Ծննդոց
25 Աբրահամը դարձյալ կին առավ: Նրա անունը Քետուրա էր: 2 Ժամանակի ընթացքում նրանք զավակներ ունեցան՝ Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին,+ Եսբոկին ու Սովեին:+
3 Հեկսանը ունեցավ Սաբային ու Դեդանին:
Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմն ու Լովոմիմը:
4 Մադիանի որդիներն էին Գեֆան, Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան:
Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին:
5 Հետագայում Աբրահամը իր ողջ ունեցվածքը տվեց Իսահակին:+ 6 Իսկ հարճերից ծնված իր որդիներին նվերներ տվեց: Այնուհետև, քանի դեռ ողջ էր, նրանց ուղարկեց դեպի արևելք ընկած տարածքներ՝ իր որդուց՝ Իսահակից հեռու:+ 7 Ընդհանուր հաշվով Աբրահամն ապրեց 175 տարի: 8 Այնուհետև Աբրահամը տվեց իր վերջին շունչը: Երկար ու գոհացուցիչ կյանք ապրած՝ խոր ծերության մեջ նա մահացավ և միացավ իր նախահայրերին:* 9 Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որը գտնվում է Մամբրեի դիմաց:+ 10 Դա այն արտն է, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից: Նա թաղվեց այնտեղ՝ իր կնոջ՝ Սառայի մոտ:+ 11 Աբրահամի մահից հետո Աստված շարունակեց օրհնել նրա որդի Իսահակին:+ Իսահակը ապրում էր Բեեր-Լահայրոյի մոտակայքում:+
12 Սա է Իսմայելի+ պատմությունը՝ Աբրահամի որդու, որին ծնել էր եգիպտացի Հագարը՝+ Սառայի աղախինը:
13 Սրանք են Իսմայելի որդիների անունները և այն տոհմերի անունները, որոնք առաջ եկան նրանցից. Նաբեոթ+ (Իսմայելի առաջնեկը), Կեդար,+ Ադբեել, Մաբսամ,+ 14 Մասմա, Դումա, Մասսե, 15 Քոդադ, Թեմա, Հետուր, Նաֆես ու Կեդմա: 16 Սրանք են Իսմայելի որդիները՝ 12 տոհմերի տոհմապետները,+ որոնց անուններով կոչվում էին նաև նրանց բնակավայրերն ու ճամբարատեղիները:* 17 Իսմայելն ապրեց 137 տարի: Հետո նա, տալով վերջին շունչը, միացավ իր նախահայրերին:* 18 Նրա սերունդները սկսեցին բնակվել Եվիլայից+ մինչև Ասորեստան ընկած տարածքում (Եվիլան գտնվում է Սուրի+ մոտ, որը սահմանակից է Եգիպտոսին): Նրանք բնակվում էին իրենց բոլոր եղբայրների հարևանությամբ:*+
19 Իսկ Աբրահամի որդի Իսահակի պատմությունը սա է:+
Աբրահամն ունեցավ Իսահակին: 20 Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ, որը Փադան-Արամում բնակվող արամեացի Բաթուելի+ աղջիկն էր՝ արամեացի Լաբանի քույրը: 21 Իսահակը շարունակ աղերսում էր Եհովային իր կնոջ համար, որովհետև նա ամուլ էր: Եհովան պատասխանեց նրա աղաչանքներին, ու նրա կինը՝ Ռեբեկան, հղիացավ: 22 Ռեբեկայի ներսում նրա որդիները սկսեցին կռվել իրար հետ,+ ուստի նա ասաց. «Եթե այսպես տանջվելու եմ, էլ ինչո՞ւ եմ ապրում»: Եվ նա այդ մասին հարցրեց Եհովային: 23 Եհովան ասաց նրան. «Քո արգանդում+ երկու ազգ կա, ու երկու ժողովուրդ կծնվի քեզանից:+ Մեկը մյուսից զորավոր կլինի,+ և մեծը կծառայի փոքրին»:+
24 Եկավ Ռեբեկայի ծննդաբերելու ժամանակը, և նա երկվորյակներ լույս աշխարհ բերեց: 25 Առաջինը, որ ծնվեց, ամբողջովին կարմրավուն էր, և նրա մարմինն այնքան մազոտ էր,+ որ կարծես մազե հագուստ լիներ վրան, ուստի նրա անունը Եսավ*+ դրեցին: 26 Այնուհետև ծնվեց նրա եղբայրը. նա ձեռքով բռնել էր Եսավի կրունկը,+ ուստի նրա անունը Հակոբ*+ դրեցին: Իսահակը 60 տարեկան էր, երբ Ռեբեկան լույս աշխարհ բերեց նրանց:
27 Տղաները մեծացան: Եսավը հմուտ որսորդ+ դարձավ ու շատ հաճախ դաշտերում էր լինում,* իսկ Հակոբը մեծ մասամբ վրաններում էր լինում:+ Նա անարատ մարդ էր: 28 Իսահակը ավելի շատ Եսավին էր սիրում, քանի որ իր համար որսի միս էր բերում, իսկ Ռեբեկան ավելի շատ Հակոբին+ էր սիրում: 29 Մի անգամ, երբ Եսավը ուժասպառ վերադարձավ դաշտից, Հակոբը ապուր էր եփում: 30 Եսավն ասաց Հակոբին. «Շո՛ւտ արա, խնդրում եմ, քո այդ կարմիր ապուրից* տուր՝ ուտեմ. սովից ուժասպառ եմ եղել»: Ահա թե ինչու նրան Եդոմ*+ անունը տվեցին: 31 Հակոբը պատասխանեց. «Նախ վաճառիր ինձ առաջնեկության իրավունքդ»:+ 32 Եսավն էլ ասաց. «Ուր որ է կմեռնեմ. ինչի՞ս է պետք այդ առաջնեկության իրավունքը»: 33 Հակոբը շարունակեց. «Նախ երդվի՛ր ինձ»: Նա էլ երդվեց և իր առաջնեկության իրավունքը վաճառեց Հակոբին:+ 34 Այդ ժամանակ Հակոբը ոսպով ապուր ու հաց տվեց Եսավին: Նա կերավ ու խմեց, ապա վեր կացավ գնաց: Այդպես Եսավը արհամարհեց առաջնեկության իրավունքը: