշտակներից և «մարդկանց աղջիկներից» առաջ եկած խառնածին որդիներ, որոնք աչքի էին ընկնում իրենց դաժանությամբ (Ծն 6:4):
Նիսան:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես սկսեց կոչվել աբիբ ամիսը՝ հրեական կրոնական օրացույցի 1-ին ամիսը և աշխարհիկ օրացույցի 7-րդ ամիսը: Համապատասխանում էր մարտի կեսերից ապրիլի կեսերն ընկած ժամանակահատվածին: Նեմ 2:1; տես հավելված Բ15:
Նշան:
Առարկա, գործողություն, իրավիճակ կամ արտասովոր երևույթ, որ ունի որոշակի նշանակություն և մատնացույց է անում ներկա կամ գալիք ինչ-որ բանի (Ծն 9:12, 13; 2Թգ 20:9; Մթ 24:3; Հտն 1:1):
Նորալուսին:
Նվագավար:
«Սաղմոսներ» գրքում գործածված եբրայերեն համապատասխան բառը թերևս վերաբերում է այն մարդուն, ով զբաղվում էր երգերի երաժշտական մշակմամբ, ղեկավարում էր երգեցողությունը, ուսուցանում էր ղևտացի երգիչներին, նախապատրաստական փորձեր էր անում նրանց հետ և անգամ ղեկավարում հանրային կատարումը: Այլ թարգմանություններում այս բառը թարգմանված է «երաժշտապետ», «երգողների գլխավոր» (Սղ 4, խորագիր; Սղ 5, խորագիր):
Նվիրման սուրբ նշան:
Մաքուր ոսկուց պատրաստված փայլուն թիթեղ, որի վրա եբրայերենով փորագրված էր «Սրբությունը Եհովայինն է» արտահայտությունը: Այդ թիթեղն ամրացվում էր քահանայապետի գլխադրի առջևի մասում: Ելք 39:30; տես հավելված Բ5:
Նվիրման տոն:
Ամենամյա հիշատակի օր: Սահմանվել էր ի հիշատակ տաճարի մաքրման, որը պղծվել էր Անտիոքոս Եպիփանեսի կողմից: Այն տևում էր ութ օր՝ սկսած քասղև ամսվա 25-ից: Հվ 10:22:
Շ
Շաբաթ:
Բնագրում գործածված եբրայերեն բառը նշանակում է «հանգստանալ», «դադար տալ»: Հրեական օրացույցով սա շաբաթվա յոթերորդ օրն է: Շաբաթ էին համարվում նաև տարվա մեջ այլ տոն օրեր, ինչպես նաև 7-րդ և 50-րդ տարիները: Շաբաթ օրը գործ չպետք է արվեր, բացառություն էր միայն սրբարանում կատարվող քահանայական ծառայությունը: Շաբաթ-տարիներին հողը պետք է անմշակ թողնվեր, և հրեաները իրենց ազգակիցներին չպետք է ստիպեին վճարել պարտքերը: Շաբաթի համար Մովսիսական օրենքով դրված սահմանափակումները ողջամիտ էին, բայց կրոնական առաջնորդները հետզհետե այլ կանոններ ավելացրին, այնպես որ Հիսուսի օրերում դրանք արդեն բեռ էին դարձել մարդկանց համար: Ելք 20:8; Ղև 25:4; Ղկ 13:14-16; Կղ 2:16:
Շեմինիթ:
Երաժշտական տերմին, որը բառացի նշանակում է «ութերորդ»: Այն կարող է վերաբերել ստորին ձայնասահմանին կամ տոնայնությանը: Գործիքների դեպքում այս բառը հավանաբար վերաբերում էր երաժշտական ձայնածավալի բաս հնչյուններ արձակող գործիքներին, իսկ երգերի դեպքում՝ ստորին ձայնասահմանով նվագակցությանը և համապատասխան երգեցողությանը: 1Տգ 15:21, ծնթ.; Սղ 6, խորագիր; Սղ 12, խորագիր:
Շեփոր:
Փողային մետաղյա գործիք, որը գործածվում է ազդանշան տալու համար կամ որպես նվագարան: Թվեր 10:2-ում կարդում ենք, որ Եհովան հրահանգեց պատրաստել երկու արծաթյա շեփոր, որոնցով պետք է հատուկ ազդանշաններ հնչեցվեին ժողովրդին մեկտեղ կանչելու, ճամբարը հավաքելու կամ պատերազմի մասին ազդարարելու համար: Այդ շեփորները, ակներևաբար, ուղիղ խողովակ ունեին՝ ի տարբերություն կորավուն եղջերափողերի, որոնք պատրաստվում էին կենդանիների եղջյուրներից: Շեփորներ կային նաև տաճարում գործածվող երաժշտական գործիքների մեջ, սակայն դրանց կառուցվածքի մասին Աստվածաշնչում ոչինչ չի նշվում: Աստվածաշնչում նկարագրվում է, որ Եհովայի դատաստանների ազդարարումը կամ նրա նախաձեռնած այլ կարևոր իրադարձություններ հաճախ փոխաբերական իմաստով ուղեկցվում են շեփորի հնչյուններով: 2Տգ 29:26; Եզր 3:10; 1Կթ 15:52; Հտն 8:7-11:15:
Շնություն:
Կամավոր սեռական հարաբերություն ամուսնացած տղամարդու կամ կնոջ և նրա կողակիցը չհանդիսացող մեկ այլ անձի միջև (Ելք 20:14; Մթ 5:27; 19:9): Բնագրային բառերը կիրառվում են նաև փոխաբերական իմաստով և վերաբերում են Եհովայի հանդեպ անհավատարիմ լինելուն (Եր 9:2; Հկ 4:4):
Ո
Ոգեհարց:
Մարդ, ով, իր ասելով, կարողանում է խոսել մահացածների հետ (Ղև 20:27; 2Օր 18:10-12; 2Թգ 21:6):
Ոգեհարցություն:
Աստվածաշնչում այս բառը վերաբերում է մի շարք գործողությունների, որոնք արվում էին դիվային ուժերի օգնությամբ: Նաև վերաբերում է այն հավատալիքին, ըստ որի՝ մահացած մարդկանց «հոգիները» կենդանի են մնում ու կարողանում են հաղորդակցվել ողջերի հետ, մասնավորապես ոգեհարցների միջոցով, որոնք առավել զգայուն են նրանց ազդեցության նկատմամբ: «Ոգեհարցություն» թարգմանված հունարեն ֆարմակիա բառը բառացի նշանակում է «թմրանյութերի գործածում»: Այս բառը սկսել է կիրառվել ոգեհարցության առնչությամբ, քանի որ հին ժամանակներում կախարդությամբ զբաղվելու նպատակով դիվային ուժերը արթնացնելիս թմրանյութեր էին օգտագործում: Գղ 5:20; Հտն 21:8:
Ոգի:
Եբրայերեն ռուախ և հունարեն պնեումա բառերը, որ հաճախ թարգմանվում են ոգի, ունեն մի քանի իմաստ, բայց բոլոր դեպքերում էլ վերաբերում են մի բանի, ինչը մարդկային աչքին անտեսանելի է, սակայն վկայում է գործող ինչ-որ ուժի մասին: Բնագրային բառերը կարող են ունենալ հետևյալ նշանակությունները՝ 1) քամի, 2) երկրաբնակ արարածների մեջ գործող կենսատու ուժ, 3) մարդու այլաբանական սրտից բխող մղիչ ուժ, որ դրդում է նրան խոսել և վարվել այս կամ այն ձևով, 4) ներշնչմամբ փոխանցված խոսքեր, որոնք բխում են որևէ անտեսանելի աղբյուրից՝ Աստծուց կամ դևերից, 5) ոգեղեն էակներ, 6) Աստծու գործուն ուժը, կամ՝ սուրբ ոգին (Ելք 35:21; Սղ 104:29; Մթ 12:43; Ղկ 11:13; Եբ 1:7; 1Հվ 4:1):
Ողջակեզ:
Կենդանական զոհ, որն ընծայում էին Աստծուն՝ այն ամբողջությամբ այրելով զոհասեղանի վրա: Զոհը բերողը իրեն ոչինչ չէր պահում զոհաբերված կենդանուց (ցուլ, արու ոչխար, արու այծ, աղավնի կամ տատրակ): Ելք 29:18; Ղև 6:9:
Չ
Չար:
Չափման եղեգ:
Չափման եղեգի երկարությունը վեց կանգուն էր. սովորական կանգունով հաշված՝ 2,67 մ (8,75 ֆուտ), իսկ երկար կանգունով՝ 3,11 մ (10,2 ֆուտ): Եզկ 40:3, 5; Հտն 11:1; տես հավելված Բ14:
Պ
Պապիրուս:
Ջրերի ափին աճող եղեգնանման բույս, որից պատրաստում էին զամբյուղ, տարաներ, նավակներ և այլն: Պապիրուսից նաև պատրաստում էին թղթանման գրելանյութ: Շատ գլանաձև ձեռագրեր հենց այս նյութից էին: Ելք 2:3:
Պասեք:
Ամեն տարի աբիբ (հետագայում կոչվեց նիսան) ամսվա 14-րդ օրը նշվող տոն: Իսրայելացիները այն նշում էին ի հիշատակ Եգիպտոսից իրենց ազատագրման: Պասեքի տոնակատարության ժամանակ գառ (կամ այծ) էին մորթում ու խորովում: Այն ուտում էին դառը խոտաբույսերով և անթթխմոր հացով: Ելք 12:27; Հվ 6:4; 1Կթ 5:7:
Պատրաստության օր:
Պարսատիկ:
Կաշվե փոկ կամ տարբեր նյութերից՝ կենդանու ջլերից, եղեգից կամ մազից հյուսված երիզ, որի լայն միջնամասում դնում էին նետվող իրը, սովորաբար՝ քար: Պարսատիկի մի ծայրը կապում էին ձեռքին կամ դաստակին, իսկ մյուս ծայրը բռնած պահում էին և պարսատիկը պտտեցնելիս բաց էին թողնում: Հին ազգերը իրենց զորքերի մեջ ներառում էին պարսատիկավորների: Դտ 20:16; 1Սմ 17:50:
Պարսկաստան, պարսիկներ:
Երկիր և ժողովուրդ, որ սովորաբար հիշատակվում են մարերի (մեդացիների) հետ: Պարսիկներն ու մարերը, ակներևաբար, ազգակից ժողովուրդներ էին: Պարսիկների պատմության վաղ շրջանում նրանց տիրապետության տակ էր միայն Իրանական բարձրավանդակի հարավարևմտյան մասը: Կյուրոս Մեծի օրոք (որի հայրը, ըստ որոշ հին պատմիչների, եղել է պարսիկ, իսկ մայրը՝ մար) պարսիկները իրենց ենթարկեցրին մարերին, թեև ձևավորված նոր կայսրությունը, այնուամենայնիվ, երկտարր էր: Կյուրոսը մ.թ.ա. 539 թ.-ին նվաճեց Բաբելոնական կայսրությունը և գերության մեջ եղող հրեաներին թույլ տվեց վերադառնալ հայրենիք: Պարսկական կայսրության ընդարձակված տարածքը ձգվում էր Ինդոս գետից (արևելք) մինչև Էգեյան ծովը (արևմուտք): Հրեաները մնացին պարսիկների տիրապետության տակ մինչև մ.թ.ա. 331թ., երբ Ալեքսանդր Մակեդոնացին պարտության մատնեց պարսիկներին: Պարսկական կայսրության մասին հիշատակվում է Դանիելին տրված մարգարեության մեջ, ինչպես նաև «Եզրաս», «Նեեմիա» և «Եսթեր» գրքերում (Եզր 1:1; Դն 5:28; 8:20): Տես հավելված Բ9:
Պենտեկոստե:
Երկրորդը այն երեք գլխավոր տոներից, որոնք նշելու համար հրեա բոլոր տղամարդկանցից պահանջվում էր գնալ Երուսաղեմ: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում Պենտեկոստեն (նշանակում է «հիսուներորդ [օր]») այն նույն տոնն է, որը Եբրայերեն Գրվածքներում կոչվում է Հնձի տոն կամ Շաբաթների տոն: Այն նշում էին նիսանի 16-ից հետո 50-րդ օրը: Ելք 23:16; 34:22; Գրծ 2:1:
Պոռնեյա:
Տես ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Պոռնկություն:
Տես ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Պրետորական գվարդիա:
Հռոմեացի զինվորների խումբ, որը պատասխանատու էր կայսեր պաշտպանության համար: Այդ պահակախումբը հզոր քաղաքական ուժ էր և մեծ դերակատարություն ուներ կայսեր գահի պահպանման կամ նրան գահընկեց անելու հարցում: Փպ 1:13:
Պրոզելիտ:
Պրոկոնսուլ:
Ջ
Ջուլհակահաստոց:
Հարմարանք, որի վրա, թելերը կամ մանվածքը հյուսելով, կտոր էին ստանում (Ես 19:9):
Ռ
Ռախաբ:
Այս բառը խորհրդանշական իմաստով կիրառվում է «Հոբ», «Սաղմոսներ» և «Եսայիա» գրքերում (պետք չէ շփոթել «Հեսու» գրքում հիշատակված Ռախաբ անունով կնոջ հետ): «Հոբ» գրքում համատեքստից երևում է, որ ռախաբը ծովային հսկա արարած է (Հոբ 9:13): Այլ համատեքստերում այդ արարածը հանդիսանում է Եգիպտոսի խորհրդանիշը (Սղ 87:4; Ես 30:7; 51:9, 10):
Ս
Սադուկեցիներ:
Հուդայականությունից ճյուղավորված ազդեցիկ կրոնական աղանդ: Սադուկեցիները հարուստ ազնվականներ ու քահանաներ էին, որոնք մեծ ազդեցություն ունեին տաճարում իրականացվող գործունեության վրա: Նրանք մերժում էին բանավոր շատ ավանդույթներ, որ պահում էին փարիսեցիները, և չէին ընդունում փարիսեցիական այլ համոզմունքներ: Սադուկեցիները չէին հավատում հարությանը և հրեշտակների գոյությանը: Նրանք ընդդիմանում էին Հիսուսին: Մթ 16:1; Գրծ 23:8:
Սաղմոս:
Աստծուն նվիրված փառաբանական երգ: Սաղմոսները երգվում էին երաժշտության ուղեկցությամբ Աստծուն պաշտող մարդկանց կողմից: Երուսաղեմի տաճարում Եհովա Աստծուն մատուցվող հանրային երկրպագության ժամանակ սաղմոսներ էին կատարվում: Ղկ 20:42; Գրծ 13:33; Հկ 5:13:
Սամարացիներ:
Սկզբում այսպես էին կոչվում հյուսիսային տասցեղ թագավորության տարածքում ապրող իսրայելացիները: Բայց մ.թ.ա. 740 թ.-ին Ասորեստանի կողմից Սամարիայի գրավումից հետո, երբ այդ տարածքում բնակեցվեցին այլազգիներ, «սամարացիներ» անվանումը տարածվեց նաև նրանց վրա: Հիսուսի օրերում այս բառը ավելի շատ վերաբերում էր ոչ թե ազգային կամ քաղաքական պատկանելությանը, այլ հին Սյուքեմի և Սամարիայի տարածքում գործող կրոնական աղանդի անդամներին: Այդ աղանդին հարողները ունեին որոշ համոզմունքներ, որոնք ակնհայտորեն տարբերվում էին հուդայականության հավատալիքներից: Հվ 8:48:
Սամարիա:
Այս քաղաքը մոտ 200 տարի շարունակ եղել է Իսրայելի տասցեղ հյուսիսային թագավորության մայրաքաղաքը: Սամարիա է անվանվել նաև տասցեղ թագավորության ողջ տարածքը: Քաղաքը կառուցված էր նույնանուն լեռան վրա: Հիսուսի օրերում այդպես էր կոչվում Գալիլեայի (հյուսիսում) ու Հրեաստանի (հարավում) միջև ընկած տարածքը: Սովորաբար Հիսուսն իր շրջագայությունների ընթացքում չէր քարոզում այդ շրջանում, բայց երբեմն այդտեղով անցնելիս խոսում էր բնակիչների հետ: Սամարացիները ստացան սուրբ ոգին, երբ Պետրոսը գործի դրեց Թագավորության երկրորդ այլաբանական բանալին: 1Թգ 16:24; Հվ 4:7; Գրծ 8:14; տես հավելված Բ10:
Սատանա:
Սատրապ:
Սեբաթ:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 11-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 5-րդ ամիսը: Համապատասխանում էր հունվարի կեսերից փետրվարի կեսերն ընկած ժամանակահատվածին: Զք 1:7; տես հավելված Բ15:
Սելա:
Երաժշտությանը կամ ասմունքին առնչվող տեխնիկական տերմին, որը հանդիպում է «Սաղմոսներ» և «Ամբակում» գրքերում: Այն կարող էր նշանակել, որ երգեցողության կամ նվագելու ժամանակ պետք է դադար տրվեր, որպեսզի ունկնդիրները լուռ խորհրդածեին, կամ քիչ առաջ արտահայտված հույզերն ավելի ընդգծվեին: Հունարեն «Յոթանասնից»-ում այս բառը թարգմանված է դիափսալմա բառով, որը նշանակում է «երաժշտական դադար»: Սղ 3:4; Ամբ 3:3:
Սերովբեներ:
Սիկղ:
Կշռի և դրամական հիմնական միավոր, որն ընդունված էր հրեաների մեջ: Այն 11,4 գ էր (0,403 ունցիա; 0,367 տրոյան ունցիա): «Սուրբ վայրի կշռաչափով [բռց.՝ «սիկղով»]» արտահայտությունը թերևս ընդգծում էր այն, որ քաշը պետք է ճշգրիտ լիներ կամ համապատասխաներ խորանում պահվող ստանդարտ կշռաչափին (Ելք 30:13): Հնարավոր է՝ նաև եղել է սիկղի մի տեսակ, որը արքունիքում պահվող ստանդարտ կշռաչափ էր կամ սովորական սիկղից տարբերվող թագավորական սիկղ էր (2Սմ 14:26, ծնթ.):
Սինեդրիոն:
Սիոն:
Սկզբում այսպես էր կոչվում հեբուսացիների Հեբուս բերդաքաղաքը, որը գտնվում էր Երուսաղեմի հարավարևելյան մասում տեղակայված մի բլրի վրա: Երբ Դավիթը գրավեց այդ քաղաքը, այնտեղ կառուցեց իր թագավորական տունը, և քաղաքը սկսեց կոչվել «Դավթի քաղաք» (2Սմ 5:7, 9): Երբ Դավիթը ուխտի տապանակը տեղափոխեց այդ բլրի վրա՝ Սիոն լեռ, այն դարձավ Եհովայի սուրբ լեռը: Հետագայում «Սիոն» անվանումը տարածվեց նաև մյուս բլրի՝ Մորիա լեռան վրա, որտեղ տաճարն էր, իսկ երբեմն էլ այդ անունով էր կոչվում ողջ Երուսաղեմը: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «Սիոն» անվանումը հաճախ գործածվում է փոխաբերական իմաստով: Սղ 2:6; 1Պտ 2:6; Հտն 14:1:
Սիվան:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 3-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 9-րդ ամիսը: Համապատասխանում էր մայիսի կեսերից հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածին: Եսթ 8:9; տես հավելված Բ15:
Սիրտիս:
Այս անունն էին կրում Լիբիայի (Հյուսիսային Աֆրիկա) ափերը ողողող երկու մեծ ծանծաղ ծովածոցերը: Հնում ծովագնացները զգուշանում էին այդ ծոցերից վտանգավոր ավազափերի պատճառով, որոնք մակընթացության հետևանքով անընդհատ փոփոխության էին ենթարկվում: Գրծ 27:17; տես հավելված Բ13:
Սյուն:
Հենարան հանդիսացող ուղղահայաց կառուցվածքային տարր: Երբեմն սյուներ էին կանգնեցվում ի հիշատակ պատմական իրադարձությունների: Հենարան ծառայող սյուներ էին կանգնեցված Սողոմոնի կառուցած տաճարում և արքայական շինություններում: Հեթանոս ժողովուրդները սուրբ սյուներ էին կանգնեցնում, որոնք օգտագործում էին իրենց կեղծ պաշտամունքի մեջ, և իսրայելացիները երբեմն ընդօրինակում էին նրանց այդ հարցում: Դտ 16:29; 1Թգ 7:21; 14:23; տես ԽՈՅԱԿ:
Սյուն, ցից (մահապատժի):
