ԳԼՈՒԽ 14
«Սա է տաճարի վերաբերյալ օրենքը»
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. տաճարի մասին տեսիլքը։ Ինչով էր այն ուսանելի Եզեկիելի օրերում ապրող մարդկանց համար և ինչ նշանակություն ունի մեզ համար
1, 2. ա) Նախորդ գլխում ի՞նչ սովորեցինք տաճարի մասին Եզեկիելի տեսիլքից։ բ) Ի՞նչ երկու հարց կքննենք այս գլխում։
ԻՆՉՊԵՍ քննեցինք նախորդ գլխում, Եզեկիելի տեսածը մեծ հոգևոր տաճարը չէր, որի մասին դարեր անց խոսեց Պողոս առաքյալը։ Նաև իմացանք, որ տեսիլքի նպատակն էր Աստծու ժողովրդին սովորեցնել, թե որքան կարևոր է մաքուր երկրպագության վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները պահելը։ Իսրայելացիները միայն այդպես կկարողանային վերականգնել իրենց մտերիմ հարաբերությունները Եհովայի հետ։ Ուստի միանգամայն պարզ է, թե ինչու են ընդամենը մեկ համարում երկու անգամ նշվում Եհովայի հետևյալ խոսքերը. «Սա է տաճարի վերաբերյալ օրենքը» (կարդա Եզեկիել 43։12)։
2 Այժմ եկեք ևս երկու հարց քննենք։ Առաջին՝ Եզեկիելի հայրենակիցները տաճարի մասին տեսիլքից ուրիշ ի՞նչ կարող էին սովորել մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշների մասին։ Վերոնշյալ հարցի պատասխանն իմանալը կօգնի պատասխանել երկրորդ հարցին. Եզեկիելի տեսիլքն ի՞նչ նշանակություն ունի մեզ համար այս մռայլ ժամանակներում՝ վերջին օրերում։
Հնում ապրած հրեաների համար տեսիլքն ինչո՞վ էր ուսանելի
3. Տաճարի՝ բարձր լեռան վրա գտնվելը ինչո՞ւ ամաչեցրեց հրեաներին։
3 Առաջին հարցին պատասխանելու համար եկեք ուշադրություն դարձնենք տեսիլքում նկարագրված որոշ մանրամասնությունների։ Բարձր լեռը։ Բարձր լեռան մասին Եզեկիելի խոսքերը նրա ունկնդիրներին, ամենայն հավանականությամբ, հիշեցրին մաքուր երկրպագության վերաբերյալ Եսայիայի հուսադրող մարգարեությունը (Ես. 2։2)։ Այն, որ տեսիլքում Եհովայի տունը մի շատ բարձր լեռան վրա էր, կարևոր միտք էր ընդգծում. մաքուր երկրպագությունը պետք է բարձրացվի և գերազանց դիրքում լինի։ Իհարկե, մաքուր երկրպագությունը այսպես թե այնպես բարձրագույն դիրքում է, քանի որ այն մատուցելու կարգն ու չափանիշները սահմանել է ճշմարիտ Աստված, ով «բոլոր աստվածներից անսահման բարձր» է (Սաղ. 97։9)։ Բայց իսրայելացիները չարեցին այն, ինչ իրենցից ակնկալվում էր։ Փոխարենը նրանք դարեր շարունակ պղծեցին ու ապականեցին մաքուր երկրպագությունը, և այն այլևս տեղ չունեցավ իրենց կյանքում։ Լսելով, որ Աստծու սուրբ տունը իր արժանի դիրքում է՝ բարձրագույն և փառավորված, ազնվասիրտ մարդիկ անշուշտ ամաչեցին։
4, 5. Եզեկիելին լսողները ի՞նչ կարող էին սովորել այն բանից, որ տաճարը բարձր մուտքային շինություններ ուներ։
4 Բարձր մուտքային շինությունները։ Տեսիլքի սկզբում Եզեկիելը տեսել էր, թե հրեշտակն ինչպես է չափում մուտքային շինությունները։ Այդ շինությունների բարձրությունը մոտ 30 մետր էր (100 ֆուտ) (Եզեկ. 40։14)։ Դրանց ներսում պահապանների սենյակներ կային։ Ի՞նչ կարող էին այս ամենից եզրակացնել նրանք, ովքեր կուսումնասիրեին տաճարի նախագիծը։ Եհովան Եզեկիելին ասաց. «Ուշադրություն դարձրու տաճարի մուտքին»։ Ինչո՞ւ։ Քանի որ ժողովուրդը Աստծու սուրբ տուն էր բերում անթլփատների, «որոնք անթլփատ սիրտ ունեին»։ Դա ի՞նչ հետևանք ունեցավ. «Նրանք պղծում են իմ տաճարը»,– ասաց Եհովան (Եզեկ. 44։5, 7, ծնթ)։
