Մաղաքիա
3 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա ինձ համար ճանապարհ կհարթի:*+ Անսպասելիորեն իր տաճար կգա ճշմարիտ Տերը,* որին դուք փնտրում եք,+ և կգա ուխտի պատգամաբերը, որին դուք փափագով սպասում եք: Նա անպայման կգա,– ասում է Զորքերի տեր Եհովան:–
2 Բայց ո՞վ կդիմանա այն օրը, երբ նա գա, ո՞վ կկարողանա կանգնած մնալ, երբ նա հայտնվի: Չէ՞ որ նա զտողի կրակի պես կլինի և լվացարարների մոխրաջրի*+ պես: 3 Տերը կնստի և որպես արծաթ զտող ու մաքրող՝+ կմաքրի Ղևիի որդիներին: Նա կզտի նրանց, ինչպես ոսկին ու արծաթը, և նրանք Եհովայի համար կդառնան մի ժողովուրդ, որն արդարությամբ ընծա կմատուցի: 4 Հուդայի ու Երուսաղեմի ընծան հաճելի կլինի* Եհովայի համար, ինչպես հին օրերում էր և վաղեմի տարիներին:+
5 Ես կգամ, որ դատեմ ձեզ, և առանց հապաղելու կդատապարտեմ կախարդներին,+ շնացողներին,* սուտ երդում տվողներին,+ նաև նրանց, ովքեր խաբում են վարձու աշխատողին,+ այրուն ու որբին,*+ և ովքեր հրաժարվում են օգնել պանդուխտին:*+ Նրանք չեն վախենում ինձանից,– ասում է Զորքերի տեր Եհովան:–
6 Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում,+ և դուք Հակոբի որդիներն եք, դրա համար էլ մինչ օրս բնաջինջ չեք եղել: 7 Ձեր նախահայրերի օրերից ի վեր դուք շեղվում եք իմ կանոններից ու չեք պահում դրանք:+ Վերադարձեք ինձ մոտ, և ես կվերադառնամ ձեզ մոտ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
Բայց դուք ասում եք. «Ի՞նչ առումով վերադառնանք»:
8 «Մի՞թե մարդը կկողոպտի Աստծուն: Իսկ դուք կողոպտում եք ինձ»:
Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ենք կողոպտել քեզ»:
«Տասանորդները* չտալով ու նվիրաբերություններ չանելով: 9 Դուք անիծված եք,* այո՛, անիծված եք, որովհետև կողոպտում եք ինձ, ազգովին եք կողոպտում: 10 Ամբողջ տասանորդը ամբար բերեք,+ որպեսզի տանս մեջ ուտելիք լինի,+ և դրանով ստուգեք ինձ, խնդրեմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– արդյոք ձեզ համար չե՞մ բացի երկնքի պատուհանները+ և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի դրա համար:+
11 Հանուն ձեզ՝ ես կսաստեմ խժռողին,* և ձեր երկրի պտուղը չի փչանա, ու ձեր այգու խաղողենին անպտուղ չի լինի,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–
12 Բոլոր ազգերը ձեզ երջանիկ կհամարեն,+ քանի որ ձեր երկիրը բերկրանքի երկիր կդառնա»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
13 «Դուք բիրտ խոսքեր եք ասում ընդդեմ ինձ»,– ասում է Եհովան:
Բայց հարցնում եք. «Ընդդեմ քեզ ի՞նչ ենք խոսում իրար հետ»:+
14 «Դուք ասում եք. «Զուր է Աստծուն ծառայելը:+ Ի՞նչ օգուտ, որ կատարեցինք նրա հանդեպ մեր պարտավորությունները և Զորքերի տեր Եհովայի առաջ տրտում ման եկանք: 15 Հիմա մենք հանդուգն մարդկանց ենք երջանիկ համարում և անօրենություն գործողներին ենք հաջողակ կոչում:+ Նրանք համարձակվում են փորձել Աստծուն և անպատիժ են մնում»»:
16 Այդ ժամանակ Եհովայից վախեցողները խոսում էին իրար հետ՝ յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ, իսկ Եհովան ուշադիր լսում էր: Եվ նրա առաջ հիշատակի գիրք գրվեց+ Եհովայից վախեցողների և նրա անվան շուրջ խորհրդածողների* մասին:+
17 «Նրանք իմը կլինեն,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– այն օրը, երբ նրանց իմ հատուկ* սեփականությունը դարձնեմ:+ Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ հայրն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է իրեն:+ 18 Եվ դուք կրկին կտեսնեք արդարի ու չարագործի տարբերությունը,+ Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը»: