Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային
«Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը» (ՍԱՂՄՈՍ 127։4)։
1, 2. Ինչպե՞ս են երեխաները համեմատվում «նետերի հետ զօրեղ մարդի ձեռքումը»։
ՆԵՏԱՁԻԳԸ պատրաստվում է իր նետն արձակել դեպի նշանակետը։ Նա նետը զգուշությամբ տեղադրում է աղեղալարին և իր մկանների ողջ ուժով ձգում է աղեղալարը։ Չնայած այս լարվածությանը՝ նա, զգուշություն և համբերություն ցուցաբերելով, նետը ուղղում է դեպի նշանակետը։ Այնուհետև արձակում է այն։ Կհասնի՞ արդյոք նետը նշանակետին։ Պատասխանը տարբեր գործոններից է կախված՝ նետաձիգի հմտությունից, քամու ազդեցությունից, ինչպես նաև այն բանից, թե ինչ վիճակում է նետը։
2 Սողոմոն թագավորը երեխաներին համեմատեց «նետերի հետ զօրեղ մարդի ձեռքումը» (Սաղմոս 127։4)։ Քննարկենք, թե ինչպես է այս օրինակը կիրառվում։ Սովորաբար նետաձիգը կարճ ժամանակով է նետը աղեղի մեջ պահում։ Նշանակետին հասնելու համար նա պետք է արագ արձակի այն։ Նմանապես, ծնողները համեմատաբար կարճ ժամանակ ունեն իրենց երեխաների մեջ Եհովայի հանդեպ անկեղծ սեր զարգացնելու համար։ Մի որոշ ժամանակ անց, ինչը որ սովորաբար շատ կարճ է թվում, երեխաները մեծանում են և թողնում հայրական տունը (Մատթեոս 19։5)։ Արդյոք ծնողները կհասցնե՞ն իրենց «նետը» նշանակետին, այլ կերպ ասած՝ հայրական տունը թողնելուց հետո նրանց երեխաները կշարունակե՞ն սիրել և ծառայել Աստծուն։ Պատասխանը մի շարք գործոններից է կախված, ինչպես օրինակ՝ ծնողների հմտությունից, այն միջավայրից, որտեղ մեծանում են երեխաները, նաև այն բանից, թե ինչպես է «նետը», այսինքն՝ երեխան, արձագանքում իր ստացած կրթությանը։ Եկեք մանրամասնորեն քննենք այս երեք գործոններից յուրաքանչյուրը։ Նախ տեսնենք, թե ինչ հատկություններ պետք է ունենա հմուտ ծնողը։
Հմուտ ծնողները լավ օրինակ են թողնում
3. Ինչո՞ւ պետք է ծնողների խոսքերը հաստատվեն գործերով։
3 Հիսուսը կատարում էր այն ամենը, ինչ սովորեցնում էր։ Եվ այս առումով նա լավ օրինակ է ծնողների համար (Հովհաննես 13։15)։ Մյուս կողմից, սակայն, նա դատապարտում էր փարիսեցիներին, որոնք «ասում» էին, բայց չէին «անում» (Մատթեոս 23։3)։ Ուստի որպեսզի ծնողները մղեն երեխաներին սիրել Եհովային, նրանց խոսքերն ու գործերը պետք է իրար համապատասխանեն։ Եթե կան խոսքեր, բայց չկան գործեր, ապա դա նույնքան անօգուտ է, որքան որ աղեղը՝ առանց աղեղալարի (1 Հովհաննես 3։18)։
4. Լավ կլինի, որ ծնողները ի՞նչ հարցեր տան իրենց և ինչո՞ւ։
