ԱՐՅՈՒՆ
Զարմանահրաշ հեղուկ հյուսվածք, որը շրջանառություն է կատարում մարդու և բազմաբջիջ կենդանիների մեծ մասի սիրտանոթային համակարգում։ «Արյուն» բառի եբրայերեն համարժեքը դամ բառն է, իսկ հունարեն համարժեքը՝ հայմա բառը։ Արյունը թթվածին ու սննդանյութեր է փոխադրում մարմնի բոլոր օրգաններին, օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը և կարևոր դեր է խաղում վարակներից այն պաշտպանելու հարցում։ Արյան քիմիական բաղադրությունն այնքան բարդ է, որ գիտնականների համար դեռևս շատ բաներ բացահայտված չեն։
Աստվածաշնչում ասվում է, որ կյանքը արյան մեջ է, քանի որ արյունը անմիջականորեն մասնակցում է օրգանիզմի կենսագործունեությանը։ Այնտեղ գրված է. «Շնչավոր արարածի կյանքն արյան մեջ է, ու ես այն նախատեսել եմ, որ զոհասեղանի վրա դրանով քավություն անեք ձեզ համար: Արյունով է քավություն արվում, քանի որ կյանքը արյան մեջ է» (Ղև 17։11)։ Աստվածաշնչյան մեկ ուրիշ համարում կյանքի և արյան միջև կապի մասին ավելի ուղիղ է խոսվում. «Ամեն շնչավոր արարածի կյանքը իր արյունն է» (Ղև 17։14)։ Այսպիսով՝ Աստծու Խոսքը հստակ ցույց է տալիս, որ կյանքն ու արյունը սուրբ են։
Մարդու կյանքը խլելը։ Կյանքի աղբյուրը Եհովան է (Սղ 36։9)։ Որևէ մեկի կյանքը խլելուց հետո մարդը չի կարող այն վերադարձնել նրան։ «Բոլոր հոգիներն իմն են»,– ասում է Եհովան (Եզկ 18։4)։ Հետևաբար խլել որևէ մեկի կյանքը նշանակում է խլել այն, ինչ Եհովային է պատկանում։ Յուրաքանչյուր կենդանի արարած որոշակի նպատակով է ստեղծված և իր տեղն ունի Աստծու ստեղծածների մեջ։ Ոչ մի մարդ իրավունք չունի խլելու ուրիշի կյանքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Աստված է թույլ տալիս, ընդ որում նա՛ պետք է ասի, թե ինչպես անել դա։
Ջրհեղեղից հետո Աստված Նոյին ու նրա որդիներին՝ երկրի վրա ապրող բոլոր մարդկանց նախածնողներին, պատվիրեց հարգել ուրիշների կյանքը՝ արյունը (Ծն 9։1, 5, 6)։ Բացի այդ՝ մարդկանց հանդեպ հոգատարությունից մղված՝ Աստված թույլ տվեց, որ նրանք իրենց սննդակարգում կենդանու միս օգտագործեն։ Սակայն մարդիկ պետք է ընդունեին, որ ուտելու նպատակով սպանված ցանկացած կենդանու կյանքը Աստծուն է պատկանում, և դա պետք է ցույց տային՝ դրա արյունը ջրի պես գետնին թափելով։ Այդպես նրանք կենդանու կյանքը ասես վերադարձնում էին Աստծուն և չէին օգտագործում այն իրենց սեփական նպատակների համար (2Օր 12։15, 16)։
Աստված մարդուն ապրելու իրավունք է տվել, և եթե որևէ մեկը խլի նրա կյանքը, Աստծուն պետք է պատասախան տա։ Դա երևում է Աստծու հետևյալ խոսքերից, որ նա ասաց մարդասպան Կայենին. «Եղբորդ արյունը երկրից աղաղակում է դեպի ինձ» (Ծն 4։10)։ Նույնիսկ նա, ով ատում է իր եղբորը՝ այդպիսով ցանկանալով նրա մահը, կամ զրպարտում է նրան կամ էլ կեղծ ցուցմունք է տալիս նրա դեմ, ինչով վտանգում է նրա կյանքը, մեղավոր է դառնում իր դրացու կյանքի, կամ՝ արյան դեմ ոտնձգություն անելու մեջ (Ղև 19։16; 2Օր 19։18-21; 1Հվ 3։15)։
