1 Կորնթացիներ
7 Իսկ հիմա անդրադառնամ այն հարցերին, որոնց մասին գրել էիք: Լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի,* 2 սակայն քանի որ անբարոյականությունը* տարածված է, ամեն տղամարդ թող իր կինն ունենա,+ և ամեն կին՝ իր ամուսինը:+ 3 Թող ամուսինը իր կնոջ պարտքը տա, կինն էլ՝ իր ամուսնու:+ 4 Կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինն է, նմանապես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինն է: 5 Իրար մի՛ զրկեք, և եթե անգամ որոշեք միառժամանակ այդպես վարվել աղոթքին ժամանակ հատկացնելու նպատակով, ապա դա պետք է լինի միայն ձեր փոխադարձ համաձայնությամբ: Հետո դարձյալ իրար մերձեցեք, որ չլինի թե Սատանան փորձի ձեզ, և դուք չկարողանաք ինքնատիրապետում դրսևորել: 6 Ինչ վերաբերում է վերևում ասածիս,* թեև դեմ չեմ, որ այդպես վարվեք, բայց դա մի՛ ընդունեք որպես հրահանգ: 7 Ես կուզեի, որ բոլորը ինձ պես լինեին: Այդուհանդերձ, Աստված ամեն մեկին իր պարգևն է տվել,+ այնպես որ մեկն ամուսնանում է, մյուսն էլ՝ մնում ամուրի:
8 Իսկ չամուսնացածներին և այրիներին ասում եմ, որ ավելի լավ է՝ նրանք ինձ պես մնան:+ 9 Բայց եթե ինքնատիրապետում չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է՝ ամուսնանան, քան նրանց մեջ բուռն կրքեր բորբոքվեն:+
10 Ամուսնացածներին հետևյալ հրահանգներն եմ տալիս, ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Տերը: Կինը չպետք է առանձնանա իր ամուսնուց:+ 11 Բայց եթե առանձնանա, թող առանց ամուսնանալու մնա, իսկ եթե չի ուզում այդպես մնալ, թող հաշտվի իր ամուսնու հետ: Ամուսինն էլ չպետք է թողնի իր կնոջը:+
12 Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ասում եմ (այո՛, ոչ թե Տերը, այլ ես).+ եթե որևէ եղբոր կինը նրա հավատակիցը չէ, բայց համաձայն է ապրել նրա հետ, թող եղբայրը չթողնի նրան: 13 Եթե որևէ կնոջ ամուսինը նրա հավատակիցը չէ, բայց համաձայն է ապրել նրա հետ, թող կինը չթողնի իր ամուսնուն: 14 Հավատը չկիսող ամուսնու հետ միությունը սրբացված է իր կնոջ շնորհիվ, և հավատը չկիսող կնոջ հետ միությունը սրբացված է իր հավատացյալ ամուսնու շնորհիվ, այլապես ձեր երեխաները անմաքուր կլինեին, սակայն հիմա նրանք սուրբ են Աստծու աչքին: 15 Բայց եթե հավատը չկիսող կողակիցը որոշի հեռանալ,* թող հեռանա: Այդ դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորված չէ ապրել նրա հետ: Աստված ձեզ կանչել է, որ խաղաղության մեջ ապրեք:+ 16 Ո՛վ կին, եթե մնաս ամուսնուդ հետ, ի՞նչ գիտես, գուցե փրկես նրան:+ Եվ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, գուցե փրկես կնոջդ:
17 Թող ամեն մեկը ապրի Եհովայից* բաժին ստացած կյանքը, ապրի այն կարգավիճակում, որում գտնվում էր, երբ Աստված կանչեց նրան:+ Այս հրահանգը տալիս եմ բոլոր ժողովներին: 18 Ինչ-որ մեկը թլփատվա՞ծ էր, երբ կանչվեց, թող մնա այդպիսին:+ Ինչ-որ մեկը անթլփա՞տ էր, երբ կանչվեց, թող չթլփատվի:+ 19 Նշանակություն չունի՝ մարդը թլփատված է, թե անթլփատ:+ Կարևորը Աստծու պատվիրանները պահելն է:+ 20 Ինչ կարգավիճակում յուրաքանչյուրը կանչվել է, թող այդպես էլ մնա:+ 21 Երբ կանչվեցիր, ծառա՞* էիր: Թող դա քեզ չմտահոգի:+ Բայց եթե կարող ես ազատ դառնալ, օգտվիր այդ հնարավորությունից: 22 Ցանկացած մեկը, ով, ծառա լինելով, կանչվել է, որ դառնա Տիրոջ աշակերտ, ազատված է ու պատկանում է Տիրոջը:+ Նմանապես նա, ով կանչվել է՝ լինելով ազատ մարդ, Քրիստոսի ծառան է: 23 Ձեզ համար գին է վճարվել:+ Ուստի այլևս մարդկանց ծառա մի՛ դարձեք: 24 Եղբայրնե՛ր, ինչ կարգավիճակում էլ յուրաքանչյուրդ եղել եք, երբ կանչվել եք, այդպես էլ մնացեք Աստծու առաջ:
25 Ինչ վերաբերում է չամուսնացածներին,* ես Տիրոջից ոչ մի հրահանգ չեմ ստացել, այլ իմ կարծիքն եմ արտահայտում+ որպես մեկը, ում հանդեպ Տերը գթասրտություն է դրսևորել, և ում կարելի է վստահել: 26 Կարծում եմ՝ լավագույնն այն է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ կա, քանի որ դժվար ժամանակներում ենք ապրում: 27 Ամուսնությամբ կապվա՞ծ ես կնոջ հետ. ազատություն մի՛ փնտրիր:+ Կին չունե՞ս. կին մի՛ փնտրիր: 28 Բայց եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի: Ամուրին, ով ամուսնանում է, մեղք չի գործում: Սակայն ամուսնացողները նոր դժվարություններ կունենան իրենց կյանքում:* Իսկ ես փորձում եմ զերծ պահել ձեզ այդ ամենից:
29 Եղբայրնե՛ր, նաև ուզում եմ ասել, որ քիչ ժամանակ է մնացել:+ Այսուհետ կին ունեցողները թող լինեն ասես չունեցողներ, 30 սգացողները՝ ասես չսգացողներ, ուրախացողները՝ ասես չուրախացողներ, ինչ-որ բան գնողները՝ ասես դրանք չունեցողներ, 31 և աշխարհից օգտվողները թող լինեն ոչ լիարժեքորեն օգտվողներ, քանի որ այս աշխարհի բեմում տեսարանը փոխվում է: 32 Ես իսկապես ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք: Չամուսնացած տղամարդը Տիրոջ գործով է մտահոգվում՝ ձգտելով Տիրոջ հավանությունը ստանալ: 33 Իսկ ամուսնացած տղամարդը մտահոգվում է աշխարհիկ հոգսերով՝+ ձգտելով իր կնոջ հավանությունը ստանալ, 34 և այդպես երկու կես է լինում: Նմանապես ամուսին չունեցող կինը և կույսը Տիրոջ գործով են մտահոգվում՝+ ջանալով սուրբ լինել թե՛ մարմնով, թե՛ մտքով:* Բայց ամուսնացած կինը աշխարհիկ հոգսերով է մտահոգվում՝ ձգտելով իր ամուսնու հավանությունը ստանալ: 35 Սա ձեր օգտի համար եմ ասում, ոչ թե ձեզ վրա սահմանափակումներ դնելու համար: Ես ցանկանում եմ մղել ձեզ, որ արժանավայել կերպով վարվեք և միշտ ամբողջ սրտով Տիրոջը ծառայեք առանց շեղումների:
36 Բայց եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ամուրի մնալով՝ չի կարող զսպել իր ցանկությունները,* ապա եթե անցել է նրա երիտասարդության ծաղկունքի շրջանը, թող վարվի, ինչպես ուզում է, թող ամուսնանա. նա մեղք գործած չի լինի:+ 37 Իսկ եթե մեկը իր մտքում* որոշել է չամուսնանալ ու հաստատ է իր որոշման մեջ, եթե անհրաժեշտություն չի զգում ամուսնանալու և կարող է տիրապետել իրեն, ապա դա լավ որոշում է:+ 38 Հետևաբար ով ամուսնանում է, լավ է անում, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում:+
39 Կինը ամուսնությամբ կապված է այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը ողջ է:+ Բայց եթե նրա ամուսինը մահանա,* նա ազատ է ամուսնանալու ում հետ որ կամենա, բայց միայն Տիրոջ հետևորդի հետ:*+ 40 Սակայն եթե իմ կարծիքն ասեմ (իսկ ես վստահ եմ, որ ես էլ եմ առաջնորդվում Աստծու ոգով), նա ավելի երջանիկ կլինի, եթե մնա այնպես, ինչպես որ կա: