Յոգա. զուտ մարմնամարզություն, թե՞...
Այսօր շատերն են ցանկանում լինել բարեկազմ և առողջ։ Այդ նպատակին հասնելու համար նրանք հաճախում են մարմնամարզական կենտրոններ։ Հենց նույն պատճառով Արևմուտքում ապրող հազարավոր մարդիկ էլ դիմում են «յոգա» կոչվող արևելյան արվեստին։
Ստրես, դեպրեսիա և հուսահատություն ապրած մարդիկ նույնպես դիմում են յոգային՝ մխիթարություն ստանալու և իրենց խնդիրների լուծումը գտնելու համար։ Արևելյան կրոնների ու կախարդության հանդեպ այդ հետաքրքրությունը Արևմուտքում թափ առավ հատկապես 60–ական թվականներից (հիպիների ու «ծաղիկ–երեխաների» տասնամյակ)։ Իսկ կինոաստղերի և ռոք երաժիշտների կողմից ժողովրդայնացվեց տրանսցենդենտալ մեդիտացիան, որը յոգայի բաղկացուցիչ մասն է հանդիսանում։ Հաշվի առնելով այդ արվեստի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ տեղին կլինի հարցնել. «Արդյո՞ք յոգան զուտ ֆիզիկական վարժությունների համակարգ է, որ առողջություն, մարմնի ճկունություն և մտքի խաղաղություն է տալիս։ Կարո՞ղ է արդյոք մարդ զբաղվել դրանով՝ առանց կրոնական նկատառումների։ Արդյո՞ք դա ընդունելի է քրիստոնյաների համար»։
Յոգայի առաջացման պատմությունը
Սանսկրիտով գրված «յոգա» բառը ունի միացնելու, կապակցելու, լծելու կամ վերահսկելու իմաստ։ Հնդուականների համար յոգան գործունեության վերահսկման համակարգ է, որը հանգեցնում է գերբնական հզոր ուժի, ոգու հետ ձուլվելուն։ Այն նաև ներկայացվում է որպես «մարմնի, մտքի ու հոգու ողջ ուժերի միավորում Աստծո հետ»։
Իսկ ո՞ւր են տանում նրա արմատները։ Յոգայի տարբեր դիրքերով նստած մարդկանց պատկերներ հայտնաբերվել են Ինդոսի հարթավայրում (այսօրվա Պակիստանի տարածք)։ Այնտեղի քաղաքակրթությունը հնագետների կողմից թվագրվում է մ.թ.ա. երրորդից–երկրորդ հազարամյակներով, ինչը ցույց է տալիս, որ այն իր հնությամբ քիչ է զիջում Միջագետքի քաղաքակրթությանը։ Երկու տարածքներում էլ գտնվել են պատկերներ, որոնցում ներկայացված է եղջյուրներ ունեցող մարդու տեսքով ինչ–որ աստվածություն՝ կենդանիներով շրջապատված. դա հիշեցնում է Նեբրովթին, որ «զօրաւոր որսորդ» էր (Ծննդոց 10։8, 9)։ Հնդուականները պնդում են, որ յոգայի դիրքերով նստած մարդու այդ պատկերները պատկանում են Շիվա աստծուն, որը կենդանիների, ինչպես նաև յոգայի տերն է, և որին հաճախ պաշտում են ֆալլոսի միջոցով։ Այսպես օրինակ՝ մի գրքում յոգան կոչվում է «նախաարիական ծագում ունեցող և հնագույն գաղափարների ու ավանդույթների մնացուկներ պարունակող խստակյաց սովորույթների կոդեքս» («Hindu World»)։
Սկզբում յոգայի մեթոդները փոխանցվում էին բանավոր։ Հետագայում դրանք ամենայն մանրամասնությամբ գրի առնվեցին մի իմաստունի՝ Պատանջալիի կողմից և ստացան «Յոգա–սուտրա» անվանումը. այդ գիրքը մինչև օրս էլ շարունակում է մնալ յոգայի հիմնական դասագիրքը։ Համաձայն Պատանջալիի՝ յոգան «կատարելության հասնելու ջանքերի մեթոդ է՝ մարդու բնույթի տարբեր տարրերի (ֆիզիկական և հոգեկան) վերահսկման միջոցով»։ Իր առաջացման շրջանից մինչև մեր օրերը յոգան եղել է արևելյան կրոնների (այսօր մասնավորապես հնդուիզմի, ջայնիզմի և բուդդայականության) անբաժանելի մասը։ Յոգայով զբաղվող որոշ մարդիկ համոզված են, որ ամենուր ներթափանցող ոգուն ձուլվելու միջոցով հասնելու են «մոկշայի»՝ ազատագրման։
Ուստի հարց է մնում. կարելի՞ է արդյոք զբաղվել յոգայով՝ զուտ առողջությունը ամրացնելու և ուղեղը թարմացնելու նպատակով՝ առանց կրոնական նկատառումներ ունենալու։ Եթե հաշվի առնենք նրա ծագումը, պատասխանը պետք է որ լինի՝ ոչ։
Դեպի ո՞ւր կարող է առաջնորդել
Յոգան, որ դաստիարակման միջոց է, նպատակ ունի հասցնել մարդուն այնպիսի վիճակի, որում նա հոգով կմիանա կամ կձուլվի գերմարդկային մի ոգու։ Ի՞նչ ոգու մասին է խոսքը։
Վերոհիշյալ գրքի հեղինակ Բենջամին Վոլքերը յոգայի մասին գրում է հետևյալը. «Դա հավանաբար մոգական ծիսակարգի վաղ սիստեմ է. յոգան մինչև օրս էլ իր մեջ պահպանում է ոգեհարցության տարրեր» («Hindu World»)։ Հնդուականության փիլիսոփաներն ընդունում են, որ յոգայով զբաղվելը կարող է օժտել մարդուն գերբնական զորությամբ, թեև նրանք սովորաբար պնդում են, որ դա չէ յոգայի վերջնական նպատակը։ Օրինակ՝ «Հնդկական փիլիսոփայություն» գրքում (անգլ.) Հնդկաստանի նախկին պրեզիդենտ դոկտոր Ս. Ռադհակրիշնանը ասում է, որ «մարմնի վերահսկումը՝ տարբեր դիրքեր ընդունելու միջոցով, հանգեցնում է այն բանին, որ մարդ չի զգում սաստիկ շոգը կամ ցուրտը.... Յոգայով զբաղվող մարդը կարող է տեսնել և լսել հեռավորության վրա.... Մտքի փոխանակումը մի անհատից մյուսին հանգիստ կարող է տեղի ունենալ առանց հաղորդակցման նորմալ ֆունկցիաների գործադրման.... Յոգայով զբաղվողը կարող է դառնալ անտեսանելի»։
Մեխերի վրա քնելը կամ տաք ածխաքարերի վրայով քայլելը ոմանք ճարպիկ հնարանք են համարում, ոմանք էլ՝ կատակ։ Բայց Հնդկաստանում դա տարածված երևույթ է։ Տարածված են նաև արևին անթարթ նայելով՝ ժամերով մեկ ոտքի վրա կանգնած մնալու, ինչպես նաև շնչառությունը վերահսկելու սովորությունները. այս վերջինը նպաստում է, որ անհատը կարողանա երկար ժամանակ թաղված մնալ ավազի մեջ։ 1995 թ. հունիսին հնդկական մի պարբերաթերթում պատմվում էր, թե ինչպես էին տրանսի մեջ գտնվող երեք ու կես տարեկան աղջկա վրայով անցկացրել ավելի քան 750 կգ ծանրություն ունեցող մեքենա։ Ի զարմանս ամբոխի՝ աղջկան ոչինչ չէր պատահել («The Times of India»)։ Այնտեղ ավելացվում էր հետևյալը. «Դա յոգայի զորության բացահայտ դրսևորում էր»։
Անկասկած, սովորական մարդը ի վիճակի չէ նման բաներ անելու։ Ուստի քրիստոնյան պետք է հարց տա իրեն. «Ի՞նչ են ցույց տալիս այս «սխրագործությունները»։ Դրանք Եհովա Աստծո՞ւց են, որը «մինակ Բարձրեալ[ն է] բոլոր երկրի վերայ», թե՞ մեկ այլ աղբյուրից» (Սաղմոս 83։18)։ Աստվածաշնչի պատասխանը պարզ է։ Երբ իսրայելացիները մոտեցել էին քանանացիներով բնակեցված Ավետյաց երկրի սահմաններին, Եհովան Մովսեսի միջոցով հետևյալ պատվերը տվեց նրանց. «Այն ազգերի գարշելի գործքերի պէս անել չ’սովորես»։ Ի՞նչ «գարշելի գործքերի» մասին էր խոսքը։ ‘Դյութելու, գուշակելու, հմայելու կամ հավահարցությամբ զբաղվելու’ (Բ Օրինաց 18։9, 10)։ Դրանք զզվելի են Աստծո համար, քանի որ առնչվում են դևերի հետ ու մեղավոր մարմնի գործեր են (Գաղատացիս 5։19–21)։
Քրիստոնյաների համար չէ
Ինչ էլ ասեն մարզիչները, յոգան զուտ մարմնամարզություն չէ։ Մի գրքում պատմվում է գուրուի առաջնորդության տակ գտնվող երկու սկսնակների մասին («Hindu Manners, Customs and Ceremonies»)։ Նրանցից մեկը ասում էր. «Ես գերմարդկային ճիգեր գործադրեցի՝ շնչառությունս հնարավորին չափ երկար պահելու և շնչեցի միայն այն ժամանակ, երբ արդեն ուշագնաց էի լինում.... Մի օր՝ կեսօրին, ինձ թվաց, թե պայծառ լուսին եմ տեսնում, որը այս ու այն կողմ էր տարուբերվում։ Մեկ ուրիշ անգամ՝ օրվա կեսին, ինձ թվաց, թե ընկղմված եմ խոր մթության մեջ։ Իմ ուսուցիչը.... շատ ուրախացավ, երբ պատմեցի նրան այդ մասին.... Նա հավաստիացրեց, որ շուտով ավելի զարմանալի պտուղներ կճաշակեմ իմ ապաշխարությունից»։ Իսկ երկրորդը պատմում էր. «Նա ինձ ամեն օր պարտավորեցնում էր նայել երկնքին՝ անթարթ և անփոփոխ դիրքով.... Երբեմն ինձ թվում էր, թե օդում կրակի առկայծումներ եմ տեսնում, երբեմն էլ՝ հրե գնդեր և այլ մարմիններ։ Ուսուցիչս անչափ ուրախ էր իմ հաջողությունների համար»։
Այդ արտասովոր տեսիլքները, գուրուների կարծիքով, լավ արդյունքներ էին յոգայի իսկական նպատակին հասնելու ճանապարհին։ Իսկ այդ նպատակը «մոկշան» է, որը ներկայացվում է որպես ինչ–որ անդեմ մեծ ուժի հետ ձուլվելու երևույթ։ Այն նաև ներկայացվում է որպես «մտածելու ինքնաբերական ունակության (միտումնավոր) դադարեցում»։ Սա, ինչ խոսք, հակասում է քրիստոնյաների առջև դրված նպատակին. «Պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը։ Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։1, 2)։
Մարմնամարզության ձևի ընտրությունը մարդու անձնական գործն է։ Սակայն քրիստոնյաներն իրենց չպետք է թույլ տան այնպիսի մի բան (վերաբերի դա՝ մարզվելուն, ուտելուն, խմելուն, հագնվելուն, զվարճանալուն, թե ուրիշ մի բանի), որը կվնասի Եհովա Աստծո հետ իրենց փոխհարաբերությունները (Ա Կորնթացիս 10։31)։ Այն անհատները, ովքեր ցանկանում են զբաղվել մարմնամարզությամբ զուտ առողջական նպատակներով, ընտրության լայն հնարավորություն ունեն և կարող են այնպիսի ձև ընտրել, որն իրենից ոգեհարցության մեջ ներգրավվելու վտանգ չի ներկայացնում։ Մերժելով կեղծ կրոնից ծագող սովորույթներն ու հավատալիքները՝ սպասենք Աստծո օրհնությանը՝ արդար նոր համակարգին, որտեղ հավիտյան կկարողանանք վայելել մարմնի ու մտքի կատարյալ առողջություն (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։3, 4)։
[նկարներ 22–րդ էջի վրա]
Շատերը զբաղվում են առողջությանը նպաստող մարմնամարզության այնպիսի ձևերով, որոնք չեն առնչվում ոգեհարցության հետ