5 Նրանք, ովքեր բառի բուն իմաստով անթլփատ էին, չէին հնազանդվել Աբրահամի օրերում Աստծու տված հստակ պատվերին (Ծննդ. 17։9, 10; Ղևտ. 12։1-3)։ Բայց շատ ավելի լուրջ էր նրանց վիճակը, ովքեր «անթլփատ սիրտ ունեին»։ Այդպիսիները համառ էին, ըմբոստ և չէին ընդունում Աստծու առաջնորդությունը։ Նրանց չպետք է թույլ տային մտնել Եհովայի սուրբ տուն։ Եհովան ատում է կեղծավորությունը, իսկ նրա ժողովուրդը թույլ էր տվել, որ կեղծավորությունը սողոսկի սուրբ տաճար և արմատներ գցի այնտեղ։ Տեսիլքում նկարագրված մուտքային շինությունները և պահապանների սենյակները վկայում էին, որ Աստված այլևս նման բարբարոսություն չի հանդուրժի։ Աստծու տուն մտնելու համար պետք է նրա սահմանած վեհ չափանիշներին հետևել։ Միայն այդ դեպքում Եհովան կօրհնի իր ժողովրդի մատուցած երկրպագությունը։
6, 7. ա) Եհովան իր ժողովրդին ի՞նչ էր ուզում ասել՝ տեսիլքում տաճարի շուրջը եղող պարիսպը ցույց տալով։ բ) Եհովայի ժողովուրդն ի՞նչ վերաբերմունք էր ունեցել նրա տան հանդեպ (տես ծանոթագրությունը)։
6 Արտաքին պարիսպը։ Տաճարի մասին տեսիլքում նկարագրված մեկ այլ առանձնահատկություն էր տաճարի ողջ համալիրը շրջապատող պարիսպը։ Ըստ Եզեկիելի արձանագրության՝ պարսպի յուրաքանչյուր կողմի երկարությունը 500 եղեգ էր, կամ՝ 1 555 մետր (5 100 ֆուտ), գրեթե 1,6 կիլոմետր (Եզեկ. 42։15-20)։ Մինչդեռ տաճարի ողջ համալիրը տեղակայված էր քառակուսի հողակտորի վրա, որի յուրաքանչյուր կողմը ընդամենը 500 կանգուն էր, կամ՝ 259 մետր (850 ֆուտ)։ Փաստորեն, տաճարի համալիրի և արտաքին պարսպի միջև լայնարձակ տարածք էր ընկած։a Ո՞րն էր դրա նպատակը։
7 Եհովան ասաց. «Թող նրանք դադարեն անհավատարիմ լինելուց և իրենց թագավորների դիակները հեռացնեն ինձնից, ու ես առհավետ կբնակվեմ նրանց մեջ» (Եզեկ. 43։9)։ «Իրենց թագավորների դիակներ» ասելով՝ Եհովան, ըստ ամենայնի, նկատի ուներ կուռքերը։ Այն, որ Եհովան Եզեկիելին տեսիլքում ցույց տվեց, որ տաճարի ու արտաքին պարսպի միջև զգալի հեռավորություն կար, նա, ըստ էության, ուզում էր ասել. «Հեռու տարեք ինձնից այդ գարշանքը։ Անգամ մոտ չբերեք այդ աղբը»։
8, 9. Ժողովուրդն ի՞նչ կարող էր սովորել այն բանից, որ Եհովան խիստ խորհուրդ տվեց պատասխանատու դիրք ունեցողներին։
8 Խիստ խորհուրդ՝ պատասխանատու դիրք ունեցող տղամարդկանց։ Եհովան նաև խիստ, բայց և սիրով լի խորհուրդ տվեց ժողովրդի մեջ պատասխանատու դիրք ունեցող տղամարդկանց։ Նա խստորեն դատապարտեց ղևտացիներին, որոնք թողեցին իրեն, երբ ժողովուրդը մխրճվեց կռապաշտության մեջ, մինչդեռ գովեց Սադոկի որդիներին, «որոնք կատարում էին [իր] սրբարանին առնչվող պարտականությունները, երբ Իսրայելը թողեց [իրեն]»։ Եհովան նրանց բոլորի հետ վարվեց արդարությամբ ու գթասրտությամբ՝ ամեն մեկին դատելով ըստ իր գործերի (Եզեկ. 44։10, 12-16)։ Բացի այդ՝ նա լրջորեն սաստեց Իսրայելի իշխաններին (Եզեկ. 45։9)։
