Մատթեոս
7 «Մի՛ դատեք,*+ որ չդատվեք, 2 որովհետև ինչպես որ դատեք, այնպես էլ կդատվեք,+ և ինչպես վերաբերվեք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն:*+ 3 Այդ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղին ուշադրություն դարձնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում:+ 4 Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «Թող աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա: 5 Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, այդ ժամանակ հստակ կտեսնես ու կկարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել:
6 Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք,+ քանի որ նրանք պարզապես ոտնատակ կանեն դրանք, ապա վրա կտան ու կհոշոտեն ձեզ:
7 Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ,+ շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+ 8 Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի: 9 Եթե մեկի որդին հաց խնդրի իրենից, մի՞թե նա քար կտա նրան, 10 կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտա նրան: 11 Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը բարիքներ կտա+ իրենից խնդրողներին:+
12 Ուրեմն ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ,+ որովհետև հենց սա է Օրենքի և մարգարեների գրածների բուն էությունը:+
13 Նեղ դռնով ներս մտեք,+ որովհետև լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կործանում են տանում, և այդ դռնով շատերն են մտնում, 14 մինչդեռ նեղ դուռն ու դժվարանցանելի ճանապարհը դեպի կյանք են տանում, և այն քչերն են գտնում:+
15 Զգուշացեք կեղծ մարգարեներից,+ որ գալիս են ձեզ մոտ՝ ոչխարի մորթիով քողարկված,+ բայց իրականում գիշատիչ գայլեր են:+ 16 Նրանց կճանաչեք իրենց պտուղներից: Չէ՞ որ փշերից խաղող չեն քաղում, ոչ էլ տատասկից՝ թուզ:+ 17 Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն վատ ծառ վատ պտուղ է տալիս:+ 18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, վատ ծառն էլ չի կարող լավ պտուղ տալ:+ 19 Լավ պտուղ չտվող ամեն ծառ կտրում և կրակն են գցում:+ 20 Այնպես որ իրենց պտուղներից կճանաչեք նրանց:+
21 Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասող ամեն մարդ չէ, որ կմտնի երկնքի թագավորություն, այլ միայն նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը:+ 22 Կգա օրը, երբ շատերը կասեն ինձ. «Տե՛ր, Տե՛ր,+ չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով զորավոր շատ գործեր արեցինք»:+ 23 Բայց այն ժամանակ պարզ կասեմ նրանց. «Ես ձեզ երբեք էլ չեմ ճանաչել: Հեռացե՛ք ինձնից, անօրենությո՛ւն գործողներ»:+
24 Այսպիսով՝ ով լսում է իմ այս խոսքերն ու կատարում դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը ժայռի վրա կառուցեց:+ 25 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ ժայռի վրա էր հիմնված: 26 Իսկ ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում դրանք, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց:+ 27 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը,+ և այն չդիմացավ ու ամբողջովին ավերվեց»:
28 Եվ այսպես՝ Հիսուսը վերջացրեց իր ասելիքը: Նրա ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր,+ 29 որովհետև նա սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը,+ ոչ թե իրենց Օրենքի ուսուցիչների* պես: