Աստուծոյ մեծամեծ բաները մղում են մեզ գործերի
«Լսում ենք, որ նորանք մեր լեզուներովը Աստուծոյ մեծամեծ բաները խօսում են» (ԳՈՐԾՔ 2։11, ԱԹ)։
1, 2. Մ.թ. 33–ին Պենտեկոստեին ի՞նչ զարմանալի դեպք պատահեց Երուսաղեմում։
ԶԱՐՄԱՆԱԼԻ դեպք պատահեց մեր թվարկության 33–ի ուշ գարնանը, մի առավոտ, երբ Հիսուսի աշակերտները՝ մի խումբ տղամարդիկ ու կանայք, հավաքվել էին Երուսաղեմի տներից մեկում։ «Յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների.... Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով» (Գործք 2։2–4, 15)։
2 Տան առջև մեծ բազմություն էր հավաքվել։ Նրանց մեջ կային օտար երկրներում ծնված հրեաներ՝ «աստուածավախ մարդիկ», որոնք եկել էին Երուսաղեմ՝ նշելու Պենտեկոստեի տոնը։ Նրանք ապշած էին մնացել՝ լսելով, թե ինչպես են աշակերտներն իրենցից յուրաքանչյուրի մայրենի լեզվով խոսում «Աստուծոյ մեծամեծ բաներ[ի]» մասին։ Բայց ինչպե՞ս էր դա հնարավոր, երբ խոսողները գալիլեացիներ էին (Գործք 2։5–8, 11, ԱԹ)։
3. Ի՞նչ ասաց Պետրոս առաքյալը Պենտեկոստեին հավաքված բազմությանը։
3 Այդ գալիլեացիներից մեկը Պետրոս առաքյալն էր, որը բազմությանը բացատրեց հետևյալը։ Մի քանի շաբաթ առաջ անօրեն մարդիկ սպանել էին Հիսուս Քրիստոսին։ Բայց Աստված հարություն էր տվել իր Որդուն։ Հետագայում Հիսուսը հայտնվել էր իր աշակերտներից շատերին, այդ թվում՝ Պետրոսին ու մյուս ներկաներին։ Իսկ ընդամենը տասը օր առաջ Հիսուսը համբարձվել էր երկինք։ Այդ նա էր, որ իր աշակերտներին տվեց սուրբ ոգին։ Արդյո՞ք այս ամենը ինչ–որ կարևորություն էր ներկայացնում հավաքվածների համար։ Այո՛։ Հիսուսի մահը հող էր պատրաստել, որ այս տոնին հավաքվածները, հավատ ընծայելով նրան, կարողանային մեղքերի թողություն և սուրբ ոգու պարգևը ստանալ (Գործք 2։22–24, 32, 33, 38)։ Եվ այսպես, ինչպե՞ս արձագանքեցին հավաքվածները՝ լսելով ‘Աստծո մեծամեծ բաների’ մասին, ու ինչպե՞ս է այս դեպքն օգնում մեզ բարձր գնահատելու Եհովային տրվող մեր ծառայությունը։
«Աստուծոյ մեծամեծ բաները» մղում են նրանց գործերի
4. Հովել մարգարեի ո՞ր խոսքերը իրականացան մ.թ. 33–ի Պենտեկոստեին։
4 Աշակերտները, ստանալով սուրբ ոգին, ժամանակ չկորցրեցին փոխանցելու փրկարար բարի լուրը մյուսներին ու սկսեցին դա անել հենց այդ առավոտյան՝ քարոզելով հավաքված բազմությանը։ Նրանց քարոզչությամբ իրականանում էր մի ուշագրավ մարգարեություն, որի մասին ութ հարյուր տարի առաջ կանխագուշակել էր Փաթուելի որդի Հովելը. «Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին.... Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ» (Յովէլ 1։1; 2։28, 29, 31; Գործք 2։17, 18, 20)։
5. Ի՞նչ իմաստով էին առաջին դարի քրիստոնյաները մարգարեանում (տե՛ս ծանոթագրությունը)։
5 Արդյո՞ք սա նշանակում էր, որ Աստված մտադիր էր Դավիթ, Հովել և Դեբորա մարգարեների օրինակով թե՛ տղամարդ և թե՛ կին մարգարեների մի ամբողջ սերունդ առաջ բերել, որոնք կմարգարեանային ապագա իրադարձությունների մասին։ Ոչ։ Քրիստոնյա ‘որդիներն ու աղջիկները, ծառաներն ու աղախիններն’ այն իմաստով էին մարգարեանալու, որ Եհովայի սուրբ ոգին իրենց մղելու էր հռչակելու «մեծամեծ բաները», որ նա արել էր ու դեռ անելու էր։ Նրանք ծառայելու էին որպես Բարձրյալի ներկայացուցիչներ։a Բայց ինչպիսի՞ն էր բազմության արձագանքը (Եբրայեցիս 1։1, 2)։
6. Պետրոսի ելույթը շատերին մղեց ի՞նչ անել։
6 Պետրոսի տված բացատրությունները իր ունկնդիրներից շատերին մղեցին գործերի։ Նրանք «յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան» (Գործք 2։41)։ Լինելով հրեաներ ու պրոզելիտներ՝ այդ մարդիկ արդեն քաջատեղյակ էին Գրությունների հիմնական ուսուցումներին։ Ու քանի որ նրանք հավատ ընծայեցին Պետրոսի խոսքերին, հնարավորություն ստացան մկրտվելու «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթէոս 28։19)։ Մկրտությունից հետո «նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման.... մէջ»։ Միևնույն ժամանակ նրանք սկսեցին խոսել իրենց նոր ձեռք բերած հավատի մասին ուրիշների հետ։ Նրանք «ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար.... Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում»։ Այս քարոզչության արդյունքն այն եղավ, որ Եհովան «օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր» (Գործք 2։42, 46, 47)։ Նորահավատներից շատերի բնակավայրերում արագորեն քրիստոնեական ժողովներ էին կազմավորվում։ Կասկած չկա, որ այս ամենը տեղի էր ունենում մասնավորապես այն պատճառով, որ նրանք, վերադառնալով իրենց տները, ջանք չէին խնայել քարոզելու բարի լուրը (Կողոսացիս 1։23)։
Աստծո Խոսքը զորավոր է
7. ա) Ի՞նչն է այսօր ամեն ազգի մարդկանց գրավում դեպի Եհովայի կազմակերպությունը։ բ) Հետագա աճի ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ամբողջ աշխարհի և ձեր բնակության վայրի առումով (տե՛ս ծանոթագրությունը)։
7 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերում ապրող այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են դառնալ Աստծո ծառաներ։ Նրանք նույնպես պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրեն Աստծո Խոսքը։ Ուսումնասիրելով՝ նրանք Եհովայի մասին իմանում են, որ նա «ողորմած եւ գթած», «երկայնամիտ» Աստված է ու «առատ [է] ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34։6; Գործք 13։48)։ Նրանք տեղեկանում են, որ Եհովան Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով իրենց հնարավորություն է տվել մաքրվելու ամեն տեսակի մեղքից (Ա Յովհաննէս 1։7)։ Այդ անձնավորությունները երախտագիտությամբ են լցվում՝ իմանալով, որ Աստված ‘հարություն է տալու արդարներին և մեղավորներին’ (Գործք 24։15)։ Իմանալով այս ‘մեծամեծ բաների’ Հեղինակի մասին՝ նրանց սիրտը լցվում է այս ճշմարտություններն ուրիշներին հաղորդելու ցանկությամբ։ Ժամանակի ընթացքում նրանք նվիրվում են Աստծուն, մկրտվում ու շարունակում ‘աճել Աստծո գիտության մեջ’b (Կողոսացիս 1։10բ, ԱԹ; Բ Կորնթացիս 5։14)։
8-10. ա) Ինչպե՞ս է նկարագրված դեպքը ցույց տալիս, որ Աստծո Խոսքը «զօրաւոր» է։ բ) Ի՞նչ եք սովորում այս դեպքից այն մասին, թե ինչպիսի Աստված է Եհովան ու թե ինչպես է նա վարվում իր ծառաների հետ (Ելից 4։12)։