4 Իսկ ինչո՞ւ է ծնողների օրինակը այսքան կարևոր։ Ինչպես որ չափահաս մարդիկ կարող են սովորել Աստծուն սիրել՝ նայելով Հիսուսի օրինակին, այնպես էլ երեխաներն են սովորում սիրել Եհովային՝ հետևելով իրենց ծնողների լավ օրինակին։ Երեխայի ընկերները կա՛մ լավ ազդեցություն են թողնում նրա վրա, կա՛մ էլ «ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Երեխայի կյանքի մեծ մասի ընթացքում, հատկապես նրա ձևավորման վաղ պատանեկան տարիներին նրա ամենամոտ և ամենաազդեցիկ ընկերները ծնողներն են։ Հետևաբար լավ կլինի, որ ծնողներն իրենք իրենց հարցնեն. «Ինչպիսի՞ ընկեր եմ ես։ Արդյոք իմ օրինակը քաջալերո՞ւմ է երեխայիս օգտակար սովորություններ ձեռք բերել։ Ի՞նչ օրինակ եմ թողնում այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին որ աղոթքն է և Աստվածաշնչի ուսումնասիրությունը»։
Հմուտ ծնողները աղոթում են իրենց երեխաների հետ
5. Երեխաները ի՞նչ կարող են սովորել ծնողների աղոթքներից։
5 Ձեր երեխաները շատ բան կարող են սովորել Եհովայի մասին՝ լսելով ձեր աղոթքները։ Ի՞նչ եզրակացություն կարող են նրանք անել, եթե լսեն Աստծուն ուղղված ձեր շնորհակալական աղոթքները ճաշի և Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Հավանաբար նրանք կսովորեն, որ Եհովան է հոգ տանում մեր ֆիզիկական կարիքների մասին, որի համար նրան պետք է շնորհակալություն հայտնել, և որ նա հոգևոր ճշմարտություններ է մեզ սովորեցնում։ Սրանք արժեքավոր դասեր են (Հակոբոս 1։17)։
6. Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել իրենց երեխաներին հասկանալու, որ Եհովան հետաքրքրված է իրենցից յուրաքանչյուրով։
6 Սակայն եթե դու ուտելուց և Աստվածաշնչի ուսումնասիրությունից առաջ ընտանիքիդ հետ աղոթելուց բացի՝ ժամանակ առ ժամանակ աղոթում ես նաև ուրիշ առիթներով և եթե քո աղոթքներում կոնկրետ բաների մասին ես խնդրում, որոնք անմիջապես առնչվում են քեզ և քո երեխաներին, ապա դու շատ ավելին ես անում։ Դրանով դու օգնում ես քո երեխաներին հասկանալու, որ Եհովան ձեր ընտանիքի մի անդամն է, որ նա խորապես հոգ է տանում ձեզանից յուրաքանչյուրի մասին անհատապես (Եփեսացիներ 6։18; 1 Պետրոս 5։6, 7)։ Մի հայր ասում է. «Մեր աղջկա ծնվելուց հետո միշտ նրա հետ աղոթել ենք։ Երբ նա մեծացավ, մենք աղոթում էինք, որ նա ճիշտ փոխհարաբերություններ ունենա ուրիշների հետ, նաև նրա հետ առնչվող ուրիշ հարցերի մասին էինք աղոթում։ Մինչև մեր աղջկա ամուսնանալը այդպիսի օր չի եղել, որ միասին չաղոթեինք»։ Իսկ դուք կարո՞ղ եք ձեր երեխաների հետ ամեն օր աղոթել։ Կարո՞ղ եք օգնել նրանց Եհովային իրենց Ընկերը համարել, որը հոգում է ոչ միայն նրանց ֆիզիկական և հոգևոր, այլ նաև էմոցիոնալ կարիքները (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
7. Որպեսզի ծնողների աղոթքները կոնկրետ լինեն, ի՞նչ պետք է նրանք իմանան։
7 Ինչ խոսք, որպեսզի կոնկրետ բաների մասին աղոթես, դու պետք է իմանաս, թե ինչ է կատարվում քո երեխայի կյանքում։ Ահա թե ինչ է ասում մի հայր, որը երկու երեխա է մեծացրել. «Ամեն շաբաթվա վերջում ես ինձ երկու հարց էի տալիս՝ այս շաբաթ ի՞նչն է մտահոգել երեխաներիս, և ի՞նչ օգտակար բաներ են եղել նրանց շրջապատում»։ Ծնողնե՛ր, կարո՞ղ եք ինքներդ ձեզ այսպիսի հարցեր տալ և այնուհետև այդ պատասխաններից մի քանիսն ընդգրկել այն աղոթքներում, որոնք ասելու եք ձեր երեխաների ներկայությամբ։ Եթե այդպես վարվեք, դուք կսովորեցնեք նրանց ոչ միայն աղոթել Եհովային, այլև սիրել նրան (Սաղմոս 65։2)։
Հմուտ ծնողները քաջալերում են ուսումնասիրելը լավ սովորություն դարձնել
8. Ինչո՞ւ պետք է ծնողներն օգնեն իրենց երեխաներին Աստծու Խոսքն ուսումնասիրելը սովորություն դարձնել։
8 Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ ծնողների վերաբերմունքը ազդել այն բանի վրա, թե ինչ փոխհարաբերություն երեխան կունենա Աստծու հետ։ Որպեսզի անհատների միջև փոխհարաբերություններ հաստատվեն և պահպանվեն, նրանք ոչ միայն պետք է խոսեն, այլև լսեն իրար։ Իսկ Եհովային լսելու կերպերից մեկը Աստվածաշունչն ուսումնասիրելն է այն հրատարակությունների օգնությամբ, որոնք մեզ տրամադրում է «հավատարիմ ծառան» (Մատթեոս 24։45–47; Առակաց 4։1, 2)։ Ուստի որպեսզի օգնեն երեխաներին Եհովայի հետ երկարատև ու մտերիմ փոխհարաբերություններ հաստատել, լավ կլինի, որ ծնողները քաջալերեն նրանց Աստծու Խոսքն ուսումնասիրելը սովորություն դարձնել։
9. Ինչպե՞ս կարելի է երեխաներին օգնել ուսումնասիրություն կատարելու լավ սովորություններ մշակել։
9 Իսկ ինչպե՞ս կարող են ծնողները այդ հարցում օգնել իրենց երեխաներին։ Լավագույն կերպը դարձյալ իրենց անձնական օրինակով սովորեցնելն է։ Երեխաներդ տեսնո՞ւմ են քեզ Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելիս կամ ուսումնասիրելիս։ Ճիշտ է, դու հավանաբար շատ զբաղված ես քո երեխաների մասին հոգ տանելով և թերևս մտածես, թե երբ կարող ես կարդալու և ուսումնասիրելու ժամանակ գտնել։ Սակայն հարցրու ինքդ քեզ. «Երեխաներս տեսնո՞ւմ են ինձ կանոնավորաբար հեռուստացույց նայելիս»։ Եթե այո, ապա կարո՞ղ ես այդ ժամանակի մի մասը օգտագործել անձնական ուսումնասիրության հարցում նրանց լավ օրինակ թողնելու համար։
10, 11. Ինչո՞ւ պետք է ծնողները ընտանիքով միասին կանոնավորաբար աստվածաշնչյան թեմաներով զրույցներ անցկացնեն։
10 Մյուս գործնական կերպը, որով ծնողները կարող են երեխաներին սովորեցնել լսել Եհովային, ընտանիքով կանոնավորաբար աստվածաշնչյան թեմաների շուրջ զրույցներ անցկացնելն է (Եսայիա 30։21)։ Սակայն ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ պետք է երեխաները մասնակցեն ընտանեկան ուսումնասիրություններին, եթե ծնողների հետ միշտ ժողովների են հաճախում»։ Կան մի քանի հիմնավոր պատճառներ։ Եհովան երեխաներին սովորեցնելու կարևոր պատասխանատվությունը ծնողներին է վստահել (Առակաց 1։8; Եփեսացիներ 6։4)։ Ընտանիքով Աստվածաշունչ ուսումնասիրելը երեխաներին սովորեցնում է, որ երկրպագությունը պաշտոնական արարողություն չէ, որն արվում է միայն հանրության առջև, դա ընտանեկան կյանքի մի մասն է (Բ Օրինաց 6։6–9)։
11 Ավելին, լավ անցկացվող ընտանեկան ուսումնասիրությունը ծնողներին կարող է հնարավորություն տալ իմանալու, թե հոգևոր և բարոյական հարցերի հետ կապված ինչպիսի տեսակետ ունեն իրենց երեխաները։ Օրինակ՝ երբ երեխաները փոքր են, ծնողները կարող են օգտագործել այնպիսի հրատարակություն, ինչպիսին «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքն է։a Այս գրքի գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ երեխաներին հարց է տրվում, որպեսզի նրանք իրենց կարծիքը արտահայտեն քննարկվող հարցերի վերաբերյալ։ Տրամաբանելով գրքում նշված սուրբգրային համարների շուրջ՝ ծնողները կարող են օգնել երեխաներին զարգացնելու իրենց ըմբռնողականությունը «ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։
12. Ինչպե՞ս կարող են ծնողները ընտանեկան ուսումնասիրությունը հարմարեցնել երեխայի կարիքներին, և այս առումով ի՞նչն եք դուք արդյունավետ համարում։
12 Երեխաների մեծանալու հետ մեկտեղ ընտանեկան ուսումնասիրությունը հարմարեցրեք նրանց կարիքներին։ Եկեք տեսնենք, թե մի ամուսնական զույգ ինչպես կարողացավ օգնել իր դեռահաս աղջիկներին տրամաբանել, երբ նրանց կանչել էին՝ մասնակցելու դասերից հետո դպրոցում կազմակերպված պարերին։ Հայրը պատմում է. «Ես ու կինս ասացինք մեր աղջիկներին, որ հաջորդ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում մենք երեխաների դեր ենք խաղալու, իսկ նրանք պետք է ձևացնեն, թե ծնողներ են։ Նրանք ինքնուրույն կարող էին որոշել, թե իրենցից որ մեկն էր ստանձնելու հայրիկի կամ մայրիկի դերը, սակայն այդ թեմայի վերաբերյալ միասին պետք է փնտրտուքներ կատարեին և մեզ խմբակային պարերին մասնակցելու հետ կապված ճիշտ ուղղություն տային»։ Արդյունքում ի՞նչ եղավ։ Հայրը շարունակում է պատմել. «Մենք ապշել էինք, թե ինչպես էին նրանք կարողացել ճիշտը սխալից զանազանել ծնողների դերը խաղալիս, երբ մեզ՝ որպես իրենց երեխաների, Աստվածաշնչի վրա հիմնված պատճառաբանումներ էին բերում, որպեսզի բացատրեին, թե ինչու իմաստուն չի լինի մասնակցել այդ պարերին։ Հատկապես տպավորիչ էր նրանց առաջարկները, քանի որ մեզ համար պարզ դարձավ, թե ինչ էին նրանք մտածում այդ հարցի շուրջ»։ Իրոք, անհրաժեշտ է հաստատակամ լինել, ինչպես նաև ստեղծագործական երևակայություն ունենալ, որպեսզի ընտանեկան ուսումնասիրությունները կանոնավորաբար անցկացվեն, և հաշվի առնվեն ընտանիքի կարիքները, իսկ վարձատրություններն այնքան շատ են, որ արժե՛ ջանքեր թափել (Առակաց 23։15)։
Խաղաղ մթնոլորտ ստեղծեք
13, 14. ա) Ծնողները ինչպե՞ս կարող են տանը խաղաղ մթնոլորտ ստեղծել։ բ) Ի՞նչ դրական արդյունքներ կարող է բերել այն, երբ ծնողը ընդունի, որ սխալ է գործել։
13 Ամենայն հավանականությամբ, նետը իր նշանակետին կհասնի, եթե նետաձիգը հանգիստ պայմաններում արձակի նետը։ Նմանապես, երեխաները ա՛յն ժամանակ կսովորեն սիրել Եհովային, երբ ծնողները ընտանիքում խաղաղ մթնոլորտ ստեղծեն։ «Արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում»,— գրել է Հակոբոսը (Հակոբոս 3։18)։ Իսկ ինչպե՞ս կարող են ծնողները խաղաղ պայմաններ ստեղծել տանը։ Ամուսինները պետք է ամուր փոխհարաբերություններ պահպանեն միմյանց հետ։ Իրար հանդեպ սեր ու հարգանք տածող ամուսինն ու կինը ավելի լավ կկրթեն իրենց երեխաներին, որպեսզի նրանք սիրեն և հարգեն ուրիշներին, այդ թվում նաև Եհովային (Գաղատացիներ 6։7; Եփեսացիներ 5։33)։ Սերն ու հարգանքը խաղաղություն են առաջ բերում։ Եվ եթե ամուսինները խաղաղ փոխհարաբերությունների մեջ են, ապա հաջողությամբ կլուծեն ընտանիքում ծագող տարաձայնությունները։
14 Ինչ խոսք, ներկայումս կատարյալ ամուսնություններ չկան, ուստի կատարյալ ընտանիքներ էլ չկան։ Ժամանակ առ ժամանակ ծնողները գուցե չկարողանան ոգու պտուղը դրսևորել իրենց երեխաների հանդեպ (Գաղատացիներ 5։22, 23)։ Նման դեպքերում ի՞նչ պետք է անեն նրանք։ Եթե ընդունեն, որ իրենք էլ են սխալներ թույլ տալիս, այդպիսով կկորցնե՞ն երեխաների հարգանքը։ Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Հոգևոր առումով նա շատերի համար էր հայր եղել (1 Կորնթացիներ 4։15)։ Բայցևայնպես, նա անկեղծորեն և խոնարհաբար ընդունեց, որ ինքը սխալներ էր գործել (Հռոմեացիներ 7։21–25)։ Սակայն դրանից մեր հարգանքը նրա հանդեպ ոչ թե պակասում է, այլ մեծանում է։ Չնայած իր սխալներին՝ Պողոսը Կորնթոսի ժողովին վստահությամբ գրեց. «Ընդօրինակե՛ք ինձ, ինչպես որ ես էլ՝ Քրիստոսին» (1 Կորնթացիներ 11։1)։ Եթե դուք էլ ընդունեք ձեր սխալները, հավանական է, որ ձեր երեխաները չեն նկատի դրանք։
15, 16. Ինչո՞ւ պետք է ծնողները սովորեցնեն երեխաներին սիրել իրենց քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, և ինչպե՞ս կարող են դա անել։
15 Ուրիշ ի՞նչ կարող են անել ծնողները խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի իրենց երեխաները ավելի շատ սիրեն Եհովային։ Հովհաննես առաքյալը գրեց. «Եթե մեկը պնդում է, թե՝ «ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, նա ստախոս է։ Քանզի նա, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհաննես 4։20, 21)։ Հետևաբար երբ դուք սովորեցնում եք ձեր երեխաներին սիրել իրենց քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, իրականում դուք սովորեցնում եք նրանց սիրել Աստծուն։ Լավ կլինի, որ ծնողները իրենք իրենց հարցնեն. «Ժողովի մասին իմ զրույցները շինի՞չ են, թե՞ քննադատական»։ Ինչպե՞ս կարող եք այդ մասին իմանալ։ Ուշադրությամբ լսեք, թե ձեր երեխաներն ինչ ձևով են արտահայտվում ժողովի հանդիպումների և ժողովի անդամների մասին։ Շատ հավանական է, որ նրանց խոսքերի մեջ դուք լսեք ձեր իսկ մտքերը։
16 Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի օգնեն երեխաներին սիրել իրենց հոգևոր եղբայրներին։ Պիտերը, որը երկու անչափահաս տղաների հայր է, պատմում է. «Սկսած այն պահից, երբ մեր երեխաները իրենց պատանեկան տարիքի մեջ մտան, մենք միշտ հոգևոր հասուն եղբայրների և քույրերի էինք հրավիրում մեր տուն՝ ճաշելու և մեզ հետ ժամանակ անցկացնելու համար, ինչը մեզ մեծ հաճույք էր պատճառում։ Մեր տղաները մեծացել են՝ ընկերակցելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր սիրում են Եհովային, և այսօր նրանք հասկանում են, որ Աստծուն ծառայելը կյանքի ամենահաճելի ուղին է»։ Իսկ Դենիսը, որը հինգ դուստր ունի, ասում է. «Մենք քաջալերում էինք մեր աղջիկներին ընկերություն անել ժողովի փորձառու ռահվիրաների հետ և հնարավոր առիթի դեպքում մեր տուն հյուր էինք կանչում շրջագայող վերակացուներին և նրանց կանանց»։ Կարո՞ղ եք դուք էլ նախաձեռնություն հանդես բերել՝ օգնելու ձեր երեխաներին, որպեսզի ժողովը իրենց մեծ ընտանիքը համարեն (Մարկոս 10։29, 30)։
Երեխայի պատասխանատվությունը
17. Ի վերջո, ի՞նչ որոշում պետք է կայացնեն երեխաները։
17 Կրկին անդրադառնանք նետաձիգի օրինակին։ Թեպետ նա կարող է հմուտ լինել, սակայն իր նետը, հավանաբար, չի հասնի նշանակետին, եթե այն կորացած է։ Իհարկե, ծնողները շատ ջանքեր կթափեն, որպեսզի ուղղեն «նետը», այսինքն՝ շտկեն երեխայի սխալ մտածելակերպը։ Սակայն, ի վերջո, երեխաներն իրենք պետք է որոշեն՝ թույլ տան, որ այս աշխա՞րհը ձևավորի իրենց, թե՞ Եհովա՛ն ուղղի իրենց ճանապարհները (Առակաց 3։5, 6; Հռոմեացիներ 12։2)։
18. Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել երեխայի կատարած ընտրությունը ծնողների, ինչպես նաև Եհովայի վրա։
18 Ծնողները լուրջ պատասխանատվություն ունեն իրենց երեխաներին դաստիարակելու «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով», սակայն երեխան ինքն է վերջնական որոշում կայացնելու այն հարցում, թե ինչ անձնավորություն կդառնա, երբ մեծանա (Եփեսացիներ 6։4)։ Ուստի, երեխանե՛ր, հարցրե՛ք ինքներդ ձեզ. «Կընդունե՞մ արդյոք իմ ծնողներից ստացած դաստիարակությունը»։ Եթե ընդունեք, ապա կյանքի լավագույն ճանապարհը կընտրեք։ Այդպես վարվելով՝ դուք անչափ կուրախացնեք ձեր ծնողներին։ Եվ որ ամենակարևորն է, դուք կուրախացնեք Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս կարող են ծնողները լավ օրինակ թողնել աղոթքի և Աստվածաշնչի ուսումնասիրության հարցում։
• Ինչպե՞ս կարող են ծնողները խաղաղ մթնոլորտ ստեղծել ընտանիքում։
• Ի՞նչ ընտրություն պետք է կատարեն երեխաները, և նրանց կատարած ընտրությունը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մյուսների վրա։
[նկար 28–րդ էջի վրա]
Անձնական ուսումնասիրության հարցում լավ օրինակ թողնո՞ւմ ես երեխայիդ համար
[նկար 29–րդ էջի վրա]
Ընտանեկան խաղաղ մթնոլորտը նպաստում է երջանկությանը