«Ուրախութիւն անես»
«Քո Եհովայ Աստուծոյ համար.... տօն պահելով ուրախութիւն անես» (Բ ՕՐԻՆԱՑ 16։15)։
1. ա) Ի՞նչ հարցեր բարձրացրեց Սատանան։ բ) Ի՞նչ կանխագուշակեց Եհովան Ադամի ու Եվայի ապստամբությունից հետո։
ԱԴԱՄԻՆ ու Եվային դրդելով ապստամբել իրենց Արարչի դեմ՝ Սատանան երկու շատ կարևոր հարց բարձրացրեց։ Առաջին՝ նա կասկածի տակ դրեց այն, որ Եհովան ճշմարտախոս է, և որ նրա իշխելու ձևը ճիշտ է։ Երկրորդ՝ Սատանան պնդեց, թե մարդիկ կծառայեն Աստծուն միայն եսասիրական շահերից մղված։ Այս հարցը ավելի ակնհայտ ձևով շոշափվեց Հոբի ժամանակներում (Ծննդոց 3։1–6; Յոբ 1։9, 10; 2։4, 5)։ Եհովան իսկույն քայլեր ձեռնարկեց ստեղծված իրավիճակում։ Ադամն ու Եվան դեռ Եդեմի պարտեզում էին, երբ Եհովան կանխագուշակեց, թե ինչպես է լուծելու այդ հարցերը։ Նա մարգարեացավ «սերունդի» առաջ գալու մասին, որի գարշապարը պիտի խայթվեր, իսկ դրանից հետո վերջինս պիտի ջախջախեր Սատանայի գլուխը (Ծննդոց 3։15)։
2. Ինչպե՞ս է Եհովան լույս սփռել Ծննդոց 3։15–ի մարգարեության կատարման վրա։
2 Ժամանակի ընթացքում Եհովան ավելի ու ավելի շատ լույս սփռեց այդ մարգարեության վրա՝ դրանով իսկ ցույց տալով, որ այն հաստատ կկատարվի։ Օրինակ՝ Աստված ասաց Աբրահամին, որ «սերունդը» առաջ էր գալու նրա ժառանգների միջից (Ծննդոց 22։15–18)։ Աբրահամի թոռը՝ Հակոբը, դարձավ Իսրայելի 12 ցեղերի նախահայրը։ Մ.թ.ա. 1513–ին, երբ այդ ցեղերը ազգ դարձան, Եհովան նրանց օրենքների ժողովածու տվեց։ Այդ Օրենքով նախատեսվում էր, որ իսրայելացիները ամեն տարի որոշակի տոներ նշեին։ Պողոս առաքյալն ասաց, որ այդ տոները «գալու բաների ստուերներն» էին (Կողոսացիս 2։16, 17; Եբրայեցիս 10։1)։ Դրանք նախապատկերում էին այն, թե ինչպես էր Եհովան իրականացնելու Սերնդի հետ կապված իր նպատակը։ Այդ տոները նշելը մեծ ուրախություն էր պատճառում իսրայելացիներին։ Դրանք հակիրճ քննարկելով՝ կամրացնենք մեր հավատը Եհովայի խոստումների նկատմամբ։
Սերունդը հայտնվում է
3. Ո՞վ էր խոստացված Սերունդը, և ինչպե՞ս խայթվեց նրա գարշապարը։
3 Եհովայի տված մարգարեությունից ավելի քան 4 000 տարի անց հայտնվեց խոստացված Սերունդը։ Դա Հիսուսն էր (Գաղատացիս 3։16)։ Նա կատարյալ մարդ էր և մինչև մահ պահեց իր անարատությունը՝ այդպիսով ապացուցելով, որ Սատանայի մեղադրանքները սուտ էին։ Բացի այդ, քանի որ Հիսուսն անմեղ էր, նրա զոհաբերական մահը շատ մեծ արժեք ուներ։ Դրա միջոցով Հիսուսը մեղքից և մահից ազատվելու հնարավորություն տվեց Ադամի ու Եվայի այն հետնորդներին, ովքեր հավատարիմ կլինեին Աստծուն։ Տանջանքի ցցի վրա Հիսուսի մահը ‘գարշապարի խայթոցն’ էր, որ պետք է ստանար խոստացված Սերունդը (Եբրայեցիս 9։11–14)։
4. Ի՞նչն էր նախապատկերում Հիսուսի զոհաբերությունը։
4 Հիսուսը մահացավ մ.թ. 33–ի նիսան ամսվա 14–ին։a Իսրայելում նիսանի 14–ին նշվում էր Պասեքը, և դա ուրախալի օր էր։ Ամեն տարի այդ օրը իսրայելացիները ընտանիքով նստում էին ընթրիքի, որի ժամանակ անարատ, մատղաշ գառ էին ուտում։ Այդպես նրանք հիշում էին, թե ինչպես գառան արյունը փրկեց իրենց առաջնեկներին, երբ մ.թ.ա. 1513–ի նիսանի 14–ին հրեշտակը սպանեց եգիպտացիների առաջնեկներին (Ելից 12։1–14)։ Պասեքի գառը նախապատկերում էր Հիսուսին, որի մասին Պողոս առաքյալը գրեց. «Մեր զատիկը [պասեքը] մորթուեցաւ.... Քրիստոսը» (Ա Կորնթացիս 5։7)։ Պասեքի գառի արյան պես՝ Հիսուսի արյունը փրկության հնարավորություն է տալիս շատերին (Յովհաննէս 3։16, 36)։
‘Առաջին պտուղը՝ մեռելներից’
5, 6. ա) Ե՞րբ Հիսուսը հարություն առավ, և ինչպե՞ս էր Օրենքում նախապատկերված այդ իրադարձությունը։ բ) Հիսուսի հարությունն ինչպե՞ս հնարավոր դարձրեց Ծննդոց 3։15–ի մարգարեության կատարումը։
5 Մահվանից երեք օր անց Հիսուսը հարություն առավ, որպեսզի իր զոհաբերության արժեքը ներկայացնի Հորը (Եբրայեցիս 9։24)։ Նրա հարությունը նախապատկերվում էր մի արարողությամբ, որը տեղի էր ունենում մեկ այլ տոնի ժամանակ։ Նիսանի 14–ի հաջորդ օրը սկսվում էր Բաղարջակերաց տոնը, իսկ նիսանի 16–ին իսրայելացիները գարու բերքից, որն Իսրայելում առաջին բերքն էր, «մի երախայրի որայ» էին բերում քահանայի մոտ, որպեսզի վերջինս այն երերացներ Եհովայի առաջ (Ղեւտացոց 23։6–14)։ Որքա՜ն տեղին էր, որ 33 թ.–ին, հենց այդ նույն օրը՝ նիսանի 16–ին, Եհովան խափանեց Սատանայի նենգ ջանքերը՝ մեկընդմիշտ լռեցնելու Աստծու ‘հավատարիմ և ճշմարիտ Վկային’. 33 թ. նիսանի 16–ին Եհովան հարություն տվեց Հիսուսին մահացածների միջից՝ պարգևելով նրան անմահ կյանք երկնքում (Յայտնութիւն 3։14; Ա Պետրոս 3։18)։
6 Հիսուսը «ննջեցեալներուն առաջին պտուղ[ն]» էր (Ա Կորնթացիս 15։20, ԱԱ)։ Ի տարբերություն նրանց, ովքեր նախկինում հարություն էին առել, բայց հետո դարձյալ մահացել՝ Հիսուսը չէր մահանալու։ Նա բարձրացավ երկինք ու նստեց Եհովայի աջ կողմը, որտեղ սպասեց, մինչև որ նշանակվեր որպես Թագավոր Եհովայի երկնային Թագավորությունում (Սաղմոս 110։1; Գործք 2։32, 33; Եբրայեցիս 10։12, 13)։ Դառնալով Թագավոր՝ Հիսուսը իրավունք է ստացել ջախջախելու մեծագույն թշնամու՝ Սատանայի գլուխը և վերացնելու նրա սերունդը (Յայտնութիւն 11։15, 18; 20։1–3, 10)։
Աբրահամի «սերնդի» մյուս անդամները
7. Ի՞նչ էր Շաբաթների տոնը։
7 Հիսուսն այն Սերունդն էր, որ խոստացվել էր Եդեմում, և որի միջոցով Եհովան «սատանայի գործերը [քանդելու էր]» (Ա Յովհաննէս 3։8)։ Բայցևայնպես Աբրահամի հետ խոսելիս Եհովան ասաց, որ նրա «սերունդը» միայն մեկ հոգի չէր լինելու։ Այն «երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս» շատ պիտի լիներ (Ծննդոց 22։17)։ «Սերնդի» մյուս անդամների առաջ գալը նախապատկերվում էր մեկ այլ ուրախալի տոնով։ Նիսանի 16–ից հիսուն օր անց իսրայելացիները նշում էին Շաբաթների տոնը։ Օրենքում այս մասին ասվում էր. «Մինչեւ եօթներորդ շաբաթի հետեւեալ օրը յիսուն օր համարէք եւ նոր հացի նուէր մատուցանէք Եհովային։ Ձեր բնակարաններիցը երերացնելու պատարագի համար՝ երկու հաց բերէք, որ երկու տասանորդ բարակ ալիւրից լինեն խմորուած եփուած. սա երախայրի է Եհովայի համար» (Ղեւտացոց 23։16, 17, 20)։b
8. Ի՞նչ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ 33 թ. Պենտեկոստեին։
8 Երբ Հիսուսը երկրի վրա էր, Շաբաթների տոնը հայտնի էր «Պենտեկոստե» անվանումով (հունարեն բառից, որ նշանակում է «հիսուներորդ»)։ 33 թ. Պենտեկոստեին մեծագույն Քահանայապետը՝ հարություն առած Հիսուս Քրիստոսը, սուրբ ոգին թափեց Երուսաղեմում հավաքված 120 աշակերտների փոքր խմբի վրա։ Այդպիսով նրանք դարձան Աստծու օծյալ որդիները և Հիսուս Քրիստոսի եղբայրները (Հռովմայեցիս 8։15–17)։ Նրանք դարձան նոր ազգ՝ ‘Աստծու Իսրայելը’ (Գաղատացիս 6։16)։ Օծյալ որդիների թիվը, որը սկզբում փոքր էր, ի վերջո պիտի հասներ 144 000–ի (Յայտնութիւն 7։1–4)։
9, 10. Պենտեկոստեի ժամանակ ի՞նչն էր նախապատկերում օծյալ քրիստոնյաների ժողովը։
9 Այն երկու հացերը, որ քահանան երերացնում էր Պենտեկոստեի ժամանակ, խորհրդանշում էին օծյալ քրիստոնյաների ժողովը։ Հացերի թթխմորով լինելը ցույց էր տալիս, որ օծյալ քրիստոնյաները դեռևս «թթխմոր» ունեին իրենց մեջ՝ ժառանգական մեղքի ազդեցության տակ էին։ Այնուամենայնիվ, նրանք կարող էին մոտենալ Եհովային Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա (Հռովմայեցիս 5։1, 2)։ Իսկ ինչո՞ւ էր երկու հաց մատուցվում։ Դա թերևս մատնանշում էր այն, որ Աստծու օծյալ որդիները հավաքվելու էին երկու խմբերից. նախ՝ հրեաներից, հետո՝ ոչ հրեաներից (Գաղատացիս 3։26–29; Եփեսացիս 2։13–18)։
10 Երկու հացերը, որոնք նվիրաբերում էին Պենտեկոստեի ժամանակ, պատրաստված էին ցորենի բերքի երախայրուց՝ առաջին պտղից։ Ահա թե ինչու ոգով օծված քրիստոնյաները կոչվում են «նորա արարածների երախայրի» (Յակոբոս 1։18)։ Նրանք առաջինն են, որոնց մեղքերը ներվում են Հիսուսի թափած արյան հիման վրա, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս ստանալու անմահ կյանքի պարգևը երկնքում, որտեղ իրենք Հիսուսի իշխանակիցները կլինեն նրա Թագավորությունում (Ա Կորնթացիս 15։53; Փիլիպպեցիս 3։20, 21; Յայտնութիւն 20։6)։ Ունենալով այդպիսի դիրք՝ նրանք մոտ ապագայում ‘կհովվեն ազգերը երկաթե գավազանով’ և կտեսնեն Սատանային իրենց ոտքերի տակ ջախջախվելիս (Յայտնութիւն 2։26, 27; Հռովմայեցիս 16։20)։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սորանք են որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի» (Յայտնութիւն 14։4)։
Քավության օրը
11, 12. ա) Ի՞նչ էր տեղի ունենում Քավության օրը։ բ) Ի՞նչ օգուտներ էին ստանում իսրայելացիները ցլի և այծերի զոհաբերություններից։
11 Անթանի ամսվա (ավելի ուշ կոչվեց տիշրի)c 10–րդ օրը իսրայելացիները նշում էին մի տոն, որը նախապատկերում էր, թե ինչպես էին կիրառվելու Հիսուսի քավիչ զոհաբերության օգուտները։ Դա Քավության օրն էր, երբ ողջ ազգը հավաքվում էր, որպեսզի իրենց մեղքերի ներման համար զոհեր մատուցվեին (Ղեւտացոց 16։29, 30)։
12 Քավության օրը քահանայապետը մորթում էր մի զվարակ՝ մատաղահաս ցուլ, և Սրբությունների Սրբությունում այդ զվարակի արյունից յոթն անգամ շաղ էր տալիս տապանակի կափարիչի առաջ՝ այդպիսով արյունը ներկայացնելով Եհովային։ Այդ նվիրաբերությունը քահանայապետի, «իր տան», քահանաների ու ղևտացիների մեղքերի համար էր։ Այնուհետև քահանայապետը վերցնում էր երկու նոխազ՝ այծ։ Մեկը զոհաբերում էր որպես մեղքի պատարագ «ժողովրդի համար»։ Այդ այծի արյան մի մասը նույնպես շաղ էր տալիս տապանակի կափարիչի առաջ Սրբությունների Սրբությունում։ Այնուհետև քահանայապետը ձեռքերը դնում էր երկրորդ այծի վրա և խոստովանում Իսրայելի որդիների մեղքերը։ Ապա այծին դեպի անապատ էր բաց թողնում, որպեսզի կենդանին ազգի մեղքերը այլաբանական իմաստով հեռու տաներ (Ղեւտացոց 16։3–16, 21, 22)։
13. Ինչպե՞ս էին Քավության օրվա իրադարձությունները նախապատկերում այն դերը, որ ունի Հիսուսը։
13 Ինչպես նշվեց, Քավության օրը մատուցվող զոհաբերությունները նախապատկերում էին այն օգուտները, որ բերելու էր Հիսուսի զոհագործական մահը։ Հիսուսը՝ մեծ Քահանայապետը, իր կենսատու արյան արժեքն օգտագործում է մեղքերի ներման համար։ Նրա արյան արժեքն առաջին հերթին կիրառվում է 144 000 օծյալ քրիստոնյաներից բաղկացած «հոգևոր տան» նկատմամբ։ Շնորհիվ դրա՝ նրանք արդար են հայտարարվում և Եհովայի աչքում մաքուր դառնում (Ա Պետրոս 2։5 ՆԱ; Ա Կորնթացիս 6։11)։ Զվարակի զոհաբերությունը հենց սա է խորհրդանշում։ Այդպիսով նրանց հնարավորություն է տրվում ստանալու իրենց երկնային ժառանգությունը։ Հիսուսի արյան արժեքը նաև կիրառվում է միլիոնավոր ուրիշ անհատների նկատմամբ, ովքեր հավատ են ցուցաբերում Քրիստոսի հանդեպ. սա խորհրդանշվում է այծի զոհաբերությամբ։ Այդ հավատարիմ անհատները կօրհնվեն՝ ստանալով հավիտենական կյանք երկրի վրա, մի ժառանգություն, որ Ադամն ու Եվան կորցրեցին (Սաղմոս 37։10, 11)։ Իր թափած արյան հիման վրա Հիսուսը հեռացնում է մարդկության մեղքերը, ճիշտ ինչպես երկրորդ այծն էր այլաբանական իմաստով իսրայելացիների մեղքերը տանում անապատ (Եսայիա 53։4, 5)։
Ուրախություն Եհովայի առաջ
14, 15. Ի՞նչ էր տեղի ունենում Տաղավարահարաց տոնի ժամանակ, և ի՞նչ էր դա հիշեցնում իսրայելացիներին։
14 Քավության օրվանից հետո իսրայելացիները նշում էին իրենց ամենաուրախալի՝ Տաղավարահարաց տոնը (Ղեւտացոց 23։34–43)։ Այդ տոնը տեղի էր ունենում անթանիի 15–ից մինչև 21–ը, իսկ 22–րդ օրը հանդիսավոր ժողով էր լինում։ Դրանով նշանավորվում էր բերքահավաքի ավարտը, և ժողովուրդը շնորհակալություն էր հայտնում Աստծուն՝ նրա մեծ բարության համար։ Եհովան պատվիրել էր. «Քո Եհովայ Աստուծոյ համար.... ուրախութիւն անես.... քո Եհովայ Աստուածը կ’օրհնէ քեզ քո բոլոր բերքերովը եւ ձեռքիդ բոլոր գործքերովը» (Բ Օրինաց 16։15)։ Ակներևաբար դա շատ ուրախալի ժամանակ է եղել։