8 Աստծո ծառաները, ուսումնասիրելով Աստվածաշունչը, խոր գիտելիքներ են ձեռք բերում։ Այդ գիտելիքները հասնում են նրանց սրտին, խոր արմատներ գցում ու մղում նրանց փոխելու մտածելակերպը (Եբրայեցիս 4։12, ԱԹ)։ Դիտարկենք հետևյալ օրինակը։ Քամիլ անունով մի կին աշխատում էր որպես հոգաբարձու։ Նրա խնամարկյալներից էր Մարթան, որը Եհովայի վկա էր։ Վերջինս տառապում էր թուլամտությամբ, ուստի մշտական հսկողության կարիք ուներ։ Հիվանդությունն այն աստիճան ծանր էր, որ հարկ էր լինում նրան հիշեցնել՝ ուտելու կերակուրը. նույնիսկ հարկ էր լինում հիշեցնել, որ պետք է այն կուլ տալ։ Բայց մի բան Մարթայի մտքում անջնջելի հետք էր թողել։ Ի՞նչն էր դա։
9 Մի օր Մարթան տեսավ, որ Քամիլը լաց էր լինում. նա անձնական պրոբլեմներ ուներ։ Մարթան գրկեց նրան ու առաջարկեց իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բայց արդյոք կարո՞ղ էր նման վիճակում գտնվող մարդը դա անել։ Նա կարողացա՛վ։ Թեև նա կորցրել էր իր հիշողության մեծ մասը, այնուամենայնիվ չէր մոռացել ո՛չ իր զորավոր Աստծուն, ո՛չ էլ այն չքնաղ ճշմարտությունները, որ սովորել էր Աստվածաշնչից։ Ուսումնասիրության ընթացքում Մարթան Քամիլին ասում էր, որ հերթով կարդա պարբերությունները, բաց անի սուրբգրային համարները, կարդա էջի ներքևում գտնվող հարցերը ու պատասխանի դրանց։ Այսպես մի որոշ ժամանակահատված նրանք աստվածաշնչյան քննարկումներ էին անում, և չնայած Մարթայի սահմանափակ հնարավորություններին՝ Քամիլը առաջադիմում էր աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերելու մեջ։ Մարթան զգում էր, որ նրան հարկավոր է ծանոթացնել Աստծուն ծառայող մարդկանց հետ։ Ուստի նա Քամիլին տվեց հագուստ և կոշիկ, որպեսզի նա հնարավորություն ունենար կյանքում առաջին անգամ գնալու Թագավորության սրահում անցկացվող հանդիպմանը։
10 Քամիլին շատ հուզեց Մարթայի հոգատարությունը։ Նա նաև տպավորված էր Մարթայի խոր համոզվածությամբ։ Քամիլը եկավ այն եզրակացության, որ ինչ որ Մարթան փորձում էր իրեն սովորեցնել Աստվածաշնչից, շատ կարևոր է, որովհետև փաստն այն էր, որ Մարթան, բացի աստվածաշնչյան գիտելիքներից, ոչինչ գրեթե չէր հիշում։ Ավելի ուշ, երբ նա տեղափոխվեց աշխատելու մեկ ուրիշ խնամակալական հիմնարկում, հասկացավ, որ ժամանակն է գործադրելու ստացած գիտելիքները։ Առաջին իսկ հնարավորությունից օգտվելով՝ նա, Մարթայի տված հագուստով ու կոշիկներով, գնաց Թագավորության սրահ ու խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Քամիլը արագորեն հոգևորապես աճեց ու մկրտվեց։
«Աստուծոյ մեծամեծ բաները» մղում են պահելու նրա չափանիշները
11. Բացի այն, որ պետք է ակտիվ մասնակցություն ունենանք քարոզչության գործում, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Թագավորության պատգամը մեզ գործերի է մղում։
11 Այսօր ամբողջ աշխարհում կան ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներ, որոնք Մարթայի պես, իսկ հիմա նաև Քամիլի, քարոզում են «արքայութեան այս Աւետարանը» (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ «Աստուծոյ մեծամեծ բաները», ինչպես առաջին դարի քրիստոնյաներին, նրանց էլ է խորապես տպավորել։ Վկաները մեծ պատիվ են համարում Եհովայի անունը կրելը և անչափ երախտապարտ են Աստծուն, որ տալիս է սուրբ ոգին։ Հետևաբար նրանք, կյանքի բոլոր ոլորտներում կիրառելով նրա չափանիշները, ջանք չեն խնայում «ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով»։ Մասնավորապես, նրանք Աստծո չափանիշներին են հետևում հագուկապին ու հարդարանքին վերաբերող հարցերում (Կողոսացիս 1։10ա; Տիտոս 2։10)։
12. Հագուստի ու հարդարանքի վերաբերյալ ի՞նչ է խորհուրդ տալիս Պողոսը Ա Տիմոթէոս 2։9, 10–ում։
12 Այո՛, Եհովան արտաքին տեսքի վերաբերյալ չափանիշներ է սահմանել։ Պողոս առաքյալը խոսել է դրանցից մի քանիսի մասին։ Նա ասում է. «Կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով»։c Ի՞նչ են մեզ ասում այս խոսքերը (Ա Տիմոթէոս 2։9, 10, ԱԹ)։
13. ա) Ի՞նչ ենք հասկանում «վայելուչ հագուստ» ասելով։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ միանգամայն հնարավոր է Եհովայի չափանիշներով առաջնորդվել։
13 Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ քրիստոնյաները պետք է «վայելուչ հագուստով.... իրանց անձերը զարդարեն»։ Նրանք չպետք է թափթփված տեսք ունենան։ Առաքյալը չի ասում այնպիսի բան, որին հետևելն անհնար լիներ։ Ամեն ոք, անգամ համեստ միջոցների տեր անձնավորությունը, կարող է այնպես անել, որ իր հագուստը լինի կոկիկ, մաքուր և վայելուչ։ Ահա մի օրինակ։ Հարավամերիկյան երկրներից մեկում ապրող Վկաները ամեն տարի մարզային համաժողով գնալու համար կիլոմետրեր են անցնում ջունգլիներով, իսկ հետո ժամեր շարունակ նավարկում մակույկով։ Նրանց համար սովորական բան է, երբ մակույկի շուռ գալու պատճառով իրենք ջուրն են ընկնում, կամ երբ իրենց հագուստը բռնվում է մացառներից ու պատռվում։ Երբ նրանք համաժողովի վայր են հասնում, նայելով նրանց՝ դժվար է ասել, որ իրենք կոկիկ տեսք ունեն։ Իրենց տեսքը կարգի բերելու համար նրանք կարում են կոճակներն ու հագուստի պատռված մասերը, լվանում և արդուկում համաժողովին հագնելիք շորերը։ Նրանք շատ բարձր են գնահատում Եհովայի սեղանից սնվելու հրավերը, հետևաբար ցանկանում են վայելուչ տեսք ունենալ։
14. ա) Ի՞նչ է նշանակում հագնվել «ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով»։ բ) Ի՞նչ է մեզ համար նշանակում հագնվել որպես «աստուածպաշտութիւնը յանձն առած» մարդիկ։
14 Պողոսը նաև ասում է, որ մենք պետք է հագնվենք «ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով»։ Սա նշանակում է, որ մեր հագուստը չպետք է լինի աչք ծակող, արտառոց ոճի կամ ցանկահարույց։ Մեր հագուստը պետք է արտացոլի մեր «աստուածապաշտութիւնը»։ Այո՛, խորհելու շատ բան կա։ Այստեղ հարցն այն չէ, որ միայն ժողովի հանդիպումներին պետք է պատշաճ տեսք ունենանք, իսկ ժողովից դուրս՝ ինչպես ուզենք։ Մեր արտաքինից պետք է միշտ երևա, որ մենք աստվածապաշտ մարդիկ ենք և ունենք պատվի զգացում, քանզի մենք քրիստոնյաներ և ծառայողներ ենք օրվա բոլոր 24 ժամերին։ Ինչ վերաբերում է մեր աշխատանքային կամ դպրոցական հագուստին, ապա, անշուշտ, այն պետք է համապատասխանի տվյալ իրավիճակին ու արտացոլի մեր՝ համեստության ու արժանապատվության զգացումը։ Իսկ եթե մեր հագուստը ամեն ժամանակ ցույց է տալիս, որ մենք հավատում ենք Աստծուն, ապա երբ անսպասելիորեն վկայություն տալու հնարավորություն է առաջանում, մեզ շփոթված չենք զգա հագուստի պատճառով (Ա Պետրոս 3։15)։