9 Եհովան այդպիսով հստակ ցույց տվեց, որ պատասխանատու դիրք ունեցողները հաշվետու էին իրեն այն բանի համար, թե ինչպես էին գործի դնում իրենց իշխանությունը։ Այդ իշխանությունը նրանց չէր ազատում խորհուրդ և խրատ ստանալուց։ Ավելին՝ նրանք պետք է օրինակ լինեին Եհովայից խրատ ընդունելու հարցում։
10, 11. Ի՞նչն է փաստում, որ գերությունից վերադարձած որոշ հրեաներ դասեր են քաղել՝ Եզեկիելի տեսիլքի շուրջ խորհելով։
10 Արդյոք այս տեսիլքը ազդեցություն ունեցա՞վ գերությունից վերադարձած հրեաների վրա։ Ինչ խոսք, մենք հաստատ չգիտենք, թե այդ օրերում ապրող հավատարիմ տղամարդիկ և կանայք ինչ եզրակացություններ են արել՝ մտածելով այդ տեսիլքի մասին։ Բայց Աստծու Խոսքը բավականին հանգամանորեն է նկարագրում, թե ինչ են արել հայրենադարձ գերիները, և թե նրանք ինչ տեսակետ ունեին մաքուր երկրպագության վերաբերյալ։ Նրանք վարվեցի՞ն Եզեկիելի տեսիլքում պարփակված սկզբունքներին համապատասխան։ Որոշ չափով՝ այո, հատկապես եթե նրանց գործերը համեմատենք բաբելոնյան գերությունից առաջ ապրած իրենց ըմբոստ նախնիների գործերի հետ։
11 Հավատարիմ տղամարդիկ, որոնց թվում էին մարգարեներ Անգեն ու Զաքարիան, քահանա և գրագիր Եզրասը և կառավարիչ Նեեմիան ջանք ու եռանդ չխնայեցին, որ ժողովրդին սովորեցնեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք ամփոփված են տաճարի մասին Եզեկիելի տեսիլքում (Եզր. 5։1, 2)։ Նրանք սովորեցնում էին ժողովրդին, որ մաքուր երկրպագությունը պետք է բարձրագույն դիրքում լինի և ամեն բանից վեր, վեր նյութական բաների մասին մտահոգություններից և անձնական շահերից (Անգե 1։3, 4)։ Նրանք ամեն բան անում էին, որ մաքուր երկրպագություն մատուցողները պահեին դրա վերաբերյալ սահմանված չափանիշները։ Օրինակ՝ Եզրասն ու Նեեմիան խստորեն պատվիրեցին, որ իսրայելացի տղամարդիկ բաժանվեն օտարազգի կանանցից, որոնք խոցելի էին դարձնում ժողովրդի հոգևոր վիճակը (կարդա Եզրաս 10։10, 11; Նեեմ. 13։23-27, 30)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել կռապաշտության մասին։ Ըստ ամենայնի, գերությունից հետո իսրայելացիներն ի վերջո սկսեցին ատել այդ մեղքը, որի պատճառով նրանք անցյալում բազմիցս ծուղակն էին ընկել։ Իսկ քահանաների ու իշխանների տրամադրվածությունը փոխվե՞ց։ Ինչպես երևում է Եզեկիելի տեսիլքից, նրանք այն մարդկանց թվում էին, ում Եհովան խորհուրդ էր տալիս և խրատում էր (Նեեմ. 13։22, 28)։ Շատերը խոնարհաբար ընդունեցին այդ խորհուրդները (Եզր. 10։7-9, 12-14; Նեեմ. 9։1-3, 38)։
12. Եհովան ինչպե՞ս օրհնեց հայրենադարձ հրեաներին։
