Մատթեոս
26 Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին. 2 «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է,+ և մարդու Որդուն հանձնելու են հակառակորդների ձեռքը, որ սյանը գամեն»:+
3 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա քահանայապետի բակում+ 4 և միասին ծրագիր կազմեցին,+ թե ինչպես խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն: 5 Սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա»:
6 Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից,+ 7 ընթրիքի ժամանակ մի կին, թանկարժեք անուշահոտ յուղով լի ալաբաստրե* սրվակը ձեռքին, մոտեցավ Հիսուսին և յուղը լցրեց նրա գլխին: 8 Տեսնելով դա՝ աշակերտները վրդովվեցին ու ասացին. «Ինչի՞ համար վատնեց այդ յուղը: 9 Այն կարելի էր թանկ գնով վաճառել և փողը աղքատներին տալ»: 10 Տեղյակ լինելով, թե ինչ են խոսում՝ Հիսուսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վատ դրության մեջ դնում այս կնոջը: Նա լավ բան արեց իմ հանդեպ: 11 Աղքատները միշտ ձեզ հետ են,+ բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+ 12 Անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ նա մարմինս թաղման նախապատրաստեց:+ 13 Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+
14 Դրանից հետո տասներկուսից մեկը, որին Հուդա Իսկարիովտացի+ էին կոչում, գնաց ավագ քահանաների մոտ+ 15 ու ասաց. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին մատնեմ, որ բռնեք նրան»:+ Նրանք պայմանավորվեցին 30 արծաթադրամ տալ նրան:+ 16 Այդուհետ նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի Հիսուսին:
17 Անթթխմոր հացերի տոնի առաջին օրը+ աշակերտները Հիսուսի մոտ եկան ու հարցրին. «Որտե՞ղ ես ուզում՝ քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+ 18 Նա էլ կարգադրեց, որ գնան քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և ասեն նրան. «Ուսուցիչն ասում է. «Ինձ համար նշանակված ժամանակը մոտ է: Պասեքը աշակերտներիս հետ քո տանն եմ նշելու»»: 19 Աշակերտներն արեցին այն, ինչ Հիսուսը կարգադրեց, և պատրաստություն տեսան Պասեքի համար:
20 Երեկոյան+ նա 12 աշակերտների հետ թիկնել էր սեղանի շուրջ,+ 21 և մինչ ուտում էին, ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»:+ 22 Նրա խոսքերից անչափ վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին նրան. «Տե՛ր, մի՞թե ես եմ»: 23 Հիսուսն էլ պատասխանեց. «Իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախող մեկն է ինձ մատնելու:+ 24 Ճիշտ է, մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ+ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+ 25 Հուդան, որը մատնելու էր նրան, հարցրեց. «Մի՞թե ես եմ, ռաբբի՛»: Հիսուսն էլ պատասխանեց. «Ինքդ ասացիր»:*
26 Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց+ ու տալով աշակերտներին՝ ասաց. «Վերցրեք ու կերեք. սա խորհրդանշում է իմ մարմինը»:+ 27 Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից,+ 28 որովհետև սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար,+ որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 29 Ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ իմ Հոր թագավորության մեջ»:+ 30 Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+
31 Հետո Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ այն ամենի պատճառով, ինչ տեղի կունենա ինձ հետ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»:+ 32 Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+ 33 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Նույնիսկ եթե բոլորն էլ քեզ հետ տեղի ունեցածի պատճառով լքեն քեզ, ես երբեք չեմ լքի»:+ 34 Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 35 Պետրոսն ասաց. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»:+ Մյուս բոլոր աշակերտներն էլ էին նույնը ասում:
36 Հիսուսը աշակերտների հետ գնաց Գեթսեմանի կոչվող վայրը:+ Նա ասաց նրանց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+ 37 Նա իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին: Նրան սկսել էր համակել տխրությունն ու տագնապի ուժգին զգացումը:+ 38 Դիմելով իր հետ եղողներին՝ Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ՝ մահու չափ: Մնացեք այստեղ և ինձ պես արթուն եղեք»:+ 39 Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել.+ «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, հեռացրու այս բաժակն+ ինձանից: Այդուհանդերձ, թող լինի ոչ թե այն, ինչ ես եմ ուզում, այլ ինչ դու ես ուզում»:+