Մի սիրեք աշխարհը
15, 16. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ հագուկապի ու հարդարանքի հարցում խուսափենք աշխարհին ընդօրինակելուց (Ա Յովհաննէս 5։19)։ բ) Ո՞ր հիմնավոր պատճառով պետք է խուսափենք հագուստի ու հարդարանքի տարօրինակ ոճերից։
15 Ա Յովհաննէս 2։15, 16–ում (ԱԹ) գրված խորհուրդը նույնպես օգնում է մեզ հագուստի ու հարդարանքի հարցում ճիշտ ընտրություն կատարելու։ Կարդում ենք. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է»։
16 Ինչպիսի՜ ժամանակահարմար խորհուրդ։ Նախկինում հասակակիցների, աշխատակիցների ու հարազատների բանեցրած ճնշումը երբեք այնքան ուժեղ չի եղել, ինչպես հիմա։ Ուստի մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհն իր կամքը թելադրի հագուստի ու հարդարանքի հարցում։ Վերջին տարիներին հագուստի ու հարդարանքի ոճերը գնալով ավելի անընդունելի են դառնում։ Նույնիսկ գործարար և մասնագիտական շրջաններում ընդունված հագուստի ոճը միշտ չէ, որ ընդունելի է քրիստոնյայի համար։ Սա էլ է այն պատճառներից, թե ինչու մենք երբեք չպետք է ‘այս աշխարհի կերպարանքով կերպարանվենք’, եթե ցանկանում ենք ապրել Աստծո չափանիշներին համապատասխան ու, այսպիսով, ‘մեր Փրկչի՝ Աստծո վարդապետությունը ամեն ինչում զարդարել’ (Հռովմայեցիս 12։2; Տիտոս 2։10)։
17. ա) Ո՞ր հարցերի շուրջ պետք է խորհենք հագուստի ընտրություն կատարելիս։ բ) Ինչո՞ւ ընտանիքի գլուխը պետք է հետաքրքրված լինի իր տան անդամների արտաքին տեսքով։
17 Նախքան որևէ հագուստ գնելը ճիշտ կլիներ, որ ինքներս մեզ հարց տայինք. «Ինչո՞ւ է այս ոճը ինձ դուր գալիս։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ այդ հագուստով կնմանվեմ իմ սիրելի երգչին։ Այսպես չե՞ն հագնվում փողոցային խուլիգանները կամ նրանք, ովքեր ջատագովում են անկախության և ապստամբության ոգին»։ Նաև հարկավոր է ուշադրություն դարձնել հագուստի առանձին մասերի վրա։ Եթե այն շրջազգեստ է, ապա ինչպիսի՞ն է երկարությունը, ձևը։ Համեստ ու պատշա՞ճ է, թե՞ ձեր տեսքը թափթփված է դարձնում, պիրկ գրկում է մարմինը կամ սեռական ցանկություն հարուցում։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Այս հագուստով գայթակղության տեղիք չե՞մ տա» (Բ Կորնթացիս 6։3, ԱԹ, 4)։ Ինչո՞ւ այս հարցը պետք է մեզ անհանգստացնի։ Որովհետև Աստվածաշունչն ասում է. «Քրիստոսն էլ.... իր անձին հաճոյ [չ]եղաւ» (Հռովմայեցիս 15։3, ԱԹ)։ Քրիստոնեական ընտանիքի գլուխը պետք է հետաքրքված լինի տան անդամների արտաքին տեսքով։ Իր փառավոր Աստծո հանդեպ հարգանքից մղված՝ նա չպետք է վարանի ընտանիքի անդամին հարկ եղած դեպքում խորհուրդ տալուց՝ դա անելով սիրով, բայց՝ հաստատակամորեն (Յակոբոս 3։13)։
18. Ինչո՞ւ է անհրաժեշտ զգույշ լինել հագուկապի ու հարդարանքի հարցում։
18 Մեր քարոզչության պատգամը ծագում է Եհովայից, որը արժանապատվության ու սրբության մարմնացումն է (Եսայիա 6։3)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ ընդօրինակել նրան «որպէս սիրելի զաւակներ» (Եփեսացիս 5։1)։ Մեր հագուկապն ու հարդարանքը կարող են կա՛մ պատիվ, կա՛մ էլ անարգանք բերել մեր երկնային Հորը։ Անկասկած, մենք ցանկանում ենք ուրախացնել նրա սիրտը (Առակաց 27։11)։
19. Մարդկանց հետ ‘Աստծո մեծամեծ բաների’ մասին խոսելն ի՞նչ օգուտներ է բերում։
19 «Աստուծոյ մեծամեծ բաները» ի՞նչ տպավորություն են գործում ձեզ վրա։ Իրոք որ մեծ առանձնաշնորհում է ճշմարտությունն իմանալը։ Քանի որ մենք հավատ ենք ընծայում Հիսուս Քրիստոսի թափած արյանը, մեր մեղքերը ներվում են Եհովայի կողմից (Գործք 2։38)։ Արդյունքը լինում է այն, որ մենք կարող ենք ազատորեն դիմել Աստծուն։ Մենք չենք վախենում մահից, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն։ Վախի փոխարեն՝ ունենք վստահություն, որ, համաձայն Հիսուսի խոսքերի, «բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Եհովան մեծ բարեհաճություն է ցույց տվել՝ այս ամենը բացելով մեզ։ Նա տալիս է նաև իր սուրբ ոգին։ Մենք պետք է երախտապարտ լինենք նրան այս պարգևների համար, ուստիև պետք է ցանկանանք հարգել նրա վսեմ չափանիշները ու եռանդագին գովաբանել նրան՝ մարդկանց հայտնելով նրա ‘մեծամեծ բաների’ մասին։
[ծանոթագրություններ]
a Երբ Եհովան Մովսեսին ու Ահարոնին պատվիրեց գնալ փարավոնի մոտ իր ժողովրդի անունից, նա Մովսեսին ասաց. «Քեզ Փարաւօնին աստուած արի, եւ քո եղբայր Ահարօնը քո մարգարէն կ’լինի» (Ելից 7։1)։ Ահարոնը ծառայում էր որպես մարգարե ոչ թե այն իմաստով, որ կանխագուշակում էր ապագա դեպքերը, այլ որ Մովսեսի ներկայացուցիչն էր, նրա անունից խոսողը։
b 2002 թ. մարտի 28–ին ամբողջ աշխարհում հերթական անգամ նշվեց Տերունական ընթրիքը։ Ներկաների թվում կային միլիոնավոր մարդիկ, որոնք դեռևս ակտիվորեն չեն ծառայում Եհովային։ Մենք սրտանց աղոթում ենք, որ Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող այս անհատները մոտ ժամանակներում ցանկանան բարի լուրի քարոզիչ դառնալու պատիվն ունենալ։
c Թեև Պողոսի խոսքերը հասցեագրված են քրիստոնյա կանանց, նույն սկզբունքները վերաբերում են նաև քրիստոնյա տղամարդկանց ու երեխաներին։
[Ինչպե՞ս կապատասխանեիք]
• Ո՞ր ‘մեծամեծ բաների’ մասին լսեցին մարդիկ մ.թ. 33–ի Պենտեկոստեին և ինչպե՞ս արձագանքեցին։
• Անհատն ինչպե՞ս կարող է դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտ, և որպես աշակերտ՝ ի՞նչ պետք է նա անի։
• Մեր հագուկապին ու հարդարանքին ուշադրություն դարձնելն ինչո՞ւ է կարևոր։
• Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնենք, երբ ուզում ենք իմանալ, թե արդյոք տվյալ հագուստը պատշաճ է։
[նկար 15–րդ էջի վրա]
Պետրոսը հայտնեց,որ Հիսուսը հարություն է առել
[նկարներ 17–րդ էջի վրա]
Ձեր արտաքին տեսքը պատիվ բերո՞ւմ է այն Աստծուն, որին երկրպագում եք
[նկարներ 18–րդ էջի վրա]
Քրիստոնյա ծնողները պետք է հետաքրքրված լինեն իրենց ընտանիքի անդամների արտաքին տեսքով