Քանի որ կյանքը մեծ արժեք ունի Աստծու աչքում, հասկանալի է, թե ինչու է Աստվածաշնչում ասվում, որ սպանված մարդու արյունը ապականում է երկիրը, և որ այդ ապականությունից երկիրը կարելի է մաքրել՝ միմիայն մարդասպանի արյունը թափելով։ Այդ պատճառով, ինչպես հայտնում է Աստվածաշունչը, իրավասու անձանց թույլ էր տրվում մարդասպանության դեպքում մահապատիժ կիրառել (Թվ 35։33; Ծն 9։5, 6)։ Հին Իսրայելում արգելվում էր փրկագին վերցնել դիտավորյալ սպանություն գործած մարդուն մահապատժից ազատելու համար (Թվ 35։19-21, 31)։
Եթե հետաքննությունից հետո չպարզվեր մարդասպանի ինքնությունը, այն քաղաքը, որն ամենամոտն էր սպանվածի գտնվելու վայրին, արյունապարտ էր համարվում։ Արյունապարտությունը քաղաքից վերացնելու համար տեղի երեցները պետք է հետևեին Աստծու սահմանած ընթացակարգին, ապա պետք է ասեին, որ իրենք մեղավոր չեն և ոչինչ չգիտեն այդ սպանության մասին, և պետք է աղոթեին Աստծուն՝ խնդրելով, որ նա գթասիրտ լինի իրենց հանդեպ (2Օր 21։1-9)։ Եթե առանց դիտավորության ուրիշի կյանքը խլած մարդը լուրջ չվերաբերվեր իր արարքին, չհետևեր իր իսկ պաշտպանության համար Աստծու սահմանած կարգին, այսինքն՝ չփախչեր ապաստանի քաղաք ու չմնար այնտեղ, ապա սպանված մարդու ամենամոտ ազգականը՝ արյան վրիժառուն, իրավունք ուներ և նույնիսկ պարտավոր էր սպանել նրան, որպեսզի երկիրը մաքրեր արյունապարտությունից (Թվ 35։26, 27; տես ԱՐՅԱՆ ՎՐԻԺԱՌՈՒ)։
Արյան ճիշտ գործածություն։ Աստված թույլ է տվել գործածել արյունը միայն մի նպատակով՝ զոհաբերության համար։ Մովսիսական օրենքի տակ եղողներին նա պատվիրել էր կենդանական զոհեր մատուցել մեղքերի քավության համար (Ղև 17։10, 11)։ Աստծու կամքին ներդաշնակ էր նաև այն, որ իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, զոհաբերեց իր կատարյալ մարդկային կյանքը մարդկության մեղքերի համար (Եբ 10։5, 10)։
Եբրայերեն Գրվածքներում բազմաթիվ նախապատկերներ կան, որոնք ցույց են տալիս, որ Քրիստոսի արյունը կյանքեր փրկելու զորություն ունի։ Եգիպտոսում առաջին Պասեքի ժամանակ իսրայելացիների տների շեմքի վերին հատվածի ու դռների երկու կողափայտերի վրա ցողված արյունը մահից պաշտպանեց ներսում գտնվող առաջնեկներին. Աստծու հրեշտակը չսպանեց նրանց (Ելք 12։7, 22, 23; 1Կթ 5։7)։ Օրենքի ուխտը, որը նախապատկերում էր մեղքերը վերացնելը, վավերացվեց կենդանիների արյունով (Ելք 24։5-8)։ Բազմաթիվ կենդանական զոհերը, հատկապես Քավության օրը մատուցվողները նախապատկերում էին Քրիստոսի զոհը, որն իսկապես ամբողջությամբ վերացնելու է մեղքը (Ղև 16։11, 15-18)։
Մեղքի զոհը մատուցելիս քահանայապետը արյունը լցնում էր զոհասեղանի հիմքի մոտ ու քսում զոհասեղանի եղջյուրներին։ Դա նշանակում էր, որ Աստծու աչքում արյունը մեղքերը քավելու իրավական ուժ ունի։ Զոհասեղանի հիմքի մոտ արյուն լցնելը ցույց էր տալիս, որ մեղքերի քավության հիմքում արյունն էր։ Իսկ եղջյուրներին (դրանք զորություն էին խորհրդանշում) արյուն քսելը ընդգծում էր այն, որ զոհաբերությունների՝ մեղքեր քավելու զորությունը արյան գործածության մեջ էր (Ղև 9։9; Եբ 9։22; 1Կթ 1։18)։
Քրիստոնեության մեջ արյան սրբությանը ավելի մեծ նշանակություն տրվեց։ Այլևս չպետք է կենդանիների արյուն մատուցվեր Աստծուն, քանի որ կենդանական զոհերը բուն իրականության՝ Հիսուս Քրիստոսի ստվերն էին միայն (Կղ 2։17; Եբ 10։1-4, 8-10)։ Իսրայելում քահանայապետը վերցնում էր մի քիչ արյուն ու մտնում Սրբությունների Սրբություն (Ղև 16։14)։ Հիսուս Քրիստոսը, լինելով մեծագույն Քահանայապետը, մտավ հենց երկինք ոչ թե իր արյունով, որը գետնին էր թափվել (Հվ 19։34), այլ այդ արյամբ ներկայացված իր կատարյալ մարդկային կյանքի արժեքով։ Նա ոչ մի մեղք չգործեց, ուստի չկորցրեց կատարյալ կյանքի իրավունքը և կարող էր այն զոհաբերել մարդկության մեղքերը քավելու համար (Եբ 7։26; 8։3; 9։11, 12)։ Այդ պատճառով Քրիստոսի արյունը «ավելի լավ բան է աղաղակում», քան արդար Աբելի արյունը, որն աղաղակում է՝ վրեժ պահանջելով։ Միայն Քրիստոսի կատարյալ զոհի արյունը կարող է աղաղակել Աստծուն, որ նա գթասրտություն դրսևորի, մինչդեռ Աբելի, ինչպես նաև նահատակված քրիստոնյաների արյունը աղաղակում է, որ Աստված վրեժ առնի (Եբ 12։24; Հտն 6։9-11)։
Ո՞ւմ է վերաբերում արյուն չուտելու մասին պատվերը
Ջրհեղեղից հետո Եհովան Նոյին ու նրա որդիներին թույլ տվեց իրենց սննդակարգում կենդանիների միս օգտագործել, սակայն խստորեն արգելեց արյուն ուտել (Ծն 9։1, 3, 4)։ Աստված այդ արգելքը սահմանեց ոչ միայն Նոյի ու նրա ընտանիքի համար, այլև ողջ մարդկության, քանի որ Ջրհեղեղից հետո ծնված բոլոր մարդիկ Նոյի ընտանիքից են սերել։
Այս արգելքի անփոփոխ լինելու մասին Ջոզեֆ Բենսոնը գրել է. «Հարկ է նշել, որ արյուն ուտելու արգելքը, որը սահմանվեց Նոյի ու նրա բոլոր սերունդների համար, և որը ամենայն լրջությամբ կրկին սահմանվեց Մովսիսական օրենքով իսրայելացիների համար, երբեք չեղյալ չի համարվել։ Ընդհակառակը՝ այն ևս մեկ անգամ հաստատվել է Նոր Կտակարանում՝ Գործեր 15-րդ գլխում, ուստի և դարձել է հարատև պարտականություն» (The Holy Bible with Critical, Explanatory and Practical Notes, 1839, հտր I, էջ 43)։
Արյունը և Մովսիսական օրենքը։ Օրենքի ուխտը, որ Եհովան կապեց Իսրայելի ազգի հետ, ընդգրկում էր Նոյին տրված պատվերը։ Նա հստակ ասաց, որ ցանկացած մարդ «մեղավոր [բռց.՝ «արյունապարտ»] կհամարվեր», եթե նույնիսկ կենդանի մորթելիս չհետևեր Աստծու օրենքով սահմանված ընթացակարգին (Ղև 17։3, 4)։ Հարկավոր էր գետնին թափել և հողով ծածկել այն կենդանու արյունը, որի միսը պատրաստվում էին ուտել (Ղև 17։13, 14)։ Ով որ ուտեր որևէ արարածի արյուն, «պետք է վերացվեր իր ժողովրդի միջից»։ Արյան սրբության վերաբերյալ օրենքը միտումնավոր խախտելու դեպքում մահապատիժ էր կիրառվում (Ղև 17։10; 7։26, 27; Թվ 15։30, 31)։
Ղևտական 17։11, 12 համարների վերաբերյալ Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում ասվում է. «Այս խիստ կարգադրությունը վերաբերում էր ոչ միայն իսրայելացիներին, այլև նրանց մեջ բնակվող օտարականներին։ Արգելքը խախտելու դեպքում մարդը «պետք է վերացվեր իր ժողովրդի միջից», ինչը թերևս նշանակում էր, որ նա պետք է մահապատժի ենթարկվեր (հմմտ. Եբր. 10։28), թեև դժվար է ասել՝ պատիժն իրագործվում էր սրով, թե քարկոծելով» (M’Clintock and Strong’s Cyclopædia, 1882, հտր I, էջ 834)։
Համաձայն 2 Օրենք 14։21-ի՝ թույլ էր տրվում սատկած կամ գազանի կողմից հոշոտված կենդանի վաճառել այլազգիներին կամ օտարականներին։ Փաստորեն, տարբերություն էր դրվում այդպիսի կենդանիների արյան ու մարդու կողմից կերակուրի համար մորթված կենդանիների արյան միջև (հմմտ. Ղև 17։14-16)։ Իսրայելացիները, ինչպես նաև այլազգիները, որոնք միացել էին ճշմարիտ երկրպագությանը և մտել էին Օրենքի ուխտի տակ, պարտավոր էին ապրել Օրենքի բարձր պահանջներին ներդաշնակ։ Ծննդոց 9։3, 4-ում արձանագրված պահանջը վերաբերում էր բոլոր ազգերի մարդկանց, սակայն Եհովան այդ պատվերի հետ կապված ավելի բարձր չափանիշ էր սահմանել Օրենքի տակ գտնվողների, քան այն օտարականների ու այլազգիների համար, որոնք չէին պաշտում իրեն։
Արյունը և քրիստոնեական սկզբունքները։ Առաջին դարի քրիստոնեական ժողովի կառավարիչ մարմինը սուրբ ոգու առաջնորդությամբ արյան վերաբերյալ հետևյալ որոշումը կայացրեց. «Սուրբ ոգու օգնությամբ մենք եկանք այն եզրակացության, որ ավել բեռ չդնենք ձեզ վրա՝ բացի հետևյալ անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիների մսից և անբարոյականությունից: Եթե այդպես վարվեք, ձեզ համար լավ կլինի: Ո՛ղջ եղեք» (Գրծ 15։22, 28, 29)։ Փաստորեն, պետք էր նաև հեռու մնալ այնպիսի մսից, որի մեջ արյուն էր մնացել («խեղդված կենդանիների միսը»)։
Այս որոշումը հիմնված է արյուն չուտելու վերաբերյալ Աստծու պատվերի վրա, որը տրվել էր Նոյին ու նրա որդիներին, հետևաբար ողջ մարդկությանը։ Այդ առնչությամբ Իսահակ Նյուտոնը գրել է. «Այս օրենքը [հեռու մնալ արյունից] դեռ Մովսեսի օրերից առաջ էր սահմանվել. այն տրվել էր Նոյին ու նրա որդիներին Աբրահամի ժամանակներից շատ առաջ։ Ուստի երբ առաքյալների ու երեցների խորհուրդը Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այլազգիները պարտավոր չեն թլփատվել և պահել Մովսեսի օրենքը, նույն բանը չասաց արյունից և խեղդված կենդանիների մսից հեռու մնալու վերաբերյալ օրենքի մասին, քանի որ Աստված այն ավելի վաղ էր տվել։ Այդ օրենքը տրվել էր ոչ միայն Աբրահամի որդիներին, այլև բոլոր ազգերին, որոնք միասին բնակվում էին Սենաարում Նոյ նահապետի օրոք։ Նույնը կարելի է ասել կուռքերին, կամ՝ կեղծ աստվածներին զոհաբերված մսից և անբարոյականությունից հեռու մնալու մասին օրենքի վերաբերյալ» (ընդգծումը հեղինակինն է) (The Chronology of Antient Kingdoms Amended, Dublin, 1728, էջ 184)։
Արգելքը գործում է առաքյալների օրերից ի վեր։ Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպումից հետո առաքյալներն ու երեցները իրենց կայացրած որոշումը փոխանցեցին քրիստոնեական ժողովներին (Գրծ 16։4)։ Դրանից մոտ յոթ տարի անց քրիստոնյաները շարունակում էին այդ որոշմանը ներդաշնակ վարվել և «հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիների մսից և անբարոյականությունից» (Գրծ 21։25)։ Ավելի քան հարյուր տարի անց՝ մ.թ. 177-ին, երբ Լիոն քաղաքում (այժմ Ֆրանսիայում է) քրիստոնյաների թշնամիները կեղծ մեղադրանք ներկայացրին նրանց դեմ՝ ասելով, թե նրանք երեխա են ուտում, Բիբլիս անունով մի կին ասաց. «Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ երեխա ուտել, երբ նրանց թույլ չի տրվում ուտել անգամ բանականությունից զուրկ կենդանիների արյունը» (Եվսեբիոս, «Եկեղեցական պատմություն», V, I, 26)։
Վաղ շրջանի քրիստոնյաները ընդհանրապես արյուն չէին օգտագործում կերակուրի մեջ։ Այդ մասին գրել է Տերտուլիանոսը (մ.թ. մոտ 155-220-ից հետո) «Ջատագովություն» աշխատության մեջ. «Ամաչեք մեզանից՝ քրիստոնյաներիցս. մենք նույնիսկ կենդանիների արյուն չենք օգտագործում մեր սննդակարգում։ Այդ պատճառով էլ հեռու ենք մնում խեղդված ու սատկած կենդանիների մսից, որ որևէ կերպ չպղծվենք դրա մեջ մնացած արյունով։ Քրիստոնյաներին փորձության ենթարկելիս դուք նրանց արյունային երշիկներ եք առաջարկում։ Իհարկե, դուք լավ գիտեք, որ դա արգելված է նրանց, բայց ուզում եք ստիպել նրանց մեղք գործել» (Apology, IX, 13, 14)։ Հռոմեացի իրավաբան Մինուկիոս Ֆելիքսը, որն ապրել է մինչև մ.թ. մոտ 250 թ., նույն միտքն է արտահայտել. «Մեզ համար թույլատրելի չէ ո՛չ նայել, թե ինչպես են մարդ սպանում, ո՛չ էլ անգամ պատմություններ լսել այդ մասին։ Մենք այն աստիճան ենք խուսափում մարդու արյունից, որ մեր կերակրատեսակներում նույնիսկ կենդանիների արյուն չենք օգտագործում» («Օկտավիոս», XXX, 6)։
Արյունը և անարատության հարցը։ Հիսուսը Քրիստոսը՝ վեհապանծ Քահանայապետը, «սուրբ վայրը մտավ ոչ թե այծերի ու մատղաշ ցլերի արյունով, այլ իր սեփական արյունով։ Նա արեց դա մեկ անգամ ու ընդմիշտ և այդպիսով հավիտենական փրկություն ապահովեց մեզ համար»։ Քանի որ նոր ուխտը վավերացվել է Հիսուսի արյունով, քրիստոնյաները գիտակցում են, որ Եհովայի աչքում այդ արյունը կենարար ուժ ունի։ Քրիստոսի արյան հանդեպ հավատ դրսևորելով՝ նրանք այլևս փուչ գործեր չեն անում, հետևաբար իրենց խիղճը մաքուր է, և կարող են սուրբ ծառայություն մատուցել կենդանի Աստծուն։ Ինչ խոսք, նրանք հոգ են տանում իրենց ֆիզիկական առողջության մասին, սակայն ավելի շատ կարևորում են իրենց հոգևոր առողջությունը և այն, թե ինչ անուն ունեն Արարչի մոտ։ Քրիստոնյաները ցանկանում են պահել իրենց անարատությունը կենդանի Աստծու առաջ, ուստի իրենց վարքով չեն արհամարհում Քրիստոսի զոհաբերությունը, չեն արժեզրկում և, այսպես ասած, չեն տրորում այն։ Նրանք չեն ուզում ունենալ միայն այս անցողիկ կյանքը, այլ ամեն ինչ անում են, որ հավիտենական կյանք ձեռք բերեն (Եբ 9։12, 14, 15; 10։28, 29)։