12 Արդյունքում Եհովան օրհնեց իր ժողովրդին։ Մարդիկ Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ ունեին, առողջ էին և վայելում էին խաղաղություն, որը երկար ժամանակ չէին ունեցել (Եզր. 6։19-22; Նեեմ. 8։9-12; 12։27-30, 43)։ Եվ այս ամենը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ ժողովուրդը վերջապես սկսեց պահել մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի սահմանած բարձր չափանիշները։ Տաճարի մասին տեսիլքը հուզել էր նրանց ընկալունակ սրտերը։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Եզեկիելի տեսիլքը օգուտ տվեց երկու առումով. 1) նրանց հիշեցրեց, թե ինչ պետք է անեն, որպեսզի ապրեն մաքուր երկրպագության վերաբերյալ սահմանված չափանիշների համաձայն, և 2) ամրացրեց նրանց հույսը։ Տեսիլքը կանխագուշակում էր, որ մաքուր երկրպագությունը վերականգնվելու է, և որ Եհովան օրհնելու է իր ժողովրդին, քանի դեռ նրանք մաքուր երկրպագություն են մատուցում իրեն։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, թե արդյոք այս տեսիլքում պարփակված մարգարեությունը կատարվում է այսօր։
Ինչով է Եզեկիելի տեսիլքը ուսանելի այսօր մեզ համար
13, 14. ա) Ինչո՞ւ ենք ասում, որ տաճարի մասին Եզեկիելի տեսիլքը վերաբերում է նաև մեր օրերին։ բ) Ի՞նչ երկու առումով է Եզեկիելի տեսիլքը օգտակար մեզ համար (տես նաև շրջանակ 13Ա, «Երկու տաճարներն ու դրանց տարբերությունները»)։
13 Արդյոք տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը որևէ նշանակություն ունի՞ մեզ համար։ Անշո՛ւշտ։ Ինչպես տեսանք, «շատ բարձր լեռան վրա» գտնվող Աստծու սուրբ տան մասին Եզեկիելի տեսիլքը շատ նման է Եսայիայի մարգարեությանը, որում ասվում է, որ «այն լեռը, որտեղ Եհովայի տունն է, ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր»։ Եսայիան հստակ նշել էր, որ իր մարգարեությունը կատարվելու է «վերջին օրերում» (Եզեկ. 40։2; Ես. 2։2-4, ծնթ.; տես նաև Միքիա 4։1-4)։ Այս երկու մարգարեություններն էլ վերաբերում են վերջին օրերին, հատկապես 1919 թ.-ից սկսած ժամանակահատվածին, երբ մաքուր երկրպագությունը վերականգնվեց՝ ասես բարձրացվելով մի շատ բարձր լեռան վրա։b
14 Այսպիսով՝ կասկած անգամ չկա, որ Եզեկիելի տեսիլքը մեր օրերում սերտ առնչություն ունի մաքուր երկրպագության հետ։ Ինչպես հնում ապրած հրեաների, այնպես էլ մեզ համար այս տեսիլքը օգտակար է հետևյալ առումներով. 1) այն օգնում է հասկանալ, թե ինչպես կարող ենք Եհովայի սահմանած չափանիշների համաձայն մաքուր երկրպագություն մատուցել նրան, 2) այն հավաստիացնում է, որ մաքուր երկրպագությունը ամբողջովին վերականգնվելու է, և դա բազմաթիվ օրհնությունների դուռ է բացելու։
Մաքուր երկրպագության վերաբերյալ սահմանված չափանիշները՝ այսօր
15. Ի՞նչ պետք է հիշենք Եզեկիելի տեսիլքի տաճարն ուսումնասիրելիս։
15 Եկեք նորից միանանք Եզեկիելին ու շրջայց կատարենք նրա տեսած վեհաշուք տաճարում և բացահայտենք մի շարք առանձնահատկություններ։ Հիշենք, որ շրջայցի ժամանակ չենք տեսնելու մեծ հոգևոր տաճարը, այլ փորձելու ենք հասկանալ, թե ինչ դասեր կարող ենք քաղել Եհովային մատուցվող մեր երկրպագության առնչությամբ։ Որո՞նք են այդ դասերից մի քանիսը։
16. Ի՞նչ նպատակի են ծառայում Եզեկիելի տեսած տաճարի համալիրի չափումները (տես առաջին նկարը)։
16 Ի՞նչ նպատակի են ծառայում բոլոր այդ չափումները։ Եզեկիելը նայում է, թե պղնձե տեսք ունեցող մարդն ինչպես է մանրամասնորեն չափում տաճարը, այդ թվում՝ պարիսպները, մուտքային շինությունները, պահապանների սենյակները, գավիթները և զոհասեղանը։ Մանրամասնությունների տեղատարափից ընթերցողի գլուխը կարող է պտտվել (Եզեկ. 40։1-42։20; 43։13, 14)։ Բայց այս ամենի միջոցով Եհովան շատ արժեքավոր բաներ է ուզում մեզ սովորեցնել։ Նա ընդգծում է իր չափանիշների կարևորությունը։ Եհովան է դրանք սահմանում, ոչ թե մարդիկ։ Նրանք, ովքեր պնդում են, թե էական չէ՝ ինչպես պաշտել Աստծուն, չարաչար սխալվում են։ Բացի այդ՝ տաճարի համալիրը ամենայն մանրամասնությամբ չափելը փաստում է, որ Եհովան անկասկած վերականգնելու է մաքուր երկրպագությունը։ Ինչպես որ այդ չափումներն էին ճշգրիտ, այնպես էլ նրա խոստումներն են ճշգրտորեն կատարվելու։ Այսպիսով՝ Եզեկիելի տեսիլքը կասկածի հետք անգամ չի թողնում, որ վերջին օրերում մաքուր երկրպագությունը վերականգնվելու է։
17. Տաճարի արտաքին պարիսպն ի՞նչ է հիշեցնում մեզ այսօր։
17 Արտաքին պարիսպը։ Ինչպես արդեն հիշատակվեց, Եզեկիելը տեսիլքում տեսավ, որ տաճարի համալիրի շուրջբոլորը պարիսպ կար։ Այն հիշեցնում էր իսրայելացիներին, որ կեղծ կրոնի հետ կապ ունեցող ցանկացած բան պետք է հեռու լինի մաքուր երկրպագությունից, որպեսզի Աստծու տունը երբևէ չպղծվի (կարդա Եզեկիել 43։7-9)։ Անկասկած, այս հիշեցման կարիքն այսօր էլ կա։ Երբ Աստծու ժողովուրդը ազատվեց Մեծ Բաբելոնի բազմադարյան գերությունից, Քրիստոսը 1919 թ.-ին նշանակեց իր հավատարիմ և իմաստուն ծառային։ Հատկապես այդ ժամանակվանից Աստծու ժողովուրդը սկսեց մեծ նախանձախնդրությամբ ազատվել կեղծ ուսմունքներից և կռապաշտության ու հեթանոսության հետ կապ ունեցող սովորույթներից։ Մենք զգոն և ուշադիր ենք, որպեսզի թույլ չտանք՝ հոգևոր անմաքուր տարրերը սողոսկեն մաքուր երկրպագության մեջ։ Բացի այդ՝ մենք բիզնես գործարքներ չենք անում մեր Թագավորության սրահներում, որովհետև չենք ուզում նման բաները միախառնել մեր երկրպագությանը (Մարկ. 11։15, 16)։
18, 19. ա) Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ տեսիլքում տաճարի մուտքային շինությունները բարձր էին։ բ) Ինչպե՞ս պետք է արձագանքենք այն մարդկանց խոսքերին, ովքեր փորձում են ցածրացնել Եհովայի սահմանած բարձր չափանիշները։ Բեր օրինակ։
18 Բարձր մուտքային շինությունները։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել՝ խորհելով Եզեկիելի տեսած մուտքային շինությունների մասին, որոնք բարձր էին։ Այդ առանձնահատկությունը, անկասկած, հրեա գերիներին հիշեցնում էր այն, որ Եհովայի սահմանած բարոյական չափանիշները շատ բարձր են։ Ինչպե՞ս է այս ամենն առնչվում մեզ։ Այսօր մենք Եհովային երկրպագում ենք նրա մեծ հոգևոր տաճարում։ Ուստի որքան կարևոր է, որ մաքուր վարք ունենանք և կեղծավորությունից զերծ լինենք (Հռոմ. 12։9; 1 Պետ. 1։14, 15)։ Վերջին օրերում Եհովան առաջնորդում է իր ծառաներին, որպեսզի նրանք կարողանան անշեղորեն պահել բարոյականության վերաբերյալ իր սահմանած չափանիշները։c Օրինակ՝ այն մարդիկ, ովքեր մեղք են գործում և չեն զղջում, հեռացվում են ժողովից (1 Կորնթ. 5։11-13)։ Հատկանշական է նաև այն, որ մուտքային շինություններում պահապանների սենյակների առկայությունը խոսում է այն մասին, որ ոչ ոք չի կարող մտնել Եհովայի հոգևոր տաճար՝ առանց նրա հավանությունն ունենալու։ Այն մարդը, ով երկակի կյանք է վարում, կարող է գալ Թագավորության սրահ, բայց քանի դեռ չի ապրում Աստծու սահմանած չափանիշների համաձայն, չի կարող ակնկալել, որ կունենա Աստծու հավանությունը (Հակ. 4։8)։ Որքա՜ն հաճելի է գիտակցել, որ Եհովան այս բարոյազուրկ ժամանակներում մաքուր երկրպագությունը զերծ է պահում ամեն տեսակ պղծությունից։
19 Աստվածաշնչում գրվել է, որ նախքան վերջի գալը այս աշխարհը բարոյալքվելու է։ Այնտեղ ասվում է. «Չար և խարդախ մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ խաբելով ու խաբվելով» (2 Տիմոթ. 3։13)։ Շատ ու շատ մարդիկ այսօր խաբվում են՝ կարծելով, թե Եհովայի սահմանած բարձր չափանիշները շատ խիստ են, հնացած կամ էլ սխալ։ Իսկ դու կխաբվե՞ս։ Եթե օրինակ՝ որևէ մեկը փորձի համոզել քեզ, որ համասեռամոլության վերաբերյալ Աստծու տեսակետը սխալ է, կհամաձայնվե՞ս նրա հետ, թե՞ թիկունք կկանգնես Եհովա Աստծու տեսակետին, ում Խոսքում հստակ նշված է, որ նման վարք ունեցողները «նողկալի բաներ են անում»։ Աստված զգուշացնում է մեզ, որ անբարո վարքին հավանություն չտանք (Հռոմ. 1։24-27, 32)։ Երբ բախվում ենք նման հարցերի, լավ կլինի՝ պատկերացնենք Եզեկիելի տեսիլքի տաճարի բարձր մուտքային շինությունները և հիշենք հետևյալը. Եհովան չի ցածրացնում իր սահմանած չափանիշները՝ անկախ նրանից, թե այս փոփոխական չար աշխարհը ինչն է ճիշտ համարում, ինչը՝ սխալ։ Համամի՞տ ես մեր երկնային Հոր տեսակետին, թիկունք կանգնո՞ւմ ես այն ամենին, ինչ ճիշտ է։
«Գովաբանության զոհ» բերելով՝ մենք մաքուր երկրպագություն ենք մատուցում Աստծուն
20. Եզեկիելի տեսիլքն ինչո՞ւ է քաջալերության աղբյուր «մեծ բազմության» համար։
20 Գավիթները։ Երբ Եզեկիելը տեսավ տաճարի լայնարձակ դրսի գավիթը, նա, ակներևաբար, տպավորվեց՝ պատկերացնելով, թե որքան շատ մարդ կարող էր հավաքվել այնտեղ՝ ուրախությամբ երկրպագելու Եհովային։ Այսօր քրիստոնյաները երկրպագություն են մատուցում շատ ավելի սուրբ վայրում։ «Մեծ բազմության» համար, որը Եհովային պաշտում է նրա հոգևոր տաճարի դրսի գավիթում, Եզեկիելի տեսիլքը քաջալերության աղբյուր է (Հայտն. 7։9, 10, 14, 15)։ Եզեկիելը գավիթներում տեսավ ճաշասենյակներ, որտեղ Աստծուն երկրպագողները կարող էին միասին իրենց բերած խաղաղության զոհերը ուտել (Եզեկ. 40։17)։ Կարելի է ասել, որ նրանք Եհովա Աստծու հետ սեղան էին նստում, ինչը խորհրդանշում էր Եհովայի հետ ունեցած իրենց խաղաղ ու ջերմ հարաբերությունները։ Ի տարբերություն հրեաների՝ այսօր մենք Մովսիսական օրենքով պահանջվող զոհեր չենք բերում, փոխարենը «գովաբանության զոհ» ենք մատուցում, օրինակ, երբ մասնակցում ենք քարոզչական գործին և ժողովում արտահայտում ենք մեր հավատը՝ մեկնաբանություններ տալով և փառաբանական երգեր երգելով (Եբր. 13։15)։ Այդպիսով մենք Աստծուն մաքուր երկրպագություն ենք մատուցում։ Մենք նաև օգտվում ենք Եհովայի տրամադրած հոգևոր սննդից։ Ինչ խոսք, մենք ունենք այն նույն զգացումները, ինչ Կորխի որդիներն ունեին, երբ Եհովային նվիրված իրենց երգում ասացին. «Ավելի լավ է քո տան գավիթներում անցկացրած մեկ օրը, քան որևէ այլ տեղ անցկացրած հազարավոր օրերը» (Սաղ. 84։10)։
21. Օծյալ քրիստոնյաներն ի՞նչ կարող են սովորել Եզեկիելի տեսիլքից։
21 Քահանայությունը։ Եզեկիելը տեսավ, որ մուտքային շինությունները, որոնցով ներսի գավիթ էին մտնում քահանաներն ու ղևտացիները, նման էին այն մուտքային շինություններին, որոնցով դրսի գավիթ էին մտնում մյուս ցեղերի մարդիկ։ Այդկերպ Եհովան հիշեցնում էր քահանաներին, որ նրանք էլ պետք է համապատասխանեն այն չափանիշներին, որոնք նա սահմանել է մաքուր երկրպագություն մատուցելու համար։ Թեև այսօր Աստծու ժողովրդի մեջ չկա բառացի քահանայական դաս, բայց համաձայն Աստվածաշնչի՝ օծյալ քրիստոնյաները հանդիսանում են «ընտրյալ ցեղ.... թագավորական քահանայություն» (1 Պետ. 2։9)։ Իսրայելում քահանաները երկրպագություն էին մատուցում առանձին գավիթում։ Այսօր օծյալ քրիստոնյաները Եհովային չեն երկրպագում որևէ հատուկ վայրում՝ իրենց հավատակիցներից առանձնացված, սակայն նրանք՝ որպես Աստծու որդեգրված զավակներ, հատուկ հարաբերություններ ունեն նրա հետ (Գաղ. 4։4-6)։ Միևնույն ժամանակ Եզեկիելի տեսիլքը հիշեցնում է օծյալներին, որ նրանք հնում ապրած քահանաների նման՝ խորհրդի և խրատի կարիք ունեն։ Բոլորս պետք է հիշենք, որ «մեկ հոտի» մաս ենք կազմում և ունենք «մեկ հովիվ» (կարդա Հովհաննես 10։16)։
22, 23. ա) Իշխանի օրինակն ինչո՞վ է ուսանելի երեցների համար։ բ) Ի՞նչ կարող ենք ակնկալել ապագայում։
22 Իշխանը։ Եզեկիելի տեսիլքում մեծ կարևորություն է տրվում իշխանի դերին։ Նա ժողովրդի մեջ վերակացություն էր անում և մարդկանց օգնում էր զոհեր մատուցելու հարցում։ Սակայն նա քահանայական ցեղից չէր, ուստի գտնվելով տաճարում՝ պետք է ենթարկվեր քահանաներին (Եզեկ. 44։2, 3; 45։16, 17; 46։2)։ Իշխանը լավ օրինակ է այսօրվա քրիստոնյա տղամարդկանց համար, ովքեր պատասխանատվություններ ունեն ժողովում։ Երեցները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Աստծու ժողովրդին օգնեն գովաբանության զոհեր մատուցել ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը մասնակցելիս (Եփես. 4։11, 12)։ Սակայն նրանք, այդ թվում՝ շրջագայող վերակացուները, պետք է հնազանդվեն հավատարիմ ծառային՝ օծյալ քրիստոնյաներից բաղկացած տղամարդկանց փոքր խմբին (Եբր. 13։17)։ Երեցները նաև պետք է հիշեն, որ Եհովան լրջորեն խրատեց Իսրայելի իշխաններին իրենց իշխանությունը չարաշահելու համար (Եզեկ. 45։9)։ Երեցները չեն մտածում, որ խորհուրդ ու խրատ ստանալը իրենց համար չէ։ Ընդհակառակը՝ նրանք թանկ են համարում Եհովայի կողմից կրթվելու ցանկացած հնարավորություն, ինչի շնորհիվ իրենք ավելի լավ հովիվներ և վերակացուներ կլինեն (կարդա 1 Պետրոս 5։1-3)։
23 Եհովան գալիք դրախտում նույնպես կնշանակի համապատասխան որակներ ունեցող սիրառատ հովիվներ։ Նրանց թվում կլինեն շատ երեցներ, որոնց նա այսօր իսկ կրթում է, որ հոգատար և փորձառու վերակացուներ լինեն (Սաղ. 45։16)։ Միայն պատկերացրու, թե նոր աշխարհում նրանք ինչ օրհնություն են լինելու մարդկանց համար։ Հնարավոր է՝ Եհովայի որոշած ժամանակ մենք ավելի լավ հասկանանք Եզեկիելի տեսիլքը, ինչպես նաև մաքուր երկրպագության վերականգնման վերաբերյալ մյուս մարգարեությունները։ Որոշ մանրամասնություններ թերևս ապագայում կատարվեն զարմանահրաշ կերպով՝ այնպես, որ պատկերացնել անգամ չենք կարող։ Ժամանակը ցույց կտա։
Եհովան օրհնում է մաքուր երկրպագությունը
24, 25. Եզեկիելի տեսիլքում ինչպե՞ս են նկարագրված այն օրհնությունները, որոնք Եհովան պարգևում է մաքուր երկրպագություն մատուցող իր ժողովրդին։
24 Վերջում հիշենք այն նշանակալից իրադարձությունը, որ Եզեկիելը տեսավ տեսիլքում. Եհովան մտնում է տաճար և իր ծառաներին խոստանում, որ կմնա այնտեղ, քանի դեռ նրանք հավատարմորեն կառչած են մաքուր երկրպագություն մատուցելու վերաբերյալ իր սահմանած չափանիշներին (Եզեկ. 43։4-9)։ Եհովայի ներկայությունը ի՞նչ օրհնություններ էր բերելու իր ժողովրդին։
25 Եհովայի օրհնությունները տեսիլքում ներկայացված են երկու մարգարեական նկարագրություններով. 1) տաճարի սրբարանից մի գետ է բխում, որը կենդանության շունչ է հաղորդում երկրին ու այն արգասաբեր դարձնում, և 2) երկիրը ճշգրտությամբ բաժանվում է հավասար մասերի, և հենց դրա կենտրոնում գտնվում է տաճարն իր հարակից տարածքով։ Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ Եհովան արդեն մտել է իր մեծ հոգևոր տաճարը՝ շատ ավելի սուրբ երկրպագության վայր, որը նա մաքրել է և որին հավանություն է տվել (Մաղ. 3։1-4)։ Այս երկու մարգարեությունների մասին կքննենք 19-21 գլուխներում։
a Եհովան այդպիսով ցույց տվեց հակառակ պատկերն այն բանի, թե նախկինում իր ժողովուրդը ինչ վերաբերմունք է ունեցել իր սուրբ տան հանդեպ։ Նա ասաց. «Իրենց շեմքը իմ շեմքի կողքին դրեցին, իրենց դռան կողափայտը իմ դռան կողափայտի մոտ դրեցին. իմ ու նրանց միջև ընդամենը մի պատ կար։ Նրանք պղծեցին իմ սուրբ անունը իրենց գարշելի գործերով» (Եզեկ. 43։8)։ Հին Երուսաղեմում Եհովայի տաճարը մարդկանց տներից ընդամենը մի պատ էր բաժանում։ Երբ մարդիկ հեռացան Եհովայի արդար չափանիշներից, նրանք պիղծ կուռքերը բերեցին իրենց տներ, որոնք հենց Եհովայի տան կողքին էին։ Դա անհանդուրժելի էր Եհովայի համար։
b Տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը սերտ կապ ունի վերականգնման մասին ուրիշ մարգարեությունների հետ, որոնք կատարվել են վերջին օրերում։ Նկատի առ, օրինակ, հետևյալ մարգարեությունների միջև նմանությունները. Եզեկիել 43։1-9 և Մաղաքիա 3։1-5; Եզեկիել 47։1-12 և Հովել 3։18։
c Հոգևոր տաճարը ի հայտ եկավ մ. թ. 29-ին, երբ Հիսուսը մկրտվեց և սկսեց գործել որպես Քահանայապետ։ Սակայն Հիսուսի առաքյալների մահից հետո մարդիկ դարեր շարունակ անտեսում էին մաքուր երկրպագությունը։ Ի վերջո, հատկապես 1919 թ.-ից, մաքուր երկրպագությունը սկսեց վերականգնվել։