40 Վերադառնալով աշակերտների մոտ՝ տեսավ, որ քնած են, և Պետրոսին ասաց. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ:+ 41 Արթուն մնացեք+ և շարունակ աղոթեք,+ որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 42 Ապա նորից գնաց ու սկսեց աղոթել. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակը հեռացնես ինձանից, ու ես չխմեմ դրանից, ապա թող քո կամքը լինի»:+ 43 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: 44 Նա թողեց գնաց ու երրորդ անգամ աղոթեց՝ խնդրելով նույն բանի մասին: 45 Ապա վերադարձավ աշակերտների մոտ ու ասաց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Եկել է ժամը, որ մարդու Որդին մատնվի մեղսագործների ձեռքը: 46 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»: 47 Նա դեռ խոսում էր, երբ Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից ուղարկված մի մեծ ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+
48 Մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է, նրան կձերբակալեք»: 49 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 50 Բայց Հիսուսն ասաց. «Բարեկա՛մ, ինչի՞ համար ես եկել այստեղ»:+ Այդ պահին Հուդայի հետ եկածները մոտեցան ու ձերբակալեցին Հիսուսին: 51 Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը տարավ դեպի իր սուրը, դուրս քաշեց այն և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+ 52 Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր,+ որովհետև բոլոր սուր վերցնողները սրով էլ կընկնեն:+ 53 Թե՞ կարծում ես՝ չեմ կարող խնդրել իմ Հորը, որ ինձ օգնելու համար հենց այս պահին ավելի քան 12 լեգեոն հրեշտակ ուղարկի:+ 54 Բայց այդ դեպքում ինչպե՞ս կկատարվեն սուրբ գրքերում գրվածները, որտեղ ասվում է, որ այսպես պետք է լինի»: 55 Ապա դիմելով ամբոխին՝ ասաց. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու: Ամեն օր տաճարում նստած ուսուցանում էի,+ և դուք ինձ չձերբակալեցիք:+ 56 Բայց այս ամենը եղավ, որ կատարվեն մարգարեների գրածները»:+ Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+
57 Հիսուսին ձերբակալելուց հետո նրան տարան Կայիափա+ քահանայապետի տուն, որտեղ հավաքվել էին Օրենքի ուսուցիչներն* ու երեցները:+ 58 Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, նրա հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Նա ներս մտավ և նստեց սպասավորների հետ, որ տեսնի, թե վերջը ինչ է լինելու:+
59 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ կեղծ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն,+ 60 բայց ոչ մի հարմար բան չէին գտնում, թեև շատ սուտ վկաներ էին եկել:+ Հետո երկու վկաներ եկան 61 ու ասացին. «Այս մարդն ասում էր. «Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում վերականգնել»»:+ 62 Այս խոսքերը լսելով՝ քահանայապետը ոտքի կանգնեց ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+ 63 Բայց Հիսուսը լուռ մնաց:+ Ուստի քահանայապետն ասաց նրան. «Կենդանի Աստծու առաջ պարտավորեցնում եմ քեզ, որ մեզ ճիշտն ասես՝ դու Քրիստո՞սն ես՝ Աստծու Որդին»:+ 64 Հիսուսն էլ պատասխանեց. «Այդպես էլ կա:* Ասում եմ ձեզ. սրանից հետո կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերի վրայով»:+ 65 Այդ ժամանակ քահանայապետը, պատռելով իր վերնազգեստը, բացականչեց. «Անարգե՜ց Աստծուն: Էլ ի՞նչ վկաներ են պետք: Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: 66 Դե՞, ի՞նչ կասեք»: Նրանք էլ պատասխանեցին. «Մահապա՛րտ է»:+ 67 Ապա թքեցին նրա երեսին+ և բռունցքներով խփեցին նրան:+ Ոմանք էլ ապտակում էին նրան+ 68 ու ասում. «Քրիստո՛ս, եթե մարգարե ես, ասա՝ ո՞վ էր քեզ խփողը»:
69 Այդ ընթացքում Պետրոսը նստած էր դրսում՝ տան բակում: Աղախիններից մեկը մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»:+ 70 Բայց նա բոլորի առաջ հերքեց ու ասաց. «Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում»: 71 Հետո գնաց դեպի մուտքը, բայց այդ ժամանակ մեկ ուրիշ աղախին, նրան նկատելով, այնտեղ եղողներին ասաց. «Այս մարդը նազարեթցի Հիսուսի հետ էր»:+ 72 Բայց նա երդվելով կրկին հերքեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: 73 Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը: Քո բարբառն* էլ է մատնում, որ գալիլեացի ես»: 74 Այդ ժամանակ նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: Եվ հենց այդ պահին աքաղաղը կանչեց: 75 Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և դուրս գնաց ու դառնագին լաց եղավ: