Մարկոս
1 Այսպես է սկսվում Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու մասին ավետարանը:* 2 Եսայիա մարգարեի գրքում գրված է.* «(Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը):+ 3 Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին»»:+ 4 Հովհաննես Մկրտիչը եկավ անապատ և քարոզում էր, որ մարդիկ պետք է մկրտվեն ի նշան զղջման, որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 5 Ուստի Երուսաղեմի բոլոր բնակիչները և ողջ Հրեաստանի մարդիկ գալիս էին Հովհաննեսի մոտ, բացեիբաց խոստովանում էին իրենց մեղքերը, և նա Հորդանան գետում մկրտում* էր նրանց:+ 6 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր կրում և մեջքին կաշվե գոտի էր կապում:+ Նա մորեխ ու վայրի մեղր էր ուտում:+ 7 Նա քարոզում էր՝ ասելով. «Ինձնից հետո գալիս է մեկը, ով ինձնից զորավոր է, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալների կապերն արձակելու:+ 8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա սուրբ ոգով կմկրտի»:+
9 Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ, և Հովհաննեսը մկրտեց նրան Հորդանանում:+ 10 Հենց այն պահին, երբ Հիսուսը դուրս էր գալիս ջրից, տեսավ, որ երկինքը բացվեց, և սուրբ ոգին աղավնու տեսքով իջավ իր վրա:+ 11 Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դու իմ սիրելի Որդին ես. դու ունես իմ հավանությունը»:+
12 Ոգին անմիջապես մղեց Հիսուսին գնալու անապատ: 13 Նա 40 օր անապատում էր, որտեղ վայրի կենդանիներ կային: Այնտեղ Սատանան փորձության ենթարկեց նրան:+ Իսկ հետո հրեշտակները հոգ տարան նրան:+
14 Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա:+ Այնտեղ նա քարոզում էր Աստծու բարի լուրը՝+ 15 ասելով. «Հասել է նշանակված ժամանակը, և Աստծու թագավորությունը մոտեցել է: Զղջացեք ու հավատացեք բարի լուրին»:+
16 Գալիլեայի ծովի* ափով քայլելիս Հիսուսը տեսավ Սիմոնին ու նրա եղբայր Անդրեասին,+ որոնք ձկնորսներ էին+ և այդ պահին իրենց ցանցերը ծովն էին նետում:+ 17 Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»:+ 18 Եվ նրանք իսկույն թողեցին ցանցերն ու հետևեցին Հիսուսին:+ 19 Այդտեղից փոքր-ինչ առաջանալով՝ նա տեսավ Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք նավակի մեջ ցանցերն էին նորոգում:+ 20 Հիսուսն անմիջապես կանչեց նրանց: Նրանք էլ, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավակի մեջ թողնելով, հետևեցին նրան: 21 Եվ բոլորը միասին գնացին Կափառնայում:
Հենց Շաբաթը սկսվեց, Հիսուսը մտավ ժողովարան ու սկսեց այնտեղ ուսուցանել:+ 22 Մարդիկ ապշել էին նրա ուսուցանելուց, որովհետև նա սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը, ոչ թե Օրենքի ուսուցիչների* պես:+ 23 Այդ ժամանակ մի մարդ կար ժողովարանում, որ չար* ոգու ազդեցության տակ էր: Նա բղավեց. 24 «Ինչո՞ւ ես եկել այստեղ, նազարեթցի՛ Հիսուս:+ Եկել ես՝ կործանե՞ս մեզ: Ես լավ գիտեմ՝ դու ով ես, Աստծուց ուղարկված Սուրբն ես»:+ 25 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Լռի՛ր ու դո՛ւրս եկ նրա միջից»: 26 Եվ չար ոգին, այդ մարդուն ցնցելով ու ամբողջ ձայնով գոռալով, դուրս եկավ նրա միջից: 27 Բոլորն ապշել էին: Նրանք սկսեցին իրար մեջ քննարկել. «Սա ի՞նչ է: Երբևէ չենք տեսել, որ որևէ մեկն այսպես ուսուցանի:* Նա այնպիսի իշխանություն* ունի, որ նույնիսկ չար ոգիներին է հրամայում, և նրանք հնազանդվում են»: 28 Այդպես նրա համբավն արագորեն տարածվեց ամենուրեք՝ Գալիլեայի ողջ շրջանում:
29 Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը, Հակոբոսն ու Հովհաննեսը Սիմոնի և Անդրեասի հետ գնացին վերջիններիս տուն:+ 30 Սիմոնի զոքանչը+ ջերմության մեջ պառկած էր: Հիսուսին անմիջապես տեղեկացրին այդ մասին: 31 Նա էլ գնաց կնոջ մոտ և ձեռքից բռնելով՝ օգնեց, որ վեր կենա: Նրա ջերմությունն իջավ, ու նա սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց:
32 Երեկոյան՝ մայրամուտից հետո, մարդիկ սկսեցին Հիսուսի մոտ բերել հիվանդներին ու դիվահարներին:+ 33 Ամբողջ քաղաքը հավաքվեց դռան առաջ: 34 Հիսուսը տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ մարդկանց բուժեց+ և շատ դևեր հանեց: Նա դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին, որ ինքը Քրիստոսն է:*
35 Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, Հիսուսը վեր կացավ, գնաց ամայի մի տեղ ու սկսեց աղոթել:+ 36 Սիմոնն ու մյուսները սկսեցին ամենուրեք նրան փնտրել 37 ու երբ գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»: 38 Բայց նա ասաց. «Եկեք գնանք ուրիշ տեղ՝ մոտակա ավանները, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»:+ 39 Եվ նա անցավ ամբողջ Գալիլեայով՝ ժողովարաններում քարոզելով և դևեր հանելով:+
40 Մի օր Հիսուսին մոտեցավ մի բորոտ մարդ և ծնկի գալով նրա առաջ՝ աղերսեց. «Եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+ 41 Խոր կարեկցանքից մղված՝ Հիսուսը ձեռքը մեկնեց, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»:+ 42 Հենց այդ պահին նրա բորոտությունը բուժվեց, ու նա մաքրվեց: 43 Նախքան նա կհեռանար, Հիսուսը խստիվ պատվիրեց. 44 «Տես, ոչ ոքի ոչինչ չպատմես: Գնա ներկայացիր քահանային ու մատուցիր մաքրման համար Մովսեսի օրենքով սահմանվածը,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:+ 45 Բայց այդ մարդը գնաց ու սկսեց տեղի ունեցածի մասին հայտարարել բոլորին և պատմել ամենուրեք, այնպես որ Հիսուսը այլևս չէր կարողանում բացեիբաց որևէ քաղաք մտնել և քաղաքից դուրս ամայի տեղերում էր մնում: Այդուհանդերձ, ամեն տեղից մարդիկ էին գալիս նրա մոտ:+