Ուղղահայաց ձող, որի վրա որևէ ձևով ամրացնում էին զոհին: Որոշ ազգերի մեջ այն գործածվում էր մահապատժի և/կամ դիակը հանրությանը ի ցույց դնելու համար: Դա արվում էր հանցագործին հանրորեն խայտառակելու կամ ուրիշներին նախազգուշացում տալու նպատակով: Ասորեստանցիները, որոնք հայտնի էին իրենց վայրագությամբ, գերիներին ցիցն էին հանում՝ նրանց շամփրելով սրածայր ցցին, որն անցնում էր նրանց որովայնով և հասնում մինչև կրծքավանդակի խոռոչը: Սակայն հրեական օրենքով՝ այն մարդկանց, ովքեր լուրջ հանցանքներ էին գործել, օրինակ՝ աստվածանարգություն կամ կռապաշտություն, նախ քարկոծելով կամ այլ կերպով սպանում էին և հետո միայն դիակները կախում էին սյունից կամ ծառից՝ որպես նախազգուշացում ուրիշների համար (2Օր 21:22, 23; 2Սմ 21:6, 9): Հռոմեացիները երբեմն զոհին պարզապես կապում էին սյանը, և նա մի քանի օր ողջ էր մնում ու դանդաղ մահանում էր ցավից, ծարավից, սովից և արևահարումից: Այլ դեպքերում, ինչպես, օրինակ, Հիսուսի դեպքում, նրանք մարդու ձեռքերն ու ոտքերը սյանն էին մեխում (Ղկ 24:20; Հվ 19:14-16; 20:25; Գրծ 2:23, 36): Տես ՏԱՆՋԱՆՔԻ ՍՅՈՒՆ:
Սողոմոնի սյունասրահ:
Հիսուսի օրերում տաճարի դրսի գավիթի արևելյան կողմում գտնվող ծածկված միջանցք, որը, ըստ տարածված կարծիքի, մնացել էր Սողոմոնի տաճարից: Հիսուսը ձմռանը քայլել է այդտեղով, և վաղ շրջանի քրիստոնյաները այնտեղ հավաքվել են երկրպագության: Հվ 10:22, 23; Գրծ 5:12; տես հավելված Բ11:
Սպառազինություն:
Այն զենքերն ու պաշտպանական հանդերձանքը, որ պատերազմելիս կրում էին զինվորները: Պաշտպանական հանդերձանքի մաս էին կազմում սաղավարտը, թեփուկավոր զրահը, գոտին, սռնապանները և վահանը (1Սմ 17:39; Եփ 6:13-17):
Ստոյիկյաններ:
Հունական փիլիսոփայական դպրոցի հետևորդներ, ովքեր հավատում էին, որ բնությանը ներդաշնակ ապրելը և բանականությամբ առաջնորդվելը երջանկության նախադրյալն է: Նրանց կարծիքով՝ այն մարդը, ով իսկապես իմաստուն է, պետք է անտարբեր լինի ցավի կամ հաճույքների նկատմամբ: Գրծ 17:18:
Սրբագործել:
Սրբազան գաղտնիք:
Սրբավայր:
Սրբարան:
Առհասարակ նշանակում է պաշտամունքի համար նախատեսված վայր, սուրբ վայր: Բայց ավելի հաճախ Աստվածաշնչում այս բառը վերաբերում է կա՛մ խորանին, կա՛մ Երուսաղեմի տաճարին: Այս բառով նաև նկարագրվում է երկնքում Աստծու բնակության վայրը: Ելք 25:8, 9; 2Թգ 10:25; 1Տգ 28:10; Հտն 11:19:
Սրբեր:
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում այս բառը վերաբերում է առաջին դարի քրիստոնեական ժողովի բոլոր անդամներին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր մաքրվել էին Քրիստոսի արյունով և առանձնացվել էին, որ ծառայեն Աստծուն և լինեն Քրիստոսի ժառանգակիցները (1Կթ 1:2; 2Կթ 1:1): Բայց այն, որ նրանց մասին խոսվում է որպես «սրբերի», չի նշանակում, թե նրանք իրենց կյանքի ընթացքում ամբողջությամբ զերծ են եղել մեղքից (1Հվ 1:8): Բացի այդ՝ Աստվածաշնչում չի ասվում, թե նրանք սրբեր են ճանաչվել հետմահու: Քրիստոնյաներին հորդոր էր տրվում աղոթել սրբերի համար, սակայն չի ասվում, որ պետք է աղոթել նրանց կամ նրանց միջոցով (Եփ 6:18, 19):
Սրբություն (բաժանմունք):
Խորանի, իսկ հետո տաճարի առաջին բաժանմունքը, որն ավելի մեծ էր, քան խորքի բաժանմունքը՝ Սրբությունների Սրբությունը: Խորանի Սրբություն բաժանմունքում տեղադրված էր ոսկե ճրագակալը, խնկարկության ոսկե սեղանը, Եհովայի առաջ դրվող հացերի սեղանը և ոսկե պիտույքները: Իսկ տաճարի այդ բաժանմունքում դրված էր խնկարկության ոսկե սեղանը, տասը ոսկե ճրագակալները և Եհովայի առաջ դրվող հացերի տասը սեղանները: Ելք 26:33; Եբ 9:2; տես հավելված Բ5 և Բ8:
Սրբությունների Սրբություն:
Խորանի, իսկ հետագայում տաճարի խորքի բաժանմունքը, որտեղ պահվում էր ուխտի տապանակը: Ըստ Մովսիսական օրենքի՝ միայն քահանայապետին էր թույլ տրվում մտնել Սրբությունների Սրբություն, և նա կարող էր այնտեղ մտնել միայն տարին մեկ անգամ՝ Քավության օրը (Ելք 26:33; Ղև 16:2, 17; 1Թգ 6:16; Եբ 9:3):
Սուգ:
Մեկի մահվան կամ որևէ աղետի համար արտահայտվող մեծ վիշտ: Աստվածաշնչյան ժամանակներում ընդունված էր սուգ անել մի որոշակի ժամանակահատված: Սգացողները ոչ միայն բարձրաձայն լաց էին լինում, այլև հատուկ հագուստ էին հագնում, իրենց գլխին մոխիր էին լցնում, պատռում էին իրենց հագուստը և կուրծք էին ծեծում: Երբեմն թաղումների ժամանակ հրավիրում էին վարպետ լացողների (Ծն 23:2; Եսթ 4:3; Հտն 21:4):
Սուրբ ծառայություն:
Սուրբ ձող:
Բնագրային եբրայերեն բառը (աշերա) վերաբերում է՝ 1) պտղաբերության քանանական աստվածուհի Աշերայի խորհրդանիշ հանդիսացող սուրբ ձողին կամ 2) հենց Աշերա աստվածուհուն պատկերող կուռքին: Ձողերն ակներևաբար կանգնեցվում էին ուղղահայաց դիրքով և մասամբ կամ ամբողջությամբ պատրաստված էին փայտից: Հնարավոր է՝ դրանք եղել են նաև չքանդակված ձողեր կամ պարզապես ծառեր: 2Օր 16:21; Դտ 6:26; 1Թգ 15:13:
Սուրբ ոգի:
Սուրբ սյուն:
Ուղղահայաց կանգնեցված սյուն, որը սովորաբար քարից էր և, ըստ ամենայնի, Բահաղի կամ այլ կեղծ աստվածների ֆալլոսային խորհրդանիշ էր (Ելք 23:24):
Սուրբ, սրբություն:
Եհովայի էությանը բնորոշ հատկանիշ, բարոյական բացարձակ մաքրություն (Ելք 28:36; 1Սմ 2:2; Առ 9:10; Ես 6:3): Եբրայերեն բնագրում, երբ այդ բառը կիրառվում է մարդկանց (Ելք 19:6; 2Թգ 4:9), կենդանիների (Թվ 18:17), իրերի (Ելք 28:38; 30:25; Ղև 27:14), վայրերի (Ելք 3:5; Ես 27:13), ժամանակահատվածների (Ելք 16:23; Ղև 25:12) և տարատեսակ գործերի առնչությամբ (Ելք 36:4), այն հաղորդում է զատված, բացառիկ լինելու կամ սուրբ Աստծուն ընծայված լինելու իմաստ և ցույց է տալիս Աստծուն մատուցվող ծառայության համար առանձնացված լինելու վիճակ: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «սուրբ», «սրբություն» թարգմանված բնագրային բառերը նույնպես ունեն Աստծու համար առանձնացված լինելու իմաստ: Այդ բառերը նաև գործածվում են մարդու անարատ վարքը նկարագրելու համար: Երբ Եհովան ասում է, որ կսրբացնի ինքն իրեն, նշանակում է, որ իր սրբությունը ակնհայտ կդարձնի բոլոր արարածների համար: Եզկ 38:23; Մթ 6:9; Մկ 6:20, ծնթ.; 2Կթ 7:1; 1Պտ 1:15, 16:
Վ
Վարագույր:
Գեղեցիկ գործվածք, որի վրա ասեղնագործված էին քերովբեներ, և որը Սրբությունը առանձնացնում էր Սրբությունների Սրբությունից թե՛ խորանում, թե՛ տաճարում (Ելք 26:31; 2Տգ 3:14; Մթ 27:51; Եբ 9:3): Կար նաև խորանի մուտքը ծածկող վարագույր և բակի մուտքը ծածկող վարագույր (Ելք 26:36; 27:16): Տես հավելված Բ5:
Վերակացու:
Մարդ, որի գլխավոր պատասխանատվությունը ժողովը հսկելը և հովվելն է: «Վերակացու» թարգմանված հունարեն էպիսկոպոս բառի հիմնական իմաստը պաշտպանելու նպատակով վերահսկողությունն է: Ե՛վ «վերակացու», և՛ «երեց» (պրեսբիտերոս) բառերը վերաբերում են քրիստոնեական ժողովում միևնույն դերին: «Երեց» բառը ընդգծում է այդ դերը կատարող անձի հասունությունը, իսկ «վերակացու» բառը՝ նրա պարտականությունները: Գրծ 20:28; 1Տմ 3:2-7; 1Պտ 5:2:
Վերելքի երգ:
Այս արտահայտությունը 120-134-րդ սաղմոսների խորագիրն է: Թեև դրա իմաստի վերաբերյալ տարբեր ենթադրություններ կան, շատերի կարծիքով՝ այս 15 սաղմոսները իսրայելացիները ուրախ երգել են, երբ ամեն տարի նշվող երեք գլխավոր տոներին մասնակցելու համար վեր են բարձրացել Երուսաղեմ, որը գտնվում էր Հուդայի լեռներում:
Վերջին օրեր:
Այս արտահայտությունը աստվածաշնչյան մարգարեություններում վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ որոշակի պատմական դեպքեր հասնում են իրենց վերջնակետին (Եզկ 38:16; Դն 10:14; Գրծ 2:17): Կախված նրանից, թե ինչ մարգարեություն է՝ այդ ժամանակահատվածը կարող է ընդգրկել ընդամենը մի քանի տարի կամ շատ տարիներ: Աստվածաշնչում այս արտահայտությունը գլխավորաբար վերաբերում է ներկայումս գործող համակարգի «վերջին օրերին»՝ Հիսուսի անտեսանելի ներկայության ժամանակաշրջանին (2Տմ 3:1; Հկ 5:3; 2Պտ 3:3):
Վիճակ:
Մանր քարեր կամ փայտի փոքր կտորներ, որոնց միջոցով որոշում էր կայացվում: Դրանք լցնում էին հագուստի ծալքի կամ ինչ-որ տարայի մեջ և թափահարում: Որոշումը կայացվում էր ըստ այն վիճակի, որը դուրս էր ընկնում կամ դուրս էր հանվում: Հաճախ վիճակ գցելիս աղոթում էին: «Վիճակ» բառը կիրառվում է նաև փոխաբերաբար՝ «բաժին» իմաստով: Հս 14:2; Առ 16:33; Ես 57:6, ծնթ.; Մթ 27:35:
Տ
Տաղանդ:
Կշռի և դրամի հրեական ամենամեծ չափման միավորը: Այն 34,2 կգ էր (75,5 ֆունտ; 91,75 տրոյան ֆունտ; 1,101 տրոյան ունցիա): Հունական տաղանդը ավելի քիչ էր կշռում՝ մոտ 20,4 կգ (44,8 ֆունտ; 54,5 տրոյան ֆունտ; 654 տրոյան ունցիա): 1Տգ 22:14; Մթ 18:24; տես հավելված Բ14:
Տաղավարների տոն:
Նաև կոչվում է Բերքահավաքի տոն: Իսրայելացիները այն նշում էին անթանի ամսվա 15-21-ը՝ գյուղատնտեսական տարվա վերջում՝ այդպիսով տոնելով բերքահավաքը: Այդ տոնի ժամանակ ժողովուրդը ուրախանում էր և Եհովայի օրհնությամբ ստացված բերքի համար շնորհակալություն հայտնում նրան: Տոնի օրերին մարդիկ ապրում էին տաղավարներում՝ ժամանակավոր ծածկերի տակ, ինչը նրանց հիշեցնում էր Եգիպտոսից իրենց դուրս գալը: Դա այն երեք տոներից մեկն էր, որոնք նշելու համար տղամարդկանցից պահանջվում էր գնալ Երուսաղեմ: Ղև 23:34; Եզր 3:4:
Տաճար:
Երուսաղեմում կանգնեցված հիմնական կառույց, որը փոխարինեց շարժական խորանին՝ դառնալով պաշտամունքի կենտրոն իսրայելացիների համար: Առաջին տաճարը կառուցեց Սողոմոնը: Այն հետագայում ավերվեց բաբելոնացիների կողմից: Երկրորդ տաճարը կառուցեց Զորաբաբելը բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո: Այն հետագայում վերակառուցվեց Հերովդես Մեծի կողմից: Աստվածաշնչում հաճախ տաճարը պարզապես կոչվում է «Եհովայի տուն»: Եզր 1:3; 6:14, 15; 1Տգ 29:1; 2Տգ 2:4; Մթ 24:1; տես հավելված Բ8 և Բ11:
Տանջանքի սյուն:
Այսպես թարգմանված հունարեն ստաուրոս բառը նշանակում է ուղղահայաց կանգնեցված «ձող», «սյուն», «գերան», ինչպիսին Հիսուսի մահապատժի գործիքն էր: Չկա ոչ մի փաստ, որ հունարեն բառը վերաբերել է խաչին՝ կրոնական խորհրդանիշին, ինչը դեռ նախքան Քրիստոսը դարեր շարունակ գոյություն է ունեցել հեթանոսական պաշտամունքի մեջ: «Տանջանքի սյուն» արտահայտությունը լիարժեքորեն փոխանցում է բնագրային բառի իմաստը, քանի որ ստաուրոս բառը նաև գործածվում է որպես Հիսուսի հետևորդներին սպասվող չարչարանքների, տառապանքի և անարգանքի խորհրդանիշ: Մթ 16:24; Եբ 12:2; տես ՍՅՈՒՆ, ՑԻՑ:
Տասանորդ (տասներորդ մաս):
Ստացվածքի մեկ տասներորդ մասը կամ տասը տոկոսը, որ տրվում էր որպես տուրք, մասնավորապես կրոնական նպատակներով (Մղք 3:10; 2Օր 26:12; Մթ 23:23): Համաձայն Մովսիսական օրենքի՝ իսրայելացիները ամեն տարի իրենց բերքից և խոշոր ու մանր եղջերավոր անասունների գլխաքանակի աճից տասանորդ էին տալիս ղևտացիներին՝ նրանց ծառայությանը աջակցելու համար: Ղևտացիներն էլ իրենց հերթին այդ տասանորդի տասներորդ մասը տալիս էին քահանաներին՝ Ահարոնի սերնդին՝ նրանց ծառայությանը թիկունք կանգնելու համար: Կային նաև այլ նպատակներով տրվող տասանորդներ: Քրիստոնյաներից չի պահանջվում տասանորդ վճարել:
Տարտարոս:
Այս բառը գործածվում է Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում և վերաբերում է բանտարկություն հիշեցնող ստորացված վիճակին, որի մեջ Աստված գցեց Նոյի օրերի անհնազանդ հրեշտակներին: Այն հանդիպում է միայն 2 Պետրոս 2:4-ում՝ «տարտարոսը գցել» արտահայտությամբ, որը թարգմանվել է հունարեն տարտարոո բայից: Այս արտահայտությունը չի նշանակում, թե «մեղք գործած հրեշտակները» գցվել են հեթանոսական դիցաբանության մեջ ընդունված տարտարոս կոչվող ինչ-որ առասպելական պատժավայր (ստորերկրյա խավարապատ բանտ՝ ավելի ցածր դիրք ունեցող աստվածների համար): Այն ցույց է տալիս, որ Աստված նրանց նվաստացրել է՝ զրկելով երկնային դիրքից ու առանձնաշնորհումներից, և գցել է մտային լիակատար խավարի մեջ, այնպես որ նրանք այլևս չեն կարող իրազեկ լինել իր նպատակներին: Նրանք խավարի մեջ են նաև այն իմաստով, որ նրանց մռայլ վախճան է սպասում, այսինքն՝ հավիտենական կործանում իրենց ղեկավարի՝ Սատանայի հետ, ինչպես նշվում է Աստվածաշնչում: Այսպիսով՝ տարտարոսը այդ ապստամբ հրեշտակների ծայրաստիճան նվաստացած վիճակն է: Այն չպետք է շփոթել Հայտնություն 20:1-3-ում հիշատակվող «անդունդի» հետ:
Տեբեթ:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում հրեական կրոնական օրացույցի 10-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 4-րդ ամիսը: Համապատասխանում էր դեկտեմբերի կեսերից հունվարի կեսերն ընկած ժամանակահատվածին: Աստվածաշնչում այն սովորաբար հիշատակվում է որպես «տասներորդ ամիս» (Եսթ 2:16): Տես հավելված Բ15:
Տեգրի պարտավորություն:
Տեսանող:
Այսպես են թարգմանվել եբրայերեն ռոե և խոզե բառերը: Ռոե բառը ծագել է մի բառարմատից, որը նշանակում է «տեսնել»՝ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով: Այդ բառը վերաբերում է այն մարդուն, ում Աստված օժտել է իր կամքը հասկանալու ունակությամբ և ում աչքերը բացել է՝ տեսնելու կամ ըմբռնելու բաներ, որ ակնհայտ չեն մյուս մարդկանց համար: Խնդիրների բախվելիս մարդիկ դիմում էին տեսանողին՝ իմաստուն խորհուրդ ստանալու համար (1Սմ 9:9): Իսկ խոզե բառը վերաբերում է այն մարդուն, ով իր ասելով կամ իրականում տեսիլքներ է ստանում Աստծուց ինչ-որ անհայտ բանի կամ ապագայի մասին (2Սմ 24:11; Մք 3:7):
Տիրոջ ընթրիք:
Բառացի ընթրիք՝ բաղկացած անթթխմոր հացից և գինուց, որ խորհրդանշում են Քրիստոսի մարմինն ու արյունը: Հիսուսը հաստատեց այդ միջոցառումը և պատվիրեց իր հետևորդներին, որ անեն դա ի հիշատակ իր մահվան: Ուստի Տիրոջ ընթրիքը կոչվում է նաև Հիշատակի երեկո: 1Կթ 11:20, 23-26:
Ու
Ուխտ:
Պաշտոնական համաձայնություն կամ դաշինք՝ 1) Աստծու և մարդկանց միջև կամ 2) մարդկանց միջև, ըստ որի՝ կողմերը պարտավորվում էին անել կամ չանել ինչ-որ բան: Երբեմն միայն մեկ կողմն էր պարտավորություն վերցնում կատարելու ուխտի պայմանները (միակողմանի պարտավորությամբ ուխտ, ինչը, ըստ էության, խոստում էր): Մյուս դեպքերում երկու կողմերն էլ ունենում էին որոշակի պարտավորություններ (երկկողմանի պարտավորությամբ ուխտ): Բացի մարդկանց հետ Աստծու կապած ուխտերից՝ Աստվածաշնչում հիշատակվում են առանձին անհատների, ցեղերի, ազգերի և մարդկանց խմբերի միջև կնքված ուխտեր: Մեծ ու երկարատև ազդեցություն ունեցող ուխտերից էին այն ուխտերը, որոնք Աստված կապել էր Աբրահամի, Դավթի, Իսրայելի ժողովրդի (Օրենքի ուխտ) և հոգևոր Իսրայելի (նոր ուխտ) հետ (Ծն 9:11; 15:18; 21:27; Ելք 24:7; 2Տգ 21:7):
Ուխտավոր:
Բնագրային բառը ծագել է եբրայերեն մի բառից, որ նշանակում է «առանձնացված», «նվիրված»: Ուխտավորների երկու տեսակ կային՝ ինքնակամ և Աստծու կողմից նշանակված: Տղամարդը կամ կինը կարող էր հատուկ երդում տալ Եհովային, որ որոշակի ժամանակահատված կապրի որպես ուխտավոր: Կամավոր երդում տվածների վրա դրված էր երեք հիմնական սահմանափակում. նրանք չպետք է խմեին ոգելից խմիչք կամ ուտեին խաղողի վազի պտղից պատրաստված որևէ բան, չպետք է կտրեին իրենց մազերը և չպետք է դիպչեին մահացած մարդու: Եհովայի կողմից նշանակված ուխտավորները ամբողջ կյանքում էին մնում ուխտավոր, և Եհովան անհատականացված պահանջներ էր սահմանում նրանց համար (Թվ 6:2-7; Դտ 13:5):
Ուխտի տապանակ:
Ակացիայի փայտից պատրաստված և ոսկեպատված արկղ, որը պահվում էր խորանի, իսկ հետագայում Սողոմոնի կառուցած տաճարի Սրբությունների Սրբությունում: Այն ուներ ամբողջությամբ ոսկուց պատրաստված կափարիչ, որի վրա կային դեմ դիմաց գտնվող երկու քերովբեներ: Արկղում պահվող ամենագլխավոր բանը երկու քարե տախտակներն էին, որոնց վրա գրված էին Տասը պատվիրանները: 2Օր 31:26; 1Թգ 6:19; Եբ 9:4; տես հավելված Բ5 և Բ8:
Ուրիմ և թումիմ:
Իրեր, որոնց գործածությունը նման էր վիճակ գցելուն: Քահանայապետը դրանց միջոցով իմանում էր Եհովայի կամքը, երբ համազգային կարևորության հարցեր էին առաջանում, և նրա առաջնորդության կարիքն էր զգացվում: Ուրիմը և թումիմը դրված էին լինում քահանայապետի կրծքապանակի մեջ, երբ նա մտնում էր խորան: Բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանումից հետո դրանք այլևս չեն օգտագործվել (Ելք 28:30; Նեմ 7:65):
Փ
Փարավոն:
Փարիսեցիներ:
Հուդայականությունից ճյուղավորված ազդեցիկ կրոնական աղանդ, որ գործում էր առաջին դարում: Փարիսեցիները քահանայական ցեղից չէին, բայց ամենայն մանրամասնությամբ, խստորեն պահում էին Օրենքը, բանավոր ավանդույթներն էլ հավասարեցրել էին Օրենքին (Մթ 23:23): Նրանք դեմ էին հունական մշակույթի ցանկացած ազդեցությանը և լինելով Օրենքի ու ավանդույթների գիտակներ՝ մեծ հեղինակություն ունեին ժողովրդի մեջ (Մթ 23:2-6): Նրանցից ոմանք Սինեդրիոնի անդամներ էին: Փարիսեցիները հաճախ էին ընդդիմանում Հիսուսին Շաբաթը պահելու, ավանդույթներին հետևելու, մեղսագործների ու հարկահավաքների հետ շփման հարցերում: Նրանցից ոմանք, այդ թվում՝ տարսոնացի Սողոսը դարձան քրիստոնյա: Մթ 9:11; 12:14; Մկ 7:5; Ղկ 6:2; Գրծ 26:5:
Փիմ:
Կշռաչափ և դրամական միավոր: Տարբեր մետաղական իրեր սրելու համար փղշտացիները մեկ փիմ էին գանձում իսրայելացիներից: Իսրայելում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մի քանի քարե կշռաքարեր, որոնց վրա գրված է «փիմ» բառի հին եբրայերեն բաղաձայնները, միջինը կշռում են 7,8 գրամ (0,2508 տրոյան ունցիա), ինչը սիկղի մոտ 2/3 մասն է (1Սմ 13:20, 21):
Փղշտացիների երկիր, փղշտացիներ:
Երկիր՝ Իսրայելի հարավում, որ ձգվում էր Միջերկրական ծովի եզերքով: Կրետեի բնակիչները, որոնք գաղթեցին այդ տարածք, կոչվեցին փղշտացիներ: Թեև Դավիթը պարտության մատնեց նրանց, բայց նրանք մնացին անկախ և միշտ թշնամություն էին անում Իսրայելի հետ: Ելք 13:17; 1Սմ 17:4; Ամս 9:7; տես հավելված Բ4:
Փրկագին:
Որևէ մեկին գերությունից, պատժից, տառապանքից, մեղքից և նույնիսկ պարտականությունից ազատելու համար վճարվող գին: Այն միշտ չէ, որ փողով էր վճարվում (Ես 43:3): Կային տարբեր իրավիճակներ, երբ փրկագին էր պահանջվում: Օրինակ, քանի որ Իսրայելում բոլոր առաջնեկ տղաները Եհովային էին պատկանում, այսինքն՝ պետք է առանձնացվեին բացառապես նրան մատուցվող ծառայության համար, նրանց այդ կարգավիճակից ազատելու համար հարկավոր էր փրկագին վճարել (Թվ 3:45, 46; 18:15, 16): Եթե ցուլը, որը վտանգավոր էր և հսկողության տակ չէր, սպաներ ինչ-որ մեկին, ապա դրա տերը պետք է փրկագին վճարեր իրեն հասնող մահապատժից ազատվելու համար (Ելք 21:29, 30): Սակայն ոչ մի փրկագին չէր կարող պատժից ազատել դիտավորությամբ մարդ սպանած անհատին (Թվ 35:31): Աստվածաշնչում հիշատակված ամենակարևոր փրկագինը Քրիստոսի վճարած փրկագինն է. նրա զոհաբերական մահվան շնորհիվ հնազանդ մարդիկ կարող են ազատվել մեղքից ու մահից (Սղ 49:7, 8; Մթ 20:28; Եփ 1:7):
Փուրիմ:
Ամեն տարի ադար ամսվա 14-ին և 15-ին նշվող տոն: Այդ տոնը նշվում է ի հիշատակ այն իրադարձության, որ Եսթեր թագուհու օրոք հրեաները փրկվեցին ոչնչացումից: Փուրիմ բառը, որը ենթադրաբար ծագել է աքքադերենից, նշանակում է «վիճակներ»: Տոնը այս անվանումն է ստացել, քանի որ Համանը՝ հրեաների թշնամին, վիճակ (փուր) էր գցել որոշելու համար հրեաներին ոչնչացնելու ամսաթիվը (Եսթ 3:7; 9:26):
Ք
Քահանա:
Մարդ, ով պաշտոնապես ներկայացնում էր Աստծուն ժողովրդի առաջ՝ նրանց ուսուցանելով Աստծու մասին և սովորեցնելով նրա օրենքները: Քահանան նաև ներկայացնում էր ժողովրդին Աստծու առաջ՝ զոհեր մատուցելով, բարեխոսելով և աղաչանքներ անելով նրանց համար: Մովսիսական օրենքի հաստատումից առաջ ընտանիքի գլուխն էր կատարում քահանայի դերը իր ընտանիքի համար: Օրենքի հաստատումից հետո Ղևիի ցեղից Ահարոնի տոհմի տղամարդիկ էին ծառայում որպես քահանաներ, իսկ ղևտացի մյուս տղամարդիկ նրանց օգնականներն էին: Նոր ուխտի ուժի մեջ մտնելուց հետո հոգևոր Իսրայելը դարձավ քահանայական ազգ, որի քահանայապետը Հիսուս Քրիստոսն է: Ելք 28:41; Եբ 9:24; Հտն 5:10:
Քահանայապետ:
Մովսիսական օրենքով սահմանված կարգի համաձայն՝ գլխավոր քահանան էր, որը Աստծու առաջ ներկայացնում էր ժողովրդին և վերահսկում էր մյուս քահանաներին: Նաև կոչվում էր «ավագ քահանա» (2Տգ 26:20; Եզր 7:5): Միայն նրան էր թույլ տրվում մտնել Սրբությունների Սրբություն՝ խորանի, իսկ հետագայում տաճարի խորքի բաժանմունքը: Նա այնտեղ էր մտնում միայն տարին մեկ անգամ՝ Քավության օրը: Քահանայապետ է կոչվում նաև Հիսուս Քրիստոսը: Ղև 16:2, 17; 21:10; Մթ 26:3; Եբ 4:14:
Քաղդեա, քաղդեացիներ:
Սկզբում Քաղդեա կոչվում էր Տիգրիս և Եփրատ գետերի դելտայում ընկած տարածքը, իսկ քաղդեացիներ կոչվում էին այնտեղի բնակիչները: Ժամանակի ընթացքում այս բառերը սկսեցին կիրառվել ողջ Բաբելոնիայի և դրա ժողովրդի վերաբերյալ: «Քաղդեացիներ» անվանումը տրվել է նաև ուսյալների այն դասին, որն ուսումնասիրում էր ճշգրիտ գիտություններ, պատմություն, լեզուներ, աստղագիտություն և միևնույն ժամանակ զբաղվում էր մոգությամբ և աստղագուշակությամբ: Եզր 5:12; Եր 50:10; Դն 4:7, ծնթ.; Գրծ 7:4:
Քամոս:
Մովաբացիների գլխավոր աստվածությունը (1Թգ 11:33):
Քանան:
Նոյի թոռը և Քամի չորրորդ որդին: Քանանից սերած 11 ցեղերը ի վերջո բնակություն հաստատեցին Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող տարածքում՝ Եգիպտոսի և Ասորիքի միջև: Այդ տարածքը կոչվեց Քանան: Ղև 18:3; Ծն 9:18; Գրծ 13:19; տես հավելված Բ4:
Քասղև:
Բաբելոնյան գերությունից հրեաների դուրս գալուց հետո այսպես էր կոչվում նրանց կրոնական օրացույցի 9-րդ ամիսը և աշխարհիկ օրացույցի 3-րդ ամիսը: Համապատասխանում էր նոյեմբերի կեսերից դեկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածին: Նեմ 1:1; Զք 7:1; տես հավելված Բ15:
Քավության օր:
Ամենակարևոր սուրբ օրը իսրայելացիների համար: Նաև կոչվում է Յոմ Կիպուր (ծագել է եբրայերեն յոմ հակկիպպուրիմ արտահայտությունից, որը նշանակում է «ծածկելու օր»): Այն նշվում էր անթանի ամսվա 10-ին: Սա տարվա մեջ միակ օրն էր, երբ քահանայապետը մտնում էր խորանի, իսկ հետագայում տաճարի Սրբությունների Սրբություն: Այնտեղ նա մատուցում էր իր մեղքերի, ղևտացիների մեղքերի և ժողովրդի մեղքերի համար զոհաբերված կենդանիների արյունը: Քավության օրը սուրբ հավաքույթ էր լինում, և մարդիկ ծոմ էին պահում: Այն նաև համարվում էր Շաբաթ, այսինքն՝ գործ չէր արվում: Ղև 23:27, 28:
Քավություն:
Եբրայերեն Գրվածքներում այս հասկացությունը կապված է զոհաբերությունների հետ, որոնց միջոցով մարդիկ կարողանում էին մտերմանալ Աստծու հետ ու պաշտել նրան: Ըստ Մովսիսական օրենքի՝ անհրաժեշտ էր զոհաբերություններ անել, հատկապես տարեկան Քավության օրը, որպեսզի առանձին անհատները և ամբողջ ազգը, չնայած իրենց գործած մեղքերին, հաշտվեն Աստծու հետ: Այս զոհաբերությունները մատնացույց էին անում Հիսուսի զոհաբերությանը, ինչը լիովին և մեկընդմիշտ քավեց մարդկանց մեղքերը՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել Եհովայի հետ: Ղև 5:10; 23:28; Կղ 1:20; Եբ 9:12:
Քերովբեներ:
Բարձր դիրք ունեցող հրեշտակներ, որոնք առանձնահատուկ պարտականություններ ունեն: Տարբեր են սերովբեներից: Ծն 3:24; Ելք 25:20; Ես 37:16; Եբ 9:5:
Քոռ:
Սորուն և հեղուկ նյութերի չափման միավոր, որը 220 լ է (58,1 գալոն/200 քվարտա): Որոշվել է մարի հաշվարկված չափի հիման վրա: 1Թգ 5:11; տես հավելված Բ14:
Քորեբ:
Սինա լեռան շրջակայքում գտնվող լեռնային շրջան: Սա նաև Սինա լեռան մեկ այլ անվանումն է (Ելք 3:1; 2Օր 5:2): Տես հավելված Բ3:
Քրիստոնյաներ:
Հիսուս Քրիստոսի հետևորդներին Աստծուց տրված անվանումը (Գրծ 11:26; 26:28):
Քրիստոս:
Քուրձ:
Օ
Օծել:
Եբրայերեն բառը գլխավորաբար նշանակում է «հեղուկ քսել»: Մարդուն կամ առարկային օծում էին՝ վրան յուղ լցնելով, ինչը ցույց էր տալիս, որ այդ մարդը կամ առարկան նվիրվում կամ առանձնացվում էր հատուկ ծառայության համար: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում այս բառը նաև կիրառվում է, երբ խոսվում է երկնային հույսի համար ընտրվածների վրա սուրբ ոգին թափելու մասին: Ելք 28:41; 1Սմ 16:13; 2Կթ 1:21:
Օմեր:
Սորուն նյութերի չափման միավոր, որը 2,2 լ է (2 քվարտա), արդուի մեկ տասներորդ մասը (Ելք 16:16, 18; տես հավելված Բ14):
Օշինդր:
Սուր հոտ և փայտացած ցողուն ունեցող մի շարք դառնահամ բույսերի անվանումը: Աստվածաշնչում օշինդրը նաև գործածվում է փոխաբերական իմաստով՝ նկարագրելու համար անբարոյականության, ստրկության, անարդարության և հավատուրացության դառը հետևանքները: Հայտնություն 8:11-ում «օշինդր» բառը վերաբերում է այդ բույսից ստացվող դառը, թունավոր նյութին, որը կոչվում է նաև աբսինթ: 2Օր 29:18, ծնթ.; Առ 5:4; Եր 9:15; Ամս 5:7:
Օրենք: