Ղուկաս
11 Մի անգամ Հիսուսը աղոթում էր, և երբ վերջացրեց, աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ՝ ինչպես աղոթել, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»:
2 Հիսուսն ասաց. «Աղոթելիս ասեք. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը:+ Թող գա քո թագավորությունը:+ 3 Տուր մեզ մեր օրվա համար անհրաժեշտ հացը:+ 4 Ներիր մեր մեղքերը,+ որովհետև մենք էլ ներում ենք մեր դեմ մեղք գործողներին:*+ Եվ մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ»»:*+
5 Այնուհետև ասաց. «Պատկերացրեք՝ կեսգիշերին գնում եք ձեր ընկերոջ մոտ և ասում. «Եղբա՛յրս, պարտքով երեք հաց տուր. 6 ընկերներիցս մեկը հեռու տեղից մեր տուն է եկել, իսկ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ»: 7 Բայց նա ներսից պատասխանում է. «Գիշերվա կեսին ինչո՞ւ ես անհանգստացնում ինձ: Դուռն արդեն կողպված է, երեխաներս էլ կողքս քնած են: Չեմ կարող հիմա վեր կենալ ու քեզ ինչ-որ բան տալ»: 8 Ասում եմ ձեզ. եթե հանուն ընկերության էլ վեր չկենա ու ձեզ պետք եղածը չտա, հաստատակամորեն* խնդրելու դեպքում+ անշուշտ վեր կկենա ու կտա: 9 Դրա համար էլ ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել,+ և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+ 10 Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի: 11 Եթե որդին հորից ձուկ խնդրի, մի՞թե հայրը ձկան փոխարեն օձ կտա նրան,+ 12 կամ եթե ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա: 13 Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»:+
14 Որոշ ժամանակ անց Հիսուսը մի մարդու միջից դև հանեց.+ այդ դևը նրան համր էր դարձրել:* Երբ այն դուրս եկավ, համր մարդը սկսեց խոսել, և բոլորին զարմանք պատեց:+ 15 Բայց ոմանք ասում էին. «Դևերի իշխան Բեհեղզեբուղի* միջոցով է դևեր հանում»:+ 16 Ոմանք էլ նրան փորձելու համար ուզում էին, որ երկնային նշան ցույց տա իրենց:+ 17 Նրանց միտումները հասկանալով՝+ Հիսուսն ասաց. «Ամեն թագավորություն, որ պառակտված է, կփլուզվի, և բաժանումներով լի տունը կքանդվի: 18 Նույն ձևով էլ, եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս գալիս, նրա պառակտված թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա: Դուք ասում եք, թե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին: 19 Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր հետևորդնե՞րը ում միջոցով են հանում: Այնպես որ հենց նրանք էլ կփաստեն, որ սխալ եք: 20 Բայց եթե ես Աստծու զորությամբ*+ եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն արդեն եկել է, իսկ դուք բանից անտեղյակ եք:*+ 21 Սպառազինված ուժեղ մարդը պահպանում է իր տունը, և նրա ունեցվածքը ապահով է մնում: 22 Բայց երբ նրա վրա հարձակվում է ավելի ուժեղ մեկը և հաղթում է նրան, այդ ժամանակ վերցնում է նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և իր վերցրած ավարը բաժանում է ուրիշների հետ: 23 Ով իմ կողմից չէ, դեմ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցիրուցան է անում:+
24 Երբ չար* ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստանալու տեղ գտնի, բայց չգտնելով՝ ասում է. «Հետ դառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա»:+ 25 Եվ երբ վերադառնում է ու տեսնում, որ այն ավլած-մաքրած ու զարդարված է, 26 գնում է, իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է բերում, և նրանք մտնում ու միասին բնակվում են այնտեղ: Այնպես որ այդ մարդու վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբում էր»:
27 Հիսուսի խոսելու ընթացքում ժողովրդի միջից մի կին բացականչեց. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում և իր կրծքով կերակրեց քեզ»:+ 28 Բայց նա ասաց. «Ո՛չ, Աստծու խոսքը լսողներն ու կատարողներն են երջանիկ»:+
29 Մինչ մարդկանց ամբոխը գնալով մեծանում էր, Հիսուսն ասաց. «Սա մի չար սերունդ է ու շարունակ նշան է ուզում, սակայն Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան:+ 30 Ինչպես որ Հովնանը+ նշան եղավ նինվեցիների համար, այդպես էլ մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարավի թագուհին+ Դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի մարդկանց հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, մինչդեռ այստեղ մեկն է, ով Սողոմոնից էլ մեծ է:+ 32 Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրանց, որովհետև երբ Հովնանը քարոզեց նինվեցիներին,+ նրանք զղջացին, մինչդեռ այստեղ մեկն է, ով Հովնանից էլ մեծ է: 33 Երբ մարդ վառում է ճրագը, այն դնում է ոչ թե մի ծածուկ տեղ կամ զամբյուղի տակ, այլ ճրագակալի վրա,+ որպեսզի այն լույս տա տուն մտնողներին: 34 Մարմնի ճրագը աչքն է: Ուստի եթե ձեր աչքը կենտրոնացած է մեկ բանի վրա,* ձեր ամբողջ մարմինը լուսավորված է: Բայց եթե այն նախանձով այս ու այն կողմ է նայում,* ձեր մարմինը խավարի մեջ է:+ 35 Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ չլինի թե ձեր միջի լույսը իրականում խավար լինի: 36 Եթե ձեր ամբողջ մարմինը լուսավորված է, և ոչ մի մասը խավարի մեջ չէ, ապա այն պայծառ կշողա, ինչպես լույս տվող ճրագը»:
37 Երբ Հիսուսն ավարտեց իր խոսքը, փարիսեցիներից մեկը ճաշի հրավիրեց նրան: Նա էլ գնաց նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ: 38 Տեսնելով, որ ճաշից առաջ նա չլվացվեց՝* փարիսեցին զարմացավ:+ 39 Տերն էլ ասաց նրան. «Դուք՝ փարիսեցիներդ, նման եք բաժակի կամ ափսեի, որը դրսից մաքրված է, բայց ներսից՝ կեղտոտ. ձեր ներսը լիքն է ագահությամբ ու չարությամբ:+ 40 Անմիտնե՛ր, չգիտե՞ք որ դրսի կողմը ստեղծողը ներսն էլ է ստեղծել: 41 Ուստի երբ մի բան եք անում չունևորների համար,* թող դա ներսից՝ ձեր սրտից բխի: Այդ դեպքում լիովին մաքուր կլինեք: 42 Բայց վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև դուք տալիս եք դաղձի, փեգենայի* և այլ համեմունքային բույսերի* տասանորդը,+ բայց անտեսում եք Աստծու արդարությունը և նրա հանդեպ սերը: Ճիշտ է, այդ ամենի տասանորդը պարտավոր եք տալ, բայց մյուս բաներն էլ չպետք է անտեսեք:+ 43 Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև սիրում եք ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ողջույններ ստանալ հանրային վայրերում: *+ 44 Վա՜յ ձեզ, որովհետև դուք ասես չնշմարվող* գերեզմաններ լինեք.+ մարդիկ քայլում են դրանց վրայով և չեն իմանում, որ դրանք իրականում գերեզմաններ են»:
45 Օրենքի գիտակ մի մարդ ասաց նրան. «Ուսուցի՛չ, այդպիսի բաներ ասելով՝ մեզ էլ ես վիրավորում»: 46 Հիսուսն ասաց. «Ձե՛զ էլ վայ, Օրենքի գիտակնե՛ր, որովհետև դժվար տանելի բեռներ եք դնում մարդկանց ուսերին, բայց ինքներդ չեք ուզում անգամ մատը մատին տալ դրանք տեղաշարժելու համար:+
47 Վա՜յ ձեզ, որ բարեկարգում եք մարգարեների գերեզմանները, այնինչ հենց ձեր նախահայրերն են սպանել նրանց:+ 48 Դուք լավ էլ տեղյակ եք ձեր նախահայրերի արածներին և հավանություն եք տալիս: Նրանք սպանեցին մարգարեներին,+ բայց դուք հիմա բարեկարգում եք մարգարեների գերեզմանները: 49 Դրա համար էլ Աստված, ով իմաստուն է, ասաց. «Ես նրանց մոտ կուղարկեմ մարգարեների և առաքյալների, որոնցից մի քանիսին կսպանեն ու կհալածեն. 50 այնպես որ այս սերնդից կպահանջվի բոլոր մարգարեների արյունը, որ թափվել է մարդկության սկզբնավորումից* ի վեր՝+ 51 սկսած Աբելից+ մինչև Զաքարիան, որը սպանվեց զոհասեղանի և սրբարանի* միջև»:+ Այո՛, ասում եմ ձեզ, այդ ամենի համար այս սերնդից է հաշիվ պահանջվելու:
52 Վա՜յ ձեզ, Օրենքի գիտակնե՛ր, որովհետև վերցրել եք գիտելիքների դուռը բացող բանալին. ինքներդ չեք մտել, ցանկացողներին էլ թույլ չեք տալիս մտնել»:+
53 Երբ Հիսուսն այդտեղից դուրս եկավ, Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները սկսեցին նրա վրա ուժգին ճնշում բանեցնել և շատ այլ բաների վերաբերյալ հարցերի տարափ տեղալ նրա վրա՝ 54 նենգաբար սպասելով, որ ասի մի բան, ինչը նրա դեմ կօգտագործեն:+