15 Տոնի ժամանակ իսրայելացիները յոթ օր ապրում էին տաղավարներում։ Այդպիսով նրանք հիշում էին, որ մի ժամանակ իրենք անապատում բնակվում էին տաղավարների մեջ։ Այդ տոնը նրանց մեծ հնարավորություն էր տալիս խորհրդածելու Եհովայի հայրական հոգատարության մասին (Բ Օրինաց 8։15, 16)։ Քանի որ թե՛ հարուստները և թե՛ աղքատները ապրում էին միանման տաղավարներում, նրանք հիշում էին, որ տոնի ժամանակ բոլորն էլ հավասար են (Նէեմիա 8։14–16)։
16. Ի՞նչ էր նախապատկերում Տաղավարահարաց տոնը։
16 Տաղավարահարաց տոնը բերքահավաքի տոն էր։ Այդ ժամանակ ուրախություն էր տիրում։ Բերքը հավաքելը նախապատկերում էր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ցուցաբերող մարդկանց հավաքումը։ Դա սկսվեց 33 թ. Պենտեկոստեին, երբ Հիսուսի 120 աշակերտները սուրբ ոգով օծվեցին, որպեսզի ‘սուրբ քահանայության’ մաս կազմեին։ Իսրայելացիները տաղավարներում մի քանի օր էին ապրում։ Նմանապես՝ օծյալ քրիստոնյաները գիտեն, որ իրենք «պանդուխտներ»՝ ժամանակավոր բնակիչներ են այս անաստված աշխարհում։ Նրանք երկնային կյանքի հույս ունեն (Ա Պետրոս 2։5, 11)։ Օծյալ քրիստոնյաների հավաքը իր ավարտին է հասնում այս ‘վերջին օրերում’, երբ հավաքվում են 144 000–ի վերջին անդամները (Բ Տիմոթէոս 3։1, ԱԱ)։
17, 18. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ օծյալ քրիստոնյաներից բացի, ուրիշներն էլ են օգուտ քաղում Հիսուսի զոհաբերությունից։ բ) Ովքե՞ր են այսօր օգուտ քաղում հավաքման այն գործից, որի նախապատկերը Տաղավարահարաց տոնն էր, և ե՞րբ է այդ ուրախալի տոնը հասնելու իր գագաթնակետին։
17 Հատկանշական է, որ այս տոնի ժամանակ զոհաբերվում էր 70 զվարակ (Թուոց 29։12–34)։ 70 թիվը հավասարը է՝ 7–ը բազմապատկած 10–ի։ Այս թվերը Աստվածաշնչում ներկայացնում են երկնային և երկրային կատարելություն։ Հետևաբար, Հիսուսի զոհաբերությունը օգուտներ է բերելու այն հավատարիմ անհատներին, որոնք սերում են Նոյի հետնորդներից՝ մարդկության բոլոր 70 գերդաստաններից (Ծննդոց 10։1–29)։ Այս ամենին ներդաշնակ՝ մեր ժամանակներում աշխարհի բոլոր ազգերից մարդկանց հավաքման գործն է՛լ ավելի է ընդլայնվել՝ ընդգրկելով այն անհատներին, ովքեր հավատ են ընծայում Հիսուսին և հույս ունեն հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա։
18 Հովհաննես առաքյալը մեր օրերին վերաբերող այս հավաքը տեսավ տեսիլքում։ Նախ նա լսեց 144 000–ի վերջին անդամներին կնքելու մասին։ Այնուհետև տեսավ «մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել»՝ կանգնած Եհովայի և Հիսուսի առաջ և ‘իրենց ձեռքերում արմավենու ճյուղեր’ բռնած։ «Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը» դեպի նոր աշխարհ։ Այդ մարդիկ նույնպես ժամանակավոր բնակիչներ են իրերի այս հին համակարգում, և նրանք վստահությամբ սպասում են այն ժամանակին, երբ «Գառը.... կ’հովուէ [իրենց] եւ կ’առաջնորդէ.... դէպի կենդանի ջրերի աղբիւրներ»։ Այդ ժամանակ «Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը» (Յայտնութիւն 7։1–10, 14–17)։ Հավաքման այն գործը, որի նախապատկերը Տաղավարահարաց տոնն էր, իր գագաթնակետին կհասնի Քրիստոսի հազարամյա իշխանության ավարտից հետո, երբ նրանք հարություն առած հավատարիմ մարդկանց հետ մեկտեղ հավիտենական կյանք ստանան (Յայտնութիւն 20։5)։
19. Ի՞նչ օգուտներ ենք քաղում իսրայելացիների նշած տոները ուսումնասիրելուց։
19 Մենք նույնպես կարող ենք ‘ուրախանալ’՝ խորհելով հին հրեական տոների իմաստի մասին։ Ոգևորիչ է իմանալ, որ Եհովան նախապես ցույց է տվել, թե ինչպես է իրականանալու Եդեմում տրված մարգարեությունը, և անչափ ուրախալի է տեսնել, թե այդ մարգարեությունն ինչպես է քայլ առ քայլ կատարվում։ Այսօր մենք գիտենք, որ Սերունդը հայտնվել է, և նրա գարշապարը խայթվել է։ Այժմ նա Թագավոր է երկնքում։ Բացի այդ, 144 000–ի մեծ մասն արդեն փաստել է իր հավատարմությունը մինչև մահ։ Ուրիշ ի՞նչ է մնացել, որ դեռ պետք է կատարվի։ Ե՞րբ այդ մարգարեությունը լիովին կկատարվի։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Նիսան ամիսը համապատասխանում է մարտ–ապրիլ ամիսներին։
b Երկու հաց երերացնելը հաճախ կատարվում էր հետևյալ կերպ. քահանան հացերը՝ ձեռքի ափերին պահած, բարձրացնում էր վեր և մի կողմից մյուսը տանում։ Այս շարժումը խորհրդանշում էր նվիրաբերությունը Եհովային ներկայացնելը։ Տե՛ս «Գրությունների ըմբռնում» (անգլ.), հատոր 2, էջ 528։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Անթանի, կամ՝ տիշրի ամիսը համընկնում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ էր նախապատկերում Պասեքի գառը։
• Պենտեկոստեի տոնը ի՞նչ հավաք էր նախապատկերում։
• Քավության օրվա ո՞ր առանձնահատկություններն են մատնացույց անում այն բանին, թե ինչպես է կիրառվում Հիսուսի քավիչ զոհաբերությունը։
• Տաղավարահարաց տոնն ինչպե՞ս է նախապատկերում քրիստոնյաների հավաքը։
[Աղյուսակ 22–րդ, 23–րդ էջերի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Իրադարձություն
Նախապատկերում է
Պասեք
Բաղարջակերաց տոն (նիսանի 15–21)
Նիսանի 14
Նիսանի 15
Նիսանի 16
50 օր
Պասեքի գառը մորթվում է
Շաբաթ
Գարու նվիրաբերություն
Հիսուսի զոհաբերությունը
Հիսուսի հարությունը
▸
Շաբաթների տոն (Պենտեկոստե)
Սիվանի 6
Երկու հացերի նվիրաբերություն
Հիսուսը իր օծյալ եղբայրներին ներկայացրեց Եհովային
Քավության օր
Տիշրիի 10
Զվարակի ու երկու այծերի զոհաբերություն
Հիսուսը իր արյան արժեքը տվեց հանուն ամբողջ մարդկության
Տաղավարահարաց տոն (բերքահավաք, տաղավարներ)
Տիշրիի 15–21
Իսրայելացիները բնակվում էին տաղավարներում և ուրախանում բերքահավաքով, նվիրաբերում էին 70 զվարակ
Օծյալների և «մեծ բազմության» հավաքվելը
[նկարներ 21–րդ էջի վրա]
Պասեքի գառի արյան պես՝ Հիսուսի արյունը փրկության հնարավորություն է տալիս շատերին
[նկարներ 22–րդ էջի վրա]
Նիսանի 16–ին մատուցվող գարու բերքի առաջին պտուղը նախապատկերում էր Հիսուսի հարությունը
[նկարներ 23–րդ էջի վրա]
Պենտեկոստեին մատուցվող երկու հացերը նախապատկերում էին օծյալ քրիստոնյաների ժողովը
[նկարներ 24–րդ էջի վրա]
Տաղավարահարաց տոնը նախապատկերում էր բոլոր ազգերից օծյալ քրիստոնյաների և «մեծ բազմության» հավաքը